Սահման

Իրադրությունը սահմանին կրկին ծայրահեղ լարվել է․ վերսկսվել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը․ ՊՆ

Իրադրությունը սահմանին կրկին ծայրահեղ լարվել է․ վերսկսվել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը․ ՊՆ

Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը կրկին ծայրահեղ լարվել է։  Ժամը 13։00-ից սկսած՝ Սոթքից Գորիս ընկած սահմանագծով թշնամին սկսել է հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։  Մամուլի քարտուղարը նաև անդադարձավ ՌԴ ԱԴԾ տրանսպորտային միջոցներին ադրբեջանական կողմից հարվածներ հասցնելու մասին լուրին։ Ադրբեջանական կողմից հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ ԱԴԾ տրանսպորտային միջոցներին։ Սա հերթական վկայությունն է, որ, չնայած պաշտոնական բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև։ Ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։ ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թշնամուն համարժեք պատասխանելու համար։ 
15:54 - 14 սեպտեմբերի, 2022
«Զգույշ, բեկորներ են, ապակիներ են»․ Ակներ գյուղի բնակչի շեն տունը վնասվել է արկի հարվածից

«Զգույշ, բեկորներ են, ապակիներ են»․ Ակներ գյուղի բնակչի շեն տունը վնասվել է արկի հարվածից

«Զգույշ, բեկորներ են, ապակիներ են»,- հակառակորդի հրետանու արկից վնասված իր տուն ուղեկցելիս ասում է Գորիսի Ակներ գյուղի բնակիչ Էդգար Սալբունցը՝ ծխախոտի ծուխը լիքը ներս քաշելով։ Ոչ շատ հեռվից լսվող ամեն պայթյունի հետ խոր հոգոց է հանում, ձեռքը պարզում դեպի տանիքը, որի վրա էլ ընկել է արկը ու պոկել կտուրը, վնասել շեն տունը։  Տնից դուրս է եկել, ու տասը րոպե չանցած՝ հզոր պայթյուն է եղել. Էդգարը բառերով նկարագրել չի կարողանում։ Մինչ ես լուսանկարում եմ, նա ցույց է տալիս տան անկյունները՝ հուշելով՝ ինչին ուշադիր լինել։ Առաստաղը՝ քանդված, լուսամուտները՝ կոտրված, մի հայացք՝ մտահոգ, Վարարակ գետի ձայնը, մի մոլորված ճանճի բզզոց, ամպրոպի նման մի ձայն ու պայթյուն. մեկ, երկու, երեք։ Հետո հաշիվը կորում է։  Էդգարը ցույց է տալիս պայթած արկի բեկորները, անընդհատ կրկնում, որ զգույշ քայլենք, շատ սուր են, մխրճվել են գորգի մեջ։ Նա ինքն իրեն կրկնում է՝ «էրկու օրից անձրեւները սկսելու են, Էդա, պետք ա սարքեմ, ինչ անեմ»։ Էդգարը տանիքը կսարքի, տունն էլ կսարքի, կարծում եմ, նրա հետ զրույցից թողնել-գնալու տրամադրություն չէր գալիս, ինչքան էլ դժվար են ժամանակները եւ մոտ՝ պայթյունները։  Ակները սիրուն գյուղ է։ Բայց հիմա տխրություն է իջել այստեղ։ Սարգիսին ասում եմ՝ կանգնենք, հավաքված մարդկանց հետ խոսենք, բայց հետո փոշմանում եմ, որովհետև ինձ թվում է՝ ամեն ինչ ավելի քան ակնհայտ է, ու հիմա ես հարցնելու բան չունեմ։ Եթե մեկը խոսել ուզենա, ինքը կխոսի։ Ու այդպես էլ պատահում է։  Ընթացող մեր մեքենային է մոտենում սեւահեր մի տիկին, հենվում բաց լուսամուտին ու միանգամից պատմում. «Ես չեմ վախենում, ջիգյար, ես երեխաներիս համար եմ վախենում, զինվորների։ Ես քինյամ, գյուլլեմ էդ թաղած թուրքերին, բայց բոլորն էլ երեխաների համար են վախենում, գոնե մեծերին հավաքեն, տանեն, որ էդ երեխեքը մենակ չմնան»,- ասում է տիկին Մարինան, որ սանիտար է աշխատում բուժհաստատությունում, վիրավոր զինվորներին է օգնում։  Տիկին Մարինան ասում է՝ հիմա էլ չեն կարող գնալ, դաշտից խոտ բերել, հակառակորդը մոտ է։ «Ասեք՝ ում դիմենք, ում բողոքենք, մի ուղղություն ցույց տվեք, ես գնամ, ասեմ։ Տպավորություն ա, որ ձեռքները ծալած նստել են։ Հիմա հասել են արդեն մեզ»,- ասում է՝ տիկինը, բայց թույլ տվեք այսքանով ավարտել պատմությունը Ակներից, որովհետեւ ծանր է, եւ որովհետև հրետանու պայթյունները երբեմն շեղում են ուշադրությունս։   Հայարփի Բաղդասարյան
15:20 - 14 սեպտեմբերի, 2022
Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստան

