Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին. Արցախի նախագահ

Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին. Արցախի նախագահ

Ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև Հայաստանի Հանրապետությունը ունի և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ անվտանգության ապահովման խնդիր,  որը մերօրյա գլխավոր մարտահրավերն է։ Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան 44-օրյա պատերազմը։ Եվ այդ վտանգի կանխումը կամ կառավարումը պետք է տեղի ունենա և՛ անվտանգային, և՛ քաղաքական գործիքակազմերով։ Այս մասին այսօր իր ելույթում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։  Արայիկ Հարությունյանը վշտակցություն հայտնեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ «Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է միասնականության, անկեղծ երկխոսության ու ողջախոհության հիման վրա։ Անկախ այն բանից, թե ինչ գործիքակազմով հնարավոր կլինի կանխել աղետը, միևնույն է, նշածս համախմբումը պետք է տեղի ունենա, որպեսզի կարողանանք պատվով թոթափել այս ծանր ու վճռական մարտահրավերը։ Իշխանությունները, այո՛, միշտ էլ առաջնահերթ պատասխանատու են իրավիճակի համար, սակայն այսօր բոլորիս վրա ծանր պատասխանատվություն կա ընկած, քանի որ կանգնած ենք պետականությանը սպառնացող վտանգների առաջ, որի պատճառներից է նաև ներքին անհամերաշխությունը»,- նշեց ԱՀ նախագահը։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ միջազգային գործընկերներն ու միջազգային հանրությունը կարող են միայն լրացուցիչ գործիքակազմեր ապահովել՝ իրենց սեփական շահերին համապատասխան․ «Մեր սեփական խնդիրների լուծումը մեծապես հենց մեզանից է կախված»։ Հարությունյանը խոսեց նաև անվտանգության երկարատև երաշխիքներից։ «Ցավոք, այս խիստ փխրուն աշխարհակարգի ու տարածաշրջանային ցնցումների պայմաններում ոչ ոք դեռ չի կարող մեզ տալ անվտանգային երկարատև երաշխիքներ։ Ռուսաստանի զբաղվածությամբ ու ուշադրության շեղմամբ պայմանավորված՝ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը։ Մյուս կողմից՝ արտաքին բոլոր թշնամական ուժերը հետևողականորեն ձեռնարկում են ռազմական ու տեղեկատվական բնույթի սադրանքներ՝ ռուս խաղաղապահների դերակատարությունը նսեմացնելու, արցախցիների մոտ Ռուսաստանի հանդեպ անվստահություն ձևավորելու համար։ Վստահ եմ, որ արցախցին չի տրվում նման սադրանքների, որի վառ օրինակը Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքն է»,- նշեց ԱՀ նախագահը։ Արայիկ Հարությունյանը նշեց, որ չնայած աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումներին ու առկա մարտահրավերներին՝ ՌԴ-ը շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, «թեև այն փխրուն և հարաբերական կայուն է»։ «Մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել նրա անժամկետ առկայությունն Արցախում՝ որպես մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից։ Նշված մարտահրավերներով պայմանավորված՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայել ու չենք խնայելու մեր պաշտպանության սեփական համակարգը մեր հնարավորությունների սահմաններում արդիականացնելու և եր առջև կանգնած մարտահրավերներին համապատասխանեցնելու ուղղությամբ»,- ասաց նա։ Արայիկ Հարությունյանը նշեց, որ չնայած աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումներին ու առկա մարտահրավերներին՝ ՌԴ-ը շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, «թեև այն փխրուն և հարաբերական կայուն է»։ «Մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել նրա անժամկետ առկայությունն Արցախում՝ որպես մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից։ Նշված մարտահրավերներով պայմանավորված՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայել ու չենք խնայելու մեր պաշտպանության սեփական համակարգը մեր հնարավորությունների սահմաններում արդիականացնելու և եր առջև կանգնած մարտահրավերներին համապատասխանեցնելու ուղղությամբ»,- ասաց նա։ Հարությունյանի խոսքով՝ իրենց ցանկանում են խաղաղություն ու կայունություն ողջ տարածաշրջանում, սակայն հաշվի առնելով թուրք-ադրբեջանական սպառնալիքները՝ իրավունք ունեն և պարտավոր են մտածել նաև ինքնապաշտպանական կարողությունների ու հնարավորությունների մասին։ «Քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ ևս մեծ անելիքներ կան։ Թեև վերջին երկու տարվա ընթացքում զգալի ջանքեր ու ռեսուրսներ են ներդրվել քաղաքացական պաշտպանության հիմնականում այնպիսի ուղղություններով, որոնք քիչ նկատելի են լայն հասարակության համար, այնուհանդերձ այն կրել է շարունակական բնույթ, և առաջիկայում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ներքին անվտանգության այդ բաղադրիչին»,- հավելեց նախագահը։
19:15 - 19 սեպտեմբերի, 2022
Նախորդ շաբաթ Արցախում վնասազերծվել է ընդհանուր առմամբ 9 տարբեր տեսակի ռազմամթերք. ԱԻՊԾ

