Սահման

Կանգնեցրեք ագրեսորին. Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել

 |armenpress.am|

Կանգնեցրեք ագրեսորին. Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել |armenpress.am|

armenpress.am:  Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչներն անցկացրել են բողոքի ակցիա: Այն կազմակերպել է Ռիգայի հայ համայնքի երիտասարդաց միությունը: Ռիգայի հայ համայնքի երիտասարդաց միության անդամ Լիլիթ Եդիգարյանը տեղեկացրեց, որ ակցիան մեկնարկել է Կոնգրեսի տան մոտից: «Այնուհետև քայլերթով շարժվել ենք դեպի Լատվիայում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի դեսպանություններ, Մարդու իրավունքների պաշտպանի դեպարտամենտ: Ակցիան ավարտել ենք Լատվիայի Սեյմի մոտ: Մեր գլխավոր ուղերձն այն է, որ միջազգային հանրությունը կանգնեցնի ագրեսոր Ադրբեջանին, սատար կանգնի Հայաստանին: Հայերը խաղաղություն են ուզում»,- ասաց Լիլիթ Եդիգարյանը: Ակցիայի մասնակիցները իրենց շնորհակալությունն են հայտնել Լատվիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այնուհետև մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատակին:  
16:49 - 15 սեպտեմբերի, 2022
Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն․ Ալեն Սիմոնյան

Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ երեկա հրադադարի հաստատման գործում մեծ դերակատարում է ունեցել ԱՄՆ-ը։ ԱԺ-ում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե միջազգային որ գործընկերներն են գլխավոր դերակատար եղել հրադադարի հաստատման գործում, Ալեն Սիմոնյանը նշեց․ «Բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումը ունեցել են՝ ՌԴ-ը, Ֆրանսիայի Հանրապետությունը։ Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ը, և դա շատ ողջունելի է»։ Հիշեցնենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հրադադար է հաստատվել։ ՀՀ ՊՆ-ը հայտնել է, որ այսօր՝ Ժամը 11:00-ի դրությամբ, հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: ԱԺ նախագահը նաև անդրադարձավ երեկվա բողոքի ակցիայի ժամանակ պատգամավորների հասցեները հրապարակելու և նարնց տներ գնալու փաստին․ «Դա հայ ժողովրդի հետ կապ չունեցող գործելաոճ է, շատ ավելի բնորոշ է մեր հարևան երկրի բնակիչներին։ Բոլոր մարդիկ, որոնք կարող են իրենց թույլ տալ հրապարակել իմ տան հասցեն կամ իմ գործընկերների տան հասցեն, ինչ-որ մարդկանց ուղղորդել, ես իրենց շատ վաղուց և շատ հեռու ուղղորդում եմ մի կոնկրետ ուղղությամբ։ ․․․․ Ես նշված հասցեում (երեկ հրապարակված հասցեում- խմբ․) չեմ բնակվում և չգիտեմ՝ եկել են, թե չէ։ Մարդիկ կան, որ բնակվում են, նրանց ծնողներն են բնակվում։ Ես երկու մանկահասակ երեխա ունեմ, մեզանից շատերը մանկահասակ երեխա ունեն, և էդ մարդիկ ուղղակի իրենց պատասխանատվություն չեն տալիս իրենց արարքի համար, և վստահեցնում եմ, որ իրենք դրա վերաբերյալ դեռ շատ երկար զղջալու են»։  
16:37 - 15 սեպտեմբերի, 2022
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը

 |armenpress.am|

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից սկսած։ Այս մասին նշվում է ԵՄ խոսնակի անունից տարածված հայտարարության մեջ: «Մեզ ոգևորում են տեղերից ստացվող զեկույցները, որոնցում նշվում է, որ հրադադարը, մինչև այժմ, պահպանվում է։ Կոչ ենք անում կողմերին շարունակել հրադադարի ռեժիմի պահպանումը և համակարգել մարդասիրական քայլերը, մասնավորապես՝ զոհված զինվորների մարմինների հանձնումը»,- ընդգծվում է հայտարարությունում: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի   մանդատի շրջանակում շարունակում է բարձր մակարդակի խորհրդակցությունները՝ սեպտեմբերի 14-ին Բաքվում, 15-ին՝ Երևանում։ ԵՄ-ը շարունակում է ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
16:33 - 15 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է․ Սուրեն Պապիկյանը՝ Տոյվո Կլաարին

Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է․ Սուրեն Պապիկյանը՝ Տոյվո Կլաարին

Սեպտեմբերի 15-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:    «Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը: Շնորհակալություն հայտնելով իրավիճակին արագ արձագանքելու և տարածաշրջան այցելելու համար՝ ներկայացրել եմ սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:   ​Ընդգծել եմ, որ լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է: Իրավիճակի հանգուցալուծման առումով շեշտել եմ տեղի ունեցած ագրեսիային միջազգային հանրության, այդ թվում` ԵՄ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը:   ​Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր խոսքում ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ` շեշտելով առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը: Տոյվո Կլաարը վերահաստատել է նաև ԵՄ հանձնառությունը` նպաստելու կողմերի միջև բանակցային գործընթացի վերականգնմանը և համաձայնությունների ձեռքբերմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
16:00 - 15 սեպտեմբերի, 2022
Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը որևէ կերպ խաղաղության պայմանագրի ստորագրում թույլ չտալն է․ ՔՈ

Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը որևէ կերպ խաղաղության պայմանագրի ստորագրում թույլ չտալն է․ ՔՈ

«Քաղաքացու Որոշում» կուսակցության Գործադիր Մարմինը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ․    «Արդեն բանաձևի վերածված ձեռագրով Ադրբեջանը կրկին ագրեսիա է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, երբ բանակցային գործընթացը հանգում է մի կետի, որտեղ պիտի դիրքորոշում հայտնել խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը որևէ կերպ խաղաղության պայմանագրի ստորագրում թույլ չտալն է և նա այդ ռազմավարության շրջանակներում ձեռնարկել և ձեռնարկելու է ռազմական էսկալացիաներ և առաջ է քաշելու նորանոր պահանջներ։   Հիմա մենք կրկին պատերազմական վիճակում ենք, իսկ մեզ խոստացված խաղաղությունը և կյանքեր փրկելու քաղաքականությունը՝ ձախողված։ Մի պայմաններում, երբ բանակցության մյուս կողմերը հետաքրքրված չեն խաղաղության հաստատմամբ` խաղաղություն հնարավոր կլիներ միայն, եթե մենք ինքներս անցած երկու տարիների ընթացքում քայլեր ձեռնարկեինք՝ առավե՛լ ինքուրույն , առավե՛լ արդար հասարակություն և առավե՛լ գործուն ինքնապաշտպանական համակարգ ստեղծելու համար։ Սակայն, այդ ժամանակը կորսված է և մենք քաղաքական