ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Արցախի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահի հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցեր

Արցախի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահի հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 6-ին Երևանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաև շեշտվել է համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք  այցի կարևորությունը: Խաղաղության և կայունության պահպանման գործում Նախագահ Հարությունյանը առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը: Արցախի ղեկավարը հաջողություն է մաղթել ռուսաստանցի համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:
20:00 - 06 սեպտեմբերի, 2021
Անհրաժեշտ է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը․ Միրզոյանը՝ ՄԽ ռուս նոր համանախագահին

Անհրաժեշտ է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը․ Միրզոյանը՝ ՄԽ ռուս նոր համանախագահին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը: Նախարար Միրզոյանը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հանրահայտ սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը շեշտել է առաջնահերթ հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապությունը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
15:37 - 06 սեպտեմբերի, 2021
ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը ձերբակալվել է ՀՀ պահանջով |mediamax.am|

ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը ձերբակալվել է ՀՀ պահանջով |mediamax.am|

mediamax.am: ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին ձերբակալվել է Հայաստանի պահանջով: Վկայակոչելով հյուսիսմակեդոնական Alsat-M հեռուստաալիքը, ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ձերբակալությունը օգոստոսի 27-ին իրականացրել են Սերբիայի իրավապահ մարմինները, երբ Միլենկովսկին «Պրեշեւո» սահմանային անցակետով ցանկանում էր մուտք գործել Հյուսիսային Մակեդոնիայի տարածք: Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ն հաստատել է ձերբակալության փաստը սեպտեմբերի 3-ին: «Հեռուստաալիքի տվյալներով՝ Սերբիայի իշխանությունները գործել են հայկական կողմի հարցման համապատասխան, ում կողմից հետաքննվող գործով անցնում է Միլե Միլենկովսկին: Դիվանագետը Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միյալկովի ազգականն է, որը ներկայում պատիժ է կրում պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Ըստ Հայաստանի իրավապահ մարմինների տվյալների՝ 2018-թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ՝ Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից մասնավոր ինքնաթիռով դուրս են բերել երկրի նախկին կառավարության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումարներ յուրացնելու մեջ», - հայտնում է ՏԱՍՍ-ը:
10:45 - 04 սեպտեմբերի, 2021
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ։ Ընդունելով ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի շնորհավորանքները՝ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։ Նախարար Միրզոյանը նաև ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ԵԱՀԿ անվտանգության բոլոր երեք՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական ու մարդկային հարթություններում համագործակցության խորացմամբ։ Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ և վերջինիս գործադիր մարմինների հետ ծրագրային փոխգործակցության շարունակականությունը, հատկապես՝ Հայաստանի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում։ Կողմերն անդրադարձ են կատարել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը: ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը, սակայն Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ներառյալ՝ ադրբեջանական ԶՈՒ ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք, լարվածության նոր օջախներ են ստեղծում և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը:
20:34 - 02 սեպտեմբերի, 2021
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա. Արարատ Միրզոյան |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանից հնչող հայտարարությունները, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրում պետք է լինի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը: «Ադրբեջանի իշխանությունների փոխարեն ես կկենտրոնանայի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա: Այս պահին խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություններ չի վարվում»,- ասաց Միրզոյանը:
16:57 - 31 օգոստոսի, 2021
Ռուս համանախագահը Բաքվում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը |azatutyun.am|