Նախորդ շաբաթ Արցախում վնասազերծվել է ընդհանուր առմամբ 9 տարբեր տեսակի ռազմամթերք. ԱԻՊԾ

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: Սեպտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 761 ահազանգ, որից 701-ը ճանաչողական բնույթի: Ահազանգերի թվում գրանցվել է տեխնածին 7, բնածին 18 և սոցիալ-կենցաղային բնույթի 15 կանչ: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 18 դեպք, որոնք հիմնականում արձանագրվել են չոր խոտատարածքներում: Հրդեհի 1 դեպք արձանագրվել է մթերային խանութում՝ բռնկումն առաջացել է էլեկտրալարերի կարճ միացման պատճառով, մեկ դեպք արձանագրվել է ավտոմեքենայում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները, հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Բարեբախտաբար արձանագրված հրդեհներից տուժած անձինք չկան: Բոլոր դեպքերի առիթվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 5 դռան և 1 վերելակի բացում, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 4 ելք: 4 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի: Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ շարունակում են իրականացնել չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է ընդհանուր առմամբ 9 տարբեր տեսակի ռազմամթերք: ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:
12:16 - 19 սեպտեմբերի, 2022
Ակտիվիստներին չհաջողվեց փակել Արցախի նախագահական շենքը․ շարժման առաջնորդը՝ հետագա անելիքների մասին

Ակտիվիստներին չհաջողվեց փակել Արցախի նախագահական շենքը․ շարժման առաջնորդը՝ հետագա անելիքների մասին