 |factor.am|

Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստան |factor.am|

factor.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, դեռ Հայաստան չի ժամանել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ոչ, [ՀԱՊԿ առաքելությունը] դեռ չի ժամանել՝ որքան ես գիտեմ։ Ի վերջո, որոշումը կայացվել է միայն երեկ ուշ երեկոյան, այն (առաքելությունը) դեռ պետք է ձևավորվի, և պետք է հասնել այնտեղ»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Հիշեցնենք՝ երեքշաբթի ՀԱՊԿ խորհուրդը տեսակոնֆերանսի միջոցով անցկացված արտահերթ նիստում որոշել է կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ գնահատելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրման հետ կապված։ Հաղորդվում է, որ առաքելության կազմում պետք է լինեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներ։
14:40 - 14 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը. վիրավորների թիվն այս պահին 4-ն է. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը. վիրավորների թիվն այս պահին 4-ն է. ՀՀ ՄԻՊ

Առավոտից շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ադրբեջանական հարձակման ենթարկվող համայնքներում։   Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը։ Ըստ ՄԻՊ հավաքագրած տվյալների՝ քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, որոնցից երկուսին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում։ Ըստ Պաշտպանի գրասենյակի հավաքագրած տվյալների՝ ադրբեջանական հարձակումից մինչ այս պահը առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Այրք, Տրետուք, Կուտակավան, Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Աղիտու, Ակներ, Վերին Շեն համայնքներից։ Տեղահանվածների գերակշիռ մեծամասնությունը կանայք են, երեխաներ, տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։   Նշված համայնքների երեխաները, բացի տեղահանմանն ու հոգեբանական դժվար իրավիճակին, զրկված են կրթության իրավունքի իրացման հնարավորությունից։ Ինչպես տեղեկացրել էինք նախորդիվ, Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել էին շտապօգնության տրանսպորտային միջոցների թիրախավորման դեպքեր։     Մեծաթիվ են ապացույցները նաև քաղաքացիական ենթակառուցվածքների՝ անձանց տների, հաղորդակցության, էլեկտրականության ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքների հրետակոծելու, գնդակոծելու և խափանելու վերաբերյալ։   Հատկապես շատ են ավերածությունները Սոթք, Կութ, Քարաշեն, Վերիշեն համայնքներում, համանման փաստեր են հավաքագրվել նաև Գեղամասար, Աղիտու, Սրաշեն ու Նորավան համայնքներում։   Բազմաթիվ են շարունակաբար հարձակման ենթարկվող անձանց նյութական վնասները, մասնավորապես՝ շարժական ու այլ գույքին և ընտանի կենդանիների տեսքով։     Ադրբեջանական հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել մի շարք համայնքներում, հատկապես՝ Սոթքում և Ջերմուկ քաղաքի անտառային հատվածներում՝ ներառելով ավելի քան 9 հա տարածք։ Փրկարարների աշխատանքն առավելապես բարդացնում է փաստը, որ հրդեհի որոշ օջախներ գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության գոտում, իսկ որոշ դեպքերում այդ հատվածներն ակտիվ հրետակոծվում են։     Ադրբեջանական մեդիա տիրույթում հայատյացության արձանագրված մակարդակը, այդ թվում՝ պետական պաշտոնյաների կողմից, շատ վտանգավոր է, և ըստ նախորդիվ փորձի՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների կատարման մեծ ռիսկ է գեներացնում։     Պաշտպանի աշխատակազմում ինտենսիվորեն ստացվող ու վերլուծվող տվյալներն ու ապացույցները՝ միջազգային իրավական հիմնավորումներով գրավոր կերպով ուղարկվում են միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարների։  
14:35 - 14 սեպտեմբերի, 2022
Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության կապակցությամբ՝ նշելով, որ ԵՄ ղեկավարությունը մշտական ​​կապի մեջ է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։  «Իլհամ Ալիևը նշել է, որ լայնածավալ սադրանքն իրականացրել է Հայաստանը, և ընդգծել, որ դրա ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը աջակցում է խաղաղության օրակարգին՝ որպես Բրյուսելում անցկացված քննարկումների շարունակություն: Իլհամ Ալիևը հավելել է, որ չնայած Ադրբեջանը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր իրավիճակը կայունացնելու և լարվածությունը թուլացնելու համար, Հայաստանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը»,- նշված է հաղորդագրության մեջ; 
14:16 - 14 սեպտեմբերի, 2022
Մևլութ Չավուշօղլուն «կոչ է արել Երևանին երկխոսություն սկսելու Բաքվի հետ»

