Արսեն Թորոսյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ է։

Ծնվել է 1982թ. հունիսի 21-ին։ 2005-2010 թվականներին եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող։ 2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն։

Եղել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018թ․ օգոստոսից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

2020 թվականի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Արսեն Թորոսյանը ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի փորձագետների հետ քննարկել է ոչ վարակիչ հիվանդություններին առնչվող միջոցառումների ընդլայնումը

Արսեն Թորոսյանը ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի փորձագետների հետ քննարկել է ոչ վարակիչ հիվանդություններին առնչվող միջոցառումների ընդլայնումը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկներ. առաքելություն Հայաստան» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Միավորված ազգերի կազմակերպության փորձագետների թիմին՝ ԱՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն Սվետլանա Ակսելրոդինի գլխավորությամբ: Առաքելության նպատակն է մշակել ՈՎՀ-ի կանխարգելմանն ու հսկողությանն ուղղված ներդրումները հիմնավորող փաստարկներ, որոնք կօգնեն երկրներին կատարել ՈՎՀ-ի հետ կապված ծախսերի գնահատում, խթանել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված ազգային արձագանքման միջոցառումները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրները, ոլորտում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը, համագործակցության նորանոր ուղիները, ինչպես նաև ՈՎՀ ռիսկի գործոնների նվազեցմանն ուղղված միջգերատեսչական համագործակցության խթանումը և իրականացվող միջոցառումների ընդլայնումը: Հաշվի առնելով Հայաստանում ՈՎՀ կանխարգելման և առողջապահության համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը` 2018 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի փորձագետների թիմն այցելել է Հայաստան և դրա արդյունքում պատրաստվել է «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը Հայաստանում․ ներդրումները հիմնավորող փաստարկներ» թեմայով զեկույց: Զեկույցում ներկայացված են ՈՎՀ հիմնախնդիրները և այդ հիվանդություններով պայմանավորված տնտեսական ծախսերը (թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի), որոնք կազմում են 362.7 մլրդ ՀՀ դրամ, ինչն էլ հավասար է 2017թ.-ի հանրապետության համախառն ներքին արդյունքի 6.5%-ին: Հարկ է նշել, որ Հայաստանում առավել տարածված չորս ՈՎՀ-ից մահացության բեռը կազմում է շուրջ 85%, վաղաժամ մահացությունը` շուրջ 20%:
16:49 - 02 մայիսի, 2019
Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Իռլանդիայում ծանոթանում է այդ երկրի հակածխախոտային քաղաքականությանը |armenpress.am|

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Իռլանդիայում ծանոթանում է այդ երկրի հակածխախոտային քաղաքականությանը |armenpress.am|

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվում է Իռլանդիայում, որտեղ Հայաստանի Ազգային ժողովի և կառավարության ներկայացուցիչները տեղում ծանոթանում են փոխհամաձայնեցված և արդյունավետ հակածխախոտային քաղաքականությանը: Իռլանդիան միջազգայնորեն ճանաչված է որպես ծխախոտի դեմ պայքարի գործում արդյունավետ միջոցառումներ իրականացնող երկիր: Ներկայում Իռլանդիայի իշխանությունների կողմից իրականացվող արդյունավետ հակածխախոտային քաղաքականության շնորհիվ երկրում ծխախոտի օգտագործման մակարդակը ամենացածրներից մեկն է աշխարհում: Պատվիրակությունը եղել է Իռլանդիայում գործող Tobacco Free Research Institute-ում և ուսումնասիրել հանրային վայրերում ծխախոտի ծխից ազատվելու Իռլանդիայի փորձը: Նախատեսվում են մի շարք հանդիպումներ և այցեր:
11:12 - 30 ապրիլի, 2019
Սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով 85 պացիենտի արդեն բուժօգնություն է ցուցաբերվել |lragir.am|

Սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով 85 պացիենտի արդեն բուժօգնություն է ցուցաբերվել |lragir.am|

lragir.am: Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացքում է սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը: Նախարարն ասաց, որ բավական լավ ընթացք կա: Երեկ չէ առաջին օրվա տվյալներով՝ 85 պացիենտի արդեն բուժօգնություն է ցուցաբերվել, որից 60-ը առողջացումով դուրս են գրվել: Մի քանիսի կյանքը չի հաջողվել փրկել, քանի որ շատ ծանր վիճակում են եղել: «Համարում ենք, որ ծրագիրը կարիք ունի ընդլայնվելու՝ այլ բժշկական կենտրոններ, նաև մարզային բժշկական կենտրոններ ընդգրկելու, ինչը մասնագետների օգնությամբ կփորձենք մյուս տարվանից կատարել: Այսինքն՝ դա համարում ենք շատ հաջողված ծրագիր»,- ասաց նա: Վարչապետը հետաքրքրվեց՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ինֆարկտից հետո նաև ինսուլտը կարող է լիարժեք բուժվել, եթե ժամանակին միջամտություն ցուցաբերվի: »Եվ դա իրականացվում է պետպատվերո՞վ, հա՞»,- հարցրեց Փաշինյանը: Ի պատասխան առողջապահության նախարարն ասաց՝ այո: «Այս տարվա բյուջեից դրա համար հատկացրել ենք 400 մլն դրամ: Հավանաբար կտեղավորվենք կամ մի քիչ կգերակատարենք, և կարիք կլինի այլ տողերից վերաբաշխում կատարել: Մյուս տարվա կանխատեսումներն ենք հիմա անում, միգուցե կարիք կլինի մի քիչ ավելացնել»,-հավելեց Թորոսյանը:
07:39 - 25 ապրիլի, 2019
Արսեն Թորոսյանը հյուրընկալել է Միացյալ Նահանգների դեսպանին

Արսեն Թորոսյանը հյուրընկալել է Միացյալ Նահանգների դեսպանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Լին Մ. Թրեյսիին:  Նախարարը շնորհավորել է վերջինիս նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել Հայաստանում կատարելիք իր աշխատանքում:Կողմերն աշխատանքային քննարկում են ունեցել և խոսել առողջապահության ոլորտում շարունակական համագործակցության մասին: Քննարկվել են հարցեր Հայաստանում քաղցկեղի ախտորոշման, տուբերկուլոզի դեմ պայքարի և ՄԻԱՎ-ի բուժման, կանխարգելման, մոր և մանկան առողջության վերաբերյալ: «ՄԻԱՎ-ն ու տուբերկուլոզը Արևելյան Եվրոպայի ամենամեծ մտահոգություններից են: Հայաստանը գտնվելով այդ տարածքում, ունի ՄԻԱՎ-ի կայուն վիճակագրություն: Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների 90%-ը ճիշտ ախտորոշված է և բուժում է ստանում, նրանցից 90%-ն այլևս վարակիչ չէ»,- ասել է Արսեն Թորոսյանը:Լին Մ. Թրեյսին հույս է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի մի շարք ուղղություններով, ինչպես նաև շնորհավորանք է հղել Արսեն Թորոսյանին: «Շնորհավորում եմ միջազգային հանրության այս տարվա Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության «Կառավարության բարեփոխիչ» մրցանակին արժանանալու համար: Ես նաև վերահաստատում եմ Միացյալ Նահանգների կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդի համար այս կարևորագույն ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին»,- ասել է դեսպանը:
11:15 - 23 ապրիլի, 2019
Առողջապահության նախարարն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն |armenpress.am|

Առողջապահության նախարարն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հանդիպել բուժանձնակազմի հետ։ Նախարարը ողջունել է անձնակազմին և կարևորել է բժշկական կենտրոնի դերը և նշանակությունն առողջապահության համակարգում՝ որպես պետական, խոշոր և բազմաֆունկցիոնալ հիվանդանոց։ Առաջին անգամ այս ձևաչափով նախարարը փորձել է հասկանալ պացիենտի հետ անմիջական շփվող բժիշկների աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները։ Կենտրոնի տնօրենը նախարարին է ներկայացրել ընթացիկ աշխտանքները, այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են առօրյայում։ Հարցուպատասխանի ընթացքում նախարարը արձանագրել է այն հիմնական կետերը, որոնց ուղղությամբ հետագայում պետք է աշխատանքներ տանել, մասնավորապես ծննդօգնության, ուռուցքաբանության, մանկաբարձագինեկոլոգիական, մանկաբուժության, առողջության առաջնային պահպանման և այլ ուղղություններով։  
10:00 - 21 ապրիլի, 2019
Պետությունը կավելացնի քաղցկեղի բուժման ծախսերը և կներդնի դրա դեմ պայքարի ռազմավարություն. ՀՀ-ում է ԱԷՄԳ պատվիրակությունը

