ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Եթե ԲԴԽ-ն լավ աշխատած լիներ, հրաժարականների շարան չէր լինի. ԲԴԽ անդամի թեկնածու |aysor.am|

Եթե ԲԴԽ-ն լավ աշխատած լիներ, հրաժարականների շարան չէր լինի. ԲԴԽ անդամի թեկնածու |aysor.am|

aysor.am։ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Նրա թեկնածությունը խորհրդարանին ներկայացրել է հենց նույն խմբակցությունը։ Դռնփակ հանդիպումից հետո Բեքմեզյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանդիպման արդյունքները դրական է գնահատում։ Նրա խոսքով` պատգամավորներին ներկայացրել է իր մոտեցումները դատական համակարգի վերաբերյալ, իր մասնագիտական կենսագրությունը։ Հարցին, թե իր մոտեցմամբ, ԲԴԽ-ն ինչպե՞ս է աշխատել նախկինում, Բեքմեզյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, հրաժարականների շարանը արդեն իսկ հուշում է՝ ինչպես է աշխատել ԲԴԽ-ն։ Եթե իրենք էլ հասկանային, որ լավ ու արդյունավետ են աշխատել մինչ այժմ, ապա հրաժարականների շարան չէր լինի»։ Այդուհանդերձ, Բեքմեզյանի խոսքով, ԲԴԽ-ն վերջին ժամանակահատվածում դատական համակարգում մեծ գործ կատարել է, բայց մեկ տարին բավարար չէ հստակ գնահատական տալու համար։ Փաստը, նրա խոսքով, այն է, որ դատական համակարգն այժմ ճգնաժամի մեջ է։ «Ամբողջովին արդյունավետ համարել ԲԴԽ-ի աշխատանքը մենք չենք կարող», - հավելեց թեկնածուն։ Հարցին, թե անկախ չի՞ եղել ԲԴԽ-ն, ինչի հետևանքով նման խնդիրներ են ծագել, Բեքմեզյանը պատասխանեց. «Հակառակը, անսպասելի անկախ է եղել, միգուցե, դրա համար չի հասկացել՝ ինչ անի»։ Անկախ չլինելու փաստի առաջ ԲԴԽ-ն, ըստ Բեքմեզյանի, կանգնել է իշխանափոխությունից հետո։ «Երկրում փոխվեց իշխանությունը, ինչի արդյունքում փոխվեցին մոտեցումները դատական համակարգի նկատմամբ։ Այն, որ մեր դատական համակարգը ունի խնդիրներ, բոլորս գիտեինք։ Այդ խնդիրները գալիս էին իշխանություններից ու իշխանափոխությունից հետո դատական համակարգի ու իշխանությունների միջև անջրպետ առաջացավ, այսինքն՝ դատական համակարգը սկսեց այլևս ցուցումներ չստանալ նոր իշխանություններից, որի հետևանքով դատական համակարգը սկսեց մտածել՝ ումից ստանա հանձնարարություններ», - ներկայացրեց Բեքմեզյանը։ Նա ԲԴԽ-ի մեկ այլ խնդիր էլ մատնանշեց՝ ասելով, որ ԲԴԽ-ի և դատարանների միջև գործընկերային հարաբերություններ այդպես էլ չեն եղել, քանի որ ԲԴԽ-ն իրեն դիտել է որպես վերահսկող սուբյեկտ։ «Առաջին իմ խնդիրը, եթե ընտրվեմ ու դառնամ ԲԴԽ անդամ, մյուս անդամների հետ միասին պետք է կարգավորենք Դատական խորհուրդ և Բարձրագույն դատական խորհուրդ հարաբերությունները», - հավելեց նա։
09:54 - 14 հունիսի, 2019
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքերով 2019 թվականի հունիսի 7-ին դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր լիազորությունները հունիսի 10-ից դադարած համարելու առնչությամբ։ ԲԴԽ մամուլի ծառայությունը հայտնում է, որ տվյալ դեպքում հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով հիմք է` Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարած համարելու համար։ Նշված դիմումի առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, կայացրել է որոշում՝ արձանագրելով Գևորգ Դանիելյանի հրաժարական ներկայացնելու փաստը։«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանին։
08:13 - 12 հունիսի, 2019
Առաջարկում ենք կասեցնել արտավոր ընթացակարգերով ԲԴԽ անդամության թեկնածուների առաջխաղացումը. Հայտարարություն

