Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Կարեւորվել է հայ-չեխական միջխորհրդարանական կապերի զարգացումը. հանդիպում հանձնաժողովում

Կարեւորվել է հայ-չեխական միջխորհրդարանական կապերի զարգացումը. հանդիպում հանձնաժողովում

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանն ու հանձնաժողովի անդամներն ապրիլի 29-ին հանդիպել են Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի Սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով չեխ խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Աննա Կարապետյանը կարեւորել է երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացումը: Պատգամավորը նշել է, որ վերջին տարիներին երկուստեք գործակցության արդյունքում հայ-չեխական կապերը հասել են բարձր մակարդակի: Հանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է Մարեկ Բենդայի դերը Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման գործում: Կարեւոր է համարվել նաեւ բարեկամական խմբերի փոխայցերը, որոնք նպաստում են միջխորհրդարանական կապերի զարգացմանը, փորձի փոխանակմանը: Աննա Կարապետյանն անդրադարձել է հանձնաժողովի օրենսդրական գործունեությանը: Մարեկ Բենդան հետքրքրվել է թավշյա հեղափոխությունից հետո ընտրական համակարգում, ինչպես նաեւ տնտեսական, քաղաքական, իրավական ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքով, ձեռնարկվող քայլերով: Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է Ընտրական օրենսգրքի բարեփոխում՝ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, ինչի մասին հայտարարությամբ հանդես է եկել խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը: Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են խոսքի ազատությանը, կարեւորել մեզ մոտ եվրոպական իրավաքաղաքական մշակույթի ներդնումը, ժողովրդավարական կառույցների կատարելագործումը:
10:52 - 29 ապրիլի, 2019
Արարատ Միրզոյանը հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ է տեսնում

Արարատ Միրզոյանը հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ է տեսնում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին (նստավայրը` Թբիլիսի): Ողջունելով դեսպանին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ բարեկամական հարաբերություններ: Դրանց հետագա խորացման ու ընդլայնման առումով Արարատ Միրզոյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների, ինչպես նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ում վերջերս ձեւավորվել է Մերձբալթյան երկրների հետ պատգամավորական բարեկամական խումբը` հույս հայտնելով, որ համանման խումբ կձեւավորվի նաեւ Էստոնիայի օրենսդիր մարմնում: Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել էստոնական կողմին Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար` վստահություն արտահայտելով, որ այն էապես նոր որակ կհաղորդի ինչպես Եվրոպական միության հետ, այնպես էլ Հայաստան-Էստոնիա համագործակցությանը: Արարատ Միրզոյանը խորհրդանշական է համարել, որ Կաի Կաարելսոնի Երեւան ժամանումը համընկել է այն օրերի հետ, երբ հայ ժողովուրդը նշում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության տարելիցը, մի իրողություն, որը ճանաչվել է բազմաթիվ երկրների օրենսդիր մարմինների կողմից: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Էստոնիան եւս կհամալրի այդ երկրների շարքը: Իր հերթին ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, պատգամավորական շփումները, փորձի եւ տեղեկատվական փոխանակումները: Դեսպանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ կբացի երկու երկրների միջեւ գործակցության համար: Կողմերն անդրադարձել են այն ուղղություններին, որոնք առաջիկայում կարող են լինել համագործակցության օրակարգում` խորհրդարանական կառավարման համակարգի փորձառություն, իշխանության մարմինների գործունեության էլեկտրոնային կառավարման եղանակ, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: «Բազմաթիվ են հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները»,-նշել է Արարատ Միրզոյանը:
13:41 - 25 ապրիլի, 2019
Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ․ Արարատ Միրզոյան

Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ․ Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Դուռը փակեք, մնում ենք բանտում կամ Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ Գուցե տարօրինակ հնչի, բայց ողջ Շարժման ամենահանգիստ կամ երևի ավելի ճիշտ միակ հանգիստ օրն իմ համար Էրեբունիում Ձերբակալվածների Պահման Վայրում գտնված ընթացքն էր։ Երբ ապրիլի 22-ի երեկոյան Շենգավիթից ինձ ու Սասունին բերեցին այստեղ, մի անասելի հանգստություն իջավ վրաս։ Բոլոր զգայարաններս անջատվել էին կարծես։ Մեզնից վերցրեցին գոտիներս և կոշիկներիս կապիչները, մնացածը Շենգավիթում ՀՔԾ քննիչներն էին վերցրել։ Խնդրեցի մի կապիչը երկու կես անել, որ գոնե փոքրիկ կապ կարողանամ անել վերևի անցքերով, որ կարողանամ քայլել։ Համաձայնեցին։ Տարան տարբեր խցեր։ Արդեն հետո պիտի իմանայինք, որ նույն վայրում են Ավինյանը, Արմեն Գրիգորյանը, մյուս ընկերներից շատերը։Պառկեցի։ Երբեմն-երբեմն ջեռուցման խողովակով որոշակի տակտով հարվածներ էին լսվում։ Դժվար էր շփոթել տակտը՝ քայլ արա մերժիր սերժին։ Նույնն էինք պատասխանում։ Չգիտեմ, թե ինչքան անցավ, բայց դուռը բացվեց, և խցիս մյուս տղային կարգադրեցին դուրս գալ, ինչից հետո մի բարձրաստիճան պաշտոնյա ներս մտավ։ Հետագա ժամերի ընթացքում սա կրկնվեց նորից ու նորից ու նորից ու նորից։ Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ գալիս էին տեսակցելու և բանակցելու։ Բոլորին ասում էի՝ գնացեք Սերժին ասեք թող հրաժարական տա՝ ձեզ էլ, երկիրն էլ իր հետ անդունդն է տանում, դրանից հետո կգաք կբանակցենք։ ՄԻՊ Արման Թաթոյանի այցից հետո ինձ մի ռադիոընդունիչ բերեցին։ Վերջապես տեղեկություն ստացա, թե ինչ է կատարվում դրսում։ Նիկոլի տեղն առաջվա պես անհայտ էր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հետ մի քանի տոպրակ սնունդ էր բերել։ Հսկիչներին խնդրեցի մաս-մաս անել և բաժանել բոլոր ձերբակալվածներին։ Առավոտյան նույնը։ Շըխկ-շըխկ, ճըռռ, բարև ձեզ, տղա ջան դու դուրս արի։ Քիչ անց ներս մտավ Կարեն Կարապետյանը։ Երկուսս էլ վառեցինք սիգարետները։ Նույն մեսիջները երկու կողմից։ Խոսակցությունն էլի փակուղի մտավ։ - Հավատում ե՞ս, որ ես Հայաստանի լավն եմ ուզում,- ասեց։- Իհարկե,- պատասխանեցի։ Չէի խաբում։- Դե գնանք բոլորով միասին խոսենք։ Ուղեկցեցին մի այլ խուց։ Նիկոլն էր նստած։ Փաթաթվեցինք, իրար որպիսություն հարցրեցինք։ Պատմեց, որ տարել են Սևան ու անմիջապես հետ բերել Երևան։ Սասունին էլ բերեցին։ Կարեն Կարապետյանը կարգադրեց մեզ սուրճ տալ։ Հասկացա, որ ողջ ընթացքում բանակցել են երեքիս հետ էլ առանձին-առանձին, փորձել են թույլ տեղ գտնել։ Երեքս էլ բոլորին նույնն ենք ասել՝ միայն հրաժարական։ Նիկոլն էլ վերջում ասել էր, որ մեզ էլ կանչեն, որ միասին պայմանները քննարկենք։ Փոխանցեց աշնանը Ֆրանկոֆոնիայից հետո հրաժարական տալու պատրաստակամությունը։ Բնականաբար ժպիտով մերժեցինք։ Գնաց, խոսեց, եկավ, կարծեմ ինչ-որ մայիսոտ-հունիսոտ մի օր առաջարկեց։ Ասեցինք՝ բացառվում է։ Գնաց, խոսեց, եկավ, առաջարկեց ապրիլի 25-ը։ Խնդրեցինք մենակ թողնել մեզ։ Խոսեցինք, միաձայն ու միակամ որոշեցինք, փոխանցեցինք՝ չէ։ Կատակեցի՝ մենք մնում ենք բանտում, դուռը փակեք։ Առաջարկեց նույն օրը՝ ապրիլի 23-ի ուշ երեկոն։ Ասեցինք՝ չէ։ Մեկ-երկու ժամվա մեջ,- ասեց Նիկոլը։ Կարեն Կարապետյանը գնաց, խոսեց, եկավ, ասեց՝ պայմանավորվեցինք, երկու ժամվա մեջ կլինի։ - Դե միասին գնանք Հրապարակ,- ասեց։ Նորից մենակ մնացինք։ Որոշեցինք մերժել։ Պայմանավորվեցինք իր հետ լուսանկարվել ելքի մոտ։ Գնացինք լվացվելու և հարդարվելու։ Դուրս եկանք։ Տիգրան Մեծ պողոտայի կեսերից ստիպված եղանք մեքենայից իջնել ու ոտքով շարունակել։ Մարդիկ մեզ գրկում, համբուրում, օդ էին թռցնում։ Համատարած ցնծություն էր։ Ինքս հրաժարականը չեմ լսել, չեմ էլ կարդացել։ Անգամ մինչև հիմա։ Միայն գիտեմ, որ ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ»։    
11:33 - 23 ապրիլի, 2019
Արարատ Միրզոյանը՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ընդունած նախագծի մասին. «Որպես ԱԺ նախագահ ՍԴ կայացրած վճիռը չեմ վիճարկում» |hetq.am|

