Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

ՀՀԿ-ն չի մասնակցելու հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավին․ հայտարարություն

ՀՀԿ-ն չի մասնակցելու հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավին․ հայտարարություն

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրկին արձանագրում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական: Կուսակցության հայտարարությունում մասնավորապես ասված է․ «Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ: Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև պետականությունը քանդելու հերթական քայլն է: Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելու և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է: Մենք, արձանագրելով վերոգրյալը և չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին, հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չմասնակցելու վերաբերյալ:  Միաժամանակ ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետևանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաև թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում»։
11:22 - 14 փետրվարի, 2020
Հանրաքվեն հակասահմանադրական է, գրիչի հայտնի պատմությունից հետո իշխանությունն այսկերպ փորձում է լուծել մեկ անձի հարց. Մանե Թանդիլյան |tert.am|

Հանրաքվեն հակասահմանադրական է, գրիչի հայտնի պատմությունից հետո իշխանությունն այսկերպ փորձում է լուծել մեկ անձի հարց. Մանե Թանդիլյան |tert.am|

tert.am: Իշխանության մարտավարությունը որևէ մեկին քարկոծելն է, և երբ իր դիմաց չկա այդպիսի մեկը, իշխանական քարոզչամեքենան թուլանում է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: «Հանրաքվեի ամբողջ գործընթացը մենք համարում ենք հակաիրավական և հակասահմանադրական, այդ պատճառով դրան չենք մասնակցելու: Արդյոք նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները. մեր պատասխանն է՝ ոչ, և այդ միջոցին դիմելով՝ մենք շատ բան կքանդենք: Եթե ԲՀԿ-ն միանա մեզ, մենք այսօր էլ ստորագրահավաք կանենք ու կդիմենք ՍԴ-ին: Բայց ակնհայտ է, որ նրանք մեզ չեն միանա»,- ասել է պատգամավորը: Ըստ Թանդիլյանի՝ ԲՀԿ-ն կաշկանդված է իր քաղաքական որոշումներում, քանի որ խոցելի է և կախյալ՝ ի տարբերություն «Լուսավոր Հայաստանի»: «Մենք սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ունենք, պետք է մշակենք համակարգային լուծումներ: Սուպերվարչապետական համակարգը շարունակում է գոյություն ունենալ, անհրաժեշտ է փոխել ամբողջ փաստաթուղթը, ոչ թե ընդամենը մեկ հոդված: Մենք մեկ մարդու համար գնում ենք հանրաքվե անելու, Սահմանադրություն փոխելու»,- ասել է Թանդիլյանը: Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ իշխանության ցանկությունն այն էր, որ ԼՀԿ-ն ներգրավվի «Ոչ»-ի շտաբում, և իրենց խրտվիլակ թիրախ դարձնեն. «Մեր ժողովուրդն ավելի արագ համախմբվում է ընդդեմի, ոչ թե հանունի գաղափարի ներքո: Իշխանությունը հատում է բոլոր վտանգավոր գծերը: Եթե քեզ հետ չհամաձայնվողին համարում են հակապետական, լրջագույն հարված են հասցնում իրավունքի գերակայությանը և պետական շահին: Երկրի առաջին դեմքի շուրթերից հնչող նման արտահայտություններն անթույլատրելի և վտանգավոր են»: Մանե Թանդիլյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բարոյազրկում է սեփական անցած ճանապարհը, քանի որ ԼՀԿ-ի հետ նույն դաշինքում է եղել. «Ամբողջ իշխանական ապարատը մեկ մարդու՝ Հրայր Թովմասյանի համար հակաիրավական գործընթաց է սկսում՝ ժողովրդին էլ դրա մասը դարձնելով: Նա, ով ձեզ հետ է, անմե՞ղ է, դուք քավարա՞նն եք, մեղքերի թողությո՞ւն եք տվել նրանց: Ով ձեզ հետ է, սուրբ է, ով ձեզ հետ չէ՝ հակապետակա՞ն է»: Ավելին՝ tert.am-ում
11:01 - 14 փետրվարի, 2020
«Ոչ»-ի քարոզչություն գուցե չլինի, բայց փոխարենը կլինի «հակաայո»-ի քարոզչություն |armtimes.com|