անհեռատես որոշումների մի ամբողջ շղթայի պատճառով հայտնվել ենք ճգնաժամային վիճակում։ Վիճակ, որը ենթադրում է երկու ելք՝ կամ կրկին զիջել ինչ-որ բան մեր իրավունքներից ու արժանապատվությունից և ստանալ մի քանի ամսվա խարխուլ խաղաղություն կամ հասկանալ մեր իրավիճակի խորքային պատճառները և փոփոխել դրանք։   Վիճակը հետևյալն է․ Հայաստանը չի կարողանում ձևակերպել մեր ինքուրույն անվտանգային նպատակները և ըստ այդմ վարել քաղաքականություն։ Հայ հանրության քաղաքական միտքը հանգել է երկու տարբեր մոտեցումների. առաջին մոտեցումը մեր անվտանգային ռազմավարությունը կապում է արտաքին անվտանգային միջավայր գտնելու և դրա հովանոցի տակ մտնելու հետ, սակայն, արագ փոփոխվող աշխարհակարգը չի տալիս հնարավորություն երկարաժամկետ կանխատեսումներ անել նման դաշինքների կենսունակության մասին, ուստի մեր ժողովրդի անվտանգությունը չի կարող կապվել կարճաժամկետ ու տատանողական համակարգից։ Մյուս մոտեցումը հենվում է ներպետական անվտանգային գործուն համակարգ կառուցելու և արտաքին ուժերի լիակատար աջակցության անհեռանկար հույսերից ազատվելու վրա։ Երկրորդ մոտեցումը այն է ինչին հավատում և ինչի ուղղությամբ մեր անհատական ու խմբային ջանքն ենք գործադրում նաև մենք։   Սիրելի՛ քաղաքացիներ, մենք հանգել ենք մի կետի, որտեղ պետք է սթափորեն գիտակցենք, որ Ադրբեջանին պետք չէ խաղաղություն և չկա մի զիջում, որից հետո նա կանգ կառնի։ Ապարդյուն են ինքնախաբեության բոլոր փորձերը, որով մեզ փորձում են համոզել, թե Արցախի մեր ժողովրդի իրավունքների վաճառքով մենք կարող ենք խաղաղություն գնել Հայաստանի համար։ Ըստ այդմ մենք կտրականապես մերժում ենք իրավունքներից հրաժարման այս քաղաքականությունը, որ հանգեցնում է շարունակական բախումների և չենք ընդունելու այդ քաղաքականության որևէ փաստացի կամ իրավական արդյունք։   Մեր անելիքը մեկն է` ինքնակազմակերպվել և համերաշխության գալ Հայաստանի և հայ ժողովրդի ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի շուրջ»,- նշված է հայտարարության մեջ։ 
15:54 - 15 սեպտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Քննարկվել են Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ իրագործվելիք քայլերը: Մտքեր են փոխանակվել ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակի մասին: Ընդգծվել է արտաքին սպառնալիքներին դիմակայման համատեքստում համաժողովրդական համերաշխության և համախմբվածության հրամայականը:  
15:26 - 15 սեպտեմբերի, 2022
Մենք ունենք վարչապետի մի քանի  թեկնածուներ․ Ագնեսա Խամոյան

