Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Քրիստինե Գրիգորյանը ԵՄ գործընկերներն ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը

Քրիստինե Գրիգորյանը ԵՄ գործընկերներն ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը

Բրյուսելում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։ Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում ՀՀ-ԵՄ կողմերը մտքեր են փոխանակել ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում Կառավարության բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։ Հայկական կողմից թեման ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը։ Նախարարի տեղակալն իր ելույթում գործընկերներին ներկայացրել է դատական և իրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության և ոստիկանության ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը։ Փոխնախարար Գրիգորյանը շեշտել է, որ կառավարությունը հետևողականորեն շարժվում է առաջ դատական համակարգի բարեվարքության, անկախության և արդյունավետության ապահովման իր ծրագրով, անդրադարձել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների ձևավորման ընթացքին, ինչպես նաև տեղեկացրել քրեական արդարադատության ժամանակակից համակարգի ներդրմանը միտված քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի հաստատման ընթացքի մասին։ Քրիստիննե Գրիգորյանը նաև ներկայացրել է մարդու իրավունքներրի պաշտպանության և ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղություններն ու ընթացքը։ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելը բարձր է գնահատել արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտներում կառավարության իրականացրած բարեփոխումների ընթացքը, գոհունակությամբ է նշել եղած մարտահրավերների պայմաններում ժողովրդավարական այդ բարեփոխումները շարունակելու Կառավարության հանձնառությունը։ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին նշել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումներին Եվրոպական միությունն աջակցում է 30 մլն եվրոյի աջակցության փաթեթով և խոստումնալից կատարողականի համար անցյալ շաբաթ կատարել է աջակցության 9 մլն եվրոյի փոխանցում պետական բյուջե։ Հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է հակակոռուպցիոն ուժեղ ինստիտուտների, ներառյալ՝ Հակակոռուպցիոն իրավապահ մարմնի և հակակոռուպցիոն դատարանի ձևավորման ուղղությամբ Կառավարության ակտիվ ջանքերը։ Օլիվեր Վարհեին նաև նշել է, որ Եվրոպական միությունն աջակցում է ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման կառավարության ջանքերին, և այդ ուղղությամբ 10 մլն եվրոյի աջակցություն է հասանելի դարձրել 2021 թվականից։ Նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը անդրադարձել է COVID-19 համավարակին և ադրբեջանական կողմից սանձազերծված պատերազմին, դրա ցավալի հետևանքներին և նշել, որ  երկրում ստեղծվել են մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության նոր մարտահրավերներ և առաջնահերթություններ։
13:09 - 18 դեկտեմբերի, 2020
Գործադիրը հստակեցրեց՝ երբ զինծառայողը կամ քաղաքացին կարող է անհետ կորած ճանաչվել |1lurer.am|

Գործադիրը հստակեցրեց՝ երբ զինծառայողը կամ քաղաքացին կարող է անհետ կորած ճանաչվել |1lurer.am|

1lurer.am: Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է անհայտ բացակայելու հետ կապված նոր կանոնակարգում: Այդ մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:  «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: Նախագիծը տարածվում է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Փոփոխությունը կնպաստի, որպեսզի անհայտ բացակայող զինծառայողների հարազատները հնարավորություն ունենան ավելի սեղմ ժամկետում հատուցում ստանալ հիմնադրամներից: Կարծում եմ՝ առաջիկայում կներկայացվի նաև այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող փաթեթ»,- ասաց նախարարը:
12:27 - 17 դեկտեմբերի, 2020
Հայտարություն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն իրավաբան գործուղելու համար հայտարարված մրցույթի մասին

Հայտարություն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն իրավաբան գործուղելու համար հայտարարված մրցույթի մասին

ՀՀ կառավարության կողմից ԵԽ վճիռների կատարման վարչություն գործուղված իրավաբանի գործուղման ժամկետը 2020 թվականի տարեվերջին ավարտվելու հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջացել գործուղման նպատակով նոր թեկնածուի ընտրության համար ձեռնարկել ներպետական ընթացակարգեր։ ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 22-ի N 486-Ա հրամանով հաստատվել էր «Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբան գործուղելու համար հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը։ Նախարարի մեկ այլ 2020 թվականի դեկտեմբերի 9-ի N 509-Ա հրամանով հաստատվել էր հավակնորդների ընտրության մրցութային հանձնաժողովի անհատական կազմը` ներառելով Արտաքին գործերի և Արդարադատության նախարարությունների, ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցչի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների ներկայացուցիչների: ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներակայացուցչության պաշտոնական ինտերնետային կայքում սույն թվականի նոյեմբերի 25-ին տեղադրվել էր հայտարարություն ՀՀ կառավարության կողմից ԵԽ վճիռների կատարման վարչություն մեկ տարով իրավաբան գործուղելու համար թեկնածուների ընտրության մասին, որի համաձայն մասնակցության համար հայտ ներկայացվել է մեկ հավակնորդի՝ Գոհար Սիմոնյանի կողմից: Մրցույթի վերջնական՝ հարցազրույցի փուլն անցկացվել է սույն թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ արդարադատության նախարարությունում, որի արդյունքում հանձնաժողովի կողմից միաձայն հաղթող է ճանաչվել միակ հավակնորդ Գոհար Սիմոնյանը: Ըստ հաստատված կարգի՝ հաղթողի տվյալները կներկայացվեն ԵԽ-ին և կկազմակերպվի գործուղման փաստաթղթավորումը։
16:37 - 16 դեկտեմբերի, 2020
Դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացումը շարունակում է մնալ մեր կառավարության գերակա ուղղությունները․ Ռուստամ Բադասյան

Դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացումը շարունակում է մնալ մեր կառավարության գերակա ուղղությունները․ Ռուստամ Բադասյան

Այսօր Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ ԵՄ որոշումը դատական և իրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների, մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսական կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է։ Համաձայն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստանդարտներին և հարակից ԵՄ-Հայաստան արդարադատության ոլորտի բարեփոխման ռազմավարական քաղաքականության երկխոսությանը՝ աջակցության այս փաթեթը կնպաստի արդարադատության համակարգում բարեվարքության  և հաշվետվողականության ամրապնդմանը, ժամանակակից և որակյալ դատական ծառայությունների մատչելիության բարելավմանը և Հայաստանում մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը։ Կատարելով ֆինանսական ուղղակի ներդրում՝ ԵՄ-ն ընդգծում և աջակցում է ՀՀ կառավարության գովելի ջանքերն՝ ուղղված դատական և իրավական ոլորտի կարևոր, համապարփակ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների  առաջխաղացմանը, և՝ դրանով իսկ, ընդհանուր գործարար միջավայրի բարելավմանը։ Այսօր հայտարարված աջակցությունը տրամադրվում է ի լրումն Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի, ինչպես նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) և «ԵՄ-ն հանուն բարեվարքության» շրջանակներում տարբեր նախաձեռնությունների միջոցով տրամադրվող այլ գործիքներին՝ ուղղված տեխնիկական աջակցության տրամադրմանը և կարողությունների զարգացմանը։  «Ես ողջունում եմ այսօր հայտարարված Հայաստանի համար բյուջետային աջակցության վերաբերյալ այս շատ կարևոր հատկացումը։ Եվս մեկ անգամ, ԵՄ-ի և Հայաստանի քաղաքացիներն ու ինստիտուտները միավորվում են լավ կառավարման և օրենքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների իրականացման նպատակի շուրջ: Եվրոպական միությունն ու իր անդամ պետությունները նպաստում են Հայաստանի դատական և դատախազական մարմինների հաշվետվողականության բարձրացմանը և պահանջում զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Մենք կիսում ենք մարտահրավերը և միայն միասնաբար կկարողանանք հասնել հաջողության»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն․Գ․ Անդրեա Վիկտորինը։ «Նախ կցանկանայի ընդգծել, որ 9 միլիոն եվրոյի հատկացումը արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված ընդհանուր 30 միլիոն բյուջեի առաջին փուլի արժեքն է։ Կարևոր է նաև վերահաստատել, որ դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացումը շարունակում է մնալ մեր կառավարության գերակա ուղղությունները, և մենք ուրախ ենք փաստել, որ այս մեկ տարվա ընթացքում ձեռք բերված լավ առաջընթացը արժանացել է նաև մեր եվրոպացի գործընկերների գնահատանքին: Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը արդարադատության ոլորտի ուղղությամբ շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար»,- նշել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
11:25 - 16 դեկտեմբերի, 2020
Արդարադատության նախարարությունը «Գործարար միջավայրի բարելավման արդի մարտահրավերները դատաիրավական բարեփոխումների ներքո» խորագրով գիտաժողով է անցկացրել

Արդարադատության նախարարությունը «Գործարար միջավայրի բարելավման արդի մարտահրավերները դատաիրավական բարեփոխումների ներքո» խորագրով գիտաժողով է անցկացրել