Արարատ Միրզոյանը՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ընդունած նախագծի մասին. «Որպես ԱԺ նախագահ ՍԴ կայացրած վճիռը չեմ վիճարկում» |hetq.am|

hetq.am: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ որպես քաղաքական գործիչ, կարող է որոշակի վերաբերմունք ունենալ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ, բայց որպես ԱԺ խոսնակ՝ չի կարող վիճարկել այն։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով մեր այն հարցին, թե ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ անելու նախագիծը, որն, իշխող ուժի վստահեցմամբ, հակասահմանադրական և հակահեղափոխական նախագիծ էր, ստացվում է՝ իշխանության համար սկզբունքի հարց էր այդ նախագծի ընդունումից հետո խորհրդարանի արձակումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ «Համաձայն չեմ այն դիտարկման հետ, որ այդ նախագծի շնորհիվ կարողացանք արձակել խորհրդարանը, որովհետև դեռ հեղափոխության օրերին հայտարարված էր, որ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կառավարությունն էլ ձևավորվելուց հետո ասել էր, որ մեկ տարվա ընթացքում պետք է լինեն արտահերթ ընտրություններ, ինչը և եղավ։ Այդ նախագիծը մեր քաղաքական ուժի վրդովմունքը առաջացրել էր, և քաղաքացիներն էին դուրս եկել, մտել ԱԺ բակ»,- ասաց Միրզոյանը։ ԱԺ խոսնակի վստահեցմամբ՝ ՍԴ-ն հենց դրանով է ՍԴ, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կայացնի որոշումներ։ «ՍԴ-ն կայացրել է վճիռը, ես՝ որպես քաղաքական գործիչ, դրա հետ կապված կարող եմ ունենալ վերաբերմունք, համարել լավ կամ վատ, բայց որպես ԱԺ նախագահ՝ ՍԴ կայացրած վճիռը չեմ վիճարկում»,- ասաց նա։ Ճշտող հարցին՝ փաստորեն ՀՀԿ-ն ճիշտ էր, դուք սխա՞լ, Միրզոյանն ասաց, որ իր ասածից նման հետևություն չէր անի, իր ասածն այն է, որ վճիռն իրեն կարող է դուր գալ կամ չգալ, բայց դա ՍԴ-ի վճիռ է։
09:12 - 22 ապրիլի, 2019
ԱՊՀ ՄԽՎ-ն արդյունավետ հարթակ է անդամ երկրների խորհրդարանների համագործակցության զարգացման համար. Արարատ Միրզոյան

