Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Արցախի համար պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը. Արմեն Գրիգորյան

Արցախի համար պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը. Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին և դրանց չեզոքացմանն ուղղված միջոցառումներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից: Խոսելով անվտանգային մարտահրավերների և սպառնալիքների մասին՝ Արմեն Գրիգորյանն այդ համատեքստում կարևորել է իրավիճակը Հարավային Կովկասում՝ ընդգծելով, որ այն շարունակում է մնալ լարված և պայմանավորված է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի գործոնով: ԱԽ քարտուղարը նաև կարևոր է համարել արձանագրել, որ Արցախյան երկրորդ պատերազմը ակնհայտ դարձրեց այն, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում : Արմեն Գրիգորյանը իր ելույթում նաև անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին, ինչպես նաև այսպես կոչված «ավարի պուրակին», որպես ֆաշիզմի դրսևորում: Արմեն Գրիգորյանը կարևորել է ՀԱՊԿ-ի կողմից բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը գերիների վերադարձի ուղղությամբ: Արմեն Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ. «Հարգելի նախագահող, Հարգելի գործընկերներ, Ողջունում եմ բոլորիդ և արդյունավետ աշխատանք եմ մեզ մաղթում: Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել հյուրընկալող կողմին՝ մեր տաջիկ ընկերներին, այսօրվա հանդիպման և ջերմ ընդունելության համար: Ընդհանրապես, նեղ կազմի ձևաչափով քննարկմանը, մենք ավանդաբար դիտարկում ենք ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները և խոսում դրանց չեզոքացման միջոցառումների մասին: Այս առումով կուզենայի անրադառնալ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Թուրք-ադրբեջանական տանդեմը, որը սանձազերծեց հազարավոր կյանքեր խլած վերջին Ղարաբաղյան պատերազմը, նպատակ ուներ արցախահայության լիակատար ֆիզիկական ոչնչացումը: Զուր չէ, որ ես այս տանդեմը կոչեցի թուրք-ադրբեջանական, և ոչ ադրբեջանաթուրքական, առաջին տեղում նշելով Թուրքիային, քանի որ այս պատերազմում ամենալայն մասնակցությունն ունեին թուրքական ռազմական հրահանգիչները, թուրքական հատուկ նշանակության ջոկատները, Թուրքիայի կողմից հավաքագրված ահաբեկիչ-վարձկանները, որոնք մինչ այժմ էլ շարունակում են մնալ տարածաշրջանում: Թուրքիայի կողմից միջազգային հարթակում նաև քաղաքական աջակցություն է ցուցաբերվել Ադրբեջանին: Մեր մշտական ուշադրության կենտրոնում է նաև գերեվարված հայ զինծառայողների և Ադրբեջանի կողմից պահվող այլ անձանց վերադարձի հարցը: Այսօր այս հարցը մեզ համար առաջնակարգ նշանակություն ունի: Ցավոք, ադրբեջանական կողմը շարունակում է շահարկումներ անել այս խնդրի շուրջ և ամեն կերպ խոչընդոտում է նրանց ազատ արձակմանը՝ բերելով անհիմն փաստարկներ և գործընթացը տանելով փակուղի: Պետք է կիրառել հնարավոր բոլոր ջանքերն այս հարցը հնարավորինս արագ լուծելու համար և այս առումով ես ակնկալում եմ ձեր օժանդակությունը և աջակցությունը:   Հարգելի գործընկերներ, Ինչպես գիտեք, ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելը և զինադադար հաստատելը հնարավոր եղավ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ: Այս գործընթացում անձնական մեծ ջանք է գործադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մենք կարծում ենք, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ հիմունքներով պետք է ապահովվի ռուս խաղաղապահների ներկայությունը: Սա է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և հայ բնակչության անվտանգության ապահովման երաշխիքը:  Նախորդ տարվա պատերազմը ակներևաբար ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի համար պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը փաստացի հանդիսանում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորում և թույլ է տալիս առանձին էթնիկ խմբերին ոչ միայն առանձնանալ որևէ պետությունից, երբ առկա են խտրականության, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման կամ ցեղասպանության ռիսկեր, այլ նաև բացառում է միացումը նման պետության հետ: «Անջատում հանուն փրկության» սկզբունքը պետք է դրված լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հայեցակարգի հիմքում, որը չի կարող կարգավորված համարվել, քանի դեռ չի լուծվել Արցախի կարգավիճակի հարցը: Նախագահ Ալիևը շարունակում է ցինիկաբար (լկտիաբար) հայտարարել, որ ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին համարում է իր երկրի քաղաքացի: Այս խոսքերի կեղծիքն ակնհայտ է՝ ոչ մի պետություն խաղաղ բնակիչներին չի ոչնչացնի, ռմբակոծի և հրթիռակոծի, եթե նրանց սեփական քաղաքացիներ համարի: Եվս մեկ աղաղակող փաստ՝ այս տարվա ապրիլի 12-ին, Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, Բաքվում բացվեց Արցախյան պատերազմին նվիրված, այսպես կոչված «Ռազմավարի պուրակ», որտեղ հայկական ռազմական տեխնիկային զուգընթաց, ցուցադրված էին հայկական զիված ուժերի զինվորների մանեկենները, զոհված հայ զինծառայողների անձնական իրերն ու սաղավարտները: Այսպես կոչված, «պուրակի» բացման արարողությունը և Ադրբեջանի նախագահի ելույթը այդ արարողության ժամանակ, ևս մեկ անգամ հստակ ցուցադրում են, որ վերոնշյալ քայլն ուղղված է պատերազմում զոհվածների, անհայտ կորածների և գերիների հիշատակի հանրային նվաստացմանը: Կարծում եմ, որ այս զազրելի, առողջ հոգեկառուցվածքի հետ անհամատեղելի, խեղված միջոցառման հրապարակված կադրերը, ծանր հոգենստվածք կթողնեն ցանկացած նորմալ մարդու մոտ: Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա այդպիսի չակերտավոր «պուրակ» ստեղծելու բուն գաղափարը իրական ֆաշիզմի դրսևորում է:   Հարգելի գործընկերներ, 75 տարի առաջ մեր հայրերն ու պապերը հաղթեցին ֆաշիզմը: Կարծում եմ, որ մենք՝ որպես նրանց գործի հետնորդներ, պետք է կանխենք վերոնշյալ ֆաշիստական դրսևորումների վերածնունդը: Ակնհայտ է, որ այդպիսի կեղծ հայրենասիրական արարքները ուղղված են ադրբեջանական ժողովրդի գիտակցության մեջ, ի դեմս ամբողջ հայության, երդվյալ թշնամու կերպարի երկարատև ամրապնդմանը, ինչը որևիցե ձև չի կարող նպաստել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է պատշաճ գնահատական հնչի այսպես կոչված չակերտավոր «պուրակի» վերաբերյալ:   Հարգելի գործընկերներ, Ի լրումն այս ամենի, անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահն հայտարարեց, որ եթե Հայաստանը Սյունիքի մարզով Ադրբեջանին դեպի Նախիջեւան միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դա կանի ուժով: Սա ոչ այլ ինչ է, քան ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջականության ուղղակի սպառնալիք, և այդպիսի դեմարշները չպետք է անտեսվեն, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ագրեսիվ նկրտումները: Կարծում եմ, որ մեր Կազմակերպությունը միանշանակ դիրքորոշում պետք է հայտնի ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջաաականության դեմ ցանկացած ոտնձգությանը:   Հարգելի գործընկերներ, Այսօրվա մեր նիստը տեղի է ունենում բարդ պայմաններում, երբ համաշխարհային մասշտաբով մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը, ընդարձակվում են անկայունության օջախներ, ընդլայնվում են տարաձայնությունների գոտիներ, նոր թափով են բռնկվում հակամարտությունները, իսկ համաշխարհային տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում: Այս ամենը անխուսափելիորեն ազդում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու վրա, և առկա մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու նպատակով մենք պետք է ցուցաբերենք միասնական, համակարգված մոտեցում, նրբանկատ, ուշադիր վերաբերմունք միմյանց խնդիրներին։ Սա կլինի մեր ընդհանուր հաջողության և մեր պետությունների անվտանգության ապահովման նպատակների իրագործման գրավականը»:
12:46 - 29 ապրիլի, 2021
Հայաստանի և Տաջիկստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներն առաջին պաշտոնական հանդիպումն են անցկացրել