Դեկտեմբերի 11-ից 12-ը Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություների կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվել էր «Գործարար միջավայրի բարելավման արդի մարտահրավերները դատաիրավական բարեփոխումների ներքո» խորագրով երկօրյա աշխատաժողով։ Վերջինին մասնակցել են պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱԺ պատգամավորներ Սուրեն Գրիգորյանն ու Եղիշե Սողոմոնյանը, ներկայացուցիչներ՝ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններից, Կենտրոնական բանկից, Պետական եկամուտների կոմիտեից, Բանկերի միությունից,  առևտրային բանկերից, խորհրդատվական ընկերություններից, հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև ոլորտային փորձագետներ ու իրավաբան-գիտնականներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ դատաիրավական բարեփոխումների ներքո մինչև այժմ քննարկված ու իրականացված հիմնական օրակարգային հարցերը շոշափել են հանրային ոլորտի թեմաներ, ուստի այս համատեքստում կարևորվում է մասնավոր ոլորտի, գործարար միջավայրի բարելավմանը ուղղված հարցերի քննարկումը, որոնք ներառված են աշխատաժողովի օրակարգում: «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տ. Դադունցը ներկայացրել է աշխատաժողովի ընթացքում քննարկվելիք թեմաների շրջանակը` կորպորատիվ և արբիտրաժի ոլորտների բարեփոխումներ, էլեկտրոնային պայմանագրերի դաշտի բարելավում և կրիպտոակտիվների իրավական կարգավիճակի հստակեցման ուղղությունները։ Կորպորատիվ ոլորտում նախատեսվող փոփոխությունների շրջանակում քննարկվել են աշխատակիցերի բաժնետիրացման, բաժնետոմսերի համախմբան (կոնսոլիդացիայի), բաժնետոմսերի դասակարգման կառուցակարգերի վերանայման, բաժնետոմսերի պարտադիր գման և վաճառքի պահանջի վերաբերյալ կարգավորումների ներդրման, կորպորատիվ կառավարման մարմինների իրավասությունների արդյունավետ տարանջատման և բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական դաշտի արդիականացմանն ուղղված մի շարք հարցեր։ Արբիտրաժի ոլորտի բարեփոխումների շրջանակներում քննարկվել են ոլորտի օրենսդրության վերանայման հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստանում արբիտրաժային նոր կենտրոն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Ներկայացվել են արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծման ամփոփ օրակարգը՝ կազմակերպաիրավական ձև, ֆինանսավորում, կառուցվածք, արբիտրաժային կանոններ, արբիտրների (այդ թվում` միջազգային) ներգրավման ուղիներ, վճարներ, այլ երաշխիքներ: Անդրադարձ է եղել նաև էլեկտրոնային պայմանագրերի իրավական կարգավորումների արդիականացման և կրիպտոարժույթների իրավական կարգավիճակի հստակեցման ու կանոնակարգումների նախատեսման անհրաժեշտության հարցերին: Օրակարգային հարցերի շուրջ ծավալվել են քննարկումներ և բանավեճեր աշխատաժողովի հյուրերի և բանախոսների մասնակցությամբ, որոնց ժամանակ հնչած առաջարկությունները և դիտարկումները հիմք կհանդիսանան բարեփոխումների իրականացման և քննարկված փաստաթղթերի լրամշակման համար` մինչև դրանց սահմանված կարգով շրջանառությունը:
13:25 - 14 դեկտեմբերի, 2020
Դատապարտյալների կրթությունը ՀՀ-ում. հանրակրթական ուսուցում ստանում է 33, մասնագիտական՝ 177, բարձրագույն, հետբուհական՝ 3 անձ |armenpress.am|