«Ոչ»-ի քարոզչություն գուցե չլինի, բայց փոխարենը կլինի «հակաայո»-ի քարոզչություն |armtimes.com|

armtimes.com: Հանրաքվեից առաջ քաղհասարակության կառույցների մոտեցումները դիտարկելու համար բանավեճ-քննարկում էր հրավիրել «Հոդված 3» ակումբը: «Լինելու է գուցե ոչ «ոչ»-ի, բայց «հակաայո»-ի քարոզչություն»,- նշեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը: Նրա կարծիքով՝ ոմանք պաշտոնապես չեն մտնի ոչ-ի քարոզչության դաշտ՝ ինքնակամ հրաժարվելով քարոզչության համար տրվող արտոնություններից, բայցեւ փաստորեն չստանձնելով քարոզչության համար սահմանված պարտականությունները: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիների շրջանում իրենց կազմակերպության անցկացրած հարցումների արդյունքների համաձայն՝ ամենակոռումպացված համակարգերից մեկը մեր համաքաղաքացիները համար դատական համակարգն է. «Ուստի, ակնկալում ենք, որ իշխանությունները արագ քայլեր պետք է իրականացնեն այդ կառույցում փոփոխությունների համար»: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝  քարոզչության պատրաստվողները պիտի զգույշ լինեն, որ իրենց խոսքը անձի դեմ պայքար չընկալվի: «Ստեղծվում է նախադեպ, երբ նոր իշխանությունները փոխում են Սահմանադրական դատարանի դատավորներին: Մենք պետք է չմտածենք, թե ուղղակի մարդկանց հետեւից ենք ընկած: Ես չեմ ուզում, որ «այո» եւ «ոչ» ասողները անձնավորեն այդ փոփոխությունները, քանի որ այդ փոփոխություններն իրականում անձերին չի վերաբերում»,- ասաց նա: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հավաստեց, որ քարոզչություն են ինչպես «այո-ոչ» քվեարկելու կոչերը, այնպես էլ՝ հանրաքվեին մասնակցելու-չմասնակցելու կոչերը։ «Հանրաքվեն շատ հարցերի վերջնական լուծման լավագույն մեխանիզմն է, եւ կարեւոր է, որ հանրաքվեի դրվեն հարցեր, որոնց հետ կապված իշխանության ու քաղաքացիների կարծիքը կարող է տարբերվել»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ հանրաքվեի ժամանակ պետք է ընտրողների ընդհանուր ցուցակի մեկ քառորդը (մասնակիցների կեսից ավելին) կողմ քվեարկի: Իոաննիսյանի կարծիքով՝ հանրաքվեն լավ մեխանիզմ է որոշ հարցերին լուծում տալու համար, սակայն հարկ է զգույշ լինել, որ իշխանության եւ հանրության տարակարծությունների պարագայում այն չվերածվի հայտնի անեկդոտին. «Մեր ընտանիքում ժողովրդավարություն է: Երբ ես ու կինս համակարծիք ենք, անում ենք այն, ինչ կինս է ասում, երբ տարակարծիք ենք, անում ենք այն, ինչ ես եմ ասում»: Շարունակությունը կարդացեք armtimes.com-ում։
16:02 - 13 փետրվարի, 2020
Նոր նախագիծ. փոփոխել «ԱԺ կանոնակարգը», որ ՍԴ դատավորի հրաժարականի դեպքում նրա տեղը երկար ժամանակ թափուր չմնա |armtimes.com|

