Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Երևան կհասնի ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների,  հայ և չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը

Երևան կհասնի ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, հայ և չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը. 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր, 2 թթվածնի մատակարարման կայան, 60 000 հատ թեստ, 60 000 հատ բժշկական դիմակ, 280 000 հատ պաշտպանիչ դիմակ, 20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ, 100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ: Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ: Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում ներգրավված գերատեսչություններին: Առանձնահատուկ շնորհակալություն թռիչքը իրականացրած օդաչուներին և Չինաստանում ՀՀ դեսպանությանը»:
20:06 - 08 ապրիլի, 2020
Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր խնդիրը պետք է լինի խստագույնս հետևել արտակարգ դրության ռեժիմի կանոններին ու սահմանափակումներին․ Տիգրան Ավինյան

Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր խնդիրը պետք է լինի խստագույնս հետևել արտակարգ դրության ռեժիմի կանոններին ու սահմանափակումներին․ Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է  կատարել, որտեղ ասվում է․ «Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի դինամիկան ցույց տվող գրաֆիկ, որտեղ երևում է, որ դրանք կրկնապատկվել են վերջին 7 օրերի ընթացքում: Միաժամանակ պետք է նշեմ, որ վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականությունը պլանավորելիս առավել կարևորում ենք տարածման ինտենսիվության գործակցի (temporal reproduction number)` Rt-ի վարքագիծը և դրա արժեքի արդյունավետ կառավարումը: Գործակիցը ցույց է տալիս, թե 1 վարակված անձը պոտենցիալ քանի հոգու կարող է վարակել: Որքան բարձր է այդ գործակիցը, այնքան շատ թվով մարդկանց է 1 անձը վարակում: Եթե գործակիցը չի ստացվում նվազեցնել, վարակի տարածումն անընդհատ ավելի բարձր տեմպով է զարգանում: Հենց այս հիմքով են ամբողջ աշխարհում սոցիալական հեռավորության պահպանումը և միջանձնային շփումների սահմանափակումը համարվում վարակի տարածման դեմ պայքարի կարևոր միջոցներ: Ուրախ եմ տեղեկացնել, որ մարտի 25-ից կիրառվող՝ անձանց տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության մի շարք տեսակների ժամանակավոր սահմանափակումների շնորհիվ ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից և հասցնել այն 1,4-ի: Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր խնդիրը պետք է լինի խստագույնս հետևել արտակարգ դրության ռեժիմի կանոններին ու սահմանափակումներին: Պետք է ձգտենք Rt-ն հնարավորինս նվազեցնել՝ այն հասցնելով 1-ից ցածր արժեքի: Սա կնշանակի, որ կորոնավիրուսային վարակի տարածումը կառավարելի է, իսկ առողջապահական համակարգը կկարողանա արդյունավետ սպասարկել հնարավոր ծանր դեպքերը: Այս ամենի արդյունքում կկարողանանք հետզհետե թեթևացնել սահմանափակումները ու աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի: Այսպիսով, սիրելի՛ հայրենակիցներ, ևս մեկ անգամ կոչ եմ անում գալիք շաբաթ լինել առավել կարգապահ և, այդպիսով, ձեր դերը ունենալ վարակի տարածումը կանխարգելելու կարևոր գործում»:  
18:12 - 05 ապրիլի, 2020
Պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Covid-19 Armenia հավելվածը

Պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Covid-19 Armenia հավելվածը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Covid-19 Armenia հավելվածը։ AC19 հավելվածի (որը այլևս չի գործելու) տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia:«Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ թափով շարունակում ենք օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և նոր գործիքներով զինվել: Այսօր ձեզ եմ ներկայացնում Covid-19 Armenia հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Ձեզ արդեն ծանոթ AC19 հավելվածի (որը այլևս չի գործելու) տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia: Հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է Ձեր առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս թե ինչ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ կհաստատեն պարետատան համաճարակաբանները և կանցկացնեն հարցազրույց, որի արդյունքում կորոշեն թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Կարևոր է խուսափել սխալ տվյալներ մուտքագրելուց, որպեսզի բժիշկները կապ հաստատեն իրապես օգնության կարիք ունեցողների հետ: Covid-19 Armenia-ն բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի մեր գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասին, կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը և այլն: Հավելվածում կարող եք լրացնել ու պահպանել այս օրերին անհրաժեշտ տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը: Covid-19 Armenia-ն հասանելի է ✅թե՛ Google Play (https://play.google.com/store/apps/details?id=am.gov.covid19) ✅թե՛ AppStore (https://apps.apple.com/am/app/covid-19-armenia/id1505830061) հարթակներում»,- գրել է նա։
13:00 - 05 ապրիլի, 2020
ՀՀ պարետի նոր որոշումը ապրանքների ներմուծման և արտահանման սահմանափակումների վերաբերյալ