Ռուս համանախագահը Բաքվում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում է, որտեղ այսօր հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը: «Արտգործնախարար Բայրամովը Խովաևին տեղեկություններ է ներկայացրել տարածաշրջանային իրավիճակի և այն քայլերի վերաբերյալ, որոնք ձեռնարկում է ադրբեջանական կողմը ետկոնֆլիկտային փուլում: Նա նաև պատմել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների մասին, որոնք հիմնված պետք է լինեն միջազգային իրավունքի սկզբունքի վրա», - հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը, հավելելով` Բայրամովն ընդգծել է, որ ռևանշիստական քաղաքականությունը հեռանկար չունի: Ըստ հաղորդագրության, կողմերը նաև քննարկել են ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, և վստահության ամրապնդող միջոցառումների իրագործումը: Իգոր Խովաևը նախկին փոխնախագահին` Իգոր Պոպովին փոխարինել է անցած հուլիսին: Այսօր նա նշել է, թե իր այցը Բաքու ճանաչողական բնույթ է կրում: Երևան կատարելիք այցի մասին չի հաղորդվում: Այս օրերին Մոսկվայում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով վաղը կհանդիպի ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ:
09:20 - 31 օգոստոսի, 2021
Ալիևը կրկին մեղադրում է Մինսկի խմբի միջնորդներին |azatutyun.am|

Ալիևը կրկին մեղադրում է Մինսկի խմբի միջնորդներին |azatutyun.am|

azatutyun.am: Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները` Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները միասնաբար հայտարարում են իրենց հովանու ներքո ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները վերսկսելու, հակամարտության տևական լուծումը գտնելու անհրաժեշտության մասին, Ադրբեջանի նախագահը վերստին քննադատում է նրանց, և անգամ անուղղակիորեն մեղադրում ղարաբաղյան վերջին պատերազմին նպաստելու մեջ: Երեկ, մասնավորապես, ընդունելով Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևային, Ալիևը պնդել է, թե միջնորդները մոտ երեք տասնամյակ շարունակված բանակցությունների ընթացքում մի շարք հնարավորություններ են կորցրել, արդյունքում, Բաքուն ստիպված է եղել սեփական ուժերով վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու իրագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված չորս բանաձևերը: «Այդ փաստաթղթերը պահանջում էին անհապաղ ու ամբողջությամբ դուրս բերել հայկական ուժերը մեր`միջազգայնորեն ճանաչված տարածքներից, ինչը շատ կարևոր քաղաքական ժեստ էր Անվտանգության խորհրդի կողմից: Սակայն, ցավոք, այդ բանաձևերը չիրագործվեցին: Ադրբեջանական հասարակության համար առավել դժվար էր ընկալել այն փաստը, որ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը Մինսկի խմբի համանախագահներն էին: Իրենք էին հենց ընդունել այդ բանաձևերը, բայց, ցավոք, նրանց նախագահության 28 տարին կորսված հնարավորությունների ժամանակաշրջան էր», - ասել է Ադրբեջանի նախագահը»։ Ըստ Ալիևի՝ ինքը մի քանի անգամ խնդրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ, սակայն՝ ապարդյուն: «Եթե Հայաստանի նկատմամբ ճիշտ ժամանակին պատժամիջոցներ մտցվեին, եթե Մինսկի խմբի համանախագահները`աշխարհի երեք գերտերությունները, օգտագործեին իրենց ներուժի հինգ տոկոսը, որպեզի համոզեին կամ հարկադրեին Հայաստանին՝ դուրս բերել իր օկուպացիոն ուժերը, ապա պատերազմ չէր լինի: Հետևաբար, պատերազմի համար պատասխանատվությունը ոչ միայն Հայաստանն է կրում, այլև բոլոր նրանք, ովքեր չկարողացան, կամ չցանկացան հարկադրել նրանց՝ հետևել միջազգային իրավունքին», - ասել է Ադրբեջանի նախագահը: Ալիևի այս հայտարարությունները հնչում են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների`անցած շաբաթ կայացած հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Պուտինն ու Մակրոնը կրկին խոսել էին Մինսկի խումբը ակտիվացնելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու անհրաժեշտության մասին: Դրանից մի քանի օր անց` այս շաբաթասկզբին էլ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էր հայտարարել` ղարաբաղյան խնդիրը լուծված չէ, քանի դեռ չի հստակեցվել կարգավիճակի հարցը: Չնայած միջնորդների այս պնդումներին`Ադրբեջանի նախագահը շարունակում է մնալ անդրդվելի. երեկ նա կրկրնել է44-օրյա պատերազմից հետո շրջանառության մեջ դրած իր թեզը, թե ղարաբաղյան խնդիրն այլևս մնացել է անցյալում՝ ակնարկելով, որ ինքը խնդրի շուրջ քննարկումներ սկսելու ցանկություն չունի: «Հիմա պատերազմն ավարտվել է, հակամարտությունը լուծված է, եղածի մասին այլևս ասելիք չկա: Մենք պետք է նայենք ապագային, և ներկայումս մեր գլխավոր խնդիրն է վերականգնել քանդված, ամբողջովին ավերված տարածքները»: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
13:33 - 25 օգոստոսի, 2021
ԱԳՆ-ն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը

ԱԳՆ-ն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը։ ԱԳՆ մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության վերաբերյալ․ «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը, որոնք ներկայացված են նրանց հուլիսի 29-ին շրջանառված համատեղ հայտարարության մեջ։   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների նախորդ՝ մասնավորապես 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ին համատեղ հայտարարություններում հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների համար։ Համանախագահների հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության բանալին ղարաբաղյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորումն է։ Մայիսի 12-ից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը և վերջին օրերին ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հարձակումները հանգեցրել են իրավիճակի սրմանը։ Հայաստանը մշտապես հանդես է եկել իրավիճակի դե-էսկալացիայի դիրքերից և այս առնչությամբ կատարել է կոնկրետ առաջարկներ, մասնավորապես՝ հետ քաշել զինվորական ստորաբաժանումները մայիսի 11-ի դրությամբ առկա ելման դիրքեր։ Վստահ ենք, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը»։
18:05 - 30 հուլիսի, 2021
Փոխվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը |tert.am|

Փոխվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը |tert.am|

tert.am: Իգոր Պոպովի փոխարեն Ռուսաստանի Դաշնությունից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է դարձել Իգոր Խովաևը: Սա հետևում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կայքում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հուլիսի 29-ին հրապարակված համանախագահների հայտարարությունից. այն տրվել է Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) անունից: Այս թեմայի շուրջ Մոսկվայից պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա: Իգոր Պոպովը զբաղեցնում էր Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը 2010 թվականից: Բաց աղբյուրների համաձայն՝ 2015 թվականի մարտի 2-ին Իգոր Խովաևը նշանակվել է Ռուսաստանի դեսպան Ֆիլիպինների Հանրապետությունում և միաժամանակ Պալաուի Հանրապետությունում և Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներում, իսկ նույն տարվա մայիսի 5-ից ՝ Մարշալյան կղզիներում` համատեղության կարգով: Այս բոլոր պաշտոններից նա ազատվել է անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին:
09:40 - 30 հուլիսի, 2021
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անհրաժեշտ են համարում առանց նախապայմանների բանակցությունները և ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը |armenpress.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անհրաժեշտ են համարում առանց նախապայմանների բանակցությունները և ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իգոր Խովաև՝ Ռուսաստանի Դաշնություն) հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Համանախագահները մտահոգությամբ են վերաբերվում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, ներառյալ զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդագրություններին: Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին այլ պայմանավորվածությունների համաձայն: Համանախագահները վերահաստատում են հակամարտության բոլոր մնացած հիմնական հարցերի բանակցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին՝ համանախագահների հովանու ներքո: Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո երկկողմ ուղղակի խորհրդակցություններ կազմակերպելու  առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների: Համանախագահները վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին»:
20:28 - 29 հուլիսի, 2021
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի պարտավորությունները և վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններին |tert.am|

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի պարտավորությունները և վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններին |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկել։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։ «ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով բռնության վերջին էսկալացիան։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։ Սահմանին պահպանվող լարվածությունը փաստում է, որ միայն համապարփակ լուծումը, որը թույլ կտա լուծել առանցքային խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները և տարածաշրջանի բնակիչներին թույլ կտա միասին խաղաղ ապրել»,- ասված է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի հայտարարության մեջ։ Բացի այդ, Փրայսը Երևանին և Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) հովանու ներքո բանակցություններին:
09:28 - 29 հուլիսի, 2021