Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը, որ Հայաստանը վաղուց ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անընդունելի է թե՛ Ադրբեջանի, թե՛ հայ ժողովրդի համար․ Վարդան Օսկանյան

ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը, որ Հայաստանը վաղուց ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անընդունելի է թե՛ Ադրբեջանի, թե՛ հայ ժողովրդի համար․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը (1998-2008) լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը՝ Ղարաբաղյան խնդրի ներկա փուլի մասին։ Ռուս-ուկրաինական պատերազմը կտրուկ փոխել է աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում, նաև՝ մեր տարածաշրջանում ու Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Առանց խորանալու համաշխարհային հարթությունում կատարվող իրադարձությունների վերլուծության մեջ՝ պետք է արձանագրել մի քանի ակնհայտ փաստ․ Ռուսաստանը՝ մեր դաշնակիցն ու Ղարաբաղում փխրուն ստատուս քվոյի երաշխավորը, խոցելի վիճակում և Արևմուտքի կողմից մեկուսացման մեջ է հայտնվել։Ադրբեջանի դաշնակիցը՝ Թուրքիան, ռուս-ուկրաինական պատերազմում հանդես գալով միջնորդական դերում, հավասարակշռելով իր քաղաքականությունը ստեղծված իրավիճակում, առավել ուժեղ դիրքերում է, քան մինչև այս պատերազմի սկիզբը։Երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, Ադրբեջանը փորձում է լավագույնս օգտվել այդ իրավիճակից՝ Հայաստանին պարտադրելով իր օրակարգի իրականացումը՝ բանակցային կամ, եթե հնարավոր չէ, ուժային տարբերակով։ Այդ օրակարգը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար Բաքուն փորձելու է օգտագործել հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտպանական և բանակցային թուլացած դիրքերից։Պատերազմների պատճառը հաճախ լինում է հակամարտող կողմերի ակնկալիքների հետևողական ձևավորումը և վերջում դրանց ձգձգումը, դրժումը կամ չբավարարումը։ Նման տարրեր կային այս պահին ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի շարժառիթներում։ 44-օրյա պատերազմի գլխավոր դրդապատճառներից մեկը պատերազմին նախորդող ժամանակահատվածում Ադրբեջանի մոտ ձևավորված՝ հայկական կողմի զիջումների ուշացած կամ չիրականացած ակնկալիքներն էին։ Նույնը կարելի է ասել այսօրվա մասին։ Հետպատերազմյան շրջանում հայկական կողմի «խաղաղության» կոչերն ու քայլերը մեծ ակնկալիքներ են առաջացրել Թուրքիայում և Ադրբեջանում, և ձգձգումը կամ դրանցից հրաժարումը անպայմանորեն կհանգեցնի պատերազմի։ Ահավասիկ, Ադրբեջանը հենց այս պահն է ընտրել Հայաստանին կողմնորոշվելու փաստի և ընտրության առաջ դնելու համար։ Բաքուն մի կողմից օղակը սեղմում է Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ խաթարելով բնակիչների առօրյա կենսապայմաններն ու նաև սպառնալով նրանց անվտանգությանը, մյուս կողմից՝ Հայաստանին ներկայացնում է իր հինգ-կետանոց պայմանները խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ակնհայտ է, որ Հայաստանի ազգային որևէ կառավարություն չի կարող բավարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահանջը։ Հայաստանի ԱԳՆ-ի պատասխանը, որ Հայաստանը վաղուց արդեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անհասկանալի և անընդունելի է թե՛ Ադրբեջանի, թե՛ հայ ժողովրդի համար։ Այն, որ Արցախը Հայաստան է, անհերքելի փաստ է: Արցախի ճակատագիրը կանխորոշված է: Հատկանշական է, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ նախապայմաններում, ինչքան ինձ է հասանելի, չի հիշատակվում «միջանցք» բառը։ Զուգահեռաբար, Ադրբեջանն արդեն Իրանի տարածքով սկսել է երկաթգծի և ճանապարհների շինարարություն՝ Նախիջևանի հետ ցամաքային կապը ապահովելու համար։ Ադրբեջանը, հետապնդելով Սյունիքով միջանցք ստանալու խնդիրը, առաջին օրվանից էլ ցանկանում էր դրա համար ամրագրել Լաչինի միջանցքի հայելային կարգավիճակը։ Եթե, սակայն, Ադրբեջանն այսօր ընտրություն ունենա Սյունիքով միջանցք ստանալու և Լաչինի միջանցքն իր տնօրինության տակ վերցնելու միջև, կընտրի վերջինը։ Հաշվի առնելով այսօր ստեղծված իրավիճակը Ուկրաինայի շուրջ և Ռուսաստանի նկատմամբ խորացող պատժամիջոցները՝ պետք է պատրաստ լինել նման զարգացումների։ Հայկական կողմի խնդիրն այն է, որ չունի հստակ օրակարգ։ Ոչ ոք չգիտի, թե մենք ինչ ենք ուզում, ինչ խնդիրներ ենք դնում սեղանին։ Խաղաղության ձգտումը օրակարգ չէ, եթե դրա տակ չկա հստակ ազգային ճանապարհային քարտեզ։ Բանակցություններում հայկական կողմը ոչ թե պետք է ձգտի խաղաղության, այլ օրինակարգ համակարգի հաստատման, որի անկյունաքարը լինի կողմերի բավարարվածությունն ու արդար կարգավորման հեռանկարը։ Միայն սա կարող է բերել կայուն խաղաղություն։ Ադրբեջանը բանակցություններում չի ձգտում խաղաղության։ Նա ձգտելու է բանակցություններով ավարտին հասցնել իր կիսատ թողած պահանջները և իր ամբողջ ավարը միջազգայնորեն օրինականացնել։ Ադրբեջանի համար խաղաղությունը կարող է լինել այդ ամենի արդյունքը: Որքան շուտ հայկական կողմը ձևավորի և հրապարակայնացնի իր օրակարգը, այնքան նվազ կլինի պատերազմի հնարավորությունն ապագայում։ Այդ օրակարգում հայկական կողմն իր համար պետք է ամրագրի երկու կարևորագույն սկզբունք․ ա) ԼՂԻՄ-ի դիտարկումը որպես ամբողջական քաղաքական միավոր, բ) ԼՂԻՄ-ի սահմաններով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ես չեմ ընդունում տարածված այն տեսակետը, որ ԼՂԻՄ-ի մեր կորցրած տարածքների նկատմամբ մեր պահանջատիրության հարցի բարձրացումը կհանգեցնի ռազմական գործողությունների։ Դիվանագիտության մեջ հարցերի ճիշտ, հիմնավոր և ընկալելի ձևակերպումը հիմնական գրավականն է բանակցություններում հաջողության հասնելու համար։ Միայն ծայրահեղ և չհիմնավորված դիրքորոշումները կարող են հարուցել անգամ ամենամոտ դաշնակցի տարակուսանքը, հակառակորդի միանշանակ հակադրումը և միջնորդների պարսավանքը։ Հայկական օրակարգի ձևավորումը, նրա քաղաքական, իրավական և պատմական հիմնավորումներն ու դրանց դիվանագիտական արդյունավետ հետապնդման մեխանիզմների մշակումը և վերջապես դրանց համարձակ առաջադրումը մեր պետության այսօրվա գլխավոր հրամայականն են։
14:09 - 17 մարտի, 2022
Փաշինյանն ու Պուտինը անդրադարձել են Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին

Փաշինյանն ու Պուտինը անդրադարձել են Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը: ՀՀ և ՌԴ առաջնորդները մտքեր են փոխանակել հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանային վերջին զարգացումների, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: Քննարկվել են նաև ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող հարցեր:
20:20 - 16 մարտի, 2022
ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ առանց նախապայմանների բանակցություններին. ԱԳ նախարարը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ առանց նախապայմանների բանակցություններին. ԱԳ նախարարը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 16-ին Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ արտահերթ նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ ՀՀ ԱԳ նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել առկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում իրավիճակի էսկալացիային ուղղված գործողություններին: Ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, մասնավորապես՝ կենսական ենթակառուցվածքների վերականգնման հարցում խոչընդոտներ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը։ «ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը՝ զերծ մնալու տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման փորձերից: Շեշտվել է, որ Հայաստանը հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորմանը և պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Իր ելույթում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած բազում մարտահրավերներին՝ կորոնավիրուսի համավարակից մինչև 2020թ. 44-օրյա պատերազմ՝ Հայաստանը հավատարիմ է մնում բարեփոխումների շարունակական գործընթացին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի արժեքների վրա։
19:39 - 16 մարտի, 2022
ՀՀ նախագահն ընդունել է Արցախի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին

ՀՀ նախագահն ընդունել է Արցախի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 16-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը նշել է, որ նման այցերն ու ակտիվ շփումներն այս օրերին հատկապես կարևոր են: ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակության անդամները նախագահին են ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Առանձնահատուկ կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցը և միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնումը: Անդրադարձ է եղել նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի և Արցախի միջև համագործակցության խորացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարը: Նախագահն ընդգծել է որակյալ կրթության անհրաժեշտությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի և արցախահայության ներկայիս խնդիրներին ու առկա մարտահրավերներին, որոնց լուծման ճանապարհին նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևորել է մեր ժողովրդի միասնականությունը և համախմբվածությունը:
17:55 - 16 մարտի, 2022
Ադրբեջանական կողմն այսօր սկսել է Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները

Ադրբեջանական կողմն այսօր սկսել է Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ: Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ ՊԱՏԱՀԱՐ տեղի չունենա: Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ Արցախի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները կարող ենք հաղթահարել մեր միասնականության, վճռականության ու համբերության միջոցով»
15:24 - 16 մարտի, 2022
Ալեն Սիմոնյանը և Արցախի խորհրդարանականները քննարկել են գազամատակարարման խնդիրները և անվտանգային հարցերը

Ալեն Սիմոնյանը և Արցախի խորհրդարանականները քննարկել են գազամատակարարման խնդիրները և անվտանգային հարցերը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 16-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, որոնք Հայաստանում մասնակցում են ՀՀ ԱԺ համանուն հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովը և անձնապես ինքը պատրաստ են աջակցելու համատեղ օրակարգով իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին: ԱԺ նախագահի խնդրանքով Արցախի պատվիրակության ղեկավար, Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել ընդլայնված նիստից: Նա կարևորել է համատեղ հաղորդակցման հարթակի ստեղծումը, որը հայաստանցի գործընկերների հետ առավել օպերատիվ շփումների հնարավորություն է ընձեռելու: Հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախում գազատարի վթարի հետևանքով առաջացած գազամատակարարաման խնդիրներին, անվտանգային հարցերին: Արցախցի գործընկերները կարևորել են կրթության ոլորտի զարգացման, հումանիտար հարցերի լուծման, մեդիագրագիտությանն առնչվող խնդիրների վերացման անհրաժեշտությունը, որոնք հայաստանյան գործընկերների հետ համատեղ նիստի օրակարգային հարցերից են: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:
15:12 - 16 մարտի, 2022
Կարևորում ենք Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսումը․ Մարիա Կարապետյան |azatutyun.am|

