Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

«Նո՞ր հասկացաք՝ ինչ է կատարվում». Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Արցախի ԱԺ մեծամասնությանը

«Նո՞ր հասկացաք՝ ինչ է կատարվում». Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Արցախի ԱԺ մեծամասնությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեկվա՝ մայիսի 23-ի հայտարարությանը։ Ռոբերտ Քոչարյանի արձագանքում ասվում է․ «Արցախի ԱԺ խորհրդարանական մեծամասնությանը Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով: Արցախի ԱԺ-ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին: Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը: Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության: Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»:
13:20 - 23 մայիսի, 2023
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի  գործով դատական ակտերը  ՍԴ որոշումից  հետո  չեն բեկանվել․ Վճռաբեկ դատարանը մերժել է պաշտպանի բողոքները 
 |factor.am|

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական ակտերը ՍԴ որոշումից հետո չեն բեկանվել․ Վճռաբեկ դատարանը մերժել է պաշտպանի բողոքները |factor.am|

factor.am: Վճռաբեկ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքները, որոնցով վերջինս  պահանջում էր բեկանել  Քոչարյանին կալանավորելու՝ նախկինում կայացված որոշումները։ Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայության  2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ ՀՔԾ-ի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով։ Միաժամանակ, մերժվել է կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը: Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը բեկանել է, մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը վերացրել է և նրան ազատ արձակել: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:26 - 09 մայիսի, 2023
Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում. երկրորդ նախագահի գրասենյակ

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում. երկրորդ նախագահի գրասենյակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախօրեին արված հայտարարություններին, որտեղ նա հերթական հոխորտանքն է հղել Հայաստանի ու Արցախի հասցեին, ուր նաև Ռոբերտ Քոչարյանի անունն էր հիշատակում։ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մասնավորապես, նշել է. «Ըստ երևույթին, Ալիև կրտսերը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, թե ում են իրենք պարտվել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում: Նախագահ Քոչարյանին նա պարտվել է բոլոր առումներով, և այդ պատմությունը անհնար է վերաշարադրել, որքան էլ նա այսօր աքլորանա»: Երեկ Իլհամ Ալիևը հանդես էր եկել նման հայտարարությամբ․ «Սերժիկ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սեյրան Օհանյանին՝ անջատողականների գլխավոր դեմքերին, շների պես դուրս ենք մղել Ղարաբաղից և ծնկի ենք բերել։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ նրանք եկել էին Ղարաբաղ՝ իբր մեր դեմ կռվելու։ Երեքն էլ նապաստակի պես փախան մեր հողերից։ Նրանցից ոչ մեկն այժմ չի կարող քիթը խոթել Խանքենդի (Սեփանակերտ՝ խմբ․) կամ որևէ այլ տեղ»։
13:17 - 19 ապրիլի, 2023
Դատավոր Արման Հովհաննիսյանի վերաբերյալ կարգապահական վարույթն առնչվում է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով որոշմանը
 |factor.am|

Դատավոր Արման Հովհաննիսյանի վերաբերյալ կարգապահական վարույթն առնչվում է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով որոշմանը |factor.am|

factor.am: Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Վարույթի հիմքում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով Հովհաննիսյանի կայացրած դատական ակտն է։ Սեդրակ Քոչարյանը 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ։ ԱԱԾ-ն գործի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որը պաշտպանական կողմը դիտարկել է որպես Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող։ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարան բողոք է ներկայացրել՝ միջնորդելով պարտավորեցնել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին հրապարակայնորեն հերքել հաղորդագրությունը և ներողություն խնդրել Սեդրակ Քոչարյանից՝ դրանում տեղ գտած արտահայտությունների համար: Առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, 2019 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ Հայկ Ալումյանի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ ճանաչելով Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի՝ 2019 թվականի փետրվարի 19-ի հաղորդագրությամբ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումը։ Այս որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել Դատախազությունն ու Հայկ Ալումյանը։ 2019 թվականի մայիսի 8-ի որոշմամբ՝ Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով թողնվել է առանց քննության, իսկ դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում այն մերժվել է, և առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, որը վարույթ է ընդունվել։ Վճռաբեկ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 24-ին բեկանել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը։ Շարունակությունը՝ factor.am-ում
16:58 - 28 փետրվարի, 2023
Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրող դատական ակտերը
 |factor.am|

Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրող դատական ակտերը |factor.am|

factor.am: Վճռաբեկ դատարանը երեկ՝ հունվարի 25-ին, բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրող դատական ակտերը։ 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ մեղադրանք առաջադրելուց հետո այն ժամանակ Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնող Սասուն Խաչատրյանն իր հրապարակային ելույթների ընթացքում մեղադրանքի վերաբերյալ հայտարարություններ էր արել, որից հետո Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, գտնելով, որ Խաչատրյանի 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի և 16-ի հրապարակային ելույթներում կատարված արտահայտություններով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` միջնորդելով պարտավորեցնել Հատուկ քննչական ծառայության պետին հրապարակայնորեն հերքել իր արտահայտությունները և հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից: Ի պատասխան Ալումյանի բողոքի՝ Դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վահե Դոլմազյանը գրությամբ հայտնել էր, որ բողոքաբերի պահանջը դուրս է դատախազության լիազորություններից: Պաշտպան Հայկ Ալումյանը 2018 թվականի սեպտեմբերի 3-ին բողոք էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով արձանագրել Քոչարյանի իրավունքների խախտման փաստն ու Հատուկ քննչական ծառայության պետին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից։ Առաջին ատյանի դատարանը բողոքը մասնակիորեն բավարարել էր՝ ճանաչելով Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման փաստը։ Դատախազ Վահե Դոլմազյանի և պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր Հատուկ քննչական ծառայության պետին պարտավորեցնել վերացնել որոշմամբ արձանագրված իրավունքի խախտումը։ Այս որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել արդեն նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 15-ի որոշմամբ բողոքն ընդունվել էր վարույթ։ Մասնավորապես, բողոք բերած անձը նշել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հայտարարությունները չեն կարող դիտվել որպես «հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշում կամ գործողություն» և մամուլի ասուլիսում հնչեցված հայտարարությունները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չեն կարող լինել: Դատախազն ընդգծել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության վարույթի շրջանակներում որևէ քրեադատավարական կարգավիճակ չի ունեցել, քանի որ վերջինս քննիչի լիազորություններից կարող էր օգտվել, եթե անձամբ կատարեր նախաքննություն։ Բացի այդ, բողոք բերած անձը փաստարկել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքից որոշ հանգամանքների կամ ձևակերպումների վերաբերյալ լրագրողների հարցադրումներին տրված պատասխանները կամ պարզաբանումներն ինքնին չեն կարող անմեղության կանխավարկածի խախտման հանգեցնել, քանի որ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներ է ունեցել, որ վերջինս կատարել է առաջադրված մեղադրանքի ձևակերպման մեջ նկարագրված արարքները, իսկ մեղադրանքը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորումն է անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման մասին: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․ Այս գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է եղել․ իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի և 16-ի հրապարակային ելույթների կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման հիմքով բերված բողոքը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնելը: Վճռաբեկ դատարանը, հղում կատարելով Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով իր կայացրած որոշմանը՝ նշել է, որ անմեղության կանխավարկածի խախտման դեպքում մինչ քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ իրավական պաշտպանություն հայցելը՝ կարևոր է պատշաճ գնահատման ենթարկել․ ա) արդյո՞ք անմեղության կանխավարկածը ենթադրաբար խախտելիս ex officio անձը հանդես է եկել որպես քրեադատավարական սուբյեկտ, բ) արդյո՞ք անմեղության կանխավարկածը ենթադրաբար խախտվել է քրեադատավարական բնույթ կրող, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում։ Շարունակությունը՝ factor.am-ում
16:30 - 26 հունվարի, 2023
Չեմ կիսում այն կարծիքը, թե Ռոբերտ Քոչարյանը «ձեռքերը լվանում է» քաղաքականությունից, դա ավելի շուտ իշխանության ցանկությունն է․ Արծվիկ Մինասյան
 |tert.am|

