Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախում գազամատակարարման խափանումը կապել է «բարդ եղանակային պայմանների հետ»

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախում գազամատակարարման խափանումը կապել է «բարդ եղանակային պայմանների հետ»

Ադրբեջանի արտգործնախարարությունն Արցախում իրավիճակի սրացման և գազատամակարարման խափանման վերաբերյալ հայտարարություն է տարածել։ «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության փոխանցմամբ՝ գերատեսչությունը նշել է, որ Հայաստանի ԱԳՆ մարտի 24-ի հայտարարությունը, «որում Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են հնչել «տարածաշրջանում իրավիճակի սրացման» համար, միջազգային հանրությանը մոլորեցնելու այդ երկրի հերթական փորձն են»։ Հայաստանի արտգործախարարությունը մարտի 24-ի իր հայտարարությունում նշել էր, որ «Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները [ներխուժումն Արցախի Փառուխ գյուղ և գազատարի աշխատանքի խափանումը – խմբ․] լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը»։ Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժմանն՝ Ադրբեջանի ԱԳՆ նշել է․ «Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը, հիսթերիայի առիթներ չկան»։ Արցախում գազի մատակարարման խափանման վերաբերյալ գերատեսչությունը հայտարարել է, որ «գազամատակարարման հետ կապված խնդիրը կապված է եղանակային բարդ պայմանների հետ»․ «Ինչ վերաբերում է բարդ եղանակային պայմանների պատճառով տարածաշրջանում գազատարների հետ կապված տեխնիկական խնդիրներին, որոնք մի քանի օր է՝ առկա են, ապա Հայաստանը մտադիր է իրավիճակն օգտագործել որպես քաղաքական մանիպուլյացիայի գործիք», - ասված է հայտարարությունում։ «Այս պահի դրությամբ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման միակ միջոցը ստորագրված համատեղ հայտարարությունների դրույթների լիարժեք իրականացումն է, ադ թվում՝ տարածաշրջանից հայկական ապօրինի կազմավորումների մնացորդների լիակատար դուրսբերումն ու հարաբերությունների կարգավորումը՝ միջազգային իրավական սկզբունքների հիման վրա», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։   Նորա Վանյան
15:21 - 25 մարտի, 2022
Տարածքը խաղաղապահների պատասխանատվության գոտում է, ակնկալում ենք հստակ պատասխան ՌԴ-ից. Էդուարդ Աղաջանյան

 |armenpress.am|

Տարածքը խաղաղապահների պատասխանատվության գոտում է, ակնկալում ենք հստակ պատասխան ՌԴ-ից. Էդուարդ Աղաջանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ մարտի 24-25-ի իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները գտնվել են Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության գոտում. Աղաջանյանն ընդգծեց՝  ակնկալում են ռուս գործընկերներից հստակ պատասխաններ, թե ինչի արդյունքում են այդ իրադարձությունները տեղի ունեցել: Մարտի 25-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ  Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացում է արցախահայության իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու քաղաքականություն, և տեղի ունեցողը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման հերթական դրսևորում է, որին ականատես ենք լինում հակամարտության մեկնարկից ի վեր: «Վերջին շրջանում` հետպատերազմյան ժամանակահատվածում, այս գործընթացը ձեռք է բերել առանձնահատուկ և գործնական կոնկրետ տեսք, որի մասին Հայաստանի Հանրապետության իշխանությունները բազմիցս տեղեկացրել են և ահազանգել են միջազգային հանրությանը: Այս գործընթացի գնահատականը բազմիցս տրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, վարչապետի կողմից և նաև Ազգային ժողովի պատգամավորների և, մասնավորապես, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների կողմից»,- շեշտեց Աղաջանյանը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընդգծեց`Ադրբեջանը հերթական անգամ խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: «Տվյալ պարագայում խոսքը այն կետի մասին է, որ կողմերը պարտավորվում են դադարեցնել ռազմական գործողությունները, մնալ իրենց զբաղեցրած դիրքերում և այդ սահմանագծով ռուս խաղաղապահները պետք է տեղակայվեին, որոնք  տեղակայվել են»,- հավելեց Աղաջանյանը: Էդուարդ Աղաջանյանը ուշադրությունը հրավիրեց մի կարևոր հանգամանքի վրա ` խոսքը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տիրույթում գտնվող տարածքի մասին է: «Այստեղ մեր հիմնական հարցը և աշխատանքը տվյալ պարագայում մեր ռուս գործընկերների հետ է: Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև փաստացի առաջխաղացման հետևանքով  ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում, այսինքն՝ շրջանցել են նրանց: Կրկնում են, որ սա, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, և, հետևաբար, մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ մեր ռուս գործընկերներից, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել սա: Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի և ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան այն ելման դիրքերից, որտեղից այդ առաջխաղացումը տեղի է ունեցել»,- ասաց Աղաջանյանը:  
15:15 - 25 մարտի, 2022
Արարատ Միրզոյանը Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպմանը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանը Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպմանը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։  Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժմանը, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին, էթնիկ զտմանն ուղղված այլ քայլերին: Շեշտվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը:
14:25 - 25 մարտի, 2022
Չենք տեսնում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը ներխուժած ադրբեջանական ուժերին իր պատասխանատվության գոտուց դուրս մղելու գործողություններ է կատարում․ Եղոյան

