Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի գլխավորած պատվիրակության հետ

Էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի գլխավորած պատվիրակության հետ

Դեկտեմբերի 14-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և նրա  գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, նաև էկոնոմիկայի նախարարության ու ԱԳՆ ներկայացուցիչները։    «Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը, ընդգծել ԱՄՆ կառավարության շարունակական աջակցությունը տնտեսական բարեփոխումների իրականացման գործում։ Էկոնոմիկայի նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններն առաջիկայում ավելի կակտիվանան։  Այնուհետև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության օրակարգում ընդգրկված հարցերը, հստակեցվել են համագործակցության հաջորդ քայլերը և ուղղությունները։  Մասնավորապես՝ կողմերն անդրադարձել են Առևտրի և ներդրումների խորհրդի գործունեությանը և հետագա քայլերին։ Կարևորվել է համագործակցությունը և երկխոսությունը հաստատված հետևյալ ուղղություններով` առևտուր և ներդրումներ, ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն), TBT (առևտրի տեխնիկական խոչընդոտներ), SPS (սանիտարական և բուսասանիտարական հարցեր), GSP  (արտոնությունների ընդհանրացված համակարգ), առևտրային դիվանագիտություն, բարձր տեխնոլոգիաներ և այլն, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ բիզնես հանդիպումների կազմակերպումը։   Քննարկվել են նաև հարցեր Հայաստանում վճարային հարթակների հասանելիության (PayPal ծառայություններ),  վենչուրային ֆոնդերի, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ։   Մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան տնտեսական կապերի ակտիվացման, երկկողմ տնտեսական համագործակցության, արտաքին առևտրային հարաբերությունների զարգացման, ներդրումների ներգրավման և գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ։ Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող   ծրագրերին՝ մասնավորապես զբոսաշրջության, գյուղական վայրերի տնտեսական զարգացման, շուկայի ազատականացման, գիտության, նորարարական գյուղատնտեսության, գործարարության խթանման ոլորտներում։   Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և շեշտել, որ պատրաստակամ է գործակցել բոլոր ուղղություններով ու տրամադրել անհրաժեշտ աջակցություն։ Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս շեշտել են իրենց պատրաստակամությունը շարունակելու գործակցությունը», - նշված է հաղորդագրության մեջ։   
13:35 - 15 դեկտեմբերի, 2020
Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով դեսպանին՝ նախարարը գոհունակությամբ նշել է, որ Իրանը Հայաստանի լավագույն բարեկամ երկրների թվում է, որի հետ հաստատվել են ամուր առևտրատնտեսական հարաբերություններ։ Միաժամանակ Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել։ ԻԻՀ դեսպանը շնորհավորել է Վահան Քերոբյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ Հայաստանի ու Իրանի միջև առկա է առևտրատնտեսական համագործակցության մեծ ներուժ, որը դեռևս լիարժեքորեն չի իրացվում։ Նա հույս է հայտնել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններն առաջիկայում ավելի կակտիվանան և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, համատեղ նախագծերն ու նախաձեռնությունները կդրվեն գործնական հիմքերի վրա։ Այդ նպատակով դեսպանը հայկական կողմին առաջարկել է ուսումնասիրել յուրաքանչյուր ծրագրի համար ճանապարհային քարտեզ մշակելու և փուլային հստակ ժամանակացույց սահմանելու հնարավորությունը։   Հայ-իրանական փոխգործակցության առավել իրատեսական ուղղությունների թվում Աբբաս Բադախշան Զոհուրին, մասնավորապես, մատնանշել է բուսաբուծության, անասնաբուծության և ձկնաբուծության ոլորտները: Իր խոսքում ԻԻՀ դեսպանն ընդգծել է երկու երկրների տնտեսության ոլորտում գործարար կապերի ամրապնդման, ճանաչողական և փորձի փոխանակման  նպատակով գործարար շրջանակների համար ցուցահանդեսների կազմակերպման, շահագրգիռ կողմերի միջև տեսակոնֆերանսների անցկացման անհրաժեշտությունը: Երկուստեք շեշտվել է Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև «Մեղրի» և իրանական «Արազ» ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարներին։ Նշելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի առջև լայն հնարավորություններ է բացում` ԻԻՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոչ միայն կնպաստի երկու երկրների տնտեսության զարգացմանը, այլև հնարավորություն կընձեռի ավելացնել արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ երկրներ: Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել և միջոցներ ձեռնարկել տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության շրջանակում առկա խնդիրների վերացման ուղղությամբ, ինչպես նաև հնարավորինս նպաստել երկկողմ ծրագրերի իրականացմանը։
13:37 - 14 դեկտեմբերի, 2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների և այգեգործների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների և այգեգործների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է Հայաստանի ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների, ինչպես նաև  ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող տնտեսվարողների հետ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպումներին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Նախարարը տեղեկացրել է, որ հանդիպման հիմնական նպատակն է գույքագրել ջերմատնային տնտեսություններում և  այգեգործության ոլորտում առկա խնդիրները և փորձել գտնել դրանց լուծման ուղիները։ Այնուհետև Վահան Քերոբյանը ներկայացրել է իր մոտեցումները։  Նա նշել է, որ ներկայում բիզնեսի ամենահիմնական խնդիրներից են ֆինանսական միջոցների հասանելիությունը, կապիտալի շուկայի բացակայությունը և վարչարարական խոչընդոտները։   Ջերմատների ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են իրենց հիմնական խնդիրները և առաջարկել դրանց հնարավոր լուծումները։ Մասնավորապես, արտահանման հետ կապված, կարևորվել է տրանսպորտային խնդիրը․ առաջարկվել է ուշադրություն դարձնել այլընտրանքային ճանապարհների հարցին։  Հանդիպման մասնակիցները կարևորել են նաև հողերի խոշորացման խնդիրը։ Ընդգծվել է ոլորտը որակյալ մասնագետներով համալրելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև ստանդարտների, արտադրանքի որակի, պարարտանյութերի ու թունաքիմիկատների գրանցման և ներկրման հարցերը։ Մտքեր են փոխանակվել գյուղատնտեսության ոլորտում կառավարության քաղաքականության առաջնահերթությունների, պետական օժանդակության գործիքակազմի, աջակցության ծրագրերի, գործող օրենսդրական դաշտի կարգավորումների վերաբերյալ։ Քննարկվել են տեղական գյուղմթերքի շուկայահանմանը, արտաքին շուկայում ջերմոցային արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանը, իրացման շուկաների ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանն  առնչվող հարցերը։ Նշվել է արտահանման համար նախատեսված գյուղմթերքի պահեստավորման, տեսակավորման, փաթեթավորման, բեռնափոխադրումների և վաճառահանման լոգիստիկական շղթաների ապահովման կարևորությանը։ Այգեգործության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները նախարարի հետ քննարկելու ընթացքում, հանրապետության տարբեր մարզերի ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ մասնավորապես առանձնացրել են ոլորտում ներգրավված տնտեսվարողների մասնագիտական գիտելիքների մակարդակի բարձրացման, ինտենսիվ այգեգործության հայկական դպրոցի ձևավորման, ոլորտում օգտագործվող սարքավորումների վերազինման անհրաժեշտությունը, գյուղմթերքի պահպանման և արտահանման խթանման համար սառնարանային տնտեսությունների հիմնման կարևորությունը։  Քննարկվել են նաև ինտենսիվ այգեգործության զարգացման համար ոռոգման համակարգերի բարելավմանը, չօգտագործվող հողատարածքների կրճատմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրին, որի շրջանակներում վարկը շահառուներին մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը հասանելի կլինի 0% տոկոսադրույքով։ Վահան Քերոբյանը հանդիպումների մասնակիցներին հայտնել է, որ նման քննարկումները լինելու են շարունակական, արծարծված հարցերը կգտնվեն նախարարության ուշադրության կենտրոնում և համատեղ ջանքերը կուղղվեն խնդրիրների լուծմանը։
17:59 - 12 դեկտեմբերի, 2020
Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Էլեկտրոնային առևտրի խթանման համար