ՀՀ պարետի նոր որոշումը ապրանքների ներմուծման և արտահանման սահմանափակումների վերաբերյալ

ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ապրանքների արտահանման ու ներմուծման վերաբերյալ նոր որոշում է ընդունել. Ղեկավարվելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 18-րդ և 19-րդ կետերով՝ 1. Ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածում սահմանված ապրանքների արտահանումը ՀՀ-ից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ: Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։ 2․ Ընդունել ի գիտություն Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։ 3. Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հետևյալ եղանակներով. ա) փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում  բ) փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի գրավոր համաձայնությամբ, իսկ տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքով և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները 4. Թույլատրել Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերադարձը Ռուսաստանի Դաշնություն կամ Վրաստան»։ 5․ Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 19-ի «Առանձին ապրանքների համար արտահանման ժամանակավոր սահմանափակումների մասին» N 6 և Պարետի 2020 թվականի մարտի 22-ի «Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ սահմանելու և պարետի 2020 թվականի մարտի 19-ի N6 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 12 որոշումները։ 6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։  Ապրանքների ցանկը՝ այստեղ:
17:44 - 03 ապրիլի, 2020
6 ժամով արգելվել է «Նոր Զովք»-ի եւ այլ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը․ պարետի նոր որոշում

6 ժամով արգելվել է «Նոր Զովք»-ի եւ այլ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը․ պարետի նոր որոշում

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։ Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորեւ. «Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) «Նոր Զովք» ՍՊԸ՝ ք. Երևան, Ազատության պող. 11. 2) «Զանգեզուր հասկ» ՍՊԸ՝ ք. Կապան, Շինարարների 99. 3) «Կապանի հաց» ՍՊԸ՝ ք. Կապան, Ա. Մանուկյան 1-ին նրբ․ 9. 4) «Ռ․ Իսրաելյան» ՍՊԸ՝ ք. Կապան, Հունան Ավետիսյան 10. 5) «Գեղեցիկ Քնար» ՍՊԸ՝ ք. Կապան, Մ. Պապյան 16/Ա: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։ Տնտեսվարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- նշված է որոշման մեջ։
17:34 - 03 ապրիլի, 2020
Պարետի որոշմամբ ևս 5 սուպերմարկետների գործունեությունն արգելվել է 6 ժամով

Պարետի որոշմամբ ևս 5 սուպերմարկետների գործունեությունն արգելվել է 6 ժամով

Պարետ Տիգրան Ավինյանը մի շարք տնտեսվարողների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ որոշում է ստորագրել: Ըստ որոշման, վեց ժամով արգելվել են հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) «Առանցք» ՍՊԸ՝ ք. Երևան, Նորագավիթ 1 փողոց, 1-ին կառույց և ք. Երևան Արշակունյաց 252. 2) «Պրես ստենդ» ՍՊԸ` ք. Երևան, Արցախի 18, Էրեբունի 18/3 և Արմենակյան փողոցի ճոպանուղու հարևանությամբ գործող թերթի կրպակներ, 3) «Ինեսսա» ՍՊԸ՝ գ. Այնթապ 4) «Արտ Սիթի» ՍՊԸ՝ գ․Մխչյան. 5) «Գոֆրոլայն» ՍՊԸ՝գ․Մարմարաշեն: Որոշման հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մարտի 30-ի №652-Ա, №653-Ա, №675-Ա, №676-Ա, և №677-Ա և 2020 թվականի մարտի 31-ի №686-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մարտի 30-ին և 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները: Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարվել է ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին հանձնարարվել է ապահովել պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
21:15 - 01 ապրիլի, 2020
Տեղի է ունեցել պարետատան նիստը

