Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կմ տարածք. Միրզոյան |1lurer.am|

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կմ տարածք. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: 2022 թվականին ՀՀ քաղաքականության համար շարունակել է առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, հարևան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման և ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման հետ կապված խնդիրները: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Ադրբեջանի հետ շարունակվել են բանակցությունները բոլոր ուղղություններով՝ հարաբերությունների կարգավորում և համապատասխան պայմանագիր, սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթաց, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակում: 2022 թվականի ընթացքում նշյալ ուղղություններով տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ՀՀ վարչապետի մասնակցությամբ եռակողմ և քառակողմ ձևաչափերով»,- նշեց Միրզոյանը: Միրզոյանը հիշատակեց Պրահայի հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստան գործուղվեց ԵՄ դիտորդական առաքելությունը՝ մոնիթորինգ անցկացնելու ՀՀ-Ադրբեջան միջազգային սահմանի երկայնքով: «Իսկ սահմանազատման գործընթացի իրականացման հիմքում դրվեց Ալմա Աթայի հռչակագիրը: Նախորդ տարի հանդիպում կայացավ նաև ՌԴ նախագահի միջնորդությամբ Սոչիում, որի շրջանակներում ընդունված հայտարարությունը նույնպես առանձնանշում էր Ալմա Աթայի հռչակագիրը, ինչպես նաև բոլոր խնդիրները բացառապես բանակցությունների միջոցով լուծելու հանգամանքը»,- ասաց ԱԳ նախարարը:  Միրզոյանը հիշեցրեց, որ 2022 թվականին տեղի են ունեցել նաև ԱԳ նախարարների ձևաչափով մի շարք հանդիպումներ:  «Չնայած Հայաստանի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին՝ Ադրբեջանը շարունակել է էական հարցերի շուրջ իր ապակառուցողական կեցվածքը, ագրեսիվ հռետորաբանությունը և առավելապաշտական գործողությունները: Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետր տարածք, մշտապես սադրիչ և ագրեսիվ գործողություններ է իրականացրել ՀՀ սահմանին և ԼՂ-ում, ապօրինաբար արգելափակել է Լաչինի միջանցքը՝ հումանիտար ճգնաժամ առաջացնելով Արցախում, գերության մեջ է պահում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»,- ասաց Միրզոյանը: 
17:12 - 24 մարտի, 2023
Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև՝ 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի. ԱԳ նախարարի հարցազրույցը

Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև՝ 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի. ԱԳ նախարարի հարցազրույցը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ-ն և ներկայացրել հարցուպատասխանն ամբողջությամբ: Հարց. Ի՞նչ բնույթ ունեն Եգիպտոսի և Հայաստանի միջև հարաբերությունները: Ի՞նչ սպասելիքներ կան հայ-եգիպտական համագործակցության հետագա զարգացումից։ Պատասխան. Երկու երկրների հարաբերությունները, իհարկե, հիմնված են հայ և եգիպտացի ժողովուրդների միջև պատմականորեն բարեկամական կապերի վրա։ Մեր հայրենակիցները միջնադարից սկսած նշանակալի դեր են խաղացել Եգիպտոսի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, փրկվելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից, հայերը ապահով ապաստան ստացան արաբական երկրներում, այդ թվում՝ Եգիպտոսում, որտեղ նրանք նոր տուն գտան։ Այս վերաբերմունքը հայերը երբեք չեն մոռանա: Եվ ես հպարտությամբ կարող եմ նշել, որ Կահիրե կատարած իմ վերջին այցի ընթացքում Եգիպտոսի և՛ քաղաքական գործիչները, և՛ կրոնական առաջնորդները ևս մեկ անգամ ընդգծեցին հայ համայնքի մեծ ներդրումը Եգիպտոսի առաջընթացի և զարգացման գործում։ Հիմնելով այս կապերի վրա՝ երկու երկրները պատրաստակամություն և հանձնառություն են ցուցաբերում պետական մակարդակով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցում։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր, Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ զարգացել են սերտ հարաբերություններ, որոնք մշտապես աճում և ընդլայնվում են։ Այս տարին շատ նշանակալից է եղել երկկողմ հարաբերությունների համար և մասնավորապես քաղաքական երկխոսության տեսանկյունից՝ սկսելով հունվարին նախագահ Էլ-Սիսիի Հայաստան կատարած պատմական այցից։ Ավելի վաղ, անցյալ տարի Հայաստանի նախագահը այցելել էր Եգիպտոս՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին, իսկ մարտի 8-ին, ինչպես գիտեք, Արաբական պետությունների լիգայի խորհրդի՝ նախարարների մակարդակով նիստի շրջանակներում ես հնարավորություն ունեցա քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր իմ գործընկեր նախարար Սամեհ Շուքրիի հետ։ Առկա է երկուստեք պատրաստակամություն առավել խորացնելու մեր համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։ Առաջիկա ամիսներին գործարար համաժողովին զուգահեռ նախատեսվում է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը, և հուսով ենք, որ այն կունենա շոշափելի արդյունքներ։ Փետրվարին Կահիրեում արդեն իսկ կազմակերպվել է գործարար համաժողով հայկական և եգիպտական զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների միջև, հաջորդը նախատեսվում է անցկացնել Երևանում։ Մենք համոզված ենք, որ Եգիպտոսի հետ կա չօգտագործված հսկայական ներուժ, որը մենք պետք է ուսումնասիրենք և հաստատկամորեն իրացնենք: Հարց. Ի՞նչ կասեք արաբական աշխարհի հետ քաղաքական համագործակցության մասին: Պատասխան. Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական աշխարհի հետ իր հարաբերություններին՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով, պատմամշակութային կապերով, արաբական երկրներում հայկական մեծ համայնքների առկայությամբ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներով։ Արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունները միշտ հիմնված են եղել փոխադարձ հարգանքի և անկեղծ բարեկամության վրա։ Դրա լավ դրսևորումն էր, ինչպես վերը նշեցի իմ մասնակցությունն ու ելույթը Արաբական պետությունների լիգայի խորհրդի նիստում։ Դա առաջին անգամն էր, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ ունեցավ Արաբական լիգայի նախարարական նստաշրջանում։ Կազմակերպության շրջանակներում որոշումն ընդունվել է անդամ բոլոր երկրների կոնսենսուսով, ինչն արդեն վկայում է Հայաստանի և Արաբական լիգայի բոլոր անդամների միջև քաղաքական որոշակի փոխըմբռնման մասին։ Հայաստանն մեծապես հանձնառու է բոլոր արաբական պետությունների հետ քաղաքական, տնտեսական, ինչպես նաև մշակութային հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մենք տեսնում ենք համանման մոտեցում նաև մեր գործընկերների կողմից և կարծում ենք, որ այդ ճանապարհին լուրջ խոչընդոտներ չկան։ Մեզ համար կարևոր է բարեկամ արաբ երկրների հետ լիարժեք փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները, և պետք է թույլ չտալ, որ երրորդ երկրների կողմից շահարկումները ստվերեն այդ դարավոր հարաբերությունները։ Հարց. Ի՞նչ ազդեցություն ունի ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի վրա: Պատասխան. Ուկրաինայում տիրող իրավիճակը հստակորեն ի ցույց է դնում Եվրոպայում անվտանգության ճարտարապետության թուլացումը: Եվ ես կարծում եմ, որ առաջին անգամ դա պարզ դարձավ 2020 թվականին, երբ շատերն անտարբերության մատնեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու փաստը, որով փորձ էր արվում հակամարտությունը լուծել ուժի միջոցով։ Միջազգային հանրության կողմից ուժի կիրառման հստակ դատապարտման բացակայությունը հանգեցրեց այն իրավիճակին, որին այժմ առերսվում է ամբողջ աշխարհը։ Ավելին, 2022թ. փետրվարից, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա, Ադրբեջանը հաճախակի ուժ է կիրառում։ Դրա ամենավառ օրինակը նախորդ տարվա սեպտեմբերին էր, երբ Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը և գրավելով ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ: Ես կարծում եմ, որ որոշակի կանոններ, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, պետք է պահպանվեն բոլորի կողմից։ Հարց. Ի՞նչ կարող եք ասել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի հետ երկխոսության ակտիվացման վերաբերյալ Հայաստանի պատրաստակամության մասին: Ի՞նչ հարցեր են քննարկվում այս ուղղությամբ: Պատասխան. 