Դատապարտյալների կրթությունը ՀՀ-ում. հանրակրթական ուսուցում ստանում է 33, մասնագիտական՝ 177, բարձրագույն, հետբուհական՝ 3 անձ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դատապարտյալների կրթության իրավունքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով պետությունն իրականացնում տարբեր ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը: Դատապարտյալների կրթության կազմակերպման գործընթացը կարգավորվում է օրենսդրական ակտերով «Հիմնական ակտը, որ վերաբերում է նրանց, քրեակատարողական օրենսգիրքն է, բայց կրթական ոլորտին վերաբերող մյուս ակտերը ևս կիրառելի են, եթե քրեակատարողական ոլորտով առանձնահատկություններ նախատեսված չեն: Ֆորմալ կրթության դեպքում դատապարտյալների հանրակրթությունն ապահովվում է պետական միջոցներով: Մինչև 2015 թվականը հանրակրթությունն ապահովում էր Աբովյանի թիվ 2 ուսումնարանը, որը, սակայն, հետագայում լուծարվեց, ինչի արդյունքում ունեինք այնպիսի իրավիճակ, որ չնայած սահմանադրությամբ երաշխավորվում էր անձանց հանրակրթությունը, բայց այդուհանդերձ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները որոշակի ժամանակահատված զրկվել էին կրթություն ստանալու իրենց իրավունքի լիարժեք իրացման հնարավորությունից»,- նշեց Սարգսյանն ու հավելեց, որ այդ ընթացքում ձեռնարկվել են մի շարք քայլեր այդ հարցին համապատասխան լուծում տալու համար: Արդյունքում, 2018 թվականին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն (այն ժամանակ դեռ Կրթության և գիտության նախարարությունը) ԱՆ ենթակայության տակ գտնվող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տվել է 2 արտոնագիր: 2019 թվականի սեպտեմբերի 2-ից ՊՈԱԿ-ը սկսել է իրականացնել հանրակրթություն՝ «Աբովյան», «Արմավիր», ինչպես նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: «Հիմնարկներն ընտրվել էին ելնելով որոշ չափորոշիչներից. այս գործընթացում կարող են ներգրավվել մինչև 19 տարեկան անձինք: Այժմ հանրակրթություն է իրականացվում նաև «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Ներկա դրությամբ ազատությունից զրկված մինչև 19 տարեկան 36 անձ ներգրավված է հանրակրթության գործընթացում և նրանցից 11-ի կրթությունն իրականացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը:Մնացածի հանրակրթությունն իրականացնում է «Արթիկ երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ը, որը ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված հանրակրթական դասընթացներով է առաջնորդվում և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալները կարողանում են ներգրավվել հանրակրթության գործընթացում: Այնտեղ իրականացվում է 9-12-րդ դասարանների հանրակրթությունը՝ գնահատվում են դատապարտյալների կարիքները և ըստ այդմ կողմնորոշվում են, թե որ դասարանի դասացուցակներով անձինք պետք է անցնեն հանրակրթությունը: Սարգսյանի խոսքով՝ ՊՈԱԿ-ի կողմից «Աբովյան», «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում իրականացվել է հանրակրթություն, 2019-2020թթ. ուսումնական տարում ներգրավված է եղել 13 անձ։ Բարձրագույն ուսումնական կրթություն ստանալու համար դատապարտյալները վճարում են իրենց միջոցներից «Բարձրագույն ուսումնական կրթությունն իրականացվում է նույն պայմաններով ինչ ազատության մեջ գտնվող քաղաքացիների համար: Այսինքն՝ բոլոր այն դատապարտյալները, ովքեր ցանկանում են բուհում սովորել, վճարումն իրականացնում են սեփական միջոցներով»,- ասաց ՀՀ ԱՆ քրեական օրենսդրության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետը: Նրա խոսքով՝ այս պահին կիսամյակային տվյալներով՝ կա 3 դատապարտյալ, որոնք ստանում են բարձրագույն ուսումնական կրթություն: Դատապարտյալների մեծ մասը ստանում է ոչ ֆորմալ կրթություն ՔԿՀ-ներում դատապարտյալները ստանում են նաև ոչ ֆորմալ կրթություն, որն իրականացվում է շատ ավելի մեծ թվով անձանց համար: «Ոչ ֆորմալ կրթության դեպքում պատկերը մի փոքր այլ է, սա ենթադրում է մասնագիտական դասընթացների և ծրագրերի հմտությունների ձեռքբերում: ՊՈԱԿ-ն ունի 110 շահառուի համար նախատեսված «Գեղագիտական դաստիարակության և կրթության» ծրագիր, որն ի սկզբանե իրականացվում էր «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում: Պահանջարկն այնքան մեծ էր, որ որոշեցինք ընդլայնել շահառուների թիվն ու դասընթացները: Մեզ հերթով միացան «Նուբարաշեն», ապա «Սևան» և «Կոշ» ՔԿՀ-ները: Այս պահին 12 ՔԿՀ-ից 5-ում իրականացվում է «Գեղագիտական կրթության և դաստիարակության» ծրագիրը: Գեղագիտական այս դասընթացն իր մեջ ներառում է մանրանկարչություն, դեկորատիվ կիրառական արվեստ, հայոց լեզու, օտար լեզու, համակարգչային հմտություններ, բիզնես գրագիտություն»,- ասաց Սարգսյանը: Նա ընդգծեց, որ դատապարտյալները սովորում են բոլոր այն հմտությունները, որոնք կարող են մարդու մտավոր ունակությունները հարստացնել: Մասնագետի պնդմամբ՝ ստանալով նման կրթություն, հետագայում, երբ նրանք ավարտեն պատժի կրումը՝ կկարողանան օժտված լինել այնպիսի հմտություններով, որոնք կօգնեն զբաղվածություն ունենալ: Սա պետության կողմից իրականացվող կայուն ծրագիր է: Նախատեսվում է ուսուցանել վարսավիրական հմտություններ և սալիկապատում Հաշվի են առնվում այն կրթական ծրագրերը, որոնք դատապարտյալներին հետագայում օգտակար կլինեն, երբ նրանք լինեն ազատության մեջ: «Դա է պատճառը, որ հաջորդ տարիների համար նախատեսում ենք ծրագրում ներառել վարսավիրական հմտություններ և սալիկապատում առարկաները: Այսինքն՝ պետք է սովորեցնել այնպիսի մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայում պահանջարկ ունեն»,- նշեց Սարգսյանը: Կորոնավիրուսի ժամանակ դասընթացների մի մասն իրականացվել է հեռավար «Եթե հանրակրթության մասին ենք խոսում, ապա ասեմ, քանի որ այդ դասերն իրականացնում է մեր ՊՈԱԿ-ը, ապա ուսուցիչները տեղում գնում են «Աբովյան» կամ «Արմավիր» ՔԿՀ և դասապրոցեսն իրականացվում է այնպես, ինչպես դպրոցներում: Կան առանձնացված սենյակներ, բոլորը համապատասխան գրքեր ունեն, ուսուցիչները հանձնարարություններ են տալիս, դասերը բացատրվում են, ապա ամենօրյա ռեժիմով պրոցեսն ընթանում է»,- շեշտեց Սարգսյանը: Նա նշեց, որ այդ ամենը բարդացել էր երկրում կորոնավիրուսի տարածման ժամանակ, երբ մարտից հայտարարվել էր արտակարգ դրություն: «Դեմ առ դեմ ձևաչափով դասապրոցեսն իրականացնելը բարդացավ, այդ իսկ պատճառով մենք փորձեցինք հասկանալ, թե որը կլինի լավագույն լուծում: Մինչև 19 տարեկան անձանց դեպքում շատ դժվար է հեռահար տարբերակով փոխանցել բոլոր հմտությունները, ինչպես նաև ուսման պրոցեսը կազմակերպել»,- ասաց մասնագետը: Միջազգային փորձի ուսումնասիրություն Արդարադատության նախարարությունը կորոնավիրուսային հիվանդության տարածման ժամանակ ուսումնասիրել է նաև միջազգային փորձը: Այդպիսով, պարզ է դարձել, թե տեղի ռեսուրսներն ինչպես կարող են օգտագործել կրթության իրավունքն առավել արդյունավետ կազմակերպելու համար: «Հավասար այլ պայմաններում մենք չէինք համեմատի անգամ հայկական բանտային համակարգն օրինակ նորվեգական բանտային համակարգի հետ, սակայն, լուծումները, որոնք կորոնավիրուսով պայմանավորված որդեգրել էին պետությունները՝ գրեթե նույնական էին: Նորվեգական բանտային համակարգի դեպքում ուսուցիչներն առաջադրանքները փոխանցում էին աշակերտներին էլեկտրոնային տարբերակով, նրանք էլ իրենց աշխատանքները նույն տարբերակով ուսուցիչներին էին ուղարկում: Նույնն արեցինք մենք՝ ուսուցիչները վարչակազմի միջոցով աշակերտներին էին փոխանցում առաջադրանքները, վերջիններս էլ պատասխանները նույն կերպ փոխանցում էին ուսուցիչներին: Սկզբնական փուլը մի փոքր շոկային էր, որովհետև չէինք պատկերացնում թե ինչպես պետք է այդ գործընթացը շարունակեինք, սակայն դա տևեց ընդամենը 1 ամիս, ինչից հետո գտանք լուծումը և ապահովեցինք կայունությունը»,- նշեց նա: Խոսելով գեղագիտական կրթության և դաստիարակության մասին՝ բանախոսը շեշտեց, որ այդ ոլորտում նույնպես նման իրավիճակ է եղել՝ մոտ 1 ամիս ընդմիջումից, հետո հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, կարողացել են ապահովել դասապրոցեսների կազմակերպումը: «Մեր ուսուցիչները գնում էին ՔԿՀ-ներ՝ պահելով բոլոր կանոնները, կազմակերպում բոլոր դասընթացները: Համակարգիչներով բացատրվում էին դասերը, ապա իրականացվում էր ուսումնական պրոցեսը: Այս ամենի մեջ դրականն այն էր, որ ծրագրերի կայունությունն ու շարունակականությունն ապահովելը խթան հանդիսացավ դատապարտյալների համար, քանի որ գտնվելով անազատության մեջ, նրանք առանց այդ էլ մեկուսացած են»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ այս պահին և՛ հանրակրթությունը, և՛ գեղագիտական կրթության և դաստիարակության ծրագիրն իրականացվում են: Դատապարտյալների համար արվում են նաև միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրեր Պետությունն անում է մի շարք այլ կրթական միջոցառումներ, որոնք իրականացվում են միջազգային գործընկերների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքների արդյունքում: «Կորոնավիրուսի ընթացքում մեր դատապարտյալների հետ կազմակերպեցինք խոհարարական և հացաթխման դասընթացներ: Շուրջ 25 դատապարտյալ կարողացավ ստանալ կրթական վկայագիր: «Արմավիր» ՔԿՀ-ից մի խումբ դատապարտյալ ներգրավվել էր խոհարարական, մյուս խումբն էլ «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ հացաթխման դասընթացներին: Համագործակցում ենք նաև «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ Հայաստան»-ի հետ, գնահատում աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունները և, այս պահին նախատեսում ենք կազմակերպել օրինակ շինարարական դասընթացներ»,- նշեց Սարգսյանը: Դատապարտյալն իրավունք ունի ընդգրկվելու զբաղվածության պետական գործակալության ծրագրերում Դատապարտյալների համար, բացի գործնական միջոցառումներից, ստեղծվել են նաև օրենսդրական հենքեր: Դեռևս 2017 թվականին ամրագրվել է, որ եթե անձի պատժի կրմանը մնացել է 6 ամիս, ապա նա իրավունք ունի ընդգրկվելու Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվող ամենամյա զբաղվածության ծրագրերում: Տվյալ անձինք կարող են դիմել ՔԿՀ վարչակազմին և հայտնել, որ ցանկանում են ներգրավվել աշխատաշուկայում որոշակի պահանջարկ ունեցող ծրագրերում: «Հիմնարկի վարչակազմը հավաքագրում է տվյալ անձանց վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն ու փոխանցում Զբաղվածության պետական գործակալությանը: Նրանք էլ գնահատում են կարիքները և որոշում, թե տվյալ տարի ինչ մրցույթ կարելի է հայտարարել: Շատ կազմակերպություններ խուսափում են աշխատել դատապարտյալների կամ նախկին դատապարտյալների հետ՝ ելնելով որոշ կարծրատիպերից»,- ընդգծեց մասնագետը և հավելեց, որ իր կարծիքով, կրթական նման գործընթացների լինելիությունը կարողացել է մեղմացնել իրավիճակը, քանի որ կան կազմակերպություններ, որոնք ՔԿՀ-ներում բավականին հաջող ծրագրեր են իրականացնում: Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:07 - 11 դեկտեմբերի, 2020
ՔՕ նախագծով որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման անցման գաղափարախոսությունը |armenpress.am|

