ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին |armenpress.am|

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավանական է համարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սկսումը: Զելենսկին այս մասին ասել է «YES Brainstorming» ֆորումի ժամանակ: «Կարծում եմ ՝  այն կարող է լինել, պոտենցիալ այդ թեմայի մեջ կա: Դա կլինի Ռուսաստանի ամենամեծ սխալը, դրանից հետո երբեք գոյություն չի ունենա հարևանական հարաբերություն Ռուսաստանի, Ուկրաինայի և  Բելառուսի միջև», - ասել է Զելենսկին: Նրա կարծիքով ՝ պետությունները թշնամիներ են դարձել Մոսկվայի գործողությունների պատճառով։ «Խնդիրն այն է, որ Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականությունը Ուկրաինայի ինքնուրույնության հանդեպ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում: Եվ խնդիրը ոչ թե այս կամ այն քաղտեխնոլոգի ընտրության մեջ է, որոնք մտցրել են այդ «ռուսական աշխարհ» եզրույթը և այլն, այլ այն, որ ուկրաինացի ժողովրդի վերաբերմունքը ռուսների հանդեպ դրանից հետո կոտրվեց», - պնդում է Զելենսկին:
20:17 - 10 սեպտեմբերի, 2021
Արգիշտի Քյարամյանը հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ նախագահների հետ

Արգիշտի Քյարամյանը հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ նախագահների հետ

Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի և նախաքննական մարմնի ծառայողի օրվա կապակցությամբ 2021թ. սեպտեմբերի 10-ին  Բելառուսի քննչական կոմիտեում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահներ Արգիշտի Քյարամյանի, Ալեքսանդր Բաստրիկինի և Դմիտրի Գորայի միջև: Հայկական պատվիրակության կազմում Բելառուս են մեկնել նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը: Այս մասին հայտնում է ՔԿ-ն: Նախօրեին Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեում տեղի էր ունեցել աշխատանքային հանդիպում՝ Դմիտրի Գորայի և Արգիշտի Քյարամյանի միջև: Բելառուսի քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ հրավերն ընդունելու և տոնակատարությանը մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել` համագործակցությունը շարունակելու և զարգացնելու վերաբերյալ:
15:14 - 10 սեպտեմբերի, 2021
Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուսական խաղաղապահ զորակազմի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում |tert.am|

Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուսական խաղաղապահ զորակազմի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը տարածաշրջանում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Մախաչկալայում անցկացվող համառուսական հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը:«ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը միայն դրական եմ գնահատում: Գնահատականը մեզ տալիս է խաղաղ բնակչությունը. այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է բնականոն հունով: Կան, իհարկե, բարդ հարցեր, սակայն գործընթացը տեղի է ունենում՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդիրների  լուծում: Այդ իսկ պատճառով կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կլինի»,- ասել է Մուրադովը:Վերջինս հիշեցրել է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում մնալու են խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում: «Առաջին հինգ տարին՝ ըստ երեխ երկրի ղեկավարների ստորագրած համաձայնագրի: Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ զորակամզի տեղակայումը երկարաձգելու մասին»,- հացելել է Մուրադովը:  
12:20 - 10 սեպտեմբերի, 2021
ՌԴ-ում տեղի է  ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի զորախումբը