2020թ. պատերազմից հետո վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ունենալով մեր տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու քաղաքական կամք, բարեխղճորեն ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում: Առկա են բանակցությունների առանձին ուղղություններ. առաջինը՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումն է, երկրորդը՝ սահմանազատումն ու սահմանային անվտանգությունը և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագիրը: Հաղորդակցությունների հարցի հետ կապված մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է բոլոր կոմունիկացիաների բացմանն այն պահին, երբ Ադրբեջանն ընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են: Սահմանազատման հետ կապված, ցավոք, 2022թ. համապատասխան հանձնաժողովների կազմավորումից ընդամենն ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլ նաև ևս մեկ ներխուժում իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ փորձելով արդարացնել իր ագրեսիան սահմանների՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով: Անդրադառնալով պայմանագրին՝ պետք է նշեմ, որ որ սկսած 2022թ. դեկտեմբերից մենք փոխանակել ենք պայմանագրի նախագծի մի շարք առաջարկներ՝ փորձելով առաջ ընթանալ գործընթացում՝ առանցքային հարցերի շուրջ արդար լուծումներ գտնելու ամար: Այսպես, հայկական կողմի առաջարկներից է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցումը, քանի որ մեր կարծիքով առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանների սահմանազատման վերաբերյալ հստակորեն համաձայնեցված չափորոշիչների երկու երկրները չեն կարող հստակեցնել, թե որ տարածքային ամբողջականությունն են նրանք փոխադարձաբար ճանաչում, ինչն էլ խաղաղության հաստատման փոխարեն կհանգեցնի մեկ այլ բախման: Հաջորդը, պետական սահմանից զինված ուժերի հեռացումն է և ապառազմականացված գոտու ստեղծումը սահմանագծի երկայնքով՝ որպես վստահության ձևավորման միջոց և անվտնագության մեխանիզմ, ինչը կօգնի ապահովել ցանկացած հնարավոր էսկալացիայի կանխումը: Անշուշտ, որպես կարևոր բաղադրիչ, պետք է առկա լինի միջազգային մեխանիզմ, որ կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը: Ցավոք, ի պատասխան մեր ջանքերի մենք ականատես ենք լինում ոչ միայն բանակցությունների ժամանակ Ադրբեջանի կողմից մերժողական և առավելապաշտական մոտեցմանը, այլ նաև ագրեսիվ գործողություններին: Վերջերս, մարտի 2-3-ին տեղի ունեցած հրադարարի խախտումներին հետևեց մարտի 5-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից նախապես ծրագրավորված դիվերսիոն հարձակում, որի հետևանքով սպանվեցին Լեռանային Ղարաբաղի ոստիականության երեք ծառայողներ: Այս գործողությունները հերթական անգամ ի ցույց են դնում կարգավորման գործընթացում Ադրբեջանի անկեղծության բացակայությունը, ինչպես նաև ուժի կիրառմանը շարունակական ապավինումը: Այս գործողություններին զուգահեռ Ադրբեջանը պարբերաբար hետ է կանգնում պայմանավորվածություններից, շարունակում ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաև հրաժարվում լուծել հումանիտար խնդիրները, որոնցից է մինչ օրս իր իսկ կողմից հաստաված` 33 հայ ռազմագերիներին պատանդառության մեջ պահելը: Ավելի մեծ թվով հայերի ճակատագիր դեռ մնում է անհայտ, և մենք տեղեկացրել ենք մեր գործընկեր կազմակերպություններին այդ բռնի անհետացումների դեպքերի մասին: 2020թ. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը կանգնած է լիակատար ոչնչացման ահագնացող սպառնալիքի առջև: Այս ամենը մարտահրավեր է նետում տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին: Հարց. Ձեր կարծիքով, ո՞րն է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հնարավոր լուծումը։ Պատասխան. Նախ և առաջ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, որով նախատեսվում է, որ Ադրբեջանը «երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։ Կարելի էր ենթադրել, որ Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարի 22-ին ընդունած՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կարող է լուծել իրավիճակը, քանի որ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու համար։ Ցավալի է, որ դատարանի այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել։ Ավելին, ուզում եմ ընդգծել, որ Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի։ Այսպիսով, մարտի 5-ին Լաչինի միջանցքում իրականացված ադրբեջանական դիվերսիան, որի մասին արդեն նշեցի, ոտնահարել է ոչ միայն հրադադարի պայմանավորվածությունը, այլ նաև խախտել շփման գիծը և միջանցքի անվտանգության գոտին։ Ստեղծված պայմաններում ես կցանկանայի ընդգծել միջազգային հանրության ակտիվ ներգրավածության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման հրամայականը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և արգելափակումը վերացնելու ուղղությամբ: Հայաստանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչով՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։ Գաղտնիք չէ նաև, որ նման առաքելության առաջարկը բազմիցս մերժվել է Ադրբեջանի կողմից՝ ակնհայտորեն ցուցադրելով միջազգային հանրությանը առջև թափանցիկ և հաշվետու լինելու Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամության բացակայությունը։ Հարց. Արդյո՞ք կա որևէ երկխոսություն կամ միջազգային ներգրավածություն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ: Պատասխան. Գրեթե երեք ամիս շարունակ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ և վերջնանպատակ ունենալով իրականացնել էթնիկ զտումներ: Մարդասիրական ճգնաժամին զուգահեռ, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հրահրել է նաև էներգետիկ ճգնաժամ: Ձմռան ցուրտ պայմաններում, Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խաթարել և շարունակում են խաթարել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև ագրեսիվ և առավելապաշտական հռետորաբանությունն ապացուցել են միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրները հասցեագրելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ փորձերը կանխելու նպատակով։ Միջազգային հանրության, այդ թվում՝ արաբական աշխարհում մեր գործընկերների և բարեկամների դիրքորոշումը պետք է լինի հստակ՝ ընդդեմ ևս մեկ ցեղասպանության նախապատրաստմանն ուղղված ցանկացած գաղափարախոսության և գործողության. միջազգային համակարգը չի կարող թույլ տալ նմանատիպ հերթական ձախողումը։ Ամփոփելով նշեմ, որ չնայած բոլոր ռիսկերին և իմ երկրի շուրջ ստեղծված փխրուն իրավիճակին, Հայաստանը մնում է վճռական՝ կայուն տարածաշրջանի ստեղծմանն իր նպաստը բերելու հարցում. տարածաշրջան, որտեղ խաղաղ ապրելը չի լինի պարզապես երազանք մեր սերունդների համար:
09:27 - 24 մարտի, 2023
Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները

Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները

Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, առևտրատնտեսական, տարածաշրջանային անվտանգության, բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ: Վահան Կոստանյանն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022 թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները: Նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը: Երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև հոգևոր-մշակութային կապերի խորացումը և ամրապնդումը: Այս առնչությամբ նախարարի տեղակալն իրանցի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի՝ տարբեր հարթակներում կրոնական գործոնն արհեստականորեն շահարկելու անհիմն փորձերը: Խորհրդակցությունների ավարտին Ալի Բաղերի Քանիին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր  մակարդակի առնչությամբ՝ այս համատեքստում կարևորելով քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացումը: Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, արծարծվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները:
18:37 - 22 մարտի, 2023
Մոսկվայում քննարկվել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը․ Միրզոյան |armenpress.am|

Մոսկվայում քննարկվել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը․ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ առաջիկայում տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում։ Միրզոյանն այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե արդյոք Մոսկվայում քննարկվել է եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը։ «Բնականաբար, այդ թեման քննարկվել է։ Անցած տարի դեկտեմբերի 23-ին նախատեսված էր այդպիսի եռակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև, հանդիպումը պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց հայկական կողմը չմասնակցեց, մենք հետաձգեցինք մեր մասնակցությունը այդ հանդիպմանը, որովհետև Լաչինի միջանցքը ապօրինի կերպով փակվել էր Ադրբեջանի կողմից։ Լեռնային Ղարաբաղում և սննդամթերքի, և դեղորայքի, և մնացած առաջին անհրաժեշտության ապրանքների շատ սուր կարիք կար։ Պարզ է, որ բանակցությունները ընթանում են այս պահին հեռավար տեսքով, որովհետև փոխանակվում ենք մեր առաջարկներով, մեր պատկերացումներով խաղաղության պայմանագրի վերաբերյալ, բայց ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է նաև վերսկսվեն ֆիզիկական հանդիպումները և քննարկումները։ Այո, այդ թեման քննարկվել է Մոսկվայում, և այդպիսի հանդիպման հնարավորություն առաջիկայում կա»,-  նշեց Միրզոյանը։
18:01 - 22 մարտի, 2023
Ե՛վ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ագրեսիայի վտանգ կա. ԱԳ նախարար |armenpress.am|

