Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Մոսկվան ծայրաստիճան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով․ ՌԴ ԱԳՆ |azatutyun.am|

Մոսկվան ծայրաստիճան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով․ ՌԴ ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարարությունը ծայրաստիճան մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: Այդ մասին ասված է գերատեսչության այսօր տարածած հայտարարությունում: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրադրության դեէսկալացիայի համար, նշված է հայտարարությունում: «Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գծով երկու կողմերի հետ փոխգործողությամբ անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանում իրադրության դեէսկալացիայի համար», - հայտարարում է ՌԴ արտգործնախարարությունը: Ռուսաստանը կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ համաձայնությունների պահպանումը:
22:27 - 26 մարտի, 2022
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացվել է իրադրությունն Արցախում

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացվել է իրադրությունն Արցախում

Մարտի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն մարտի 24-ից Արցախի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված սադրանքի վերաբերյալ: Շեշտվել է, որ հակառակորդի այդ գործելաոճը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է, որի հետագա զարգացումները կարող են լրջորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Ընդգծվել է, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ: Նշվել է նաև, որ, չնայած Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների կողմից գործադրվող ջանքերին, իրավիճակի կայունացման ուղղությամբ տարվող բանակցությունները մինչ այժմ արդյունքի չեն հանգեցրել:
21:14 - 26 մարտի, 2022
ՌԴ ՊՆ․ «Ադրբեջանի ԶՈւ-ն, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները, մտել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի»

ՌԴ ՊՆ․ «Ադրբեջանի ԶՈւ-ն, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները, մտել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի»

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեղեկատվական տեղեկագիր՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին․ «Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի. Լեռնային Ղարաբաղի տարածք և ստեղծել դիտակետ։ Bayraktar-TB2 տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին Փառուխ բնակավայրի տարածքում։ Ներկայումս ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու եւ զորքերը իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել։ Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախումբը չորս երթուղիներով՝ Ասկերանի, Մարդակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացրել։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներական և սակրավորական խմբերը մաքրել են 2358,9 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շենք չպայթած ականներից և արկերից, հայտնաբերել և վնասազերծել 26257 պայթուցիկ առարկա։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»։
20:56 - 26 մարտի, 2022
Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին

Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին: Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, այս մասին տեղեկացրել են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ «Համաձայն հրամանագրի՝ ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության ժամկետի ընթացքում օրենքով սահմանված կարգով՝  1.սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը,2.արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները,3.կասեցվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը: Սույն հրամանագրով սահմանված իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառման ապահովման պատասխանատվությունը դրվում է ԱՀ ներքին գործերի նախարարության և ԱՀ ազգային անվտանգության ծառայության վրա»:
20:08 - 26 մարտի, 2022
Ադրբեջանական ԶՈւ-ն շարունակել է տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում․ Արցախի տեղեկատվական շտաբ

Ադրբեջանական ԶՈւ-ն շարունակել է տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում․ Արցախի տեղեկատվական շտաբ

Մարտի 26-ին ադրբեջանական զինված ուժերը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ զսպող գործողություններ՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Քանիցս տեղի է ունեցել փոխհրաձգություն, և թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են:  Ժամը 17:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ, աշխատանքեր են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Շփման գծի մյուս հատվածներում իրավիճակը հանգիստ է»,-ասված է հաղորդագրության մեջ:
18:53 - 26 մարտի, 2022
Ողջունելի է, որ միջազգային հանրությունը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված Արցախի բնակչության ահաբեկմանը․ Արցախի ԱԳՆ

Ողջունելի է, որ միջազգային հանրությունը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված Արցախի բնակչության ահաբեկմանը․ Արցախի ԱԳՆ

Ողջունելի է, որ միջազգային հանրությունը, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ առանձին քաղաքական ու հասարակական գործիչների մակարդակով դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված լարվածության սրմանը և Արցախի բնակչության ահաբեկմանը։ Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ «Համոզված ենք, որ Ադրբեջանի՝ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու և նոր պատերազմ հրահրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը կարևոր հավաքական ներդրում կլինի իրավիճակի կայունացման գործում։Վստահ ենք, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերը և միջազգային հանրության հստակ ու համարժեք դիրքորոշումը՝ լրացված քաղաքական միջոցներով, կզրկեն Ադրբեջանին Արցախի բնակիչների իրավունքների համակարգված կոպտագույն խախտումները իր ներքին գործերի շարքին դասելու հնարավորությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:22 - 26 մարտի, 2022
Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ

Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների կողմից վերջին օրերին տարածված հայտարարությունները ևս մեկ անգամ բացահայտ կերպով վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սիստեմատիկ բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակը Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերն էթնիկ զտման ենթարկելն է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը․ «Այսպես, մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժմանը նախորդել էին հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը, ինչպես նաև Փառուխ գյուղի հարևանությամբ գտնվող Խրամորթ գյուղի բնակչությանը ադրբեջանական կողմից օրեր շարունակ բարձրախոսներով հնչեցրած և հայկական բնակչությանն ուղղված սպառնալիքները՝ լքելու բնակավայրը։ Այս ներխուժմանը և ռազմական գործողությունների հրահրմանը զուգահեռ աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Ադրբեջանն արդեն մի քանի շաբաթ շարունակ խափանել է կենսական նշանակություն ունեցող գազատարի աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կանգնեցնելով հումանիտար աղետի շեմին: Ավելին՝ էթնիկ զտումների իր ուղեգիծն ամբողջացնելու և արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը նոր թափով իրագործելու համար Ադրբեջանն իր հայտարարություններով պահանջում է դուրս բերել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության ինքնապաշտպանական ուժերը։ Ադրբեջանի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների հայտարարությունները փաստում են նաև, որ Ադրբեջանի կողմից ագրեսիան Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում նախապես ծրագրված է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների՝ ներառյալ իրենց զբաղեցրած դիրքերում կողմերի կանգ առնելու վերաբերյալ դրույթի նկատմամբ: Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, ինչպես նաև խաղաղապահ զորախումբը ադրբեջանական ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու հստակ պահանջ ձևակերպի և հրապարակի: Ակնկալում ենք նաև, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկի իրադրությունը կարգավորելու, նոր զոհեր և մարտական գործողություններ թույլ չտալու համար»:
16:19 - 26 մարտի, 2022
Արցախի Հանրապետության նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:   Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները, քննարկվել են, մասնավորապես, շրջաններում առկա խնդիրները, հստակեցվել հետագա անելիքները։ Երկրի ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել շրջվարչակազմերի ղեկավարներին տեղերում խնդիրների արագ ու արդյունավետ լուծման ուղղությամբ։
15:03 - 26 մարտի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության՝ ԼՂ վերաբերյալ հայտարարությանը՝ այն որակելով «անպատասխանատու հայտարարություն»

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության՝ ԼՂ վերաբերյալ հայտարարությանը՝ այն որակելով «անպատասխանատու հայտարարություն»

Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել՝  ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերի արած հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվեում էր, որ «զորքերի տեղաշարժն ու լարվածություն առաջացնող մյուս գործողություններն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»։  Գերատեսչությունը Պետքարտուղարության ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ, Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, վերջին տարիներին որևէ արդյունավետ քայլ չի ձեռնարկել՝ ուղղված «Ադրբեջանի դեմ Հայաստանի գրեթե 30-ամյա ռազմական ագրեսիայի վերջ տալուն»։  Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է՝ «Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիման վրա եւ ապահովել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի կատարումը»։  «Ներկայումս «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը գոյություն չունի, սակայն կան Արեւելյան Զանգազուրի եւ Ղարաբաղի տնտեսական շրջանները, որոնք Ադրբեջանի կազմում են։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի կողմից հայկական կեղծ քարոզչության հիման վրա նման հայտարարություն անելը անպատասխանատու է»,-նշված է հաղորդագրության մեջ։
14:58 - 26 մարտի, 2022
Էդուարդ Աղաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցչին՝ կապված Արցախում ստեղծված իրավիճակի հետ

Էդուարդ Աղաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցչին՝ կապված Արցախում ստեղծված իրավիճակի հետ

Քիչ առաջ նամակ եմ հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտին և ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Քարի Հենրիկսենին։ Նամակում նկարագրել եմ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած սողացող պատերազմի վերջին օրերի գործողությունները և գազի մատակարարման խափանման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։ Այս մասին հայտնում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:   Միջազգային խորհրդարանական գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ մինչդեռ միջազգային հարթակներում Ադրբեջանը հանդես է գալիս Հարավային Կովկասում իբրև թե խաղաղության հաստատման դիրքերից, գործողությունների մակարդակում Ադրբեջանը շարունակում է հոգեբանական, հումանիտար և ռազմական տեռորի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ որպես նպատակ ունենալով ամբողջությամբ հայաթափել Արցախը։   Ընդգծել եմ միջազգային հանրության կողմից ստեղծված իրավիճակին արագ արձագանքի և Ադրբեջանին անհապաղ զսպելու կարևորությունը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցված և վերջնական կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո։
14:34 - 26 մարտի, 2022
Ադրբեջանցիները Քարագլուխ բարձունքի հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանցիները Քարագլուխ բարձունքի հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել․ Արտակ Բեգլարյան

