Challenge

“Challenge”-ը Infocom.am-ի նախագիծն է՝ ուղղված քննադատական բովանդակության արտադրությամբ հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեծելուն։

Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, ում համարում է թեմայի արժանի շարունակող։ Մարտահրավերն ընդունողը ևս մարտահրավեր է նետում։

Մարտահրավերը չունի միայն հակադրման նպատակ, և մարտահրավեր ընդունողը կարող է նաև զարգացնել, շարունակել մարտահրավեր նետողի թեզերը, ավելացնել փաստերը, հարստացնել հիմնավորումները։

Նախագծի շրջանակում ներդրվել է նվիրատվությունների համակարգ, որի միջոցով հանրությունը հնարավորություն կունենա  նվիրատվություններ կատարել ոչ թե լրատվամիջոցին, այլ հենց հոդվածագրին։ infocom.am-ը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Հավաքագրված գումարը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային պահումների իրականացումից հետո, որպես հոնորար կփոխանցվի հոդվածագրին։

Հոդվածների հաստատման և  հրապարակման կարգը․

  1. հոդվածագիրը ներկայացնում է հոդվածի թեման և կարճ նկարագիրը։ Խմբագրական խորհուրդը, քննարկելով հայտը, տալիս է նախնական հաստատում կամ մերժում է։
  2. հոդվածագիրը միանգամից ներկայացնում է հոդվածի վերջնական տարբերակը և խմբագրական խորհուրդը ընդունում կամ մերժում է։
  3. խմբագրական խորհուրդը կարող է չմեկնաբանել մերժման պատճառները։
  4. հոդվածները չպետք է պարունակեն իրականությանը չհամապատասխանող փաստեր, մանիպուլյացիաներ, վիրավորանք, այլատյացություն։
Տուրիզմ․ գրել եմ այսօր, որ կարդաք վաղը [Challenge 3.2 | Սիրանուշ Փիլոյան]

Տուրիզմ․ գրել եմ այսօր, որ կարդաք վաղը [Challenge 3.2 | Սիրանուշ Փիլոյան]

Սիրանուշ Փիլոյանը, ընդունելով Գևորգ Բաբայանի՝ «Զբոսաշրջություն․ պաթոսի բիզնեսը [Challenge 3.1]» հոդվածով նետած մարտահրավերը, զարգացրել է զբոսաշրջության թեման։   Ճամփորդություն, տուրիզմ․ լավագույնը՝ լավագույններից, ամենադժվարը՝ հեշտերից, հեշտը՝ դժվարներից։ Շատ բիզնեսներ կարելի է թաքցնել տուրիզմի անվան տակ ու վաճառել։ Այս բառը գրավիչ է, հուզիչ, վստահություն ներշնչող։ Շատ եմ սիրում առաջին օրը՝ խմբերիս կամ անհատներին հանդիպելու ընթացքը։ Անվստահ վստահությամբ լի հայացքները։ Իրենք քեզ չգիտեն, բայց շատ մեծ հույս ունեն, որ կարդարացնես իրենց սպասումները, գուցե տարիներով հավաքած գումարն ու ամենաթանկը՝ ժամանակը։ Դու երբեք սա չես իմանա, երբեք չես տեսնի այս վախն աչքերում, եթե ինքդ չլինես ճամփորդ։ Ինքդ չվախենաս վերոգրյալների կորստից։ Շատ տեղեր կկարդաս, բազմաթիվ դասընթացների (թրեյնինգների) կմասնակցես․ քեզ կպատմեն բոլոր այս «ճիշտ» կանոնները, որ պետք է զբոսաշրջիկի հետ շփվելու համար, բայց մենակ, երբ ինքդ քեզ կկորցնես, կվախենաս, կհիասթափվես, այդ ժամանակ կզգաս, թե իրենք ինչ են զգում ամեն անգամ քեզ տեսնելիս․ «Hi I’m… (name)» ասելիս։ Ճամփորդելիս էլ պետք է խախտել օրենքներ։ Օրենքները լավ իմանալով, պետք է խախտել։ Ճամփորդելը լավագույն կրթության ձևերից է, եթե ոչ լավագույնը։ Այն մի մեծ պլաստիրին է, որն ամեն երկրից հետո մի փոքրիկ թերություն կոծկում է քո մեջ։ Հարյուրավոր երբեքներ են գլորվում գրողի ծոցը, երբ ճամփորդում ես։ Աշխարհը մեծանում է, իսկ դու փոքրանում ես, որ վաղն էլի մեծանաս։ Մարդը ճամփորդության ընթացքում դառնում է խիզախ, անում բաներ, որ գուցե երբեք չէր էլ իմանա, որ ի վիճակի է։ Մարմնի, հոգու ու մտքի «շպագատ է» ճամփորդությունը։ ԹրԱվել- թռնելով ավլել։ Թռնելով կարելի է ավլել ներսդ։  Ոնց տունդ ես կոկիկ պահում, ներսդ էլ պետք է թրԱվել անել։ Գալիս ես Հայաստան ու հետո վաճառում երկիրդ։ Ուզում ես առաջինն ինքդ քեզ կարողանաս վաճառել այն, որ մյուսներն էլ գնեն, մյուսներն էլ զգան այն, ինչ դու ես զգում պանիրը տաք լավաշի մեջ դնելիս, թթի օղու հոտից երազկոտ դառնալուց, լոլիկին վարունգի հետ ընկերացնելիս ։   Դու ավելի շատ ես սկսում զգալ երկիրդ ճամփորդելիս։ Որովհետև անթիվ ճամփորդների հետ թաքուն խոսել ես, թե իրենք ինչ են փնտրում ճանապարհներին։ Երբեմն, որպես զբոսավարի, հյուրերը ամաչում են անկեղծ ասել, թե ինչ են մտածում, ինչ են փնտրում, մտածելով՝ կնեղսրտես։ Իսկ երբ դուրսն ես, նույն անհամապատասխան հագուստով, մի քիչ խառը մազերով, քիչ կամ շատ գումարով թափառելուց, անպայման հանդիպում ես քեզ պես մարդկանց, որոնք չափազանց ազնիվ են։ Իսկ լավագուն ծառայություն մատուցելու, ճիշտ վաճառքի համար անկեղծ մարդիկ անգին են։ Ժամանակաշրջանի հետ ճամփորդները փոխվում են, իրենց փնտրածը՝ ևս։ Նախկին երիտասարդները, որոնք օրվա ճաշի  համար մի կերպ գումար էին հայթայթում, այսօր արդեն ավիատոմս են ամրագրում։ Ճամփորդների նոր հոգեբանություն է առաջանում աշխարհում։ Ամեն տարի սովորածդ օրենքները պետք է մի քիչ ծռես, նոր ձև ստանաս, երբեմն ուրիշ գույնի ներկես, որպեսզի կարողանաս մնաս, դրոշմվես իրենց մտքում։ Եթե դու դրոշմվում ես, դրոշմվում է նաև Հայաստանը։ Չենք  մոռանում ամենակարևորը։ Ես հաճախ եմ Հայաստանի փոխարեն մտածում։ Եթե ես լինեի Հայաստանը, ինչ կասեի այն մարդկանց, որոնք վաճառում են ինձ։ Գուցե նեղանայի։ Հայաստանը հաճախ նմանվում է գեղեցիկ կնոջ, ում միայն  գեղեցիկ ոտքերն են նկատում ի դեմս վանքերի։ Չէ՞ որ գեղեցիկ կինը կարող է ունենալ փխրուն հոգի, սիրուն աչքեր, մատներ և այլն․․․ Հայաստանը բազմաշնորհ կին է։ Կարելի է անվերջ հիանալ, «վաճառել» ու երբեք չկորցնել։ Հայաստանը պետք է վաճառվի որպես luxury ուղղություն աշխարհում։ Գիտեմ այս տողն ընթերցելիս մտածեցիք՝ այս աղջիկը որքան միամիտ կարող է լինել նման բան առաջարկելու համար։ Շնորհակալ եմ, որ շարունակում եք ընթերցել։ Մենք մեր չափերով, տեսարժան վայրերի տեղադրությամբ ու հասանելիությամբ զանգվածային տուրիզմի թիրախ չենք կարող լինել։ Ու ընդհանրապես մեզ դա պետք էլ չի։ Ոտքի տակ առնվող Գեղարդ չես ուզում տեսնել։ Կներեք, որ այս մեկ տողով անցա դու-ի, պարզապես ցանկացա ավելի շատ հասնեմ տեղ իմ այդ տողով։ Մենք պետք է «արգելենք» մարդկանց Հայաստան գալ, որպեսզի այն դառնա ավելի գրավիչ։ Խորվաթիայի տեսարժան վայրերից մեկում էի, գիդն ասաց՝ UNESCO-ն ամեն տարի այստեղ այցելող մարդկանց թիվ է սահմանում։ Այդքանից ավել չեն կարող այցելել։ Այդ պահին, երբ այնտեղ էինք, սահմանված թիվը դեռ չէր լրացել։ Միանգամից շատ մարդկային մի զգացում պատեց իմ էգոն։ Ես ինչ շատ բախտավոր զգացի, հաջողակ ու նման լիքը ծեծված էմոցիաներ, որոնք վաճառում են մեզ օրը 24 ժամ։ Մարդկանց պետք է համոզել, որ իրենք շատ բախտավոր են, որ Հայաստանում են։ Իրենք այդ քանակի հաջողակներից են։ Երբ մարդիկ իրենց հաջողակ են զգում, պատրաստ են մի քիչ ավել վճարել այդտեղ մտնելու համար։ Ինչո՞ւ luxury։ Չնայած այդ բառն իմ սերնդակից ճամփորդների համար կամաց-կամաց փոխվում է ճամփորդական ինդուստրիայում։ Հարուստ ու ինտելեկտուալ երիտասարդները չեն սիրում այդ բառակապակցությունը։ Փոխարինում են ինտելեկտուալ թրավել, գիտակցված թրավել և այլն։ Նոր եկող luxury կատեգորիան նախընտրելու է շատ վճարել փորձառության համար, ոչ թե բրենդային հյուրանոցների։ Ախ, այդ հյուրանոցները։ Որպեսզի սպասարկենք վերոնշյալ «արժեքավոր»  հաճախորդին, պետք է ունենալ հետաքրքիր հյուրանոցներ։ Ճոխ չէ, հետաքրքիր, կոլորիտային, հարմարավետ։ Հավատացեք, ամբողջ կյանքում  Four Seasons-ում կամ Ritz-Carlton հյուրանոցներում անցկացրած մարդուն շատ քիչ բաներով կարելի է զարմացնել ճոխության հարցում։ Իրենց ուղեղներն արդեն բավականաչափ լայնացած է այդ հարցում։ Իրենց կարելի է զարմացնել լինելով ուրիշ։ Երբ Գորիսում, Դիլիջանում և այլ քաղաքներում հյուրանոցները կլինեն այդ քաղաքին համահունչ, ներսն այդ քաղաքը հիշեցնող։ Այնպիսի միջավայր, որ ուզենաս կպնել, մատներիդ ծայրով հետդ տանել ու փոխանցել ընկերներիդ։ Բաբայանը լավ ասեց՝ պարծենալ։ Այնպիսի միջավայր, որ անկախ քեզնից հեռախոսդ հանես ու նկարես։ Իմ նշած մարդիկ շատ զուսպ են հիմնականում։ Իրենք շատ բան են տեսել ու ուզում են պահել այդ նշաձողը։ Իսկ երբ կհայտնվեք մի անուշ գյուղատանը, որը տուրիստներով չի բուրի ու մի անուշ տատիկ, կնճիռների արանքում ամենաանկեղծ ժպիտը թաքցրած իրենց ուտելիք կմատուցի, կտեսնեք, թե ինչպես է ձեռքը գնում դեպի հեռախոսը՝ պահը անմահացնելու համար։ Իմացեք՝ դուք հաղթել եք։ Իմացեք՝ Հայաստանն այդ պահին հաղթեց իրենց ճամփորդական օրագրին։ Շատ կարևոր է վաճառել չտրորված տարածքներ, մարդկանց փորձառություններ։ Լինելով փոքր երկիր, չունենալով ծով և այլ գրավիչ բնական ռեսուրսներ (քավ լիցի, ես կարծում եմ՝ Հայաստանը հրաշք է, բայց լինենք ռեալիստ), մենք պետք է գաղափարներ վաճառենք։ Երբ ճամփորդները նստում են սեղանի շուրջ զրուցելու, մտքեր, տպավորություններ փոխանակելու, ամենից շատ ու ամենից ոգևորված խոսում են այս կամ այն երկրում տեսած գաղափարի մասին։ Մեզ պատմություններ է պետք վաճառել։ Գիտե՞ք Բութանը ինչու է այդքան գրավիչ ճամփորդների համար։ Առեղծվածային է, անհասանելի թվացող։ 1970-ականներից է հասանելի զբոսաշրջիկներին։ Մի քանի տարի է, ինչ իմ շատ «արժեքավոր» զբոսաշրջիկներ պնդում են, որ ուզում են գնան Բութան։ Շատ բան չգիտեն այդ երկրի մասին, ուղղակի նրանց հետաքրքրում էր։ Հետաքրքիր է փաթեթավորված։ Հայաստանն էլ կարող է դառնալ այդ անհայտ հետաքրքիրը, տարածաշրջանի Բութանը։ Այստեղ կարող ենք վաճառել մեկուսացում, խաղաղություն, երջանկություն, համեղագույն ուտելիքներ և այլն։ Այսօր այդ ամենի համար մեծ գումարներ են պահանջում ճամփորդներից։ Շատ զբոսաշրջիկներ հաճախ ինձ  ասել են, որ իրենք անչափ երջանիկ են իրենց զգում այստեղ։ Այդ ամենը բացարձակապես կապ չունի շքեղ հյուրանոցների, հուշահամալիրների և այլնի հետ։ Վերոնշյալ Բութանում երկրի տնտեսական չափաձև ընտրված է ոչ թե GDP (Gross Domestic product-համախառն ներքին արդյունք)-ը, այլ օգտագործում են GNH (Gross National Hapiness-համախառն ազգային երջանկություն)-ը, որպես չափման միավոր։ Այս տողերը գրելուց հետո որպես ճամփորդ ցանկությունս ավելացել է այցելել Բութան։ Շատ բան չգիտեմ այդ երկրի մասին, բայց ուժեղ կպել են սրտիս այս տողով, սրտի մարքեթինգ են արել։ Արագ պետք է չափել Հայաստանի համախառն ներքին երջանկությունը, փաթեթավորել ու վաճառել։ Կարծո՞ւմ եք ասածս ռոմանտիկ է հնչում։ Իմացեք՝ ճամփորդների գերակշիռ մասը ճանապարհներին հենց ռոմանտիկա են փնտրում։ Հոդվածը սկսել եմ գրել, երբ տուրիզմը դեռեւս հուսալի վիճակում էր և նախատեսվում էր տուրիստական ահռելի հոսք։ Երբ ամեն բան վերադառնա իր նախկին հուն, չպետք է մոռանանք, որ մեզ հզոր մարքեթինգ է պետք, գաղափարների հստակ փաթեթ, համագործակցություն բնագավառի ներկայացուցիչների հետ, միասնականություն, այլապես 10 տարի անց Հայաստանը կդառնա տուրիստախեղդ ուղղություն ու լիքը բան այլևս հնարավոր չի լինի «փրկել»։ Հետգրություն․ թեման շարունակելու մարտահրավեր եմ նետում Տաթև Ասրյանին։
15:03 - 22 ապրիլի, 2020
Ըստ օրենքի՝ ինչու՞ են գաղտնալսելու և ինչպե՞ս են պաշտպանված մեր իրավունքները. մասնագիտական մոտեցում [Challenge 2.2 | Արթուր Պողոսյան]

Ըստ օրենքի՝ ինչու՞ են գաղտնալսելու և ինչպե՞ս են պաշտպանված մեր իրավունքները. մասնագիտական մոտեցում [Challenge 2.2 | Արթուր Պողոսյան]

ՀՀ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Իվան (Արթուր) Պողոսյանը, ընդունելով Սարո Սարոյանի՝ «Ու՞մ են գաղտնալսելու [Challenge 2.1]» հոդվածով նետած մարտահրավերը, զարգացրել է գաղտնալսումների թեման։   Հոդվածագիրը ճիշտ է նկատել և գնահատել հասարակության անհանգստությունը՝ ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող օրենքի այս նոր խմբագրման, հանցագործության  դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ոստիկանությանը նոր իրավական հնարավորություններ ընձեռելու, դրանով իսկ՝ մարդու ազատությունների և իրավունքների խախտումների ենթադրվող հնարավորությունների վերաբերյալ։ Չանտեսելով հոդվածի ներկայացման շարժառիթները և գնահատելով հոդվածագրի դիրքորոշումները, նշենք, որ այստեղ ամեն ինչ միանշանակ չէ և որոշ մասնագիտական նկատառումներ քննարկելու անհրաժեշտություն կա։ Որպեսզի կարողանանք քննարկել հոդվածում նշված փաստարկումները և, անհրաժեշտության դեպքում, հակադարձել ու հակափաստարկներ ներկայացնել (այսպիսին են «խաղի կանոնները»), եկեք համակարգենք և խմբավորենք դրանք որպես. հոգեբանական, իրավական, վարչատեխնիկական։ Այստեղ հոգեբանական բաղադրիչը ներառում է. հասարակության անվստահությունը ոստիկանության համակարգի նկատմամբ, մարդկանց վախը և ցանկությունը՝ պաշտպանելու սահմանադրությամբ ամրագրված և օրենքներով պահպանվող իր իրավունքները, մասնավորապես իր անձի, կապերի և փոխհարաբերությունների, գործունեության, մտքերի, ինտելեկտուալ սեփականության պահպանմանն ուղղված, առանձին անձանց, դրանց խմբերի վախը՝ ոչ օրինական, հակահասարակական, բարոյական խնդիրներ ունեցող ծպտյալ գործունեության բացահայտման հնարավորության վերաբերյալ։ Իրավական բաղադրիչը ելնում է այն համոզմունքից, որ օրենքների այսպիսի փոփոխության անհրաժեշտությունն ունի թույլ հիմնավորում։ Այն լիարժեք ուսումնասիրված չէ, հակասում է մարդու իրավունքների և ազատությունների հայտնի հռչակագրին, ՀՀ սահմանադրության համապատասխան դրույթների ոգուն և տառին։ Վարչատեխնիկական բաղադրիչը բխում է այն գիտակցությունից, որ ոստիկանության համակարգում անհրաժեշտ կլինի նոր վարչական միավորի ստեղծում, կադրերի վերապատրաստում, նրանց գործունեության վերահսկման գործառույթների վերաբաշխում, տեղեկատվության ստացման, պահպանման, ոչնչացման տեխնիկական միջոցների ձեռքբերում, դրանց շահագործման կազմակերպում։ Կարելի էր քննարկման դնել նաև ֆինանսատնտեսական բաղադրիչը՝ երկու իրավապահ մարմիններում համանման կառույցների ձևավորման և, դրա հետ կապված, ոչ քիչ ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետության հարցը։ Եթե քննարկման դնենք հիմնախնդրի հոգեբանական բաղադրիչով պայմանավորված գործոններից առաջինը, ապա իրատեսական համարելով այն՝ պետք է հիշել, որ օրենքները չեն ստեղծվում այս կամ այն պաշտոնատար անձի, իշխանության այս կամ այն օղակի նկատմամբ հասարակության վստահությունից ելնելով։ Մարդիկ գնացող են, իսկ օրենքները՝ մնայուն։ Իրավամբ օրենքները պետք է ձևակերպվեն այնպես, որ դրանք իրագործվեն՝ անկախ  իրագործողի անձնային բնութագրումներից, դիրքորոշումներից, սպասումներից։ Եթե օրենքները իրագործվում են ոչ ըստ իրենց նախատեսվածության, ապա դա օրենսդրական համակարգի անկատարության հետևանք է։ Հայտնի է, որ մարդկանց հավատը այս կամ այն իրավապահ գործընթացի նկատմամբ մեծամասամբ  պայմանավորված է այն հանգամանքով, թե որքան են մարդիկ ճանաչում այդ գործընթացի մեխանիզմները, ինչով է հիմնավորված այս կամ այն մեխանիզմի, տեխնոլոգիայի կիրառումը։ Այսպես. հասարակության ամեն 1.000  անդամից մեկը դժվար թե կարողանա մեկնաբանել, թե ինչ է օպերատիվ-հետախուզական գործունեությունը, գործողությունների ինչ հերթականություն է ենթադրում այն՝ ի հայտ բերելու, կանխելու, ամբողջությամբ բացահայտելու այս կամ այն հանցագործությունը, իրականացնելու կանխարգելիչ միջոցառումներ։ Առավել խրթին է հասարակ մարդու համար հասկանալ, թե ինչ տեխնոլոգիական գործընթաց է ենթադրում դրանցից յուրաքանչյուրը, ինչ օպերատիվ-տեխնիկական միջոցառումների պահանջ է առաջադրվում այս կամ այն խնդրի լուծման այս կամ այն փուլի ժամանակ, ինչպես պետք է հաշվի առնվի և պաշտպանվի մարդու և քաղաքացու իրավունքներն այստեղ։ Եթե խոսենք օպերատիվ-տեխնիկական միջոցառումների, մասնավորապես քննարկման առանցք դարձած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման մասին, ապա երևի մասնագետները հանրամատչելիորեն  պետք է բացատրեն քաղաքացուն դրա անհրաժեշտությունը հանցագործության դեմ պայքարի արդի փուլում։ Պետք է որոշ փակագծեր բացվեն, ներկայացվեն հանցագործության դեմ պայքարի որոշակի տեխնոլոգիաներ։ Մարդկանց հստակ պետք է ներկայացվի, որ ինքնին հանցագործության վերաբերյալ տվյալներ ստանալը պոտենցիալ կամ հանցագործության նախապատրաստման, իրագործման և հետքերի վերացման փուլերում հնարավոր չէ, եթե չի կիրառվում օպերատիվ (գործակալական, տեխնիկական) ներթափանցում հանցագործության մեջ կասկածվող խումբ կամ նրանց շրջապատ։ Հանցագործներն էլ հայտնի կինոֆիլմերի հերոսների նման իսկույն չեն խոստովանում իրենց մեղքը։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումն էլ պայմանավորված է այն գիտակցությամբ, որ ժամանակակից հանցավոր խմբերը կարող են գործել մեծ տարածությունների վրա, ակտիվորեն կիրառել կապի տեխնիկական միջոցներ, մասնավորապես՝ հեռախոսներ։ Այս դեպքում կապի ուղին հնարավոր է դառնա այն «թույլ օղակը», որը կարող են օգտագործել հանցավորության դեմ պայքարող մարմինները՝ նրանց մտահղացումների, կոնկրետ ծրագրվող և իրականացման փուլում գտնվող միջոցառումների մասին տեղեկություն ձեռք բերելու համար։ Այս տեղեկությունն անհրաժեշտ է գործի վարույթն իրականացնող աշխատակիցներին, նախ, ձեռք բերելու ներքին համոզում (որ իրոք պլանավորվում և իրականացվում է հակահասարակական, հանցավոր բնույթի արարք, կոնկրետ անձի մեղավորությունը դրանում), տեղեկանալու հանցավոր արարքների մանրամասներին, ինչպես նաև հավաքելու ապացուցողականություն ունեցող տվյալներ։ Մարդիկ պետք է իմանան, որ հեռախոսային խոսակցության գաղտնալսումը չի կարող իրականացվել ցանկացած դեպքում՝ սոսկ հետաքննությունն իրականացնող անձի ցանկությամբ։ Դրա համար պարտադիր անհրաժեշտ է տվյալ միջացառման գրավոր հիմնավորում՝ զեկուցագիր, որը պետք է անցնի բոլոր վերադաս օղակներով՝ մինչև ծառայության պետ, որից հետո, վերջինիս ներկայացմամբ, ստացվի դատարանի թույլտվությունը։ Մարդիկ պետք է նաև իմանան, որ այն բոլոր դեպքերում, երբ չի հաստատվում նախնական տվյալները հանցագործության մեջ կոնկրետ անձի ներգրավվածության կամ ընդհանրապես հանցագործության վերաբերյալ, ապա օպերատիվ-հետախուզական գործունեության համապատասխան փուլում այս տվյալները պարտադիր ենթակա են ոչնչացման։ Ոչնչացվում են նաև այն բոլոր նյութերը, որոնք ոչ մի կերպ կապված չեն հանցագործության բնույթի և հանցակազմի տարրերի (օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ) հետ։ Ինչ վերաբերում է մարդկանց սահմանադրությամբ ամրագրված և օրենքներով պահպանվող իրավունքների սահմանափակմանը, դրանց շրջանի «նեղացմանը», ապա այստեղ խոսքը գնում է ընդամենը օրենքով վերապահված գործառույթի փոխանցմանը մի կառույցից մյուսին (ԱԱԾ-ից ոստիկանության համակարգին), փաստացի՝ նման իրավունքներ ունեցողների թվի մեծացմանը։ Տեսականորեն սա ենթադրում է հանցագործության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում, ինչը անձի և հասարակության կենսական շահերից է բխում։ Այստեղ պետք է նշել, որ այս գործառույթի իրականացումը ենթադրում է որոշակի վերահսկողություն։ Կարծում եմ՝ հասարակությունը պետք է հետամուտ լինի անձնային բնույթի (անհատական) տեղեկության չթույլատրված արտահոսքի դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության ուժեղացմանը։   Ավելորդ է ուշադրություն դարձնել ոչ օրինական, հակահասարակական ծպտյալ գործունեություն իրականացնող, բարոյական խնդիրներ ունեցող առանձին անձանց մասով տագնապին, քանի որ օրենքը հենց ուղղված է այսպիսի գործունեության ի հայտ բերմանը։ Կարծում եմ՝ հասկանալի է, որ մարդիկ, որոնք գործում են օրենքի սահմաններում, մեծ հաշվով վախենալու բան չունեն ո՛չ ԱԱԾ, ոչ էլ ոստիկանության գաղտնալսումներից։ Եթե քննարկման դնենք հիմնախնդրի իրավական բաղադրիչով պայմանավորված գործոնը, ապա մի կողմ դնելով օրենքների այսպիսի փոփոխության անհրաժեշտության թույլ հիմնավորումը, կարող ենք նշել, որ այն չի հակասում մարդու իրավունքների և ազատությունների հայտնի հռչակագրին, ՀՀ սահմանադրության համապատասխան դրույթների ոգուն և տառին, քանի որ նախատեսում է մարդու և քաղաքացու պաշտպանությունը հանցավոր մտադրություն ունեցող անձանցից։ Բացի այդ, այն չի վերաբերում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման անօրինականության հարցին, այլ ընդամենը դրա իրականացմանը ոստիկանության համակարգում։ Այստեղ խնդիրներ կարող են ծագել տվյալ օրենքի փոփոխությամբ պայմանավորված այլ օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում, ոստիկանության և ԱԱԾ գործառույթներում համապատասխան փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։ Կա մեկ այլ խնդիր, որ վերաբերում է հեռախոսային գաղտնալսումների չթույլատրված և չվերահսկվող իրականացմանը առանձին կազմակերպությունների, մասնավոր անձանց կողմից։ Խնդիրն այն է, որ այս նպատակով կիրառվող ժամանակակից սարքերը՝ գնի և ֆունկցիոնալ հնարավորությունների տեսանկյունից դարձել են մատչելի և չի բացառվում դրանց գործածությունը մեր երկրում։ Սա վարչական զանցանք է՝ նման սարքերի ներկրման, օգտագործման և քրեորեն պատժելի արարք՝ քաղաքացիների անձի և գործունեության վերաբերյալ մասնավոր տեղեկույթի ձեռք բերման, հնարավոր տարածման կամ շահադիտական նպատակներով օգտագործման տեսանկյունից։ Անձնական տվյալների պաշտպանությունը հենվում է ոչ միայն Սահմանադրական պահանջների, այլև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների, ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք նորմերի վրա (Հ․ 144. «Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը», Հ. 146. «Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը», Հ. 342. «Նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը»)։ Ինչ վերաբերում է վարչատեխնիկական բաղադրիչին, ապա  հասարակությունը պետք է հետամուտ լինի ոստիկանական համակարգում (և, ընդհանրապես, իրավապահ և արդարադատության համակարգերում) օրենքների անշեղ կատարմանը, կադրերի ընտրությանը, պատրաստմանը և մշտական վերապատրաստմանը, նրանց դաստիարակությանը, այստեղ իրականացվող գործընթացների մանրակրկիտ և անաչառ վերահսկմանը, մարդու և քաղաքացու ազատությունների և իրավունքների նկատմամբ ոտնձգությունների կանխմանը։ Ոստիկանական համակարգին ոչ միայն պետք է տրվեն  նման իրավունքներ, այլև ապահովեն տեղեկատվության ստացման, պահպանման, ոչնչացման ժամանակակից տեխնիկական միջոցներով, մշակվեն այս միջոցառումների իրականացման համապատասխան հրահանգներ։ Եթե դիտարկենք ֆինանսատնտեսական բաղադրիչը, ապա այն կարող է վերաբերել տեխնիկական միջոցների ձեռքբերման, դրանց շահագործման, ինչպես նաև համապատասխան ստորաբաժանումների ստեղծման վարչական ծախսերի հիմնավորմանը։ Խնդիրն այն է, թե որքանով դրանք կնպաստեն հանցագործության դեմ պայքարին։ Կարծում եմ՝ այս ծախսերը կարելի է հոգալ ոստիկանության այլ ստորաբաժանումների, մասնավորապես՝ ոստիկանության զորքերի անհարկի ծախսերի կրճատման հաշվին։ Պետք է հաշվի առնել, որ դրանով իսկ ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումները կազատվեն ավելորդ ծանրաբեռնվածությունից և կզբաղվեն իրենց հիմնական գործառույթներով։ Հետգրություն․ Ուրախ կլինեմ ծանոթանալ հոդվածին և թեմային վերաբերող այլ տեսանկյունների, դիտողությունների և առաջարկությունների։ Թեման շարունակելու մարտահրավեր եմ նետում Սարո Սարոյանին և ընթերցող հասարակությանը։
11:47 - 20 ապրիլի, 2020
Զբոսաշրջություն․ պաթոսի բիզնեսը [Challenge 3.1 | Գևորգ Բաբայան]