ԱՊՀ ՄԽՎ-ն արդյունավետ հարթակ է անդամ երկրների խորհրդարանների համագործակցության զարգացման համար. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 19-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին: ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունները քննարկել եւ հաստատել են նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք մոդելային օրենքների եւ օրենսգրքերի նախագծեր: ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսական հարցերով հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը` որպես հիմնական զեկուցող, վեհաժողովի հաստատմանն է ներկայացրել Հարկային վարչարարության մասին, Ներքին ջրային տրանսպորտին եւ գնագոյացմանն առնչվող մոդելային օրենքների նախագծերը: Լիագումար նիստի ավարտին Ազգային ժողովի նախագահը մասնակցել է անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսին: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջին անգամ է մասնակցում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին եւ կարող է վստահորեն համոզմունք հայտնել, որ գոհ է նիստի աշխատանքներից: Ըստ խորհրդարանի ղեկավարի` ԱՊՀ ՄԽՎ-ն շատ արդյունավետ հարթակ է անդամ երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման համար, մի հարթակ, որտեղ կարելի է քննարկել եւ որոշումներ կայացնել քաղաքական, հումանիտար, տնտեսական եւ այլ հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ հայ պատգամավորներն ակտիվ մասնակցություն են ունենում ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներին եւ իրենց ներդրումն են բերում կառույցի զարգացմանը, մասնավորապես մոդելային օրենսդրության մշակման գործընթացին: Անդամ պետություններում տեղի ունեցող ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ ՄԽՎ առաքելությունների աշխատանքին վերաբերող հարցին ի պատասխան` Արարատ Միրզոյանը նշել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկվել են մեծաթիվ միջազգային հեղինակավոր դիտորդական առաքելությունների կողմից եւ գնահատվել լիակատար ազատ, արդար եւ թափանցիկ: Ըստ օրենսդիր մարմնի ղեկավարի` միջազգային դիտորդական առաքելությունների թվում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խումբը կատարել է շատ գնահատելի ու կարեւոր աշխատանք: Արարատ Միրզոյանի խոսքով` անդամ պետություններն իրենց ուշադրության կենտրոնում պետք է պահեն գործընկեր պետություններում տեղի ունեցող ընտրական գործընթացները:
18:09 - 19 ապրիլի, 2019
ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների

ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում են եղել թե՛ դեմոկրատներ, թե՛ հանրապետականներ: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել միջխորհրդարանական կապերի դերն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների մակարդակներով, արժեւորել խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությունը: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ կոնգրեսականների ներկա այցը, ինչպես նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունն իրենց նպաստը կունենան հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: ԱԺ նախագահն ամերիկացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները, դրանց հաջորդած տարբեր ոլորտներին առընչվող ընդգրկուն բարեփոխումները: «Արտահերթ ընտրությունները, որոնք անցկացվեցին հեղափոխության արդյունքում` ամենանախանձախնդիր դիտորդական առաքելությունների կողմից գնահատվեցին որպես ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավար»,-նշել է Արարատ Միրզոյանը` ընդգծելով, որ զարգացման ժողովրդավարական ուղին, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանությանունն այլեւս անշրջելի են: Այս համատեքստում նա նշել է, որ հայաստանյան երիտասարդ ժողովրդավարությունն ունի միջազգային բոլոր այն ուժերի ու կառույցների աջակցությունը, որոնց համար թանկ են ժողովրդավարական արժեքները: Ազգային ժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք առկա են խորհրդարանական կառավարման համակարգին անցած երկրի օրենսդիր մարմնի օրակարգում` օրենսդրական դաշտի կատարելագործում, վերահսկողական գործառույթի իրականացում, ընտրական համակարգի բարեփոխում, խորհրդարանի կորողությունների հզորացում, անկախ փորձագիտական, վերլուծական հմտությունների զարգացում: Դրանց կյանքի կոչման համար Արարատ Միրզոյանն ընդգծել է փորձի փոխանակման, փոխայցերի, միջխորհրդարանական գործակցության այլ ձեւաչափերի դերը: Անդրադառնալով մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգին` խորհրդարանի ղեկավարը կոնգրեսականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի` բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում լուծելու Հայաստանի դիրքորոշումը: Նա կոնգրեսականների ուշադրությունը հրավիրել է ԱՄՆ կողմից ԼՂ-ին ցուցաբերվող ֆինանսական աջակցությանը, ինչպես նաեւ այն գործողություններին օժանդակմանը, որոնք կոչված են նպաստելու խաղաղ բանակցային գործընթացի առաջխաղացմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ ներկայացնելով պատվիրկությանը, որի կազմում ընդգրկված կոնդրեսականները Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի անդամներ են, ԺԳՀ համանախագահ Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ, Հս. Կարոլինա) նշել է, որ իրենք հետեւել են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին եւ ողջունում են իրականացվող ժողովրդավարական ու բարեփոխումների գործընթացները: Նա իր գործընկերների անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք կներկայացվեն հայ գործընկերների կողմից: ԺԳՀ մյուս համանախագահը` Վերն Բուքանանը (հանրապետական, Ֆլորիդա), նշել է, որ ներկայում ստեղծված են նպաստավոր պայմաններ երկկողմ հարաբերությունների առավել խորացման ու ընդլայնման համար: Այս համատեքստում նա արժեւորել է ամերիկահայ համայնքի դերակատարությունը, ովքեր, նրա խոսքով, զգալի ներդրում ունեն ԱՄՆ կյանքի ամենատարբեր ոլորտներում: Կոնգրեսականն առանձնակի ընդգծել է տնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ներդրումային արդյունավետ քաղաքականության իրականացումը: Հայ պատգամավորներին իրենց հետքրքրող հարցերն են ուղղել կոնգրեսականներ Մայքլ Քոնավեյը (հանրապետական, Տեխաս), Գերրի Քոնոլին (դեմոկրատ, Վիրջինիա), Ադրիան Սմիթը (հանրապետական, Նեբրասկա), Բարբարա Լին (դեմոկրատ, Կալիֆորնիա) եւ Թերրի Սյուելը (դեմոկրատ, Ալաբամա): Հանգամանալի անդրադարձ է եղել միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտությանը, ժողովրդավարական գործընթացներին, ընտրական համակարգին, տնտեսական բարեփոխումներին, ներդրումային քաղաքականությանը, փախստականների ու կանանց հիմնախնդիրներին եւ այլ ոլորտներին վերաբերող հարցերին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Մխիթար Հայրապետյանը, Բաբկեն Թունյանը, Մանե Թանդիլյանը:          
17:31 - 17 ապրիլի, 2019
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին՝ շնորհակալություն հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար․ «Հարգելի պարոն նախագահ, Թույլ տվեք ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար: Վստահ եմ, որ Պատգամավորների պալատի այդ քայլն իր կարեւոր նպաստը կունենա մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում: Իտալիայի Պատգամավորների պալատը եւս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային այն բարձր արժեքներին, որոնք դավանում է Իտալիսյի ժողովուրդը: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»:
14:13 - 13 ապրիլի, 2019
Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության նախագահին ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանյան փոփոխությունները

Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության նախագահին ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանյան փոփոխությունները

Դոհայում ընթացող Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է կազմակերպության նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնի հետ:Քննարկման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրված զարգացումները: Օրենսդիր մարմնի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոր գումարման Ազգային ժողովը ակտիվորեն ներգրավվելու է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, մասնավորապես Միջխորհրդարանական միության աշխատանքներին: Կողմերը քննարկել են առավել սերտ համագործակցության օրակարգի ձեւավորման հարցը, որը կարող է ներառել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների, խորհրդարանների ինստիտուցիոնալ զարգացման եւ համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:
11:21 - 10 ապրիլի, 2019
ԱԺ նախագահը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