civilnet.am:  Ստեփանակերտում սեպտեմբերի 19-ի ընդդիմադիր ակտիվիստներին չհաջողվեց փակել նախագահականի շենքի մուտքերը ու հարցեր ուղղել Արայիկ Հարությունյանին։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Արցախի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, որն արդեն երեք շաբաթ է՝ շուրջօրյա նստացույց է անում Ստեփանակերտի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում, մանրամասներ ներկայացրեց եղելության ու հետագա անելիքների վերաբերյալ։ Ընդդիմադիրն ասաց, որ, այպես ասած, ժողովրդական պլատֆորմ ստեղծելու նպատակ ունեն, որին հնարավոր է՝ միանան «Արդարություն» և ՀՅԴ խմբակցությունները։ Այսօր երեկոյան ևս հանրահավաք տեղի կունենա։ «Երեկ արդեն երրորդ, չորրորդ օրն էր՝ աննախադեպ շատ մարդիկ են հավաքվում հրապարակում և պահանջում են որոշ հարցերի հստակ պատասխաններ։ Երեք օր է՝ համախմբման կոչ ենք անում․ այդ կոչին միացել են բազմաթիվ քաղաքական ուժեր, պատգամավորներ, ակտիվիստներ, բայց երկրի նախագահը չի միացել։ Ես հայտարարել էի, որ առավոտյան շուտ փակելու ենք ճանապարհը և պատասխաններ պահանջենք։ Ինքը (Արցախի նախագահը- խմբ․)  միշտ աջ կողմով է մտնում շենք, գնացել ենք, որ հենց գա փակենք ավտոների դիմաց։ Մյուս կողմով գաղտագողի, շատ արագ եկավ, վազելով մտավ շենք»,- նշեց Տիգրան Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ ժողովուրդը հավաքվել է մի մտահոգությամբ, երբ լսել է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ թուղթ է ուզում ստորագրել։ «Թեև նա հետո հետ է կանգնել իր խոսքերից, իսկ մենք գիտենք, որ թուղթ ստորագրելը 5 րոպե ա, 1 րոպե ա, և օրերով սպասել մինչ Արայիկ Հարությունյանը ուղերձով կդիմի, մի քիչ անտրամաբանական է։ Ինքը գնաց պատվիրակության հետ Հայաստան, բանակցություններ վարեց, հետ եկավ, ինչն է պատճառը, որ երկու օր անց է այդ պատասխանները հնչեցնում, մանավանդ որ գիտի՝ հազարավոր մարդիկ, այստեղ կանգնած, իրեն են սպասում։ Բազմաթիվ անգամ կոչ ենք արել, որ գա միանա մեզ։ Մենք ասել ենք, որ երաշխավորում ենք Ձեր անվտանգությունը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։ Այս ընդդիմական ցույցը սեպտեմբերի 14-ին թափ հավաքեց ու վերածվեց համերաշխության ամենօրյա հավաքի այն բանից հետո, երբ Հայաստանի արևելյան սահմաններին տեղի ունեցած մարտերի օրերին Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «գոհ կլինենք, եթե Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»։ Հայաստանում և Արցախում շատերը դա ընկալեցին, որ Փաշինյանը Ադրբեջանի հետ պատրաստ է ստորագրել պայմանագիր՝ Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի մաս։ Վերածննդի հրապարակի ցուցարարները նպատակ ունեն պաշտպանել Արցախի ինքնիշխանությունն ու պետականությունը։ Սետեմբերի 17-ին Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 19-ին, ելնելով ստեղծված իրավիճակից, հանդես կգա տեսաուղերձով։  
11:30 - 19 սեպտեմբերի, 2022
Ինչ է եղել իրականում և ինչ կարելի է անել․ օրվա հրամայականն է դառնում երկրի նոր ղեկավարի հայտնվելը. Վարդան Օսկանյան