Նոր նախագիծ. փոփոխել «ԱԺ կանոնակարգը», որ ՍԴ դատավորի հրաժարականի դեպքում նրա տեղը երկար ժամանակ թափուր չմնա |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նոր նախագիծը՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին: Նախագիծը վերաբերում է ՍԴ դատավորների ընտրության կարգին: Մասնավորապես, պատգամավորն առաջարկում է դատավորի հրաժարականի դեպքում նոր դատավոր նշանակելու գործընթացը չձգձգել: Նախագիծը ուղարկվել է ԱԺ նախագահին՝ շրջանառության մեջ դնելու առաջարկով: Այն բաղկացած է ընդամենը երկու հոդվածից: Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 141-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «հերթական» բառը: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության նախատեսված կարգավորումներն այնպիսին են, որ դրանք արհեստականորեն ձգձգում են գործընթացը: Մասնավորապես, դատավորի հրաժարականի դեպքում, եթե դա տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ մայիսին, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինն էլ կկատարի իր պարտավորությունը, միեւնույն է, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի առկա կարգավորման պատճառով ՍԴ դատավորի տեղը թափուր կմնա ավելի քան չորս ամիս: «Այս փոփոխության նպատակն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն նաեւ արտահերթ նիստում: Այսպիսով, դատավորի թափուր տեղի համալրման գործընթացը չի ձգձգվի՝ զուտ ձեւական կարգավորումներով պայմանավորված»,- ասվում է հիմնավորման մեջ:
15:45 - 13 փետրվարի, 2020
«Ապրիլի 5-ի հանրաքվեին դիտորդական առաքելություն ենք իրականացնելու»․ Դանիել Իոաննիսյան |factor.am|

«Ապրիլի 5-ի հանրաքվեին դիտորդական առաքելություն ենք իրականացնելու»․ Դանիել Իոաննիսյան |factor.am|

factor.am: Շատ հարցերին վերջնական լուծում տալու համար հանրաքվեն լավ մեխանիզմ է, բայց շատ կարևոր է, որ հանրաքվեի հանվեն նաև այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ իշխանությունն ու հանրության մեծամասնությունը տարակարծիք են։ Այս մասին այսճր «Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները» թեմայով քննարկմանը նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Հարցը հանրաքվեի հանելը չի կարող դիտվել Սահմանադրության տրամաբանությանը դեմ։ Թեև բոլորի համար հստակ է, որ Սահմանադրության որոշ կարգավորումներ ենթադրում էին, թե հարցը, նախքան հանրաքվեի հանելը, պետք է ուղարկվեր Սահմանդրական դատարան, բայց Սահմանադրության տրամաբանությունը ենթադրում է, որ կան լեգիտիմ հիմքեր՝ նման քայլի չդիմելու։ Նախքան 2015 թվականի փոփոխությունները, Սահմանադրությունը ենթադրում էր, որ սահմանադրական որևիցե փոփոխություն չպետք է անցներ ՍԴ-ով, ՍԴ-ն նման լիազորություն չուներ։ Դեռևս չեմ տեսել մի երկիր, որտեղ հանրաքվեի դրվող սահմանադրական փոփոխությունների հետ կապված ՍԴ-ն եզրակացություն տա, նման երկիր ինձ հայտնի չէ»,- ընդգծեց Իոաննիսյանը։
13:58 - 13 փետրվարի, 2020
Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն․ ՀՅԴ

Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն․ ՀՅԴ

Ափսոսանքով փաստում ենք. օրվա քաղաքական իշխանությունը, չհետևելով բազմաթիվ հորդորների և զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ:Շահարկելով և ձևախեղելով անմիջական ժողովրդավարության կարևոր ինստիտուտ հանդիսացող հանրաքվեն, իշխանությունը քողարկում է ամեն գնով մենիշխանություն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջև ծառացած սպառնալիքները չեզոքացնելու անկարողությունը: Դատապարտելով ամբոխավարական մեթոդներով արհեստական օրակարգ ձևավորելու քաղաքական իշխանության վարքագիծը, ահանզանգ հնչեցնելով այս հակասահմանադրական ընթացքի մասին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է` անընդունելի է հակաօրինական ճանապարհով հարցեր լուծելու իշխանության մոտեցումը: Ըստ այդմ.  Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին՝ մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն՝ հստակ ուղերձ հղելով իշխանություններին, որ ժողովուրդն այլևս հոգնել է պուպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականությունից, արդեն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպես էլ չնպաստեցին հանրային բարեկեցության աճին և իրական ժողովրդավարությանը: Դիմում ենք քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը, մեր հայրենակիցներին՝ միավորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն, կանխելու հակապետական այս ընթացքը և, ի վերջո, ձեռնամուխ լինել իրական բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակներին հասնելու համար Դաշնակցությունը կձեռնարկի անհրաժեշտ ակտիվ գործողություններ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին  
13:51 - 13 փետրվարի, 2020
Վենետիկի հանձնաժողովի հետ սկզբում էլ, հիմա էլ, հետո էլ շատ ինտենսիվ աշխատում ենք |lragir.am|

