Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Ուսումնասիրվել է անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի առաջին վեց ամիսների ազդեցությունը շահառուների կյանքի որակի վրա

Ուսումնասիրվել է անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի առաջին վեց ամիսների ազդեցությունը շահառուների կյանքի որակի վրա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուսումնասիրել ենք անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի առաջին վեց ամիսների ազդեցությունը շահառուների կյանքի որակի վրա։ Հեռախոսային հարցումներ են իրականացվել բոլոր մարզերում։ Հիշեցնեմ, որ 2019 թվականին աղքատության փուլային հաղթահարման նպատակով ընտանեկան նպաստ ստացող 1000 ընտանիք լրացուցիչ աջակցություն էր ստացել կառավարությունից։ 2019 թ-ին իրականացված 1091 ծրագրերի արդյունքում 2020 թ-ի հունիսի 1-ի դրությամբ անասնագլխաքանակն ավելացել է 899 հորթով, 269 գոճիով, 523 գառով և 7 ուլով: Շահառուների մեծ մասը միջին տարիքի գյուղաբնակ, երբևէ ուղղակի վարձատրվող աշխատանք չկատարած և բարձրագույն կրթություն չունեցող անձինք են (67 %-ը 30-ից 45 տարեկան անձինք են, 27 %-ը՝ 45-ից 65 տարեկան, 88 %-ը երբևէ վարձատրվող աշխատանք չի ունեցել, 79 %-ը՝ միջնակարգ կրթություն ունի): Հարցվածների 93 %-ը, ընդհանուր առմամբ, գոհ է ծրագրից: Բոլորը գոհ են ծրագրի կազմակերպման ընթացքից: 56 %-ը նշել է, որ այս ծրագրի արդյունքում իրենց եկամուտներն ու սոցիալ-տնտեսական վիճակը որոշ (երբեմն՝ չնչին) չափով փոխվել է: Մնացած 44 %-ի մոտ դեռևս փոփոխություն չի եղել՝ որոշ դեպքերում պայմանավորված իրացման խնդիրներով և անասնակերի գնման դժվարություններով: 35 %-ը նշել է, որ ծրագրի հետևանքով բարելավվել է ընտանիքի սննդի որակը և բազմազանությունը: Հարցվածների միայն 7 %-ն է նշել, որ ծրագրի արդյունքում որոշ չափով ավելացել է ընտանիքում միջոցառումների կազմակերպումը: Նույնքան շահառուներ (7 %) նշել են, որ ծրագրի արդյունքում կարողացել են խնայողություններ կատարել և որևէ կենցաղային պայման բարելավել: Հարցվածների 14 %-ը նշել է, որ ավելացրել է անասնաքանակը (բացի ծրագրով ձեռք բերվածը և ծնածը): 67 %-ը նշել է, որ նախատեսում են ավելացնել անասնաքանակը առաջիկա 1-2 տարվա ընթացքում: Մնացած 23 %-ը նշել են, որ ֆինանսական խնդիրներ ունեն, վստահ չեն, որ կկարողանան ավելացնել: Արտագնա աշխատանքի մեկնելու մտադրություն ունեցող հարցվածների 45 %-ը (ընդհանուր հարցվածների 12 %-ը) նշել են, որ այս ծրագիրը ազդել է արտագնա աշխատանքի մեկնելու իրենց որոշման վրա. ծրագրով պայմանավորված՝ որոշել են այլևս չմեկնել: Մնացած 55 %-ը նշել են, որ, հնարավորության դեպքում, կմեկնեն: Հարցումների արդյունքում կքննարկվեն ծրագրի բարելավման հնարավորությունները»:
09:49 - 07 օգոստոսի, 2020
Կոմպրոմիսային լուծում է քննարկվում 500 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցող անձանց սոցիալական վճարների գանձման համար |hetq.am|