Զբոսաշրջություն․ պաթոսի բիզնեսը [Challenge 3.1 | Գևորգ Բաբայան]

Բացառիկ ոլորտ, ուր պարտադիր ինքդ պետք է լինես հաճախորդ, որ կարողանաս հաջողակ բիզնես ունենալ․․․ Այո՛, խոսքը զբոսաշրջության մասին է, առաջադեմ, զարգացած և հաճախորդակենտրոն զբոսաշրջության մասին։ Մի անհանգստացեք, ձեզնից շատերը այն չեն տեսել։ Բայց․․․ բայց եկեք բացահայտենք։ Ճանապարհորդությունը մշտապես եղել է մարդկության զբաղմունքներից մեկը, նախապատմական ժամանակներում հավաքչության, կամ որսի նպատակներով մարդկային ցեղերը մշտապես շարժման մեջ են եղել։ Նստակյաց կյանքից հետո է ճանապարհորդությունը դառնում մասնագիտական, քանի որ այն այլևս կենսակերպի մաս չէր։ Կենսակերպին մենք դեռ կանդրադառնանք։ Հենց այնպես, ո՛չ, անգամ հենց այսպես, այո՛, ճանապարհորդել հանուն ճանապարհորդելու, գնալ, թափառել, ճանաչել, հոգնել, մոլորվել ու գտնել այլոց, ինչ-որ միջատից ոգեշնչվել, հիասթափվել ողջ մարդկությունից, կախվածություն ձեռք բերել հանրային կեղտոտ զուգարաններից։ Ճանապարհորդել հանուն ճանապարհորդելու։ Երբ հասկանաք, որ ունեք նշված ախտանիշները, ուրեմն զգում եք այս բիզնեսը։ Եթե մինչ 2000-ականների սկիզբը ճանապարհորդելը համարվում էր կամ ճոխություն, կամ արկած, ապա այժմ ճանապարհորդելով ոչ մեկին չես զարմացնի։ Զարգացած երկրներում եղանակից հետո ամենաշատ քննարկվող հարցը, ճանապարհորդությունն է։ Փողոցներում, ամենուր կարող ես լսել, թե ինչպես են երկու հոգի կամ պատմում իրենց ճանապարհորդության, կամ ծրագրվող ուղևորության մասին։ Instagram-ում travel hashtagը ունի 477 մլն հղում, սա լուրջ թիվ է, ուղիղ չափիչ՝ հասկանալու, որ այլևս ճանապարհորդությունը կենսակերպ է։ Ճանապարհորդելու ընթացքում ինքդ քեզ ճանաչելը ամենաթրենդային ասացվածքներից է։ Ճանապարհորդության ընթացքում է, որ մարդիկ «ճանաչում» են իրենց, «ճանաչում» են իրենց ընկերներին։ Նման ասացվածքները մեկը չեն և կան գրեթե բոլոր լեզուներով։ Սա ենթադրում է, որ ճանապարհին լինում են արկածներ և թե ով ինչպես է արձագանքում դրանց, այդպիսով բացահայտում է այդ անձի որպիսությունը։ Ճանապարհորդելիս գտնում ես քեզ ու կորցնում, հասկանում, որ դու ինքդ այնքան դեմքեր ունես, այնքան թաքուն խութեր, որոնց մասին երբեք չէիր գիտակցում։ Ճանապարհորդում են, որպեսզի ոգեշնչվեն, սիրահարվեն, բաժանվեն: Ճանապարհորդում են դեպրեսիայից դուրս գալու համար։ Ճանապարհորդում են, որպեսզի փոխեն իրենց կենսակերպը, այլ տեսարաններ և մշակույթ տեսնեն, այլ հարաբերություններ ապրեն, այլ հոտեր և գույներ բացահայտեն։ Ճանապարհորդում են, որպեսզի պարծենան, սա երևի թե ամենամեծ խթանն է։ Այս կետի վրա է հենված տուրիզմի ողջ ոլորտը։ Ինչպես ապահովել այնպիսի ծառայություն, որ քո մասին տեղեկանան ու գլուխ գովեն։ Այնպես անել, որ քո հյուրը կարողանա իր ընկերներին ասել, թե ինչպիսի հրաշալի վայրում է եղել, ինչպիսի  մարդկանց հետ է շփվել, ինչպիսի համեղ սնունդ է համտեսել և ընդհանրապես ինչպիսի մաքուր օդ է շնչել։ Yes is more-ն նոր շարժում չէ, բայց նոր է դրա սահմանումը և տարածումը։ Այս մտածելակերպը դեռևս 19-րդ դարում յուրացրել են դանիացիները, բայց մենք ՈՉ-ի հասարակություն ենք։ Մեզ մոտ ցանկացած նոր երևույթ սկզբից ՈՉ-ի է առնչվում, մերժման, և միայն հետո՝ այն կառավարելու կամ դեպի դրականն ուղղելու։ Օրինակ, աստիճանների բազրիքները, որոնք պաշտպանիչ դեր ունեն, ինչպեսև մեծ գայթակղություն են իրենց վրայով սահելու։ Ես ողջ կյանքում ցանկացել եմ սահել դպրոցի աստիճանների բազրիքի վրայով, բայց կամ այն լավ վիճակում չէր կամ էլ թույլ չէին տալիս։ Դանիայում որոշել են, որ դպրոցում իրենք դրանք կդարձնեն հասանելի սահելուն, դարձնելով ավելի ապահով և չկտրատվող։ Այսպիսով նրանք արագացնում են ուսանողների տեղաշարժը տարածքում, դարձնում այն ավելի զվարճալի և ուրախ։ Ինչպե՞ս կարող է պետությունը իր քաղաքացուն պարգևի զվարճանք և միաժամանակ արդյունավետություն միայն ԱՅՈ ասելով այնպիսի երևույթի, որին ողջ աշխարհը ասում է ՈՉ։ Սրա համար է, որ պետք է ճանապարհորդել, հասկանալու, տեսնելու, համեմատելու և գնահատելու այս տարբերությունները։ Շատ են ճանապարհորդում  արվեստի մարդիկ, քանի որ իրենց բնակության վայրում ոգեշնչումները մարում են, դառնում սովորական և նոր հույզերի ալիքը միայն տարբեր կենսական վիճակներում են ունենում։ Անգամ բացահայտումների համար են ճամփորդում։ Օլաֆուր Էլիասսոնի մասին գուցե շատերը չեն լսել, բայց նա գիտի Երևանի մասին։ Էլիասսոնը ժամանակակից արվեստի ամենավառ և ամենայուրահատուկ դեմքերից է։ Երբ նա վավերագրական ֆիլմում խոսում է գույների և արևի գույնի մասին, դա անում է էմպիրիկ մեթոդով։ Սպիտակ թղթի կտորը տարբեր երկրներում արևի լույսին պահելով, ակնառու է դառնում տարբերությունը։ Եվ գուշակեք, ո՞ր երկրի արևից էր նա նաև օգտվել, այո՝ Երևան, Կասկադ։ Քրիստոֆեր Նյումանը (մեկ այլ հայտնի իլյուստրատոր և դիզայներ) մի ամբողջ շարք է թողարկում յուրաքանչյուր երկիր ճանապարհորդելուց հետո։ Անցյալ տարի WCIT համաժողովում Քիմ Քարդաշյանը նշեց, որ երբ լճացում է զգում, անմիջապես ցանկանում է ճանապարհորդել նոր գաղափարներով, նոր մտքերով ոգեշնչվելու համար։ Ահա և շուկան, ի՞նչ է պետք անել ճանապարհորդողին գրավելու համար, խելացի անձնավորությունը կնշեր, որ, օրինակ՝ Էլիասսոնը ոգեշնչվել էր Հայաստանի արևով, կգտներ այն պատկերները, որոնք Նյումանը ներկայացրել է իր սքեչներում Կամբոջայից և կտաներ հյուրերին այդ վայրեր, կքրքրեր Քարդաշյանի զգեստապահարանը և ինչ-որ կերպ հղում կաներ հայկական զարդերին։ Ամեն ինչ կարող է լինել որպես զբոսաշրջային արդյունք՝ արևի լույսից մինչեւ լուսնի լույսի տակ համբուրվելը։ Սահմանափակումները մենք ենք դնում, տեղացիներս՝ չգիտակցելով մեր կենսակերպի ամենասովորական երևույթների հետաքրքրությունը օտարների համար։ Մի խոսքով, ցանկացած տարր կարելի է ներկայացնել յուրահատուկ կերպով, եթե հետաքրքիր պատմություն կա պահեստում։ Ո՞րն է հաջողված ծառայությունն այս ոլորտում։ Շատ միատարր և միանման է բիզնես հարթակը։ Խիզախներ չկան այստեղ, մեծամասնությունը տարրական բիզնեսի բյուրոկրատներ են, խիզախները մեծ բիզնեսների չեն հասնում։   Պատմամշակութային, ճարտարապետական կոթողները, հանրահայտ արվեստի գործերը և բնության հրաշալիքները հաղթում են այս ոլորտում։ Փաստացի՝ շենքն ու անշունչը ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում ճանապարհորդողների համար, քան ապրող և փոփոխվող մշակույթները։ Ոչ ոք չի կարող ասել, որ այցելել է Հայաստան 1990-ականներին և հիշում է, թե ինչպես էին իրար բարևում այն ժամանակ և 10 տարի հետո ինչ է փոխվել։ Սա մտածելու տեղիք է տալիս։ Մենք հասկանում ենք, որ ճանապարհորդելով չենք ճանաչում մշակույթը, իրական կենսակերպը, այլ այն, ինչ դրված է ցուցափեղկին ցանկացած երկրի համար։ Երևակայական վաճառատանը մենք առևտուր ենք անում, գնում և վաճառում, բայց դա մեր իրականությունը չէ։ Քավ լիցի, ո՞վ է տանն ամեն օր խորոված կամ հարիսա ուտում, ի՞նչ կասեք տապակած կարտոֆիլի մասին կամ վերմիշելով փլավի։ Վստահ եմ, դրանք ամենատարածված կերակրատեսակներից են մեր հայրենակիցների տներում։ Ստացվում է, որ սրա՞նք են մեր ազգային կերակրատեսակները այս պահին։ Ինչո՞ւ ռեստորանները չեն փորձում արտահայտել իրականությունը իրենց ճաշացանկում։ Աբսու՞րդ է, շատերը կարող են գտնել, որ վերոնշյալը