Վենետիկի հանձնաժողովի հետ սկզբում էլ, հիմա էլ, հետո էլ շատ ինտենսիվ աշխատում ենք |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի հետ։ Տիկին Կարապետյան, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում բավականին կոշտ գնահատականներ է տվել հանրաքվեի գործընթացի վերաբերյալ։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ սա հանցագործություն է հայ ժողովրդի և պետության դեմ, որ այսօր դրված է մեկ խնդիր՝ ունենալ իշխանությանը հլու հնազանդ ՍԴ։ Ես չեմ մեկնաբանում Դավիթ Հարությունյանին, ինքն իր կարծիքը ունի, ես այդ կարծիքը չեմ կիսում։ Ամեն դեպքում այս գնահատականները իշխանության մոտ իր առաջնահերթությունները վերանայելու տեղ թողնո՞ւմ են։ Եթե վերանայումներ ասելով նկատի ունեք հետնահանջը, իհարկե, նման մտադրություն իշխանությունը չունի։ Իշխանությունն իր վճռական խոսքն ասել է բոլոր քննարկումների ժամանակ, նահանջի որևէ հնարավորություն ես բացառում եմ, հնարավոր չէ։ Ո՞ր դեպքում է  հնարավոր, որ հանրաքվե տեղի չունենա։ Օրինակ՝ եթե ՍԴ դատավորները հրաժարական տան, ի՞նչ է լինելու։ Այս պահին ես նման հնարավորություն չեմ տեսնում։ Ամեն ինչ գնում է իր բնականոն հունով։ Պետք չի գուշակություններով զբաղվել. եթե ՍԴ դատավորները հրաժարական տան, կգա այդ օրը, այդ ժամանակ էլ կարող ենք դրա մասին խոսել։ Այս պահին ես հանրաքվեի չեղարկման հնարավորություն չեմ տեսնում։ Ընդդիմությունը նշում է, որ 2000 տեղամասերում օրենքի պահանջով պետք է փակցված լինի ՍԴ եզրակացությունը սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որը չկա։ Նրանք ձեզ մեղադրում են հակասահմանադրական գործողությունների մեջ։ Որն է ձեր պատասխանն այս քննադատություններին։ Ես և իմ գործընկերները բազմիցս անդրադարձել ենք այս հարցին և թեման հիմնավոր փակել ենք, որ որևէ հակասահմանադրական գործողություն, քայլ մեր կողմից չկա։ Ընթացակարգերի մասով էլ շատ անդրադառնում են, որ պետաիրավական հանձնաժողովի եզրակացությունը չկա։ ԱԺ կանոնակարգը շատ հստակ սահմանում է, որ եթե արտահերթ ռեժիմով քննարկման է գնում հարցը, հանձնաժողովն ունի երկօրյա ժամկետ գրավոր առաջարկների ընդունման համար և հանձնաժողովը դա չի խախտել։ Խմբակցությունն էլ իր միջնորդությամբ և հիմնավորմամբ ներկայացրել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը։ Սա ԱԺ կանոնակարգ օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետն է։ Էստեղ որևէ ընթացակարգային խախտում չկա, ամեն ինչ իր հունով գնացել է։ Չե՞ք կարծում, որ իշխանությունը շատ ուշացրեց ՍԴ խնդրի լուծումը։ Եթե կար հանրաքվեի տարբերակը, ինչո՞ւ գնացիք պլան A, պլան B-ի տարբերակներով։ Մենք ամեն դեպքում ձեռք ենք մեկնել և փորձել ենք հնարավորինս լուծումներ առաջարկել, բայց ինչպես տեսնում եք, դրանք արդյունք չեն տվել։ Սա գործընթացի ընդամենը շարունակությունն է։ Շարունակությունը՝ lragir.am-ում
11:51 - 13 փետրվարի, 2020
Այս անգամ մենք պետք է ավելի հստակ իմանանք, թե ուր ենք գնում․ Սուրեն Սահակյան