Կոմպրոմիսային լուծում է քննարկվում 500 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցող անձանց սոցիալական վճարների գանձման համար |hetq.am|

hetq.am: Հուլիսի մեկից 500 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց սոցիալական վճարների (կուտակային կենսաթոշակային համակարգ) գանձումների չափն ավելացել է: Մինչև այս տարվա հուլիսի մեկը գործում էր առավելագույն շեմ` 500 հազար դրամ, որը գերազանցելու դեպքում գանձվում էր միանվագ` 12 500 դրամ սոցիալական վճար։ Մինչև 500 հազար դրամ եկամտի դեպքում գանձվում էր մասնակցի աշխատավարձի 2,5%-ի չափով (7,5%-ն ապահովում է պետությունը), այս դեպքում փոփոխություններ չեն եղել: Հուլիսի մեկից հետո` 500 հազար դրամ (հարկերով) և ավելի եկամտի դեպքում կարող է գանձվել ընդհուպ մինչև 64 հազար դրամ սոցիալական վճար: Սոցիալական վճարի առավելագույն հարկը 64 500 դրամ է, այն կարող է գանձվել է 1 միլիոն 20 հազար և ավելի եկամտի դեպքում: Դեռևս ապրիլին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանն ու Վահե Հովհաննիսյանը շրջանառության մեջ էին դրել նախագիծ, որով առաջարկում էին 500 հազար դրամ և ավելի եկամուտ ստացող ֆիզիկական անձանց սոցիալական վճարների չափը չավելացնել: Ըստ պատգամավորների հիմնավորման` 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչև 52 հազար դրամ լրացուցիչ սոցիալական վճար: Այդ վճարներn ուղղվելու են կուտակային ֆոնդերին, որը նվազեցնելու է տնօրինվող եկամուտը և նաև սպառումը: Պատգամավորները նաև ընդգծել էին, որ այդ խավն այս պահին արդեն կատարում է ամենաշատ սոցիալական վճարները և կենսաթոշակի հետագա ստացման տեսանկյունից արդեն գտնվում է լավագույն վիճակում, և լրացուցիչ վճարների անհրաժեշտություն չկա: Մեզ հետ զրույցում նախագծի համահեղինակ Եղիշե Սողոմոնյանն ասաց, որ նախագծի վերաբերյալ մի քանի քննարկումներ են եղել Կենտրոնական բանկի, Ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչների հետ, նաև` ընդլայնված կազմով քննարկում խորհրդարանում բոլոր շահագրգիռ կողմերի հետ: ԿԲ ներկայացուցիչները պնդել են` կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխում իրականացնելիս իրենք հայտարարել են, որ քաղաքացիները կենսաթոշակային տարիքի անցնելիս պետք է ունենան իրենց աշխատավարձի քառասուն տոկոսի չափով կենսաթոշակ: Ուստի այս նախագծի պարագայում կարող է խաթարվել այդ տոկոսային համամասնությունը: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:15 - 05 օգոստոսի, 2020
250 հազար դրամ փոխատուցում՝ կորոնավիրուսի պատճառով գործազուրկ դարձածներին աշխատանքի տեղավորելու համար |epress.am|

250 հազար դրամ փոխատուցում՝ կորոնավիրուսի պատճառով գործազուրկ դարձածներին աշխատանքի տեղավորելու համար |epress.am|

epress.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է միանվագ դրամական փոխատուցում տրամադրել գործատուներին, որոնք աշխատանքի կտեղավորեն կորոնավիրուսային համավարակի արդյունքում գործազուրկ դարձած աշխատակիցներին։ Ծրագիրը քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ըստ նախագծի՝ մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ն աշխատանքից ազատված անձին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին կտրամադրվի 250 հազար դրամ միանվագ փոխհատուցում։ Ծրագրի շահառու կարող են լինել այն գործազուրկները, որոնք տարածքային կենտրոն են ներկայացրել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի պատճենը: Այն գործազուրկները, որոնք ընդունվելու են աշխատանքի իրենց հետ աշխատանքային պայմանագիրը լուծած գործատուի մոտ, ծրագրում չեն ընդգրկվի։ Շահառուին տրվելու է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է, ունի երեխա(ներ), նրա ընտանիքը ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ: Ծրագրի, ըստ նախատեսվածի, կտևի առնվազն մեկ տարի՝ 500 շահառուի հաշվարկով։ Ավելի մեծ պահանջարկի պարագայում կքննարկվի ծրագրում ընդգրկվող շահառուների թվի ավելացման հարցը։
17:26 - 03 օգոստոսի, 2020
Քննարկում է նախագիծ, որով բացառության կարգով բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն մանկատան մի քանի սանի, այդ թվում` ինքնասպանության փորձ կատարած անձին. Զ. Բաթոյան