Չեմ կիսում այն կարծիքը, թե Ռոբերտ Քոչարյանը «ձեռքերը լվանում է» քաղաքականությունից, դա ավելի շուտ իշխանության ցանկությունն է․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Ամեն օր ու ամեն ժամ այս իշխանությունը ցույց է տալիս ոչ միայն իր անկարողությունը, այլև հանցավոր վարքագիծը մեր երկրի պաշտպանության ու անվտանգության վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Անդրադառնալով Ամեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար  անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության ներկայացմանը, Մինասյանը ասաց․ «Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, թե ինչ պայմաններում են իշխանությունները դաշտ նետում նման հարցերը, տեղի ունեցավ հայտնի ողբերգությունը և որպեսզի շեղվի հանրության ուշադրությունը, դաշտ նետեցին այդ թեման։  Այս իշխանության վարքագիծը դեռ հայտնի էր այն ժամանակ, երբ ընտրություն կոչված երևույթն էր տեղի ունենում, մեր երեք պատգամավորներին կալանավորել էին և միայն ՍԴ հայտնի որոշումից հետե ազատ արձակվեցին։ Արմեն Չարչյանը առաջին պատերազմի ժամանակ առաջին գծում եղել է այն բժիշկներից, որոնք կարողացել են հայրենիքի համար մարտնչող մարդկանց կյանք փրկել։  Այս իշխանության համար այս մարդիկ դարձել են հակառակորդ։ Հերոսներին ոչնչացնելով՝  փորձում են ցույց տալ, որ հերոսները իրենք են»,- ասաց Մինասյանը։ Լրագրողների հարցին՝ ճիշտ են այն տեղեկությունները, թե երկրորդ նախագահը, որը «Հայաստան» դաշինքի առաջնորդն է,  «ձեռքերը լվանում» է  քաղաքականությունից, Մինասյանը ասաց․  «Ես չեմ կիսում այդ տեսակետը, իմ ամենօրյա աշխատանքը թե՛ խմբակցությունում և թե՛  խմբակցության քարտուղարի պաշտոնում  և նաև քննարկումների ծավալը նման ենթադրության տեղիք չի կարող տալ։ Ի վերջո Ռոբերտ Քոչարյանը հայտարարել ու մնացել է այդ դիրքի վրա, որ այս իշխանությունը չի կարող որևէ լավ բան բերել երկրին։ Հետևաբար մտածել, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է դադարեցնել պայքարը, միայն այս իշխանության ցանկությունն է»։ Խոսելով խմբակցության ներսում հնարավոր հակասությունների մասին, Մինասյանն ասաց, որ դա նորմալ և խոսում է խմբակցության ներսում ժողովրդավարության մասին։ Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
19:05 - 23 հունվարի, 2023
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, երեկ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։ Քոչարյանը դատարան էր դիմել 2021 թ ապրիլ ամսին՝ վարչապետի՝ դրան նախորդած մարտիմեկյան ելույթից հետո՝ խնդրելով պարտավորեցնել Փաշինյանին հերքել իր վերաբերյալ հրապարակային հնչեցրած արտահայտությունները, ճանաչել նրա կողմից իր արդար դատաքննության իրավունքի խախտումը եւ որպես այդ խախտման, ինչպես նաեւ զրպարտության արդյունքում իրեն պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում Փաշինյանից բռնագանձել ընդհանուր առմամբ 4 միլիոն ՀՀ դրամ։ Հիշեցնենք՝ այդ ելույթում, Փաշինյանը, ի թիվս այլնի, ասել էր․ «2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարեւոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Ու պիտի, այո՛, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերեւա գործի դատաքննության ընթացքում»,- նշել էր նա՝  նկատի ունենալով Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ՝ դատարանում քննվող քրեական գործը։ Ըստ Քոչարյանի՝ Փաշինյանի խոսքը վերաբերում է, ի թիվս այլոց, նաեւ իրեն։ Ընդ որում, այդ խոսքի միջոցով, ըստ նրա, տարածվել են այնպիսի փաստական տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը եւ հանդիսանում են զրպարտություն։ Քոչարյանի ներկայացուցիչը պնդել է, որ Փաշինյանը, լինելով ՀՀ վարչապետ, իր ելույթով խախտել է նաեւ իր վստահորդի անմեղության կանխավարկածը, որը արդար դատաքննության բաղկացուցիչ մասն է․ «Չսպասելով հայցվորի վերաբերյալ քրեական գործի ավարտին՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը արել է այնպիսի հայտարարություններ, որոնցից