Կարևորում ենք Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսումը․ Մարիա Կարապետյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայկական կողմը կարևորում է Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսումը, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակ քննարկվելո՞ւ է, թե՞՝ ոչ։ Լարվածության թոթափում, անվտանգության ապահովում, սրանք են այսօրվա առաջնային հրատապ կարևոր հարցերը, ասաց Կարապետյանը՝ շեշտելով, որ դրա համար անհրաժեշտ է հարթակ խոսակցության համար։ «Երբ այդ բովանդակային բանակցությունները վերսկսվեն, իհարկե հայկական կողմը կփորձի առավելագույն հնարավոր, իրատեսական, լավագույն լուծման հասնել մեր պատկերացումների շրջանակում», - ասաց պատգամավորը՝ նկատելով՝ այսօր վերջնագրերի լեզվով խոսելը բնավ չի բխում Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի, Արցախի անվտանգության շահերից։ Հարցին, թե ի՞նչ կարգավիճ պետք է լինի, որ հայերի իրավունքները երաշխավորված լինեն, «հանկարծ, եթե կարգավիճակ տրվի, որ ադրբեջանցիները վերահսկողություն ունենան էդ տարածքում, կան մտավախություններ, որ դա մի ինչ-որ նոր Սումգայիթի կարող է հանգեցնել», Կարապետյանը պատասխանեց՝ առարկայական, բովանդակային բանակցությունների միջոցով պետք է հասնել հարցի վերջնական խաղաղ կարգավորմանը։ «Ես կարծում եմ, որ, այո՛, անհրաժեշտ է արձանագրել՝ Ադրբեջանը հայտարարում է, որ հակամարտությունը լուծված է, Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ իր քաղաքացիներն են, նույնիսկ իր դիտանկյունից ինքն իրականացնում է էթնիկ զտման փորձեր, և կյանքը հայ բնակչության, իր դիտանկյունից, եթե նայենք, անհնարինություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, և սա է նաև մեր կոմունիկացիայի առանցքը մեր միջազգային գործընկերների հետ, այսինքն՝ ուշադրությունը հրավիրել, որ Ադրբեջանը խնդիր է դրել մարդկանց դուրս մղելու։ Միևնույն ժամանակ կարևոր է, որ ոչ թե մենք էլ նպաստենք իրավիճակի սրմանը և ազդակ ուղղենք ամբողջ աշխարհին, որ մենք պատրաստվում ենք հակամարտությունն անվերջ շարունակել, այլ միջազգային հանրության աջակցությունը մեզ անհրաժեշտ է՝ հակամարտությունը լուծելու համար»։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
12:43 - 16 մարտի, 2022
Խրամորթից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները․ Ասկերանի շրջանի վարչակազմ

Խրամորթից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները․ Ասկերանի շրջանի վարչակազմ

Ասկերանի շրջանի վարչակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայրենակիցնե՛ր. Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ Տեղեկացնում ենք, որ նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ, քանի որ իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ։ Այլ բնակավայրերի բնակիչների անվտանգության մասով որևէ նման խնդիր առկա չէ, և անհրաժեշտություն չկա լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռք առնել բնակչության կողմից: ԱՀ Պաշտպանության բանակը և մնացած լիազոր մարմինները հետևում են իրավիճակին և, ըստ անհրաժեշտության, կձեռնարկեն անվտանգության համապատասխան միջոցառումներ»։
10:13 - 16 մարտի, 2022
Կարծում եմ՝ պետք է այդ գործընթացը քննարկվի․ Աղաջանյանը՝ ի պատասխան հարցի՝ հնարավո՞ր է՝ Ադրբեջանի կազմում Արցախի ժողովուրդն անվտանգ ապրի

Կարծում եմ՝ պետք է այդ գործընթացը քննարկվի․ Աղաջանյանը՝ ի պատասխան հարցի՝ հնարավո՞ր է՝ Ադրբեջանի կազմում Արցախի ժողովուրդն անվտանգ ապրի