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Էլեկտրոնային առևտրի խթանման համար

Կառավարությունը շարունակում է Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված գորողությունները: Քայլեր են ձեռնարկվել Էլեկտրոնային առևտրի խթանման համար: Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը: ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի որոշմամբ, ընդունվել են մի շարք կարգեր էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների և դրանց էլեկտրոնային կտրոնների կիրառման պահանջների վերաբերյալ։ Նախատեսված գործողություններն ուղղված են խթանելու էլեկտրոնային առևտուրը, ինչն առավել արդիական է կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Նշված որոշմամբ սահմանվել էն էլեկտրոնային ՀԴՄ-ների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, վերջիններիս միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները, հստակեցվել են ՀԴՄ-ին ներկայացվող որոշ տեխնիկական պահանջներ և գործառութային (ֆունկցիոնալ) մասին վերաբերող որոշ դրույթներ: Դեկտեմբերի 3-ին կառավարությունը որոշում է ընդունել ապահովել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման գործընթացի շրջանակում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը։ Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման մեջ փոփոխությունների արդյունքում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կնվազեցվեն ինչպես շինարարության բնագավառում առաջացող բնական կորուստները, այնպես էլ այլ ոլորտներում գործունեություն իրականացնող, սակայն շինարարական նյութերի պահպանությամբ և տեղափոխմամբ զբաղվող տնտեսվարողներինը։  Այսպիսով՝ համախառն եկամտից բնական կորուստների չափերը կսահմանվեն ոչ թե ըստ բնագավառի, այլ՝ ըստ նյութերի։ Կարգավորման արդյունքում շինարարական նյութերի պահպանությամբ և տեղափոխմամբ զբաղվող բոլոր տնտեսվարողների շրջանում կստեղծվեն հավասար և արդար տնտեսական գործունեության պայմաններ, իսկ նշված որոշման 1-ին մասով սահմանված ուղղություններով կկիրառվի ավելի համադրելի մոտեցում։ 
15:34 - 12 դեկտեմբերի, 2020
Թուրքիայի տնտեսական հզորությունների հավելյալ սնուցումն անընդունելի մոտեցում կլինի․ Արտակ Մանուկյան

