Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Վարույթ է ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքում Արցախի բնակչի գերեվարվելու և բռնության ենթարկվելու քրգործը

Վարույթ է ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքում Արցախի բնակչի գերեվարվելու և բռնության ենթարկվելու քրգործը

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021 թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ Ա.Վ.-ի կողմից նույն շրջանի Վարդաձոր համայնքից դեպի Ասկերան քաղաք ոտքով ճանապարհվելու և նույն շրջանի Նախիջևանիկ համայնքի ճանապարհը շփոթելու արդյունքում ժամանակավորապես՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից վերահսկվող տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների կողմից գերեվարվելու և մի խումբ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով պարբերաբար դիտավորությամբ Ա.Վ.-ին բռնության ենթարկելու՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածեր հասցնելու, ֆիզիկական և հոգեկան տառապանք, ինչպես նաև առողջությանը վնաս պատճառելու Արցախի քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է: 
17:36 - 15 փետրվարի, 2022
Պատմամշակութային ժառանգությունը չպետք է քաղաքական գործիք դառնա. ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Արցախի հայկական սրբավայրերի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների մասին |armenpress.am|

Պատմամշակութային ժառանգությունը չպետք է քաղաքական գործիք դառնա. ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Արցախի հայկական սրբավայրերի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Այդ մասին հարցմանն ի պատասխան հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակից՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության՝ 2020 թ. պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության շարունակական պղծման, ձևախեղման և ոչնչացման դեպքերի մասին ահազանգերին: Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում հույս ունեն, որ փաստահավաք առաքելությունը այդ խնդրի կապակցությամբ հնարավոր կլինի կյանքի կոչել մոտ ժամանակներում: «Մենք շարունակում ենք աշխատել 1954 թ. Հաագայի  կոնվենցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Հույս ունենք, որ դա հնարավոր կլինի շուտով, բայց տվյալ պահին դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան: Ուստի քննարկումները դեռ շարունակվում են», - փոխանցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակի աշխատակից Թոմաս Մալարդը: Հայկական ավերված և պղծված հուշարձանը Թալիշում   Պատասխանելով հարցին, թե նկատի ունենալով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Հաագայի դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի վճիռը հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ ինչպե՞ս է կազմակերպությունը գնահատում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կառավարության գործողությունները, այդ թվում վերջերս արված հայտարարությունը, թե Ադրբեջանում ձևավորվել է «մասնագետների» աշխատանքային խումբ, որը իբրև թե «աղվանական եկեղեցիներից» ջնջելու է հայկական գրություններն ու այլ հետքերը, և թե արդյոք պատմության ադրբեջանական մեկնաբանությունը կարո՞ղ է արդարացում լինել կրոնական և այլ հուշակոթողներից հայկական պատմական գրություններն ու այլ հետքերը վերացնելու համար, ՅՈՒՆԵՍԿՕ-ն շեշտել է, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է դառնա գործիք քաղաքական նպատակների համար: «Մշակութային ժառանգությունը և պատմությունը չպետք է դառնան գործիք քաղաքական որևէ նպատակի համար: Մենք կոչ ենք անում մեր բոլոր անդամ պետություններին ամբողջ աշխարհով մեկ հարգել այս սկզբունքը», - հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ Ադրբեջանի ռմբակոծություններից հետո Փետրվարի 3-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ Ադրբեջանում ձևավորվել է «տեղի և արտերկրյա մասնագետներից» կազմված «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված «աղվանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտեց հատուկ հանձնաժողով ստեղծելու Ադրբեջանի որոշումը՝ շեշտելով, որ դա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում է: Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Ադրբեջանի քաղաքականությունը որակեց որպես մշակութային ցեղասպանություն: Ղազանչեցոցը՝ ձևախեղումներից հետո 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը՝ ի թիվս այլ հարցերի պարտավորեցնելով Ադրբեջանի Հանրապետությանը «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նույնպես