Այս անգամ մենք պետք է ավելի հստակ իմանանք, թե ուր ենք գնում․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատ ա հարց առաջանում, թե ինչու «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ԱՅՈ կամ ՈՉ-ի կողմնակից լինելու մասին միանշանակ չի հայտարարում։ - Որովհետև հեղափոխության ժամանակ, դրանից հետո, շատ հաճախ մարդիկ դուրս են եկել փողոց, գնացել ընտրատեղամասեր, իրականցրել ակցիաներ ու փոխարենը ստացել են բաներ, որոնք փողոց դուրս գալիս, ընտրատեղամաս գնալիս և ակցիաներ իրականացնելիս չէին էլ կարող ենթադրել։ Օրինակ՝ որ էդ ընթացքում իրենց իրավունքները ոտնահարող պաշտոնյան կարող ա էդ գործողությունների արդյունքում մարզպետ դառնալ։ Նման օրինակները բազաթիվ են։ Էս մի անգամ մենք պետք ա ավելի հստակ իմանանք, թե ուր ենք գնում։ - Որովհետև որպես հիմնավորում, թե ինչի՞ մարդիկ պետք ա գնան ու ԱՅՈ քվեարկեն, բերվում ա ոչ թե իրավաքաղաքական գնահատական, այլ բանաստեղծություն։ Իսկ բանաստեղծության մեջ ասվում ա․ «ԱՅՈ, որովհետև հպարտ ու միացյալ ժողովուրդը ճանապարհ չունի դեպի անցյալ», «ԱՅՈ, որովհետև ժողովրդից խլված արժեքը ինքն իր ձեռքերով ա նվաճել», «ԱՅՈ, որովհետև համաձայն ես Նոր Հայաստանին»։ Դուք հասկացա՞ք՝ ինչ հարց ա դրված քվեարկության։ Մարդկանց կեսը, եթե ոչ ավելին, նույնիսկ չգիտեն, թե ինչ հարց ա դրված քվեարկության։ Սա՝ ինչ ասում ա վարչապետի էջը։ Մյուս դեպքերն ավելի տխուր են՝ «ԱՅՈ, որովհետև ՀՀԿ …(տարբեր վարիացիաներ)», «ԱՅՈ, եթե ուզում ես հեղափոխությունը հաղթի», «ԱՅՈ, եթե մեզ հետ ես»։ Ես դեռ մեղմում եմ էն պահերը, որտեղ «եթե մեր հետ չես, ապա մեր դեմ ես»։ Մինդեռ հանրաքվեի դրած մի շատ կոնկրետ հարց՝ ՍԴ 9 անդամներից 7-ը պետք ա դադարեն պաշտոնավարել շատ կոնկրետ պատճառներով։ Կառավարող ուժը պետք ա նենց բացատրի, թե ինչու են ուզում հեռացնել էդ 7 հոգուն, որ քվեարկության գնացողը որոշումը գիտակցված կայացնի, ոչ թե բանաստեղծությունից ոգևորված։ - Որովհետև եթե մենք հանրությանը դրդում ենք ուղիղ ժողովրդավարության, ապա պետք ա էդ հանրությունը սովոր լինի գիտակցված որոշումներ կայացնել, ոչ թե էմոցիոնալ։ Որովհետև սենց ոչ մի պատասխանատվություն չկա․ «լավ բաների համար ու վատ բաների դեմ»։ Իսկ թե վաղը ինչ կլինի՝ «մենք պատասխանատու չենք, ժողովուրդն ա տենց ուզել»։ Որովհետև եթե ամեն ինչ հենց սենց էլ մնա, վաղը բանաստեղծական ավելի մեծ ձիրքով օժտված մեկը կարող ա ուղիղ հակառակում համոզել և էս մտահոգությունն ա նաև պատճառը, որ աշխարհում սարսափում են ուղիղ ժողովրդավարությունից։ - Ի վերջո, որովհետև էդ հարցին պատասխանից հետո փակվում են շատ այլ հարցեր։ Շատ հաճախ էդ հարցի պատասխանը պետք ա ընդամենը պարզելու՝ այս կամ այն քաղաքական միավորը դավաճա՞ն ա, թե՞ նվիրյալ՝ պետք ա հայհոյե՞լ, թե՞ փաղաքշել։ Որովհետև շատ հաճախ հետաքրքիր չի, թե էդ պատասխանի հիմքում ինչ փաստարկներ կան։ Շատ կարճ ա պետք՝ այո՞, թե՞ ոչ / սև՞, թե՞ սպիտակ / կո՞ղմ, թե՞ դեմ / դավաճա՞ն, թե՞ նվիրյալ / սրիկա՞, թե՞ հերոս։ Այ սենց պարզունակացվել ա քաղաքականությունը։ Ես ներկայացրեցի մտահոգություններից ընդամենը մի քանիսը։ Դրանք տասնյակ են։ Այնուամենայնիվ, ամենաուշը երկուշաբթի օրը մեր դիրքորոշման մասին հայտարարությամբ հանդես կգանք»։
09:05 - 13 փետրվարի, 2020
Մեր բոլոր դատաիրավական բարեփոխումների նպատակն իրապես անկախ դատական համակարգ ունենալն է, անկախ ոչ միայն գործադիրից և օրենսդիրից, այլև արտաքին ազդեցություններից․ Ռուստամ Բադասյան |tert.am|