աներկբա հետևում է, որ ինքը հաստատված է համարում հայցվորին վերագրվող մեղադրանքի մի շարք դրույթների հաստատված լինելը»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը առարկություն է ներկայացրել հայցի դեմ՝ նշելով, որ հայցվոր կողմը չի ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը վերաբերում էր հայցվորին․ «Այն կարծիք է, այլ ոչ թե փաստացի տվյալների ներկայացում, ավելին՝ այն նույնիսկ գնահատողական դատողություն չէ, քանի որ չունի հստակ հասցեատեր, այսինքն՝ չի պարունակում հստակ տեղեկություն կամ դատողություն՝ որևիցե կոնկրետ անձի կողմից գործողություն, անգործություն դրսևորելու մասին»։ Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածի խախտմանը, ըստ Փաշինյանի՝ անհասկանալի է, թե ինչպես կարող է հայտարարությամբ այն խախտվել, երբ դարձյալ հայտարարությունը չունի հստակ հասցեատեր եւ նման պայմաններում անհասկանալի է նաեւ՝ այդ հայտարարության հետեւանքով ինչ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է կրել որևիցե մեկը, այդ թվում՝ հայցվորը։ Լսելով կողմերին՝ դատարանը վճռել է մերժել Քոչարյանի հայցը՝ այն հիմնավորմամբ, որելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը որեւէ կոնկրետ անձի՝ մասնավորապես Քոչարյանին, չի անվանարկել, չի զրպարտել, այլ ելույթի վիճելի հատվածը վերաբերել է «այն ժամանակվա կառավարողներին, իշխանություններին», «մեղադրվող անձանց», «ոմանց», «կրակողներին», «սպանություններ կատարողներին»։ Այլ կեպ ասած՝ դատարանի գնահատմամբ, քննադատության են ենթարկվել խմբեր։ Դատարանը հիշեցրել է ՄԻԵԴ-ի այն դիրքորոշումը, ըստ որի՝ զրպարտության կապակցությամբ հայցի հարուցման հիմք պետք է հանդիսանա կոնկրետ անձի վերաբերյալ փաստական տվյալի վկայակոչումը։ Անդրադառնալով արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու եւ խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջին՝ Դատարանը եզրահանգել է, որ ելույթը հիմնականում իրենից ներկայացնում է քաղաքական խոսք, քանի որ պարունակում է քաղաքական խոսքին բնորոշ հատկանիշներ եւ քաղաքական գնահատականներ, բացի այդ այն միևնույն ժամանակ պարունակում է նաև հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ կարծիքներ և դատողություններ՝ կապված նաև 2008թ․ մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետ․ «Վերոգրյալի համատեքստում դատարանը նախ հաստատված է համարում, որ ելույթի ընթացքում պատասխանողը որևէ կոնկրետ անձի՝ մասնավորապես հայցվորին, ընդհանրապես չի անդրադարձել, ուստի և հնարավոր չէր խախտել նրա անմեղության կանխավարկածի սկզբունքը, ինչն արդեն իսկ բավարար է արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու եւ խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջն անհիմն գնահատելու համար»։ Նշենք, որ վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
14:38 - 11 հունվարի, 2023
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչրայանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչրայանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների ղեկավարների՝ գալիք տոների առթիվ։  Ինչպես ՀՀ վարչապետի աշխատակազմից նշել էին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում նշել էր․ «Կարևոր է, որ Ձեր պաշտոնական այցի ընթացքում հաջողվեց ամրագրել երկկողմ դաշնակցության ռազմավարական ուղղվածությունը, նախանշել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԵվրԱզԷս, ՀԱՊԿ և ԱՊՀ ձևաչափերում գործընկերային փոխգործակցության հետագա զարգացման քայլերը: Ակնկալում եմ շարունակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը»։  Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։  Բացի այդ, նշվում է, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների նախկին ղեկավարներին, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։     
16:02 - 30 դեկտեմբերի, 2022
Ռոբերտ Քոչարյանին զրպարտելու գործով քննությունն ավարտվեց, վճիռը կհրապարակվի հունվարի 10-ին
 |news.am|