Ինչ է եղել իրականում և ինչ կարելի է անել․ օրվա հրամայականն է դառնում երկրի նոր ղեկավարի հայտնվելը. Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին ուղարկած հոդվածում վերլուծում է Ադրբեջանի նոր ռազմական հարձակումը Հայաստանի վրա և առաջարկում է լուծումներ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Բանակցային գործընթացքում երկարատև փորձ ունեցող ցանկացած մարդ, տեսնելով այսօրվա իրադարձությունները, կարող է շատ հստակ պատկերացնել արդեն երկու տարի հայ հասարակությանը հուզող հարցի պատասխանը՝ ինչ է քննարկվել 2020-ի նոյեմբերի 9-10-ին։ Կասկածից վեր է, որ այդ օրը, այդ ժամերին օրակարգի հիմնական թելադրողը Ալիևն էր։ Շուշի մտնելուց հետո նա հնարավորություն ուներ ժամերի ընթացքում բռնազավթելու ամբողջ Արցախը։ Դժվար չէ հասկանալ, որ այդ դիրքերում, այդ գիշեր Ալիևը սեղանին է դրել իր առավելագույն պահանջները՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս, Զանգեզուրում միջանցք և հօգուտ Ադրբեջանի սահմանազատման լուծում՝ անկլավները ներառյալ։ Բանակցային գործընթացում նույնիսկ ամենաթույլ դիրքերում կողմին դեմքը փրկելու հնարավորություն են տալիս։ Իմ ենթադրությունն է, որ այդ երեք հարցերը դուրս են թողնվել զինադադարի գրավոր հայտարարությունից, բայց ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն, որի վկան, նաև՝ երաշխավորը, եղել է Պուտինը։ Հիմա, երբ այդ պայմանավորվածությունների իրականացումը ձգձվում է, Ալիևը դիմում է ուժային մեթոդների։ Եթե ելնենք հիմնավոր այս ենթադրությունից՝ այս իրավիճակում Փաշինյանը չունի մանևրելու հնարավորություն, իսկ Ռուսաստանի լռությունը դառնում է եթե ոչ արդարացված, ապա առնվազն՝ բացատրելի։ Պուտինի ձեռքերը կապված են ոչ միայն իր աշխարհաքաղաքական թուլացած դիրքով, այլև նոյեմբերի 9-ին տրված բանավոր խոստման վկան լինելով։ Հետևաբար, օրվա հրամայականն է դառնում նոր բանակցողի, իմա՝ երկրի նոր ղեկավարի հայտնվելը։ Եթե մի կողմ դնենք հուզական պիտակները և ելնենք այն ենթադրությունից, որ Փաշինյանի համար ստեղծված իրավիճակը հաճելի և ցանկալի չէ, ապա նա կամ պետք է հերքի այս թեզը, ասի, որ ոչինչ չի խոստացել բանավոր, ու իր անմիջական քայլերով, այսինքն՝ կտրուկ փոխելով քաղաքականության տրամաբանությունը, ապացուցի դա, կամ հրաժարական ներկայացնի։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի համար ևս ռազմական լուծումը ամենահեշտն ու ցանկալին չէ, հետևաբար Փաշինյանն այստեղ մանևրելու հնարավորոթյուն ունի։ Եթե դա չի անում, ուրեմն մնում է ենթադրել, որ կան խոստման կապանքները։ Նոր բանակցողի հայտնվելը ոչ միայն Հայաստանին կազատի այդ կապանքից, այլև կազատի Ռուսաստանի ձեռքերը՝ հապշտապ և ոչ շահեկան լուծումների փոխարեն նոր բանակցային փուլ սկսելու համար։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա ակնհայտ է, որ այն Հայաստանի իշխանության վարած քաղաքականության մեջ տեսնում է Ղարաբաղից հրաժարվելու միտումը, դրանում էլ տեսնում է խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհը, որը և կնպաստի Ռուսաստանի ներկայության թուլացմանը և աստիճանական հեռացմանը տարածաշրջանից։ Դրանով թերևս կարելի է բացատրել ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Արևմուտքի խաղացած դրական դերը, ճնշումը Ադրբեջանի վրա՝ ձեռք բերված փխրուն զինադադարի արդյունքով։ Սակայն Արևմուտքը նույնպես Հայաստանի իշխանությունների ենթադրաբար տված խոստման պատանդն է։ Ի վերջո, ակնհայտ է, որ Էրդողանի ռազմատենչ հայտարարությունները ԵՄ անդամ Հունաստանի դեմ և բազմաթիվ այլ հանգամանքներ, չպետք է որևէ մեկի մոտ կասկած առաջացնեն, որ Արևմուտքը նույնպես նպատակ, ցանկություն և պատճառ չունի թուրք-ադրբեջանական կողմի լիակատար հաղթանակը ցանկանալու։ Հետևաբար, նոր բանակցողի պայմաններում և դրա շուրջ ձևավորված նոր մոտեցումներով ու դիվանագիտական թիմով հայկական շահերի հետապնդումը անկասկած հնարավորոթյուն կստեղծի կարճ ժամանակում փոխելու նաև Արևմուտքի մոտեցումներն այս հարցում, Արևմուտքին նույնպես շահագրգռելով արագ լուծումների փոխարեն ավելի հավասարակշիռ լուծման համար բանակցություններ սկսելու։ Բայց դրա համար, դարձյալ, անհրաժեշտ է նոր բանակցող, որը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար կձևակերպի բանակցային նոր օրակարգ։ Ո՞րը պետք է լինի նոր բանակցողի արտաքին քաղաքական հենքը։ Ա) Փոխլրացնող քաղաքականությունը։ Կան մարդիկ, որոնք պնդում են, թե այսօր դա հնարավոր չէ՝ հաշվի առնելով Ռոսւաստան – Արևմուտք հակասությունները։ Բայց այստեղ նրանք մոռանում են առնվազն երկու հանգամանք․ Առաջին, որ այսօր Արևելք – Արևմուտք հակասությունը ոչ թե բլոկների, այլ առանձին երկրների հակասություն է։ Ռուսատան – Արևմուտք, Չինաստան – ԱՄՆ։ Դա չի ենթադրում և չի պարտադրում մեկ կամ մյուս կողմի հետ լավ հարաբերություններ ունեցող երկրներին ընտրություն անել։ Եվ դրանից, ի դեպ, լավագույնս օգտվում են Թուրքիան և Ադրբեջանը։ Երկրորդ, որ այսօր Հայաստանը կարող է հիմնավորել այս կամ այն գործընկերոջ հետ ցանկացած խորության համագործակցություն։ Անկախ պատճառներից կամ հանգամանքներից՝ փաստ է, որ 44-օրյա պատերազմից և վերջին իրադարձություններից հետո Հայաստանում ձևավորվել է համատարած հիասթափություն Ռուսաստանից։ Հայաստանը, ենլելով իր շահերից, պահելով իր հարաբերությունների որակը Ռուսաստանի հետ, առանց վարանման հնարավորություն ունի լավագույնս օգտագործելու այլ երկրների կողմից իրեն ընձեռված բոլոր տեսակի հնարավորությունները։ Բ) Նոր բանակցողը և նրա թիմը կարիք չունեն ընդհանրապես հրաժարվելու պայմանագիր կնքելու հեռանկարից։ Պարզապես անհրաժեշտ է փոխել դրա շուրջ ստեղծված և այլոց կողմից ընկալված առկա ենթատեքստը։ Ադրբեջանի համար այս փաստաթուղթը միջոց է պատերազմի արդյունքում իր ձեռք բերած և ակնկալվող ռազմական ավարի օրինականացման և միջազգային ճանաչման համար։ Հայաստանի մոտեցումը պետք է լինի նույնը։ Հայաստանի համար այս փաստաթուղթը պետք է լինի այն միջոցը, որտեղ կկարողանա տրամաբանված, ոչ ծայրահեղական ձևակերպումներով դրույթների ներառմամբ հասնել բանակցային լուրջ գործընթացի անհրաժեշտության ճանաչման և մեկնարկի։ Փաստաթղթում անհրաժեշտ է ներառել այն դրույթները, որոնց շուրջ կլինի իրական բանակցությունների անհրաժեշտություն՝ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ տարաքից; Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի խնդիրը; գերիների վերադարձը; սահմանազատման բանակցված, ոչ թե հապշտապ ու միայն ադրբեջանական կողմին բավարարող իրականացումը։ Այլապես այն, ինչ տեղի է ունենում այսօր, բանակցություն չէ, այլ պարտադրանք է Հայաստանին՝ հրաժարվելու Արցախից, ինչը ստիպված կլինի ընդունել միայն թե խաղաղություն լինի։ Ու այս ձևակերպմանը տարբեր պատճառներով դեմ չեն արտահայտվում թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը՝ հիմնականում վերևում նշված՝ հայկական կողմի այլ ձևակերպում տալու անկարողության պատճառով։
18:06 - 17 սեպտեմբերի, 2022
Ստեփանակերտում կայացած հանրահավաքի մասնակիցները հայտարարություն են տարածել

