Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի. Արարատ Միրզոյան

Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցնդաբանություն է որակել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքները` շեշտելով, որ դրանք պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի:«Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»,- Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախագահը։ Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն նույնպես հերքել էր Միրզոյանի ՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելու մասին Մինասյանի հայտարարությունը։Հիշեցնենք, որ ՀՀ նախկին դեսպան Մ․ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր թե Արարատ Միրզոյանը եղել է Թուրքիայի հատուկ գործակալ, հետո դարձել ՀՀ ԱԱԾ կրկնակի գործակալ։  
12:03 - 17 հունվարի, 2021
Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի. ԱԱԾ

Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի:ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը:ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հիշյալ հրապարակման հիման վրա օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր և կրկին անգամ հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ: Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր, որ Միրզոյանը 2005 թվականից հանդիսանում է Թուրքիայի հատուկ գործակալ, հետո դարձել է ՀՀ ԱԱԾ կրկնակի գործակալ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցնդաբանություն է որակել Միքայել Մինասյանի մեղադրանքները` շեշտելով, որ դրանք պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի:
10:00 - 17 հունվարի, 2021
Միրզոյանի համոզմամբ Հայաստանի և Ադրբեջանի գործընկեր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի ուղղությամբ

Միրզոյանի համոզմամբ Հայաստանի և Ադրբեջանի գործընկեր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի ուղղությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերություններում ունեցած անձնական ներդրման համար: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը՝ այս համատեքստում առանձնակի ընդգծելով դեսպանի ավանդը երկու խորհրդարանների միջեւ փոխգործակցության խորացմանն ուղղված ջանքերը: Արարատ Միրզոյանը դեսպանին է ներկայացրել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կնքումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին զուգահեռ հայկական կողմի համար այս պահին առաջնահերթ է հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձման հարցը: ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկեր բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի խնդրի լուծման ուղղությամբ:   Դեսպանը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին արդյունավետ համագործակցության համար՝ վստահեցնելով, որ իր հետագա գործունեության ընթացքում եւս կփորձի նպաստել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Թիմուր Ուրազաեւը համոզմունք է հայտնել, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին Ղազախստանում կայացած խորհրդարանի Մաժիլիսի ընտրություններին միջազգային դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու համար:Դեսպանը, կարեւորելով խաղաղությունը տարածաշրջանի երկրների միջեւ, նշել է, որ ղազախական կողմը մշտապես կոչ է արել առկա խնդիրները կարգավորել բանակցային սեղանի շուրջ: Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է զարգացման եւ նոր կապերի ընդլայնման հնարավորություններ ստեղծել: Թիմուր Ուրազաեւը վստահեցրել է, որ Ղազախստանը ջանքեր կգործադրի հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ: Քննարկելով երկկողմ համագործակցության օրակարգը` կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ապրանքաշրջանառության աճի տեմպերին, միջազգային խորհրդարանական հարթակներում փոխշահավետ համագործակցությանը, երկկողմ եւ բազմակողմ կապերի խթանմանը եւ այլ հարցերի:
15:19 - 14 հունվարի, 2021
Մեր հայրենիքում այլ տարբերակ, քան մեր ապրելու իրավունքի հետ հաշվի նստելն է, ուղղակի գոյություն ունենալ չի կարող․ Արարատ Միրզոյան