ԱԺ նախագահը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում ապրիլի 8-ին հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Զիգֆրիդ Բրակեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Ազգային ժողովի նախագահն իր գործընկերոջն է ներկայացրել հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած զարգացումները, որոնք ուղղված են ամրապնդելու ժողովրդավարությունը, պաշտպանելու մարդու իրավունքներն ու երաշխավորելու օրենքի գերակայությունը: Արարատ Միրզոյանը նշել է, որ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն արժանացել են միջազգային դիտորդական առաքելությունների ամենաբարձր գնահատականին: Զրուցակիցներն անդարդարձել են նաեւ Հայաստանում նախատեսվող անցումային արդարադատության օրակարգին: Զիգֆրիդ Բրակեն, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները, հայտնել է Բելգիայի խորհրդարանականների աջակցությունը: Երկու երկրների միջեւ ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման եւ փորձի փոխանակման համար կողմերը պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել աշխատակազմերի համար փորձի փոխանակման ծրագրեր: Արարատ Միրզոյանը մեծապես կարեւորել է Բելգիայի օրենսդրի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Ներկայացուցիչների պալատի նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստելու համաձայնագրի՝ կարճ ժամկետներում վավերացմանը:
11:19 - 08 ապրիլի, 2019
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Կիպրոսի օրենսդիր մարմինը կվավերացնի սեղմ ժամկետներում․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ |azatutyun.am|

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Կիպրոսի օրենսդիր մարմինը կվավերացնի սեղմ ժամկետներում․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am։ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախորդ շաբաթ արդեն իսկ ուղարկվել է Կիպրոսի օրենսդիր մարմին և այն կվավերացվի սեղմ ժամկետներում։ Այդ մասին այսօր Կատարում հայտարարել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Կիպրոսն առաջին երկիրն էր Եվրոպայում և երկրորդն աշխարհում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այս ոճրագործությունը։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն էլ իր հերթին միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր խոսքում կարևորել է եղբայրական Կիպրոսի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ սեղմ ժամկետներում վավերացման խնդիրը։ Դեմետրիս Սիլուրիսը հրավիրել է Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հյուրընկալվել Կիպրոսում. Ազգային ժողովի նախագահը սիրով ընդունել է հրավերը։ Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են նաև Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրելու նախաձեռնության կյանքի կոչման ուղղությամբ։ Նշենք, որ օրերս Գերմանիայի Բունդեսթագը վավերացրեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
13:11 - 07 ապրիլի, 2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը

Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստան այցելած Իտալիայի խորհրդարանական ներկայացուցչական պատվիրակությանը` կազմված Սենատի եւ Պատգամավորների պալատի անդամներից: Ողջունելով իտալացի գործընկերներին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարն արժեւորել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված դարավոր հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր պատմական, մշակութային, քաղաքական արժեքների վրա: Արարատ Միրզոյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում վերջին շրջանում արձանագրված զարգացումները, միջազգային հանրության կողմից ազատ, արդար եւ ժողովրդավարական գնահատված խորհրդարանական ընտրությունները, վերջինիս արդյունքում ձեւավորված օրենսդիր մարմնի առաջնահերթությունների օրակարգը: «Խորհրդարանական արտահերթ ընտրությունները վերջին քայլն էին հեղափոխական այն գործընթացի, որը սկիզբ էր առել երկրում ժողովրդավարության ամրապնդման նպատակով»,-նշել է ԱԺ նախագահը: Նա կարեւորել է խորհրդարանական կառավարում ունեցող երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ գործակցությունը, փոխադարձ այցերը, փորձի փոխանակումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը: Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է այն կարեւորությունը, որ մեր երկիրը տալիս է եվրոպական տարածաշրջանի հետ ինտեգրմանը: Այս համատեքստում նա արժեւորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը` հույս հայտնելով, որ այցից հետո իտալացի գործընկերներն իրենց խորհրդարանում նոր խթան կհաղորդեն այս գործընթացին: Արարատ Միրզոյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը` նշելով, որ միայն նման ոճրագործությունների դատապարտումով է հնարավոր կանխել մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները: Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մաուրիցիո Լուպին նշել է, որ խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող իրենց խմբի համար այս այցը լավ հնարավորություն է անմիջականորեն ծանոթանալու ոչ միայն հայաստանյան քաղաքական գործընթացներին, այլեւ քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր պատմական ու մշակութային ժառանգությանը: Նրա խոսքով` սա իր հերթին մեծապես կնպաստի ավանդական կապերի հետագա զարգացմանը, նոր լիցք կհաղորդի հայ-իտալական համագործակցությանը: Ըստ Մաուրիցիո Լուպիի` իրենք հետեւել են Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացներին, ինչի արդյունքում ստեղծված նոր իրողությունները զարգացման լայն հեռանկարներ են բացել: Նա հավաստիացրել է, որ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը Սենատի եւ Պատգամավորների պալատի օրակարգային հարցերից են ու իրենց ջանքերն այս ուղղությամբ հետեւողական են լինելու: Հանդիպմանն իրենց տեսակետներն են հայտնել Իտալիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:
14:47 - 05 ապրիլի, 2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Ողջունելով դեսպանին` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է Հայաստանի հետաքրքրվածությունը լատինամերիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում` Արգենտինայի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ: Նրա խոսքով` չնայած աշխարհագրական հեռավորությանը` առկա են լավ նախադրյալներ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության, փոխայցերի եւ միջազգային դիվանագիտության դերը: ԱԺ նախագահը ողջունել է Արգենտինայի խորհրդարանի որոշումը` ապրիլի 24-ը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Հանդուրժողականության եւ ազգերի միջեւ հարգանքի օր հռչակելու վերաբերյալ: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը` օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատել է խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծման Հայաստանի վճռականությունը` միջազգայնորեն մանդատ ունեցող միակ կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում: Գոնսալո Ուռիոլաբեիտիան նշել է, որ իր երկիրը եւս սատարում է հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքականությունը: Նա մեծապես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունը, եղած բարեկամական կապերը նոր օրակարգով համալրելու անհրաժեշտությունը: Կողմերն արժեւորել են միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությունը, ի լրումն առկա քաղաքական ու մշակութային կապերի` նաեւ տնտեսական ոլորտում գործակցության նպատակահարմարությունը: Երկուստեք ընդգծվել է արգենտինահայ համայնքի` ինչպես Արգենտինայի ներքին կյանքի տարբեր ոլորտներում, այնպես էլ հայ-արգենտինյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած դերը:
13:03 - 02 ապրիլի, 2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ պատմական եւ մշակութային դարավոր ավանդույթ ունեցող հայ-սիրիական հարաբերությունները ներկայում առավել խորացման մեծ հեռանկար ունեն: Արժեւորելով Սիրիայի ժողովրդի ցուցաբերած օժանդակությունն ու հյուրընկալ վերաբերմունքը Ցեղասպանությունը վերապրած հայորդիների նկատմամբ` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ Սիրիայում առկա ներկա իրողություններին` մարդասիրական օգնության ձեռք մեկնելով պատերազմից տուժած սիրիացիներին: Երկկողմ կապերի հետագա խորացման տեսանկյունից ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը` վստահություն հայտնելով, որ դրանց նոր ազդակ կհաղորդի ձեւավորված խորհրդարանական բարեկամական խումբը: Շնորհավորելով Արարատ Միրզոյանին օրենսդիր կառույցի ղեկավար ընտրվելու կապակցությամբ` Մոհամմեդ Հաջ Իբրահիմին հայ-սիրիական բազմադարյա հարաբերությունները որակել է ոչ միայն բարեկամական, այլեւ եղբայրական: Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի իշխանություններին իր երկրին ցուցաբերած մարդասիրական օժանդակության համար` նշելով, որ այս քայլը բարձր է գնահատվում սիրիացի ժողովրդի կողմից: Կողմերն ընդգծել են հարաբերություններում տնտեսական բաղադրիչի աշխուժացման անհրաժեշտությունը, առանձնացրել գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային եւ միջազգային հարցերի:
11:47 - 02 ապրիլի, 2019