Ստեփանակերտում կայացած հանրահավաքի մասնակիցները հայտարարություն են տարածել

Այս օրերին Ստեփանակերտում ընթացող հանրահավաքների մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ։  Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.   «Մենք ՝ ԼՂՀ բնակիչներս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համաժողովրդական հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ մենք պաշտպանելու ենք ԼՂՀ ինքնիշխանությունն ու պետականությունը։   31 տարի առաջ մենք անկախություն հռչակեցինք և իրականացրեցինք ինքնորոշման մեր իրավունքը ՝ միջազգային իրավունքին և ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան։ Այդ որոշումներն ամրագրված են" ԼՂՀ անկախության մասին հռչակագրով " և համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով ։ Ադրբեջանը շարունակում է իրականացնել ավելի քան հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից սկսված հայ ժողովրդի ցեղասպանությունը։   Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանի կողմից իրականացվել է նաև խորհրդային իշխանության տարիներին, և ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր հետագա տարիներին։ Այն շարունակվում է նաև այսօր, ինչի մասին, Օրինակ, վկայում են վերջին օրերի իրադարձությունները, երբ տեղի է ունեցել զինված ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածք, որն ուղեկցվել է մարդկության դեմ հանցագործություններով ՝ սպանվածների մարմիններին ծաղրելով, գերիներին գլխատելով և հայատյաց այլ անմարդկային դրսևորումներով։   Ադրբեջանը, չթաքցնելով հայերի եւ հայկական պետականության ոչնչացման իր մտադրությունները, իրականացնում է Հայոց ցեղասպանությունը ՝ իր հանցավոր գործողությունների մեջ ներգրավելով տարածաշրջանային եւ միջազգային այլ ուժերի: Միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ճակատագիրը։   Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր տարիներին հանդիսանում էր ԼՂՀ անվտանգության երաշխավորը և միջնորդական գործառույթներ էր իրականացնում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման բանակցություններում։ Բայց Հայաստանի ղեկավարությունն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որը նախատեսում է ԼՂՀ գոյություն ունեցող կարգավիճակի փոփոխություն։ Նման կարգի ցանկացած փաստաթուղթ լեգիտիմ չէ և իրավաբանական ուժ չունի։   Ճանաչեք ԼՂՀ անկախությունը՝ մի մասնակցեք Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից իրականացվող Հայոց ցեղասպանությանը» ։
17:32 - 17 սեպտեմբերի, 2022
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում են ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը։ Քննարկվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի Ադրբեջանի ոտնձգությունները և առկա գոյաբանական սպառնալիքները։ Հանդիպմանն ընդգծվել է անհրաժեշտությունը ազգային ողջ ներուժի համախմբման և համահայկական միասնական ջանքերի գործադրման` ի նպաստ ստեղծված դժվարին իրավիճակի հանգուցալուծման և կայուն խաղաղության վերահաստատման։ Հանրապետության նախագահը և խորհրդարանականները կարևոր են նկատել պետություն-եկեղեցի գործակցությունը, մասնավորապես, այս օրերին Հայ Առաքելական եկեղեցու առաքելությունը ազգային միասնականության ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արցախի թեմի գործունեությանը և հոգևոր կյանքի զորացմանն ուղղված ծրագրերին և այդ համատեքստում պետության անելիքներին:
13:49 - 17 սեպտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարն ԱՄՆ-ում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ

Արցախի ԱԳ նախարարն ԱՄՆ-ում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ

Սեպտեմբերի 15-ից մեկնարկել է Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ)։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Սեպտեմբերի 16-ին Դավիթ Բաբայանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը և հայոց եռամիասնության ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Նույն օրը նախարարը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունիի գլխավորությամբ։ Քննարկվել է հայրենիք-Սփյուռք կապերին, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող թեմաների լայն շրջանակ։Նախարարը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերն Արցախի զարգացման ու Արցախի ժողովրդի շահերի առաջմղման գործում։ Հանդիպումներին մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
11:22 - 17 սեպտեմբերի, 2022
Աղոթք և հանրահավաք Ստեփանակերտում |civilnet.am|