Մեր հայրենիքում այլ տարբերակ, քան մեր ապրելու իրավունքի հետ հաշվի նստելն է, ուղղակի գոյություն ունենալ չի կարող․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 1990 թվականի հունվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի հայ բնակչությունը ենթարկվեց համակարգված և զանգվածային կոտորածի։ Կիրովաբադում, Սումգայիթում, Բաքվում տեղի ունեցած ջարդերը մաս դարձան ադրբեջանական պետական հայատյացության և էթնիկ զտումների քաղաքականության։ Հակահայ այս քաղաքականությունը շարունակվեց արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում, որն ուղեկցվեց Արցախի խաղաղ բնակչության դեմ իրակացված բազմաթիվ զարհուրելի ոճիրներով։ Անկախ այս բարդագույն իրավիճակից և ստացած հարվածներից՝ համայն հայությունը հաստատակամ է շարունակել ապրել և արարել իր հայրենիքում և կասեցնել հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու բոլոր սպառնալիքները։ Մեր հայրենիքում այլ տարբերակ, քան մեր ապրելու իրավունքի հետ հաշվի նստելն է, ուղղակի գոյություն ունենալ չի կարող։ Առավել դիպուկ, քան Սարոյանն է ձևակերպել, կարծում եմ հնարավոր չէ ասել․ «Կուզեի տեսնել աշխարհում որևէ ուժ, որ կկործանի այս ժողովրդին, անկարևոր մարդկանց այս փոքր ցեղը, որի պատմությունն ավարտված է, պատերազմները՝ կռված ու պարտված, շինությունները՝ փլուզված, գրականությունը՝ չկարդացված, երաժշտությունը՝ չլսված, և աղոթքները՝ լռած։ Դե գործի անցեք, կործանե՛ք այս ցեղը։ Պատկերացրեք, որ նորից 1915-ն է, իսկ աշխարհում՝ պատերազմ։ Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Հանեք նրանց տներից, ուղարկեք անապատները: Թողեք առանց հաց ու ջրի: Հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն ապրի: Տեսեք, նորից չե՞ն խնդա։ Տեսեք՝ նրանց ցեղը չի՞ հառնի, երբ քսան տարի հետո երկու հոգի հանդիպեն գարեջրատանն ու ծիծաղեն ու խոսեն իրենց լեզվով։ Դե՛, տեսեք՝ մի բան կկարողանա՞ք անել դրա հետ։ Տեսեք՝ կկարողանա՞ք արգելել, որ նրանք ծաղրեն աշխարհի մեծ-մեծ գաղափարները, շա՛ն տղերք, որ երկու հայ խոսեն աշխարհում, դե՛, փորձե՛ք կործանել նրանց»:
16:16 - 13 հունվարի, 2021
Արվելու է առավելագույնը ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու ուղղությամբ․ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան
 |azatutyun.am|

Արվելու է առավելագույնը ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու ուղղությամբ․ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան |azatutyun.am|

azatutyun.am: Արվելու է առավելագույնը՝ մեր տղաների անվտանգությունն ու մարտունակությունը բարձրացնելու, զուգահեռաբար նրանց շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու և սրացումները կանխելու ուղղությամբ, իր ամանորյա ուղերձում նշում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: «Անցնող տարին, թերևս, ամենածանր տարիներից մեկն էր նորանկախ Հայաստանի Հանրապետության ծնունդից ի վեր։ Արցախյան վերջին պատերազմը և նոր կորոնավիրուսային համավարակը խլեցին մեր սիրելիներից շատերին և ստեղծեցին սոցիալական, տնտեսական և հոգեբանական լրջագույն խնդիրներ։ Արցախյան պատերազմում հերոսաբար ընկածների տեղը դեռ երկար ենք զգալու մեր կյանքում։ Բայց հենց հանուն նրանց մենք պիտի մեր արցունքների միջից ուժ գտնենք կյանքի կոչելու նրանց իղձերն ու երազանքները, թեկուզ ցավը մեր սրտերում՝ ջանք չխնայենք՝ ամրացնելու մեր անվտանգությունը, հաղթահարելու սոցիալական և տնտեսական մարտահրավերները, դնելու համազգային վերածննդի և նոր զարգացման հիմքերը», - նշում է ԱԺ նախագահը։ Դիմելով հանուն հայրենիքի զոհվածների հարազատներին` նա շեշտում է. «Դուք հայրենիքին նվիրեցիք ձեր ամենաթանկը, և Հայրենիքը հավերժ հիշելու է ձեր անգին զոհողությունը։ Միևնույն ժամանակ պետությունը ջանալու է ամեն րոպե լինել ձեր կողքին՝ թեթևացնելու ձեր ուսերին ընկած ահռելի ծանրությունը։ Անհետ կորած և գերեվարված մեր տղաների ընտանիքների սիրելի անդամներ, պետությունը անդադար շարունակելու է իր աշխատանքները՝ ձեր որդիներին օր առաջ ձեզ վերադարձնելու ուղղությամբ։ Այս պահին մարտական հերթապահություն իրականացնող մեր զինվորների սիրելի ծնողներ, արվելու է առավելագույնը՝ մեր տղաների անվտանգությունն ու մարտունակությունը բարձրացնելու, զուգահեռաբար նրանց շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու և սրացումները կանխելու ուղղությամբ։ Իրենց բնակավայրերը կորցրած և Հայաստանի Հանրապետությունում գտնվող սիրելի արցախահայեր, դուք այս պահին գտնվում եք մեր բոլորի մեծ տանը, բայց ուզում եմ հավաստիացնել, որ արվելու է առավելագույնը՝ Արցախում ձեր տների վերականգնման և ձեր կյանքը արժանապատիվ պայմաններում շարունակելու համար»։ Շարունակելով իր ուղերձը` Արարատ Միրզոյանն ասում է. «Կենաց բարձրացնենք և թեկուզ արցունքները մեր աչքերին, բայց խմենք բոլոր նրանց կենդանի կենացը, ովքեր ընկան, որ մյուսներն ապրեն, ընկան, որ մեր Հայրենիքում շարունակեն հնչել նորածինների ճիչերն ու մանուկների անհոգ ծիծաղը, ընկան, որ Հայրենիքը կանգուն մնա։ Խմենք նրա՛նց կենացը և հանուն նրանց խոստանանք, որ 2021-ը լինելու է միմյանց նկատմամբ հոգատարության, համերաշխության ու միասնության տարի, հերոսներին արժանի ապրելու տարի։ Խոստանանք, որ հանուն մեր երեխաների, հանուն մեր վաղվա, Հայաստանի ու Արցախի ապագայի՝ Աստծո օրհնությամբ մենք ուժ ենք գտնելու վերածնվելու, ապրելու և զարգանալու։ Եվ ուրեմն՝ բարի գալուստ, Վերածննդի տարի, բարի գալուստ, 2021 թվական։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի ժողովուրդ»։
21:49 - 31 դեկտեմբերի, 2020
Կայունության հաստատման ճանապարհը Նիկոլ Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելն է, որը չի լինի «Իմ քայլի» ու «17 ուժերի» ներկայացուցիչ. ՔՈ ՍԴԿ ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ նախագահի հետ

