Սահման

Որոշումը, որի արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն, ես ստորագրելու եմ

Որոշումը, որի արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն, ես ստորագրելու եմ

ԱԺ-հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց ուղղեց, թե արդյո՞ք կնքվելիք խաղաղության պայմանագիրը չպետք է հաջորդի սահմանների ճշգրտմանը։ Սկզբում հարցին պատասխանեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ կարող է լինել խաղաղության կամ հարաբերությունների հաստատման, փոխադարձ ճանաչման պայմանագիր, որից բխեն տարբեր գործընթացներ, այդ թվում սահմանների սահմանազատման և սահմանագծման։ «Կարող է լինել և հակառակը՝ փաթեթային մոտեցմամբ՝ մի պայմանագրում բոլոր հարցերը՝ ամենայն մանրամասնությամբ, կարող են լինել նաև առանձին գործընթացներ՝ սահմանները սահմանազատվեն, կոմունիկացիաները որոշվեն, բացվեն, հետո լինի վերջնական պայմանագիրը։ Իմ կարծիքով կարելի է ճանաչման պայմանագիր ստորագրել, ամենաէական խնդիրները արձանագրել, և զուգահեռ գնան գործընթացներ, օրինակ՝ սահմանազատման գործընթացը»,- նշեց Միրզոյանը։ Այնուհետև Աղազարյանի հարցին անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հարցը կարևոր է։ Նա նշեց` Ադրբեջանն ասում է եկեք փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչենք, ասում ենք՝ համաձայն ենք. «Եթե Ադրբեջանն ասում է, որ էն տարածքները, որոնք իրենք ներխուժել են՝ Շորժա, Վերին Շորժա, դա ո՞ւմ տարածքային ամբողջականության մեջ է։ Եթե Ադրբեջան ասում է, որ իր տարածքն է, ապա մենք իր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, որովհետև դա մեր տարածքն է, դա վիճելի տարածք չէ։ Եթե իրենք դուրս կգան, կկանգնեն Սովետական Միության սահմանի վրա, կճանաչենք տարածքային ամբողջականությունը, դուրս չեն գա, չենք ճանաչի, սա քաղաքական դիրքորոշում է։ Սրա հիման վրա պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի, դեմարկացիա, դելիմիտացիա անել։  Ադրբեջանը հիմա ասում է՝ եկեք դուք իմ տարածքային ամբողջականությունը ճանաչեք, ներառյալ այն տարածքենրը, որոնք ես ապօրինի օկուպացրել եմ, ճանաչեք իմ մաս, հետո դեմարկացիա դելիմիտացիայի շրջանում կարող է պարզվել, որ ՀՀ-ին պատկանող տարածքներ կան, որ ժամանակին տրվել են Ադրբեջանին, հետք կքննարկենք։ ՀԽՍՀ-ն ունի կոնկրետ տարածք, եթե Ադրբեջանը մեր Հանրապետության տարածքային ամբողջականոությունը ճանաչում է, ես հենց այսօր այդ հենքի վրա պատրաստ եմ գալ համաձայնության»։ «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես շատ այդ որոշումը ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ», - նշեց Փաշինյանը։
18:43 - 14 սեպտեմբերի, 2022
Ապահովում ենք մեր վիրավորների բժշկական օգնությունը․ Անահիտ Ավանեսյան