Հայաստանի և Տաջիկստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներն առաջին պաշտոնական հանդիպումն են անցկացրել

Դուշանբեում անցնող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդայի հանդիպումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպման մեկնարկին Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Նասրուլլո Մախմուդզոդային հայկական պատվիրակության ջերմ ընդունելության և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: «Կողմերը ընդգծեցին այն հանգամանքը, որ սա առաջին երկկողմ պաշտոնական հանդիպումն է երկու պետությունների ԱԽ քարտուղարների միջև: Արմեն Գրիգորյանը նշեց, որ մեր պետությունները արդեն երկար ժամանակ է ինչ հաջող աշխատանք են ծավալում ՀԱՊԿ շրջանակներում և համոզմունք հայտնեց, որ ժամանակն է նաև երկկողմանի ձևաչափով հարաբերությունների ակտիվացման համար»,- նշված է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ հայ-տաջիկական համագործակցության զարգացման նպատակով  Արմեն Գրիգորյանն իր տաջիկ գործընկերոջը ներկայացրել է ՀԱՊԿ շրջանակներում գործընկերների հետ երկկողմ համագործակցության կուտակած փորձը և իրենց արդյունավետությունը արդեն ցույց տված մեխանիզմները՝ մասնավորապես նշելով ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԽ գրասենյակների միջև կնքվող համագործակցության պլանների մասին փաստաթղթերը: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը Նասրուլլո Մախմուդզոդային առաջարկել է սկսել երկկողմ աշխատանքներ նման փաստաթղթի մշակման նպատակով: Կողմերը վստահություն են հայտնել, որ նման փաստաթղթի առկայությունը լավ հիմք կդառնա երկու երկրների միջև անվտանգության ոլորտի մի շարք ուղղություններով փոխշահավետ աշխատանքների համար:
21:52 - 28 ապրիլի, 2021
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի ԱԽ քարտուղարի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի ԱԽ քարտուղարի հետ

Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ղազախստանի նախագահի օգնական-անվտանգության խորհրդի քարտուղար Ասետ Իսեկեշևը:   Հանդիպման ընթացքում կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ղազախական հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկար, հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև ջերմ կապերը, որոնք ունեն տասնամյակների պատմություն:   Քարտուղար Գրիգորյանը իր հերթին ընդգծեց, որ և՛ Հայաստանը և՛ Ղազախստանը անդամակցում են  ՀԱՊԿ-ին և Եվրասիական տնտեսական միությանը և այս հանգամանքը չափազանց կարևոր է երկկողմ համագործակցության հնարավորությունների առումով: Ասետ Իսեկեշևը ընդգծեց, որ Ղազախստանի ավելի քան 11 քաղաքներում գոյություն ունեն հայկական կրթամշակութային կենտրոններ և հայ համայնքը Ղազախստանում ունի ակտիվ դերակատարություն երկրի կյանքում:   Հանդիպման ընթացքում քարտուղար Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում օդատիեզերական արդյունաբերության և ռազմարդյունաբերության ոլորտների զարգացմանը, ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում այն փորձը, որ Ղազախստանը կուտակել է այս ոլորտներում՝ համոզմունք հայտնելով, որ վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը Հայաստանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում:   Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին փոխադարձ այցելությունների մասին:
20:45 - 28 ապրիլի, 2021
Գրիգորյանը և Պատրուշևը հաստատել են ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև 2021-2022-ի համագործակցության պլանը

Գրիգորյանը և Պատրուշևը հաստատել են ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև 2021-2022-ի համագործակցության պլանը

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 28-ին հանդիպել է  ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:  Տեղեկացում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, կողմերն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների առանձնահատուկ հարաբերությունները և ինտենսիվ շփումները: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության զարգացումը: «Անվտանգային միջավայրի ապահովման համատեքստում Արմեն Գրիգորյանը անդրադարձավ հայկական Զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին, այս հարցում կարևորելով երկու երկրների Զինված ուժերի փոխշահավետ համագործակցությունը, հաշվի առնելով հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը: Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը կարևորեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում բնականոն կյանքի վերականգնումը Լեռնային Ղարաբաղում: Նա նաև ընդգծեց տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում հաստատվել է Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև  2021-2022 թթ. համագործակցության պլանը: Հանդիպման  ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում փոխադարձ այցերի իրականացման վերաբերյալ:
18:32 - 28 ապրիլի, 2021
Ընկերությունները, որոնք Հայաստանում կզբաղվեն տիեզերական գործունեությամբ, կստանան հարկային արտոնություններ. ԱԽ

Ընկերությունները, որոնք Հայաստանում կզբաղվեն տիեզերական գործունեությամբ, կստանան հարկային արտոնություններ. ԱԽ