Աղոթք և հանրահավաք Ստեփանակերտում |civilnet.am|

civilnet.am: Սեպտեմբերի 14-ից հավաքներ են տեղի ունենում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Դրանք սկսել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում արած հայտարարությունից հետո, որ պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել երաշխավորելու ՀՀ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի անվտանգությունը, ինչի համար կարող են իրեն քննադատության ենթարկել և անգամ հեռացնել իշխանությունից։ Հայտարարությունը հաջորդեց սեպտեմբերի 13-ին և 14-ին ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի արևելյան սահմանների վրա հարձակմանը, որի արդյունքում երկու կողմն էլ ծանր կորուստներ են կրել: Ստեփանակերտում ինքնաբուխ հավաքների առաջնորդներից մեկը ընդդիմադիր Տիգրան Պետրոսյանն է: Սեպտեմբերի 15-ի երեկոյան հավաքին մասնակցում էին ուսանողներից մինչև Ազգային ժողովի նախագահ: Ստեփանակերտ էին եկել Արցախի տարբեր շրջանների բնակիչներ: Նախքան Վերածննդի հրապարակում հավաքվելը, ցուցարարները Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի հովանու մայր տաճարում Արցախի թեմի նախաձեռնությամբ մասնակցեցին միասնական աղոթքի՝ «Հանուն Հայրենիքի փրկության»:
23:11 - 16 սեպտեմբերի, 2022
Ալիևը Սամարղանդում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին
 |civilnet.am|

Ալիևը Սամարղանդում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին |civilnet.am|

civilnet.am: Սեպտեմբերի 16-ին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Аzertag-ի փոխանցմամբ՝ Ալիևն իր ելույթում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին ներկայացրել է Ադրբեջանի տարանցիկ, տրանսպորտային հնարավորությունները և նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումից հետո» տրանսպորտային հնարավորություններն ավելի կմեծանան։ «2020-ի վերջին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը նոր հնարավորություններ ստեղծեց մեր տարածաշրջանում տրանսպորտային-հաղորդակցական նախագծերի զարգացման համար։ Զանգեզուրի միջանցքի բացումից հետո ավելի կմեծանան տարածաշրջանի երկրների տրանսպորտային հնարավորությունները և այն շահավետ կլինի այդ երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրների համար»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։ Ալիևը հիշեցրել է, որ Հայաստանին ներկայացրել են խաղաղության պայմանագրի կնքման համար նախատեսված հինգ սկզբունքներ՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ «Այժմ պետք է աշխատենք խաղաղության համաձայնագրի նախագծի վրա՝ առանց նախապայմանների և արհեստական ձգձգումների։ Ցավոք, այս տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանը լայնածավալ ռազմական սադրանք իրականացրեց Ադրբեջանի հետ պետական սահմանին։ Այդ սադրանքը հսկայական հարված է հասցրել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասել է Իլհամ Ալիևը։  
17:42 - 16 սեպտեմբերի, 2022
Ըստ Սեյրան Օհանյանի՝ Հայաստանը մշտապես պետք է պատրաստ լինի Ադրբեջանի սադրանքներին