Ապահովում ենք մեր վիրավորների բժշկական օգնությունը․ Անահիտ Ավանեսյան

ԱՆ համակարգն ամբողջությամբ բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի։ Մենք ապահովում ենք մեր վիրավորների բժշկական օգնությունը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Բոլոր ԲԿ-ները համալրվել են դեղորայքով, բժշկական նշանակության պարագաներով, մասնագիտական թիմերով, անհրաժեշտ շտապ օգնության բրիգադներով։ Այս պահին որևէ կարիք չունեն ոչ մեր համակարգի ներսում բաշխվածություն ապահովելու։ Ակտիվ կապի մեջ ենք թե՛ սփյուռքի, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ, համակարգին աջակցելու բոլոր աշխատանքներն իրականացվում են համակարգված։ Բոլոր վիրավորները մարզային կենտրոններում ստանում են համապատասխան բուժօգնություն, այնուհետև մեր մասնագիտական թիմերի ցուցումներով տեղափոխվում են Երևանի ԲԿ-ներ՝ ստանալու ավելի նեղ մասնագիտական և բարձր տեխնոլոգիաներ պահանջող բուժօգնություն»,- նշեց նա։ Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ այցելել է բժշկական կենտրոններ Երևանում, այցելելու է նաև մարզային բուժհաստատություններ։ Խոսելով արյան անհրաժեշտ պաշարների, ինչպես նաև սննդի հետ կապված հարցերի մասին՝ նախարարն ասաց․ «Մեր արյան պաշարները բավարար են, անընդհատ համալրվում են, չի նշանակում, որ չենք իրականացնում համալրում։ Սննդի հետ կապված հարցերը ևս համակարգված լուծվում են ՊՆ գործընկերների հետ համատեղ»։
18:25 - 14 սեպտեմբերի, 2022
Փաշինյանը պատասխանեց հարցին, թե ինչ է արել 44-օրյա պատերազմի հաղթանակի համար

Փաշինյանը պատասխանեց հարցին, թե ինչ է արել 44-օրյա պատերազմի հաղթանակի համար

2018-ից՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով առաջնորդվել եմ ամեն ինչ բանակի համար սկզբունքով։ Պատասխանատում եմ հայտարարում, որ չի եղել մի դեպք, երբ բանակը որևէ հարց բարձրացնի, և ես այդ խնդիրը չլուծեմ առնվազն ֆինանսական մասով։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Քրիստինե Պողոսյանի հարցին, թե ինչ է արել վարչապետը 44-օրյա պատերազմի հաղթանակի համար։ «Էդքան քննադատված ՍՈՒ-30-ների դեպքը դրա ամենավառ օրինակն է։ Վարչապետը և ՊՆ ղեկավարը նույնիսկ ԳՇ պետը, որը հրետանավոր է կամ սակրավոր է կամ հետևակի մասնագետ է, պարտավոր չէ փորձագետ լինել, թե որ օդանավը․․․ Կան ռազմաօդային ուժեր, որոնք գնահատում են իրենց կարիքները։ԶՈՒ-ն ինձ ներկայացրել է սպառազինության և տեխնիկայի պլան առաջիկա 10 տարվա համար, եթե չեմ սխալվում, որի ընդհանուր արժեքը եղել է 12 մլրդ դոլար։ Ես ասել եմ՝ ոչ մի խնդիր չկա, կանենք, ու բոլորը զարմացել են։  Հիմա մարդիկ կան նոյեմբերի 9-ից հետո հոխորտում են՝ բերանները բացած, իսկ պատերազմի մեկնարկին իրենց միտքը եղել է՝ ոնց ճողոպրեն։ Էսօրվա քրգործերով հիմնավորվում է, որ դա ոչ միայն իմ քաղաքական գնահատականն է»,- ասաց Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ առաջին անգամ պատերազմը մեկնարկելիս է իմացել, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր։ «Ինձ զեկուցվել է, որ պետք է բանակի համար, բանակը դա ստացել է։ Հիմա քրգործերով ոմանք դատվում են, որովհետև պարզվում է՝ իմ տված 10 միլիոնը տարել են, իրենց գարաժում եղած սնարյադները մտցրել են ՊՆ պահեստ և այդպես շարունակ»,- նշեց Փաշինյանը։ Պատասխանելով հարցին, թե ինչու չեն աշխատում ՀՀ գնած ինքնաթիռները հիմա, վարչապետն ասաց, որ ամեն ինչ չէ, որ էս պահին կիրառվում է, որովհետև ամեն զենք ունի իր տեխնիկական պարամետրը, ինչպես նաև արդյունավետության հարց կա։
18:17 - 14 սեպտեմբերի, 2022
Ղազախստանի արտգործնախարարն ապակողմնորոշում է. Ադրբեջանի սանձազերծած մարտերն ընթանում են Հայաստանի տարածքում
 |fip.am|