Մեր բոլոր դատաիրավական բարեփոխումների նպատակն իրապես անկախ դատական համակարգ ունենալն է, անկախ ոչ միայն գործադիրից և օրենսդիրից, այլև արտաքին ազդեցություններից․ Ռուստամ Բադասյան |tert.am|

tert.am: Մեր բոլոր դատաիրավական բարեփոխումների նպատակն իրապես անկախ դատական համակարգ ունենալն է, անկախ ոչ միայն գործադիրից և օրենսդիրից, այլև արտաքին ազդեցություններից, որոշ շրջանակների ազդեցություններից, և մենք հետևողականորեն գնալու ենք այդ ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Վերջինս նշեց, որ թեպետ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը հայտնի է, բայց հանրաքվեի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու հարցը կքննարկեն եվրոպացի գործընկերների հետ։ Անդրադառնալով ՍԴ-ի և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքներին՝ նախարարն ասաց, թե ինքը չի տեսել որևէ այնպիսի հայտարարություն, որը մտահոգիչ կլինի կամ կարող է դիտվել մտահոգիչ: «Ես տեսել եմ, որ Հայաստանում մեկնարկած դատաիրավական, հակակոռուպցիոն բարեփոխումներին միջազգային կառույցների կողմից տրվել են լավ, բարձր գնահատականներ, նշվել է, որ այն, ինչն այսօր կատարվում է Հայաստանում, հնարավոր չէր տասը տարի առաջ, հնարավոր չէր նախկին պայմաններում, և ողջունել են Հայաստանում մեկնարկած բարեփոխումները»,-ասաց Բադասյանը՝ նշելով, թե այս փուլում իրենց խնդիրը ցույց տալն է, որ բարեփոխումները շարունակական են լինելու: Դիտարկմանը, թե ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ իրավական առումով խնդիր է տեսնում, որ երկրի ղեկավարը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել ՍԴ բոլոր դատավորների հետ, Բադասյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ խնդիրը նրանում է, որ եթե որոշակի պարզաբանման հարցեր կան կամ, օրինակ, ՍԴ դատավորները ճնշում են տեսնում որևէ կողմից իրենց նկատմամբ, կարող են նաև այդ հարցով դիմել ՀՀ վարչապետին. նա որևէ միտում չուներ որևէ կերպ կասկածի տակ դնելու որևէ անկախ մարմնի անկախության խնդիրը»:
17:25 - 12 փետրվարի, 2020
Վարչապետը հաստատել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը

Վարչապետը հաստատել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ՀՀ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Տիգրան Մարկոսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը: Վարչապետի որոշման մեջ նշվում է.  1) հանձնաժողովի գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ. 2) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
12:15 - 12 փետրվարի, 2020
Եթե ԼՀԿ-ն ասում է, որ ոչ «ԱՅՈ»-Ի, ոչ էլ «ՈՉ»-ի կողմնակիցն է, միակ տարբերակը բոյկոտն է, բայց դա էլ չեն անում, ինչը ծիծաղելի է․ Լևոն Զուրաբյան |24news.am|

Եթե ԼՀԿ-ն ասում է, որ ոչ «ԱՅՈ»-Ի, ոչ էլ «ՈՉ»-ի կողմնակիցն է, միակ տարբերակը բոյկոտն է, բայց դա էլ չեն անում, ինչը ծիծաղելի է․ Լևոն Զուրաբյան |24news.am|