Պետությունը կավելացնի քաղցկեղի բուժման ծախսերը և կներդնի դրա դեմ պայքարի ռազմավարություն. ՀՀ-ում է ԱԷՄԳ պատվիրակությունը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) և առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներին, որոնք Impact առաքելության շրջանակներում այցելել են Հայաստան և գնահատել երկրի ուռուցքաբանության ծառայության կարողությունները: ԱԷՄԳ առաքելության պատասխանատու Արսեն Յուրիչը ներկայացրել է անցկացրած հետազոտությունների նախնական արդյունքները` արձանագրելով այս ոլորտում առկա խնդիրները, բացթողումները, ինչպես նաև հանդես է եկել առաջարկներով և ուռուցքաբանության ծառայության կտրուկ բարեփոխմանն ուղղված հնարավոր լուծումներով: Առաքելությունը գնահատել է փուլ առ փուլ կատարվող ծառայության քայլերը` սկսած առաջնային օղակում կանխարգելիչ միջոցառումներից մինչև պալիատիվ խնամք: Արսեն Յուրիչն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնների վրա, մասնավորապես նշելով ծխելը, ալկոհոլի չարաշահումը, պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման բնակչության քիչ ներգրավվածությունն այն դեպքում, երբ պետությունն անվճար տրամադրում է միջազգային չափորոշիչներին համապատասխան պատվաստանյութը: «Կան գնահատականներ, որ Հայաստանում քաղցկեղ ունեցողների 55 տոկոսի մոտ ռիսկի գործոնը ծխելն է»,- շեշտել է Արսեն Յուրիչը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել առաքելության ներկայացուցիչներին և նշել, որ ուռուցքաբանության ոլորտը նախարարության առաջնահերթություններից է: «Նախատեսում ենք հաջորդ տարվա բյուջեում քաղցկեղի ախտորոշման և բուժման ֆինանսավորման զգալի ավելացում, սկրինինգային նոր ծրագրերի, ինչպես նաև քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության ներդրում»,- ասել է Թորոսյանը: Առաքելության այցի արդյունքում առաջիկայում պատրաստվելու է ոլորտը գնահատող զեկույց ոչ միայն ծառայության կարողությունների, այլև ճառագայթային անվտանգության մասով: Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական և ավելի համապարփակ:
15:05 - 12 ապրիլի, 2019
Հայաստանում կստեղծվի բուժքույրերի շարունակական կրթության կենտրոն

Հայաստանում կստեղծվի բուժքույրերի շարունակական կրթության կենտրոն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Շվեյցարիայի «ՍԵՄՌԱ Պլյուս» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարլիզ Ֆլորին և Արաբկիր բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանին: Քննարկվել է հնարավորությունը առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ` «Արաբկիր» բժշկական համալիրի- երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հենքի վրա ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան բուժքույրերի շարունակական կրթության կենտրոն: Նախարարը կարևորել է ծրագիրը` հատկապես բուժքույրությունը որպես առանձին մասնագիտություն զարգացնելու տեսանկյունից: «Մեր լիազորությունների շրջանակներում կաջակցենք ծրագրի իրականացմանը»,-ասել է Թորոսյանը: Մարլիզ Ֆլորին հայտնել է, որ ծրագրի ներդրման ֆինանսավորումը հոգում է Շվեյցարիայի կառավարությունը և «ՍԵՄՌԱ Պլյուս» հիմնադրամը, սակայն Հայաստանի կառավարությունից ակնկալվում է ճանաչում և աջակցություն` ծրագրի իրականացման համար: Պիլոտային ծրագիրը կապահովի բուժքույրերի հմտությունների շարունակական զարգացումը, արդիական մոտեցումների, գիտելիքների, նորարությունների ներդրումն ու կիրառումը, առողջապահության տարբեր ոլորտներում նեղ մասնագիտացումները, աշխատանքի կազմակերպման և կառավարման հմտությունների զարգացումը:
12:14 - 12 ապրիլի, 2019
Մինչև 7 և 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար կառավարությունը սահմանում է առանձին պահանջներ |armenpress.am|