Ղազախստանի արտգործնախարարն ապակողմնորոշում է. Ադրբեջանի սանձազերծած մարտերն ընթանում են Հայաստանի տարածքում |fip.am|

fip.am: Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, ուստի «սահմանի որևէ խախտման մասին դժվար է խոսել»։ Սակայն հակառակ ՀԱՊԿ անդամ պետության արտգործնախարարի հայտարարության՝ ռազմական գործողությունները տեղի են ունենում ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, այլ ՀՀ  սուվերեն տարածքում, թիրախավորված են հայկական բնակավայրեր ու քաղաքներ:  Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին  Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առաջին օրը Արդեն երկրորդ օրն է, ինչ չեն դադարում Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանի սանձազերծած մարտերը։ Ադրբեջանի հարձակումից կարճ ժամանակ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ անվտանգության խորհրդին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տեսակոնֆերանսով կայացել է ՀԱՊԿ անվտանգության արտահերթ նիստ, որի ժամանակ վարչապետը ներկայացրել է ստեղծված իրավիճակը, և քննարկվել է ՀԱՊԿ հետագա քայլերը: ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրությունում, ըստ էության, ասվում էր, որ քարտուղարությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբի հետ համատեղ աշխատանքներ է կազմակերպել ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ՝ իրավիճակի կարգավորման նպատակով։ Արդեն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց ՀԱՊԿ օրակարգում դեռ չկա, և օբյեկտիվ տեղեկություն ստանալու համար որոշում է կայացվել, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնի հայ-ադրբեջանական սահման և տեղում իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկերացում ստանա, ապա տեղեկացնի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին։ Ռազմական գործողությունները տեղի են ունենում Հայաստանի սուվերեն տարածքում Սեպտեմբերի 13-ի ողջ գիշերվա ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական դիրքերն ու բնակավայրերը հրետակոծելուց հետո Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանն առավոտյան ֆեյսբուքյան իր էջում կատարեց հրապարակում, որում ակնհայտորեն երևում էին հրետակոծությունից վնասված և այրված շենքերը։ Համայնքապետի խոսքով՝ գնդակոծությունից վնասվել է համայնքապետարանի շենքը, այրվել է մի քանի տուն, վնասվել են որոշ տների տանիքներն ու պատուհանները։ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրը, ըստ Google Earth արբանյակային քարտեզի, գտնվում է Հայաստանի սահմանից դեպի ներս՝ ավելի քան 8,5 կմ խորքում։  Այսինքն՝ այն պնդումը, թե սահմանազատում չի արվել, հետևաբար դժվար է ասել, թե ում տարածքում են ընթանում մարտերը, կեղծիք է։ Սոթքում ադրբեջանական ագրեսիայից վնասվել են նաև մի շարք տներ, ինչն ապացուցող լուսանկարներ է հրապարակել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Բացի Սոթքից Ադրբեջանը հարվածներ է հասցրել մի քանի այլ հայկական բնակավայրերի ևս։ Ադրբեջանի թիրախային հարձակումից վնասվել է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակարաններից մեկը։ Արկերից երկուսն էլ ընկել են անմիջապես բնակարանի հարևանությամբ։ Վերիշենում ադրբեջանական ագրեսիայի և ռմբակոծության հետևանքով վնասվել է 5 տուն, ինչպես նաև ավտոմեքենաներ։ Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրը Հայաստանի պետական սահմանից ավելի քան 9 կմ դեպի ներս է տեղակայված։ Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն բնակավայրում ադրբեջանական արկի պայթյունից վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը։ Հրետակոծությունից կոտրվել են հանդիսությունների սրահի պատուհանները, վնասվել են սրահի տանիքն ու պատերը։ Քարաշեն բնակավայրը ՀՀ պետական սահմանից ավելի քան 3 կմ խորքում է։ Սիվիլնեթի մեր գործընկերները Ջերմուկ տանող ճանապարհին նկարահանել են, թե ինչպես է քաղաքացիական մեքենան վնասվել Ադրբեջանի հրետակոծությունից, ինչի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ պահի դրությամբ Ջերմուկ տանող ճանապարհն անվտանգության տեսանկյունից փակ էր երթևեկության համար։ Ջերմուկ քաղաքը Հայաստանի պետական սահմանից հեռու է 13 կմ։ Բացի դրանից, երեկ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ արած հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար: Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ունենք քաղաքացիական զոհեր։ Ի՞նչ է նախատեսվում ՀԱՊԿ կանոնադրությամբ այս իրավիճակում  «Փաստերի ստուգման հարթակը» դեռևս ամիսներ առաջ գրել էր, թե ինչ է նախատեսվում ՀԱՊԿ կանոնադրությամբ։ Կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»: Այսպիսով՝ Ղազախստանի արտաքին գործերի նախարարի այն պնդումը, թե քանի որ սահմանազատում չի իրականացվել, դժվար է ասել սահմանի խախտում եղել է, թե ոչ, առնվազն տեղին չէ, քանի որ ադրբեջանական ագրեսիայի պատճառով խոցվում են  սահմանից զգալի հեռավորության վրա գտնվող քաղաքացիական օբյեկտներ, վնասվում են մեքենաներ, տներ, վիրավորվում և զոհվում են քաղաքացիական անձինք։   Նարեկ Մարտիրոսյան
17:57 - 14 սեպտեմբերի, 2022
Մեր քաղաքական խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է․ Նիկոլ Փաշինյան