Մոսկվա և Դուշանբե այցի շրջանակում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է պարոն Ռոգոզինին Տիեզերագնացության միջազգային օրվա առթիվ, որի 60-ամյակն էր ապրիլի 12-ին: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ԱԽ գրասենյակը, որում, մասնավորապես, ասված է. «Քարտուղար Գրիգորյանը ընդգծեց, որ Ռուսաստանը առաջատար դիրքեր է գրավում տիեզերագնացության ոլորտի մի շարք ուղղություններում, և այս առումով կարևորեց հայ-ռուսական համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանում տիեզերական գործունեության ոլորտի զարգացման համատեքստում առաջնային կարևորություն են տալիս Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությանը: Խոսելով Հայաստանում տիեզերական գործունեության զարգացման հեռանկարների և այս ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին՝ քարտուղար Գրիգորյանը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենք, որի արդյունքում ընկերությունները, որոնք Հայաստանում կզբաղվեն տիեզերական գործունեությամբ, կստանան մի շարք հարկային արտոնություններ: Դմիտրի Ռոգոզինը իր կողմից բարձր գնահատեց հայ-ռուսական համագործակցությունը տիեզերական մոնիթորինգի ուղղությամբ կատարվող աշխատանքների մասով: Առաջարկեց ընդլայնել Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների նախագծման և մշակման շրջանակներում: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ստեղծելու աշխատանքային խումբ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տիեզերական գործունեության ոլորտում ուղղությունները հստակեցնելու և անելիքները որոշակիացնելու նպատակով: Հանդիպման ավարտին Դմիտրի Ռոգոզինը հրավիրեց հայկական կողմին սույն տարվա հունիսի 14-18 Սանկտ Պետերբուրգում կայանալիք Տիեզերական տարածության հետազոտում (Global Space Exploration Conference — GLEX-2021) խորագիրը կրող միջազգային համաժողովին: Պարոն Ռոգոզինը ընդգծեց, որ նման հարթակներում Հայաստանի ներկայացվածությունը հնարավորություն կտա ձեռք բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ այս ոլորտում: Կողմերը պայմանավորվեցին ամառվա ընթացքում Դմիտրի Ռոգոզինի Հայաստան այցի ընթացքում ամփոփել աշխատանքային խմբի գործունեության արդյունքները»:
19:12 - 27 ապրիլի, 2021
Շնորհիվ հայության հավաքական ներուժի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը անշեղորեն ընթանում է առաջ. ԱԽ քարտուղար

Շնորհիվ հայության հավաքական ներուժի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը անշեղորեն ընթանում է առաջ. ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: «Հարգելի հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցին, մենք գլուխ ենք խոնարհում մեր 1.5 միլիոն նահատակների հիշատակի առաջ՝ վերհիշելով այն տառապանքներն ու հայրենազրկումը, որի միջով անցավ մեր ժողովուրդը:  Այս օրերին  ցեղասպանության իրողությամբ պայմանավորված հարյուր հազարավոր հայեր, որոնք հայտնվեցին աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանի ու Արցախի հայությունը առավել քան երբևէ միասնական են իրենց հավաքական հիշողությամբ: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք համոզված ենք` ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումն է միակ լուծումը ներկայում և ապագայում նման ողբերգություններից մարդկությանը զերծ պահելու համար: Շնորհիվ հայության հավաքական ներուժի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը անշեղորեն ընթանում է առաջ՝ մնալով համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Եվս մեկ անգամ իմ խոնարհումն եմ բերում մեր անմեղ զոհերի հիշատակին: Խաղաղություն նրանց տառապած հոգիներին»,-ասված է ուղերձում:
14:30 - 24 ապրիլի, 2021
Մենք ձեռք կբերենք լավագույն զենքերը, և դուք գիտեք, թե որ երկիրն է առաջատար այս ոլորտում․ ՀՀ ԱԽ քարտուղար |armtimes.com|

Մենք ձեռք կբերենք լավագույն զենքերը, և դուք գիտեք, թե որ երկիրն է առաջատար այս ոլորտում․ ՀՀ ԱԽ քարտուղար |armtimes.com|

armtimes.com: Ինչպե՞ս է նախատեսվում հայկական բանակի բարեփոխումը Ղարաբաղյան հակամարտությունից հետո: Արդյոք ձեռք կբերվի՞ ժամանակակից զենք: Ո՞ւմից է Հայաստանն այն ձեռք բերելու: Ria.ru-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ ինչպես հայտարարվել է նախապես, Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները կիրականացվեն Ռուսաստանի օժանդակությամբ: «Մեր տեսանկյունից վերջին տասներկու տարվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի բարեփոխումները ամենահաջողներից մեկն են: Բանակի արդիականացում և օպտիմիզացում, արդյունավետության բարձրացում, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրում, ժամանակակից զենքեր: Սրանք Ռուսաստանին օգնել են, որ շարունակի ունենալ աշխարհի ուժեղագույն բանակներից մեկը: Վստահ ենք, որ Ռուսաստանի օգնությամբ մենք կանցնենք այս ճանապարհը և կկառուցենք հայկական հզոր բանակ: Սպառազինության վերաբերյալ ես կցանկանայի նշել, որ մենք ձեռք կբերենք լավագույն զենքերը, և դուք գիտեք, թե որ երկիրն է առաջատար այս ոլորտում: Միևնույն ժամանակ, մենք նախատեսում ենք ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը»,- նշել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը:    
20:58 - 23 ապրիլի, 2021
Ամեն ինչ կանենք, որ դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ-ի զավթված տարածքները. Արմեն Գրիգորյան
 |1lurer.am|

