Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի սանձարձակ պահվածքը. Արցախի պետական նախարար

Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի սանձարձակ պահվածքը. Արցախի պետական նախարար

Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ ցուցաբերվող սանձարձակ պահվածքը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը: Նա ընդգծել է, որ վերջին օրերին, առիթավորվելով Ուկրաինայի շուրջ աշխարհի ու հատկապես Ռուսաստանի գերզբաղված վիճակից, կտրուկ ավելացել են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրանքներն ու սպառնալիքները: «Տևական ժամանակ կրակոցներով ու այլ միջոցներով խոչընդոտում են առաջնագծին մոտ գտնվող դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներին: Մի քանի օր շարունակ մեր բնակավայրերի ուղղությամբ կրակում են նաև մեծ տրամաչափի զենքերից, իսկ երեկ Խրամորթ գյուղում ականանետով վիրավորել են իր տան բակում գյուղատնտեսական աշխատանք կատարող 50-ամյա Սուրեն Բաղրյանին։ Մարտի 8-ի գիշերը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում պայթել է Արցախ մտնող միակ գազատար խողովակը, և մինչև հիմա թույլ չեն տալիս ռուս խաղաղապահներին ու մեր ներկայացուցիչներին՝ մոտենալ խողովակին ու վերականգնել գազամատակարարումը»,-նշել է Արտակ Բեգլարյանը: Արցախի պետական նախարարը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահների միջոցով շարունակում են բանակցությունները՝ խնդիրների խաղաղ կարգավորման նպատակով: Միևնույն ժամանակ նախազգուշական քայլեր են ձեռնարկում Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու համար:
10:35 - 11 մարտի, 2022
Արցախի Ազգային ժողովի հայտրարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին

Արցախի Ազգային ժողովի հայտրարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին

Արցախի Հանրապետության ազգային ժողովը միաձայն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին հայտարարության նախագիծը, որով խորհրդարանը միջազգային կառույցներին կոչ է անում համարժեք գնահատականի արժանացնել հատկապես վերջին օրերին Ադրբեջանի գործողություններին, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները: «Վերջին օրերին լարվածությունը Արցախի սահմանամերձ բնակավայրերում նոր թափ է ստացել, մասնավորապես Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակել, ականանետներ կիրառել Ասկերանի շրջանի Խրամորթ,Նախիջևանիկ և Փառուխ գյուղերի, Մարտունու շրջանի Խնուշինակ, Կարմիր շուկա, Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նման սադրիչ գործողությունները միտված են ինչպես Արցախի ժողովրդին ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության ու հեղինակության նսեմացմանը։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստիվ դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, Արցախի Հանրապետության բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը։ Այսպիսով ՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունն ու կայունությունը, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը։ Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և նրա համապատասխան կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները։ Ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի՝ անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող և քաղաքակիրթ որոշումը»:
20:29 - 10 մարտի, 2022
Եվրախորհրդարանն ընդունեց ԼՂ մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձևը

Եվրախորհրդարանն ընդունեց ԼՂ մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձևը

Եվրոպական խորհրդարանը ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը: Բանաձևն ընդունվել է 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ ձայներով: Ինչպես ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը, բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը՝ խախտելով միջազգային իրավունքը և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը: Այն փաստում է, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցի, 20 000 գերեզմաններ և ավելի քան 5 000 տապանաքարեր,Բանաձևն ընդգծում է, որ հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ոչ միայն այն վնասելու կամ ավիրելու, բայց նաև պատմության կեղծման և այն որպես, այսպես կոչված, կովկասյան-ալբանական ներկայացնելու միջոցով, և արձանագրում, որ 2022 թվականի փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը հայտարարել է «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը» վերացնելու համար պատասխանատու աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Բանաձևն ընդունում է, որ հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության համակարգային, պետական մակարդակով քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներառյալ հակահումանիզմը, բռնության փառաբանումն ու տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որոնք սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը Հարավային Կովկասում: Այն ընդգծում է պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանման ավելի լայն իմաստով մոտենալու անհրաժեշտությունը, և այս համատեքստում կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել իր մաքսիմալիստական նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից և Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից ու բարեխղճորեն ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին: Բանաձևը կոչ է անում Ադրբեջանին ամբողջությամբ կատարել Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ կարգադրությունը, մասնավորապես՝ «ձեռնպահ մնալ հայոց լեզուն ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ այլ կերպ պատմական հայկական մշակութային ներկայությունը վերացնելուց, կամ հայերի մուտքն այդ վայրեր և դրանցից օգտվելը արգելելուց» և «վերականգնել կամ վերադարձնել հայկական մշակութային և կրոնական որևէ շինություն և վայր, արտեֆակտ կամ առարկա», շեշտում է, որ մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման ցանկացած նոր դեպք պետք է անհապաղ ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից: Այն կոչ է անում Եվրահանձնաժողովին (ԵՄ գործադիր մարմնին) օգտագործել բոլոր հասանելի լծակները Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև՝ վանդալիզմի դեպքերը կանխելու համար: 
20:21 - 10 մարտի, 2022
Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը

Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը

Նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված անվտանգային ու հումանիտար խնդիրները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գազատարի վնասված մասը գտնվում է հակառակորդի դիրքի մոտ, որը վերանորոգելու համար արդեն երեք օր է ադրբեջանական կողմը խոչընդոտում է՝ առանց հիմնավորման: «Կասկածից վեր է, որ թե՛ գազատարի վնասումն ու վերանորոգման աշխատանքների ձգձգումները, թե՛ վերջին օրերին Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ցուցաբերած ագրեսիվ վարքագիծը ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ. մասնավորապես, Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ իրավիճակից ու միջազգային դերակատարների զբաղվածությունից: Պաշտոնական Բաքուն ակնհայտ սադրանքների է դիմում՝ նպատակ ունենալով հոգեբանական ահաբեկման ենթարկել Արցախի խաղաղ բնակչությանն ու այդ կերպ հայաթափել Արցախը:  Հավաստիացնում եմ, որ Արցախի իշխանությունները բոլոր մակարդակներում աշխատանքներ են իրականացնում՝ կանխելու անվտանգային ու հումանիտար խնդիրների առաջացումը և շտկելու ստեղծված իրավիճակը: Ուստի, հորդորում եմ բոլորին պահպանել հանգստություն, զերծ մնալ իրավիճակի ավելորդ լարումից և անպատասխանատու գործողություններից»,- ասել է նախագահ Հարությունյանը և հանձնարարել գործադիր իշխանության պատասխանատուներին համապատասխան միջոցներ կիրառել բնակչության անվտանգության ու բնականոն կենսապահովման համար:
19:35 - 10 մարտի, 2022
Խրամորթի մերձակայքում իրականացվում է Արցախի ուժային կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն

Խրամորթի մերձակայքում իրականացվում է Արցախի ուժային կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն

Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները կասեցնելու և իրադրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կայունացնելու նպատակով Արցախի իշխանությունները, ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ, ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները։  «Մասնավորապես, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է Արցախի ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն։  Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից։  Մեկ անգամ ևս կոչ ենք անում տուրք չտալ ոչ արժանահավատ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
18:36 - 10 մարտի, 2022
Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ ժողովրդի կյանքը վտանգի տակ է. ԵԽ պատգամավոր Պետեր վան Դալեն

 |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ ժողովրդի կյանքը վտանգի տակ է. ԵԽ պատգամավոր Պետեր վան Դալեն |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը անհնարին է դարձնում Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկների կյանքը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը վտանգի տակ է: Այդ մասին Եվրախորհրդարանում հայտարարեց Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի  նախագծի համահեղինակ Պետեր վան Դալենը: Նիդերլանդցի պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը մտածում է միայն իր և իր ընտանիքի  բարեկեցության մասին՝ իրենց կարողությունը հասցնելով միլիարդավոր դոլարների, բայց միաժամանակ կոպտորեն ոտնահարելով մարդկանց իրավունքները Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում: «Նրանց հարստությունը հասնում է միլիարդավոր դոլարների, և Ադրբեջանում տեղի է ունենում այն, ինչ սովորաբար անում են բոլոր բռնակալները՝ կոռուպցիա, քաղաքական հակառակորդների հետապնդումներ, մարդու իրավունքների խախտումներ: Բայց սա ամենը չէ, քանի որ Ադրբեջանը անհնարին է դարձնում Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկների կյանքը, անգամ այս շաբաթ հրետանային կրակոցներ են, անգամ այս շաբաթ փակվում է գազատարը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը վտանգի տակ է և այդ վտանգը օր-օրի ավելանում է», - հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավորը: Պետեր վան Դալենը հիշեցրեց, որ մինչ օրս Արցախում շատ անհայտ կորածներ կան, որ այդպես էլ չեն հայտնվել կամ չեն վերադարձել: Այս շաբաթ Եվրախորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագիծը, որը դատապարտում է Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը և կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը: Առավել մանրամասն՝ armenpress.am-ում
18:18 - 10 մարտի, 2022
Հադրութի համայնքներից մեկի ղեկավարը պետությունից աջակցություն ստանալու ակնկալիքով դիմել է կեղծիքների