ՌԴ-ում տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի զորախումբը

Սեպտեմբերի 9-ին ՌԴ Մուլինո զորավարժարանում  տեղի է  ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Վրանային ավանի շարահրապարակում բարձրացվել են մասնակից պետությունների ու զորավարժության դրոշները: ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշել է, որ համատեղ զորավարժությունները  հնարավորություն կընձեռեն մշակել  զորքերի պատրաստության համընդհանուր մոտեցումներ, կամրապնդեն ընկերությունն ու կձևավորեն մարտական եղբայրության նոր համատեղ ավանդույթներ: Բանակի գեներալը նաև շեշտել է, որ «Արևմուտք 2021» զորավարժությունները կրում են միմիայն պաշտպանողական բնույթ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Արևմուտք 2021»-ին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: ՌԴ և Բելառուսի տարածքում ընթացող զորավարժություններին ներգրավված են շուրջ 200 հազար զինծառայող, մոտ 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 760 միավոր տարբեր տիպի զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր ու հրետանային միջոցներ, ինչպես նաև 15 նավ: Զորավարժության հիմնական գործողությունները տեղի կունենան սեպտեմբերի 10-16-ը:
17:36 - 09 սեպտեմբերի, 2021
Հավերժ փառք հերոսի հիշատակին. ՀՀ ԱԻ նախարարը ցավակցել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ

Հավերժ փառք հերոսի հիշատակին. ՀՀ ԱԻ նախարարը ցավակցել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ցավակցական նամակ է հղել ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Չուպրիյանին: «Հարգելի՛ Ալեքսանդր Պետրովի, խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան մասին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և սփոփանքի խոսքեր ենք ուղղում Ձեզ, նրա գործընկերներին, ընտանիքին, հարազատներին և բարեկամներին: Մենք վշտակցում ենք և կիսում Ձեր ծանր կորուստը: Նրա անցած ուղին և մինչև վերջին օրը նվիրվածությունն իր կոչմանը և մասնագիտությանը հերոսության, հայրենիքին ծառայելու վառ օրինակ են և հավերժ օրինակ կլինեն ապագա սերունդների համար, ովքեր նվիրվել են մարդկանց կյանքեր փրկելուն: Հավերժ փառք հերոսի հիշատակին»,- նշված է նամակում:
18:08 - 08 սեպտեմբերի, 2021
«Ձեր միջոցով պետք է գրանցենք մեր լավագույն հաղթանակները». Վահրամ Դումանյանը Կազանում հանդիպել է հայ մարզիկների հետ

«Ձեր միջոցով պետք է գրանցենք մեր լավագույն հաղթանակները». Վահրամ Դումանյանը Կազանում հանդիպել է հայ մարզիկների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՊՀ երկրների առաջին խաղերին մասնակցող հայ մարզիկների հետ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով մարզաշխարհի ներկայացուցիչներին, նրանցից հետաքրքրվել է, թե ինչպես են ընթանում խաղերը կազմակերպչական տեսանկյունից, և ինչպիսի տրամադրվածություն ունի Հայաստանի մարզական պատվիրակությունը: Ներկաները փաստել են, որ ամեն ինչ կազմակերպված է բարձր մակարդակով, իսկ իրենք տրամադրված են հաղթանակների:  «Դուք մեր ուժն եք: Ձեր միջոցով մենք պետք է գրանցենք մեր լավագույն հաղթանակները: Այս խաղերը ևս մեկ հնարավորություն են՝ ցույց տալու, որ մենք եղել ենք, կանք և կլինենք: Լավ մասնակցության շնորհիվ դուք բացում եք ավելի մեծ հաղթանակների ճանապարհը»,- ասել է Վահրամ Դումանյանը՝ դիմելով հայ մարզիկներին:  ԱՊՀ առաջին խաղերում Հայաստանն արդեն 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ է նվաճել, ևս 2 բրոնզե մեդալ երաշխավորված է մուայթայ մարզաձևում: Վահրամ Դումանյանն իր գոհունակությունն է հայտնել հայ մարզիկների ելույթներից և նշել, որ նրանք պետք է մրցահարթակ դուրս գան հնարավորինս անկաշկանդ. «Իհարկե, հաղթանակները կարևոր են, բայց ինքներդ ձեզ չկաշկանդեք անպայման հաղթելու մտքով. հաղթելու ցանկությունը պետք չէ դարձնել մոլուցք: Եթե այս անգամ չստացվի, կստացվի հաջորդ անգամ. կարևորը չընկճվելն է»:  Մարզիկները, խոսելով առաջին անգամ անցկացվող ԱՊՀ երկրների խաղերին իրենց մասնակցությունից, ընդգծել են, որ այս մարզական ստուգատեսը կարևոր է հատկապես փորձառություն ձեռք բերելու տեսանկյունից: ԿԳՄՍ նախարարը ևս փաստել է փորձի կարևորությունը. «Փորձառության շնորհիվ ձեռք եք բերում կամային հատկանիշներ, սառնասրտություն, էմոցիաները վերահսկելու կարողություն: Դուք դա ինձնից լավ գիտեք: Հնարավոր է՝ մարզումների ժամանակ ռեկորդներ գրանցել, իսկ բուն մրցումների ժամանակ՝ լարվել: Այնպես որ՝ համակարծիք եմ, որ ԱՊՀ երկրների առաջին խաղերին մասնակցության կարևոր նպատակներից է փորձ ձեռք բերելը. փորձն է հանգեցնում հաղթանակների»: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ԿԳՄՍ նախարարության՝ սպորտի ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներից և առկա խնդիրներից: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ առկա հնարավորությունների սահմաններում արվում է առավելագույնը. «Գուցե այս պահին կտրուկ թռիչքաձև վերելքներ չկան, բայց կան հաստատուն քայլեր, որոնք ապահովելու են զարգացում: Վստա՛հ եղեք: Կատարվում են մարզադպրոցների, մարզադահլիճների շինարարություններ, մշակվում են մարզիկներին աջակցության ծրագրեր: Դուք պարզապես շարունակե՛ք նույն սպորտային ոգևորությամբ շարժվել դեպի նոր հաղթանակներ»: Հավելենք, որ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը Կազանում կմասնակցի «Ռուսաստան – սպորտային պետություն» («Россия – спортивная держава») ֆորումին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին:
15:25 - 08 սեպտեմբերի, 2021
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը |armtimes.com|