Մենք ունենք վարչապետի մի քանի  թեկնածուներ․ Ագնեսա Խամոյան

Ազգային ժողովում Գեղամ Մանուկյանի ելույթից հետո կրկին լարվեց իրավիճակը։ Քրիստինե Պողոսյանը մոտեցավ ելույթն ավարտած Գեղամ Մանուկյանին, ներս մտավ նաև Ագնեսա Խանոյանը, այնուհետև վերջինիս ու Գեղամ Մանուկյանին հեռացրին դահլիճից։ Ագնեսա Խամոյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ մտել էր ԱԺ նիստերի դահլիճ՝ պարզելու, թե ինչ է կատարվում։ Ագնեսա Խամոյանի խոսքով՝ ՔՊ-ական պատգամավորների «զրույցներից և բորբոքվածությունից» հասկացել է, որ երեկ մի շարք քաղաքացիներ գնացել են նրանց տներ, եղել են  որոշակի գործողություններ։  «Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն․ մեր խնդիրը ՔՊ-ական պագամավորների ընտանիքների հետ չէ, և ուզում եմ արձանագրել, որ պետք չէ ընտանիքներին խառնել որևէ քաղաքական պրոցեսի մեջ։ Բայց մյուս կողմից, այո՛, իշխանական պատգամավորները, մեծամասնությունը պետք է գիտակցի թե ինչ իրավիճակում ենք հիմա մենք գտնվում, և թե ինչ է կախված իրենց քայլերից»,- նշեց նա։ Ագնեսա Խամոյանը շեշտեց, որ իրենց խմբակցությունից ոչ մեկը պատգամավորների տների հասցեներ չի հրապարակել։ Հիշեցնենք, որ երեկ ԱԺ դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ 5165 շարժման անդամ Կարին Տոնոյանն էր հայտնել, որ իր ձեռքին ՔՊ-ական պատգամավորների տների հասցեներն են, հրապարակեց Ալեն Սիմոնյանի տան հասցեն, և ակցիայի մասնակիցների մի մասը շարժվեց այնտեղ։ Ագնեսա Խամոյանը նաև նշեց, որ երեկվա ակցիան ինքնաբուխ է եղել, պատգամավորները չեն կազմակերպել․ «Պահանջ է հնչել, որ ընդդիմադիր պատգամավորները գան և սկսեն իմպիչմենտի գործընթաց։ Պահանջել են, որ մենք գանք ԱԺ նիստերի դահլիճ, ստորագրենք այդ ձևաթղթերը, և հայտարարություն է հնչել մարդկանց կողմից, ինքնաբուխ ակցիայի մասնակիցների կողմից, որ իրենք բերման են ենթարկելու ՔՊ-ական պատգամավորներին։ Մենք եկել ենք էստեղ, ստորագրել ենք, ընթերցվել է (հանրահավաքի ավարտն էր, և բավական քիչ մարդ էր մնացել) բոլոր պատգամավորների ցուցակը, որոնք ստորագրել են»։ Ագնեսա Խամոյանը նաև անհասկանալի որակեց Էդգար Ղզարյանի պահվածքը։ Վերջինս, հիշեցնենք, ԱԺ դիմաց հայտարարել էր, որ ընդդիմադիրները ոչ թե ստորագրել են իմպիչմենտի փաստաթուղթը, այլ պատրաստակամություն են հայտնել ստորագրելու, և պահանջեց ընդդիմադիրներից վարչապետի թեկնածու առաջադրել։ Խամոյանը նաև անդրադարձավ վարչապետի թեկնածուի հարցին․ «Սա իմ անձնական կարծիքն է․ ես ուզում եմ, որ իրենք (ՔՊ պատգամավորները- խմբ․) գիտակցեն, որ իրենք Նիկոլ Փաշինյանի գերին են, և իրենց պետք է էդ գերությունից ազատել։ Լավ, կարող են իրենք ասել թեկնածուի անուն, ես տարբերակ եմ առաջարկում, բայց այդ թեկնածուն պետք է կապ չունենա պատերազմի ու պարտության հետ։ ․․․․ Մենք ունենք վարչապետի մի քանի  թեկնածուներ առնվազն, բայց ես կարծում եմ, որ երբ հասնի պրոցեսը թեկնածուին, ժողովուրդը պետք է ընտրի»։ Հարցին, թե կարո՞ղ են լինել ՔՊ-ից պատգամավորներ, որոնք իմպիչմենտի գործընթացին կմիանան, Ագնեսա Խամոյանը պատասխանեց․ «Իմ կարծիքն է անձնական, որ այո՛, կարող են լինել, բայց ես ունեմ համոզմունք, որ դա չպետք է լինի սպառնալիքի և բռնության ներքո։ Իրենք պետք է գան էդ գիտակցությանը, հասկանան, որ իրենց ֆիզիկական անվտանգությանը որևէ սպառնալիք չկա, իրենք պետք է վեր կանգնեն իրենց ներթիմային, ներիշխանական էդ ամեն ինչից և հասկանան, որ էս իրավիճակում երկրին պետք է նոր ղեկավար»։   Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ-ի
15:18 - 15 սեպտեմբերի, 2022
Այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում․ Արայիկ Հարությունյան

Այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը Արցախի ԱԺ պատվիրակության հետ միասին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, հայտարարություն է տարածել, որում ասվում է․  «Ինչպես արդեն տեղյակ եք, այսօր գտնվում եմ Երևանում՝ Արցախի հարցով ՀՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Հայտնում եմ, որ այդ նպատակով մասնակցել եմ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին։ Տեղի ունեցած քննարկումներից հետո ցանկանում եմ մեկ անգամ ևս արձանագրել, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում։ ՀՀ մեր գործընկերներին ուղղված իմ խոսքում բառացիորեն փոխանցել եմ բոլորիս մտահոգությունները՝ ընդգծելով, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող ստորադասել մեր ժողովրդի ազատ և ինքնիշխան ապրելու իրավունքն ու ձգտումները։ ՀՀ իշխանությունները վերահաստատել են, որ առանց Արցախի իշխանությունների հետ քննարկելու և մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը ևս, գտնվելով Երևանում, շարունակելու է քաղաքական խորհրդակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարարի, ԱԺ նախագահի և քաղաքական դաշտի այլ դերակատարների հետ»:
14:48 - 15 սեպտեմբերի, 2022
ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինծառայողների ընտանիքների հետ

 |armenpress.am|

ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինծառայողների ընտանիքների հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման  հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների  ընտանիքների հետ:  Այս մասին ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման  ծրագրի ղեկավար Զառա Ամատունին: Մեր հարցին, թե քանի գերի ունի հայկական  կողմը, Ամատունին նշեց, որ իրենք չեն կարող  վիճակագրություն հրապարակել, հատկապես հիմա, երբ դեռ հավաքագրում են տվյալները: Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին զինծառայողների դիերը Հայաստանին վերադարձնելու պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարությանը՝ Զառա Ամատունին ասաց, որ իրենք տեղյակ են դրա մասին: «Այս պահին մենք այդ հարցերով երկխոսության մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ: Երբ լինի տեղեկություն, մենք արդեն կկարողանանք հաստատել»,-ասաց նա:
14:42 - 15 սեպտեմբերի, 2022
Տարբեր զինտեխնիկայի կիրառումն առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին. ՄԻՊ

Տարբեր զինտեխնիկայի կիրառումն առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ  2022 թվականի  սեպտեմբերի 13-14-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց  ձորի մարզերում քաղաքացիական  բնակչությունը և  կենսական  հանրային  ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսումնական հաստատությունները,  գտնվել են   ադրբեջանական ԶՈՒ չտարբերակված թիրախավորման ներքո՝ խախտելով քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, միջազգային իրավական ակտերով  երաշխավորված մի շարք  իրավունքներ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ «Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական հարձակման հետևանքով խախտվել են երեխաների կյանքի, առողջության, անվտանգ և ապահով միջավայրում ապրելու, ընտանիքում  և համայնքում ապրելու, անձնային զարգացման ու պաշտպանության և մի շարք իրավունքները: Հատուկ  պետք է ընդգծել, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների՝ դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին: Ստեղծված իրավիճակում հատկապես տեղահանված համայնքների երեխաները զրկված են կրթության իրավունքի  իրացման հնարավորություններից: Որոշ դեպքերում դպրոցները և մանկապարտեզները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության և թիրախավորման ներքո: Պաշտպանի աշխատակազմի  հավաքագրած տեղակատվությունը վկայում է ուսումնական հաստատությունների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակների կիրառման մասին:  Օրինակ՝ վնասվել է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուսումնական հաստատությունը: Այս կապակցությամբ հարկ է արձանագրել, որ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան ուղղակիորեն սահմանում է, որ պատերազմական գործողություններից տուժած երեխաների խնամքի և պաշտպանության համար պետք է կիրառվեն հատուկ միջոցներ: Ընդ որում՝ Կոնվենցիան պահանջում է, որ անդամ պետությունները պարտավորվում են հարգել զինված հակամարտություններում երեխաների իրավունքներին վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքը: Այս համատեքստում կարևոր է ևս մեկ անգամ ընդգծել, որ զինված հակամարտության կամ ռազմական իրավիճակում ռազմական գործողությունների չմասնակցող երեխաների իրավունքները երաշխավորվում են «Քաղաքացիական անձանց մասին» 1949 թ. Ժնևի կոնվենցիայով, 1977 թվականի հունիսի 8-ի թիվ 1 լրացուցիչ արձանագրությամբ: Երեխաների իրավունքների կոմիտեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Գլխավոր ասամբլեայի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված փաստաթղթերով  կարևորվել է ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում երեխաների իրավունքների խախտման անթույլատրելի լինելը, այլ նաև այն հետևանքների կանխարգելման հրամայականը, որն անհրաժեշտ է երեխաների առօրյա կյանքի, նրանց մտավոր և ֆիզիկական զարգացման երաշխավորման համար:  Այս կառույցների կողմից բազմիցս դատապարտվել է նաև ուսումնական հաստատությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների  վրա հարձակումն ու նրանց թիրախավորումը: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխաները հատուկ պաշտպանության ներքո են: Ըստ այդմ՝ Պաշտպանը հրավիրում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ հստակ արձագանքելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում գտնվող երեխաների իրավունքների կոպտագույն խախտումներին և  գործնական քայլեր ձեռնարկել  դրանց հրատապ վերացման ուղղությամբ»,- նշում են ՄԻՊ աշխատակազմից:
14:34 - 15 սեպտեմբերի, 2022
Հիմա ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է. Իշխան Սաղաթելյանը դիմել է ԱԺ քաղաքական մեծանասնությանը