Ե՛վ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ագրեսիայի վտանգ կա. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ագրեսիայի վտանգ տեսնում է՝ չնայած բանակցություններին: Միրզոյանն այս մասին հայտարարեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հնարավոր էսկալացիայի վերաբերյալ հարցին: «Իհարկե կա: Ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից, անկախ այդ բանակցություններում Հայաստանի Հանրապետության կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից: Եվ այս օրերին, երբ մենք ականատես ենք լինում հենց այդպիսի սուր հռետորաբանության և սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ՝ և ՀՀ դեմ, և ԼՂ դեմ իսկապես կա, ընդ որում ԼՂ դեպքում՝ նաև էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության դրսևորումների տեսքով»,- ասաց ԱԳ նախարարը: Միրզոյանը նաև ողջունեց ԵԽԽՎ հանձնաժողովի ընդունած հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ: Սակայն նաև հիշեցրեց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից համապատասխան որոշման մասին, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն այնպես, ինչպես դա բխում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: «Մինչև այս որոշումը և այս որոշումից հետո էլ բազմաթիվ են գործընկեր պետությունները, որոնք այս նույն կոչով հանդես են գալիս: Կարծում եմ, որ միջազգային հանրությունն այստեղ իսկապես անելիք ունի, պետք է շարունակեն այդ քաղաքականությունն ու ավելի գործուն միջոցներ կիրառեն»,-ասաց Միրզոյանը: Նա շեշտեց՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները պարտադիր կատարման են ենթակա: Իսկ չկատարման դեպքում պետք է դրանից հետևանքներ բխեն, այլապես միջազգային հարաբերությունների համակարգն ընդհանրապես չի աշխատի:
17:55 - 22 մարտի, 2023
Չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու շուրջ․ Միրզոյան

Չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու շուրջ․ Միրզոյան

Մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու շուրջ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «ՀՀ-ն համարում է, որ Լաչինի միջանցքի եւ դրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, եւ կարգավորումները տեղ են գտել 2020 թ․ նոյեմբերի 20-ի հայտարարության մեջ։ Սա ամրագրված պայմանավորվածություն է, եւ մենք այստեղ արդեն կասկած պիտի հայտնենք ընդհանրապես հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ, այսինքն՝ ինչ իմաստ ունի ձեռք բերել անընդհատ այլ հարցերի շուրջ պայմանավորվածություններ, եթե դրանք որոշ ժամանակ անց  անպայմանորեն խախտվելու են Ադրբեջանի կողմից, եւ Ադրբեջանը այդ հարցի շուրջ հանդես է գալու նոր, ավելի կոշտ պահանջներով»։
17:53 - 22 մարտի, 2023
Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը խոչընդոտում է խաղաղության գործընթացին․ Միրզոյան |armenpress.am|

Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը խոչընդոտում է խաղաղության գործընթացին․ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը աշխատում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի կողմից ստացած առաջարկների ուղղությամբ, առաջիկայում կլինեն հայկական կողմի առաջարկները և արձագանքը։ Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, որոնք պարունակում էին սպառնալիքներ Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացին զուգահեռ։ «Երևույթը, որի մասին դուք խոսեցիք, նոր չէ։ Մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, ինչպիսին է, օրինակ, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացը և մյուս կողմից տեսնում ենք Ադրբեջանի  ավելի սրվող հռետորաբանությունը, սպառնալիքները և գետնի վրա ագրեսիվ գործողությունները։ Դրան ականատես ենք եղել սեպտեմբերին 13-ին, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Դրան ականատես ենք եղել դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի փակմամբ։ Եվ այս երևույթը, ցավոք, շարունակվում է։ Ավելին, վերջին շրջանում էլ ավելի են սրվել թե հայատյացության քարոզը, թե ուղղակի սպառնալիքները։ Հիշում եք, որ անգամ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր չի լինելու, Հայաստանում իրենց 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա հանգիստ չեն ապրելու, եթե չընդունեն Ադրբեջանի պայմանները։ Այս ուլտիմատիվ կեցվածքը կա, այս հռետորաբանությունը կա։ Միևնույն ժամանակ, բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են։ Մենք կրկին ստացել ենք ադրբեջանական առաջարկներ, աշխատում ենք դրանց վրա և առաջիկայում,բնականաբար, կլինեն, մեր առաջարկները և մեր արձագանքը։ Անշուշտ, ավելորդ է անգամ ասել, որ նշածս հռետորաբանությունը և ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին, այլև նոր խոչընդոտներ են ստեղծում այդ գործընթացի ճանապարհին»,- ընդգծեց Միրզոյանը։ ԱԳ նախարարը շեշտեց՝ Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակին և շարունակելու են բանակցել երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու համար։
17:33 - 22 մարտի, 2023
Մեր երկիրը պատվով և մեծ խանդավառությամբ է առաջ մղել Ֆրանկոֆոնիայի արժեքները․ ԱԳ նախարար