Մինչև 7 և 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար կառավարությունը սահմանում է առանձին պահանջներ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն առողջապահության ոլորտի հետ կապված ընդունեց երկու որոշում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ պարզեցվել է բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների տրամադրման կարգը, փոխվել է փաստաթղթի կառուցվածը, այն դարձնելով կիրառման համար ավելի դյուրին, յուրաքանչյուր վիրաբուժական ծառայություն ծավալող բաժանմունքի կառուցվածքը պարզեցվել է, նույն կետում հստակ նշելով հարակից գործառնական ստորաբաժանումները, կրճատվել են մի շարք պարտադիր պահանջ հանդիսացող բժշկական նշանակության պարագաներ և սարքեր, որոնք վաղուց արդեն չեն կիրառվում բժշկագիտության ոլորտում։ «Սահմանվում են մինչև 7 և 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված առանձին պահանջներ»,- ասաց Թորոսյանը։ Ըստ որոշումների՝ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով»: 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով: Թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում մանկական պահող համակարգերի (սարքերի) տեղադրումն ու դրանցում երեխաներին տեղավորումը պետք է իրականացվեն նշված համակարգերի (սարքերի) շահագործման հրահանգներին (կանոններին) համապատասխան:Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի): 
08:38 - 11 ապրիլի, 2019
Հայաստանը տարածաշրջանում առաջինն է գործարկում շտապ բուժօգնության ուղղաթիռ |armenpress.am|

Հայաստանը տարածաշրջանում առաջինն է գործարկում շտապ բուժօգնության ուղղաթիռ |armenpress.am|

armenpress.am Տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում, կգործի ուղղաթիռ, որը պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ է մատուցելու: Armenian Helicopters ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Աբովյանը նշեց, որ այն տարածաշրջանում առաջին ընկերությունն է, որը ձեռք է բերել ուղղաթիռ ու այն շահագործման է հանձնում ՀՀ առողջապահության նախարարությանը: «Հայաստանում շատ են դժվարանցանելի ճանապարհները, քանի որ լեռնային երկիր է, այդ իսկ պատճառով ուղղաթիռը միակ հարմար տրանսպորտն է մարդուն շատ կարճ ժամանակահատվածում տարբեր մարզերից Երևան տեղափոխելու համար: Առողջապահության նախարարության կողմից կա ֆիքսված հիվանդությունների ցանկ, որոնց դեպքում ուղղաթիռը պետք է հիվանդին բժշկական հաստատություն հասցնի: Հիվանդներին տեղափոխելու դեպքում գործելու է պետպատվեր, այսինքն՝ պետությունն է հոգալու ծախսերը»,- նշեց Աբովյանը: Նրա խոսքով տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որ նմանատիպ ծառայություններ է մատուցելու: Պետության համար արժեքը կկազմի ընկերության սահմանած առևտրային գներից բավականին ցածր գին՝ գրեթե զրոյական եկամտով: Armenian Helicopters ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը նշեց, որ ուղղաթիռն ամբողջությամբ հագեցված է բոլոր սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են հիվանդին մարզերից Երևան տեղափոխելու համար: «Ուղղաթիռի մեջ կա այն ամենն, ինչ կա շտապ օգնության մեքենաներում՝ պատվերի ժամանակ բուժհաստատությունից բժիշկները կվերցնեն այն ամենն, ինչ իրենց անհրաժեշտ է ու կմեկնեն տվյալ վայր»,- ընդգծեց Մանուկյանը: Անդրադառնալով ուղղաթիռով թռչելու դեպքում տևողության կրճատմանը, ընկերության տնօրենը շեշտեց, որ, օրինակ՝ Երևան-Կապան-Երևան թռիչքը կտևի գրեթե 2 ժամ 20 րոպե, ինչը մեքենայով գնալու դեպքում 10-11 ժամ կտևի: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ սանիտարական ավիացիան աշխարհում ընդունված մի տեղափոխման միջոց է, որը թույլ է տալիս հիվանդներին ավելի արագ հասցնել բժշկական կենտրոններ: «Հիվանդանոցներում հնարավոր է մատուցվեն այնպիսի ծառայություններ, որոնք տվյալ մարզում չեն գործում, օրինակ՝ նեյրովիրաբուժությունը, ծանր տրավմաների կամ լուրջ այրվածքների դեպքում վիրահատությունները և այլն: Ընդհանուր առմամբ, հիվանդությունները 6-ն են»,- ընդգծեց Թորոսյանը: Նրա խոսքով՝ ծառայությունն իրականացվելու է «Էրեբունի» բժշկական կենտրոնի միջոցով, որը վարձելու է ուղղաթիռը Armenian Helicopters ընկերությունից: «Գործելու է 1 ուղղաթիռ, որը կարող է տեղափոխել մեկ հիվանդի: Այն հիվանդները, ովքեր կցանկանան ուղղաթիռով, ավելի հարմարավետ պայմաններով տեղափոխվել Երևան, կտեղափոխվեն վճարովի հիմունքներով: Մեկ ժամի արժեքը պետության կողմից մատուցվող ծառայությունների դեպքում կկազմի 720 հազար դրամ»,- ասաց Թորոսյանը: Ուղղաթիռով ծառայություն իրականացնող բժիշկներն արդեն իսկ անցել են համապատասխան վերապատրաստումները, տեղյակ են ավտանգության բոլոր կանոններին, օդաչուները նույնպես տիրապետում են բոլոր մանրամասներին:  
14:55 - 07 ապրիլի, 2019
«Գիլյադ» ընկերության կողմից ՀՀ-ին կտրամդրվի հեպատիտ Ց-ի բուժման դեղերի լիցենզիա