Մևլութ Չավուշօղլուն «կոչ է արել Երևանին երկխոսություն սկսելու Բաքվի հետ»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն «կոչ է արել Երևանին երկխոսություն սկսելու Բաքվի հետ»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։  Նրա խոսքով՝ «Երևանը պետք է հրաժարվի նման սադրանքներից՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար»։ Նա հավելել է, որ Բաքուն չէր կարող չպատասխանել Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի գործողություններին, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։ Թուրքական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում բավականին փխրուն է և հիշեցրել է համապարփակ համաձայնագիր ստորագրելու ադրբեջանական կողմի առաջարկը։ Նա ընդգծել է, որ այդ համաձայնագրին Երևանը երկար ժամանակ չէր համաձայնվում։ Դիվանագետը նշել է, որ Թուրքիայի և Եվրամիության մասնակցությամբ այս հարցով կապ է հաստատվել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև, քննարկումներ են սկսվել սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ։
13:48 - 14 սեպտեմբերի, 2022
Ղազախստանում այլ շահեր էին. Ադրբեջանը ռազմավարական դաշնակից է ՀԱՊԿ անդամ գրեթե բոլոր երկրների հետ. Եղոյան
 |news.am|

Ղազախստանում այլ շահեր էին. Ադրբեջանը ռազմավարական դաշնակից է ՀԱՊԿ անդամ գրեթե բոլոր երկրների հետ. Եղոյան |news.am|

news.am: ՀԱՊԿ-ը իր անդամ յուրաքանչյուր պետության տարածքի նկատմամբ ագրեսիան պետք է դիտարկի որպես իր տարածքի նկատմամբ ագրեսիա եւ պետք է արձագանքի համապատասխանաբար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Թե ինչպիսին է ՀԱՊԿ-ի արձագանքը, դուք տեսել եք, ես չեմ ցանկանա շատ պերճախոս գնահատականներ տալ, բայց դա այնպիսին է, ինչպիսին է: Միգուցե այնպիսին է, ինչպիսին կարող էր լինել, այլ ոչ այնպիսին, ինչպիսին չէր էլ կարող լինել»,-ասաց նա: Դիտարկմանը, որ երբ ՀԱՊԿ-ը զորքեր ուղարկեց Ղազախստան, հնչում էին հայտարարություններ, թե առաջին անգամ գործարկվեց ՀԱՊԿ մեխանիզմները, իսկ այս դեպքում ինչու Հայաստանը չկարողացավ նույնը անել, Եղոյանը պատասխանեց. «Միջազգային հարաբերություններում պետությունները, միջազգային կառույցները գործում են իրենց շահերին համապատասխան: Ղազախստանում այլ շահեր էին, այլ դեպք էր, Հայաստանում այլ շահեր են»: Հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ–ին պայմանագրի ո՞ր կետով է դիմել` 2-րդ, թե՞ 4-րդ, Եղոյանը չպատասխանեց` առաջարկելով հարցն ուղղել Անվտանգության խորհրդին. «Դա էական չի, կան միջազգային կառույցներ, որ առանց դիմելու էլ են արձագանքում: Միջազգային հարաբերությունները շահերի մասին են, ոչ թե կետերի: Միջազգային դերակատարները ցանկացած իրավիճակի արձագանքում են ըստռ իրենց շահերի, ոչ թե ըստ դասագրքային կանոնների: Դուք գիտեք, որ Ադրբեջանը ռազմավարական դաշնակից է ՀԱՊԿ անդամ գրեթե բոլոր երկրների հետ»: Ինչ վերաբերում է ռազմական դրություն մտցնելուն, Եղոյանն ասաց, որ ռազմական դրությունը մտցվում է ըստ ռազմական կարիքների: Նա ընդգծեց, որ այս իրավիճակում պետք է բարձրացնել մեր դիմադրողականությունը որպես հասարակությունը, բարձրացնել բանակի մարտունակությունը եւ շարունակել աշխատել բոլոր խաղացողների հետ: Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ միջազգային արձագանքին` Եղոյանը նշեց, որ թե՛ ԱՄՆ–ի, և թե՛ ԵՄ–ի արձագանքն այս անգամ շատ ավելի հասցեական են. դրանցում հստակ արձանագրվում է, որ Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի նկատմամբ ագրեսիան ու Ալիևից պահանջում են դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա բավական դրական գնահատեց նաեւ Իրանի, Հնդկաստանի արձագանքները: Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։ Որոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
13:41 - 14 սեպտեմբերի, 2022
Քաղաքացիների՝ հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում․ ՊՆ հայտարարությունը