Քննարկում է նախագիծ, որով բացառության կարգով բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն մանկատան մի քանի սանի, այդ թվում` ինքնասպանության փորձ կատարած անձին. Զ. Բաթոյան

Վերջերս տարբեր ԶԼՄ-ներ նույնիսկ ուղիղ եթերով լուսաբանում են ինքնասպանության փորձ անող քաղաքացու արարքը։ Այդ հրապարակումներն ինձ ստիպում են մանրամասնել հրապարակել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:«Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ից 6 տարի, որից հետո 2012 թ. դուրս Է եկել մանկատնից (10 տարեկան հասակում)՝ տեղափոխվելով Երևանի հատուկ դաստիարակչական դպրոց: Նա ներառված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշմամբ սահմանված ծրագրի շահառու ճանաչված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների ցուցակում, քանի որ մանկատան շրջանավարտ չի հանդիսանում:2019 թ. մինչ օրս առնվազն 5 ահազանգ ենք ստացել այն մասին, որ կամրջից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարում։ Առաջին ահազանգից հետո անձամբ եմ հանդիպել քաղաքացու հետ, տեղեկացրել եմ, որ հնարավոր տարբերակ կգտնենք նրան օգնելու համար։Փոխանցել եմ իմ բջջային հեռախոսահամարը, խնդրել եմ նաև, որ սոցիալ-հոգեբանական ծառայություններից չհրաժարվի։ Իմ հանձնարարականի համաձայն` նրան վեց ամսվա բնակության հնարավորություն է ընձեռվել «Վետերան» օթևանում, որի ժամկետը երկարացվել է ևս վեց ամսով՝ մինչև 01.09.2020 թ.:Խնդրին վերջնական լուծում տալու նպատակով նրա տվյալները ներառվել են ՀՀ կառավարության 21.05.2020 թ. «ՀՀ կառավարության թիվ 1009-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N795-Ն որոշման մեջ, որպես Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեի բնակիչ: Որոշման ընդունումից հետո նրան առաջարկվել սահմանված կարգով կնքել կացարանի և սոցիալական ծառայությունների տրամադրման պայմանագիր՝ 10 տարի ժամկետով:Սակայն, նա հրաժարվել է պայմանագրի կնքումից` պահանջելով տրամադրել բնակարանի գնման վկայագիր: Այս պահին նախարարությունը քննարկում է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով բացառության կարգով բնակարան գնման վկայագրեր են տրամադրվում բնակարանի գնման վկայագրի տրամադրումը մերժված մանկատան մի քանի սաների, այդ թվում` վերը նշված քաղաքացուն։Նշեմ, որ տարբեր ԶԼՄ-ներում հրապարակումների հերոս դարձած քաղաքացին մշտական կապի մեջ է ոչ միայն նախարարության, այլ նաև ՀՀ վարչապետի օգնականների հետ։Տեղեկությունն այն մասին, թե կառավարության անդամները նրան խաբել են և որևէ կերպ չեն աջակցել կացարանի կամ բնակարանի հարցում, չի համապատասխանում իրականությանը»,-գրել է նախարարը:
14:42 - 24 հուլիսի, 2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախարար Բաթոյանին տուգանել է 200000 դրամով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախարար Բաթոյանին տուգանել է 200000 դրամով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով) որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար: Այս մասին հայտնում են հանձնաժողովից։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով 2018 թվականին նույն նախարարությունում նախարարի առաջին տեղակալ էր 2019թ. հունիսի 21-ին ներկայացրած գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018 թվականի տարեկան հայտարարագրում «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում չի հայտարարագրել իր եկամուտները: Ի պատասխան Հանձնաժողովի՝ բացատրություններ ներկայացնելու խնդրանքին՝ Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ իր կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը՝ պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ի տարբերություն մյուս դաշտերի՝ եկամուտների վերաբերյալ դաշտը նշված չի եղել որպես պարտադիր լրացման ենթակա և համակարգը թույլ է տվել չլրացնել դրանք։ Այդ հիմքով Զարուհի Բաթոյանը խնդրել է իր եկամուտները չհայտարարագրելը դիտարկել որպես զուտ տեխնիկական բացթողում և թույլատրել 2018 թվականի տարեկան հայտարարագրում կատարել ուղղում՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում նշել 7 515 233 ՀՀ դրամ։ Այնուամենայնիվ, Հանձնաժողովը վերահաստատել է, որ հայտարարագրման ենթակա տվյալները հայտարարագրելիս բոլոր դաշտերը, առանց որևէ բացառության, պարտադիր են ենթակա են լրացման: Տուգանքը վճարելուց հետո Զարուհի Բաթոյանին տրամադրվելու է 7 աշխատանքային օր՝ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձնաց 2018 թվականի տարեկան հայտարարագրի «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում համապատասխան ուղղում կատարելու համար:
16:19 - 22 հուլիսի, 2020
Հայաստանն աջակցելու է գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության վերացման գլոբալ ջանքերին