Ամեն ինչ կանենք, որ դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ-ի զավթված տարածքները. Արմեն Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմին: Եվ հարցին՝ հայկական կողմն արդյոք կանխատեսո՞ւմ է երբևէ հետ բերել կորսված դիրքերը, նա ասել է. «Իմ սկզբունքային դիրքորոշումն է պատերազմը դիտարկել ոչ թե որպես սպրինտերային մրցավազք, այլ՝ մարաթոն։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ «44-օրյա» անվանումը ստացած պատերազմը տասնամյակների նախապատմություն ունի, և  այդ առումով, արդյունքները գնահատելու նպատակով, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրություն կատարել։ Ինչ վերաբերում է տարածքներին, ենթադրում եմ, ձեզ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքը հստակ սահմաններով ընդունված է միջազգային հանրության կողմից, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ-ի զավթված տարածքները»։  Հարցին՝ որոշ մասնագետներ Արցախում դեպքերի նման զարգացումը կապում էին Ռուսաստանի հետ Հայաստանի ոչ բավարար համագործակցության հետ, Գրիգորյանն արձագանքել է. ««Որոշ փորձագետներ» արտահայտությունը շատ նկարագրական է։ Եթե դուք դիտարկեք վերջին 3 տարվա հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան, ապա կտեսնեք, որ այդ  փորձագետները սխալվում են։  Մի կողմ դնելով կեղծ լուրերն ու էմոցիաները և օբյեկտիվորեն վերլուծելով հայ-ռուսական հարաբերությունները՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի  արտաքին քաղաքական որոշումները համապատասխանել են ՌԴ հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ոգուն և բնույթին։ Բավարար է միայն նշել Սիրիայի Արաբական Հանրապետությունում խաղաղության պահպանման առումով Ռուսաստանի հետ համատեղ Հայաստանի մասնակցությունը: Ի դեպ, Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը (ՌՏՎԿ-ЦАСТ) անցյալ տարի համապարփակ և խոր ուսումնասիրություն էր հրապարակել, որում գնահատվում էր Ռուսաստանի դաշնակիցների վարքագիծը։ Հայաստանը  Ռուսաստանի հետ  դաշնակցային հարաբերությունների առումով ամենասկզբունքային և վստահելի երկրներից մեկն է։ Այսպիսով, եթե նույնիսկ մեր հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն առաջանա, ապա միայն՝ խորացման և զարգացման ուղղությամբ»։
20:45 - 23 ապրիլի, 2021
ՌԴ-ն կարևոր դերակատարություն ունի Հայաստանի սահմանների պաշտպանության հարցում. Արմեն Գրիգորյան
 |armtimes.com|

ՌԴ-ն կարևոր դերակատարություն ունի Հայաստանի սահմանների պաշտպանության հարցում. Արմեն Գրիգորյան |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը՝ որպես մեր ռազմավարական դաշնակից, կարևոր դերակատարություն ունի Հայաստանի սահմանների պաշտպանության գործում: Մենք շարունակում ենք համագործակցել Ռուսաստանի հետ մեր սահմանների անվտանգության ամրապնդման հարցում: Այս մասին Ria.ru-ի հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ըստ հայկական կողմի՝ որքանո՞վ է արդյունավետ ռուս խաղաղապահների գործունեությունը Ղարաբաղում: Արդյոք Երևանը մտադի՞ր է երկարացնել տարածաշրջանում խաղաղապահների գտնվելու ժամկետները, ընդլայնել նրանց ներկայությունը հարցին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է. «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը արդյունավետ գործունեություն են ծավալում Արցախում: Այս պահին Արցախում խաղաղությունը պահպանվում է շնորհիվ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության: Արցախում խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարացման հարցը կարող է ավելի մանրամասն քննարկվել մանդատի ժամկետի ավարտին մոտ, բայց այս պահի դրությամբ Ադրբեջանը ոչ մի նշան չի ցույց տալիս, որ տարածաշրջանում կայունություն հնարավոր է առանց խաղաղապահների»,- ասել է Գրիգորյանը:
20:07 - 23 ապրիլի, 2021
Երբ Հայաստանի համար հնարավոր կլինի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը․ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին |tert.am|