Հիմա ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է. Իշխան Սաղաթելյանը դիմել է ԱԺ քաղաքական մեծանասնությանը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դիմել է ԱԺ քաղաքական մեծանասնությանը՝ հայտարարելով, որ այժմ ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է։ «Դիմում եմ ԱԺ քաղաքական մեծանասնությանը։Հիմա ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է։Երկրի սահմաններին և երկրի ներսում իրավիճակը ծայրահեղ լարված է։ Ունենք հաշված ժամեր գրագետ և լայնախոհ որոշումներով իրավիճակը կայունացնելու և վատագույն սցենարներից խուսափելու համար։ Եկել է պատասխանատվություն ստանձնելու պահը։ Վաղը կարող է ուշ լինել։Նախորդ օրը ձեր քաղաքական թիմի ղեկավարը բաց տեքստով հայտարարեց, որ իր բանակցային կոնցեպտը արդյունք չի տվել, ընդունեց դրա տապալումը և խոստովանեց, որ ինքը, ըստ էության, այլևս չի պատկերացնում իր անելիքը։Ակնհայտ է, որ տապալված բանակցային բովանդակությամբ և անելիքի չիմացությամբ հնարավոր չէ դժվար այս պատմական պահին երկիր ղեկավարել և պետություն ներկայացնել։Դուք ճշմարտությունը լսելուց մի հիստերիկացեք: Դրա փոխարեն ազատվեք գերությունից:Առաջարկում եմ ձեզ Նիկոլի պաշտոնանկության հարցով շտապ քննարկումներ սկսել: Դուք պարտավոր եք հիմա դա անել:Այս իրավիճակում որևէ բանական մարդ չի կարող ներքին անկայունության և անկառավարելի պրոցեսներ ցանկանալ։ Առավել ևս՝ շահագրգիռ լինել դրանում։Որպես քաղաքական ուժ պահն է փոխելու հիմանական հարցադրումը.Հիմա ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է։Նորից եմ կրկնում առաջարկս.Ձեր ներսում քաղաքական թիմի նոր ղեկավարի և վարչապետի պաշտոնանկության օրակարգով շտապ քննարկում սկսեք։Հայաստանը պետք է ունենա նոր բանակցող, ռազմաքաղաքական որոշումներ կայացնողների նոր կազմ։Սա թույլ կտա էապես ուժեղացնել դաշնակիցների և միջազգային հանրության հետ աշխատանքը», - իր կոչում նշել է քաղաքական գործիչը: Սա թույլ կտա նաև էապես փոխել մթնոլորտը երկրի ներսում, դուրս գալ ստեղծված իրավիճակից:
14:09 - 15 սեպտեմբերի, 2022