Թուրքիայի տնտեսական հզորությունների հավելյալ սնուցումն անընդունելի մոտեցում կլինի․ Արտակ Մանուկյան

Սեպտեմբերի 27-ից Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հայ սպառողները բոյկոտի ալիք բարձրացրին թուրքական ապրանքների՝ Հայաստանում վաճառելու կապակցությամբ։  Հոկտեմբերի սկզբին մի շարք տնտեսվարողներ իրենց վաճառասեղաններից հեռացրին թուրքական արտադրության բոլոր ապրանքները։ Արդեն հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր արգելք դրվեց թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է մտնելու այս տարվա դեկտեմբերի 31-ից: Կառավարության պնդմամբ՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը նախեւառաջ անվտանգային բաղադրիչ է ենթադրում՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց՝ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական եւ ահաբեկչական գործողություններին: Գործադիրի որոշման մեջ նշված է, որ թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաեւ թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան: Պատերազմի ընթացքում տեղի ունեցածի ու ընդունված որոշման ֆոնին հանրության շրջանում հակասական արձագանքներ եղան էկոնոմիիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հնչեցրած այն մտքի առնչությամբ, ըստ որի՝ Թուրքիայի եւ, ինչու ոչ, նաեւ Ադրբեջանի հետ հնավոր է ունենալ ազատ առեւտրային կապեր։ Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Քերոբյանը մասնավորապես ասել էր․ «Սահմանների բացումը ընձեռելու է լայն հնարավորություններ, մեր արտադրողները կարող են իրենց ապրանքը արտահանել ՌԴ եւ այլ երկրներ՝ ավելի հարմար ճանապարհներով, քան հիմա է։ Բացվելու են թուրքական պորտերը եւ ընձեռելու են բազմաթիվ լայն հնարավորություններ, միգուցե մեզ համար կբացվի նաեւ Ադրբեջանի շուկան, եւ մեր շուկան՝ Ադրբեջանի համար։ Բնականաբար, պետք են գալու բազմաթիվ, լավ գիտելիք ունեցող մարդիկ, որոնք կկարողանան օգտվել դրանից։ Մենք պատրաստվում ենք ստեղծել այդպիսի ծրագիր, որը մեզ կպատրաստի քաղել բոլոր օգուտները, որոնք կարող են լինել տարածաշրջանի ապաշրջափակումից»։  Ի դեպ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին դրույթը ներառված է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս սա գնահատել է տնտեսական կյանքում նոր գործոններ ի հայտ գալու հնարավորություն։ Վերադառնալով Էկոնոմիկայի նախարարի տեսակետներին՝ նրա կարծիքով՝ թուրքական ապրանքների ներկրման վեցամսյա արգելքը կարող է դրական ազդեցություն ունենալ հայկական արտադրության ապրանքների ծավալների մեծացման վրա։ Հաջորդ օրը Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում նախարարը, անդրադառնալով ճշտող հարցին՝ արդյոք հնարավո՞ր է այդ շուկայական հարաբերությունների ստեղծումը, հստակեցրեց, որ ինքը նկատի է ունեցել, որ կա նման հնարավորություն, սակայն դրա ժամկետների եւ այլ մանարամասների վերաբերյալ մեկնաբանություն չտվեց։  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս թեմայի շրջանակներում «Իմ քայլը» խմբացության պատգամավոր Հայկ Գեւորգյանն էլ կարճ հարց հնչեցրեց՝ վատ բան տեսնո՞ւմ եք, որ Ադրբեջանում կարողանանք մեր ապրանքը վաճառել։ Իսկ ահա նույն խմբակցությունից Արտակ Մանուկյանը ողջունում է թուրքական ապրանքների ներմուծումն արգելող որոշումը։ Infocom-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ թեեւ գուցե կարճաժամկետ հատվածում այն տնտեսական առումով որոշակի խնդիրներ կարող է ստեղծել՝ հատկապաես հագուստի բիզնեսով զբաղվող մարդկանց համար, բայց, այնուհանդերձ, կարեւոր է քաղաքական բաղադրիչը․ «Որովհետեւ սանկցիան կամայական մի երկրի հետ սահմանափակումն է, եւ դա չի կարող տնտեսապես օգտավետ որոշում լինել, բայց չմոռանանք, որ մենք խոսում ենք մի երկրի մասին, որը հրաժարվում է որեւէ ձեւով հայկական ծագման ապրանքներ ընդունել իր երկրի տարածք։ Այն արտահանումները, որոնք Հայաստանից դեպի Թուրքիա իրականացվում են, սովորաբար ձեւակերպվում են Վրաստանից ներմուծում, այլ ոչ թե Հայաստանից։ Հետեւաբար, եթե չկա փոխադարձում, ապա դրա մասին հիմա խոսելը եւ օրակարգ դարձնելու իմաստը չեմ հասկանում»,- ասաց Մանուկյանը։ Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանի նկատմամբ ռազմատենչ եւ թշնամական տրամադրված Թուրքիայի տնտեսական հզորությունների հավելյալ սնուցումն անընդունելի մոտեցում կլինի, հատկապես, երբ այդ միջոցներով ձեռք է բերվելու զենք ու ծառայեցվելու հայ ժողովրդի դեմ։ Մանուկյանը նաեւ նշեց, որ հարցը միայն Հայաստանի որոշման տիրույթում չէ՝ Թուրքիան ինքն է որոշում ներկրել հայկականը, թե ոչ։ «Անկախ նրանից՝ մենք