24news.am: «ՍԴ-ի հարցը մեկ տարի առաջ կարելի էր լուծել, բայց հիմա կոնկրետ հարց է դրված և իշխող կուսակցությունն առաջարկում է սա, որը միգուցե իդեալական լուծումը չէ, սակայն այդ հանրաքվեի արդյունքով ի վերջո որոշվելու է՝ երկիրն ինչպես է շարունակելու իր ընթացքը։ Այդ որոշման վերաբերյալ մեր որոշումն «այո» է»,- այս մասին ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Զուրաբյանը կարծում է, որ իշխանությունը փորձել է հարցի լուծումը հանձնել ժողովրդին, որպեսզի տարընթերցումների տեղիք չտա, թե ԱԺ-ն չարաշահել է Սահմանդրությունը մեկնաբանելու կամ այն յուրովի կիրառելու իր իրավունքը։ ՀԱԿ փոխնախագահի համար անընդունելի է, որ երկրի համար բախտորոշ հարցերում քաղաքական ուժերը սկզբունքային դիրքորոշում ցույց չեն տալիս։ «Ինչո՞ւ չեն կողմնորոշվում, ի՞նչ կա չկողմնորոշվելու։ Եթե ԼՀԿ-ն ասում է, որ ոչ «ԱՅՈ»-ի և ոչ էլ «ՈՉ»-ի կողմնակիցն է, միակ տարբերակը բոյկոտն է, բայց դա էլ չեն անում, ինչը ծիծաղելի է։ Իրենք «ՈՉ»-ի ճամբարում են, ուղղակի գտել են հաղթանակի լավագույն ձևը։ Նորից անսկզբունքայնության հարց է։ Երբ դու քո դիրքորոշումն ունես և գիտես, որ այն ոչ մի շանս չունի և չես կարող հաղթել «ԱՅՈ»-ին, կարող ես մեկ բան անել՝ այնքան ոչ ակտիվ դարձնել հասարակական մթնոլորտը, որ մարդիկ ուղղակի պատշաճ քանակի դուրս չգան, և  650 հազարի «ԱՅՈ»-ի քվորումը չլրանա»,- կարծում է ՀԱԿ փոխնախագահը։  Շարունակությունը՝ տեսանյութում։
10:44 - 12 փետրվարի, 2020
ՍԴ 9 դատավորից 7-ը, ըստ էության, անձնական շահագրգռվածություն ունեն այս խնդիրը լուծելու պարագայում |lragir.am|

ՍԴ 9 դատավորից 7-ը, ըստ էության, անձնական շահագրգռվածություն ունեն այս խնդիրը լուծելու պարագայում |lragir.am|