«Գիլյադ» ընկերության կողմից ՀՀ-ին կտրամդրվի հեպատիտ Ց-ի բուժման դեղերի լիցենզիա

Առողջապահության նախարարության և «Գիլյադ» (Gilead Science Ireland UC ) ընկերության միջև համագործակցության հուշագիր է կնքվել: Հուշագիրը ստորագրել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և «Գիլյադ» ընկերության ներկայացուցիչ Բեն Կամարկը, որով «Գիլյադ» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը կտրամդրվի հեպատիտ Ց-ի բուժման սխեմայի համապատասխան գեներիկ դեղերի արտադրության, փաթեթավորման և ներմուծման լիցենզիա: «Վիրուսային հեպատիտները աշխարհում առողջապահության գերակա խնդիրներից են և բնորոշվում են լայն տարածվածությամբ: Ներկայումս վիրուսային հեպատիտների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումն ու իրականացումը Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի արդիական խնդիրներից է»,- ասել է նախարար Արսեն Թորոսյանը, հավելելով, որ նախարարության մասնագետների կողմից մշակվել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ազգային ծրագիր», որի շրջանակներում նախատեսվում է առնվազն 1000 պացիենտի համար ապահովել հակավիրուսային դեղորայքային բուժում: 2018 թվականին «Հիվանդությունների վերլուծության կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվել է հեպատիտ Բ-ի և Ց-ի փոխանցման և հիվանդացության բեռի վերլուծություն, որի արդյունքում առաջարկվել են նաև մոդելավորումներ` հեպատիտ Ց-ի բուժման և կանխարգելման ուղղությամբ: ՀՀ առողջապահության նախարարություն  
10:04 - 02 ապրիլի, 2019
Արսեն Թորոսյանը՝ ապրիլյան դեպքերի մասին

Արսեն Թորոսյանը՝ ապրիլյան դեպքերի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «3 տարի առաջ այս օրը այս ժամին Պաշտպանության Բանակի հսկիչ-անցագրային կետի (КПП) հերթապահի օգնականը տագնապով արթնացրեց այդ օրվա հերթապահ լեյտենանտ Թորոսյանին, քանի որ հակառակորդը հանկարծակի հարձակման էր անցել։ Այնուհետև ամբողջ Պաշտպանական Բանակը արագ բերվեց մարտական պատրաստվածության բարձր աստիճանի, որպեսզի դիմագրավի և հետ շպրտի հակառակորդին։ Հաջորդող մի քանի օրերին, երբ մեր ստորաբաժանումները հակահարված էին տալիս հակառակորդին, ՊԲ ռազմաբժշկական բաժնի համածառայակիցներիս հետ միասին հիմնականում զբաղվում էինք վիրավորների տարհանման և ռազմաբժշկական ծառայության կազմակերպման աշխատանքներով, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել բազմաթիվ հավելյալ զոհերից։ Մնացածի մասին շատ է խոսվել, չեմ ուզում կրկնել։ Փա՛ռք Հայոց Բանակին։Հավերժ փա՛ռք հերոսներին»։    
05:54 - 02 ապրիլի, 2019
Կաշառքի գործով ԱԱԾ բերման ենթարկված մյուս անձը գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն է |azatutyun.am|

Կաշառքի գործով ԱԱԾ բերման ենթարկված մյուս անձը գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն է |azatutyun.am|