այդ ներմուծման արգելքը կիրառում ենք, թե ոչ, երբ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանն անդամակցեց, այդ ժամանակաշրջանից թուրքական կառավարությունը որոշում ընդունեց, եւ եթե հիմա նայենք նրանց վիճակագրությունը, կտեսնենք, որ չեն ճանաչում հայկական ապրանքանիշը կամ 485 կոդը»,- մանրամասնեց պատգամավորը։  Անդրադառնալով ՀՀ վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության՝ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման դրութին՝ Մանուկյանն ասաց, որ այս կետի շուրջ կան բավականին մեծ անորոշություններ։ Չնայած, նրա կարծիքով, ապաշրջափակումը որոշակի հնարավորություններ է ստեղծում, սակայն փաստ է, որ կամայական երկու երկրի նկատմամբ սանկցիա կիրառելը նշանակում է առեւտրի զսպում, իսկ լավագույն տարբերակը փոխշահավետ առեւտուրն է։ «Այս պարագայում քննարկել մի բան, որի մասով կա մեծ անորոշություն, կարծում եմ՝ ժամանակավրեպ է, քանի որ նախ պետք է հասկանացվի, թե դրա տակ ինչ է ներառվում եւ նոր այդ շրջանակներում քննարկվի։ Ապրանքների մասով քննարկում ծավալելը այս պահին այդքան էլ տրամաբանական չէ, քանի որ առնվազն այս փուլում ՀՀ կառավարության մոտեցումը որդեգրվում է իր որոշումներով, իսկ որոշումը հետեւյալն է՝ առաջին փուլում պատրաստի հումքի սահմանափակումը կլինի դեկտեմբերի 31-ից, իսկ սա նաեւ ազդակ է, որ հետագայում եւս հումքի շուկաները աստիճանաբար հնարավորինս փորձեն դիվերսիֆիկացնել կամ էլ այդ շուկաները տեղափոխել ՀՀ»։ Ըստ Մանուկյանի՝ քանի որ մենք հիմնականում հագուստի արտադրության հումքն են ներկրում, հիմա արժեշղթայի մեծացման տեսանկյունից չափազանց կարեւոր է, որ հայ բիզնեսմենները մոտեցում ձեւավորեն՝ այդ հումքը Հայաստանում արտադրելու տեսանկյունից։ «Այդ հնարավորությունները ստեղծելու համար կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, բայց առաջնայինն այն է, որ բիզնեսը հայտնի այդ պատրաստակամությունը»,- ասաց Արտակ Մանուկյանը։ Պատգամավորի համոզմամբ՝ եթե նախկինում կարող էր առավել կարեւոր համարվել տնտեսական շահը, ապա պատերազմից հետո պետք է խոսենք առաջին հերթին քաղաքական շահի տեսանկյունից, եւ ոչ թե միայն տնտեսական։  Մեր հարցին, թե արդյոք պատերազմից հետո հայ սպառողները պատրաստ կլինե՞ն շուկայում տեսնել ադրբեջանական ապրանքները, եւ արդյոք կգնե՞ն դրանք, եթե, իհարկե, տնտեսական իրավիճակն ապագայում այդպիսի հնարավորություն տա, պատգամավորը կարծիք հայտնեց, որ հոգեբանական տեսանկյունից թուրքական կամ ադրբեջանական ապրանքները կարող են խնդրահարույց լինել, բայց, ըստ նրա, պետք է ամեն բան անել, որ հայրենական արտադրողները այնպիսի մրցունակություն դրսեւորեն, այդ թվում՝ գնային, որպեսզի սպառողը երկար չմտածի՝ գնել հայկականը՝ մի փոքր թա՞նկ, թե՞ այլ երկրի արտադրանքը՝ մի փոքր էժան, այլ այնպիսի մրցունակություն լինի, որ այդ որոշումը կայացնի ինչպես ռացիոնալ դաշտում՝ ավելի էժան, այնպես էլ՝ խրախուսելով հայկական արտադրանքը։  «Սրա համար շատ կարեւոր է, որ մեր հայ արտադրողները այս ազատվող նիշան լրացնեն եւ, ինչու չէ, նաեւ կարճաժամկետ կտրվածքով իրենց շահութաբերությունը հասցնեն զրոյի, որպեսզի հայ սպառողի վարքագիծը փոփոխություն ունենա, եւ հետագայում այս անցումները քիչ ազդեն սպառողի դրամապանակի վրա»,- եզարափակեց Մանուկյանը։ Նշենք, որ Թուրքիայից ամեն տարի Հայաստան է ներմուծվում ավելի քան 250 մլն դոլարի ապրանք․ օրինակ՝ 2019 թվականին այդ թիվը կազմել է 268 մլն։ Ի հակադրություն սրա՝ Թուրքիայում հայկական արտադրության ապրանքներ գրեթե չկան։  Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների 80 տոկոսը պատրաստի ապրանքներ են։ Ներմուծվող ապրանքների մեջ առաջին տեղում նավթը եւ նավթամթերքն են, երկրորդ տեղում՝ տրիկոտաժը եւ հագուստները, երրորդում՝ ցիտրուսային մրգերը։  Ասպրամ Փարսադանյան
19:23 - 10 դեկտեմբերի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գյուղատնտեսական նշանակության հողերին առնչվող օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գյուղատնտեսական նշանակության հողերին առնչվող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: «Նախագծի և դրանից բխող կառավարության որոշման ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական նշանակության հողերի անհիմն փոխադրումն այլ նշանակության հողատեսքերի»,- նշել էր Արման Խոջոյանը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործադրի կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:
10:23 - 10 դեկտեմբերի, 2020
Գործադիրը ցանկանում է բացառել գյուղատնտեսական նշանակության հողերի անհիմն փոխադրումն այլ հողատեսքերի |armenpress.am|