Առաջարկում ենք կասեցնել արտավոր ընթացակարգերով ԲԴԽ անդամության թեկնածուների առաջխաղացումը. Հայտարարություն

Շուրջ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածուի առաջխաղացման խնդիրների մասին հայտարարություն են տարածել։Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.«2019 թվականի հունիսի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացրեց, որ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին։Այնուհետեւ առաջադրված թեկնածուն հաստատեց, որ իրեն զանգահարել են եւ առաջարկել դառնալ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ։ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի 10 անդամներից հինգը նշանակվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից։Մասնագիտացված համայնքի կողմից Ազգային Ժողով Բարձրագույն դատական խորհրդի անդամ թեկնածուներ ներկայացնելու, ինքնառաջադրվելու հնարավորությունները իսպառ սահմանափակված են, ավելին՝ խմբակցությունների կողմից թեկնածու առաջադրելու որեւէ ընթացակարգային կանոն, գործընթացի թափանցիկության, մասնակցայնության, մրցակցության վրա հիմնված մասնագիտացված որակյալ թեկնածուներ ներկայացնելու հնարավորություն փաստացի չի գործում։Դեռեւս 2017 թվականի մայիսին ՀՀ Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովին ներկայացրել էր ՀՀ Դատական օրենսգիրք սահմանդրական օրենքի նախագիծ (նախագծի կարգավիճակով առկա է e-draft կայքում թվագրված 22․03․2017-06.04․2017), որտեղ նախագծի 79-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրության համար Բարձրագույն դատական խորհրդի անդամի երկուական թեկնածու ներկայացնելու հնարավորություն էր վերապահվում Հայաստանի Հանրապետության փաստաբանական պալատին, բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ մասնագիտական հասարակական կազմակերպություններին։Վենետիկի հանձնաժողովի կարծիքի (կետ 88-89) համաձայն՝ «մասնագիտացված հասարակական կազմակերպություն» եզրույթը օրենքի նախագծում պետք է հստակեցվեր, որպեսզի թեկնածուներ ներկայանցելու հնարավորությունը չսահմանափակվեր եւ չնվազեցվեր որակյալ թեկնածուներ ունենալու հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ, Վենետիկի հանձնաժողովը հորդորում էր ընդունել այնպիսի գործընթաց, որով մասնագիտացված տարբեր խմբեր հնարավորություն ունենային իրենց թեկնածուներին առաջադրել Ազգային Ժողով։Վենետիկի Հանձնաժողովի ներկայացրած կարծիքի եւ դիտարկումներին համապատասխան՝ ՀՀ Դատական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենքը ՀՀ Արդարադատության նախարարության կողմից փոփոխությունների չենթարկվեց։ Ավելին՝ մի խումբ փորձագետներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ահազանգեցին, որ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից Վենետիկի հանձնաժողով կարծիքի համար ներակայացվել է Դատական օրենսգքրի նախագծի մեկ տեքստ, իսկ այնուհետեւ Ազգային ժողովում քվեարկվել է մեկ այլ՝ ուրիշ տեքստ։Արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներ առաջադրելու եւ Ազգային ժողով ներկայացնելու հնարավորությունը Ազգային ժողովի կողմից 2018 թվականի փետրվարի 2-ին ընդունված ՀՀ Դատական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենքով եւ Ազգային Ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքով վերապահվեց բացառապես Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցությանը։Այդ օրենքի հիման վրա, առանց առաջադրման վերաբերյալ որեւէ բացատրության եւ քաղաքական կուսակցության/խմբակցության կողմից իր առաջադրած թեկնածուի թեկնածության ընտրության հիմնավորումների, 2018 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցություններն առաջադրեցին Բարձրագույն Դատական Խորհրդի հինգ անդամների։Առաջադրված թեկնածուների քվերակության արդյունքների վերաբերյալ այդ ժամանակ գործող «Ելք» դաշինքը բողոք ներկայացրեց՝ պնդելով, որ Ազգային Ժողովում Բարձրագույն դատական Խորհրդի անդամի ընտրության քվեները «կեղծվել են»։ Ավելին՝ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «դռնփակ ռեժիմն ընդհանրապես անընդունելի եւ անհասկանալի է»։Ստացվում է, որ քաղաքական կուսակցության/խմբակցության կողմից Բարձրագույն Դատական Խորհրդի թեկնածու ընտրելու ընթացակարգային որեւէ փոփոխություն ոչ օրենքով, ոչ պրակտիկայում տեղի չի ունեցել, եւ դատական վիրահատական բարեփոխումների հայեցակարգը հիմնվում է նախկինում գործող արատավոր պրակտիկայի վրա։ «Զանգի» միջոցով ԲԴԽ թեկնածուի առաջադրումը վերարտադրում է նախկին արատավոր սխեման եւ համահունչ չէ դատական իշխանության վիրահատական բարեփոխումների հռչակված հայեցակարգի հետ։Այս ամենի հետ մեկտեղ ակնհայտ է, որ այս անցումային ժամանակահատվածում այնպիսի կարեւոր մարմնի, ինչպիսին է ԲԴԽ-ն է, անդամների առաջխաղացման մեխանիզմը հանրային շահի տեսանկյունից ավելի նպատակահարմար է անցկացնել հնրավորինս մասնակցայնության եւ բազմազանության սկզբունքով, թեկնածուներ առաջադրելու իրավունք վերապահել ոչ միայն ՀՀ ԱԺ խմբացկություններին այլեւ արտախորհրդարանական ուժերին եւ մասնագիտական շրջանակներին:Առաջարկում ենք Ազգային ժողովին, կասեցնել արտավոր ընթացակարգերով ԲԴԽ անդամության թեկնածուների առաջխաղացումը, հրատապ փոփոխություններ կատարել գործող օրենսդրության մեջ՝ ըստ վերոհիշյալ դիտարկումների եւ ապա միայն ձեռնարկել ԲԴԽ թափուր տեղերի լրացման գործընթացը»: Հայտարարությունը տարածել են՝«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ«Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ«Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանձորի գրասենյակ» ՀԿ«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ Կարեն Թումանյան, փաստաբան«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ«Խաղաղության երկխոսություն» ՀԿ«Սոցիալական ադարություն» ՀԿ«Իրավունքի ուժ» ՀԿԻրավունքի զարգացման եւ Պաշտպանության հիմնադրամ«Ունիսոն» ՀԿ«Վելես» ՀԿ
07:34 - 12 հունիսի, 2019
ԲԴԽ անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը` իր առաջադրման մասին |news.am|

