ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է Թուրքիա |armenpress.am|

Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է Թուրքիա |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում օգոստոսի 13-ին հացահատիկով բեռնված ևս երկու նավ է մեկնել Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստից. այսպիսով Ուկրաինայից մեկնած  նավերի ընդհանուր թիվը հասել է 16-ի: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։ Ցորենով բեռնված Fulmar S նավը լքել է ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգիստը։ 12 հազար տոննա ցորեն տեղափոխող նավը ուղևորվել է թուրքական Իսկենդերուն նավահանգիստ: Մարշալյան կղզու դրոշով «Թոեն» նավը մեկնել է նույն նավահանգստից և շարժվել դեպի թուրքական Թեքիրդաղ նավահանգիստ՝ տանելով 3000 տոննա արևածաղկի սերմեր։ Հայտարարության մեջ նշվում է, որ օգոստոսի 13-ին հացահատիկ գնելու համար Թուրքիայից մեկ այլ նավ կմեկնի Ուկրաինա։ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի սկզբից ուկրաինական ծովային նավահանգիստներից մեկնել են 16 նավ, որոնք տեղափոխել են 450 հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք: Հուլիսին Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի կողմից ստորագրված համաձայնագիրը հնարավորություն է տվել 5-ամսյա դադարից հետո վերսկսել հացահատիկի արտահանումը Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից: Ուկրաինայից հացահատիկի արտահանումը դադարեցվել էր ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պատճառով: 
15:31 - 13 օգոստոսի, 2022
Ներկայացվել են պարենային ապահովության և խոցելիության 4-րդ գնահատման տվյալները

Ներկայացվել են պարենային ապահովության և խոցելիության 4-րդ գնահատման տվյալները

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանի կառավարության և այլ գործընկերներին է ներկայացրել Պարենային ապահովության և խոցելիության 4-րդ գնահատման (ՊԱԽԳ) տվյալները։ ՊՀԾ-ն համառոտ ներկայացրել է պարենային անվտանգության և խոցելիության գնահատումները, բացատրել դրանց նպատակը, ներկայացրել օգտագործված մեթոդաբանությունը և հիմնական արդյունքները: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։   Միջոցառման ընթացքում ՊՀԾ-ն համեմատականներ է անցկացրել մինչ այժմ իրականացված բոլոր չորս ՊԱԽԳ-ների միջև պարենային ապահովության մակարդակների տատանումները ցույց տալու նպատակով և առաջարկներ ներկայացրել Հայաստանում պարենային ապահովության իրավիճակի բարելավման համար:   ՊՀԾ-ն իրականացնում է պարենային ապահովության և խոցելիության գնահատումներ՝ երկրում պարենային ապահովության իրավիճակին հետևելու համար: ՊԱԽԳ-ները սկսվել են ՔՈՎԻԴ -19 համավարակի բռնկման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո։ ՊԱԽԳ-ի արդյունքներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկրում պարենային ապահովության մակարդակների մասին տեղեկացնելու և երկրում պարենապես անապահով բնակչությանն ուղղված արտակարգ իրավիճակների և զարգացման ծրագրեր մշակելու համար:
13:45 - 13 օգոստոսի, 2022
Զախարովան դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծման վերաբերյալ |1lurer.am|

Զախարովան դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծման վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Զապորոժիեի ատոմակայանի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի դիրքորոշումը հարցեր է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները: «Ուկրաինայի ղեկավարությանն ուղղված ոչ մի ուղերձ նա չհնչեցրեց։ Նա կա՛մ ի վիճակի չէ, կա՛մ չի ուզում ընդունել իրականությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի Զապորոժիեի միջուկային կայանի շուրջ, երբ Մոսկվան և Կիևը միմյանց են մեղադրում նոր հրթիռակոծությունների մեջ: ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել դուրս բերել ռազմական անձնակազմն ու տեխնիկան և այլևս ուժեր կամ տեխնիկա չտեղակայել այնտեղ։ Նա հորդորել է Ռուսաստանին և Ուկրաինային զերծ մնալ նման թիրախների դեմ ռազմական գործողություններից: «Անհրաժեշտ է հրատապ համաձայնություն կայացնել տեխնիկական մակարդակով ապառազմականացման անվտանգ տարածք հաստատելու վերաբերյալ»,- «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գուտերեշը:
12:09 - 13 օգոստոսի, 2022
Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
 |1lurer.am|

Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում |1lurer.am|

1lurer.am: Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի շրջանակում քննարկվել է Ռուսական ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող ուկրաինական Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված ճգնաժամը: Միավորված ազգերի կազմակերպությունը անհանգստացած է ատոմակայանի շուրջ շարունակվող ռազմական գործողություններով՝ հայտարարել են կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակից: Անտոնիու Գուտերիշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները ատոմային էներգիայի համալիրի շուրջ և դուրս բերել ռազմական անձնակազմն ու տեխնիկան ատոմակայանի տարածքից:Ատոմակայանի շուրջ ռազմական գործողություններ իրականացնելու և անգամ ատոմակայանին հարվածներ հասցնելու համար Կիևից և Մոսկվայից փոխադարձ մեղադրանքներ են հնչում: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ ուկրաինական կողմի հրթիռակոծության հետևանքով մասամբ վնասվել են ՋԷԿ-ը և ջրավազանները, որոնք ռեակտորների հովացման համակարգերի մի մասն են: Ուկրաինայի «Էներգոատոմն» էլ երեկ հայտնել է, որ ռուսական կողմը հինգ անգամ հարված է հասցրել ատոմակայանի տարածքին, այդ թվում՝ ռադիոակտիվ նյութերի պահեստավորման կառույցի մոտակայքում: ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը պետք է անհապաղ ատոմակայան ժամանի Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից ու գործի Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան։Միացյալ Նահանգներն աջակցում է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու նախաձեռնությանը: ԱՄՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով քարտուղարի տեղակալը նաև նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցն այլևս չպետք է հետաձգել:Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին տեսակապով միացել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը: Ռաֆայել Գրոսսին իր ելույթում զգուշացրել է Զապորոժիեի ատոմակայանում «լուրջ» ճգնաժամի մասին՝ հավելելով, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը շտապ թույլտվություն է անհրաժեշտ՝ Զապորոժիեում առաքելություն իրականացնելու համար։ Նա պատրաստակամություն է հայտնել գլխավորելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը և կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային համագործակցել, որպեսզի տեսուչները կարողանան հնարավորինս շուտ հասնել այնտեղ:ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ հունիսին Ռուսաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնեցված այցը չեղարկվել է ՄԱԿ-ի անվտանգության պաշտոնյաների կողմից: «Մենք կարծում ենք, որ արդարացված է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները հնարավորինս արագ և անգամ մինչև օգոստոսի վերջը գնան ատոմակայան»,- հայտարարել է Նեբենզյան՝ զգուշացնելով, որ աշխարհը կանգնած է «միջուկային աղետի եզրին, որը չափերով համեմատելի է Չեռնոբիլի հետ»: Նեբենզյան հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ, որը ոչ մի պատճառ չունի գնդակոծելու ատոմային օբյեկտը կամ Էներգոդար քաղաքը: Ինչ վերաբերում է ատոմակայանը ապառազմականացնելու նախաձեռնությանը, Մոսկվայի կարծիքով՝ այդ դեպքում Զապորոժիեի ԱԷԿ-ը խոցելի կդառնա սադրանքների և ահաբեկչական հարձակումների համար։    Շարունակությունը՝ 1lurer.am-ում
13:59 - 12 օգոստոսի, 2022
Ապառազմականացման դեպքում Զապորոժիեի ԱԷԿ-ը խոցելի կդառնա ահաբեկչական հարձակումների համար․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ |1lurer.am|

Ապառազմականացման դեպքում Զապորոժիեի ԱԷԿ-ը խոցելի կդառնա ահաբեկչական հարձակումների համար․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ |1lurer.am|

1lurer.am: Օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումների հետ կապված։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ, որը ոչ մի պատճառ չունի գնդակոծելու ատոմային օբյեկտը, ոչ էլ Էներգոդար քաղաքը: «Ատոմակայանը քաղաքացիական օբյեկտ է։ Այդ պատճառով Ռուսաստանը պահպանում է այն, որպեսզի թույլ չտա, որ դրան վնաս հասցնեն»,- ընդգծել է դիվանագետը։ Մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի՝ ատոմակայանը ապառազմականացնելու կոչը՝ Նեբենզյան նշել է, որ այդ դեպքում Զապորոժիեի ԱԷԿ-ը խոցելի կդառնա սադրանքների և ահաբեկչական հարձակումների համար: Նա Գուտերիշին խնդրել է հստակեցնել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը։ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան իր հերթին ատոմակայանի վրա հարձակումների համար մեղադրել է Ռուսաստանին։ Նա պնդել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը պետք է Զապորոժիեի ատոմակայան ժամանի Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից ու գործի Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, որը ևս մասնակցել է նիստին, հայտարարել է, որ գործալակությունն ակտիվացնում է շփումները Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ՝ Զապորոժիեի ԱԷԿ առաքելություն ուղարկելու համար։
11:48 - 12 օգոստոսի, 2022
Միջուկային զենքը չի կարող անվտանգության երաշխավոր լինել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