խստորեն դատապարտեց Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը՝ նշելով, որ դա ոչ միայն բացահայտ մարտահրավեր է Հաագայի դատարանի որոշմանը, այլև հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար: Ստեղծված իրավիճակում պաշտոնական Երևանը առաջնահերթ և հրատապ խնդիր է համարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի կողմից առաջարկված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացումը՝ «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ: 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ նախաձեռնված 44-օրյա լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանությունները հետևողական քայլեր են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու և առհասարակ պատմական Արցախից հայկական հետքը վերացնելու ուղղությամբ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում արդեն բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ պատմական ու մշակութային կոթողներ են հիմնովին ոչնչացվել, պղծվել, ձևախեղվել՝ սկսած Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարից՝ մինչև այլ տարբեր սրբավայրեր և հուշակոթողներ: Մշակութային այդ հանցագործությունների և վանդալիզմի դեպքերից շատերը արձանագրված են war.karabakhrecords.info հարթակում: Ադրբեջանցիները պղծում են հայկական գերեզմանները Աղվանքը, որը հայտնի է նաև «Կովկասյան Ալբանիա» անունով, կովկասյան հնագույն պետություններից է եղել, որը սահմանակցում էր Մեծ Հայքին՝ զբաղեցնելով ներկայիս Ադրբեջանի տարածքի մի մասը: Տարածաշրջանում քրիստոնեության տարածումից հետո այս երկրում ապրող ժողովուրդները առաքելական քրիստոնյաներ դարձան և սերտորեն կապված էին Հայ Առաքելական Եկեղեցու հետ: 10-11-րդ դդ. ի վեր, հատկապես սելջուկ-թուրքերի և թաթար-մոնղոլների արշավանքներից հետո Աղվանքը աստիճանաբար քայքայվեց և դադարեց գոյություն ունենալ իբրև ոչ միայն պետական, այլև պատմաաշխարհագրական միավոր: Հայաստանը և Աղվանքը   Աղվանքի պատմությունը տարածաշրջանի ամենաքիչ ուսումնասիրված  խնդիրներից է, այդ թվում՝ Հայաստանում: Ամեն դեպքում, թե ի՞նչ կապ ունեն միայն 1918 թ. ստեղծված Ադրբեջանի [Դեմոկրատական] Հանրապետությունը և ժամանակակից ադրբեջանցիները Աղվանքի և աղվանական ժառանգության հետ՝ օբյեկտիվ և անաչառ պատմագիտության տեսանկյունից պարզ չէ, քանի որ նրանք ո՛չ Աղվանից ժողովուրդների կրոնն ու մշակույթն են ժառանգել, ո՛չ էլ նույնիսկ նրանց երկրի անվանումը: Աղվանից ժողովուրդներից մեզ հայտնի և մինչև մեր օրերը հասած թերևս միակ ժողովուրդը ուտիները կամ ուդիներն են, որոնց Բաքվի վարչակարգը ամեն կերպ օգտագործում է իր քաղաքական նպատակների համար՝ նրանց միջոցով փորձելով յուրացնել հայկական սրբավայրերն ու պատմամշակութային այլ կոթողները ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի, այլև նույնիսկ պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում:   Ուդիները՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում   Հեղինակներ՝ Արամ Սարգսյան Անժելա Համբարձումյան
16:38 - 15 փետրվարի, 2022
Արցախի տարածքների բռնազավթման մասին օրենքը կարևոր փաստաթուղթ է լինելու. Դավիթ Բաբայան |armenpress.am|

Արցախի տարածքների բռնազավթման մասին օրենքը կարևոր փաստաթուղթ է լինելու. Դավիթ Բաբայան |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթման մասին օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել Արցախի Ազգային ժողովում, կարևոր փաստաթուղթ է լինելու և շատ կարևոր քայլ է Արցախի հիմնահարցի հանգուցալուծման և Արցախի միջազգային կարգավիճակի որոշման ուղղությամբ մոտեցումները հստակեցնելու առումով: Այդ մասին հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ շեշտելով օրինագծի կարևորությունը քաղաքական, պատմական և բարոյական տեսանկյուններից: «Սա, իհարկե, շատ կարևոր մի փաստաթուղթ է լինելու: Եվ դա մեր տեսլականն է, դա կարևոր է ե՛ւ քաղաքական, ե՛ւ պատմական, ե՛ւ բարոյական տեսանկյուններից: Ընդհանրապես կարևոր քայլ է, և այդ գործընթացը ինքնին շատ կարևոր է: Հետևաբար, Արցախի Ազգային ժողովում այդ քննարկումները կլինեն, և մենք պատրաստվում ենք, որ ակտիվ քննարկումներ են լինելու: Բնական է՝ այդ օրենքը համապարփակ է լինելու՝ ներառելով տարբեր ասպեկտներ», - մեկնաբանեց Դավիթ Բաբայանը: Ըստ Արցախի արտգործնախարարի՝ մեծ է հավանականությունը, որ օրինագիծը կընդունվի, և նույնը կանխատեսում են նաև Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն ու քաղաքական ուժերը:
09:49 - 15 փետրվարի, 2022
Արցախի նախագահը կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում ակնկալում է կարող ուժերի համախմբումը