 |armenpress.am|

Ըստ Սեյրան Օհանյանի՝ Հայաստանը մշտապես պետք է պատրաստ լինի Ադրբեջանի սադրանքներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարևորում է, որ Հայաստանը մշտապես պատրաստ լինի Ադրբեջանի սադրանքներին: Օհանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին ագրեսիային: Նա նախ ընդգծեց, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ձեռնարկել է հերթական սադրանքը՝ հարձակվողական գործողությունների ձևով, և «Հայաստան» խմբակցությունն ու իրենց բոլոր գաղափարակից ընկերներն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ ԶՈՒ-ին: «Այս ամենն արդյունք է նրա, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո փորձում է օղակը սեղմել ՀՀ-ի շուրջ, ավելացնել ճնշումները Հայաստանի նկատմամբ, իշխանությունների նկատմամբ և հասնել իր հեռահար նպատակներին՝ ճանապարհների բացմանը և ինչպես իրենց են ասում «Սյունիքի միջանցքի» բացմանը»,-ասաց Օհանյանը: Ըստ Օհանյանի՝ Ադրբեջանի սադրանքները, Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները, խոշտանգումները մարդկանց նկատմամբ, պատմամշակութային արժեքների նկատմամբ վայրագությունները, վարձկանների, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացված բոլոր հանցագործությունները բավարար չափով չեն դատապարտվել: «Բայց ամենակարևոր պատճառներից մեկն էլ նա է, որ այսպիսի սադրանքներին մենք մշտապես պետք է պատրաստ լինենք: Հայաստանի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ մշտապես կարող են բռնկվել մարտական գործողություններ»,-ասաց Օհանյանը: Նա կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները, իմանալով իրավիճակը, պարտավոր էին ԶՈՒ-ն, հասարակությանը նախապատրաստել:  «Այս իրավիճակում ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ գնահատել իրավիճակը, մարտավարական գործողությունների արդյունքում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները, դիրքային փոփոխությունները, ճշտել գերիների, անհետ, կորածների քանակը, պատշաճ կերպով ներկայացնել հանրությանը, թոթափել բոլոր մտահոգությունները: Եվ պետք է միջոցներ ձեռնարկեն, որ Հայաստանը հաջորդ այսպիսի սադրանքներին կարողանա պատրաստ լինել»,-եզրափակեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
13:31 - 16 սեպտեմբերի, 2022
Ստեփանակերտում հանրահավաքը շարունակվել է նաև օրվա երկրորդ կեսին
 |artsakhpress.am|

Ստեփանակերտում հանրահավաքը շարունակվել է նաև օրվա երկրորդ կեսին |artsakhpress.am|

artsakhpress.am: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 15-ի առավոտյան վերսկսված ինքնաբուխ հանրահավաքը շարունակվել է նաև երեկոյան: Հանրահավաքի մասնակիցներն ու ելույթ ունեցողներն իրենց մտահոգությունն են արտահայտել Արցախի ճակատագրի և կարգավիճակին վերաբերող խնդիրների վերաբերյալ: Հանրահավաքի ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է տեղակատվություն Երևանում Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի ներկայացուցչական պատվիրակության հանդիպումների արդյունքի մասին: «ԱՀ նախագահի մասնակցությամբ Երևանում կայացել է Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստ, որտեղ հստակ դրվել է պահանջ, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել և չի լինելու: Բարձրաձայնվել են բնակչությանը մտահոգող հարցերը: Մեզ հավաստիացրել են, որ Արցախի կարգավիճակի հարցով ոչ մի փաստաթուղթ չի քննարկվում»,- նշել է Ա. Թովմասյանը: ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը կարևորել է միասնականությունը՝ խնդիրների լուծման և հաջողություններ կերտելու համար: «Պատմության մեջ մեր բոլոր ունեցած հաջողությունները պայմանավորված են եղել միասնականությամբ: Հասարակության միասնությունը հնարավորություն է ստեղծում լուծել թե´ քաղաքական, թե´ տնտեսական խնդիրները: Ժամանակն է, որպեսզի հասարակության մեջ գոյություն ունեցող տարանջատումները, տարբեր մոտեցումները մի կողմ դրվեն և միասնական ճակատով կանգնենք պաշտպանելու երկրի սահմաններն ու մեր ժողովրդի իրավունքը»,-ընգծել է Վ. Բալայանը: «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ հանրահավաքի համար պատճառ են հանդիսացել վերջին զարգացումները:  «Պետք է պայքարենք Արցախի հայկական լինելու համար»,-հավելել է նա:
23:29 - 15 սեպտեմբերի, 2022