ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Բարձրագույն դատական խորհրդում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում

Բարձրագույն դատական խորհրդում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում

Բարձրագույն դատական խորհրդում ապրիլի 18-ին աշխատանքային հանդիպում էր կազմակերպվել բոլոր դատարանների աշխատակազմերի ղեկավարների և նստավայրերի պատասխանատուների հետ:  Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց այն հրատապ խնդիրները, որոնց լուծման գործում կարևոր դեր ու դերակատարություն ունեն դատարանների աշխատակազմերը: Հստակեցվեցին նաև նրանց անելիքները դատական իշխանության անկախության ու արդա­րա­դատության արդյունավետության ամրապնդման ռազմավարական առաջնա­հեր­թու­թյունների իրացման գործում: Դատարանների աշխատակազմերի առջև խնդիր դրվեց առանձնակի ուշադրություն դարձնել գործավարության պատշաճ իրականացման, դատավորների համար արդարադատության իրականացման անհրաժեշտ նախադրյալների ապահովման, գոր­ծերի արխի­վավոր­ման, աշխատանքային կարգապահության բարձրացման, թա­փանցիկ աշխատանքի երաշխավորման, թվային արդարադատության և մշտադի­տարկ­ման համակարգերի ներդրմանը նախապատրաստվելու հարցերին: Բարձրագույն դատական խորհրդի կենտրոնական մարմնի տարբեր ծառայությունների ու առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները քննարկեցին նաև առկա հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ անհետաձգելի անելիքները: 
11:18 - 18 ապրիլի, 2019
Իտալիայի դատական իշխանության պատվիրակությունը երկօրյա այցով ՀՀ-ում է․ ԲԴԽ

Իտալիայի դատական իշխանության պատվիրակությունը երկօրյա այցով ՀՀ-ում է․ ԲԴԽ

2019 թվականի ապրիլի 15-16-ը երկօրյա այցով Հայաստանում է Իտալիայի Հանրապետության դատավորներից և Արդարադատության նախարարության պաշտոնյաններից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակայության համագործակցության շրջանակներում՝ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման և զարգացման նպատակով: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամների, ՀՀ արդարադատության նախարարի և նախարարության այլ պաշտոնյանների, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի, քրեական պալատի նախագահի և դատավորների, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի և դատավորների, Արդարադատության ակադեմիայի ռեկտորի և պրոռեկտորի, Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
08:17 - 15 ապրիլի, 2019
ՀՀ կառավարությունը հրաժարվել է միջամտել դատական իշխանության և համակարգի գործունեությանը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը հրաժարվել է միջամտել դատական իշխանության և համակարգի գործունեությանը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը: Այս մասին բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մեկամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ըստ էության անկախության հռչակման առաջին օրից մենք խոսել ենք անկախ դատական համակարգի մասին, բայց այդպես էլ չենք կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը կապահովի երկրում արդարությունը, հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմը: «Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, ուզում եմ խոսել այսօրվա և ապագայի մասին և ասել, որ երաշխավորում եմ մի բան՝ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է: Եվ դրա համար այդ հարցը մեր օրակարագում եղել է առաջիններից: Ես ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել և հայտարարել, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ կարգադրել կամ միջամտել դատական իշխանության և համակարգի գործունեությանը: Սա չափազանց կարևոր արձանագրում է, և ես ուզում եմ, որ մենք բոլորս այս արձանագրմանը լուրջ վերաբերվենք: Եթե անգամ իշխանության տարբեր օղակներից հանկարծ գտնվեն մարդիկ, պաշտոնյաներ, ովքեր կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, ուրեմն նրանք գործում են ՀՀ կառավարության և ժողովրդի դեմ»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ շատ կարևոր է, որ Հայաստանի դատական համակարգն ի վիճակի լինի օգտվել այս հնարավորությունից: Դրա համար հարկավոր է, որ Հայաստանում լինեն դատավորներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը և պատրաստ են գործել օրինականության, արդարության, իրավունքի շրջանակներում: Եվ այս իրավիճակն ապահովելու համար, ըստ վարչապետի, մեզ անհրաժեշտ է նաև երկրորդ պայմանը, որ դատական համակարգից իսպառ վերանա կոռուպցիան: «Եվ հույս ունեմ, որ մենք հստակ արձանագրում ենք, որ ՀՀ ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել: Անկախ նրանից, դատավոր է, նախարար է, որևէ մակարդակի կոռումպացված պաշտոնյա չի կարող հանգիստ քնել: Եվ նա պետք է իմանա, որ արդարադատությունը, պայմանական ասած՝ ժողովուրդը անպայման գալու է իր հետևից: Եթե ոչ այսօր, ապա վաղը: Մենք պատմական շանս ունենք Հայաստանում իսկապես ունենալ անկախ դատական համակարգ: Այսօր մենք ըստ էության չունենք որևէ քաղաքական խոչընդոտ այդ պրոցեսին, այդ հաղթանակին խոչընդոտելու համար:Ես համոզված եմ, որ այսօրվա այդ շանսը կօգտագործվի, այլ բան է, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր կնպաստեն այդ շանսի իրացմանը, ովքեր են այն մարդիկ, ովքեր կխանգարեն այդ շանսի իրացմանը: Եթե պարզվի, որ խանգարողներ չկան, մենք այդ նպատակին կհասնենք շատ արագ, արդյունավետ: Իսկ եթե կպարզվի, որ խանգարողներ կան, մենք ստիպված կլինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա անկախ դատական համակարգի հարցը: Ես հավատում եմ, որ հենց այսօր գործող դատական համակարգում գոյություն ունի այն պոտենցիալը, որը մեզ կարող է բերել այս ցանկալի հանգրվանին՝ ՀՀ-ում իրապես անկախ, արդար, օրինական ու վստահելի դատական համակարգ ունենալուն»,- հայտարարեց վարչապետը:
10:37 - 10 ապրիլի, 2019