Արցախի նախագահը կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում ակնկալում է կարող ուժերի համախմբումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր կառավարության նոր կառուցվածքը հաստատելու մասին, ինչպես նաև կատարել է որոշ կադրային փոփոխություններ ու նշանակումներ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ այդ կառուցվածքային ու կադրային փոփոխությունների նպատակը ոչ միայն պետական կառավարման տարբեր մարմինների արդյունավետության մակարդակի բարձրացումն է, այլև՝ քաղաքական լայն համախմբման ապահովումը և պետբյուջեի ծախսերի հանդեպ վերահսկողության ու թափանցիկության մակարդակի բարձրացումը: «Այդ տեսանկյունից կուզեի հատուկ ընդգծել, որ, բացի երկու նախարարների և մեկ շրջվարչակազմի ղեկավարի փոփոխությունից, նոր ձևավորվող նյութական վնասների հարցերի կոմիտեի և գնումների աջակցության կենտրոնի ղեկավարների պաշտոններում նշանակվել են գործող իշխանությունների հանդեպ ընդդիմադիր հայացքներով հայտնի և տվյալ ոլորտներին քաջածանոթ անձինք: Նյութական վնասների հարցերի կոմիտեն զբաղվելու է առաջին հերթին պատերազմի վնասներին առնչվող աջակցության ծրագրերով՝ խնդիր ունենալով շարունակել մեկնարկած գործընթացը՝ միևնույն ժամանակ ապահովելով դրա արդարացիության, թափանցիկության ու արդյունավետության շարունակական բարելավումը: Բացի դրանից, այդ կոմիտեն կանոնակարգելու և կառավարելու է տարաբնույթ ոլորտներում ֆիզիկական ու իրավաբանական անձանց վնասների փոխհատուցման ու պետական աջակցության ծրագրերը: Իսկ ահա գնումների աջակցության կենտրոնի վրա դրված կարևոր պարտականություններ ու լիազորություններ կան՝ արդյունավետորեն ու թափանցիկորեն կազմակերպելու պետական գնումները: Ինչպես հայտարարել եմ, պետական բյուջեի ծախսերը պետք է կատարվեն ամբողջովին կանոնակարգված, հիմնավոր ու թափանցիկ կերպով, և այդ առումով գնումների աջակցության կենտրոնը մեծ անելիք ունի»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Մեկ այլ կառուցվածքային փոփոխություն է նախագահի վերահսկողական ծառայության վերակազմակերպումը պետական վերահսկողական ծառայության, որի նպատակը վերահսկողական մեխանիզմների ու կարողությունների ուժեղացումն ու ընդլայնումն է՝ հաշվի առնելով հանրային ու քաղաքական լայն պահանջը: Վերջին օրերին մեկնարկել են նաև նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները, որում ընդգրկված են և՛ մասնագետներ ու լիազոր մարմինների ղեկավարներ, և՛ խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: «Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ խոշոր առումով կայացել է քաղաքական ու հանրային տարբեր շրջանակների հետ իմ գլխավորած իշխանության համագործակցության օրակարգի՝ դեկտեմբերին մեկնարկած այս փուլը: Այնուամենայնիվ, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու կառավարման համակարգի արդյունավետության ու ներառականության մակարդակի բարձրացման և քաղաքական գործընթացների կայունության ապահովման գործում: Այդ ճանապարհին ես ակնկալում եմ բոլոր կարողունակ ու սրտացավ ուժերի համախմբում՝ ամբողջովին բաց լինելով կառուցողական առաջարկների քննարկման ու համագործակցության համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
19:33 - 14 փետրվարի, 2022
Արցախի դատախազության պարզաբանումը՝ Արայիկ Հարությունյանի կողմից մինչ պատերազմը վարելահողերի օտարման մասին