Երբ Հայաստանի համար հնարավոր կլինի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը․ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին |tert.am|

tert.am: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 26-ին կայցելի Մոսկվա: Այցի նախօրեին նա «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, թե ինչ պայմաններում է հնարավոր խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:Անդրադառնալով այն հարցին, թե տեսանելի ապագայում Հայաստանը կարո՞ղ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և ի՞նչ պայմաններով է Երևանը պատրաստ դա անել, անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է.Ալիևը ոչ միայն հերքում է հակամարտության լուծում չստանալու օբյեկտիվ փաստը, այլև ամեն կերպ փորձում է սրել երկու ժողովուրդների թշնամանքը: Օրինակ, երբ նա բացում է այսպես կոչված «ռազմավարների պուրակը», զառանցական հայտարարություններ է անում Զանգեզուրի մասին, ոչնչացնում Արցախի գրավյալ տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը, պղծում է ոչ միայն առաջին Ղարաբաղյան պատերազմի զինվորների գերեզմանները, այլ նաև Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները, ապա ինչպե՞ս կարելի է մտածել խաղաղության պայմանագրի մասին:Երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում ցուցաբերի, ձեռնարկի բանական քայլեր և պատրաստ լինի կառուցողական երկխոսություն վարել, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղության համաձայնագրի մասին»:
16:11 - 23 ապրիլի, 2021
Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի ՌԴ և Տաջիկստան

Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի ՌԴ և Տաջիկստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը Ռուսաստանի Դաշնություն և Տաջիկստանի Հանրապետություն գործուղելու մասին: ՌԴ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ, իսկ Տաջիկստանում պատվիրակությունը մասնակցելու է ապրիլի 28-29-ը կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) 2021 թվականի ապրիլի 28-29-ը կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (այսուհետ՝ ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու և Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) երկկողմ հանդիպումներ անցկացնելու նպատակով 2021 թվականի ապրիլի 26-28-ը և 29-30-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), իսկ ապրիլի 28-29-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի: 2. Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի, Արամ Թարվերդյանի, Սևակ Ղահրամանյանի, Արմեն Աբրահամյանի՝ Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) և Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսի (Ա. Գրիգորյանի Երևան-Մոսկվա-Երևան ավիատոմսերը բիզնես դասի), օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման ծախսերը՝ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Ընդունել ի գիտություն, որ՝ 1) Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) գտնվելու ընթացքում Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի և Արամ Թարվերդյանի գիշերավարձը հոգում է ընդունող կողմը. 2) ապրիլի 28-ին պատվիրակության մեկնումը Մոսկվայից Դուշանբե և ապրիլի 29-ին Դուշանբեից Մոսկվա վերադարձն իրականացվելու են ռուսական պատվիրակության հատուկ չվերթով, որի ծախսերը հոգում է ռուսական կողմը. 3) պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը (բոլոր ծախսերը հոգում է ինքնուրույն), ով միանալու է պատվիրակությանը Մոսկվայում: 4. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ ապահովել պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
15:11 - 20 ապրիլի, 2021
ԱԽ քարտուղարը նոր փակագծեր է բացում Օնիկ Գասպարյանի և Փաշինյանի՝ փոխադարձ մեղադրանքների շուրջ |factor.am|

ԱԽ քարտուղարը նոր փակագծեր է բացում Օնիկ Գասպարյանի և Փաշինյանի՝ փոխադարձ մեղադրանքների շուրջ |factor.am|