Գործադիրը ցանկանում է բացառել գյուղատնտեսական նշանակության հողերի անհիմն փոխադրումն այլ հողատեսքերի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: «Նախագծի և դրանից բխող կառավարության որոշման ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական նշանակության հողերի անհիմն փոխադրումն այլ նշանակության հողատեսքերի»,- ասաց Խոջոյանը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործադրի կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով:
15:38 - 09 դեկտեմբերի, 2020
Արցախում հացահատիկի 50 000 հա ցանքատարածք անցել է Ադրբեջանին. պարենային անվանգության խնդիրը |hetq.am|

Արցախում հացահատիկի 50 000 հա ցանքատարածք անցել է Ադրբեջանին. պարենային անվանգության խնդիրը |hetq.am|

hetq.am: Գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը մինչև պատերազմը Արցախի Քաշաթաղի շրջանում, որը գրավել են ադրբեջանական ուժերը, 200 հեկտար ցանքատարածքներ է մշակել՝ աճեցնելով օրգանիկ հատիկաընդեղեն, հիմնականում՝ հաճար: Բերքի զգալի հատված արտահանվել է, մյուս հատվածն էլ՝ սպառվել Արցախում ու Հայաստանում: Պատերազմից հետո նա և բազմաթիվ այլ գործարարներ կորցրել են իրենց բիզնեսի մեծ մասը:  Բացի այն, որ բազմաթիվ մարդիկ կորցրել են իրենց բիզնեսն ու աշխատանքն, այս խնդիրը նաև պարենային անվտանգության ռիսկեր է պարունակում: Կոպիտ հաշվարկներով՝ Հայաստանում և Արցախում տարեկան սպառվել է  500-600 հազար տոննա հացահատիկ: Արցախն ապահովել է  դրա 20-30%-ը:  Եվ հիմա այդ 20-30%-ը «բաց է մնում»:   Հակառակորդին է անցել 95  հազ. հեկտար վարելահող Արցախում, պաշտոնական տվյալներով, տարեկան մինչև 150 հազար տոննա հատիկաընդեղեն և հացահատիկ է աճեցվել, մասնավորապես 2019-ին՝ 118 հազար տոննա:  Թե պատերազմի հետևանքով հակառակորդին անցած հողերի կազմում որքան են հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածությունները, հստակեցված չէ: Առայժմ միայն նախնական հաշվարկներ են: «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Արցախի գյուղատնտեսության նախարարությունից պատասխանել են, որ նախնական հաշվարկներով, հակառակորդին է անցել շուրջ 95 հազ. հեկտար վարելահող: Նշված տարածքներում կատարվում էր տարեկան ավելի քան 70 հազ. հեկտար  ցանքս, որից շուրջ 50 հազ. հա՝ հացահատիկային: Հացահատիկային մշակաբույսերից ցանվում էր հիմնականում ցորեն, գարի ու հաճար:   Ինչ վերաբերում է հատիկաընդեղենին, ապա՝ հակառակորդի վերահսկողության տակ անցած վարելահողերում, նախնական հաշվարկիներով, մշակվում էին շուրջ 450 հեկտար հատիկաընդեղեն: Դա, կրկին ըստ նախարարության հաղորդած տվյալների, կազմել է Արցախում հատիկաընդեղենի մշակաբույսերի ցանքատարածությունների 30%-ը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Արցախում հացահատիկ և հատիկաընդեղեն է աճեցվել հիմնականում Քաշաթաղի, Հադրութի, Ասկերանի, Մարտունու ու Մարտակերտի շրջաններում:  Միայն Շահումյանի ու Շուշիի շրջաններում է այն փոքր թիվ կազմել: Հաշվի առնելով հակառակորդին  անցած տարածքների մասին տեղեկությունները, կարելի է ենթրադրել, որ հացահատիկի ցանքատարածքների շուրջ 90%-ն անցել է հակառակորդին: Իսկ Հայաստանում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների (ՀՀ ՎԿ), 2019 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 199 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն, որը 2018 թվականի համեմատ կրճատվել է 41.2%-ով: Միևնույն ժամանակ, Հայաստանը զգալի քանակությամբ հացահատիկ է ներմուծում: Ըստ մաքսային ծառայության տվյալների՝ 2019 թվականին ներմուծվել է 250 հազար տոննա ցորեն: Հայաստան ներմուրծվող ցորենի մոտ 90%-ը Ռուսաստանից է, մնացածը՝ հիմնականում Ուկրաինայից ու Վրաստանից:  Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով՝ ցորենի ինքնաբավության մակարդակը 2018 թվականին կազմել է 31.5%, որը տարիների ընթաթքում նվազել է: Համեմատության համար 2014 թվականին այն կազմել է 48.7%: «Ժամանակ կորցնելու իրավունք չունենք» Հարություն Մնացականյանը շեշտում է, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ժամանակ կորցնելու իրավունք չունեն. պետք է արդեն իսկ  ծրագիր մշակել հստակ քայլերով ու անցնել այն իրագործելուն: Այլապես՝ ցորենի պարենային անվնագության լուրջ խնդիրներ են առաջ գալու: Գյուղատնտեսը դեռևս 2019 թվականից Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը ներկայացրել է հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրությունը զարգացնելու ճանապարհային քարտեզ, որը սակայն մինչ օրս արձագանքի չի արժանացել: Ծրագիրը ներառում է չորս հիմնական ուղղություններ՝ գյուղատնտեսական տեխնիկայի թարմացում, որակյալ սերմնացուի ներմուծում, հողերի պարարտացման վերահսկում և ցանքաշրջանառության ապահովում:  «Մեր տեխնիկան 40 տարվա է՝ 20-50% կորստով ենք բերքը հավաքում: Դա շատ լուրջ ազդեցություն է թողնում մշակաբույսերի ինքնարժեքի վրա: Հաջորդը պարարտացման խնդիրն է: Մեր գյուղացիները միշտ պարարտացնում են նույն ազոտական պարարտանյութով, որը հողն ամբողջությամբ դեգրադացնում է: Պետությունը պետք է պարտադիր միջոցներ ձեռնարկի՝ տարբեր գործիքներ կիրառելով, օրինակ՝ ինչ-որ քանակությամբ հող ունեցող գյուղացին չկարողանա ինչ-որ քանակությունից ավելի ազոտական պարարտանյութ գնել, որպեսզի հողը շարքից դուրս չգա»,- ասում է Հարություն Մնացականյանը:   Կարդալ ավելին hetq.am-ում։
20:20 - 03 դեկտեմբերի, 2020
էկոնոմիկայի նախարարությունը և Ավստրիական զարգացման գործակալությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