Մեր քաղաքական խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ հարցուպատասխանին «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը։ Փաշինյանը, ի պատասխան կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյուքններից։  «Շատ տարօրինակ բան եմ հիմա ասում, հասկանում եմ՝ շատ մանրամասներ չեմ կարող ասել, պետք է արձանագրեմ, որ ինչքան էլ մենք երջանիկ չենք նոյեմբերի 9-ի հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում դրա դրույթները ի չիք դարձնելու համար։ Առաջինը, որ կա Լեռնային Ղարաբաղ, երկրորդը, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում և ՌԴ-ն, և ՌԴ-ն ԼՂ-ի, պաշտպանության գծի, Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է ԼՂ-ի ու ՀՀ-ի միջև կապ ապաովելու համար։ Այս երեք դրությները ունեն անկյունաքարային նշանակություն ունեն։ Եվ Ադրբեջանը պայքարում է դրանց դեմ։ Իր դիրքորոշումներում Ադրբեջանը որոշակիորեն խճճվել է»,- նշեց Փաշինյանը։  Փաշինյանը նշեց, որ թեև գուցե կոպիտ հնչի, բայց մենք դիրքի խնդիր չենք լուծում ընդհանրապես։ «Մեր քաղաքական խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է, և ագրեսորը Հայաստանի տարածքից պետք է դուրս գա։ Հայաստանի տարածքը այն տարածքն է, որի վրա ՀՀ-ն հռչակել է անկախություն։ Դա Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքն է։ Եթե այդ գիծը չի ճանաչում Ադրբեջանը, այլ հարց է»,- ասաց Փաշինյանը։  Վարչապետը անդրադարձավ նաև կամավորական ջոկատներին ու նշեց․  «Ակնհայտ է, որ նրանք առյուծի նման կռիվ են տալիս, և ուզում եմ Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի անունից երախտագիտության, շնորհակալության և գնահատանքի խոսք ասել, մարդկանց, որոնք, զենքը ձեռքին, պաշտպանում են իրենց հայրենիքի ինքնիշխանությունը, անկածությունը, տարածքային ամբողջականությունը, և փառք ընկած հերոսներին»,- տնդգծեց վարչապետը։  Փաշինյանը նաև պատասխանեց հարցին, թե որոնք են մեր գործնական քայլերը մեր կարմիր գծերը պահելու համար։ Վարչապետը հիշեցրեց զորքերի հայելային հետքաշման առաջարկի մասին։ «Երեկ ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ առաջարկություն է հնչել դիտարկելու դեմարկացիայի և դելիմիտացիայի ընթացքում ՀՀ-ի և Արդբեջանի միջև միջազգային մոնիթորինգ ստեղծելու հարցը հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով։ Կարծում եմ՝ սա առաջիկայում պետք է լինի մեր գործնական խնդիրներից մեկը։ Մենք օգտագործելու ենք մեր բոլոր քաղաքական, դիվանագիտական միջոցները ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ տարածքից դուրս բերելու համար։ Ցանկալի է րոպե առաջ դադարեցնել ռազմական գործողությունները, բայց, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չեն դադարում, և մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը բոլոր հնարավոր ուղղություններով այս խնդիրը լուծելու համար։   Նաև միջազգային հանրության հետ մեր աշխատանքը սերտացնելով։ Շատ կարևոր է միջազգային ճիշտ պատկերացում ձևավորելը տեղի ունեցողի վերաբերյալ։ Այս առումով երեկվա նիստը բավական արդյունավետ էր»,- նշեց Փաշինյանը։     
17:48 - 14 սեպտեմբերի, 2022
 Այս պահի դրությամբ ռազմական դրություն մտցնելու որոշում չի կայացվել․ կախված է իրավիճակի կոնկրետ գնահատականից․ Փաշինյան