Կայունության հաստատման ճանապարհը Նիկոլ Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելն է, որը չի լինի «Իմ քայլի» ու «17 ուժերի» ներկայացուցիչ. ՔՈ ՍԴԿ ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ նախագահի հետ

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է «Քաղաքացու որոշում» ՍԴԿ մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, սահմանների հստակեցմանը, գերիների վերադարձին և ներքաղաքական գործընթացներին առնչվող հարցերի շրջանակ։ Երկուստեք կարևորվել է ներքաղաքական կայունության հաստատումը։ Այս համատեքստում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները վերահաստատել են հանրայնորեն հնչեցված և վարչապետին ներկայացված այն դիրքորոշումը, որ այդպիսի կայունության հաստատման ճանապարհը Նիկոլ Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելն է, որը չի լինի «Իմ քայլի» ու «17 ուժերի» ներկայացուցիչ, երկրում կհաստատի համերաշխության մթնոլորտ և կկազմակերպի արտահերթ ընտրություններ։
13:38 - 16 դեկտեմբերի, 2020
 ԱԺ նախագահը հանդիպել է Լևոն Շիրինյանին

ԱԺ նախագահը հանդիպել է Լևոն Շիրինյանին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ: Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք քայլերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել գերիների վերադարձին, Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին ևՀայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին: Լևոն Շիրինյանը ուշադրություն է հրավիրել դատական համակարգում առկա խնդիրներին և դրանց վերացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությանը: Նշենք, որ Միրզոյանն այսօր ավելի վաղ հանդիպել էր Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ, երեկ էլ ընդունել էր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին։ «Խորհրդարանի ղեկավարի հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվելու են», - ասված է հաղորդագրությունում։
17:40 - 15 դեկտեմբերի, 2020
Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է անվտանգությանը զենք կիրառել. Ալեն Սիմոնյանը՝ միջադեպի մասին |armenpress.am|

Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է անվտանգությանը զենք կիրառել. Ալեն Սիմոնյանը՝ միջադեպի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է իր անվտանգությանը՝ զենք կիրառել իր հետ կապված միջադեպի օրը: Սիմոնյանն այս մասին վստահեցրեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Լրագրողը նկատեց, որ երբ ներկայում գործող իշխանությունը գալիս էր իշխանության, օրինակ, բացվել էին ԱԺ-ի դարպասները, իսկ հիմա՝ փակ են: «Դուք տեղյա՞կ եք, որ ԱԺ նախագահին, որն ուշագնաց վիճակում է եղել, ասել են՝ եկեք, վառենք, ասել են՝ չէ, մեռած է, ասել են՝ ոչինչ, եկեք վառենք կամ կախենք: Տեղյա՞կ եք, որ խմբեր են գործել, որոնք գնացել են իմ տուն և փորձել են ինձ սպանել: Տեղյա՞կ եք, որ իմ նկատմամբ «որս» էր հայտարարված Մոսկվայում»,-ասաց Սիմոնյանը: Նա տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանին ծեծելու գործով իրավապահ մարմիններին դիմել են: ԱԺ նախագահի նկատմամբ գործողության հետ կապված առնվազն երկու հոգու ներգրավվածությամբ տեղի է ունենում քննություն: «Արարատ Միրզոյանն անվտանգություն է ունեցել, որը զինված է եղել, որին Միրզոյանն անձամբ արգելել է զենք կիրառել»,-ասաց Սիմոնյանը:
15:26 - 10 դեկտեմբերի, 2020
Արարատ Միրզոյանը Նիդերլանդների Ներկայացուցիչների Պալատի 2 պատգամավորների պարգևատրելու մասին որոշում է ստորագրել

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների Ներկայացուցիչների Պալատի 2 պատգամավորների պարգևատրելու մասին որոշում է ստորագրել

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրելու մասին որոշում է ստորագրել. «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը` կարգադրում եմ. Հայ-նիդերլանդական բարեկամական կապերի ամրապնդման, հայանպաստ գործունեության, Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների Պալատում Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դատապարտման եւ այդ ուղղությամբ նախաձեռնությունների, ինչպես նաեւ համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել Ներկայացուցիչների Պալատի պատգամավորներ, Նիդերլանդներ-Հայաստան բարեկամության շրջանակի անդամներ՝ Սադեթ ԿԱՐԱԲՈՒԼՈԻՏԻՆ Նիդերլանդների «Սոցիալիստական կուսակցություն» խորհրդարանական կուսակցության անդամ, Մարթայն ՖԱՆ ՀԵԼՖԵՐՏԻՆ Նիդերլանդների «Քրիստոնեա-Դեմոկրատական Կոչ» խորհրդարանական կուսակցության անդամ»,-ասված է որոշման մեջ:
14:20 - 10 դեկտեմբերի, 2020
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրություններ տեղի չեն ունենա. ԲԴԽ նախագահը նամակ է գրել ԱԺ նախագահին |shantnews.am|

ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրություններ տեղի չեն ունենա. ԲԴԽ նախագահը նամակ է գրել ԱԺ նախագահին |shantnews.am|

shantnews.am: Այսօր ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ հարց է բարձրացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ դիմելով ԱԺ նախագահին:«Մեզ կիրազեկե՞ք՝ պետք է դատավորի ընտրություն տեղի ունենար, հարցը դուրս է եկել, մամուլի կողմից տեղեկություն կար, որ դատավորները հրաժարվում են այս խորհրդարանի կողմից ընտրվել»,-հարցրել է նա: Միրզոյանն արձագանքել է.«ԲԴԽ նախագահն ինձ նամակ է գրել։ Այն երկար է, բայց կմեջբերեմ այն հատվածը, որը ներկայացնում է նամակի իմաստը. թեկնածուները տեղեկացվել են նիստի վերաբերյալ հեռախոսազանգով, ինչը պատշաճ չեն համարել և չեն հասցրել պատրաստվել, մյուս կողմից նշվում է, որ ԱԺ լիագումար նիստի ժամանակ դատավորները պետք է խոսեն դատական համակարգի առջև ծառացած հարցերը լուծելու վերաբերյալ, այդ հարցերը վերաբերում են դատավորների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովմանը, դատավորների ծանրաբեռնվածությանը և այլնին, սակայն հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը՝ իրատեսական չէ այս խնդիրների շուրջ իրատեսական և արդյունավետ քննարկում կազմակերպելը, այդ իսկ պատճառով ԲԴԽ նախագահն իր թեկնածուների հետ առաջարկում է հետաձգել հարցը: Մենք, իհարկե, ընդառաջում ենք»:
11:01 - 10 դեկտեմբերի, 2020