ՔՕ նախագծով որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման անցման գաղափարախոսությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է նախագծով նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղությունները: «Քրեական օրենսգրքի նախագծով` որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը. որպես պատժի նպատակ սահմանվել է պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը: Ընդլայնվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ցանկը՝ այդպիսով ազատազրկումը դիտելով որպես ծայրահեղ միջոց»,- նշել է Բադասյանը: Նոր օրենսգրքի նախագծով` կատարելագործվել են ներկայումս գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ «Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ և տուգանք պատժատեսակների կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի կարգավորումներին համահունչ, պատժի նշանակման առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվել համաձայնեցման և համագործակցության վարույթների դեպքում»,- ներկայացրել է նախարարը: Քրեական նոր օրենսգիրքը հստակ կսահմանի անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները: «Մասնավորապես, հաշվի առնելով անչափահասների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, նախատեսվել է, որ հանցանքը կատարելիս 18 տարին չլրացած անձինք ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել:Սահմանվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, պատիժների համակարգը: Հստակեցվել և կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները և այլն»,- նշել է Ռուստամ Բադասյանը: Օրենքի նախագիծն ընդունվել է 77 «կողմ», 1 «դեմ» և 4 «ձեռնպահ» ձայներով:
12:01 - 09 դեկտեմբերի, 2020
Անվան փոփոխության, ամուսնությունների գրանցման ընթացակարգերը կհեշտանան |armenpress.am|