Ռոբերտ Քոչարյանին զրպարտելու գործով քննությունն ավարտվեց, վճիռը կհրապարակվի հունվարի 10-ին |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Դատարանն ավարտել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի ներկայացրած ապացույցների հետազոտումը։ Հիշեցնենք, որ նախորդ նիստին Ալումյանը, որպես եւս մեկ ապացույց, դատարանին է ներկայացրել 2021 թվականի մարտի 1-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Այդ ժամանակ Ռ․ Քոչարյանը դեռեւս մեղադրվում էր ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով, եւ Ալումյանը գտնում է, որ Փաշինյանն այդ ելույթով խախտել է նախագահի անմեղության կանխավարկածը։ Դատաքննությունն ավարտվել է, վճիռը կրապարակվի 2023 թվականի հունվարի 10-ին։  
13:10 - 16 դեկտեմբերի, 2022
 «Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 20-ը

«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 20-ը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակեց «Սիլվայի գործով» լսումները։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։ Սկսվելուց անմիջապես հետո նիստն ընդմիջվեց։ Դատարան էր եկել անգլերենի թարգմանիչը, որը պետք է ներկայացներ անձը և թարգմանչի որակավորումը հաստատող փաստաթղթերը, լիազորագիրը։ Ընդմիջումից հետո պարզ դարձավ, որ թարգմանիչը չունի անգլերենի լեզվաբանի ու թարգմանչի որակավորում։ Պաշտպանական և մեղադրող կողմերը առարկեցին թարգմանչի՝ դատական պրոցեսին մասնակցության դեմ։ Հաջորդ դատական նիստին դատարանը պետք է ապահովի մեկ ուրիշ թարգմանչի ներկայությունը։ Ապացույցների թարգմանության հետ առաջացած խնդիրների պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 20-ը։
17:53 - 13 դեկտեմբերի, 2022
Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ․ դատական նիստը հետաձգվեց
 |medialab.am|

Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ․ դատական նիստը հետաձգվեց |medialab.am|

medialab.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հետաձգել է այսօր նշանակված դատական նիստը, քանի որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ։ Դատարանը գրություն էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ տեղեկացնեկով, որ թույլատրել է նախագահին նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ բացակայել հանրապետությունից։ Դեկտեմբերի 5-ին մեկ այլ գրությամբ դատարանը հայտնել է դատախազությանը, որ թույլատրել է Ռ․ Քոչարյանին դեկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ բացակայել երկրից։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դժգոհություն հայտնեց, որ սահմանահատման արգելքը վերացվել է դահլիճից դուրս՝ աշխատասենյակում կայացրած որոշմամբ և առարկեց դատավորի գործողությունների դեմ։ Դատավորը նշեց, որ պարտավոր չէ պարզաբանում ներկայացնել․ դիմող կողմի ներկայացրած հիմքերը և հարցի հրատապությունը բավարար են եղել որոշում կայացնելու համար։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ միջնորդություն ունի իր պաշտպանյալի՝ երկրից բացակայելու համար թույլտվություն ստանալու վերաբերյալ։ Սակայն մեղադրող դատախազն առարկեց այն այսօր կամ նիստից դուրս քննարկելու դեմ։
14:48 - 06 դեկտեմբերի, 2022