 |armenpress.am|

Միջուկային զենքը չի կարող անվտանգության երաշխավոր լինել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում է, որ որեւիցե երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել միջուկային զենքի հաշվին: Այդ մասին ասված է Նագասակիի ամերիկյան ատոմային ռմբակոծման տարելիցի առթիվ օգոստոսի 9-ին տարածված ուղերձում: «Հիրոսիմայի եւ Նագասակիի դեմ միջուկային զենքի կիրառումը հարուցեց հումանիտար աղետ՝ միակն իր տեսակի մեջ: Այն ազդարարեց նոր դարաշրջանի գալուստը, որտեղ մարդկությունը կարող է ինքն իրեն բնաջնջել: Իսկական անվտանգությունը երբեք չի կարող ձեռք բերվել միջուկային զենքի միջոցով: Այն ձեռք է բերվում երկխոսության, բանակցությունների, փոխադարձ հարգանքի եւ միջազգային իրավունքին հավատարիմ լինելու միջոցով»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում, որն ընթերցվել է Նագասակիում տեղի ունեցած հիշատակի արարողությանը: Նագասակին դարձավ Հիրոսիմայից հետո Ճապոնիայի երկրորդ քաղաքը, որը 1945 թվականի օգոստոսին ենթարկվեց ամերիկյան միջուկային հարվածի: Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմայյն ռմբակոծումներն ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից իրականացվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավերջում: Դրանց պաշտոնական նպատակ էր հռչակված Ճապոնական կայսրության կապիտուլյացման արագացումը: Այդ գրոհները դարձան միջուկային զենքի մարտական կիրառման՝ մարդկության պատմության մեջ միակ օրինակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:09 - 09 օգոստոսի, 2022
Չինաստանը ստանձնեց ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահությունը՝ կրկին զգուշացնելով Փելոսիի Թայվան այցի վտանգների մասին
 |azatutyun.am|

Չինաստանը ստանձնեց ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահությունը՝ կրկին զգուշացնելով Փելոսիի Թայվան այցի վտանգների մասին |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Չժան Ջուն Փելոսիի հնարավոր այցը Թայվան ծայրահեղ վտանգավոր և սադրիչ է համարել, զգուշացնելով լուրջ հետևանքների մասին։ «Նման այցը ակնհայտորեն շատ վտանգավոր է և սադրիչ։ Եթե ԱՄՆ-ը պնդում է այցը, ապա Չինաստանը ուժեղ և վճռական միջոցներ կձեռնարկի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Ակնհայտորեն նման այցը խարխլում է «մեկ Չինաստան» սկզբունքը, խարխլում է Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ու նաև խարխլում է խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում։ Եթե այդ այցը տեղի ունենա, ապա այն կխարխլի նաև Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները»,- նախօրեին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հայտարարում էր Չինաստանի մշտական ներկայացուցիչը։ Դեսպան Չժան Ջունը ասուլիս է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը Չինաստանին անցնելու կապակցությամբ։ Ռոտացիոն կարգով՝ մեկ ամիս, օգոստոս ամիսը Անվտանգության խորհուրդը նախագահելու է Չինաստանը։ ՄԱԿ-ում Չինաստանի դեսպանն ասել է, որ այդ ընթացքում Պեկինը կնպաստի «երկխոսությանն ու համագործակցությանը՝ հանուն ընդհանուր անվտանգության»։
15:08 - 02 օգոստոսի, 2022
ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն. Ֆրենկ Փալոն
 |armenpress.am|

ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն. Ֆրենկ Փալոն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը սխալ է որակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին իր գրառումը ջնջելը: Ֆրենկ Փալոնն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «33 երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն: Աբդուլլա Շահիդը սխալ է եղել՝ ջնջելով իր թվիթը, տեղի տալով Թուրքիայի ճնշմանը»,-նշել է Ֆրենկ Փալոնը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի և Երևանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի ուղեկցությամբ: Այցի վերաբերյալ Աբդուլլա Շահիդը գրառում էր կատարել «Թվիթեր»-ում, այնուհետև ջնջել էր այն:
14:35 - 02 օգոստոսի, 2022
Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի աշխարհում սովի դեմ պայքարի համար