Անվան փոփոխության, ամուսնությունների գրանցման ընթացակարգերը կհեշտանան |armenpress.am|

armenpress.am: Կառավարութունը խորհրդարանի քննակմանն է ներկայացրել օրինագիծ, որով հեշտացվում են ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու կարգը, որոշ ծառայություններ այսուհետ կմատուցվեն էլեկտրոնային եղանակով, վարչարարությունը կկրճատվի:  Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: «Նախագծերով սահմանվում Է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ: Դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, որոնք կարող են լինել ինչպես միասնական գրասենյակի, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության տարածքային մարմինների մասնավոր լիազոր օպերատորների կամ օտարերկրյա պետությունների հյուպատոսարանների կողմից, իսկ գրանցումները կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող- որոշում կայացնող շփումները: Նախատեսվում է Էլետրոնային դիմումների ներկայացման հնարավորություն. ՔԿԱԳ ծառայություննների մատուցումն իրականացնել նաև օնլայն հարթակի միջոցով»,-ասաց Դանիելյանը: Նա նշեց, որ այս տարի ներդրվել է այդ ոլորտում առաջին էլեկտրոնային ծառայությունը՝  ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում: Եվս երկու ծառայություն զւոգահեռ ավելացվել է: Այս փոփոխությունները հնարավորություն կտան ՔԿԱԳ ծառայությունները տեղափոխել էլեկտրոնային հարթակ: Փոխնախարարի վստահեցմամբ՝ նվազեցրել են գրեթե բոլոր գործընթացներում վարչարարությունը: Մասնավորապես հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի նոտարական կարգով հաստատված թարգմանությունների պահանջը: Այժմ բավարար է թարգմանչի ստորագրությունը՝ հաստատված հայերեն թարգմանությամբ:  «Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետը: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմում ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում, սահմանել ենք՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ անձի նախընտրությամբ օր: Կրճատվել են անվան փոխման գրանցման ժամկետները՝ մինչև 5 ամսից դարձվել է 15 օր: Հանվել են անվան փոխման համար կառավարության որոշմամբ սահմանված հիմքերը՝ հարգելի դեպքեր, օրինակ բարեհունչ անուն ընտրելը, դժվար արտասանելիություն կամ ՔԿԱԳ պետի որոշմամբ այլ դեպքեր»,-ասաց Դանիելյանը:  Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանվել է կրճատ ժամկետ՝ մինչև 3 օր: Ընդ որում, առանձին տառերի, թվերի ուղղագրական սխալների փոփոխության համար պետական տուրքը հանվել է, ինչի արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի ժամանակ ու գումար ծախսել վրիպակների շտկման համար: Հանվել են պետական տուրքերը՝ ամուսնության համար: 
13:25 - 08 դեկտեմբերի, 2020
Դատական ակտի հարկադիր կատարման համար մարդիկ ստիպված չեն լինի դիմել դատարան կատարողական թերթ ստանալու համար

Դատական ակտի հարկադիր կատարման համար մարդիկ ստիպված չեն լինի դիմել դատարան կատարողական թերթ ստանալու համար

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նախատեսվող փոփոխություններով դատական ակտի հարկադիր կատարման համար անձինք ստիպված չեն լինի դիմել դատարան կատարողական թերթ ստանալու համար, իսկ դատարանները այլևս չեն ծանրաբեռնվի կատարողական թերթի տրամադրմամբ: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով. կատարողական թերթի ինստիտուտը փոխարինվել է համարժեք և առավել խնայողական միջոցով՝ հարկադիր կատարման դիմումով։ Ընդ որում, եթե եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար անհրաժեշտ է միայն օրենքի պահանջներին համապատասխան դիմումի ներկայացում, ապա դատարանի կողմից նման դիմումի ներկայացում է դիտարկվում էլեկտրոնային եղանակով դատական ակտը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելը. դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու առումով վիճելի իրավիճակները բացառելու համար սահմանվել է դրա ենթադրաբար օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երկշաբաթյա նվազագույն ժամկետ, որից հետո հնարավոր կլինի ներկայացնել եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման դիմումը. հարկադիր կատարման դիմումի ներկայացման իրավունքի չարաշահումը բացառելու համար նախատեսվել է կատարողական ծախսերը պահանջատիրոջ վրա դնելու պահանջ, եթե պարզվի, որ հարկադիր կատարման դիմումը ներկայացնելու պահին հարկադիր կատարման ենթակա ակտը կատարված է եղել․ սահմանվել են կատարողական վարույթի մասնակիցների կողմից հարկադիր կատարման դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ իրավակարգավորումներ. նախատեսվել է կատարողական վարույթ հարուցելու համար անհրաժեշտ տեղեկությունները հարկադիր կատարողի կողմից էլեկտրոնային եղանակով դատարանների ստանալու հնարավորությունը. սահմանվել են կատարողական թերթի բացառման ուղղված այլ կարգավորումներ»։
19:25 - 04 դեկտեմբերի, 2020
Այլ մարմինների կրճատված հաստիքները կփոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին. Բադասյան