lragir.am: Հարցազրույց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյան, «Լուսավոր Հայաստանն» արդեն հայտարարել է, որ իրենք հանրաքվեի գործընթացին չեն մասնակցում, «ոչ»-ի ճամբար չեն ձևավորելու, մյուս ընդդիմադիր ուժերից դեռ արձագանք չկա։ Ի՞նչ կարող է լինել, եթե այդպես էլ «ոչ»-ի շտաբ չձևավորվի։ «Հանրաքվեի մասին» օրենքը նախատեսում է որոշակի լուծումներ այս հարցի վերաբերյալ։ Այդ ժամկետը բավական սեղմ է, բայց չենք կարող բացառել, որ դեռ նախաձեռնություն կլինի և «ոչ»-ի շտաբը կձևավորվի։ Այս պահին վաղ է խոսել դրա մասին։ Ընդհանուր առմամբ, քաղաքական ուժերի չմասնակցությունը գործընթացին և «ոչ»-ի նախաձեռնությանը չմիանալը նշանակում է, որ շատերը կողմ են, փաստորեն, հանրաքվեի անցկացմանը և հանրաքվեով առաջարկվող լուծումներին։ «Լուսավոր Հայաստանն» ուներ իր հիմնավորումները, որ գործընթացում եղել են ընթացակարգային կոպիտ խախտումներ, որ չէր կարելի ամբողջ ժողովրդին այս գործընթացի մեջ ներքաշել։ Նաև նշվում է, որ «ոչ»-ի շտաբի ձևավորումը ձեռնտու է իշխանություններին, որի համար դա թիրախ կդառնա։ Ես զարմանում եմ և շարունակում եմ զարմանալ բոլոր այն անձանց վրա, որոնք այս գործընթացը ընկալում են որպես ժողովրդին պրոցեսի մեջ ներքաշում։ Իշխանության կրողը ժողովուրդն է, հարկատուն ժողովուրդն է։ Ըստ էության, մեզ լիազորողը ժողովուրդն է, վերջնական արբիտրը ցանկացած վեճի պարագայում էլի ժողովուրդն է։ Այս պարագայում խոսել այն մասին, որ միջոցներ են վատնվում, որ պատասխանատվությունը գցում են ժողովրդի վրա, սա առնվազն վիրավորական պետք է հնչի հենց ժողովրդի համար։ Այն ժողովրդի, որն այսքան տարիներ  պայքարել է մի բանի համար, որ իր ձայնը լսելի լինի։ Հիմա մենք  փորձում ենք ժողովրդի ձայնը լսելի դարձնել, մեզ քննադատում են։ Ժողովրդին ինչպե՞ս է հնարավոր համոզել, որ գնա ու կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, որովհետև այնքան էլ ընկալելի չէ, թե ինչի համար է քվեարկելու։ Պետք է երևի կոնկրետ նշվի, թե ընտրությունն ինչի միջև է։ Ինչպե՞ս եք քարոզարշավն իրականացնելու։ Հավատացնում եմ ձեզ, որ անկախության հանրաքվեից ի վեր, իսկ այդ ժամանակ հստակ հարց էր դրված և ժողովրդի ճնշող մեծամասնության համար այն հասկանալի էր, մնացած բոլոր հանրաքվեները, որոնք վերաբերել են սահմանադրական փոփոխություններին, դրանք իրոք, լուրջ մասնագիտական ընկալման կարիք ունեին, բայց այդուհանդերձ, ժողովորդն իր որոշումը կայացրել է։ Տվյալ պարագայում շատ ավելի հստակ հարց է դրված՝ պահպանել այն իրավիճակը, որն առկա է գործող Սահմանադրության մեջ, թե թույլ տալ, որ հնարավորինս շուտ կյանքի կոչվեն Սահմանադրության 7-րդ գլխում ամրագրված իրավական կանոնակարգումները։ Կարծում եք, եթե հանրությանը շատ հստակ չբացատրվի, գնալու է և կո՞ղմ է քվեարկելու հանրաքվեին։ Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ պարզ չի բացատրվելու կամ հանրությունը չի ընկալում ստեղծված իրավիճակը։ Որովհետև կարծեք թե հանրությունն իր օրակարգում սահմանադրական դատարանի ձեւավորման հարց չէր դրել։ Հանրությունը գուցե իր օրակարգում չի դրել սոսկ ՍԴ-ի ձևավորման հարցը, բայց այդ հարցն անմիջականորեն փոխկապակցված է խորհրդարանական կառավարման ձևի անցումային փուլն արագ անցնելու և բնականոն սահմանադրաիրավական հուն տեղափոխվելու հետ։ Իմ կարծիքով, հանրությանը պետք չի թերագնահատել, հանրությունը շատ լավ հասկանում և ընկալում է, թե ինչի մասին է խոսքը։ Շարունակությունը՝ lragir.am-ում
10:31 - 12 փետրվարի, 2020
ՀՀ նախագահը հանրաքվե նշանակելուց հետո չի բացառում հետագա քննարկումների շարունակումը

ՀՀ նախագահը հանրաքվե նշանակելուց հետո չի բացառում հետագա քննարկումների շարունակումը

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին վերաբերող ԶԼՄ-ների հարցերին: Այն ներկայացրինք ստորև։ «Ի պատասխան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի՝ հայտնում ենք. Հանրապետության նախագահը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե: Միաժամանակ, կարևորելով սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև օրենքի գերակայությունը պահպանելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձր պահելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի հետ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին և փորձագետներին դիմելը: Հանրապետության նախագահը մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը պետական և հասարակական կյանքին առնչվող կարևորագույն որոշումները ժողովրդի անմիջական կամարտահայտությամբ՝ հանրաքվեով որոշելու նպատակահարմարության և անհրաժեշտության մասին»:
13:39 - 11 փետրվարի, 2020