ԲԴԽ անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը` իր առաջադրման մասին |news.am|

news.am: «Իմ քայլը» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Գրիգոր Բեքմեզյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հին ծանոթներից ու մտերիմներից է։ Այս մասին ասաց Գրիգոր Բեքմեզյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են «Իմ քայլը» խմբակցությունում որոշել հենց իր թեկնածությունն առաջադրել, եւ ով է առաջարկել։Բեքմազյանը նշեց նաեւ, որ «Իմ քայլի» պատգամավորներ Երջանիկ Հակոբյանը եւ Սուրեն Գրիգորյանը իր ուսանողներն են եղել. «Խմբակցությունից ես ունեցել եմ ուսանողներ՝ Երջանիկը, Սուրենը Գրիգորյան, Վլադիմիր Վարդանյանը իմ հին ծանոթներից է, մոտ ենք ընկերական առումով»։Բեքմազյանը վստահեցրեց՝ ԲԴԽ դատավորի թեկնածու առաջադրելիս հաշվի է առնվել իր փորձը, նաեւ օբյեկտիվությունը. «Իմ կարծիքով՝ ինձ են առաջադրել, որովհետեւ գտան, որ ես օբյեկտիվ եմ, ազնիվ եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվել, քաղաքական պրոցեսներում չեմ եղել, ունեմ փաստաբանի երկարատեւ փորձ, դասախոսում եմ 2003 թվականից»։Դիտարկմանը, թե իրեն կապում են Հայ ազգային կենգրեսի հետ՝ հաշվի առնելով, որ իր քույրն ամուսնացած է Լեւոն Տեր–Պետրոսյանի քրոջորդու հետ, Բեքմազյանը պատասխանեց. «Ընդհանրապես կապ չունի, իմ փեսան իմ քայլերի հետ առնչություն չունի, իր հետ հանդիպելիս քաղաքականություն չենք քննարկում, միայն բլոտ ենք խաղում»։Գրիգոր Բեքմեզյանը նաեւ շեշտեց՝ այդ պաշտոնին հավակնելու նպատակով քայլեր չի կատարել. «Ես չեմ ուզում բացառել, որ մեր իշխանությունները կարողանում են գտնել մարդկանց, ովքեր կարող են արժանի լինել այդ պաշտոնին, չնայած նրան, որ երբեք այդ պաշտոնի ուղղությամբ որեւէ քայլ, հավատացեք, չեմ արել»։Դիտարկմանը, որ ինքը նաեւ Յուրի Խաչատուրովի փաստաբանն էր Ստեփան Գրիգորյանի դեմ քաղաքացիական հայցով, նա նշեց, որ իր վստահորդի հետ կքննարկի եւ եթե ընտրվի այդ պաշտոնում, կխզի պայմանագիրը. «Ես խոսել եմ իմ վստահորդի հետ, կհանդիպենք, կքննարկենք, իհարկե եթե ընտրվեցի, պետք է դադարեցնեմ, միայն Խաչատուրովը չէ, ես այլ վստահորդներ ունեմ, որոնց հետ պայմանագրերը պետք է դադարեցնեմ, քանի որ նոր պաշտոնի բերումով չեմ կարող շարունակել դատարաններում հանդես գալու պրակտիկան»։Հարցին՝ ինչ դիրքորոշում ունի դատարանների շրջափակման ակցիայի մասով, Բեքմեզյանն ասաց՝ ինքն իր դիրքորոշումն ունի, որը կհայտնի իր ելույթում։
07:08 - 08 հունիսի, 2019
ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գևորգ Դանիելյանը հայտարարել է հրաժարականի մասին

ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գևորգ Դանիելյանը հայտարարել է հրաժարականի մասին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները կատարող Գևորգ Դանիելյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է հետևյալը. «Հարգարժան գործընկերներ, Խնդրում եմ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ընդունեք իմ հրաժարականը, լիազորությունները դադարած համարելով առաջիկա աշխատանքային օրվանից՝ ս.թ. հունիսի 10-ից: Միաժամանակ, խնդրում եմ նկատի ունենալ, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստում սույն հրաժարականի քննարկմանը, հասկանալի դրդապատճառներով, նպատակահարմար չեմ գտնում մասնակցել: Այս փուլում, կարծում եմ, որ չկան խիստ հրատապ լուծում պահանջող խնդիրներ, ուստի ըմբռնումով կմոտենաք իմ հրաժարականին: Բացի այդ, սա Ձեզ համար այնքան էլ անակնկալ չէր: Առնվազն իմ մասով անհրաժեշտ եմ գտնում ընձեռել հնարավորություն, որպեսզի նորացված ու իրապես վստահություն ներշնչող կազմով Բարձրագույն դատական խորհուրդը ձեռնամուխ լինի կյանքի կոչելու դատաիրավական բարեփոխումները: Մենք պարոն Հարությունյանի ղեկավարությամբ շուրջ մեկ տարի աշխատեցինք աննախադեպ ծանրաբեռնված ռեժիմով, աշխատանքային ու շենքային գրեթե անընդունելի պայմաններում, մամուլում հաճախակի հանդիպող ակնհայտ կեղծ, ստահոդ տեղեկատվության ներքո, կարողացանք մեր սեփական ուժերով մշակել ու հաստատել նորաստեղծ Խորհրդի գործունեության մի քանի տասնյակի հասնող լրջագույն իրավական հիմքերը, հանրության դատին հանձնել արդարադատության արդյունավետության արմատական բարելավմանը միտված համալիր հայեցակարգ, ուստի ինքս հանգիստ եմ հեռանում՝ պարտքը կատարածի զգացումով: Ձեզ և դատական իշխանության ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ, շարունակելու եմ իմ համեստ հնարավորության սահմաններում աջակցել դատաիրավական համակարգին, այդ համակարգի հիրավի արհեստավարժ ու պարկեշտ բազում ընկերներին, բարեփոխումների գործընթացին, որպեսզի այն անցնի բացառապես Սահմանադրության և միջազգային պարտավորությունների հենքով, Աստված Ձեզ օգնական:Խորին հարգանքով՝Գևորգ Դանիելյան7-ը հունիսի 2019 թ.»։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ զբաղվելու է գիտակրթական գործունեությամբ ու հավելել.«Գոնե այս ոլորտում վստահության խնդիր չունեմ. ուսանողությունն ամեն տարի սոցհարցումներով ինձ շնորհում է ամենաբարձր գնահատականը: Չի բացառվում, որ զբաղվեմ նաև իրավաբանական օգնության ծառայություն մատուցելով: Մի խոսքով՝ կյանքը լիարժեք շարունակվում է ....»։
08:30 - 07 հունիսի, 2019
Բարձրագույն դատական խորհուրդը հետաձգել է ԲԴԽ-ի և դատարանների բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը

Բարձրագույն դատական խորհուրդը հետաձգել է ԲԴԽ-ի և դատարանների բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը

Բարձրագույն դատական խորհուրդը հետաձգել է ԲԴԽ-ի և դատարանների ՀՀ 2020-2022թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագրիի և ՀՀ 2020 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդը։ «Նախապես հայտարարել էինք, որ հունիսի 7-ին, ժամը 10։00-ին տեղի կունենա քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներգրավմամբ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2020-2022թթ. ՄԺԾԾ-ի և ՀՀ 2020 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը։ Հաշվի առնելով քաղհասարակության մի շարք ներկայացուցիչների խնդրանքը՝ տեղեկացնում ենք, որ բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը հետաձգվում է։ Քննարկման օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։
15:05 - 06 հունիսի, 2019
Արմատական բարեփոխումների համատեքստում ոչ մի պայմանով նախապատվությունը չի տրվելու անհարկի ցնցումների․ ԲԴԽ

Արմատական բարեփոխումների համատեքստում ոչ մի պայմանով նախապատվությունը չի տրվելու անհարկի ցնցումների․ ԲԴԽ

Երկրում ընթացող համընդգրկուն բարեփոխումների համատեքստում հանրությունը միանգամայն արդարացի ակնկալիք ունի, որ դրանք արմատական դրական բեկում կառաջացնեն նաև դատական իշխանության համակարգում: Այս մասին ասված է Բարձրագույն դատական խորհրդի տարածած հայտարարության մեջ, որում մասնավորապես ասված է․ «Բարձրագույն դատական խորհուրդն արդեն ընդգծել է, որ անվերապահորեն ողջունում է դատաիրավական ուղղվածության արմատական բարեփոխումների գաղափարը և այն համարել է իր գործունեության հիմնարար խթանը: Անցած մեկ տարվա ընթացքում խորքային ուսումնասիրություններ են կատարվել, ինչը հնարավորություն է տվել ամբողջական պատկերացում կազմելու ոչ միայն առկա հիմնախնդիրների, այլև դրանց պատճառների ու դրանք շուտափույթ լուծելու տեսանկյունից: Արդյունքում համալիր ծրագրեր են մշակվել, որին նկատելի աջակցություն են ցուցաբերել մի շարք դատավորներ: Այդ ծրագրերը միտված են արդարադատության որակի վրա խիստ բացասաբար ազդեցություն թողնող այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են՝ դատավորների աննախադեպ գերծանրաբեռնվածությունը, կոռուպցիոն ռիսկերը, դատավորի վրա արտաքին և ներքին ազդեցությունները: Մենք արձանագրում ենք, որ, ելնելով սահմանադրական կարգավիճակից ու իր առջև դրված առաքելությունից, ներկա փուլում դատական իշխանության համակարգում բարեփոխումների առանցքում լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը: Դատական իշխանության անկախության երաշխավորման առաքելությունը Հանրապետության Հիմնական օրենքով վերապահված է բացառապես Բարձրագույն դատական խորհրդին, ինչն էլ կանխորոշում է վերջինիս գործունեության վեկտորները: Ընդ որում, համարժեք պատկերացնելով այս փուլում բարեփոխումների խորքայնությունը, բարդությունը և աննախադեպ մեծ պատասխանատվությունը, հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի լինելու սոսկ մշակվող և շրջանառության մեջ դրվող օրինագծերի առնչությամբ եզրակացություն տվող կառույց. այն հանդես է գալու սեփական օրակարգով, իր իսկ կողմից մշակված հայեցակարգային հիմնադրույթներով և նախագծերով: Համոզված ենք, որ այս պատասխանատու գործընթացում մեզ համար անհրաժեշտ է լինելու իշխանության մյուս ճյուղերի շահագրգիռ աջակցությունը: Մենք այս փուլում, ավելի քան երբևէ, ակնկալում ենք նաև քաղաքացիական հասարակության ողջամիտ համագործակցությունը: Պատրաստվում ենք արհեստավարժության ակնհայտ բարձր որակներ պահանջող այս գործընթացում ներգրավել Հանրապետության լավագույն և անաչառ մասնագետների, որոնց մի մասի հետ արդեն իսկ ընթանում են գործնական քննարկումներ: Այս շրջանում դեռևս չանդրադառնալով մեր ծրագրերի մանրամասներին, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում հանրայնացնել բարեփոխումների որոշ ուրվագծեր՝ կապված հակակոռուպցիոն դատական ատյան ձևավորելու, դատավորների կողմից թույլ տված հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկատվությանն առավել անմիջական ու արդյունավետ արձագանքելուն միտված իրավական հիմքերը վերանայելու, դատական համակարգում միջազգային չափորոշիչներին համահունչ մոնիթորինգի ներդրման հետ և այլն: Այս հարցադրումների առնչությամբ մեր մշակումների արդյունքները երկար սպասեցնել չեն տա, գործելու ենք խիստ ծանրաբեռնված ռեժիմով: Մենք ելակետ ենք ընդունում այն, որ դատական իշխանության նկատմամբ կա հանրության անհրաժեշտ վստահության պակաս, ինչը վերջին շրջանում փաստել է նաև միջազգային կանխատեսելի մեթոդաբանությամբ սոցհարցումներ իրականացրած ԵԽ փորձագիտական խումբը, և այս ամենի համատեքստում պատկերացնում ենք՝ հանրության ակնկալիքները Բարձրագույն դատական խորհրդից անհամեմատ մեծ են: Մի կարևոր վերապահում. Բարձրագույն դատական խորհուրդը համոզմունք է հայտնում, որ արմատական բարեփոխումների համատեքստում ոչ մի պայմանով նախապատվությունը չի տրվելու անհարկի ցնցումների, քանզի նաև միջազգային փորձն է վկայում, որ դատական իշխանության բարեփոխումներին միտված հնարավորինս անցնցում զարգացումներն են գրանցում միանշանակ հաջողություն՝ միայն հավասարակշռված, Սահմանադրության և միջազգային հանրաճանաչ նորմերին խիստ համապատասխան գործելու դեպքում»:
15:43 - 04 հունիսի, 2019
«Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» գործով Բարձրագույն դատական խորհրդի պարզաբանումը

«Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» գործով Բարձրագույն դատական խորհրդի պարզաբանումը