Մարտի 25-ի կեսօրվանից մինչև 26-ի առավոտ Արցախի առաջնագծի երկայնքով իրավիճակի ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, և ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում, իսկ քիչ առաջ այդ հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել մեր մի զինված ստորաբաժանման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։    Արցախի զինված ուժերը համապատասխան նախազգուշական ու զսպիչ միջոցներ են ձեռնարկում հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով: Ադրբեջանական ԱԹՍ հարվածներից երեկ ունեցել ենք 3 զոհ և 15 վիրավոր, ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ:   Երեկ այցելել եմ Խրամորթ գյուղ, այնտեղ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ էր, իսկ տրամադրությունը՝ պատշաճ: Ռուս խաղաղապահների հենակետերը շարունակում են գործել Փառուխում և Խրամորթում, և ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել իր պատասխանատվության տակ գտնվող տարածքում հրադադարի ռեժիմի ապահովման ուղղությամբ: Ակնկալում ենք, որ ռուսական ջանքերով ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր և այլևս խախտումներ չեն կատարի ընդդեմ Արցախի ժողովրդի անվտանգության և ՌԴ երաշխիքների:   Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենիքում և պատրաստ դիմակայելու զանազան մարտահրավերների:
13:57 - 26 մարտի, 2022
Պեսկովը հայտնել է, որ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել նաև մարտի 24-ին

Պեսկովը հայտնել է, որ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել նաև մարտի 24-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հինգշաբթի և ուրբաթ օրերին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը խոսքով՝  «զրուցակիցները քննարկել են շփման գծի իրավիճակը Ղարաբաղում»։ Երեկ երեկոյան ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։  Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։
13:35 - 26 մարտի, 2022
Խաղաղապահների քանակն անբավարար է, անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ․ Արցախի ԱԽ-ն պաշտոնապես դիմել է Վլադիմիր Պուտինին

Խաղաղապահների քանակն անբավարար է, անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ․ Արցախի ԱԽ-ն պաշտոնապես դիմել է Վլադիմիր Պուտինին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Նամակում, նախ, անդրադարձ է կատարվել, որ Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման օրվանից սկսած, ընդհանուր առմամբ, զորակազմը գործել է բարձր արդյունավետությամբ և կատարել իր առջև դրված խնդիրները։ Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանության կողմից հարուցված բազմաթիվ խնդիրներ լուծվել են զորակազմի անմիջական, արագ և գործուն մասնակցությամբ, ինչի շնորհիվ Արցախում ձեռնամուխ են եղել պատերազմի պատճառած հետևանքների հաղթահարմանը։ Սակայն 2022 թվականի մարտի 8-ից սկսած ադրբեջանական կողմը մեծ ինտենսիվությամբ իրականացնում է հումանիտար, հոգեբանական, ապա նաև ռազմական ագրեսիա: Մանրամասնորեն շարադրելով մարտի սկզբից մեկնարկած ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի բնակչության հանդեպ, ներառյալ՝ Փառուխի ու հարակից տարածքների հանդեպ ռազմական ագրեսիան՝ նամակի վերջում ներկայացվում են մի շարք առաջարկներ. «Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել դիմել Ձեզ՝ խնդրելով ձեռնարկել միջոցներ՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից պահպանելու 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունած Հայտարարության դրույթները։ Արցախի ժողովրդին անհրաժեշտ են անվտանգության պայմաններ, որպեսզի բնակվենք մեր պատմական հողում ու զբաղվենք պատերազմի վերքերի բուժմամբ։ Բայց, ինչպես ներկայացվեց, Ադրբեջանի նախահարձակ գործողությունները հնարավոր չեն դարձնում զբաղվել խաղաղ առօրյայով, ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ են անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ։ Ըստ այդմ, գտնում ենք, որ Հայտարարության դրույթներով նախատեսված խաղաղապահ զորակազմի անձնակազմի և այն սպասարկող տեխնիկական միջոցների գործող քանակն անբավարար է Արցախում խաղաղապահ առաքելության լիարժեք կատարման համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական նկրտումների աճողական և ընդլայնվող բնույթը։ Խնդրում ենք Ձեզ՝ ի լրումն ադրբեջանական ընթացիկ ագրեսիայի զսպման ու ադրբեջանական զինված ուժերի հետքաշման իրենց ելման դիրքեր՝ վերանայել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները։ Ավելացնենք, որ խաղաղապահ զորակազմի հետ Արցախի իշխանությունները ձևավորել են կառուցողական աշխատանքային փոխհարաբերություններ­, և պատրաստ ենք զորակազմի անձնակազմին ապահովել կեցության համար անհրաժեշտ պայմաններով։ Այդ նպատակով իրականացվելիք շինարարական աշխատանքներն արդեն իսկ ձեռնարկված են։ Հարգանքով՝ Արցախի Հանրապետության Նախագահ, Արցախի Հանրապետության Անվտանգության Խորհրդի Նախագահ Արայիկ Հարությունյան»:  
13:03 - 26 մարտի, 2022