Այլ մարմինների կրճատված հաստիքները կփոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին. Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Կառավարության նիստում հաստատված օրենքի նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե:   «Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե․ այն իրականացնելու է նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն:   Կոմիտեի ստեղծման համար նախատեսվող ֆինանսական միջոցների վերաբերյալ թյուրընկալումները բացառելու համար տեղեկացնեմ, որ թեև Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացված մարմնի ստեղծումը պայմանավորված է երկրում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ, այդուհանդերձ, ՀՀ պետական բյուջեից ծախսերի նախատեսումը բացարձակ բնույթ չի կրելու: Մասնավորապես,   Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանալու կրճատել այլ մարմինների հաստիքները և դրանք փոխանցել Հակակոռուպցիոն կոմիտեին:   Հ․Գ․Ծախսերի մեծ մասը կապիտալ բնույթի են, իրականացվելու են նաև դոնորների աջակցությամբ (2021-2023 թվականների ընթացքում), որոնք գումարը փոխանցելու են պետական բյուջե, և բյուջեից ֆինանսավորումն իրականացվելու է բացառապես արդարադատության ոլորտի նպատակներով, ինչպես սահմանված է համապատասխան համաձայնագրերում»,- ասված է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գրառման մեջ։    
15:14 - 03 դեկտեմբերի, 2020
ՀՀ-ում քննարկել են Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման առնչությամբ իրավական գործընթացների համակարգումը

ՀՀ-ում քննարկել են Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման առնչությամբ իրավական գործընթացների համակարգումը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների օգտագործման առնչությամբ ներպետական և արտաքին իրավական գործընթացների համակարգմանն ու ջանքերի կոորդինացիային։ Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քննարկմանը մասնակցել են ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները: Քննարկվել են միջազգային իրավական փոխօգնության և արտաքին իրավական գործընթացների համակարգմանն առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին նման ձևաչափով աշխատանքը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
14:38 - 24 նոյեմբերի, 2020
Քննարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման աշխատանքների ընթացքը

Քննարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: «Արդեն ավելի քան երկու ամիս է Հայաստանում դե յուրե գործարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը և համակարգը: Այսօրվա մեր քննարկման նպատակն է հասկանալ, թե ուր ենք հասել այս ինստիտուտի ներդրման հարցում, ինչքանով է այն պատրաստ լիարժեք աշխատանքի և այս առումով առաջիկայում ինչ անելիքներ կան»,- խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը: Զեկուցվել է, որ ներկայումս Գլխավոր դատախազությունում ձևավորված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը համապատասխան աշխատանքներ է տանում վարույթում առկա քրեական գործերի ուսումնասիրության, ապացուցողական բազայի համալրման ուղղությամբ: Վերը նշված աշխատանքները տարվում են շահագրգիռ գերատեսչությունների հետ սերտ համագործակցության միջոցով: Վարչապետը կարևորել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի արդյունավետ իրականացումն ու այս հարցում ընդգծել համապատասխան մարմինների հետևողական համագործակցության կարևորությունը:
17:43 - 14 նոյեմբերի, 2020
Ռուստամ Բադասյանը ԵԽ անդամ պետություններին կոչ է արել գործել, երբ հարձակման է ենթարկվում մարդկային կյանքը