Քաղաքացիների՝ հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում․ ՊՆ հայտարարությունը

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ և սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր համաքաղաքացիների պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում օգտակար լինել բանակին։ Այդուհանդերձ, վստահեցնում ենք, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Միևնույն ժամանակ, քաղաքացիների՝ հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում բուժհաստատության անձնակազմի համար, ինչն այս պահին անցանկալի է, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ 
13:17 - 14 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին

Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: «Նրանք գնդակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի, Ջերմուկի և հարակից բնակավայրերի ուղղությամբ՝ անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ»,- մասնավորապես նշված է նամակներում:  ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը նաև միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները և գնդակոծում: «Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ընդգծված է նամակներում: ԱԺ նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համառորեն տեղեկատվական բազա է ստեղծել այդ ռազմական սադրանքի համար՝ ամեն օր կեղծ տեղեկատվություն տարածելով «հայկական կողմի ենթադրյալ գնդակոծության» մասին: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ պահվածքն ադրբեջանական հայտնի ոճ է, որն ապացուցվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո: «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ Հայաստանի կառավարությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) և Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով հղում կատարել Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի այսօրինակ աղաղակող և ապօրինի գործողությունները հնարավոր են դարձել  միջազգային հանրության լռության հետևանքով նաև: Նպատակաուղղված արձագանքի և համարժեք գործողությունների բացակայությունն այսօր հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների ավելի սանձարձակ ագրեսիային»,- ամփոփել է Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել այդ կենսական հարցը լուծելու համար և նպաստել Ադրբեջանի ագրեսիայի դադարեցմանը, որը խաթարում է ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային:
13:16 - 14 սեպտեմբերի, 2022
Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել ապրիլի 1-ից. այնտեղ կտեղակայվեն ռուս խաղաղապահները. Դենիս Գոնչար
 |tert.am|

Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել ապրիլի 1-ից. այնտեղ կտեղակայվեն ռուս խաղաղապահները. Դենիս Գոնչար |tert.am|

tert.am: Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան աշխատանքային խմբի հաջորդ հանդիպմանը հնարավոր կլինի ձեռք բերել փաթեթային համաձայնություն ճանապարհների կառուցման վերաբերյալ` կենտրոնանալով Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային և ճանապարհային կապի գործարկման վրա՝ հարևան երկրներ հնարավոր մուտքով:Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։Իսկ Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել ապրիլի 1-ից. այս մասին ևս ասել է Գոնչարը։ Նրա խոսքով՝  օգոստոսի 30-ից երթևեկությունն ընթանում է Լաչինը (Բերձոր) շրջանցող ժամանակավոր ճանապարհով։«Առանցքային նշանակություն ունի այն, որ Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը չի փոխվի։ Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ժամանակավոր ճանապարհին, և մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը նրանք կանցնեն նոր երթուղուն»,- ասել է Գոնչարը։
13:11 - 14 սեպտեմբերի, 2022