աբսուրդ է, բայց դա իրականությունն է։ Ես Բուդապեշտում մեկ շաբաթ եմ անց կացրել, հրաշալի սնվել եմ, հիանալի կերակրատեսակներ համտեսել հոյակապ ռեստորաններում, բայց եթե հարցնեք, թե ի՞նչ են ուտում հունգարացիները իրենց տանը՝ ես չգիտեմ։ Եվ այդպես բոլորը․․․ Ցուցափեղկերում շատ է պաթոսը, բոլոր երկրներում, երբ խոսում ես որևէ զբոսավարի հետ, ապա սկսում են իրենց երկրի ամենա-ամենաներից խոսել, դե իսկ Հայաստանում դա հատուկ թեմա է։ Մերոնք ոգեշնչված և հետևողականորեն պատմում են, որ Հայաստանը դրախտի չորս գետերի սկզբնաղբյուրն է։ Այստեղ է եղել ԴՐԱԽՏԸ։ Եվ հենց այդ նույն պահին, երբ հնչում է «ԴՐԱԽՏ» բառը, այդ նույն զբոսաշրջիկը տեսնում է կեղտոտ փողոցներ, անկիրթ երիտասարդներ՝ իրենց մետաղե կառքերը ճռռացնելով՝ ռաբիզը քոքած, անճաշակ շինություններ, փոշի ու էլի փոշի և խորհել, թե ինչպես է հնարավոր դրախտից ստանալ ՍԱ։ Շովինիզմը և պաթոսը զբոսաշրջության ամենակիրառվող գործիքներից են, համատարած։ Չկա մարդկանց զգայական ընկալումների գիտակցում, մենք չենք կարողանում համատեղել երկու կամ ավել զգայարանների վրա ազդելու գործողություններ։ Մեր երկրում շատ սահմանափակ են հիացականության վրա ազդելու գործիքները, կամ միայն համն է, կամ միայն համը և տեսողականը, բայց շատ հազվադեպ է որ և համը և տեսողական ու լսողական զգայարանները հիացմունք են արտահայտում, փորձեք պատկերացնել, թե դա ինչպիսի միջավայր է ձեզ համար և փորձեք անկեղծորեն ասել, թե դուք երբ եք սնվել այնպիսի միջավայրում ուր և հրաշալի սնունդ էր, և հրաշալի տեսարան և հրաշալի ձայնային միջավայր։ Խնդրում եմ նշեք մոտակա սրճարանը այդպիսի կարողություններով։ Չկա, կամ էլ կարելի է մատների վրա հաշվել։ Նույնը կարելի է ասել զբոսանքների, շրջագայությունների մասին։ Արդյոք դուք 360 աստիճանով տեսնո՞ւմ եք ձեր հյուրերին, հասկանո՞ւմ եք, թե նրանք ինչպիսի տրամադրությամբ են եկել ձեզ մոտ, ինչ մտքերով, արդյոք դուք կարողանո՞ւմ եք դրանք կառավարել։ Կառավարու՞մ եք արդյոք լսողական, տեսողական, շոշափելիքի զգայարանները, էսթետիկ և բովանդակային կողմերը։ Ո՞վ ունի նման ծառայություն, խնդրեմ գրեք և նշեք, թե դուք ինչպես եք հիացնում ձեր հյուրերին ամեն վայրկյան, այո, ամեն վայրկյան, երբ նա ավտոբուսի մեջ է, ավտոբուսից իջնում է, քայլում է, կանգնած է, նստած է։ Արդյոք դուք կառավարո՞ւմ եք այս ամբողջը։ Գնանք ավելի հեռու, իսկ դուք կարողանու՞մ եք ազդել նրանց հիշողության վրա, երբ նրանք արդեն մեկնել են, կարողանու՞մ եք կառավարել նրանց տրամադրությունը մինչև ձեզ հետ հանդիպելը։ Սա դեմագոգիա չէ, սա նշաձողն է։ Եթե դուք  չափազանց նախանձախնդիր չլինեք ձեր բիզնեսի նկատմամբ, ապա լավ ծառայություն չեք կարողանա մատուցել։ Խոսքն ընդհանրապես ճոխ և թանկարժեք ծառայությունների մասին չէ։ Եթե ձեր առաջարկած ծառայությունները (պրոդուկտները) էկոնոմ խմբի են, նշանակում է որ քիչ քանակությամբ ծառայություններ են մատուցվում, սակայն դա չի նշանակում, որ որոշների բացակայությունը պետք է խնդիր հարուցի հարմարավետության առումով։ Այս ամենը պարտավորեցնում է, որ մնացած մատուցվող ծառայություններում դուք պետք է գերազանցեք անգամ թանկարժեք կազմակերպություններին, քանի որ դա ձեր միակ գործիքն է։ Իհարկե կան ամեն տարի հայտարարվող թրենդեր, կազմակերպություններ, որոնք ունեն տվյալների մեծ բազաներ, կարողանում են վերլուծել ճանապարհորդողների նախասիրությունները։ Դրանք միաձայն և միանշանակ ուղղորդում են տեղական փորձառությունների։ Airbnb, Tripadvisor-ը և բոլոր մյուս հայտնի կազմակերպությունները փոփոխում են իրենց բառապաշարը և շրջագայություն (tour) բառի փոխարեն օգտագործում  փորձառությունը (experience)։ Դա իր հերթին ենթադրում է այլ տեսակի ծառայություններ և միջոցառումներ։ Հայաստանում եկեք ասենք, որ այդպիսիք չկան։ Բայց հարցը անգամ բառապաշարը չէ, այլ այն, ինչը մենք ներկայացնում ենք։ Միանմանություն, կրկնօրինակում, միապաղաղություն։ Ոչ ոք չի փորձում ճեղքել շուկան, խզում մտցնել իրականության մեջ։ Շուկան երբեք չի զարգանում քանի չկա խաթարում։ Քանի մենք բոլորս համարում ենք մեզ լավագույնը, լավագույն զբոսավարը, լավագույն տուր մենեջերը, լավագույն վարորդը, լավագույն․․․ սակայն իրականում՝ միջակություն։ Հետաքրքիր է, թե որն է լինելու հաջորդ քայլը զբոսաշրջության ոլորտում, ընդհանրապես աշխարհում։ Անգամ եթե խոսում ենք զարգացած երկրների մասին, այնտեղ նույնպես բովանդակային առումով մեծ չէ տարբերությունը։ Ճիշտ է, սկսել են ի հայտ գալ արհեստական ինտելեկտի, պերֆորմանսների, կենդանի թատրոնների միջոցառումներ։ Սակայն իրենց ընդունելությամբ հանդերձ՝ դրանք համատարած չեն։ Պետք է կարողանանք կառավարել հյուրի հույզերն ու զգացողությունները հնարավորինս համալիր և հետևողական։ Այս առումով շատ արդյունավետ է աբսուրդիզմն ու սյուրռեալիզմը։ Առաջինը հյուրին դնում է անհարմար վիճակի մեջ, սակայն եթե կարողանում ես հետո այն հումորով համեմել, ապա աննման ճաշատեսակ է։ Օրինակ՝ խնդրում եմ, որ իմ հյուրերը աղոթեն մեր կառավարության համար, երբ մենք գտնվում ենք Հանրապետության Հրապարակում։ Այո,՛ աբսուրդ է, այո,՛ զավեշտ է, բայց ուրիշ էլ ո՞ր երկրում դուք կարող եք ասել, որ զբոսավարը ձեզ խնդրեց աղոթել կառավարության համար, որպեսզի նրանք լավ աշխատեն։ Տարբեր իրականության համադրությունները, անհամատեղելիությունների համադրությունները նույնպես շատ արդյունավետ են։ Կենդանի թատրոններ անվերջ կարելի է տեսնել հանրային տրանսպորտում։ Ինչպե՞ս են մարդիկ հաղորդակցվում, հարաբերվում, ինչո՞ւ են կանգնում այս կամ այն վայրում, նստում այս կամ այն նստարանին։ Սրանք հարցեր կամ տարրեր են, որոնք բացահայտում են տվյալ ժողովրդի այդժամանակյա մշակույթը և կենսակերպը։ Չկա ավելի հզոր, հաղթական հայացք, քան միջին տարիքի կնոջ դեմքը, երբ նա, բարձրանալով ավտոբուս, կարողանում է «զավթել» միակ ազատ նստատեղը։ Սրանք խորը, շատ խորը ազդակներ են ներկայացնելու, որ այդ երկրում «շնից մազ պոկելը» առաջնային փիլիսոփայություն է։ Ազորյան կղզիներում, և ընդհանրապես փոքր կղզիներում մարդիկ ոչ մի տեղ չեն շտապում, ինչը կարելի է տեսնել իրենց առօրյայում։ Հայերով լցված օդանավում, դեռ վայրէջք չկատարած, կտեսնես որ մարդիկ արդեն շտապում են, որպեսզի իրենց պայուսակները հանեն, հնարավորինս առաջ անցնեն, ապա այնտեղ օդանավ նստելիս մարդիկ պարզապես միջանցքում կանգնած էին գրեթե հինգ րոպե և ոչինչ չէին անում։ Ոչ ոք չէր խոչընդոտում, որ առաջ շարժվեին, մեկը պարզապես կանգնել էր, մյուսներն էլ հետևել էին նրա օրինակին։ Սպասում էին․․․ Հասարակությունները բաժանվում են ենթախմբերի, իսկ սոցիալական մեդիաները օգնում են դրանց։ Մենք սկսում ենք ճանապարհորդել մի ենթախմբից մյուսը, բացահայտել այս կամ այն խմբի առանձնահատկությունները։ Սա մեկ այլ թրենդ է։ Չեմ խոսում անգամ TikTok-յան hype house-ների մասին։ Ինչպե՞ս ենք մենք Հայաստանում արձագանքում դրանց, ի՞նչ ենք առաջարկում նոր սերունդներին որպես ճանապարհորդ։ Սրանք բաց հարցեր են, ոչ հռետորական, բավական հստակ չափման միավորով՝ փողով։ Հետգրություն. Մարտահրավերը փոխանցում եմ Սիրանուշ Փիլոյանին թեման զարգացնելու, բանավիճելու, կամ հակափաստարկելու համար։
22:51 - 19 մարտի, 2020
Ու՞մ են գաղտնալսելու [Challenge 2.1 | Սարո Սարոյան]

Ու՞մ են գաղտնալսելու [Challenge 2.1 | Սարո Սարոյան]