Հադրութի համայնքներից մեկի ղեկավարը պետությունից աջակցություն ստանալու ակնկալիքով դիմել է կեղծիքների

Արցախի քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021 թ. հուլիս ամսին Արցախի Հադրութի շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից պաշտոնական դիրքն օգտագործելով, ուրիշի գույքը խաբեության եղանակով հափշտակելու նպատակով, 360000 դրամի չափով անհիմն աջակցություն ստանալու ակնկալիքով 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակներում, իրավաբանական հետևանքներ առաջացնող պաշտոնական փաստաթուղթ համարվող ֆինանսական աջակցություն ստանալու հիմք հանդիսացող համայնքի շահառուների ցուցակում իր որդու անվան դիմաց կեղծ տվյալներ մտցնելու, ինչպես նաև 2021 թ. հուլիսի 26-ին նույն համայնքի բնակչի պահանջով, 1.900.000 դրամի չափով ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով, համապատասխան հաշվառված անասնագլխաքանակ չունենալու պայմաններում, վերջինիս հետ համաձայնության գալով և նրան օժանդակելու մտադրությամբ վարչակազմի ղեկավարին գրավոր դիմում ներկայացնելու, սակայն Արցախի իրավապահ մարմինների հայտնաբերման հանգամանքով պայմանավորված իր կամքից անկախ հանգամանքով հանցագործությունները ավարտին չհասցնելու դեպքերի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 33/184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 332-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 5-րդ մասով հարուցված քրեական գործը։   Նախաքննությունը շարունակվում է։  
16:19 - 10 մարտի, 2022
Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար

Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Մարտի 8-ի գիշերը վնասվել է Արցախի Հանրապետություն եկող միակ գազատարը՝ գազամատակարարումից զրկելով Արցախի ամբողջ տարածքը։ Վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված տարածքում։ Առ այսօր ադրբեջանական կողմը խոչընդոտում է  գազատարի վերանորոգմանը, ինչի պատճառով  Արցախի ողջ բնակչությունը առերեսվում է հումանիտար մի շարք խնդիրների, որոնք հատկապես ծանր են եղանակային ցուրտ պայմանների պատճառով։ Անցած շաբաթվա ընթացքում թշնամին բարձրախոսներով  արված հայտարարություններով անընդհատ հորդորում էր Խրամորթի խաղաղ բնակչությանը լքել գյուղը՝ սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել գյուղացիների նկատմամբ։  Պաշտոնական Բաքվի քաղաքականությունն ինչպես միշտ խիստ ապակառուցողական է, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի  հիմնադրույթները, մարդասիրության հիմունքները, իր էությամբ հայատյացության, նացիզմի և ահաբեկչության համակցում է։ Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար,  հարված՝ խաղաղապահ առաքելությանը, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին, և չպետք է անարձագանք մնան։ Վերջին զարգացումները մեկ անգամ ևս ցույց են տալիս Ադրբեջանի բուն նպատակները հայ ժողովրդի, Արցախի և նրա ապագայի նկատմամբ։Արցախցու՝ հայրենի հողում ապրելու և այն պաշտպանելու վճռականությունը եղել է և կմնա անսասան»։
13:24 - 10 մարտի, 2022
Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի մի մասի դուրսբերման լուրը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԽ

Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի մի մասի դուրսբերման լուրը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԽ

Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Արցախի ԱԽ գրասենյակը համագործակցում է ռուսական խաղաղապահ զորակազմի հետ․ «Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է ԱՀ Պաշտպանության բանակի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։ Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետերի կիրառումը։ Շեշտում ենք, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։ Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը: Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Հորդորում ենք բնակչությանը՝ զերծ մնալ խուճապային տրամադրություններից։ Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից»։
13:08 - 10 մարտի, 2022
Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ․ԱՀ անվտանգության խորհուրդ

Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ․ԱՀ անվտանգության խորհուրդ

Սույն թվականի մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է Արցախի Անվտանգության խորհուրդը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։  «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։ Ներկա դրությամբ բանակցությունները շարունակվում են։ Ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։
10:27 - 10 մարտի, 2022