Արցախի դատախազության պարզաբանումը՝ Արայիկ Հարությունյանի կողմից մինչ պատերազմը վարելահողերի օտարման մասին

Արցախի դատախազությունը պարզաբանում է ներկայացրել՝ կապված այն հրապարակումների հետ, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմից առաջ Հադրութի շրջանում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ համայնքներում ունեցած վարելահողերը և այգիները օտարել է։ Արցախի դատախազության հաղորդագրության մեջ ասվում է․ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հնչեցին մի շարք հայտարարություններ այն մասին, որ նախքան պատերազմը Արցախի Հանրապետության նախագահը օտարել էր Հադրութի շրջանում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ համայնքներում ունեցած վարելահողերը և այգիները: Նման բովանդակությամբ հաղորդում էր ներկայացվել նաև ԱՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պահանջվել ու տեղեկություններ են ստացվել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից ու ԱՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրից: Ստացված տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ և ավելի վաղ ԱՀ նախագահին և նրա ընտանիքի անդամներին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող գույքի, այդ թվում բաժնետոմսերի օտարում, այլ անձի տեղի չէր ունեցել: Գույքի միջնորդավորված օտարման հնարավոր դեպքերը վերհանելու համար ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից օպերատիվ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին, սակայն ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույնպես նման դեպքեր չեն հայտնաբերվել:
16:27 - 14 փետրվարի, 2022
Տեղահանված շուրջ 15,000 քաղաքացու տրամադրվել է միանվագ աջակցություն՝ կոմունալ վարձավճարների փոխհատուցման համար

Տեղահանված շուրջ 15,000 քաղաքացու տրամադրվել է միանվագ աջակցություն՝ կոմունալ վարձավճարների փոխհատուցման համար

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված և խոցելի տեղաբնակ շուրջ 15,000 քաղաքացու տրամադրվել է միանվագ աջակցություն՝ կոմունալ վարձավճարների փոխհատուցման նպատակով։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի տրամադրվել է 15 հազար ՀՀ դրամ. տեղեկացնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից: Շահառուների թիրախային խմբում Լեռնային Ղարաբաղում անշարժ գույք կորցրած անձինք են, այդ թվում՝ ՀՀ-ում գտնվող 0-18 տարեկան երեխաները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 50 տարեկանից բարձր անձինք։ Կոմունալ կացարաններում բնակվող անձանց կոմունալ վարձավճարների փոխհատուցումն անմիջապես տրամադրվել է ծառայություն մատուցողներին։ Ծրագիրն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։ Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 8184 հեռախոսահամարով։
16:04 - 14 փետրվարի, 2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես  հայտնում են ՀՀ կառավարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացումը և կարևորել այդ ուղղությամբ համատեղ ջանքերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում և հավելել, որ ՀՀ իշխանությունների նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին անբեկանելի է: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում, առանձնակի կարևորվել է Սյունիքի մարզում 80 մլն եվրոյի փաթեթի արդյունավետ կյանքի կոչումը:     Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների, ինչպես նաև փետրվարի 4-ին տեղի ունեցած քառակողմ տեսակոնֆերանսի արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական կողմից հնչեցվող սպառնալից հայտարարություններն ու արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը:  Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
14:07 - 14 փետրվարի, 2022
Ողջ հայկական աշխարհի աջակցությամբ մենք շարունակում ենք Արցախում պետականակերտման գործընթացը․ Արտակ Բեգլարյան

Ողջ հայկական աշխարհի աջակցությամբ մենք շարունակում ենք Արցախում պետականակերտման գործընթացը․ Արտակ Բեգլարյան