2019 թվականի հունվարի 21-ին Ազգային Ժողովը ընդունեց  «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորների հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է իրավունք վերապահել ոստիկանությանը՝ ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար: Նշենք, որ մինչ օրս նման իրավունք տրված է եղել միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։ Ըստ օրինագծի հեղինակների՝ ոստիկանության կողմից սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով հեռախոսային խոսակցությունների վերահսկման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, հատկապես անհետաձգելի դեպքերում կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը, ինչպես նաեւ կերաշխավորվի մարդու անձնական կյանքին միջամտության որոշակիությունը: Սույն օրինագիծը հանրային լայն քննարկումների տեղիք տվեց։ Քաղաքացիների մի մասը դեմ արտահայտվեց օրինագծին՝ համարելով, որ օրենքի կիրառումից հետո ոստիկանության կողմից կոտնահարվեն մարդու մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության, անձնական տվյալների պաշտպանության եւ այլ իրավունքներ։ Քաղաքացիները հայտնում էին նաեւ մտահոգություններ, որոնք կապված էին օրինագծի ընդունման անհրաժեշտության գերագնահատման, իրական նպատակների քողարկման, կիրառող մարմնի նկատմամբ վստահության պակասի հետ։ Օրինագծի պաշտպանությամբ հանդես եկող քաղաքացիների մի մասը կառավարող ուժին վստահող եւ հավատացող քաղաքացիներն էին։ Նրանց կարծիքը շատ դեպքերում հիմնված լինելով համակրանքի կամ շահերի վրա՝ բնականաբար փաստարկված էր ոչ լիարժեքորեն։ Օրինագիծը պաշտպանող մյուս քաղաքացիների համոզմամբ՝ տվյալ կարգավորումների շնորհիվ հանցավորության դեմ պայքարում ոստիկանության աշխատանքն առավել արդյունավետ կդառնա եւ որոշակի հավասարակշռություն կապահովվի պետության երկու ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի ու ոստիկանության միջեւ։ Անկախ ամեն ինչից պետք է ընդունել, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման խնդիրն ունի շատ մեծ քաղաքական պատասխանատվություն։ Դրա հետ մեկտեղ, մարդկանց մասնավոր ու ընտանեկան կյանքի, ինչպես նաեւ հաղորդակցության գաղտնիության նկատմամբ ոտնձգությունները լրջագույն հանցագործություններ են, քանզի կապված են մարդկության բարոյական հիմքերի հետ: Այն հիմքերի, որոնք հազարամյակների ընթացքում երաշխավորել են հանրային կարգն ու անվտանգությունը։ Ներկայումս հանրությանը հուզող այդ խնդիրն ունի մի քանի հայեցակետ, որոնք անհրաժեշտ է պարզաբանել։ Նախ պետք է նկատել, որ օրինագծին դեմ արտահայտվող քաղաքացիների մեծամասնությունը բարձրացնում էր ոստիկանության նկատմամբ ունեցած անվստահության հարցը։ Պետությունը հանրային համերաշխությունը պահպանելու անբեկանելի հանձնառություն ու պատասխանատվություն ունի, ինչը հնարավոր չէ ապահովել միայն  ոստիկանության ուժերով՝ օրինական հարկադրանք կիրառելու միջոցով։ Դրա համար հենց ինքը՝ ոստիկանությունը, պետք է որոշակի պարտադիր պահանջներ բավարարի։ Այն է՝ նրա օրինակարգությունը, արհեստավարժությունը, անկողմնակալությունը կասկածներ չպետք է հարուցեն։  Դրանց բացակայությամբ կամ խաթարմամբ է, որ ոստիկանությանը վերաբերող ցանկացած նոր լծակ, մեխանիզմ, տեխնիկական միջոց կամ օրենսդրական կարգավորում կասկածելի եւ վտանգավոր է թվում հանրությանը։ Այդպիսով, ոստիկանությունը, կոչված լինելով պետության մեջ պահպանել ու պաշտպանել հանրային համերաշխությունը, դառնում է սոցիալական համակեցությունը լարվածության մեջ պահող ուժ։ Ասվածից հետեւում է, որ երկրում ոստիկանությանը տեխնիկական նոր հնարավորություններով զինելու գործընթացը հանրային հարաբերությունների տեսանկյունից խնդրահարույց է դառնում ոստիկանության ոչ բավարար լեգիտիմության պատճառով։ Մյուս հայեցակետը կապված էր խնդրի բարոյական կողմի հետ։ Հասկանալի է, որ պետության կողմից որեւէ ներխուժում մարդկանց մասնավոր կյանք արժանանալու էր բնական հակազդեցության եւ ուժեղ դիմադրության։ Այդ իսկ պատճառով, մարդկությունը դարերի ընթացքում սկզբում բարոյական նորմերի, իսկ ապա նաեւ՝ սահմանադրությունների միջոցով որոշակի հավասարակշռության է եկել՝ պետության կողմից նման ներխուժումը թույլատրելով բացառիկ իրավիճակներում, ընդ որում՝ այդ ընթացքում ստիպելով պահպանել խիստ ընթացակարգեր։ Մեր դեպքում նման հավասարակշռությունն ապահովվել է՝ ՀՀ Սահմանադրության 31-րդ, 32-րդ եւ 33-րդ հոդվածներում որոշակի իրավունքներ եւ իրավունքի սահմանափակումներ ամրագրելով։ Ըստ այդմ՝ մարդկանց մասնավոր ու ընտանեկան կյանքի, բնակարանի անձեռնմխելիության, հաղորդակցության գաղտնիության իրավունքների սահմանափակումը թույլատրվում է միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Քննարկվող օրինագծի դեպքում հանրային որոշակի դիմադրությունը մեզանում դեր ունի, քանզի գործ ունենք սոցիումի կոլեկտիվ անգիտակցականի ներազդման ու դրա հետեւանքով հանրության տարբեր շերտերի հակազդեցության հետ։ Խնդրի բարոյական կողմը մարդկանց ինքնաբերաբար մղում է պաշտպանվելու, քանզի այն հավասարակշռությունը, որը հաստատված է եղել մինչ օրս, սույն օրինագծով նրանք համարում են վտանգված։ Մասնավորապես, ենթադրում են, որ այս դեպքում տեղի է ունենում պետության կողմից վերոնշյալ իրավունքների սահմանափակությունների ընդլայնում։ Երրորդ հայեցակետը խնդրի քաղաքական կողմն է։ Օրինագծի կողմնակիցներից շատերը, այդ թվում՝ պաշտոնական շրջանակներից, նշում են, որ այս գործընթացը բխում է ուժային կառույցների միջեւ հավասարակշռություն ապահովելու, աշխատանքի նոր բաժանման միջոցով ԱԱԾ-ի աշխատանքներն ինչ-որ չափով բեռնաթափելու, ինչպեսեւ ոստիկանության սխալների համար ԱԱԾ-ին գաղտնալսումների ամբողջական պատասխանատվությունից ազատելու անհրաժեշտությունից։ Սակայն պետք է նկատել, որ ՀՀ կառավարությունն օրենքի նախագծին տվել էր բացասական գնահատական։  Մասնավորապես, կառավարությունն առաջարկում էր քննարկվող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ, քանզի բավարար հիմնավորված չէր ոստիկանության կողմից ինքնուրույն հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու անհրաժեշտությունը, հաշվի չէին առնվել խոշոր ֆինանսական ծախսերը, ինչպեսեւ քրեադատավարական ոլորտում եւ ոստիկանության համակարգում բարեփոխումների առկա գործընթացները եւ այլն։ Օրենսդիր եւ գործադիր մարմիններում,  ինչպեսեւ շահառու ուժային կառույցներում տարամետ դիրքորոշումների առկայությունը վկայում է, որ սույն օրինագիծն ավելի լայն ընդգրկում ունի, քան թե միայն ինստիտուցիոնալ շահը, այն է՝ հանցավորության դեմ պայքարի գործում ոստիկանությանը լրացուցիչ միջոցներով ու մեխանիզմներով ապահովելը։ Ակնհայտ է, որ պետության մեջ գաղտնալսող մարմինների թվաքանակի ընդլայնումը որոշակի շրջանակների քաղաքական շահերի իրացման արգասիքն է։ Հանրային բուռն քննարկումներն ու օրինագծին դեմ արտահայտվողների մտահոգություններն էլ ածանցյալ են հենց այն իրողության, որ այդ քաղաքական շահերի իրացման գործընթացը տեսանելի է հանրությանը։ Հարկ է նկատել, որ քննարկվող օրինագծի շուրջ բանավեճերն առավելապես ընթանում են բնական այն կանխատրամադրվածության ազդեցությամբ, ըստ որի գաղտնալսումները իշխանության ձեռքին կարեւոր միջոց են կառավարման համակարգի յուրացումը (իշխանության ուզուրպացիան) գլուխ բերելու գործում։ Հենց այս համատեքստում էլ տեղ են գտնում հիմնավորումներ, որ առկա գործընթացը ներկա վարչակազմի այնպիսի վախերի ու կասկածամտության արտահայտությունն է, որն ուղղված է քաղաքացիների քաղաքական իրավունքների ու ազատությունների դեմ։ Սակայն, նման կերպ մտածելու դեպքում պետք է հիմնավորել, թե ԱԱԾ-ն, որը դեռեւս հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնող միակ մարմինն է, որքանով չի համապատասխանում ներկայիս կառավարող ուժի պահանջներին՝ նրա ենթադրյալ հանցավոր մտադրությունը կյանքի կոչելու ճանապարհին։ Չէ՞ որ մինչ «Թավշյա» հեղափոխությունը մի շարք քաղաքական հետապնդումներ ուղեկցվել են ԱԱԾ-ի կազմակերպած գաղտնալսումներով եւ դա անցյալում եղած դատավարություններով արդեն իսկ փաստված իրողություն է։ Ի՞նչն է խանգարում ներկայում եւս պատճենել ԱԱԾ-ի այդ հանցավոր վարքագիծը։ Այս հարցին պատասխանելիս շատերը վկայակոչում են ԱԱԾ-ի քաղաքական անհուսալիությունը, ընդհուպ մինչեւ այլ երկրի՝ Ռուսաստանի, անմիջական ազդեցության տակ գտնվելու հանգամանքը։ Ըստ էության, նման պնդումներում արդեն իսկ ուրվագծվում է կոնկրետ այն հարցի պատասխանը, թե ինչու հեռախոսային խոսակցությունների տեխնիկական վերահսկման իրավունք վերապահելով ոստիկանությանը՝ նախաձեռնողները ոչ թե հետապնդել են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ոտնահարելու, այլ պետության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակ։ Այլ կերպ մեկնաբանելու դեպքում հարկ կլինի կրկին վերադառնալ հարցին, թե ինչու ԱԱԾ-ն, որն ունի քաղաքացիներին գաղտնալսելու տասնամյակների փորձ, ինչպեւ տեխնիկական ու մասնագիտական կարողություն, չի գոհացնում ներկա կառավարող թիմին պետական կառավարման համակարգի յուրացումն իրականացնելու գործում։ Անշուշտ, մեր պետությունը գտնվում է ռուսական քաղաքական մշակույթի խոր ազդեցության տակ։ Ուստի հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսման, մատնության խթանման, քաղաքացիների հավաքագրման, նրանց մասնավոր կյանք անօրեն ու անհարկի ներխուժելու վտանգները մշտապես կան։ Միաժամանակ նման զգայուն թեմաները գրեթե մշտապես կանխորոշում են մարդկանց հուզական մոտեցումն առկա խնդիրներին։ Ոստիկանությանը վերապահելով գաղտնալսման տեխնիկական հնարավորություններ՝  պետությունը գործում է ըստ Սահմանադրության մեջ ամրագրված հանրային այն համաձայնությունների, որոնք սահմանում են մարդու իրավունքների սահմանափակումներ կոնկրետ իրավիճակներում ու կոնկրետ նպատակներով։ Վերացարկվելով ներկա իրավիճակից ու ռուսական քաղաքական մշակույթի ազդեցությունից՝ պետք է ընդունել, որ ոչ մի բանական մարդ ոստիկանության կողմից իր գործառույթների լիարժեք իրացմանը դեմ լինել չի կարող։ Հանցագործությունների կանխման կամ բացահայտման գործում օրինապաշտ քաղաքացիները չեն կարող դեմ լինել լեգիտիմ, իսկապես հանրային կարգ ու անվտանգություն ապահովող, մարդու իրավունքների պաշտպանությամբ առաջնորդվող ոստիկանության՝ հանցավոր տարրերին ու համագործակցություններին գաղտնալսելու լիազորություններին, եթե դրանք կյանքի են կոչվում իսկապես օպերատիվ տվյալների իրացման շնորհիվ։ Բայց քանի որ մեր դեպքում հարցն ընդլայնվում է ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարաբերությունները ընդգրկելու հետեւանքով, հարկ է առավել զգույշ մոտենալ տվյալ խնդրին։ Ներկայումս մի կողմից՝ պետության անվտանգության պաշտպանության, իսկ մյուս կողմից՝ մարդու իրավունքների ու ազատությունների հարգման ու պաշտպանության միջեւ այնպիսի նուրբ սահմանագիծ է ձեւավորվել, որ քաղաքացիներն ակամայից գաղափարական հակամարտության մեջ են մտնում՝ այդ երկու նախահիմքերից որեւէ մեկին առաջնահերթություն տալով։ Անշուշտ պետությունն ինքնանպատակ չէ։ Մարդկությունն այն ստեղծել է որպես գործիք ու միջոց՝ անվտանգ եւ ապահով կենսագործունեություն ծավալելու համար։ Պետությունը պետք է ծառայի մարդուն, եւ ոչ թե՝ մարդը պետությանը։ Սակայն, այս ճշմարտության հետ մեկտեղ, հարկ է ընդունել, որ պետության անվտանգությունը պաշտպանել չկարողանալու պատճառով ցանկացած պետություն դադարում է գոյություն ունենալ։ Իսկ պետության քայքայմամբ կամ կործանմամբ կործանվում են նաեւ այն մարդիկ, որոնք գտնվել են նրա պաշտպանության ներքո։ Ուստի խնդիր է դառնում այնպես կառուցել պետության անվտանգության գործը, որ այն հնարավորինս չհատվի մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակման անհրաժեշտության հետ։ Առանձին դեպքերում (պատերազմ, ռազմական դրություն) դա իհարկե անհնար է, սակայն խաղաղ ժամանակ նման հրամայականին հետեւելը պարտադիր պահանջ է դառնում։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե պետական կարեւորագույն ինստիտուտները կայացած են եւ գործում են ոչ թե առանձին անհատների քմահաճույքի կամ քաղաքական շահերի հիման վրա, այլ հանուն պետության ու նրա քաղաքացիների իրավունքների պաշտպանության։ Այսպիսով, ոստիկանությանը հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու հնարավորություն ընձեռող օրինագիծը, ներկայումս նեղ մասնագիտական առաջնահերթությունից բացի եթե ունի քաղաքական որեւէ այլ նպատակադրում, ապա դա կարող է կապված լինել միայն պետության արտաքին անվտանգությանը վերաբերող մարտահրավերներին դիմակայելու հետ։ Իհարկե, կարելի է այդ դեպքում քննարկման առարկա դարձնել արտաքին քաղաքական մարտահրավերները չեզոքացնելու գործին ոստիկանությանը ներգրավելու նպատակահարմարության հարցը։ Պետք է նկատել սակայն, որ այդ հարցը հստակ իր պատասխանն ունի. կայացած պետությունները նման խնդիրները լուծել են պետության մեջ մեկի փոխարեն մի քանի հատուկ ծառայություններ (այդ թվում՝ ոստիկանության համակարգում) հիմնելու միջոցով։ Պետությունների մրցակցության մեջ հատուկ ծառայությունը ցանկացած պետության պաշտպանիչ առաջնային շերտն է։ Մեզանում այդ ինստիտուտի անէությունը («Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը, Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը, ԱԱԾ-ում գաղտնի փաստաթղթերի «ոչնչացման», ԱԱԾ պետի գաղտնալսման, պետական ու ծառայողական գաղտնիք հայտնող ԱԱԾ պաշտոնաթող գեներալի տգիտության եւ բազում այլ օրինակները) պետությանը շարունակում է պահել կապանքների ու արտաքին ուժերից կախվածության մեջ։ Դրա հետ մեկտեղ մարդկանց գիտակցություն շարունակվում է ներմուծվել այն խաբկանքը, թե որեւէ երկրի հատուկ ծառայությունը տվյալ պետության քաղաքացիների քաղաքական եւ մյուս իրավունքների բռնաճնշիչ մարմինն է։ Վերջում  նշենք, որ ոչ մի երաշխիք չկա, որ ոստիկանությունը հեռախոսային խոսակցությունների վերահսկման գործառույթ ձեռք բերելուց հետո երբեւէ չի անցնի թույլատրելիության սահմանները։ Սակայն այդ հարցը գտնվում է կառավարող ուժի պատասխանատվության տիրույթում։ Նման դեպքում որեւէ նշանակություն չունի, թե որ մարմինն ապօրինաբար կգաղտնալսի քաղաքացիներին։ Եթե երկրում չեն գործելու պատասխանատվության կանչելու եւ ենթարկելու մեխանիզմները, եւ ընդհակառակը՝ տիրելու են անցյալի արատավոր բարքերը, ապա որեւէ նշանակություն չունի ռեժիմային պետություն ձեւավորվում է ոստիկանությա՞ն, թե՞ ԱԱԾ-ի միջոցով։   Հետգրություն. Հարկ է ընդունել, որ «գաղտնալսումների» ներկա օրինագիծը տարբեր  դիտանկյուններից մասնագիտական վերլուծության անհրաժեշտություն ունի, ուստի, տողերիս հեղինակը ուրախ կլինի, որ սույն թեմայի քննարկմանը ներգրավվի նաեւ անվտանգության հարցերի մեկ այլ մասնագետ։ Այդ նպատակով թեման շարունակելու մարտահրավեր եմ նետում Արթուր Պողոսյանին։
18:38 - 04 մարտի, 2020
Մեր բակը․ հասարակության КВН-ացումը [Challenge 1.1 | Դավիթ Ստեփանյան]