Չենք տեսնում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը ներխուժած ադրբեջանական ուժերին իր պատասխանատվության գոտուց դուրս մղելու գործողություններ է կատարում․ Եղոյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է․  «Այս իրադրությունը հիշեցնում է 2020 թվականի դեկտեմբերի Խծաբերդի հայտնի դեպքերը, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությամբ նույնպես խաղաղապահների պատասխանատվության գոտի էր: Բայց մինչև օրս այդ հատվածում խաղաղապահների գործողությունների կամ անգործության մասին նույնպես պատասխաններ չունենք: Այս պահին կարող ենք ասել, որ գործողությունները ավելի խոսուն են, քան բառերը, որովհետև մենք չեն տեսնում, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումներին իր պատասխանատվության գոտուց դուրս մղելու գործողություններ կատարում է»:
14:12 - 25 մարտի, 2022
Սերգեյ Շոյգուն Զաքիր Հասանովի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Սերգեյ Շոյգուն Զաքիր Հասանովի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում սրված իրադրության կայունացման ուղիները։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, գրում է TACC-ը։ «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման և Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
14:09 - 25 մարտի, 2022
Արցախում տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող․ ԱՀ ՊՆ

Արցախում տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող․ ԱՀ ՊՆ

Ճշտված տեղեկություններով այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ «Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Այսօր առավոտյան ՊՆ-ից հայտնել էին, որ «ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր»։
13:01 - 25 մարտի, 2022
ԱՀ իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են

ԱՀ իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ այս ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են: Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար:  Դրան զուգահեռ՝ Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ակնկալում ենք, որ հետևողական աշխատանքի արդյունքում ռուս խաղաղապահ առաքելությանը կհաջողվի իր վերահսկողության տիրույթում ծագած խնդիրները կարգավորելու և, ադրբեջանական կողմի հետ քաշումից հետո, անվտանգային լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ խաղաղ բնակչությունը կվերադառնա իրենց տներ»:
12:55 - 25 մարտի, 2022
Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի ԶՈՒ անհապաղ դուրսբերումը ապահովելու համար․ ՀՀ ԱԳՆ

Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի ԶՈՒ անհապաղ դուրսբերումը ապահովելու համար․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈՒ շարունակվող ներխուժման վերաբերյալ․ «Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր»:
11:04 - 25 մարտի, 2022
Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակման է անցել Արցախում՝ օգտվելով ռուս զինվորականների՝ Ուկրաինա մեկնելու փաստից

Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակման է անցել Արցախում՝ օգտվելով ռուս զինվորականների՝ Ուկրաինա մեկնելու փաստից

ԹԱՐՄԱՑՈՒՄԳրառումը հեռացվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան միկրոբլոգից։ Ուկրաինայի Գերագույն ռադան (խորհրդարանը) թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Արցախում՝ օգտվելով այն բանից, որ «ռուս զինվորականները մեկնել են Ուկրաինա»։ Խորհրդարանը հղում է կատարել «Новини Збройних сил» տելեգրամյան ալիքին, որտեղից, սակայն, արդեն ջնջվել է հաղորդագրությունը` Արցախում ադրբեջանական ԶՈՒ հարձակման մասին։ Ուկրաինայի ԳՇ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ «իր կորուստները համալրելու նպատակով Ռուսաստանի ԶՈՒ-ն Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախմբի մի մասը տեղափոխում է Ուկրաինա»։  Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնել է, որ նրանք այնուհետև փորձել են առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: «Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր»,- այսօր՝ առավոտյան, հայտնել է Արցախի ՊՆ-ն՝ նշելով, որ  09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ 
10:48 - 25 մարտի, 2022
Ադրբեջանի ԶՈՒ-ն չի վերադարձել ելման դիրքեր և գիշերը կիրառել է հարվածային ԱԹՍ․ կա վիրավոր

Ադրբեջանի ԶՈՒ-ն չի վերադարձել ելման դիրքեր և գիշերը կիրառել է հարվածային ԱԹՍ․ կա վիրավոր

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին՝ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։  Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ»,- նշված է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ։
10:27 - 25 մարտի, 2022
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցներ՝ անհապաղ ապաէսկալացիայի համար․ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրո

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցներ՝ անհապաղ ապաէսկալացիայի համար․ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրո

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազի խափանումներով և ադրբեջանական զորքերի տեղաշարժով։ Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։ «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցներ՝ անհապաղ ապաէսկալացիայի համար»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։ Նշենք, որ մարտի 21-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը․ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»։ Արդեն երեկ՝ մարտի 24-ին, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը. «Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր»:
09:24 - 25 մարտի, 2022
Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն․ ՀՀ ՄԻՊ

Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն․ ՀՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի այսօրվա ներխուժումը Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի տրամաբանական շարունակությունն է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։    Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող այս վարքագիծը շարունակվում է շաբաթներ ու ամիսներ՝ Արցախի բնակչության ճնշման, ահաբեկման, բնականոն կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման տարբեր գործողություններով։ Այս ներխուժումը ևս մեկ վկայությունն է այն փաստի, որ շաբաթներ տևող Խրամորթի ու մյուս գյուղերի խաղաղ բնակչության թիրախավորումը չտվեց իր ցանկալի արդյունքը՝ մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի։   Ամոթալի փաստ է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է, որին ստորադասվում են այդ իսկ պետության կողմից ստանձնած միջազգային իրավունքի պարտավորությունները, դրժվում են իր իսկ կողմից ստանձնած իրավական պարտավորությունների ներքո դրված ստորագրությունները։   Արցախում մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու վերաբերյալ միջազգային հանրության «անհարմար» լռությունն առայժմ չի ուղեկցվում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով։ Իսկ մարդիկ Արցախում ունեն նույն իրավունքներն, ինչպես աշխարհի մյուս ծայրերում։   Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ անում մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան այս քաղաքականությունը։
23:26 - 24 մարտի, 2022