էկոնոմիկայի նախարարությունը և Ավստրիական զարգացման գործակալությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

 ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարներին և Երևանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը։ Հանդիպման ընթացքում հյուրերը համառոտ ներկայացրել են Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) հիմնական առաքելությունը, մասնավորապես՝ գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին, քննարկվել են համատեղ նոր ծրագրերի առավել նպատակահարմար ուղղությունները։ Նախարար Վահան Քերոբյանն ընդգծել է ընթացիկ ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելու կարևորությունը։ Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակման հարցերով փորձագիտական խորհրդատվության և խորհրդատվական աջակցության վերաբերյալ։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարները։    Հուշագրով նախատեսվում է փորձագիտական և խորհրդատվական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսության զարգացման քաղաքականության մշակման և օրենսդրական դաշտի բարելավման նպատակով՝ ապահովելով Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմանները։   
17:13 - 02 դեկտեմբերի, 2020
«Իմ քայլը» փակ հանդիպում է ունեցել էկոնոմիկայի նորանշանակ նախարարի հետ |1lurer.am|

«Իմ քայլը» փակ հանդիպում է ունեցել էկոնոմիկայի նորանշանակ նախարարի հետ |1lurer.am|

1lurer.am: «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպման համար խորհրդարան էր եկել էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը: Պաշտոնն զբաղեցնելուց մեկ-երկու օր անց հարցազրույցում երկնիշ տնտեսական աճ խոստացած Քերբոյանը մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ խոստանալով ասուլիս հրավիրել:Նախարարի հետ հանդիպման նպատակը ծանոթությունն էր՝ կարճ պարզաբանեց «Իմ քայլ»-ից Հայկ Գևորգյանը: Իրատեսակա՞ն է հաջորդ տարի երկնիշ տնտեսական աճ գրանցելու նախարարի խոստումը․ Գևորգյանի կարծիքով՝ անհնարին ոչինչ չկա:Հանդիպման մասին չխոսեց նաև խմբակցության ղեկավարը: Լիլիթ Մակունցը խուսափեց պատասխանել ներքաղաքական հարցերին՝ պատճառաբանելով՝ երկրում առկա մթնոլորտը թույլ չի տալիս առողջ գաղափարներ քննարկել: Իշխանական պատգամավոր Կարեն Համբարձումյանն էլ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար համախմբման կոչ է անում:Երեկ հրաժարական ներկայարցրեց Սյունիքի մարզպետը: Այսօր տարածած ուղերձում Հունան Պողոսյանը նշել է՝ որքան էլ փաստարկները, պարզաբանումները, տրամաբանական ու համոզիչ են թվում, միևնույն է, չի կարող համակերպվել այս իրողության հետ։ Մարզից ընտրված պատգամավոր Կարեն Համբարձումյանը Պողոսյանի հրաժարականի պատճառներից տեղյակ չէ, սակայն վստահեցնում է՝ Սյունիքում ամեն ինչ նորմալ է:Ի դեպ, Հունան Պողոսյանը ևս հավաստիացնում է՝ գործադրված ջանքերի շնորհիվ վերջին օրերի ընթացքում Սյունիքում այս պահի դրությամբ ունենք ավելի բարենպաստ և անվտանգ սահմանագիծ:
22:05 - 01 դեկտեմբերի, 2020
Բացվելու են թուրքական նավահանգիստները, և ընձեռվելու են լայն հնարավորություններ տնտեսվարողների համար․ էկոնոմիկայի նախարար |tert.am|