Հայաստանն աջակցելու է գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության վերացման գլոբալ ջանքերին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի գրասենյակի և Կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության մարմնի (UN-Women) կողմից կազմակերպված Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովի 25-ամյակին նվիրված առցանց միջոցառմանը՝ ելույթ ունենալով միջոցառման «Գենդերային հավասարության առաջնորդների միջև երկխոսություն» հատվածում։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Ինչպես գիտեք, Հայաստանը նախագահում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը, իսկ հուլիսի 1-ին Հայաստանն ընտրվել է «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր: Սա ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու գենդերային հավասարության ապահովման և կանանց նկատմամբ բռնության վերացման ուղղությամբ գլոբալ ջանքերին»,- այս մասին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նախարարը նշել է, որ բազմակի և հատվող խտրականության ենթարկվող կանանց և աղջիկներին քաղաքականությունները հասանելի դարձնելու նախապայմանը նրանց մասնակցությունն է բոլոր փուլերում։ Զարուհի Բաթոյանն անդրադարձել է նաև անցյալ շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել դրանց հետևանքով տուժող քաղաքացիների և հատկապես կանանց խնդիրներին. «Այս համատեքստում կցանկանայի նշել, որ այս օրերին Հայաստանը, ինչպես աշխարհի մյուս երկրները, պայքարում է համավարակի դեմ։ Կին բուժաշխատողների մասնակցությունը, նրանց փորձի վրա հիմնված առաջարկներն անգնահատելի են ընդհանուր պայքարի համատեքստում։ Ցավոք, վերջին օրերին Հայաստանի քաղաքացիների օրակարգում է ևս մեկ հարց՝ Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումը։ Հայաստանի սահմանամերձ գործարաններից մեկը, որն օրական արտադրում է երեք հարյուր հազար դիմակ, օրեր առաջ հրետակոծվեց։ Դժվարին այս իրավիճակում դիմակ արտադրող կանանց և այն բուժաշխատող կանանց, որոնց համար դիմակների առկայությունը կենսական է, ձայնը պետք է լսելի լինի ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև միջազգային ասպարեզում։ Չէ՞ որ, երբ որոշում կայացնողները լսում են ռազմական գործողությունների արդյունքում տուժող կանանց ձայնը, չեն կարող շեղվել խաղաղության օրակարգից»,- ասել է նախարարը։ Նա անդրադարձել է նաև գենդերային հավասարության խնդիրներին և նշել, որ կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերը վերացնելու համար երկխոսությունը առանցքային է. «Հայաստանի կառավարությունն գենդերային հավասարության հասնելու հարցում վճռական է։ Այդ վճռականությունը հիմնված է քաղաքական երկխոսության վրա։ Եթե փոխվստահությունը շահագրգիռ կողմերի միջև ամուր է, և՛ կառավարությունը, և՛ քաղաքացիական հասարակությունը չեն ընկրկրկում»,- ասել է նա: Նախարարը խոսել է նաև օրեր առաջ հաստատված Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ, որն ի դեպ, մշակվել է կին դերակատարների ուղիղ մասնակցությամբ։ Ըստ նախարար՝ ռազմավարությամբ ամրագրվել է, որ բռնությունից զերծ հանրության հայեցակարգը հասարակական համերաշխության կարևոր նախապայման է. «Այդ դրույթը համագործակցության և քաղաքական երկխոսության ձեռքբերումն էր, որ ամրագրվեց որպես ներհայկական համակեցության կանոն։ Սա է մեր պատկերացումը գենդերային հավասարության հասնելու համար տարբեր կողմերի համագործակցության մասին։ Հուսով եմ, որ այդ հարցում համագործակցության մեր փորձը օրինակելի կդառնա շատ հասարակությունների համար և կամրապնդի գլոբալ համագործակցությունը հանուն բոլոր կանանց և աղջիկների»,- եզրափակել է նախարարը։
21:50 - 21 հուլիսի, 2020
2021-ի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ

2021-ի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ

2021 թվականի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի միջոցով։ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, 75 տարին լրացած կամ 14 տարին լրացած անչափահաս անձինք, ովքեր իրենց ընտրությամբ կենսաթոշակը կարող են ստանալ նաև կանխիկ եղանակով՝ «Հայփոստ»-ի միջոցով: Միաժամանակ, հաղորդագրության համաձայն, բացառապես անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման համակարգին անցումը կիրականացվի չորս փուլով՝ մինչև 2023 թվականը: Մինչև 2021-ի հունվարի 1-ը նշանակված և կանխիկ եղանակով, այսինքն՝ «Հայփոստ»-ի միջոցով վճարվող կենսաթոշակների դեպքում, քաղաքացուն հնարավորություն կտրվի ընտրել այն բանկը, որի միջոցով կիրականացվի կենսաթոշակի հետագա վճարումը՝ անկանխիկ եղանակով: Դրա համար քաղաքացիները պետք է դիմում գրեն կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու վերաբերյալ՝ կրկին չորս փուլով՝ մինչև 2024-ի հունվարի 1-ը: Եթե դիմումի հիման վրա սահմանված ժամկետներում կենսաթոշակի վճարման եղանակն անկանխիկի չփոխվի և կենսաթոշակառուն չընտրի բանկ, որի միջոցով ցանկանում է ստանալ կենսաթոշակը, ապա դա կարվի Կառավարության սահմանված կարգով ընտրված բանկի միջոցով: Այսպիսով, կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակին անցումը կկատարվի երեք փուլով. սկզբում անկանխիկ եղանակով կվճարվեն նոր նշանակված կենսաթոշակները, հետո՝ նախկինում նշանակված և կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակների դեպքում հնարավորություն կտրվի կենսաթոշակառուին ընտրել բանկ և կենսաթոշակի վճարումը շարունակել անկանխիկ եղանակով, իսկ երրորդ՝ վերջին փուլում մնացած բոլոր դեպքերում կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու համար բանկը կընտրվի Կառավարության սահմանված կարգով: Բոլոր դեպքերում կենսաթոշակառուն հնարավորություն ունի դիմում ներկայացնելու միջոցով փոխել բանկը, որի միջոցով կենսաթոշակ է ստանում: Կենսաթոշակների վճարման նշված կարգը տարածվում է նաև պարգևավճարների, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, ինչպես նաև խնամքի նպաստի վրա: Այսինքն՝ նշված վճարատեսակները ևս կվճարվեն անկանխիկ եղանակով՝ կենսաթոշակների համար ներկայացված կարգով:
16:18 - 16 հուլիսի, 2020
ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ևս 2 տարով երկարաձգել թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը: «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հուլիսի 15-ի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը: 2017-ի հունվարի 1-ից սկսած` գործատուն այլևս պարտավոր չէ վարել աշխատանքային գրքույկներ: Միաժամանակ սահմանվել է, որ իրենց մոտ գտնվող աշխատանքային գրքույկները գործատուները ներկայացնում են իրավասու մարմիններին, որոնք թվայնացվում և վերադարձվում են: «Ի սկզբանե նախատեսված է եղել ժամկետ: Օրենքի նախագիծն ընդունելու պահին այդ ժամկետը եղել է 2 տարի, այսինքն` 2019 թվականի հունվարի 1-ին գործընթացը պետք է ավարտվեր: Սակայն 2017 և 2018 թթ. իրականացված աշխատանքները չտվեցին բավարար արդյունք, և 2019-ի հունվարի 1-ի դրությամբ թվայնացվել էր դեռևս 270 հազար հատ աշխատանքային գրքույկ»,-ասաց Սաիյանը: Նախարարության նախաձեռնությամբ ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ տարով: Սակայն սա ևս բավարար չի եղել գործընթացն ավարտին հասցնելու համար, այս ընթացքում շուրջ 125 հազար աշխատանքային գրքույկներ են թվայնացվել:  Այսպիսով` նախագծով առաջարկվում է գործընթացի ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Նաև սահմանվում են հստակ ժամկետներ, թե գործատուն իր ծանուցումից հետո որքան ժամանակահատվածում պետք է այդ աշխատանքային գրքույկները ներկայացնի իրավասու մարմնին: Առաջարկվում է օրենքով սահմանել, որ գործատուի աշխատանքային գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է գործատուի վրա դրվել նաև դատական կարգով:  Նախարարության գնահատմամբ՝ այս պահին աշխատող գործատուների մոտ է ևս շուրջ 350 հազար աշխատանքային գրքույկ: 
17:59 - 15 հուլիսի, 2020
2020 թ. հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ

2020 թ. հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ

2020 թ. հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։Նշենք, որ նախկինում գործող կարգի համաձայն՝ 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում 500,000 դրամը վճարվում էր միանգամից, իսկ մնացած 500,000 դրամը կամ 1,000,000 դրամը՝ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում, փոխանցվում էր նոր ծնված երեխայի անվամբ բացված բանկային հաշվին՝ որպես ընտանեկան դրամագլուխ:Հավելենք, որ մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ը ծնված երեխաների համար նախատեսված դրամագլխային գումարները, որոնք արդեն փոխանցվել են բանկային հաշվին, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում կարող են տնօրինվել միանվագ: Դիմումի համաձայն քաղաքացիներին կտրամադրվի հաշվին առկա ողջ գումարը: Հիշեցնենք, որ 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը բարձրացել է մի դեպքում 6 անգամ, մյուս դեպքում՝ կրկնակի: Սա նշանակում է, որ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կվճարվի 300 հազար դրամ՝ նախկինում վճարվող 50 և 150 հազար դրամների փոխարեն:
13:54 - 13 հուլիսի, 2020
Սևան և Մարտունի քաղաքներում շուտով կբացեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները

Սևան և Մարտունի քաղաքներում շուտով կբացեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները

 Շուտով Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի քաղաքներում իրենց դռները կբացեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները։ Այստեղ ավարտական փուլում են կահավորման աշխատանքները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Համաշխարհային բանկի վարկային ծրագրի ֆինանսավորմամբ ստեղծվող կենտրոններում քաղաքացիներին կսպասարկեն ավելի լավ պայմաններում, իսկ աշխատակիցները կսկսեն աշխատել նոր ու հիմնովին վերանորոգված շենքում։ Մարզի բնակիչներն այսուհետ մեկ պատուհանի սկզբունքով կստանան այն բոլոր ծառայությունները, որոնք նախկինում ստանում էին զբաղվածության գործակալություն, Սոցիալական աջակցության գրասենյակ, Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով և Սոցիալական ապահովության տարածքային բաժին դիմելիս, որոնք գործում էին տարբեր հասցեներում»,- գրել է նախարարը:
14:30 - 11 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ կամ 22-րդ միջոցառումների նոր դիմում լրացնելու համար պետք է սպասել նախորդ դիմումի մերժման մասին հաղորդագրության