 |armenpress.am|

Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի աշխարհում սովի դեմ պայքարի համար |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան մեծացնում Է ֆինանսական օգնությունն աշխարհում սովի դեմ պայքարի նպատակով: Ինչպես օգոստոսի 1-ին հայտնել են Funke խմբագրական խմբի թերթերը, Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի մարտին խոստացված 430 միլիոն եվոյի փոխարեն։ «Այդ միջոցները զարգացող երկրներին հնարավորություն են ընձեռում դառնալու ավելի անկախ»,- հայտարարել Է Գերմանիայի համագործակցության եւ զարգացման գործերով նախարար Սվենյա Շուլցեն: Միջոցները կուղղորդվեն «այնտեղ, որտեղ դրանց կարիքը մեծ Է», օրինակ, երաշտից տուժած երկրներ՝ Քենիա, Սուդան եւ Եթովպիա: Ենթադրվում Է, որ աջակցություն ցույց կտրվի նաեւ այն երկրներին, որոնք խիստ տուժել են կլիմայի փոփոխությունից եւ զինված հակամարտություններից: Խոսքը վերաբերում Է, օրինակ, Սահելի տարածաշրջանին եւ Մերձավոր Արեւելքի երկրներին: Միջոցների բաշխումը կկատարվի հումանիտար կազմակերպությունների միջնորդությամբ, որոնք գործում են ՄԱԿ-ի հովանու ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:27 - 01 օգոստոսի, 2022
Ուկրաինան պատրաստ է սկսել հացահատիկի առաքումները. Զելենսկի
 |azatutyun.am|

Ուկրաինան պատրաստ է սկսել հացահատիկի առաքումները. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Վլադիմիր Զելենսկին հայտարարում է՝ Ուկրաինան պատրաստ է սկսել հացահատիկի առաքումները։ «Մենք պատրաստ ենք ուկրաինական հացահատիկի առաքումներին։ Մեզ համար կարևոր է մնալ համաշխարհային պարենային անվտանգության երաշխավոր։ Մինչ ինչ-որ մեկը Սև ծովն արգելափակելով այլ պետություններից կյանքեր է խլում, մենք ապրելու հնարավորություն ենք տալիս», - Օդեսայի նավահանգիստ այցելության ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահը: «Հենց թուրքական կողմը և ՄԱԿ-ը ազդանշան տան, որ պատրաստ են ընդունել բեռները, ամեն ինչ կսկսվի։ Կարծում՝ եմ այսօր-վաղը կսկսվի», - ասել է Զելենսկին: Մեկ շաբաթ առաջ Կիևն ու Մոսկվան համաձայնագիր են ստորագրել սևծովյան նավահանգիստներում արգելափակված ուկրաինական հացահատիկի անվտանգ դուրսբերման վերաբերյալ: Գործարքի համաձայն, ուկրաինական հացահատիկն արտահանվելու է Սև ծովով երեք՝ Օդեսայի, Չերնոմորսկի և Յուժնիյ նավահանգիստներից, նավերն անցնելու են նախապես համաձայնեցված անվտանգ միջանցքներով: Նավահանգիստներում հացահատիկի բեռնմանը կհետևեն ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները։
16:13 - 29 հուլիսի, 2022
ՀՀ դիվանագիտական ծառայությունը դարձել է շատ ավելի կարևոր և պատասխանատու. Արարատ Միրզոյանը՝ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներին

ՀՀ դիվանագիտական ծառայությունը դարձել է շատ ավելի կարևոր և պատասխանատու. Արարատ Միրզոյանը՝ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների վկայագրերի հանձման արարողությանը:  «ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ,  Հարգելի՛ դեսպան Գաբրիելյան, Սիրելի՛ շրջանավարտներ, Մինչ ելույթիս հիմնական հատվածին անցնելը՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, պարոն Շահիդ։ Բավականին հագեցած երեք օրերի ընթացքում Դուք նշանակալի հանդիպումներ եք ունեցել ինչպես գործադիր և օրենսդիր մարմինների իմ գործընկերների, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Եվ շատ ուրախ եմ, որ ընդունեցիք նաև Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի շրջանավարտների վկայականների հանձման արարողությանը  մասնակցելու իմ հրավերը։  Դառնալով օրվա գլխավոր գործող անձանց,  Սիրելի՛ շրջանավարտներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Իրապես, Ձեր կյանքում ևս մեկ բարձունք այսօր նվաճեցիք։ Եվ անկախ նրանից, թե ձեզնից ովքեր շուտով կհամալրեն Հայաստանի Հանրապետության  դիվանագետների շարքերը, և ովքեր կշարունակեն իրենց ճանապարհն այլ ուղղություններով՝ իրենց նպաստը բերելով հանրային կյանքի տարբեր ոլորտների առաջմղմանը, այսօր բոլորը հաջողել են։  Ինչո՞ւ։ Որովհետև այն գիտելիքը, փորձը և համախոհների համայնքը, որոնք ձեռք եք բերել Դպրոցի մեկ տարվա ընթացքում ի նպաստ ձեզ է աշխատելու և ձեզ հետ է լինելու ամբողջ հետագա կյանքում։ Որքան էլ որ ներկայիս աշխարհը փոփոխական է և անակնկալներով լի, անփոփոխ է մնում մեկ բան․ ցանկացած նախաձեռնության և գործի հաջողության հիմքում ընկած է առաջատար գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով զինված մարդը։ Եվ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական դպրոցում դուք հնարավորություն եք ստացել համընթաց շարժվել աշխարհի գիտական մտքի և պրոֆեսիոնալ հմտությունների նվաճումների հետ։ Միջազգային հարաբերությունների տեսությունից մինչև իրական կյանքի բանակցություններ, արտաքին քաղաքականության վերլուծությունից մինչև բարդ իրավիճակում կողմնորոշվելու կարողություն․ այս ամենը ամուր հիմք է ցանկացած բնագավառում հաջողելու համար։  Հարգելի՛ ներկաներ, Հայաստանի դիվանագիտական դպրոցը իր գործունեության 13 տարիների ընթացքում շուրջ երկու հարյուր շրջանավարտ է ունեցել, որոնց զգալի մասը դարձել է դիվանագետ և այսօր մեր արտաքին քաղաքական ծառայության հիմքն է հասցրել դառնալ։ Այստեղ ցանկանում եմ գնահատանքի խոսքեր հայտնել Դիվանագիտական դպրոցի տնօրեն պարոն Գաբրիելյանին՝ դիվանագետների սերնդափոխության գործում ունեցած ներդրումի և դիվանագիտական համակարգում մարդկային ու մասնագիտական ներուժի զարգացմանը նպաստելու համար: Ցանկանում եմ ընդգծել, որ թերևս չկա ավելի լավ ժամանակ դիվանագետ դառնալու համար։ Աշխարհում ընթացող բեկումնային փոփոխությունները, մեր տարածաշրջանում տիրող իրադրությունը, մեծ մարտահրավերներ են առաջ բերում, բայց, միաժամանակ, նաև մեծ հնարավորություններ են ստեղծում ճկուն միտք, նորարարական  մոտեցում և աննկուն կամք ունեցող դիվանագետի համար ինքնադրսևորվելու, իր ոլորտում իրական փոփոխություններ բերելու և իր ժողովուրդի համար լրացուցիչ արժեք ստեղծելու համար։ Այս պայմաններում դիվանագիտական ծառայությունը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությունը դարձել է շատ ավելի կարևոր, շատ ավելի պատասխանատու և շատ ավելի մեծ անձնազոհություն պահանջող։ Եվ չնայած մեծ պահանջներին ու ոչ այդքան մեծ ռեսուրսներին, ես համոզված եմ՝ մենք կընդունենք մարտահրավերը և կիրականացնենք մեր վրա դրված առաքելությունը՝ ի բարօրություն հայ ժողովրդի և համայն մարդկության առաջխաղացման։ Սիրելի՛ շրջանավարտներ, Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և ամենայն հաջողություն մաղթում ձեր հետագա մասնագիտական գործունեության մեջ։ Հուսով եմ, որ շուտով ձեզանից շատերին կհանդիպեմ այստեղ՝ ամենօրյա աշխատանքում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարն իր ելույթում: 
16:33 - 28 հուլիսի, 2022
Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. Մաթևոսյանը՝ Աբդուլլա Շահիդին

Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. Մաթևոսյանը՝ Աբդուլլա Շահիդին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից: Հանդիպմանը մասնակցել են նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյան, այլք։ Փոխվարչապետը ողջունել է Աբդուլլա Շահիդին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ և այն խորհրդանշական համարել, քանի որ այս տարի լրանում է ՄԱԿ-ին մեր երկրի անդամակցության 30-ամյակը: Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի ջանքերը՝ ուղղված համաճարակի բացասական հետևանքների դեմ պայքարին և այդ նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելուն։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ՄԱԿ գործընկերությանը, ընդգծել 2030 թ. օրակարգի համատեքստում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։ Հայաստանի փոխվարչապետն ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կարևորել են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության պահպանումը և մարդու իրավունքների գերակայությունը։ Այդ համատեքստում Աբդուլլա Շահիդը ողջունել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում փոխվարչապետն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար կարիքների լուծման հարցում ՄԱԿ-ի ներգրավվածության անհրաժեշտությանը, այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, այդ համատեքստում ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, որը մնում է միակ միջազգայնորեն լիազորված միջնորդական ձևաչափը։
17:03 - 27 հուլիսի, 2022