Այս պահի դրությամբ ռազմական դրություն մտցնելու որոշում չի կայացվել․ կախված է իրավիճակի կոնկրետ գնահատականից․ Փաշինյան

Նախորդ օրը կեսգիշերից ռազմական դրություն մտցնելու նախագիծը դրված է իմ սեղանին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Մենք ԱԽ-ի և այլ ֆորմատներով գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ Քանի այդ որոշումը չենք կայացրել, գտնում ենք, որ նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, ոչ թե որովետև ագրեսիա չկա, որովհետև դա շատ լուրջ որոշում է, որ ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն։ Նաև կայացվող որոշումների էֆեկտիվությունը հաշվի առնել։ Ռազմական դրություն մտցնելու հարցը օրակարգում է»,- ասաց վարչապետը։  Փաշինյանի խոսքով՝ այս պահի դրությամբ նման որոշում չի կայացվել, ինչը չի նշանակում, որ որևէ հաջորդ պահին չի կայացվի։ Կախված է իրավիճակի կոնկրետ գնահատականից։ «ՀՀ-ի սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար։ Մենք քննարկում ենք մեր տարածքային ամբողջականության հարցը։ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը քննարկման ենթակա լինել չի կարող։ Եվ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից և տարիքից, եթե անհրաժեշտություն լինի, զենքը ձեռքին՝ պետք է պաշտպանի հայրենիքի ամեն քառակուսի միլիմետրը։ ՀՀ տարածքները անսահմանափական չեն, ՀՀ-ն ունի սուվերեն տարածք․ այն Խորհրդային Հայաստանի տարածքն է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
17:22 - 14 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել․ դիմել ենք ՀԱՊԿ՝ 4-րդ հոդվածի հիման վրա

Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել․ դիմել ենք ՀԱՊԿ՝ 4-րդ հոդվածի հիման վրա