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ կամ 22-րդ միջոցառումների նոր դիմում լրացնելու համար պետք է սպասել նախորդ դիմումի մերժման մասին հաղորդագրության

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ հայտարարություն է տարածել, որ ներկայացնում ենք ստորև։ «Եթե դիմել եք Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ կամ 22-րդ միջոցառումների համար և այս կամ այն պատճառով լրացրել եք սխալ կամ թերի տեղեկություններ՝ օրինակ՝ այլ անձի քարտի տվյալներ, ապա նոր դիմում լրացնելու համար պետք է սպասեք նախորդ դիմումի մերժման մասին հաղորդագրության: Դիմումի մերժում հնարավոր է ՝ հետևյալ դեպքերով. 1) վճարային քարտը պատկանում է այլ անձի,2) կամ վճարային քարտի համարը սխալ է,3) կամ վճարային քարտը գործող չէ։ Նշված հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում՝ դրամական աջակցության գումարը չի կարող փոխանցվել։ Միջոցառմամբ սահմանված դրամական աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է dimum.ssa.am կայքի միջոցով ներկայացնել նոր էլեկտրոնային դիմում՝ լրացնելով բացառապես Ձեր քարտային հաշվին վերաբերող ճիշտ տվյալներ։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ մինչև սխալ տվյալներով լրացված դիմումի մերժման մասին հաղորդագրություն ստանալը հնարավոր չէ մուտքագրել ճշտված տվյալներով երկրորդ դիմում»:
17:03 - 06 հուլիսի, 2020
Մարդկային գործոնի նվազման պարագայում կբարելավվի համակարգի թափանցիկությունը․ Զարուհի Բաթոյանը՝ կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպման մասին

Մարդկային գործոնի նվազման պարագայում կբարելավվի համակարգի թափանցիկությունը․ Զարուհի Բաթոյանը՝ կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպման մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սկսում ենք կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպումը։ Ոլորտում բարեփոխումներ իրականացվելու նպատակով Կառավարության գործունեության ծրագրում ամրագրվել են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում կառուցվածքային փոփոխություններ: Ներկայումս կենսաթոշակ, նպաստ և սոցիալական ծրագրերով նախատեսված մի շարք դրամական վճարների նշանակման և վճարման գործառույթերն իրականացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության 51 տարածքային բաժինները։ Նույն մարմինն իրականացնում է թե´ դիմումների ընդունման, խորհրդատվության տրամադրումը, թե´ բուն մասնագիտական գործառույթը՝ կենսաթոշակների նշանակման և վճարման վերաբերյալ որոշումների կայացումը։ Այս գործընթացը խնդրահարույց է մի քանի պատճառով․ տարածքային բաժնի աշխատակիցը անձամբ սպասարկում է քաղաքացուն, միաժամանակ իրականացնելով որոշման կայացման գործառույթ, ինչը տարբեր հմտություններ պահանջող աշխատանք է ենթադրում, հետևաբար նաև հավելյալ ժամանակ և ռեսուրսներ է խլում, որոշումներ ընդունող անձնակազմի և շահառուների միջև շփումը ռիսկային է կայացվող որոշումների օբյեկտիվության տեսանկյունից, հնարավոր ռիսկերի առկայությունը բացասաբար է ազդում համակարգի հանդեպ քաղաքացիերի վստահության վրա: Օգոստոսի մեկից կիրականացվի բարեփոխումների առաջին փուլը, որը կմեկնարկի մայրաքաղաքում. Երևանում ամբողջությամբ կվերակազմակերպվեն Ծառայության տարածքային բաժինները և դրանց փոխարեն կձևավորվեն սպասարկման և նշանակման վարչություններ՝ իրենց բաժիններով (back office, front office): Սպասարկման վարչության 10 բաժիններին կվերապահվեն միայն քաղաքացիներին սպասարկելու, դիմումներ ընդունելու, խորհրդատվություն մատուցելու գործառույթները, ինչը հնարավորություն կտա բարելավելու քաղաքացիների սպասարկման գործընթացը։ Նշանակման վարչության 5 բաժինները կենտրոնացված կարգով կիրականացնեն բացառապես դիմումների մշակման և որոշումների կայացման գործառույթներ, ինչի շնորհիվ պատասխանատուները կկենտրոնանա միայն թոշակի նշանակման գորընթացի վրա, որի արդյունքում կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը։ Ներդրված նոր ծրագրային ապահովման շնորհիվ դիմումները աշխատակիցների միջև կբաշխվեն պատահականության սկզբունքով, բացառելով կենսաթոշակ նշանակող մասնագետների և քաղաքացիների շփումը: Արդյունքում կբարձրանա որոշումների կայացման օբյեկտիվությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Կենսաթոշակի նշանակման գործընթացում մարդկային գործոնի նվազման պարագայում կբարելավվի համակարգի թափանցիկությունը և կավելանա համակարգի հանդեպ քաղաքացիների վստահությունը։ Սպասարկման բաժինները կշարունակեն գործել իրենց նախկին տեղակայման վայրերում, իսկ Նշանակման բաժիններն առանձին կենտրոնացված գրասենյակում։ Բարեփոխման հաջորդ փուլը կիրականացվի մարզերում՝ մինչև տարեվերջ»։
13:59 - 06 հուլիսի, 2020
Կառավարությունն առաջարկում է երկարացնել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը |hetq.am|