factor.am:  Հարցազրույց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ -Պարո՛ն Գրիգորյան, Անվտանգության խորհրդի գրասենյակը երեկ գաղտնազերծեց նիստից փաստաթղթեր, որոնք գալիս են հաստատելու վարչապետի խոսքը, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկ չի արել։ Ինչո՞ւ հենց հիմա հրապարակեցիք, և ոչ՝ նոյեմբերի 18-ին։ -Նախ՝ պետք է հիշենք, թե նոյեմբերի 17-ին Հայաստանում ներքաղաքական ինչպիսի իրավիճակ էր, և կարծում էինք, որ Հայաստանի համար ամենակարևոր խնդիրն այդ պահին հենց այդ հարցի լուծումը չէր։ Մենք համոզված էինք, որ ճշմարտությունն ամեն դեպքում ջրի երես է դուրս գալու և դրա համար մի քիչ համբերելը խնդիր չի առաջացնի։ Ես ասեմ նաև մի փոքր դետալ՝ Օնիկ Գասպարյանը Շտաբի պետ էր, և դա հրապարակելու համար տեխնիկական խնդիրներ էր առաջանալու։ -Ինչի՞ մասին է խոսքը, երբ ասում եք տեխնիկական խնդիր էր առաջանալու։ -Այսինքն՝ գործընթաց կար իրավական, որին նաև Շտաբի պետն էր մասնակցություն ունենալու։ Բայց այստեղ ամենակարևորն ուրիշ հարց է՝ ներքաղաքական իրավիճակն էր, և մենք գտնում էինք, որ ամեն դեպքում՝ ճշմարտությունը ջրի երես է դուրս գալու և կարող ենք մի քիչ էլ համբերել, երբ ժամանակը գա՝ սրա մասին ավելի կոնկրետ կխոսենք։ Օրենքի պահանջ կա՝ որևէ փաստաթուղթ հրապարակելու համար գործընթաց անցնենք։ Այդ ժամանակ Շտաբի պետն այդ գործընթացին մասնակից էր լինելու։ -Այսպիսի հակադարձում կա․ իշխանությունները Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունները որոշեցին հերքել, երբ նա սկսեց պահանջել վարչապետի հրաժարականը, այսինքն՝ նրան լռեցնելու նպատակ ունեք։ Փաստ է, որ մինչ այդ չեք հերքել Շտաբի պետին, ինչպե՞ս կպատասխանեք այս մեղադրանքին։ -Այս արձանագրությունները հրապարակում ենք ո՛չ թե, որ Օնիկ Գասպարյանը սկսել է մեզ քննադատել կամ հրաժարական պահանջել․ Օնիկ Գասպարյանն առաջին քայլը կատարեց փետրվարի 25-ին, դրա նախերգանքը եղել է նոյեմբերի 17-ին։ Այսինքն՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունը փետրվարի 25-ի՝ Օնիկ Գասպարյանի և մնացած գեներալների նախերգանքն էր, և մենք այդ ժամանակ չենք պատասխանել։ Ամբողջ խնդիրները լուծվել են, այսպես ասած՝ ռազմական հեղաշրջումը կասեցվել է և գիտեք, որ այս պահին ռազմական հեղաշրջման արդյունքները վիճարկվում են Վարչական դատարանում։ Նոյեմբերի 17-ի հայտարարությունը, որ արել է Օնիկ Գասպարյանը, կարելի է ասել՝ ամբողջովին իրականությունից կտրված է, ես այսպես կձևակերպեի՝ քանի որ անցյալում տարբեր բաներ է խոսել, ինձ մոտ տպավորություն կար՝ ինքը փորձում է անցյալը խմբագրել, որովհետև այդ հայտարարությունում արված մտքերի գրեթե մեծամասնությունը հակասում է իրականությանը։ -Օնիկ Գասպարյանին քաղաքական իշխանությունը մեղադրել է Սերժ Սարգսյանի հրահանգով ռազմական հեղաշրջման փորձի մեջ։ Ըստ վարչապետի՝ 2020-ի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից, նախագահի հետ հանդիպումից հետո հանդիպել է Սերժ Սարգսյանին։ Եթե կան ապացույցներ, եթե կա ձայնագրություն, ինչո՞ւ չի հրապարակվում։ -Նախ՝ մի բան պետք է հաշվի առնել՝ այն, ինչ մենք ենք ասում, հիմնավորված է տարբեր ձևերով։ Այստեղ մի կարևոր բան էլ կա Օնիկ Գասպարյանի հայտարարության հետ կապված․ ես մի հետաքրքիր դետալ ասեմ, որը շատ յուրահատուկ է, և կարիք կա այս առումով պատասխանելու ավելի լայն կոնտեքստում։  Օնիկ Գասպարյանը մասնակցել է Հայաստանի կարևոր գործընթացներին, ես նկատի ունեմ նոյեմբերի 10-ից հետո, բայց որևէ անգամ հանրությունը նրան չի տեսել։ Չկա մի դեպք, որ Օնիկ Գասպարյանը հանրության հետ ուղիղ խոսացած լինի, հանրությունը տեսնի նրան։ Օնիկ Գասպարյանը պարզաբանումներ է տարածել,  բայց երբեք նրա խոսքը չենք լսել։ Եվ երբ փորձում ենք այս փաստերը վերլուծել, շատ հակասող բաներ կան․ օրինակ ասում է՝ նշանակումից մի քանի օր հետո կայացած անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է, բայց ինքը այդտեղ զեկույց չի ունեցել, ասում է, որ չորրորդ օրն ասել է՝ պատերազմը պետք է կանգնեցնել, իր զեկույցը հրապարակում ենք, տեսնում ենք, որ սխալ է ասել։ Ասում է, թե ինքն այն ժամանակ ասել է՝ դիվանագիտական քայլեր է պետք ձեռնարկել, իր զեկույցը ստուգում ենք՝ որևէ բառ չկա դիվանագիտության մասին, սկսում ենք մտածել՝ կարո՞ղ է ինչ-որ մեկն է այս հայտարարություններով զբաղվում, որը պատասխանատվություն չի կրում և ուղիղ չէ։ Եվ ֆեյսբուքում ֆեյք է լինում, նա անպատասխանատու է չէ՞ գործում, էս դեպքում էլ այն մարդիկ, որ կանգնած են հետևում, պատասխանատվություն չեն զգում՝ ինչ է կատարվել, որովհետև ասում եմ՝ փաստերը մենք հրապարակել ենք։ Հստակ ապացույցներ կան, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ին հրապարակած հայտարարությունը մեծ մասով իրականության հետ որևէ աղերս չունի։ Եվ այս առումով՝ Օնիկ Գասպարյանը հանրության հետ ուղիղ չի խոսում։ Եվ երբ մենք ինչ-որ բան ենք ասում, դրա հիմքում կան լայն ապացույցներ։ –Այսինքն՝ 20 օրից ավելի պատերազմը շարունակվում էր՝ մենք մտադիր չէի՞նք կանգնեցնել պատերազմը։ -Առաջին անգամ Անվտանգության խորհրդի նիստում Շտաբի պետի զեկույցների հիման վրա․․․ մի հետաքրքիր բան էլ ասեմ՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքը, որ Օնիկ Գասպարյանը վերագրում է սեպտեմբերի 30-ին, հնչել է հոկտեմբերի 19-ին և այդ ժամանակ նույնիսկ օրինակներ է բերել, ռինգի օրինակ է բերել, բոքսի օրինակ է բերել և ասել է, որ 23 օր շարունակ բոքսի ռինգում քեզնից ուժեղի հետ կռվում ես, դժվար է շարունակել։ Այդ միտքը հնչել է այդ ժամանակ և Անվտանգության խորհրդում կոնսենսուս է ձևավորվել, որ գնում ենք այդ ճանապարհով։ Շարունակությունը՝ տեսանյութում
17:13 - 16 ապրիլի, 2021
«ՍՈՒ-30»-ները չկիրառվեցին, որովհետև առկա հրթիռներն ունեին սահմանափակ կարողություններ, որևէ այլ խնդիր, «ՍՈՒ-30»-ների հետ կապված, չենք ունեցել․ ԱԽ քարտուղար |tert.am|