Մեր բակը․ հասարակության КВН-ացումը [Challenge 1.1 | Դավիթ Ստեփանյան]

   1997 թվականի տարեմուտին Հայաստնի պետական հեռուստաընկերության եթերում առաջին անգամ ցուցադրվեց «Մեր բակը» հեռուստաֆիլմը, որը դրականորեն ընդունվեց անկախ Հայաստանի հասարակության կողմից և դարձավ առաջին նշանակալի մեդիա արտադրանքներից մեկը, եթե ոչ՝ հենց ամենակարևորը։ Պետական հեռուստաընկերությունը «Շարմ» հոլդինգին էր պատվիրել ամանորյա ծրագիրը, դրա արտադրությանը միացել էին «Շարկ» և «Պարադիզ» ընկերությունը, որպես ռեժիսոր հրավիրվել էր Միքայել Դովլաթյանը՝ ականավոր կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի որդին։ Արդյունքում ստացվել էին ինչինչ ստուդիական նկարահանումներ, որոնք նույնպես ցուցադրվեցին Ամանորի գիշերը, իսկ դրսի տեսարաններից հավաքվեց խնդրո առարկա ֆիլմը։ Այս գրությամբ կփորձեմ այն տեղավորել պատմական համատեքստի մեջ և ցույց տալ դրա նախադրյալներն ու հետևանքները, որ առաջին հայացքից այդքան էլ ակնհայտ չեն։ Ֆիլմի արտադրողների, սցենարի հեղինակների և դերասանների մեծ մասը «КВН» (Ուրախների և հնարամիտների ակումբի ռուսերեն հապավում) կոչվող հեռուստախաղի տարբեր ժամանակների մասնակիցներ են, և դրանից էլ պիտի սկսենք, որպեսզի կարևոր բան բաց թողած չլինենք։   Նախապատմություն․ КВН      КВН խաղի ծագումն ուղղակիորեն կապված է խորհրդային հեռուստատեսության զարգացման և ուղիղ եթերի հնարավորության հետ, ու պատահական չէ, որ հեղինակներն այն անվանակոչել են КВН՝ ի պատիվ «КВН 49» հեռուստացույցի, որը թողարկվել է 1949-1962 թվականներին։ Սկզբնական շրջանում՝ 1961-1963, այն հիշեցնում էր ավելի ուշ շրջանից մեզ հայտնի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ» և «КВН» հեռուստախաղերի խառնուրդ, և մասնակիցներն իրենք իրենց հաճախ անվանում էին էրուդիտ, խոսում գիտության անունից և փորձում իրենց հնարամտությունը ցուցադրել։ Հավելենք, որ կար նաև կապուստնիկ կոչվող ինքնագործ թատերական ներկայացումների նմանությամբ ստեղծված շերտ։    Ձնհալի շրջանի ազատությունները շատ յուրօրինակ դրսևորում գտան КВН-ում․ արդիության գիտական միտքն այնպիսի երևույթ է, որի բնույթը թույլ չի տալիս այն դրսևորել չափից կարճ ժամանակահատվածում, էլ ուր մնաց՝ մրցման մեջ դնել ի ցույց հանդիսատեսի։ Հետևաբար, այս խաղում առաջնայինը ցուցադրականությունն էր և կարճ ժամանակամիջոցում ուրիշի աչքի առաջ մրցակցից օժտված և խելացի երևալու կարողությունը, իսկ մնացյալը ենթարկվում էր այդ տրամաբանությանը։ Ասել է թե՝ դրա մեջ գերակշռում էին սպորտային և թատերական որոշ միջոցառումների հատկանիշներ։ Հումորն ու սրախոսությունն էլ, եթե շիտակ լինենք, ծիծաղի տեղ չտվող իրավիճակներից՝ լեզվին զոռ տալու միջոցով հռհռոց պոկելու արդյունք են մեծ մասամբ։ Ստալինիզմի տարիներից հետո սովետական հասարակությունը ի զորու չէր խոսել իր խորքային խնդիրների մասին, և մարդկանց բերանից դուրս եկող խոսքն ավելի շատ ազատության վատնում էր, քան դրա փորձառումը։ Եվ այս իմաստով КВН-ը, թերևս, վատթարագույն դրսևորումն էր այդ վատնման՝ մի բութ սրամտություն, որ աղմուկի էր վերածվում։ 1964-ին փոխվեց խաղի կանոնադրությունը, և այն, ձևի և թեմաների առմամբ, ավելի շատ նմանվեց այսօրվա КВН-ին։ Գիտական թեթևամիտ հավակնությունները նահանջեցին, որ հետագա տարիներին երևային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Բրեյն ռինգ» հեռուստախաղերում, ավելի շատ պահպանվեցին կապուստնիկին բնորոշ հատկանիշները։ Ինչևէ, ձնհալի շրջանի КВН-ի վերաբերյալ մի բան ակնհայտ է՝ այն սովետական ուսանողի, աշխատողի ազատ ժամանակը լցնելու մի միջոց էր և չնայած իր ահռելի պոպուլյարությանն ու տարածմանը հեռուստատեսային շրջանակից դուրս՝ սպառնալիք չէր պաշտոնական գաղափարաբանության համար, այլ ավելի շատ լրացնում էր դրա բացերը, զբաղեցնում ձանձրացողներին։    Լճացման շրջանում խաղը նախ հեռացվեց ուղիղ եթերի ռեժիմից (1968) և հեռարձակվում էր պաշտոնական դիսկուրսի տեսանկյունից անցանկալի մասերը կտրել-հեռացնելուց հետո, իսկ 1972 թվականին առհասարակ փակվեց։ Ի դեպ է նշել, որ КВН-ի առաջին էպոխայի վերջին եզրափակչին մասնակցել է «Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ»-ի թիմը, որի կազմում էին Շավարշ Քոչարյանը (ՀՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 3-րդ գումարումների պատգամավոր, 2008-2019 թվականներին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ), Արա Երնջակյանը (Երևանի Կամերային թատրոնի հիմնադիր, 1998-2001 թվականների Երևանի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի և երիտասարդության գծով ղեկավար, ՀՀԿ համամասնական ցուցակով երկու անգամ ընտրվել է Երևանի ավագանու անդամ), մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը և այլոք։    Վերակառուցման սկզբին՝ 1986 թվականին, «Կենտրոնական հեռուստատեսության» երիտասարդական խմբագրության առաջարկով КВН-ը վերսկսվում է և անմիջապես մեծ հաջողության հասնում։ Բայց, ի տարբերություն իր պատմության առաջին շրջանի, այն շատ ավելի մեծ ազդեցություն ուներ խորհրդային քաղաքացիների աշխարհայացքի ձևավորման վրա, քանի որ պաշտոնական գաղափարաբանությունը գնալով թուլանում էր ու գործորդության մեծ տեղ թողնում հնարավոր մրցակիցներին։    ԽՍՀՄ գոյության վերջին ամիսներն էին, երբ ասպարեզ իջավ «Երևանի բժշկական ինստիտուտ»-ի КВН-ի թիմն ու հենց սկզբից բավականին հաջող հանդես եկավ։ Հայաստանում պատերազմ էր և էներգետիկ ճգնաժամ, մարդիկ հիմնականում զբաղված էին իրենց առաջնային կարիքները հոգալով, սակայն հնարավորության դեպքում հետևում էին թիմի խաղին, հպարտանում դրանով, որովհետև КВН-ը քիչ ասպարեզներից էր, որտեղ Հայստանն ուներ հաջողակ ներկայացուցիչ (1992 և 1994 թվականներին չեմպիոն հռչակվեցին), որը հաղթում էր ԽՍՀՄ կազմի նախկին պետությունների ներկայացուցիչներին։ КВН-ը նաև միակ հարթակն է, որի շնորհիվ «Կենտրոնական հեռուստատեսություն»-ը տեղ էր հատկացնում հայերին։ Եթե հաշվի առնենք, որ Բենեդիկտ Անդերսոնն իր «Երևակայական հանրույթներ» (Imagined Communities) աշխատության մեջ ժամանակակից ազգերի առաջացման նախապաման է համարում տպագրական կապիտալիզմի շնորհիվ լայնորեն տարածված վեպերն ու թերթերը, որոնք զբաղեցնում են աշխարհիկացման հետևանքով պարապ մնացած ժամանակի ընկալումը և երևակայության միջոցով իրար կապում անծանոթ մարդկանց, ու սրան էլ հավելենք, որ այդ ընդհանրության պատկերացման համար նաև անհրաժեշտ է ուրիշը, ապա 90-ականների սկզբին КВН-ը ամենահարմար հարթակներից մեկն էր, որտեղ հայերը կարող էին այդ պահին երևակայել իրենց ընդհանրությունը։ Գրքերը, թերթերը և նույնիսկ կինոն արդեն ի զորու չէին ի մի հավաքել շփոթված հանրությանը ու այդ առումով մրցել հեռուստատեսության հետ։ Զուգահեռաբար 1991-ին КВН-ականներն արդեն իսկ հիմնել էին «Շարմ Հոլդինգ»-ը (անվանումը կրում է միաժամանակ երկու հղում․ ռուսերեն՝ Шоу армянских мужчин - ШАрМ և հին ֆրանսերեն charme արմատից սերող իմաստներ՝ հրապույր, թովչանք, կախարդական ուժ), որը զբաղվում էր զանազան տեսաարտադրանքի և շոուների թողարկմամբ ու կազմակերպմամբ։    Հարկ է նշել, որ եթե 60-70-ականների КВН-ը հարմար զբաղմունք էր պաշտոնական մշակույթից ձանձրացող խորհրդային երիտասարդի համար, ապա նոր շրջանում ողջ ԱՊՀ տարածքում այն դարձել էր պաշտոնական մշակույթ(ներ)ի յուրօրինակ ուղեկից և լավ կարիերա որսացողների ցատկահարթակ (տարբեր մեդիա ֆիգուրներ` հաղորդավարներից մինչև տեղեկատվամիջոցների հիմնադիր-սեփականատերեր, դիվանագետներ և այլն, ավելի ուշ՝ նույնիսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի)։ Արժե հիշել Բժշկականի թիմի հորինած կարգախոսը, որն այնուհետև լայն տարածում ստացավ՝ «КВН-ը խաղ չէ, այլ կենսակերպ»։ Թիմի անդամներից Արմեն Գրիգորյանը սև սմոքինգը,— դա էին բեմի վրա կրում ԵՐբԻ-ականները,— համարում է բուրժուական հասարակության և լավ կյանքի խորհրդանիշ ու խոսում դրա մասին՝ որպես հաջողության ակնկալիքով ընտրված հագուստի։ Թիմի ավագ Ռաֆայել Մինասբեկյանը 2015 թվականից «Գազպրոմ-մեդիա հոլդինգ»-ի «Կինո և հեռուստատեոսություն։ Արտադրություն, վարձույթ, տարածում» ուղղության ղեկավարն է, իսկ մինչ այդ՝ «Ռոսգոսստռախ» ընկերության փոխնախագահը, բիզնեսի և կապերի ռազմավարական զարգացման բաժնի ղեկավարը։ Ռուբեն Ջաղինյանը այժմ Հայաստանի Կինոակադեմիայի նախագահն է: «Շարմ Հոլդինգ»-ի հիմնադիրներից է և 1991-2013 թվականներին դրա գլխավոր տնօրենը։ 2013 թ. մարտի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է «Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության» խորհրդի անդամ, իսկ մարտի 5-ին ընտրվել դրա խորհրդի նախագահ, բայց Թավշյա հեղափոխությունից ամիսներ անց ստիպված եղավ հրաժարվել խոշոր պաշտոնից։ Ըստ մամուլի՝ կոռուպցիոն կամուրջ է գցել Հանրային հեռուստաընկերության և «Շարմ Հոլդինգ»-ի միջև։ Հանրությանը քաջ ծանոթ են նաև Կարեն Ղազարյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Մարկ Սաղաթելյանը, Գագիկ Բունիաթյանը, Արսեն Դանիելյանը։ Ի դեպ, վերջինս Ռուսաստանում կինոսցենարներ է գրում և համահեղինակն է «Երկրաշարժ»-ի, որի մասին գրելու առիթ արդեն ունեցել եմ և այն դիտարկել եմ որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի մշակութային գաղութացման օրինակ։    1993 թվականին նույն «Շարմ»-ի նախաձեռնությամբ հիմնվեց «ՈւՀԱ Հայկական լիգա»-ն (տարբեր թիմերից մասնակցել են ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը, Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԺ գործող փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը և շատ ուրիշներ), ինչպես նաև «Շարմ»-ն ակտիվորեն աջակցում էր ձևավորվող «Նոր հայեր» թիմին (դրա կազմում էին ռուսաստանյան «Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-մեդիա Ժամանցային հետուստատեսություն» ենթահոլդինգի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը, հայտնի էստրադային կատակերգու Գարիկ Մարտիրոսյանը)։    Կարճ ասած՝ 1986 թվականից վերսկսված КВН-ը դարձել էր նոր էլիտաների ձևավորման դարբնոց։ Բայց մի բան մնում էր պատմականորեն անփոփոխ․ հայերը շարունակում էին հանդես գալ կովկասցու դերում, և օգտագորվծում էին տարիների փոշով պարուրված պատումների պատառիկներ, օրինակ՝ «Կովկասի գերուհին» ֆիլմի սյուժեն։ Ծիծաղելի լինելու հույսով տեղ-տեղ հայերը միտումնավոր խոսում էին «կովկասյան» շեշտադրումներով ռուսերեն, հաճախ ապուշի դեր էին ստանձնում, ինչի գիտակցված կամ չգիտակցված լինելու սահմանը դժվար է որոշել։   Ֆիլմը      1997 թվականին, երբ զինադադար էր հաստատվել և էներգետիկ ճգնաժամն էլ հաղթահարված էր, ԽՍՀՄ փլուզումից խճճված հասարակությունը պատրաստ էր նոր կարգավորող պատումների և հրահանգների մեծ բաժին ստանալու, և դրանք եկան «Մեր բակը» ֆիլմի տեսքով։ Այն սկսվում է Ռաֆայել Քոթանջյանի մարմնավորած կերպարի՝ պատմողի, հետևյալ խոսքերով. «Բարի լույս ․․․, Երևանի ժամանակով յոթն անց է հինգ րոպե։ Երևանյան առավոտ է։ Արթնանում է բնությունը, արթնանում է քաղաքը, արթնանո՛ւմ են և քաղաքի բնակիչները։ Առայժմ փողոցներն ու հրապարակները դատարկ են, քանի որ մարդիկ նոր-նոր են դուրս գալիս տներից և մինչ օրվա աշխատանքային ռիթմի մեջ մտնելը՝ անցնում են հարազատ բակով։ Իրոք, ի՞նչը կարող է ավելի հարազատ լինել, քան բակը, ուր ծնվել-մեծացել ես։ Բակի բնակիչների մեջ դուք կարող եք ճանաչել ձեր ծանոթներին, ընկերներին, բարեկամներին։ Բայց քանի որ անհնար է նրանց բոլորին հավաքել մեկ տեղ, նրանց փոխարինեցին դերասանները»։ Սույնից ակնհայտ է, որ հեղինակները փորձում են «Մեր բակի» մեջ խտացնել ոչ միայն Երևանի, այլև ողջ Հայաստանի պատկերը։ Դրա մասին է հուշում նաև այն, որ Երևանի Թումանյան 40 հասցեի բակը, որտեղ նկարահանվել է ֆիլմը, ցուցադրվում է միայն ներսից․ դա կարող է ցանկացած բակ լինել։ Արտաքին՝ տեսողական առումով ճանաչելի և առանձին հասցեն մատնող մասերը չկան ֆիլմում։        90-ականների սուր խնդիրների արտացոլումը ֆիլմում      Երիտասարդ Արմենի քեռին զինվորական է և գալիս է բակ՝ նրան, ինչպես ասում էին, բանակ տանելու։ Տղան փախչում է, քեռին հետապնդում։ Ֆիլմի վերջին մոտ Արմենին արդեն տեսնում ենք զինվորական հագուստով։ Հայտնի է, որ այդ շրջանում զինծառայության հարցը շատ բարդ էր․ մի կողմից պետությանն անհրաժեշտ էր որոշակի քանակի զինծառայող ապահովել բանակի համար, մյուսից՝ այն ի վիճակի չէր փոքրիշատե ընդունելի պայմաններ՝ նորմալ սնունդ և առողջապահություն, տրամադրել զինծառայողներին, տարբեր մակարդակներում իշխում էին կաշառակերությունը և ոչ կանոնակարգային հարաբերությունները։ Շատ երիտասարդներ բանակից խուսափելու նպատակով պարզապես հեռացան Հայաստանից։ Եվ ահա այս հանգամանքներում, երբ բարձր դիրք և փող ունեցողին հաճախ հաջողվում էր խույս տալ զինծառայությունից, ֆիլմի հեղինակները քեռու ձեռքով բերման են ենթարկում բանակից փախչող Արմենին՝ մյուս երիտասարդներին ուղղորդելով զինծառայության։    Հաջորդը գործազրկության խնդիրն էր․ խորհրդային արդյունաբերության փլուզումից հետո բավականին ծանր վիճակ էր, և մարդկանց գիտելիքը, որ գործածելի էր դրանից առաջ, զգալի չափով դարձել էր իրադրությանն անհամապատասխան և չաշխատող։ Շատերը ստիպված ուժերը փորձում էին առևտի մշուշոտ հորիզոններում, և դա ո՛չ միշտ և ո՛չ բոլորի համար էր հաջողությամբ պսակվում։ Այսքանը նկատի առնելով՝ դիտարկենք Ռաֆայել Քոթանջյանի մարմնավորած կերպարի խոսքից մի հատված ևս․ «Իսկ այս բնակիչը, որը հենց նոր փախավ, Աշոտն է՝ բակի անբանը։ Իր պարտքն է համարում ներկա գտնվել բակում կատարվող բոլոր իրադարձություններին ...։ Կյանքի մենամեծ երազանքն է աշխատանքի ընդունվելը, կյանքի ամենամեծ ցանկությունը՝ չաշխատելը»։ Սա կարծես քողարկված հնար լինի, որը, չնկատելով գործող սոցիալ-տնտեսական կարգի հարուցած խնդիրները, մեղավոր զգալ պիտի տա այն մարդկանց, որոնք չէին կարողանում աշխատանք գտնել և, ընդսմին, համակերպման տանի հասարակությունը։    Տեղին է նաև միգրացիայից խոսելը․ ֆիլմում հնչում է հանրածանոթ ռաբիզ երգիչ Արամ Ասատրյանի «Հայ եմ ես, հայ ես դու» երգը․   Վաղուց ապրում եմ օտար ափերում, Ուր ոչ ծանոթ կա, ոչ էլ բարեկամ։ Բայց մի աղջիկ կա՝ աչքերը թախծոտ, Կարծես կանչում է նա դեպի իր մոտ։   - Հա՛յ ես դու։ - Հա՛յ եմ ես։ - Վա՛խ, քո ցա՜վը տանեմ ես։ - Հա՛յ ես դու։ - Հա՛յ եմ ես։ - Դու հա՛յ ես։ - Ես հա՛յ եմ։ - Վա՛խ, քո ցա՜վը տանեմ ես։   Ու այսպես տխուր օտար ափերում, Մենակ տղա եմ, սերս եմ փնտրում, Բայց օտարները ինձ չեն հասկանում, Կյանքս անցնում է, անցնում, սերս չեմ գտնում։   Էլ ի՞նչ ես անհույս թափառում, ասա՛, Հայի ծարավ է՝ քեզ ընկեր չկա։ Արի միանանք, բախտներս կապենք՝ Օտար աշխարհում ուրիշ ճար չունենք։   Այդ շրջանում զգալաչափ արագացել էին միգրացիոն տեղաշարժերը, դրանց շուրջ հյուսվող պատումը, և շատերի կողմից սիրված երգում տեսնում ենք միանգամից երկու խոշոր խնդիր, որ առաջ էր եկել դրա հետևանքով։ Հայտնի է, որ երգիչի հայացն ուղղված էր ԱՄՆ կողմը և ըստ շրջանառվող լուրերի՝ նա նույնիսկ զբաղվում էր վճարի դիմաց հայ միգրանտների համար փաստաթղթեր և վիզաներ հայթայթելով։ Ուստի, խնդիրներից մեկը հետսովետական տարածքից անդին գտնվող աշխարհի հետ հաղորդակցման մեջ մտնելու դժվարություն է՝ «օտարները ինձ չեն հասկանում», ընդ որում, պիտի կարծել, որ դա վերաբերում էր ինչպես լեզվական խութերին, այնպես էլ բարքերին։ Մյուսը՝ ամուսնական շուկայի շարժերն էին․ «Ու այսպես տխուր օտար ափերում,/Մենակ տղա եմ, սերս եմ փնտրում, - ու դրանից բխող, - Արի միանանք, բախտներս կապենք՝/Օտար աշխարհում ուրիշ ճար չունենք»։    Սրա մեկ այլ դրսևորում է ըստ սյուժեի ԱՄՆ-ից ժամանած Ռաֆոյի զրույցը բակի հարևանների հետ․ Աշոտ - Ընդեղի աղջիկները լա՞վն են։ Ռաֆո - Գիտես՝ չէ, մեր աղջիկներից ճիշտը չկա․ համե՛ստ, սիրո՛ւն։ Իրանց կանայք էլ՝ to be, or not to be՝ յա կան, յա չկան։    Այստեղ գենդերային վարքի մեկնաբանման լայն տեղ է բացվում, բայց ես հանձն չեմ առնի դա։        Օրվա բարքերի ու բարոյականության ներկայացումը ֆիլմում       Ամենաակնառու օրինակը Ինժեներ բալա մականվամբ (Հայկ Խաչատրյան) կերպարն է։ Ֆիլմի հեղինակները կիրթ մարդուն որոշակի հատկանիշներ են վերագրում և ծանակում դրանք՝ ինժեներ, որը Ռոլան, Դրայզեր և Բայրոն է կարդում, փորձում է գրական լեզվով խոսել, բարկացած և բղավող կնոջը շատ մեղմ է պատասխանում՝ փորձելով հանդարտեցնել նրան, բացի կնոջից ուրիշ ոչ մեկի հետ չի քնում, մրսկան է։ Հարևանները առանց առանձնակի պատճառի նրան կանչում են բեսեդկա («տաղավար» թարգմանությունը լիարժեքորեն չի արտահայտում ռուսերեն այս բառի նշանակությունը) և խմբովի ծաղրի առարկա դարձնում։ Եվ ի վերջո, ինժեներին կատարելապես տրորելու համար պետք էր ցույց տալ, որ Արմեն Միսակիչի և Զառայի տան երեկույթի ժամանակ նրա կինը նազկտում է Ազատի հետ շփվելիս։ Իմիջիայլոց, վերը նկարագրվածը հետագայում մշտական ռազմավարություն դարձրին վաղամեռիկ Հայկ Խաչատրյանի երկու գործընկերը (Հայկո-Մկո-Հայկո տրիո)՝ Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը, իրենց «Կարգին հաղորդում» նախագծում։ Նույն տրամաբանությունն է գործում նաև Արմեն Միսակիչի պարագայում․ սովետական շրջանից մնացած բարձր չինովնիկ, ըստ ամենայնի՝ սեռապես անկարող, որը գիշերը սառնարանի լույսի տակ գիրք է կարդում։ Որպեսզի նրան օժտած հիմարությունն առավել խտացնեն, հեղինակները նրա կնոջը սիրային կապի մեջ են դնում անբան Աշոտի հետ։    Մեկ այլ շերտ է քրեական երանգ ունեցող փողոցային բարքերի պատկերումը․ թզբեհով կամ բերանը չոփ դրած բակում լռվող, պոռոտ փողոցային բարբառով խոսող, կարճ զգեստ հագած կանանց հասցեին հայացքներ և ռեպլիկներ նետող երիտասարդ տղաներին ֆիլմը ցուցադրում է բավականին չեզոք (եթե նման բան առհասարակ հնարավոր է), եթե չասենք՝ դրական, լույսի ներքո։ «Մեր բակի» թերևս ամենաստացված հատվածը «Վեսթսայդյան պատմություն» հայտնի մյուզիքլ-ֆիլմի համանմանությամբ նկարահանված երաժշտա-խորեոգրաֆիկ տեսարանն է, որտեղ երկու տղայախումբ հարաբերություններ են պարզում։ Այստեղ նկատվում է որոշակի լեզվական բարդություն, որին բախվել են հեղինակները՝ երկփեղկվելով Երևանի այն ժամանակների փողոցային բարբառի և գրական լեզվի միջև․   - Մանթո՛ եմ։ - Ապե-ապե։ - ժամո՛ եմ։ - Ապե-ապե։ - Օտար թաղում ես իմ համար   Հանգիստ գնում էի հացի,   Եկան կպան գազանաբար,   Բայց ես ինձ ծանր պահեցի։ - Չլինի՝ կո՞ւլ ես գնացել եղբայր,   Ասա՝ իմանանք՝ ինչ մոտեցում տանք։ - Ստիպում էին ընկերուհուցս