Գլխավոր լուսանկարը՝ Ազգային ժողովի Մենք տարբեր առիթներով հայտարարել ենք․ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է դեռևս 1991 թվականին՝ Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ ստեղծման մասին որոշումը, որտեղ կողմերը իրար տարածքային ամբողջականությունն ամբողջությամբ ճանաչում են։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում ասել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ից Հայաստանին ներկայացված առաջարկների փաթեթին, մասնավորպես՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցին։ «Եվ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքների նկատմամբ որևէ հավակնություն չունի և երբևէ չի ունեցել։ Եվ առհասարակ Արցախի հիմնախնդիրը երբևէ տարածքային վեճ չի եղել Հայաստանի համար, այլ առաջին հերթին և միայն Արցախի բնակչության՝ իրենց հողում և իրենց ծննդավայրում ապրելու իրավունքի իրացումն է»,-նշել է Աղաջանյանը՝ հավելելով, որ այս տեսանկյունից որևէ նոր առաջարկ Հայաստանի կողմից չկա։ Հարցին՝ այսինքն համաձա՞յն եք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Աղաջանյանը պատասխանեց․ «Մենք կարծում ենք, որ դա՝ որպես նախապայման, նույնիսկ իմաստ չունի առաջադրել Հայաստանի առաջ, որովհետև դա արդեն կայացած փաստ է»։ Իսկ հարցին, թե ինչ տարածքներ նկատի ունի, երբ ասում է, որ Հայաստանը նկրտումներ չունի Ադրբեջանի տարածքների նկատմամբ, պատասխանեց․ «Խոսքը Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված հինգ կետերից մեկն է։ Դրա վերաբերյալ Հայաստանն իր դիրքորոշումը հայտնել է, մասնավորապես՝ որ արդեն իսկ այդ գործընթացն իրականացված փաստ է»։ Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանը մեկ անգամ չէ հայտարարել, որ Ադրբեջանի տարածք է ամբողջ Լեռնային Ղարաբաղը, Աղաջանյանը պատասխանեց․ «Մեր դիրքորոշումն այդ դիտարկմանը ևս արձագանքում է և փակում է հարցը հետևյալ համատեքստում․ Արցախի տարածքը մենք երբևէ․․․ Կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ երբևէ Հայաստանը որևէ նկրտում չի ունեցել, և խոսքը Արցախի հայ բնակչության՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքի մասին է»։  Նրա խոսքով՝ կոնֆլիկտի համատեքստը՝ սկսած 1990-ականներից, սա է եղել։  Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանի կազմում Արցախի ժողովուրդն անվտանգ ապրի, Աղաջանյանը պատասխանեց․ «Դա, ես կարծում եմ, որ պետք է այդ գործընթացը քննարկվի, և վերջնական կարգավիճակն Արցախի քննարկվի, և վերջնական կարգավիճակին հասնենք խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման և կնքման շրջանակներում»։ Իսկ ճշտող հարցին, թե արդյոք երբ ասում է, որ Հայաստանն Արդբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է, նկատի ունի Արցախն էլ Արդեջանի կազմո՞ւմ, Աղաջանյանը պատասխանեց․ «Ես նկատի ունեմ, որ Արցախը, ես կուզեի՝ այդ հարցերը տարանջատեինք այնուամենայնիվ։ Որպեսզի տարընթերցում չլինի, ուզում եմ շատ հստակ տարանջատենք երկու բան․ գոյություն ունի Արդբեջանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, որի ամբողջականությունը Հայաստանը ճանաչել է դեռևս 90-ականների սկզբին։ Գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ՝ ԼՂԻՄ տարածք, որը դեռևս Սովետական ժամանակներից ունեցել է որոշակի ինքնավարություն։ Եվ խնդիրը ի հայտ է եկել այս տարածքում բնակվող էթնիկ հայերի նկատմամբ ազգային պատկանելիությունից բխող կոնկրետ գործողությունների հետևանքով»։  Աղաջանյանի խոսքով՝ դա վերածվել է լայնամասշտաբ պատերազմի, և դրա հետևանքները մենք ապրում ենք այսօր։
17:25 - 15 մարտի, 2022
Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն այս պահի դրությամբ մոտ ժամանակներս պատերազմի սկսման մասին տեղեկություն չունենք․ ԱԱԾ փոխտնօրեն |tert.am|

Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն այս պահի դրությամբ մոտ ժամանակներս պատերազմի սկսման մասին տեղեկություն չունենք․ ԱԱԾ փոխտնօրեն |tert.am|

tert.am: Սպասվող պատերազմի մասին տեղեկությունները խուճապ տարածող տեղեկություններ են, այս պահին հստակ ինֆորմացիա չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը։ Նա նշեց, որ այդ տեղեկությունները հիմնավոր չեն։ Հարցին՝ տարածաշրջանում առկա լարվածության ֆոնին ինչպե՞ս է գնահատում նոր պատերազմի վերսկսման հավանականությունը, ԱԱԾ փոխտնօրենը նշեց․ «Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն կոնկրետ այս պահի դրությամբ մենք չունենք տեղեկատվություն, որ մոտ ժամանակներս պետք  է պատերազմ սկսվի»։ Անդրադառնալով հարցին՝ կա՞ն բարձրաստիճան զինվորականներ՝ պետական դավաճանության մեղադրանքով անցնող զինվորականության շրջանում, Հարությունյանը նշեց․ «Նրանց մեջ կա գումարտակի հրամանատար և այլ անձիք՝ այդ օղակներից»։
16:16 - 15 մարտի, 2022
Արցախում վերահաս հումանիտար աղետի վերաբերյալ Արցախի և Հայաստանի ՀԿ-ների կոչ-հայտարարությունն՝ ուղղված միջազգային կառույցներին

Արցախում վերահաս հումանիտար աղետի վերաբերյալ Արցախի և Հայաստանի ՀԿ-ների կոչ-հայտարարությունն՝ ուղղված միջազգային կառույցներին

Արցախում վերահաս հումանիտար աղետի վերաբերյալ Արցախի և Հայաստանի ՀԿ-ների կոչ-հայտարարությունն՝ ուղղված միջազգային կառույցներին ներկայացնում ենք ստորև․ «44-օրյա պատերազմի արհավիրքից հետո, երբ մեր ժողովուրդն ունի հազարավոր զոհեր, կորուսյալ հայրենիք, մշակութային ցեղասպանության ենթարկվող հայկական վանքեր, եկեղեցիներ ու գերեզմանատներ, Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է նոր հումանիտար աղետի առջև: Պատերազմի ավարտից ու 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ընդունումից գրեթե մեկ ու կես տարի անց Ադրբեջանը շարունակում է արցախցիների նկատմամբ տարբեր մեթոդներով իրականացնել էթնիկ զտման իր քաղաքականությունը: Աշխարհաքաղաքական լարվածության և միջազգային հանրության ուշադրությունն ուկրաինական ճգնաժամով շեղված լինելու պայմաններում պաշտոնական Բաքուն կտրուկ ակտիվացրել է լարվածությունը և ճնշումներն ամբողջ Արցախի Հանրապետության և հատկապես սահմանային գոտու բնակավայրերի վրա: Ս․թ․ մարտի 8-ից Արցախի ողջ բնակչությունը զրկված է հանրապետություն մտնող բնական գազից: Ադրբեջանական կողմը շարունակաբար խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներին: Արդյունքում՝ հանրապետության կենսապահովման օբյեկտները՝ հիվանդանոցները, ծննդատները, հացի արտադրամասերը, կրթական և մշակութային հաստատությունները, զրկված են ջեռուցումից: Գազի խափանման պատճառով 20 000 երեխա զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից։ Հանրապետությունում մեքենաների 70 %-ից ավելին, ինչպես նաև կոմունալ ծառայությունների ողջ ավտոպարկն աշխատում է գազով, հետևաբար արցախցիներին սպառնացող տրանսպորտային ճգնաժամը ևս հեռու չէ։ Այս ամենն ադրբեջանական կողմից էլեկտրաէներգիայի և կապի միջոցների շարունակական խաթարման հետ միասին ստեղծում է անտանելի պայմաններ բնականոն կյանքի համար: Ադրբեջանական կողմը սպառնում է նաև Արցախի բնակչության ֆիզիկական գոյությանը․ մասնավորապես միջին և խոշոր տրամաչափի զենքերով կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ: Մարտ ամսին ականանետային կրակի թիրախ են դարձել Արցախի Կարմիր Շուկա, Խրամորթ և Խնապատ գյուղերը: Արդյունքում արցախյան կողմն ունի վիրավոր, ինչպես նաև թիրախավորված կրթական հաստատություն: Կրակոցները, հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված միջոցներն ադրբեջանական կողմից ուղեկցվում են Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ ակնհայտ հոգեբանական ճնշման մեթոդներով: Արցախի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական կողմը բարձրախոսներով ու հայերեն լեզվով հայ բնակչությանը տարածքը լքելու սպառնալից կոչեր է տարածում: Վերոնշյալ հանցավոր արարքները՝ զուգորդված Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության վերացման և խեղաթյուրման գործողություններով, տեղավորվում են պաշտոնական Բաքվի հետևողական, բացահայտ հայատյաց քաղաքականության տրամաբանության մեջ, որի վերջնանպատակն Արցախից էթնիկ հայ բնակչության բնաջնջումը կամ դուրս մղումն է:  Ադրբեջանի այս ցեղասպան գործողությունները տեղի են ունենում միջազգային հանրության աչքի առաջ և չեն արժանանում համապատասխան արձագանքի: Կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանն ընդհանրապես ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին մասնավորապես ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու վերահաս հումանիտար աղետն ու հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում: Հայտարարությունը բաց է միանալու համար: «Դիզակ ԱՐՏ» ՀԿ «Արցախի փախստականների միություն» ՀԿ «Հանուն Հադրութի» ՀԿ «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ «Քաղաքացիական հաբ» ՀԿ «Հարմոնիա» ՀԿ «Թրանսփերենսի Ինթերնեշնլ Հայաստան» ՀԿ «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ «Շուշի հայրենակցական միություն» ՀԿ «Շուշիից բռնագաղթած հայ ազգաբնակչություն» ՀԿ «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» ՀԿ «Կռունկ» ՀԿ «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ»
15:18 - 15 մարտի, 2022
Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը անդրադարձել են ԼՂ-ում ընթացիկ իրավիճակին և լարվածության աճին

Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը անդրադարձել են ԼՂ-ում ընթացիկ իրավիճակին և լարվածության աճին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ-ԵՄ գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ և կարևորել փոխհարաբերությունների ամրապնդմանը միտված ջանքերը: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը հետևողականորեն առաջ է շարժվում ՀՀ ժողովրդավարական օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ և շնորհակալ է ԵՄ-ին՝ այդ գործընթացին սատարելու համար: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրոպական միությունը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և վերահաստատում է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակին և լարվածության աճին: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա երկխոսության ընթացքի շուրջ: ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բրյուսելում ԵԽ նախագահի և Ֆրանսիայի նախագահի, Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ակտիվ շփումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:14 - 15 մարտի, 2022
Վերջին օրերին ադրբեջանական կողմն ավելի ագրեսիվ գործողությունների է դիմել, արդեն 7 օր է Արցախը զրկված է գազամատակարարումից․ ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ՄԽ համանախագահներին

Վերջին օրերին ադրբեջանական կողմն ավելի ագրեսիվ գործողությունների է դիմել, արդեն 7 օր է Արցախը զրկված է գազամատակարարումից․ ԱՀ ՄԻՊ-ը դիմել է ՄԽ համանախագահներին

Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ներկայացնելով արցախահայության վիճակը։ Գեղամ Ստեփանյանի ուղերձը ներկայացնում ենք ստորև․ «Որպես Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, որպես մարդ, որ պատասխանատվություն ունի Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ կրկին դիմում եմ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական և ցեղասպանական գործողությունների։Մեկուկես տարի առաջ՝ 2020 թվականի աշնանը, ռազմական ագրեսիա է իրականացվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, ռազմագերիների խոշտանգմամբ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ և այլն։ Այս բոլոր փաստերը պատշաճ փաստագրվել են մեր զեկույցներում և ներկայացվել միջազգային կազմակերպություններին։ Այդ ժամանակ միջազգային հանրությունը, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցները պատշաճ չարձագանքեցին տեղի ունեցող հանցագործություններին։ Արհեստական հավասարության նշան դնելով ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև՝ արձակեցին Ադրբեջանի ձեռքերը շարունակելու իր վայրագությունները։ Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն օգտագործել է իր հայեցողության տակ եղած բոլոր մեթոդները ահաբեկելու, հոգեբանական հարձակումներ գործելու մեր բնակչության նկատմամբ, կրակելու քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների, մանկապարտեզների, սոցիալական նշանակության այլ օբյեկտների ուղղությամբ, ոչնչացնելու մեր վանքերն ու եկեղեցիները, գերեզմանատները։ Ադրբեջանի կողմից համակարգված և դիտավորյալ իրականացվող գործողությունները նպատակ են հետապնդում հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու Արցախը։ Վերջին օրերին ադրբեջանական կողմն առավել ագրեսիվ գործողությունների է դիմել։ Նրանք կիրառում են տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում մեծ տրամաչափի ականանետներ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Կարմիր շուկա, Թաղավարդ, այս բոլոր համայնքների բնակիչներն ամեն օր դառնում են Ադրբեջանի հանցավոր գործողությունների ուղիղ թիրախը։ 7-րդ օր է Արցախի ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից, ադրբեջանական կողմը չի թողնում, որ մասնագետները մոտենան Հայաստանից դեպի Արցախ եկող միակ գազատարի վնասված հատվածին՝ վերականգնողական աշխատանքների իրականացնելու համար։ Սրա հետևանքով Արցախում առաջացել են բազմաթիվ հումանտար խնդիրներ, պատշաճ ջեռուցման, տաք ջրի հասանելիության, կրթության, առողջապահության իրավունքի պատշաճ իրացման համար և կենսական կարևորության այլ խնդիրներ։ Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան։ Այո, Ադրբեջանն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։ Իսկ բոլոր մարդիկ, բոլոր կառույցները որոնք իրապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանությունը, չպետք է անտարբեր մնան։ Մարդու իրավունքները համընդհանուր են և հետևաբար պետք է զերծ լինեն երկակի ստանդարնտներից և տարբերակված մոտեցումներին։ Դիմում եմ ձեզ հույսով, որ կբարձրացնեք ձեր ձայնը և իրական քայլեր կձեռնարկեք ազգելու ադրբեջանական իշխանությունների վրա հորդորելու նրանց զերծ մնալ Արցախի ժողովրդի դեմ ուղղված ատելությունից, անհանդուրժողականությունից և հանցավոր գործողություններից»։
14:12 - 15 մարտի, 2022
Երևանը պատրաստակամ է աջակցել Ստեփանակերտին. քաղաքապետ |armenpress.am|

Երևանը պատրաստակամ է աջակցել Ստեփանակերտին. քաղաքապետ |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մշտական կապի մեջ է Ստեփանակերտի իր գործընկերոջ հետ և  պատրաստակամ է ամեն պահի աջակցել։ Երևանի քաղաքապետարանում մարտի 15-ին մեկնարկած ավագանու 8-րդ նստաշրջանի երկրորդ նիստին քաղաքապետը, անդրադառնալով Ստեփանակերտում գազամատակարարման բացակայությանը, նշեց, որ պատրաստ է ամեն հարցով օգնել և աջակցել։ «Ես ձեզ  վստահեցնում եմ, համայնքը, պետությունը, միշտ կանգնած է եղել Արցախի Հանրապետության թիկունքին։ Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել մեր երկրորդ մայրաքաղաքին։ Կարող ենք արտահերթ նիստ գումարել և համապատասխան ֆինանսական միջոցներ ուղարկել, որպեսզի կարողանանք մեր հայրենակիցներին օգնել»,-ասաց նա։ Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց։ Ավագանու որոշմանն է դրվել մայրաքաղաքի մի շարք փողոցների անվանակոչման հարցը՝ այդ թվում Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի մի շարք փողոցներ կանվանակոչվեն մեծանուն համալսարանականների անուններով։ Կներկայացվեն Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրով նախատեսված և իրականացված աշխատանքների վերաբերյալ ծավալային և քանակական տվյալները։ Երևանի 8-րդ նստաշրջանի հերթական նիստը կգումարվի ապրիլի 19-ին։
12:35 - 15 մարտի, 2022