«ՍՈՒ-30»-ները չկիրառվեցին, որովհետև առկա հրթիռներն ունեին սահմանափակ կարողություններ, որևէ այլ խնդիր, «ՍՈՒ-30»-ների հետ կապված, չենք ունեցել․ ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Լ րագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արմեն Գրիգորյանը անդրադարձավ Սյունիքում առկա անվտանգային խնդիրներին։ Գրիգորյանը պատասխանեց․ «Որևիցէ հանրությունում չկա անվտանգության որևիցէ մակարդակ, որ գոհացուցիչ կլինի։ Նոր ստեղծված իրավիճակի ուղղությամբ մենք բազմաթիվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի անվտանգությունը հնարավորության շրջանակում բարձր լինի»։ ԱԽ քարտուղարը անդրադարձավ նաև «ՍՈՒ-30»-ների մասին Փաշինյանի հայտարարություններին և այն հարցին, թե ինչու չկիրառվեցին զինանոցում առկա  հրթիռները։ «ՍՈՒ-30»-ներ գնելու գործընթացը դիտարկվել է որպես երկար ժամանակի գործընթաց։ Ըստ պլանավորման՝ «ՍՈՒ-30»-ների զինամթերքի և մնացած կարողությունների ձեռքբերման գործընթացը դիտարկվել է որպես  երկարաժամկետ գործընթաց, քան պատերազմի սկսվելն էր։ Որևէ այլ խնդիր, «ՍՈՒ-30»-ի հետ կապված, մենք չենք ունեցել։ Կան տարբեր կարողությունների հրթիռներ, խնդիրը լավագույնն ունենալն էր, որն ամենամեծ ազդեցությունը կարող էր ունենալ։ Այն, ինչ մենք ունեցել ենք, որոշակի սահմանափակումներ են ունեցել»,-նշեց ԱԽ քարտուղարը։
13:09 - 25 մարտի, 2021