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը |armtimes.com|

armtimes.com: Իր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Եվգենի Զինիչևը մարդու կյանք փրկելու ժամանակ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով գերատեսչությանը: «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ Եվգենի Զինիչևը ողբերգական կերպով մահացել է իր պարտականությունները կատարելիս՝ մասնակցելով Արկտիկայի գոտին արտակարգ իրավիճակներից պաշտպանելու միջգերատեսչական վարժանքներին՝ փրկելով մարդու կյանք»,- ասվում է նախարարությունում: Զինիչևը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 18-ին, Լենինգրադում: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի բիզնեսի և իրավունքի ինստիտուտի տնտեսագիտության և ֆինանսավարկային ֆակուլտետները: 2013 թվականին նա մասնագիտական վերապատրաստում է անցել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում: 1984-1986 թվականներին ծառայել է Հյուսիսային նավատորմի ԽՍՀՄ զինված ուժերում: 1987-2015 թվականներին աշխատել է պետական անվտանգության մարմիններում:
13:58 - 08 սեպտեմբերի, 2021
Իսլամաբադը եւ Մոսկվան քննարկում են Պակիստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը |armenpress.am|

Իսլամաբադը եւ Մոսկվան քննարկում են Պակիստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը |armenpress.am|

armenpress.am: Իսլամաբադը եւ Մոսկվան քննարկում են Պակիստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավորությունը, դա կարող Է եւս մեկ ոլորտ դառնալ երկրների միջեւ համագործակցության զարգացման համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Շաֆքաթ Ալի Խանը: Նա նշել Է, որ անցած շաբաթ Պակիստանն արդեն ստացել Է ռուսաստանյան պատվաստանյութի առաջին խմբաքանակը: «Բայց չի կարելի այդպիսի մեծ երկրի բնակչությանը (ավելի քան 200 մլն մարդ) պատվաստել միայն գնված պատվաստանյութի օգնությամբ: Եվ այստեղ մենք անցնում ենք երկրորդ փուլին՝ Պակիստանում արտադրությանը: Այդ հարցի շուրջ բանավեճերն արդեն սկսվել են»,-ասել Է դեսպանը: «Ռուսաստանն ունի գիտական բազա, կա հաջող պատվաստանյութ, եւ դա կարող Է եւս մեկ ոլորտ դառնալ մեր երկրների միջեւ համագործակցության զարգացման համար»,-ընդգծել Է բարձրաստիճան դիվանագետը:
14:36 - 07 սեպտեմբերի, 2021
Ալիևի խորհրդականը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում տեղակայվել են ժամանակավոր |azatutyun.am|