Բարձրագույն դատական խորհուրդը պարզաբանում է տարածել «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործի Վերաքննիչ քրեական դատարանի դատավորին մակագրվելու հանգամանքի վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «Անհրաժեշտ պարզաբանում՝ «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հունիսի 1-ին լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում այդ քրեական գործի առնչությամբ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված երկու բողոքների (Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաև քրեական գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ) Վերաքննիչ քրեական դատարանի դատավորին մակագրվելու հանգամանքի վերաբերյալ հնչեցրած անհիմն կանխատեսումների, դիտարկումների ու եզրահանգումների կապակցությամբ: Ընդ որում, փաստաբանը նույն ասուլիսում հայտնել է նաև, որ դիմելու է Վերաքննիչ քրեական դատարան՝ ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Այդ կապակցությամբ բարձրացված հարցը համալիր քննարկվել է Դատական դեպարտամենտում, որի արդյունքներով հարկ ենք համարում հրապարակային պարզաբանումներ ներկայացնել հանրությանը՝ կանխելու համար անհարկի թյուր պատկերացումները: Այսպես՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի` «Դատավորների միջև գործերի բաշխման և վերաբաշխման կարգը» վերտառությամբ 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավորների միջև գործերը բաշխվում, վերաբաշխվում են, և կոլեգիալ դատական կազմերը ձևավորվում են մասնագիտացման սկզբունքի և պատահական ընտրության, ինչպես նաև սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով (…)»: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի` «Վերաքննիչ դատարանում գործերի բաշխումը» վերտառությամբ 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կոլեգիալ և միանձնյա կարգով քննվող գործերը Համակարգչային ծրագրում մուտքագրվում և բաշխվում են միմյանցից առանձին»: Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ.` «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման հավելված 1-ի 20-րդ կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող/եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը և գործն ըստ էության չլուծող/միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը Ծրագիր են մուտքագրվում և բաշխվում միմյանցից առանձին՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ սահմանված հավասարաչափ բաշխման չափանիշները՝ սույն գլխով սահմանված առանձնահատկությունների հաշվի առմամբ: Նույն հավելված 1-ի 23-րդ կետի համաձայն՝ միևնույն գործով դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքները հանձնվում են միևնույն դատական կազմի նախագահող դատավորին: Այդ դեպքում Ծրագիրը քանակական տվյալները հաշվարկում է որպես մեկ գործ՝ անկախ ներկայացված բողոքների քանակից:Այսպիսով, ակնհայտ է, որ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կալանավորում խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին» 18.05.2019թ. և «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 20.05.2019թ որոշումների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների հիման վրա քրեական գործը բաշխվել է (մակագրվել է) ինչպես «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման պահանջներին համապատասխան»:
13:31 - 03 հունիսի, 2019
Միջազգային փորձագիտական կառույցների ներկայացուցիչները ԲԴԽ-ում քննարկել են ՀՀ դատաիրավական բարեփոխումներին աջակցության ուղիները

Միջազգային փորձագիտական կառույցների ներկայացուցիչները ԲԴԽ-ում քննարկել են ՀՀ դատաիրավական բարեփոխումներին աջակցության ուղիները