Ռուստամ Բադասյանը ԵԽ անդամ պետություններին կոչ է արել գործել, երբ հարձակման է ենթարկվում մարդկային կյանքը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդի՝ Հունաստանի նախագահության ներքո կազմակերպված Արդարադատության նախարարների հեռավար խորհրդաժողովին։  Շնորհավորելով Հունաստանի իշխանություններին Եվրոպայի խորհրդում Նախագահության ստանձման առթիվ՝ նախարարը խորհրդանշական է համարել, որ Հունաստանի նախագահությունը կենտրոնանում է օրենքի գերակայության առջև ծառացած մարտահրավերների վերհանմանն ու լուծմանը:     Ներկայացնելով ժողովրդավարական բարեփոխումների Հայաստանի օրակարգը՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ այն ուղղված է հասարակության վստահության բարելավմանը, դատական ​​համակարգի անկախության, անկողմնակալության և հաշվետվողականության բարձրացմանն ու արդարադատության անխոչընդոտ հասանելիության ապահովմանը: «Մեր բարեփոխումների հիմնական մարտահրավերներից մեկը համաճարակն է, սակայն մարտահրավերն այս դեպքում չի նշանակում, որ մենք հետ ենք կանգնում մեր օրակարգից, մենք հարմարեցնում ենք մեր ծրագրերը, վերանայում առաջնահերթություններն ու շարժվում առաջ: Հաջորդ և էական մարտահրավերը Լեռնային Ղարաբաղի դեմ ԵԽ անդամ երկու պետությունների սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիան է, որն ունի էթնիկ հիմք, թիրախում քաղաքացիական բնակչությունն է ավելին, այս պրոցեսում ներգրավված են վարձկան-ահաբեկիչներ: Շատ հեղինակավոր միջազգային իրավապաշտպաններ իրավիճակը տեղում գնահատել են որպես «ցեղասպանության վտանգ»,- տեղեկացրել է Հայաստանի արդարադատության նախարարը և վտանգավոր որակել այն փաստը, որ ԵԽ մեկ այլ անդամ պետության ակտիվ ներգրավմամբ ջիհադիստ ահաբեկիչները Սիրիայից և Լիբիայից տեղափոխվում են տարածաշրջան, ինչն ապացուցվում է բազմաթիվ հիմնավոր զեկույցներով և հաստատվում է պետությունների ղեկավարների և հետախուզական ծառայությունների տարբեր հայտարարություններով: Ռուստամ Բադասյանն այս համատեքստում շեշտել է, որ երբեմն, անդամ պետություններում որոշակի վիճելի հարցերով, ականատեսն ենք լինում արագ արձագանքման ու նպատակային գործողությունների, և, ցավոք, շատ հաճախ տեսնում ենք մեծ վարանում ու, փաստորեն, զրո գործողություն այն դեպքերում, երբ մարդկային կյանքերն են անմիջական սպառնալիքի տակ՝ այդ անձանց էթնիկ պատկանելության հիմքով: «Ես կոչ եմ անում գործել, երբ հարձակման է ենթարկվում ամենակարևոր արժեքը՝ մարդկային կյանքը»,- ասել է Հայաստանի արդարադատութան նախարարը։
18:23 - 09 նոյեմբերի, 2020
Բրիտանացիների կազմակերպած միջոցառմանը Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին

Բրիտանացիների կազմակերպած միջոցառմանը Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին

2020 թվականի նոյեմբերի 5-ին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է Բաց կառավարման գործընկերության կողմից կազմակերպված «Վերակառուցելով ավելի լավը. իրական շահառուների թափանցիկության դերը ճգնաժամի ընթացքում» խորագրով հեռավար հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Հարավային Ասիայի և համագործակցության հարցերով պետնախարար Ուիմբելդոնի լորդ Ահմադը, Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի փոխնախագահ Էլիսա դե Անդա Մադրազոն, Միջազգային արժութային ֆոնդի, Բաց կառավարման գործընկերության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Քննարկման ընթացքում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել Բաց կառավարման գործընկերությանն արդյունավետ համագործակցության և իրավաբանական անձանց իրական շահառուների թափանցիկության բարձրացմանն ուղղված շարունակական աջակցություն տրամադրելու համար: Նախարարն իր ելույթում վերահաստատել է իրական շահառուների բացահայտման ուղղությամբ Հայաստանի՝ որպես առաջնորդող պետության հանձնառությունը։ Ռուստամ Բադասյանն այդ առումով ներկայացրել է վերջին ժամանահատվածում իրականացված հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումները, իրական շահառուների վերաբերյալ առկա իրավակարգավորումներն ու նախատեսվող ինստիտուցիոնալ փոփոխությունները։ Իր խոսքում նախարարը կարևորել է իրական շահառուների բացահայտմանն ուղղված բաց ու հանրամատչելի հայտարարագրերի ինստիտուտի ներդրումն ու ներկայացրել այս ուղղությամբ Հայաստանում ձեռնարկված աստիճանական փոփոխությունները։ Բրիտանացիների կողմից կազմակերպված միջոցառման շրջանակում նախարարն անդրադարձել է նաև Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ մատնանշելով ռազմական գործողություններում մեծաքանակ վարձկան-ահաբեկիչների մասնակցությունը, ինչպես նաև միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից հավաքագրված պատերազմական հանցագործությունները հավաստող ապացույցները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է օրենսդրական և այլ մեխանիզմների շարունակական մշակման կարևորությունը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործում՝ միաժամանակ կոչ անելով նախաձեռնության առաջնորդող մյուս պետություններին՝ գործնականում ապահովելու սահմանված առնվազն նվազագույն չափորոշիչները, նշելով, որ հակառակ դեպքում, հասարակությունները չեն ընդունի այս փոփոխությունները և չեն հավատա, որ բարեփոխումներն անհրաժեշտ են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ իրական պայքարի  համար։     Նախարարը հույս է հայտնել, որ պետությունների միասնական ջանքերն առարկայական արդյունքների կհանգեցնեն և կներդվեն հաշվետվողականության պատշաճ մեխանիզմներ այն պետությունների դեմ, որոնք ոչ միայն մերժում և չեն իրականացնում նվազագույն չափորոշիչները, այլև հենց իրենք ներգրավված են ահաբեկչության ֆինանսավորման գործում։         
13:56 - 07 նոյեմբերի, 2020