Ալիևի խորհրդականը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում տեղակայվել են ժամանակավոր |azatutyun.am|

azatutyun.am: Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր, BBC-ի ադրբեջանական ծառայությանն ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը: «Ողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- ասել է նա՝ հավելելով` ռուս խաղաղապահները տեղակայվել են «Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածներում»` նոյեմբերի 10-ի հայտարարությանը համապատասխան: Ալիևի խորհրդականը նշել է, որ եռակողմ այդ հայտարարությունը սահմանել է խաղաղապահ ուժերի տեղակայման քաղաքական և որոշ չափով իրավական շրջանակները։ «Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնություններին ու հավելյալ իրավական մեխանիզմներին, ապա կողմերի միջև այդ հարցի վերաբերյալ նախնական շփումներ եղել են, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են»,- ասել է նա: Թե կոնկրետ ում միջև են քննարկումները և ինչ ձևաչափով, Ադրբեջանի նախագահի խորհրդականը չի հստակեցրել: Բանակցությունների ու քննարկումների մասին չեն խոսել նաև հայկական կողմից: Պաշտոնական Երևանը միայն հայտարարում է, որ Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել, և լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում նրանց դեմ: «Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը»,- օրեր առաջ ասել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը: Ղարաբաղյան հակամարտությանը հետևող միջազգային փորձագիտական խմբերից մեկը ամիսներ առաջ որոշ փակագծեր էր բացել` կուլիսային քննարկումների վերաբերյալ: Շարունակությունը՝ azatutyun.am-ում։
09:32 - 06 սեպտեմբերի, 2021
ՌԴ-ում դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանին հետմահու մանկապիղծ են ճանաչել |panarmenian.net|

ՌԴ-ում դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանին հետմահու մանկապիղծ են ճանաչել |panarmenian.net|

panarmenian.net: 2018-ին Մոսկվայում դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանին հետմահու մանկապիղծ են ճանաչել։ Փորձագետները սպանվածի մոտ սեռական հակվածության շեղում են արձանագրել՝ մանկապղծության տիպով, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։ Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցված բռնության և խոշտանգման քրգործի շրջանակում կատարվել է 2 հոգեբուժական և 1 լեզվաբանական փորձաքննություն։ Արդյունքները հաստատել են, որ տղամարդը մանիպուլացիայի է ենթարկել շրջապատի անձանց սպառնալիքների և բռնության միջոցով, և որ նրա դուստրերը լիակատար նյութական և բարոյական կախվածության մեջ են եղել հորից։ Փորձաքննության շրջանակում հարցաքննվել են Խաչատուրյանի հարևանները, հարազատները, բուժհաստատության աշխատակիցները, որտեղ նա բուժվել է, նրա դուստրերի ընկերները, մոտակա խանութների աշխատակիցները, նաև ուսումնասիրվել են բժշկական փաստաթղթերը։ Պարզվել է, որ Միխայիլ Խաչատուրյանը ֆիզիկական և սեռական բռնություն է կիրառել։ Փորձագետները եկել են եզրակացության, որ Խաչատուրյանի դուստրերը մշտական սթրեսի մեջ են եղել, լիակատար կախվածություն են ունեցել հորից, հարազատները նրանց չեն սատարել և աղջիկները վախեցել են սեփական և քույրերի կյանքի համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաչատուրյան քույրերին պաշտոնապես տուժած են ճանաչել նրանց հոր կողմից բռնության գործով։
16:24 - 04 սեպտեմբերի, 2021