Երբ մենք ասում են՝ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նաև նկատի ունենք, որ որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել։ Հենց այս է պատճառը, որ դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ 4-րդ հոդվածի հիման վրա։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում 4-րդ հոդվածի համաձայն «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»: «ՀԱՊԿ-ից խնդրել ենք, դիմել ենք օգնություն, այդ թվում ռազմական ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ՀՀ տարածքից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը ապաովելու համար։ Այս վերնագրի ներքո նկատի ունենք նաև նախորդ տարվա ներխուժումը։ Սա ֆիքսում ենք որպես քաղաքական նպատակ, որ ագրեսորը պետք է ՀՀ տարածքից դուրս գա։ Եվ սա է մեր խնդիրը, այդ թվում ՀԱՊԿ-ում մեր նախաձեռնության իմաստով։ Այն փաստը, որ երեկ ՀԱՊԿ խորհրդի նիստ տեղի ունեցավ, գոհացուցիչ փաստ է։ Տեղի է ունեցել անկեղծ, բաց քննարկում։ Կայացված որոշումները իրավիճակի գնահատման առումով նվազագույն են այս փուլի համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։   
17:05 - 14 սեպտեմբերի, 2022
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին
 |hetq.am|

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին |hetq.am|

hetq.am: Սեպտեմբերի 13-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն: Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին սանձազերծված ռազմական ագրեսիային: Դեսպան Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը, միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևի կոնվենցիաների բացահայտ խախտմամբ, գնդակոծության են ենթարկել հայկական մի շարք բնակավայրեր` օգտագործելով ծանր սպառազինություն, այդ թվում՝ հրետանային միջոցներ, ականանետներ ու ԱԹՍ-ներ։ Նշվել է, որ Ադրբեջանի այս ագրեսիան ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների և հանձնառությունների, ՄԱԿ կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում է: Անդրադառնալով միջազգային հանրության պատշաճ արձագանքի անհրաժեշտությանը` դեսպան Պապիկյանն ընդգծել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հստակ և միանշանակ դատապարտման կարևորությունը ԵԱՀԿ և նրա մասնակից պետությունների կողմից: Շեշտվել է, որ միայն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ հստակ արձագանքը և համարժեք գնահատականը, ներառյալ միջազգային հանրության կողմից համապատասխան գործուն քայլերը կարող են կանխել նոր պատերազմը տարածաշրջանում։ Նա նշել է, որ ուժի կամ ուժի սպառնալիքի հետագա կիրառումը խաթարում են տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հարցերի կարգավորմանը։ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը` տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման օրակարգին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջազգայն մանդատ ունեցող բանակցային ձևաչափի, ջանքերի կարևորությունը:
16:29 - 14 սեպտեմբերի, 2022
Հայաստանի սահմանից ներս արձանագրված բարձր ջերմային ֆոնը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ

Հայաստանի սահմանից ներս արձանագրված բարձր ջերմային ֆոնը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ

Հայաստանի արևելյան և հարավարևելյան սահմաններում հողի մակերեսի ակտիվ հրդեհների արբանյակային տվյալներից կարելի է փաստել, որ հայկական կողմի վրա տեղի է ունենում լայնամասշտաբ հարձակում Ադրբեջանի կողմից։  Սա վերջին մեկ օրվա պատկերն է, որը ներկայացված է Եվրոպական անտառային հրդեհների տեղեկատվական համակարգում (ներկայացված են սեպտեմբերի 13-ի և 14-ի տվյալները)։ Հիմնվելով այն փաստի վրա, որ  ՀՀ ԱԻՆ-ը վերջին 2 օրերի ընթացքում այդ հատվածներում բռնկված հրդեհների մասին ոչ մի հաղորդագրություն չի տարածել, կարող ենք ենթադրել, որ այս բոլոր բարձր ջերմային ֆոնով տարածքները ինտենսիվ մարտական գործողությունների կամ դրանց արդյունքում բռնկված հրդեհների հետևանք են։ Ինչպես երևում է քարտեզից, բարձր ջերմային ֆոն է գրանցվել ոչ միայն սահմանային հատվածում, այլ նաև ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող տարածքներում։  Այսպիսով, Հայաստանի բնակավայրերում արձանագրված բարձր ջերմային ֆոնը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
16:12 - 14 սեպտեմբերի, 2022