Կառավարությունն առաջարկում է երկարացնել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը |hetq.am|

hetq.am: Կառավարությունը երկու տարով առաջարկում է երկարաձգել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում` հնարավորություն ընձեռելով գործատուներին աշխատակիցների գրքույկները տրամադրել լիազոր մարմնին: Ըստ նախագծի` սահմանվում են գրքույկները ներկայացնելու տարբերակված ժամկետներ` ըստ գործատուների մոտ աշխատող անձանց թվաքանակի: Գրքույկները հանձնվելու ծանուցվելուց հետո երեք ամսվա ընթացքում՝ 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուների դեպքում։ 300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները` Կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո վեց ամսվա ընթացքում: 100-ից 300 աշխատող ունեցող գործատուները` ծանուցվելուց հետո ինը ամսվա ընթացքում: 50-ից 100 աշխատող ունեցող գործատուները` ծանուցվելուց հետո տասներկու ամսվա ընթացքում, մինչև 50 աշխատող ունեցող գործատուները` Կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում: Նշվում է նաև, որ նշված ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել դատական կարգով: 2015 թվականի հունիսի 22-ին Ազգային Ժողովն ընդունել է Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվել է 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցնել աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում: Սահմանվել է գործատուների` իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները 2017 թվականի հունվարի 1-ից հետո` երկու տարվա ընթացքում լիազոր մարմին հանձնելու, այնուհետև` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո աշխատողներին վերադարձնելու օրենսդրական պարտավորությունը: Նախագծում նշվում է, որ 2017 և 2018 թվականների ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային բաժինների կողմից հավաքագրվել, կապալառու կազմակերպությունների միջոցով տեսաներածվել և «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ են մուտքագրվել շուրջ 270 հազար աշխատանքային գրքույկ: 2018 թվականին աշխատանքների կատարման ընթացքում պարզ է դարձել, որ տեսաներածման համար սահմանված ժամկետը` 2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականը, աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար բավարար չէ: Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն` առկա է շուրջ 320 հազար աշխատող, ում գրքույկները դեռևս տեսաներածված չեն, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ են դիմում նաև չաշխատող անձինք: Նշված հանգամանքով պայմանավորված` ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-416-Ն օրենքը, որի համաձայն, փոխվեց աշխատանքային գրքույկները գործատուի կողմից հանձնելու` նախկինում սահմանված ժամկետը եւ նոր կարգավորումների շրջանակներում սահմանվեց, որ աշխատանքային գրքույկները հանձնվում են լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանում` Ծառայության տարածքային բաժիններ, 2017 թվականի հունվարի 1-ից հետո երեք տարվա ընթացքում:
14:52 - 03 հուլիսի, 2020