Մեր երկիրը պատվով և մեծ խանդավառությամբ է առաջ մղել Ֆրանկոֆոնիայի արժեքները․ ԱԳ նախարար

Հերթական անգամ մեկնարկում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի` արդեն ավանդույթ դարձած երկամսյակը՝ հարուստ մշակութային ու կրթական ծրագրերով: Երկու ամիսների ընթացքում Երևանում և մարզերում տեղի են ունենալու ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին նվիրված շուրջ յոթ հարյուր միջոցառումներ։ Սա հերթական առիթն է Հայաստանի համար՝ վերահաստատելու իր նվիրվածությունը Ֆրանկոֆոնիայի արժեքներին և սկզբունքներին։ Լինելով լայնածավալ ֆրանկոֆոն տարածքի մի փոքր մասնիկը՝ Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային և լեզվամշակութային անքակտելի կապը Ֆրանկոֆոնիայի հետ։ Դրա մասին են վկայում նախորդ տարիների նշանակալից ձեռքբերումները՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից մինչև Երևանում 2018-ին կազմակերպության գագաթաժողովի կազմակերպումը և ՖՄԿ նախագահության՝ չորս տարով ստանձնումը։ Նախորդ տարվա նոյեմբերին Թունիսի Ջերբա քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթաժողովի ընթացքում Հայաստանը հաջողությամբ ամփոփեց կազմակերպությունում իր քառամյա նախագահությունը՝ փոխանցելով այդ կարևոր հանձնառությունը Թունիսին: Գագաթնաժողովի արդյունքում ընդունված Ջերբայի հռչակագրում արտացոլվեցին մի շարք կարևորագույն դիրքորոշումներ՝ այդ թվում նաև մեր տարածաշրջանին վերաբերող խնդիրների շուրջ՝ ընդգծելով Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ու կառավարությունների համերաշխությունը Հայաստանին այն անվտանգային մարտահրավերների համատեքստում, որոնց նա առերեսվում է: Հայաստանի նախագահության՝ իրադարձություններով հարուստ չորս տարիների ընթացքում մեր երկիրը պատվով և մեծ խանդավառությամբ է առաջ մղել Ֆրանկոֆոնիայի արժեքները՝ ի նպաստ մշակութային բազմազանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների խրախուսման։ Մենք շարունակելու ենք վճռականորեն ջանքեր ներդնել այդ ուղղությամբ և մեր նպաստը բերել Ֆրանկոֆոնիայի արժեքների ու գաղափարների տարածմանը։ Այս տարի նույնպես Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակը՝ հարուստ մշակութային, թատերական, գեղարվեստական և կրթական միջոցառումներով, որոնք կմոբիլիզացնեն Հայաստանի բոլոր առանցքային ֆրանկոֆոն դերակատարներին մայրաքաղաք Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆրանկոֆոնիայի օրերի հաջողության հարցում մեծ է մեր գործընկերների՝ այդ թվում՝ Երևանում հավատարմագրված ֆրանկոֆոն պետությունների դեսպանությունների դերակատարությունը և ակտիվ ներգրավվածությունը։ Առանձնահատուկ հիշատակման կարիք ունեն ֆրանկոֆոն կրթական հաստատությունները և հասարակական կազմակերպությունները, որոնք Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շարժիչ ուժերից են։ Նշվածի համատեքստում կցանկանայի ողջունել այս տարի նոր ֆրանկոֆոն խոշոր դերակատարի՝ Ֆրանսիական ինստիտուտի մուտքը Հայաստան և ակտիվ ներգրավվածությունը երկամսյակի միջոցառումների կյանքի կոչման հարցում։ Հուսով եմ, որ ֆրանկոֆոն նոր դերակատարների հոսքը Հայաստան շարունակական կլինի՝ խթան հանդիսանալով ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ հետաքրքրության աճի համար։ Ամփոփելով՝ ցանկանում եմ բարեհաջող ընթացք մաղթել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2023 թվականի երկամսյակին և այս կապակցությամբ շնորհավորել Հայաստանի ֆրանկոֆոն համայնքին՝ այս մշակութային տոնի կապակցությամբ։
23:02 - 20 մարտի, 2023
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր

Մարտի 20-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով երկու պատվիրությունների մասնակցությամբ: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական  դաշնակցային հարաբերությունների, քաղաքական երկխոսության օրակարգային հարցերի լայն շրջանակ:   Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի: Հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր:  Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և ամենաբարձր մակարդակով հնչող հռետորաբանությունը միտված է տարածաշրջանում իրավիճակի սրմանն ու նոր ագրեսիայի համար հող նախապատրաստելուն: Այս համատեսքտում շեշտվել է այդ գործելակերպի դատապարտման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման և եռակողմ հայտարարություններով ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման հրամայականը:   Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան:    ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեության անհրաժեշտությունն ադրբեջանական կողմի սադրանքների կանխման, խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման և Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման գործում։  Արարատ Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության կանխման նպատակով միջազգային համապատասխան գործիքակազմի գործարկումն ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության ուղարկման անհրաժեշտությունը:   Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Հանդիպման արդյունքներով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
21:26 - 20 մարտի, 2023
Բոլոր ներգրավված կողմերից ակնկալում ենք արդյունավետ քայլեր Լաչինի միջանցքով շարժման ռեժիմը վերականգնելու համար. Միրզոյան |1lurer.am|

Բոլոր ներգրավված կողմերից ակնկալում ենք արդյունավետ քայլեր Լաչինի միջանցքով շարժման ռեժիմը վերականգնելու համար. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում նշել է, որ երկու երկրի արտգործնախարարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանների անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերին, ինչպես նաև քննարկվել է իրականացման ընթացքը, մատնանշվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք հայտարարությունների որոշ դրույթների չկատարման փաստը։ «Հարգելի՛ գործընկերներ, իմ այցը տեղի է ունենում Հարավային Կովկասում տիրող լարված իրավիճակի, և, ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում, որը շարունակվում է ավելի քան երեք ամիս։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը եռակողմ հայտարարությունների շրջանակներում ուղղակի պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Այդ կապակցությամբ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով»,- ասել է նա։ Միրզոյանը նշել է, որ բոլոր ներգրավված կողմերից ակնկալում է արդյունավետ քայլեր՝ խստորեն կատարելու իրենց պարտավորությունները և վերականգնելու Լաչինի միջանցքով շարժման ռեժիմը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին խստորեն համապատասխան»։ Անդրադառնալով հայ ռուսական հարաբերություններին, Միրզոյանը շեշտել է․ «Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության հարցերը և, իհարկե, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության թեման։ Արձանագրեցինք, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։  Շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։ Գոհունակությամբ նշեցինք մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ փոխգործակցությունը, որի հետագա առաջխաղացմանն է միտված միջգերատեսչական խորհրդատվությունների վերաբերյալ ստորագրված երկամյա ծրագիրը։ Անդրադարձ կատարվեց մեր փոխգործակցությանը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ընդհանուր առմամբ բավարարված ենք միջպետական փոխգործակցության զարգացման դրական դինամիկայով»։ Հայաստանի արտգործնախարարը նաև նշել է, որ պատրաստ են այսուհետ ևս ջանքեր գործադրել Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:
19:31 - 20 մարտի, 2023
Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում․ Միրզոյան
 |armenpress.am|

Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում․ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Միրզոյանը նախ հիշեցրել է Լաչինի միջանցքի 3 ամիս շարունակվող շրջափակման մասին, ինչպես նաև այն մասին, որ Բաքուն խախտում է եռակողմ համաձայնագրի բոլոր կետերը և չի կատարում Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության երաշխավորման մեխանիզմների ապահովման և միջազգային մասնակցության անհրաժեշտությունը: «Անհրաժեշտ է միջազգային մասնակցություն ցեղասպանության կանխարգելմանը, պետք է նաև միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցքի հատված և Լեռնային Ղարաբաղ։ Հուսով ենք, որ այս հարցում ռուսական կողմի հետ փոխգործակցություն կլինի»,- ասել է Միրզոյանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը նաև կարևորել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխման գործում ռուսական խաղաղապահ զորակազմի դերը։ Նա նաև ուշադրության է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը միակողմանիորեն սկսել է Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման գործընթացը, մինչդեռ հայկական կողմը դրանով չի զբաղվում համապատասխան միջազգային մեխանիզմի բացակայության պատճառով:
17:52 - 20 մարտի, 2023
Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որոշման նախագիծը սեղանին է. Միրզոյան |aysor.am|

Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որոշման նախագիծը սեղանին է. Միրզոյան |aysor.am|

aysor.am: Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Ավելին, որոշման նախագիծը դրված է սեղանին։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - ասաց նա։ Միրզոյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը պատասխանատվության հստակ ոլորտ չի ճանաչում, և դա խնդրահարույց է։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ուրախ է, որ Հայաստանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելուց։ «Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու որոշումը ժամեր շարունակ ընթացող բանակցությունների առարկա էր Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին։ Բոլոր արտգործնախարարները համակարծիք են եղել դրա շուրջ։ Հիմա  մնում է փոքր քայլ, որպեսզի բոլոր պետությունների ղեկավարները ստորագրեն»,- ասաց Լավրովը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը մնում է, ՀԱՊԿ-ը պատրաստ է դրան։ «Ուստի, ես ուրախ եմ, որ Հայաստանը չհրաժարվեց այս հնարավորությունից, որը համապատասխանում է տարածաշրջանում անվտանգության ապահովման շահերին»,- ասաց Լավրովը։
17:22 - 20 մարտի, 2023
Քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը․ Լավրով
 |armenpress.am|

Քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը․ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ակնկալում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները շուտով կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին: «Ռուսաստանը նաև կողմ է սահմանների սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ակտիվացմանը՝ Մոսկվայի խորհրդատվական աջակցությամբ։ Մոսկվան պատրաստ է նաև աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է Լավրովը։ Լավրովն ընդգծել է բանակցային գործընթացի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը։ ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ հայկական կողմը հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ նոր հանդիպման հայկական կողմի պատրաստակամության մասին, քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը: «Առաջիկայում երեք նախարարների համար էլ հարմար ժամկետներ կընտրենք»,- եզրափակել է Լավրովը։
17:10 - 20 մարտի, 2023
Հայաստանին ու Ռուսաստանին գժտեցնելու Արևմուտքի փորձերը ձախողման են դատապարտված. Լավրով
 |armeniasputnik.am|

Հայաստանին ու Ռուսաստանին գժտեցնելու Արևմուտքի փորձերը ձախողման են դատապարտված. Լավրով |armeniasputnik.am|

<diarmeniasputnik.am: v class="article__block" data-type="text"> Հայաստանն ու Ռուսաստանը գժտեցնելու Արևմուտքի փորձերը ձախողման են դատապարտված։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։   «Մենք տեսնում ենք Ռուսաստանին և Հայաստանին (եկեք իրերն իրենց անուններով կոչենք) գժտեցնելու Արևմուտքի երկրների անթաքույց փորձերը, ինչպես նաև խարխլելու տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը՝ միաժամանակ հոգ տանելով ոչ թե այստեղ գտնվող երկրների շահերի, այլ իրենց աշխարհաքաղաքական շահերի մասին»,–ասաց նա։   Լավրովը նշեց, որ Միրզոյանի հետ առանձնազրույցում մանրամասն քննարկել են Լաչինի ապաշրջափակմանը հասնելու ուղիները, ինչպես նաև ԼՂ–ում իրավիճակի հարցը։   Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և այդ համատեքստում շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։    «Այսօրվա հանդիպումն անցել է անկեղծ ու վստահելի միջավայրում։ Մենք քննարկել ենք երկկողմանի համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության թեմատիկային առնչվող հարցերը։ Արձանագրել ենք, որ հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։ Շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը»,– նշեց Միրզոյանը։   Հանդիպման ընթացքում ընդգծվել է 2 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ փոխգործակցությունը, որի հետագա առաջխաղացմանը միտված է ստորագրված երկամյա միջգերատեսչական խորհրդատվությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և այլ տարածաշրջանային, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ փոխգործակցությանը:   Շարունակությունը՝ armeniasputnik.am-ում
16:31 - 20 մարտի, 2023