Տեղի է ունեցել պարետատան նիստը

Ապրիլի 1-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքէջից։Տիգրան Ավինյանը ասել է.« Ինչպես գիտեք, երեկ մենք քննարկեցինք և որոշեցինք 10 օրով երկարաձգել տեղաշարժման սահմանափակումները և տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումները՝ որոշակի ճշգրտումներով և խստացումներով: Այսօր կլինի այդ որոշումը ճշգրտելու և բացերը լրացնելու օր: Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր առմամբ միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվելու են: Սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, որոնք վաղվանից պետք է ունենան թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները և դա տրվում է գործատուի կողմից: Պետք է նշեմ, որ ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի մենք կարողանանք վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնենք:Տեղեկացնեմ նաև, որ երեկ ուշ երեկոյան ԱԺ-ն ընդունեց արտակարգ դրությամբ պայմանավորված մի օրենքի նախագիծ, որը մեզ հնարավորություն է տալու հնարավորինս արագ ֆիլտրել անձանց շրջանակը, որոնք մեծ հավանականությամբ ունեցել են շփումներ վարակակրի հետ:Հանրային տրանսպորտի աշխատանքը նույնպես սահմանափակվում է: Չնայած, կրկին, հանրային տրանսպորտը այնպես չէ, որ ամբողջ ծավալով աշխատում էր, բայց հիմա երկաթուղուց բացի որևէ այլ հանրային տրանսպորտ պետք է չաշխատի»:Նիստի մասնակիցները քննարկել են հատուկ անցակետերի տեղադրմանը, ախտահանման ու հակահամաճարակային գործողություններին և այլ առաջիկա քայլերին վերաբերող հարցեր:
19:50 - 01 ապրիլի, 2020
Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը․ Տիգրան Ավինյան

Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը․ Տիգրան Ավինյան

Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացրել ենք արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`1․ Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը 2․ Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում 3․ Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման 4․ Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը: 5․ Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։ 6․ Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։ Մյուս սահմանափակումների մանրամասները` որոշման մեջ➡️ https://www.gov.am/files/docs/3985.pdf: Մի շարք սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները՝ ադապտացվելու ժամանակ տալու համար:
00:48 - 01 ապրիլի, 2020
Պարետը խստացրել է ազատ տեղաշարժի սահմանափակումները, գործելու են տեղաշարժը հսկող անցակետեր

Պարետը խստացրել է ազատ տեղաշարժի սահմանափակումները, գործելու են տեղաշարժը հսկող անցակետեր

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ Որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։ Համաձայն որոշման՝ Հայաստանի Հանրապետության մարզերի և մարզերի ու Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվում է բնակչության ազատ տեղաշարժը։ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ժամը 14:00 տեղադրվում են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով: Որոշման համաձայն՝ սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվում են տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի1-ին՝ ժամը 00։01-ին և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը ժամը 23:59-ը: Պարետի որոշմանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
00:23 - 01 ապրիլի, 2020
Տիգրան Ավինյանը ներկայացրեց՝ ինչպես է գործելու կոնտակտավորներին հեռախոսազանգերի միջոցով տեղորոշելու մեխանիզմը