34 տարի առաջ այս օրը Արցախում մեկնարկել է Արցախյան շարժման համաժողովրդական պայքարի փուլը՝ հիմք դնելով ոչ միայն Արցախի ազատագրմանը ադրբեջանական լծից և փաստացի վերամիավորմանը Մայր Հայաստանին, այլև՝ Հայաստանում հիմնարար փոփոխությունների ու անկախության շարժման: Այս մասին գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ «Թեև 2020թ. պատերազմի հետևանքով Արցախը հայտնվել է ծանր դրության մեջ, այնուամենայնիվ, մենք վճռական ենք մեր ընտրած ճանապարհի շարունակման հարցում: Ողջ հայկական աշխարհի աջակցությամբ մենք շարունակում ենք Արցախում պետականակերտման գործընթացը՝ նպատակ ունենալով հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, մեր տարածքների ապաբռնազավթմանը և, վերջիվերջո, Մայր Հայաստանի հետ միավորման ու ինտեգրացիայի մակարդակի բարձրացմանը: Ի դեպ, հատկանշական է, որ Արցախը պատմական Հայաստանի այն բացառիկ տարածքներից է, որտեղ հայ ազգի ձևավորումից ի վեր՝ շուրջ 3,000 տարի անընդմեջ հայերը եղել են ճնշող մեծամասնություն և ունեցել են ինքնիշխանության շարունակական ընթացք ու ավանդույթներ: Այդ պատմական իրականությունը չի փոխվելու նաև ապագայում՝ մեր վճռական ու արդար պայքարի շնորհիվ: Շնորհակալություն Արցախյան շարժման առաջնորդներին պատմական արդարության վերականգնման այս կարևորագույն պայքարը մեկնարկելու համար»,- նշել է Բեգլարյանը։
20:38 - 13 փետրվարի, 2022
Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Այսօր՝ փետրվարի 13-ին, արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այդ մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։ Այնուհետև հանձնաժողովի անդամները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող արցախյան 3 պատերազմներում սրբագործված հայորդիների շիրիմներին։ Պաշտոնական արարողակարգին միացել են նաև ԱՀ-ում գտնվող ՀՀ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանը։ Արարողակարգն ուղեկցվել է Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։  
13:54 - 13 փետրվարի, 2022
Արցախի ԱԳ նախարարը դրական է գնահատում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում

 |armenpress.am|

Արցախի ԱԳ նախարարը դրական է գնահատում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում |armenpress.am|

armenpress.am: Միջազգային գրեթե բոլոր ազդեցիկ դերակատարների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների համանման հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ և այն պետք է իր հանգուցալուծումը ստանա Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո, միանշանակ կնպաստի բանակցային գործընթացի աշխուժացմանը նշված ձևաչափով: Այդ մասին հայտնեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերի հայտարարությանը ԼՂ հիմնախնդրի մասին: «Ինչքան շատ խոսվի դրա մասին և ինչքան շատ բարձրաձայնվի դրա մասին ազդեցիկ երկրների կողմից, այնքան, իհարկե, ավելի լավ է: Եվ լավ է, որ դրա մասին խոսում են ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները, այլ նաև այլ երկրներ: Նույն Մեծ Բրիտանիան, ինչպես գիտենք, կովկասյան քաղաքականության մեջ վաղուց է ներգրավված, և եթե իրենք այդպես են կարծում Արցախի կարգավիճակի և ապագայի վերաբերյալ,  նորմալ է: Ինչքան շատ այդպիսի կարծիքներ լինեն, այնքան լավ», - մեկնաբանեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն ԳալագերըՀայաստան-Մեծ Բրիտանիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Միացյալ Թագավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չի համարում և ցանկանում է խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընդունված հիմնարար սկզբունքների հիման վրա: Թագավորության դեսպանը այս մեկնաբանությունը տվել էր՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Մինսկի խմբի համանախագահները «չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է»:
13:18 - 13 փետրվարի, 2022
ԱՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը՝ նվիրված արցախյան ազգային-ազատագրական պայքարի 34-րդ տարեդարձին

ԱՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը՝ նվիրված արցախյան ազգային-ազատագրական պայքարի 34-րդ տարեդարձին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝  նվիրված արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Սիրելի' հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի միասնության, համազգային զարթոնքի՝ արցախյան ազգային- ազատագրական պայքարի 34-րդ տարեդարձի առիթով։ Այսօրը՝ փետրվարի 13-ը, նշանավորեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարվա հեռավորությամբ մեկնարկային սկզբնափուլը։ Առաջին անգամ խորհրդային իրավական ռեժիմի պայմաններում Ստեփանակերտի Լենինի հրապարակից հնչեցին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Մայր  Հայաստանին վերամիանալու կոչերը։ Անտարակույս,  ժամանակակիցների հիշողության մեջ անշրջելի էր համազգային զարթոնքի այդ պոռթկումը, և մոտ հիսուն հազար ցուցարարների պահանջով արդեն փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանի կայացրած որոշմամբ ընդունվեց այդ պատմական նշանակալից իրավական ակտը։ Հարկ ենք համարում ընդգծել և տեղեկացնել մեր հայրենակիցներին , որ համավարակի սաստկացմամբ պայմանավորված՝ ինչպես սեպտեմբերի 2-ին ենք զուսպ ու ծանրակշիռ դիմավորել ԱՀ անկախության հռչակման 30-ամյա հոբելյանը, նույն կերպ կկազմակերպենք  փետրվարի 20-ին նվիրված միջոցառումները։ Օրվան ընդառաջ Արցախի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներգրավմամբ նախատեսվում է  անցկացնել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ կհրապարակվի արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի մասին որոշումը։ Թանկագի'ն հայրենակիցներ Կրկին շնորհավորելով  ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առթիվ՝ մեր ազգին  մաղթում եմ տոկունություն, խաղաղ ու ստեղծարար կյանք և որ ամենակարևորն է ՝անսասան հավատ  ապագայի հանդեպ»:
10:49 - 13 փետրվարի, 2022
Թուրք-ադրբեջանական ագրեսիան ուղղված է ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ. Արցախի ԱԳ նախարար |armenpress.am|

Թուրք-ադրբեջանական ագրեսիան ուղղված է ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ. Արցախի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Բրյուսելում տարբեր հարցեր է քննարկել եվրոպացի գործընկերների հետ՝ շեշտելով, որ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և մշակութային ցեղասպանությունը ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ է ուղղված: Դավիթ Բաբայանը այդ մասին պատմեց լրագրողներին Գիտությունների ազգային ակադեմիայում՝ նշելով, որ Բրյուսելում տեղի ունեցած բոլոր հանդիպումները կարևոր էին, իսկ արդյունքներն ընթացքում պարզ կդառնան: Եվրամիության կենտրոնական քաղաքում Արցախի պատվիրակությունը բարձրաձայնել է 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների, գերիների, պատանդների խնդիրների, Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության և տարբեր այլ հարցերի մասին: «Բնականաբար, Եվրոպայում կան առողջ ուժեր, որոնք մտահոգված են այն իրավիճակով, որը ստեղծվել է թուրք-ադրբեջանական-ահաբեկչական հանցավոր եռամիասնության գործունեության հետևանքով: Մենք այնտեղ ընդգծել ենք, որ 2020 թ. տեղի ունեցած ագրեսիան ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի նկատմամբ է: Խնդիրը միայն ժամանակն է. մենք ուղղակի առաջինն էինք, հաջորդը լինելու են ուրիշները: Ե՞րբ դա կլինի՝ ցույց կտա ժամանակը: Բայց եթե քաղաքակիրթ աշխարհը աչք փակի բոլոր այդ գործողությունների վրա, մշակութային ցեղասպանության վրա, որը տեղի է ունենում Արցախի օկուպացված տարածքներում, եթե Ադրբեջանի այդ քաղաքականության նկատմամբ անտարբեր վերաբերմունք լինի, ուրեմն այդ ժամանակը ավելի շուտ է գալու», - մեկնաբանեց Արցախի ԱԳ նախարարը: Ըստ Բաբայանի՝ այդ հարձակումները քաղաքակիրթ աշխարհի վրա վաղուց են սկսվել: Որպես օրինակ նա հիշեց Էրդողանի վիրավորական խոսքերը Ֆրանսիայի նախագահի հասցեին, որն իր կարծիքով՝ նույնպես ագրեսիայի մի տեսակ է: «Գիտեք, մենք ազնիվ ենք բոլորի հետ, մենք խաղեր չենք խաղում, մենք ասում ենք այն ինչ կա և շարունակելու ենք ամեն ինչ անել Արցախի շահերը պաշտպանելու համար», - հավելեց Արցախի արտգործնախարարը: ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համատեղ նախաձեռնությամբ և ջանքերով փետրվարի 7-10-ը տեղի էր ունեցել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը Բրյուսել, որը Արցախի ԱԳ նախարարի առաջին այցն էր Բրյուսել պատերազմից հետո:
18:17 - 12 փետրվարի, 2022