Բացվելու են թուրքական նավահանգիստները, և ընձեռվելու են լայն հնարավորություններ տնտեսվարողների համար․ էկոնոմիկայի նախարար |tert.am|

tert.am: Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել է, որ երկրաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություն է տեսնում։ Հարցին, թե իրադարձությունները խոսում են, որ ինքն առնվազն վեց ամսվա նախարար է լինելու, այդ ընթացքում ինչպես է բեկում մտցնելու, Վահան Քերոբյանն ասել է, որ ինքը եկել է երկարաժամկետ, իր պլանը հինգ տարվա է և այսօրվանից սկսում է աշխատել։ Վահան Քերոբյանը նախանշել է այն հնարավորությունները, որոնք կստանա տնտեսությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում, որոնք նշված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Նախարարն ասել է, որ այսօր առաջին խնդիրը սպառման խթանումն է և տնտեսվարողներին պետք է տալ հնարավորություն լիարժեք գործունեության համար։ Ի պատասխան հարցի, թե խոսում են, որ նախատեսվում է սահմանները բացել, Հայաստանն արդյո՞ք ունի ռազմավարություն, թե ինչ պետք է անել, նախարարն ասել է.«Իհարկե, տնտեսության համար բաց սահմանները շատ լավ են, քանի որ մրցակցության արդյունքում ավելի լավ ապրանքներ են ստեղծվում, այսինքն՝ մեր տնտեսությունը կարող ենք դարձնել աշխարհի մակարդակին հավասար։ Այսինքն, եթե մեզ մոտ էժան և որակյալ ապրանքներ են ներմուծվում, ապա մեր տեղական արտադրողը ստիպված է ավելի լավը դառնալ։ Բայց հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, այդ որոշումն ընդունվել է պատերազմի ժամանակ, նախորդ նախարարի օրոք, և արդյունքում ազատվելու է 200 մլն դոլարանոց շուկա Հայաստանում։ Ես կոչ եմ անում վերցնել այդ ցուցակը, և այնպես անել, որ հունվարի 1-ից մեր խանութներում թուրքականի փոխարեն հայտնվեն հայկական ապրանքները»։Ինչ վերաբերում է երկարաժամկետ ծրագրին, ապա Վահան Քերոբյանն ասել է, որ դա սահմանների բացումն է. «Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները, և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»։
19:07 - 29 նոյեմբերի, 2020
Արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների լայն տեսականու ներմուծումն առնվազն վեց ամսով․ ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան․ էկոնոմիկայի նախարար

Արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների լայն տեսականու ներմուծումն առնվազն վեց ամսով․ ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան․ էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է այն հնարավորություններին, որոնք կարող են ստեղծվել թուրքական ծագման մի շարք ապրանքների ներկրումն արգելելուց հետո։ «Հունվարի մեկից արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների շատ լայն տեսականու ներմուծումն առնվազն վեց ամսով։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են՝ hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղներ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան և այլն)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար։ Ես, իհարկե, չեմ խրախուսում ցիտրուս աճեցնել, բայց ընդհանուր առմամբ, տարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան։ Ապրանքների մանրամասն ցանկը կարող եք գտնել հետևյալ հղումով: ՀՀ էկոնոմիկայի նախարարություն թիմը պատրաստ է տրամադրել ավելի մանրամասն տեղեկություն` օգնելու լրացնել այս բացը հայկական կամ բարեկամական ծագման ապրանքներով»,- գրել է նա։  
22:25 - 28 նոյեմբերի, 2020
Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Տիգրան Խաչատրյանին՝ կատարած աշխատանքի համար, գոհունակություն հայտնել համատեղ աշխատանքից և հավելել, որ նրա պաշտոնանկությունը չունի որևէ քաղաքական դրդապատճառ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Տիգրան Խաչատրյանի ներուժը դեռևս կներգրավվի տնտեսության հետագա զարգացման գործում: Կառավարության ղեկավարը հաջողություններ է մաղթել Վահան Քերոբյանին հետագա գործունեության մեջ և նշել. «Պարոն Քերոբյանը պետական համակարգ է գալիս մասնավոր հատվածից: Վերջին անգամ, երբ մենք առնչվել ենք միմյանց հետ, դա եղել է այն առիթով, որ պարոն Քերոբյանը քննադատում էր Կառավարությանը, թե գործադիրը բավարար ուշադրությամբ չի լսում բիզնեսին, մասնավոր հատվածին: Եվ, ահա, նա առիթ ունի բավարար ուշադրությամբ լսել բիզնեսին, մասնավոր հատվածին և այդ ոլորտի խնդիրները բարձրաձայնել Կառավարությունում և ոչ միայն բարձրաձայնել, այլև անմիջապես զբաղվել դրանց լուծմամբ»: Վարչապետի խոսքով՝ Վահան Քերոբյանի թեկնածության շուրջ քննարկումներ է ունեցել Արդյունաբերողների և գործարարների միության, Ազգային ժողովի գլխադասային երկու հանձնաժողովների հետ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս բանաձևը, կոմբինացիան նախարարի կարգավիճակում առավել էֆեկտիվ կդարձնի պարոն Քերոբյանի աշխատանքը: «Սա, ըստ էության, մի մոդել է, որ մենք պիտի փորձարկենք և տեսնենք, թե նա որքանով է աշխատում, երբ իսկապես առիթ կա խնդիրների իմացությամբ գալ անմիջապես ոլորտից և այստեղից այլ հայացքով նայել ու փորձել իրականությունը դարձնել ավելի լավը»,- ասել է Կառավարության ղեկավարը:Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և նախարարության անձնակազմին համագործակցության համար: «Պարոն վարչապետ, չի եղել այնպես, որ երկու տարիների ընթացքում մեր պատասխանատվության ոլորտում գտնվող որևէ խնդիր, որ նկատված է և ունի լուծման առաջարկ, Ձեր գլխավորությամբ կառավարության քննարկմանը ներկայացնենք և դա մնա անարձագանք: Հուսով եմ, որ այս ժամանակահատվածում մենք կարողացել ենք լուծել խնդիրների մի զգալի մաս: Շատ դժվար ժամանակներ են եղել՝ փոփոխական, որովհետև միշտ գործոնները, որոնք ի հայտ են եկել տնտեսության վերջին, հատկապես ավելի քան 9-10 ամիսների ընթացքում, անսպասելի ուժով են ազդել տարբեր ոլորտների վրա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ դեպքերում եղել են արձագանքներ մասնավոր հատվածից, որ կառավարության որոշումները, հատկապես հակաճգնաժամային միջոցառումների տեսքով, ունեցել են թիրախային, կետային նշանակություն, դրական փոփոխություններ առաջացնելու նախադրյալ ստեղծող ազդեցություն: «Կարծում եմ, որ հենց այդպես էլ մասնավոր հատվածը սպասում է, որպեսզի Էկոնոմիկայի նախարարությունը շարունակի գործել: Շատ ուրախ եմ, որ պարոն Քերոբյանը գալիս է մասնավոր հատվածից՝ լավ պատկերացնելով այն խնդիրները, որոնք այնտեղ կան: Ըստ էության, նա ունի աշխատանքի նույն ձեռագիրը, կարևորում է նույն արժեքները: Մաղթում եմ մեծ հաջողություններ, ուզում եմ վստահեցնել, որ նախարարության անձնակազմը պրոֆեսիոնալ է, գիտի իր խնդիրները և Ձեր առաջնորդությամբ, պարոն Քերոբյան, կշարունակի խնդիրները լուծել, ինչպես առնվազն մինչև հիմա: Հուսով եմ և հավատում եմ, որ հաջողությունները երկար սպասել չեն տա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նման հնարավորություն ընձեռելու համար և Տիգրան Խաչատրյանին՝ նախորդ երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Չնայած ես քննադատել եմ, բայց, միևնույն է, հարգանքի և հիացմունքի արժանի է Ձեր աշխատանքը, որովհետև այն թիմը, որը ձևավորվել է, այն խնդիրները, որոնք առաջացել են մինչև այս տարվա առաջին եռամսյակի ավարտը, փայլուն ձևով լուծվել են: Պարզապես, իմ կարծիքով, կորոնավիրուսը և պատերազմական իրավիճակը նոր իրողություններ են առաջ բերել, և մարտահրավերների կարգը փոխվել է: Այսինքն՝ թե՛ արագության, թե՛ խնդիրների մասշտաբի առումով մենք այժմ ամբողջությամբ ուրիշ իրականության մեջ ենք: Կարծում եմ՝ այն թիմը, որի հետ այսօր առիթ ունեցա ծանոթանալու, ի վիճակի է լուծել այդ խնդիրները, որովհետև զգում եմ այդ կրակը և մեր երկրի առաջ ծառացած ոչ այդքան հեշտ խնդիրների լուծման մղումը: «Հայաստան-2050»-ի մեր տեսլականը, չնայած պատերազմի արհավիրքին, միևնույն է, ես պահելու եմ մեր ուշադրության կիզակետում: Դա լինելու է այն ուղենիշը, որով մենք պետք է շարժվենք՝ միջինում 10 տոկոս տնտեսական աճ և այլն: Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողության հասնելը»,- ասել է նորանշանակ նախարարը:
18:09 - 27 նոյեմբերի, 2020