Տիգրան Ավինյանը ներկայացրեց՝ ինչպես է գործելու կոնտակտավորներին հեռախոսազանգերի միջոցով տեղորոշելու մեխանիզմը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով նրանց հեռախոսազանգերը ֆիքսելու մասին նախագիծը։ Նախքան քվեարկությունը՝ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, թե ինչպես է գործելու առաջարկվող մեխանիզմը։ Ավինյանը ԱԺ ամբիոնից եւս մեկ անգամ հնչեցրեց, որ այն լուծումները, որոնք տրվում են, միտված են վիրուսի տարածման կանխարգելման եւ անձանց մեկուսացման աշխատանքները ավելի էֆեկտիվ դարձնելուն։ Ինչպես ներկայացրեց պարետը՝ բջջային օպերատորները, որոնց մոտ երկար ժամանակի համար պահպանվում է անձանց տեղորոշման վերաբերյալ ամողջական ինֆորմացիան, այդ տեղեկությունները տալու են համապատասխան մարմնին՝ դրանով հնարավորություն տալով տեղորոշել այն անձանց, որոնք շփվել են վարակակրի հետ․ «Երբ մեր Համաճարակների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների բազայից տեղեկություն է հասնում, որ որեւէ անձ վարակակիր է, համակարգը, ավտոմատացված ռեժիմով վերլուծելով անձի վերջին 14 օրերի տեղադիրքները, վերլուծելով վերջին օրերին նրա ունեցած զանգերը եւ միակցելով այս տվյալները՝ տալիս է ամենահավանական անձանց շրջանակը, որոնք վարակակրի հետ ունեցել են շփում»,- ասաց Ավինյանը։ Նա շարունակեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցը զանգահարելու է տվյալ անձին՝ րոպե առաջ տեղեկացնելու , որ ինքն ամենայն հավանականությամբ շփվել է վարակակրի հետ․ «Այս համակարգը ամբողջապես ավտոմատացված է, չկա մարդկային միջամտությոն, կա ծրագիր, որը գտնում է հավանական շփման շրջանակը։ Եւ եթե անձը հաստատում է, որ շփվել է վարակակրի հետ, խնդրում ենք, որ ինքնամեկուսանա։ Սա է մեր նախագծած եւ ստեղծած գործիքը»։ Պարետը հարց հնչեցրեց՝ արդյոք մեր հայրենակիցները չունե՞ն այդ իրավունքը՝ օր առաջ, րոպե առաջ տեղեկացված լինելու, որ իրենք շփում են ունեցել վարակակրի հետ, ու պատասխանեց․ «Վստահ եմ, որ ունենք։ Բոլոր ասպեկտներն ինձ համար երկրորդային են եւ այստեղ պետք է հնչեն միայն հանրային առողջությանը վերաբերող հարցեր»։ Ավինյանը օրինակ բերեց ասիական երկրների, մասնավորապես Սինգապուրի փորձը, որտեղ կիրառել են տեղորոշման եւ մեկուսացման գործիքները, եւ այդտեղ հիմա համատարած թեստավորմանը զուգընթաց՝ դպրոցներն արդեն աշխատու են։ Պարտեի խոսքով՝ այն երկրներում, որտեղ չեն օգատգործել նման տեխնոլոգիաներ, փորձը լավը չէ։ «Եվ սա չի նշանակում, որ ուզում ենք վերահսկել մարդկանց, մենք միայն ու միայն ուզում ենք կանխարգելել վիրուսի տարածումը»,- եւս մեկ անգամ հայտարարեց Ավինյանը․ «Սիրելի հայրենակիցներ, եթե դուք ստանաք զանգ, ԱԻՆ-ի աշխատակցից, պարետատան անունից եւ լսեք, որ դուք, ամենայն հավանակնությամբ, այսինչ օրը այսինչ վայրում շփվել եք այսինչ անձի հետ, տեղեկացված եղեք, որ այդ անձը վարակակիր է եւ հնարավոր է՝ դուք ռիսկային եք, կխնդրեմ գնաք այն վայրը, որտեղ պետք է ինքնամեկուսանաք»,- եզրափակեց պարետը։ Նախագիծն ամբողջությամբ ընդունվեց։
23:19 - 31 մարտի, 2020
Գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկվում է կորոնավիրուսի թեստերի արտադրություն սկսելու հարցը

 |armenpress.am|

Գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկվում է կորոնավիրուսի թեստերի արտադրություն սկսելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում է թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը: Այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։ «Մենք մեր գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը: Հումքի ապահովման առումով մենք նույնպես նրանց կաջակցենք: Այս փուլում փորձում ենք նաև հասկանալ, որքանով կարող ենք հատուկ սարքավորումներ ներմուծել, որ թեստերը ավտոմատացված ռեժիմով իրականացվեն:  Այս պահին նախնական պլանավորվում է 100 հազար թեստերի արտադրություն, եթե բոլոր պայմանները կարողանանք ապահովել»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ մոտ օրերս մոտ 60 հազար թեստ են ստանալու դրսից:
19:44 - 31 մարտի, 2020