Դեռևս մարտի 30-ին լուրեր տարածվեցին, որ կաշառք ստանալու կասկածանքով Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է առողջապահության փոխնախարարը: Ավելի ուշ ոլորտի գլխավոր պատասխանատու Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որ Ազգային անվտանգության ծառայություն բերման ենթարկվածը իր տեղակալ Արսեն Դավթյանն է: Նախարարը մանրամասներ չէր հայտնել: Ազգային անվտանգության ծառայությունն այսօր, առանց անուններ նշելու, հայտնում է, որ տվյալներ են ստացվել Առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ: Ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ բժշկական հաստատություններից մեկի տնօրենն անձամբ Առողջապահության փոխնախարարի աշխատասենյակում նրան առանձնապես խոշոր չափի կաշառք է տվել իր բուժհաստատության պետպատվերի գումարն ավելացնելու դիմաց: Շաբաթ օրն արդեն լուրեր էին տարածվել, որ ԱԱԾ բերման ենթարկված մյուս անձը Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամայանն է: Վերջինս նաև Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրենն է, որը հանրությանը հայտնի է որպես Հանրապետական ծննդատուն: Տեղեկությունը փորձեցինք ճշտել հենց Ռազմիկ Աբրահամյանից: Վերջինս, թեև աշխատավայրում էր, սակայն չցանկացավ թեմայի մասին խոսել՝ պատճառաբանելով, թե առողջական վիճակը վատ է: Նրա դուստրը՝ Գոհար Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ իր հայրը շաբաթ օրը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն: Հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ տեղյակ չի եղել այդ գործարքից․ - «Վերահաստատում եմ, որ ցանկացած իրավախախտման դեպքի մասին իմանալու դեպքում հենց առաջինը իրավապահ մարմիններին կհայտնեմ դրա մասին ու հակառակը կհամարեմ պարտակել: Դա լինի իմ աշխատակիցը, կամ իմ ենթակա հիմնարկի ղեկավարը, կամ որևէ այլ աշխատակից՝ դա ոչինչ չի փոխում: Էս գործում մենք ընկերներ, բարեկամներ, հարազատներ չունենք: Նման ցանկացած վարքագիծ դրսևորող մարդ մեր թշնամին է: Կոռուպցիայի դեմ պայքարը երկու կոմպոնենտ ունի՝ կանխարգելիչ կոմպոնենտը, երբ որ համակարգեր ես ներդրում, էնպիսի համակարգեր պետական կառավարման ապարատում, որ մարդու որոշում կայացնելու գործոնը մաքսիմալ հանում են համակարգերի մեջից: Օրինակ, ֆինանսների բաշխման կամ թույլտվությունների տրամադրման համակարգից: Եվ պատժիչ գործոն: Կանխարգելիչ գործոնով մենք զբաղվում ենք միշտ և միշտ կատարելագործելու ենք․․․ և երկրորդը՝ պատժիչ կոմպոնենտը, որի դրսևորումը մենք ականատես եղանք՝ եթե, իհարկե, մեղքը ապացուցվի: Նույնը մնացած բոլոր դեպքերում, այսինքն նախկին նախարարների կամ փոխնախարարների դեպքում․ եթե կա պատժի անխուսափելիություն, նաև դրանով ենք կանխարգելում ենք կոռուպցիան: Իսկ ինչ պետք է անեմ, որպեսզի նման դեպքեր չլինի, ասեցի․ նախ, իմանալու դեպքում միջոցներ ձեռնարկեմ մեղավորներին պատժելու համար: Եվ երկրորդը, պարբերաբար վստահանամ, հավաստիանամ, որ նման բաներ տեղի չեն ունենում»: Ավելին՝azatutyun.am-ում
05:44 - 02 ապրիլի, 2019
Մեր աջակցությունն ենք հայտնում իրավապահ մարմիններին. Արսեն Թորոսյանն՝ իր տեղակալի ձերբակալության մասին

Մեր աջակցությունն ենք հայտնում իրավապահ մարմիններին. Արսեն Թորոսյանն՝ իր տեղակալի ձերբակալության մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԱԾ հայտարարության կապակցությամբ. Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը, ուզում եմ հայտնել, որ վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ինչ խոսք` նման երևույթներն անթույլատրելի են և դատապարտելի: Նոր Հայաստանում պետք է ձգտել բացառել և արդար աշխատանքով կառուցել մեր ապագան: Կաշառք տալը և վերցնելը մեր երկրում քրեորեն պատժելի արարք են: Մեր աջակցությունն ենք հայտնում իրավապահ մարմիններին` կոռուպցիայի դեմ պայքարում։ Անկեղծորեն հավատում ենք, որ համակարգում տեղ գտած կոռուպցիայի և հակաօրինական այլ երևույթների բացահայտումը կօգնի արմատախիլ անել դրանք և առողջացնել համակարգը: Առողջապահության նախարարության ողջ թիմով ցավ ու ափսոսանք ենք հայտնում կատարվածի համար»:  
12:23 - 01 ապրիլի, 2019