Բարձրագույն դատական խորհրդում 2019 թ. մայիսի 31-ին Եվրոպայի խորհրդի պաշտոնական պատվիրակության հետ կայացած հանդիպմանը մասնակցում էին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը: Պատվիրակության կազմում էին Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն պարոնայք Քրիստոս Ջիակումոպուլոսը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, Քաղաքական հարցերով տնօրինության քաղաքական խորհրդական Մաքսիմ Լոնգանգը, Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար տիկին Հաննե Յունկերը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովան և Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ տիկին Լիլիթ Դանեղյանը: Քննարկման նյութի առանցքային հարցադրումներն էին դատաիրավական բարեփոխումների առնչությամբ դատական իշխանության ներկայացուցիչների պատրաստակամությունը, դատական համակարգում առկա հիմնախնդիրները, դրանց շուտափույթ լուծման տեսլականը, ինչպես նաև այդ համատեքստում միջազգային կառույցների աջակցության ուղիները: Կողմերն ընդգծեցին բարեփոխումների գործընթացը բացառապես Սահմանադրության դրույթներին, ինչպես նաև միջազգային չափանիշներին համահունչ երաշխավորելու անհրաժեշտությունը: Առանձնացվեց այն խնդիրը, որ բարեփոխումների ընթացքում հատուկ պետք է ուշադրության կենտրոնում պահել դատական իշխանության անկախության, որպես մարդու արդար դատաքննության իրավունքի երաշխիքի հիմնադրույթը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը նկատեց, որ Բարձրագույն դատական խորհրդում անցած մեկ տարվա ընթացքում մշակվել և շրջանառության մեջ է դրվել արդարադատության արմատական բարելավմանը միտված հայեցակարգ, համակարգված կերպով բացահայտվել են բոլոր հիմնախնդիրները և նախանշվել են դրանց հաղթահարման վեկտորները: Հատուկ ընդգծվեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը հավուր պատշաճի աջակցելու է երկրում սկիզբ առած նախաձեռնություններին և ակնկալում է այդ գործընթացների մեջ նաև դատավորների անհրաժեշտ ներգրավվածությունը: Կողմերը միակարծիք էին, որ բարեփոխումների արդյունքում բացառվելու է որևէ խտրական վերաբերմունք, այն իրագործվելու է միայն հստակ ու արդարացի չափանիշների հենքով, իսկ արդյունքում բարելավվելու է դատավորների սոցիալական և նյութական ապահովվածությունը, ամրապնդվելու են դատական իշխանության անկախության հիմքերը և բացառվելու են կոռուպցիոն ռիսկերը:
16:04 - 31 մայիսի, 2019
ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը դիմել է ԱԺ` Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը դիմել է ԱԺ` Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար դիմել է Ազգային ժողով: Այս մասին Դանիելյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Նկատի ունենալով, որ մայիսի 24-ից Բարձրագույն դատական խորհրդում առկա է իրավաբան գիտնականի թափուր տեղ, Մայիսի 27-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, դիմել եմ Ազգային ժողով՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար: Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի ընտրության կարգը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածով, մասնավորապես այդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունն անցկացվում է պաշտոնը թափուր մնալուց հետո 3 ամսվա ընթացքում»,- գրել է Դանիելյանը:
09:21 - 29 մայիսի, 2019
Ո՞վ կարող է դառնալ ԲԴԽ հաջորդ նախագահ |armenpress.am|

Ո՞վ կարող է դառնալ ԲԴԽ հաջորդ նախագահ |armenpress.am|

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո մինչև հաջորդ նախագահի ընտրությունը նրա լիազորությունները ժամանակավորապես փոխանցվել են խորհրդի՝ տարիքով ամենաավագ անդամ Գևորգ Դանիելյանին: Ներկայացվում է, թե ինչպես է իրականացվում ԲԴԽ նախագահի ընտրությունն ու ով կարող է ընտրվել կառույցի նախագահ, ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Դատական օրենսգիրքը։ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից, որոնցից 5-ը դատավոր անդամներն են: Անդամների ընտրության կարգը սահմանում է ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածը: Քանի որ Գագիկ Հարությունյանը հրաժարվել է ոչ միայն ԲԴԽ նախագահի, այլև ԲԴԽ անդամի պաշտոնից, հետևաբար մինչև նախագահի ընտրությանն անցնելը նախ պետք է լրացնել անդամի թափուր պաշտոնը: Գագիկ Հարությունյանն Ազգային ժողովի կողմից ընտրվել է որպես ոչ դատավոր անդամ, հետևաբար նրա փոխարեն թափուր տեղը պետք է լրացվի ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի երրորդ կետով, ըստ որի` Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ԲԴԽ անդամ կարող է ընտրել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր: Դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Եթե Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամի պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում չի ընտրում Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրա ընտրությունը Հանրապետության նախագահը տասնհինգօրյա ժամկետում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է բավարարի Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամին ներկայացվող պահանջները»: Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրությունը կատարվում է անդամի թափուր տեղը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Նախագահի ընտրությունը կատարվում է ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասով և Դատական օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են համապատասխանաբար Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր անդամների թեկնածությունները: Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության համար կազմվում է քվեաթերթիկ, որում ներառվում են բոլոր թեկնածուները: Քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր»: Եթե քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ ոք չի ստանում ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: «Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին»,- նշված է հոդվածի 7-րդ կետում: Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է մինչև որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը (խորհրդի դատավոր անդամներն ընտրվում են 3 տարի ժամկետով, ոչ դատավոր անդամները` 5 տարի ժամկետով): Նորայր Շողիկյան
12:47 - 25 մայիսի, 2019