հրաժարվել,   Չհասցրի մերժել՝ ապտակեցին։ - Իսկ ի՞նչ քանակությամբ էին հակառակորդները։ - Ասեմ ընկերությանը, որ շատվո՜ր էին, շատվո՜ր։   - Գողի փոշի, տղերք, վերցնենք,   Որոշ հարցեր տեղում լուծենք։   Վերցնենք փոշին, գնանք կաշի,   Հանձնենք պանիրը լավաշին։   - Ահա և դեպքի վայրը, տղանե՛ր,   Այստեղ եմ ես սլաք խփե։ - Կարո՞ղ ա պատահի՝ վախենան չգան,   Երևի տուն կանչեց բալիկներին մաման։   - Պռապուսկատ, աբռաշատ,   Աբխադիտ, տինդիրիտ,   Դիշիվիտ, դավադիտ,   Ռազբիրատ, ատպուսկատ։     Որտե՞ղ ես, աբիժնի՛կ, որտե՞ղ ես,   Չլինի՞ մեզանից դու վառվել ես։ - Դե սկսիր, իմ եղբայր գլավառեզ,   Ներխուժել գողական ասպարեզ։   - Էս ի՜նչ բազառ-վակզալ եք ստեղ սարքել,   Ձեր գալը ստեղ իզուր է եղել։  - Ապե՛, դու ինձ մի ասա՝ ես ինչ անեմ։ - Քրոջս պատիվը պտի՛ պաշտպանեմ։   - Ինքը քո հետ չի՛ խոսա,   Դու լուչե կեր պերեդ զագսմ սվոյ պասպռտ։ - Աղջկա խոսքերը ասնավանի չի՛։ - Ձեզ հավատանք մենք հանուն ինչի՞։   Այսքանն արդեն բավարար է ցույց տալու համար, թե ինչ լեզվական խառնաշփոթի հետ գործ ունենք, բայց այստեղ կարևոր մեկ այլ բան էլ կա․ խորհրդային շրջանում նման կերպարները եթե հանկարծ հայտնվեին որևէ ֆիլմում, վստահաբար կներկայացվեին բացասական երանգով՝ որպես, ինչպես ասում էին, неформал (նեֆորմալ)։ Այստեղ նույնիսկ այլ կերպարներ չկան, որոնց համեմատ սրանք կարող էին բացասական դիտվել։ Եվ հենց այս հանգամանքների ներքո է, որ քրեական բարբառը բարձրացվում է պաշտոնական մակարդակ ու ցուցարվում Պետական հեռուստատեսությամբ՝ իբրև ըստինքյան ենթադրվող մի բան։ Բաց թողնելով որոշ հատվածներ՝ անդրադառնանք տեքստի վերջին․   - Մենք մի բուռ ազգ ենք, և մեզ սազական չի վիճել,   Չէ որ իրար նկատմամբ առաջ լավ ենք եղել։   Սարը սարին հանդիպում է տարին մեկ անգամ,   Դե, մի լավ բան ասա, ի՛մ բարեկամ։   - Տո, լա՜վ է, օ-օ՜,   Դե, բա՛վ է, օ-օ-օ՜,   Գնանք ուտեղ-խմելու,   Այ սենց բաներ մազալու։   - Հայհոյանք, տառապանք,մոտեցում, միացում՝   Կամավոր, չափավոր, զորավոր։   Այս բոլորը մի պահ է կյանքում չափազանց կարևոր,   Բայց ինչքան հաճելի են և քաղցր նրանք մեզ համար։   - Տո լա՜վ է, օ-օ՜,   Դե բա՛վ է, օ-օ-օ՜,   Էլ բան չունենք ասելու,   Այ սենց բաներ մազալու։   Տեքստում ակնհայտ է ազգային հողի վրա բոլորին հաշտեցնելու ձգտումը, բայց այդ թվերին հարաբերություններ պարզելու նման եղանակը վաղուց դուրս էր եկել աղջիկների սերը կամ բակի վերահսկողությունը ստանալու շրջանակից և տարածվել դեպի սեփականության ու հանրային տարածությունները նվաճելու համար մղվող պայքարի դաշտ։ Որոշ տեսաբաններ հակված են այս պահը կարծել առևտրայնացման և բիզնեսի հաղթանակ քրեական (ենթա)մշակույթի նկատմամբ՝ դրսևորման տարածքների համար մղվող պայքարում, իսկ ես համարում եմ, որ այդ երկուսը զգալաչափ համընկնում են, և փոփոխությունները տեղի էին ունենում քրեականի ներսում՝ նրանցից ոմանք պարզապես սկսեցին նաև բիզնեսով զբաղվել։ Եվ պարզ է, որ սա ներկայացված չէ ֆիլմում․ սոցիալական իրականության մեջ կոնֆլիկտները, մեղմ ասած, ոչ միշտ էին հեփի էնդով փակվում։    Քանի որ խոսք գնաց լեզվի մասին, արժե արձանագրել՝ ֆիլմում երկու անգամ հնչում է ռուսերեն երգ․ երբ Սոնան ու Մկոն ձախողում են սեր խոստովանելու փորձերը, միայն ռուսերեն երգի միջոցով են կարողանում ասել թաքնվածի մասին։ Մյուսը Զառայի և Արմեն Միսակիչի տան երեկույթի դրվագն է, երբ մի շարք չկապակցված խոսակցություններից և գործողություններից հետո, ոչինչ չի մնում, քան վերջինիս հորդորով «Очи чёрные» (Սև աչքեր) երգը՝ կես ռուսերեն, կես հայերեն երգելը, որն էլ, ի վերջո, Աշոտի նախաձեռնությամբ մեկեն փոխարինվում է ռաբիզ երգով՝ «Գալիս ես ու անց կենում»։ Երկու անգամ էլ երգը ենթագրերով կամ մի այլ կերպ չի թարգմանվում հայերեն։        ֆիլմի կառուցվածքը      Այստեղ որոշիչ դեր ունի նույն КВН-ից փոխառված մի հնարք՝ բառերի հարանշանակություններով ձեռնածությունը, որը քայքայում է համատեքստը։ Դիտարկենք Հրանտի և Դավիթի՝ շախմատ խաղալու տեսարանի խոսակցությունը․   Դավիթ—Բա գիտե՞ս, Հրանտ, մեր դասարանի Սերոժը Նոբելյան մրցանակ ա ստացել։ Հրանտ—Ո՞ր Սերոժը։ Դավիթ—Նոբելյա՛ն։ Հրանտ—Լսի, Բոտվիննիկ, երեկ ֆոտբոլը նայեցի՞ր։ Դավիթ—Ոչ, ի՞նչ կար որ։ Հրանտ—Մերոնք տարան։ Դավիթ—Ինչքա՞նով։ Հրանտ—Տասով՝ մի հատ էլ դարպասապահ։   Նաև խաղի կեսից շախմատային ժամացույցի փոխարեն կադրում հայտնվում են հեռախոս ու լուսամփոփ, և խաղացողները քայլ անելուց հետո ժամացույցի կոճակի փոխարեն սեղմում են հեռախոսի և լուսամփոփի սեղմակը։ Սա հարմար ձև է հումորի տեղիք չտվող իրավիճակներից հռհռոց կորզելու համար ու նաև հնարավորություն է բացում՝ իրար ոչնչով չկապված դրվագները զոռով զուգակցելու․ եթե կարելի է շախմատի ժամացույցը հենց այնպես փոխարինել հեռախոսով կամ լուսամփոփով, նույն կերպ էլ կարելի է վերը նկարագրված երկու փողոցային դրվագը կարել Ռուբեն Մաթևոսանի կատարմամբ հնչող «Չքնաղ երազ» երգի ներքո արտասվող Մկոյի և Աշոտի ու Զառայի սիրային տեսարանի արանքը՝ չէ՞ որ դրանք բոլորն էլ ենթադրաբար զվարճալի են։ Որոշ դեպքերում հնարքը դուրս է գալիս վերբալ սահմաններից․ Ազատն Աշոտին ասում է՝ «Աշոտ, մի-մի հատ նարդի չգցե՞նք», և նրանք բացում են նարդին ու երկրորդ հարկից նետում ցած։ Ամեն ինչ պարզ է․ «գցել» ասվածը նարդու համատեքստում հղում է զառ նետելուն և նշանակում ընդհանրապես նարդի խաղալը, բայց դրանից զատ ունի պարզապես մի բան նետելու, շպրտելու իմաստը, ինչն էլ հնարավորություն է տալիս խոսքը կտրել համատեքստից և նարդու տախտակը նետել ցած։ Հնարքը գուցե կարող է զվարճալի լինել, երբ գործածվում է չափավոր և մտածված, բայց դրա վրա ամբողջ պատումը կառուցելը տափակամտության է հանգեցնում։   Հեռուստաֆիլմն, իսկապես, ոչ այնքան հեռուստաֆիլմ է, որքան ամանորյա հեռուստահանդեսի, КВН-ի և գովազդի խառնուրդ, որտեղ սյուժետային գծերի զարգացումը, կապակցվածությունը կամ նույնիսկ գիտակցված չկապակցվածությունը տեղ չունեն։ Դրա մասին կա ուղիղ ակնարկ․ Աշոտն ի վերջո աշխատանքի է ընդունվում, թխվածքով ու շամպայնով մաղարիչ մատուցում․   Լալա - Վայ, Աշոտ ջան, դու միշտ պտի երկար կյանք ունենաս՝ ջրի նման, դու պտի Կոկա-կոլայի նման ընդմիշտ լինես։ Հրանտ - Ընդմիշտ Կոկա-կոլա՜։ Լալա - Վայ, Ազատն էլ եկավ։ Ազատ - Էս ի՞նչ հաշիվ ա։ Հրանտ - 0 - 2, հահահահահա։ Աշոտ - Հրանտ, դու ընչի՞ КВН չես խաղում։   Խնդիրն ինչ-որ կերպ առանձին հումորային ու երաժշտական համարները միացնելն է, և դրանց սոսինձն է դառնում «մեր բակի» երևակայումը՝ ամեն ինչ այստեղ է կատարվում և մեզ է վերաբերում։    Մյուս երկու բաղկակից տարրը բամբասանքն ու ձանձրույթն են։ Եվ այդ շրջանում, իսկապես, երկուսի ծաղկման համար էլ պարարտ հող կար։ Բայց հեղինակները, վատնելով այս երկուսի ահռելի ներուժը, ավելի շատ շոշափում են դրանց արտաքին կողմը և դրանք զոհ տալիս բառերի հարանշանակություններով ձեռնածությանը։      Ամփոփելով՝ «Մեր բակին» բնորոշ է մի կողմից իրավիճակի նկատմամբ անադեքվատությունը՝ որպես կատարվողի արդարացման հնար, մյուսից՝ իրար չկապակցված պատառիկները մի ընդհանուր պատմության մեջ հյուսելու չստացված ճիգը՝ իսկը ինչպես այդ շրջանի հասարակական կյանքն էր։ Եվ մարդիկ ընդօրինակում էին ֆիլմի միջի խոսքն ու վարքը ոչ այն պատճառով, որ նրանց սրտով էր, այլ այն, որ պետական հեռուստաալիքով Ամանորին դա էր ցուցադրվել։   Հետևանքը      Անդրադառնանք վերջին դրվագին․ երկու նորաոճ գործարար գալիս են բակ և օրենքով հաստատված փաստաթղթին հղելով՝ պահանջում նկարիչ Դավիթից ստորագրել թուղթը և ազատել իր արվեստանոցը՝ դրա փոխարեն ստանալով մեկ այլ արվեստանոց։ Բակի բոլոր բնակիչները՝ ներառյալ Ինժեներ բալան և Արմեն Միսակիչը, միացյալ ուժերով քշում են զավթիչներին։ Սակայն հետագա տարիներին «Մեր բակի» արտադրությանն առնչակից որոշ ընկերություններ և մարդիկ զբաղված էին ֆիլմից դուրս ծավալվող կյանքում այնպիսի՛ քաղաքական ուժերի լեգիտիմացմամբ և այնպիսի՛ քաղաքական գործիչների քարոզարշավների կազմակերպմամբ, որոնք նույն բանն էին անում, ինչ ֆիլմի միջի գործարարները, բայց անհամեմատ մեծ մասշտաբով։ «Մեր բակ 3» (2007) ֆիլմի վերջում բակի դալանը նկարազարդվում է քաղաքի՝ իբր մտերմիկ պատկերներով, և տարիներ անց դերասան Հրանտ Թոխատյանն («Շարմ հոլդինգ»-ի հիմնադիրներից, 2013-2016 թթ․ ՀՀԿ խմբակցությունից եղել է Երևանի ավագանու անդամ) ասում է, որ իրենց ֆիլմն առիթ դարձավ, որպեսզի քաղաքի մյուս դալաններն էլ նկարազարդվեն, և դրանից հետո մարդիկ դալաններում այլևս աղբ չեն թափում։ Ի՜նչ հեգնանք․ ճիշտ այդ շրջանում Երևանի ճարտարապետական նկարագիրը բռնաբարվում էր, և դրա ամենաակնառու օրինակը Հյուսիսային պողոտան էր, որ կառուցվել էր տվյալ տարածքում մինչ այդ բնակվող մարդկանց ոտնահարված իրավունքների վրա։ Երբ այլևս չկա մտերմիկ քաղաքի հույս, այն պետք է փոխարինել մտերմիկ քաղաքի պատկերներով՝ դրոշմված դալանների վրա։ Եվ հետագա ընթացքում «Մեր բակը», «Մեր բակը 2» և «Մեր բակը 3» ֆիլմերի հեռարձակման արանքում և յություբյան վերբեռնումների մեջ հայտնվում է գովազդը «Ռոսգոսստռախ» ընկերության, որի գրասենյակը Հյուսիսային պողոտայում է, և պողոտան էլ պատկերված է գովազդում։ Նույն «Ռոսգոսստռախ»-ը, որում տարիներ շարունակ բարձր պաշտոն է զբաղեցրել Բժշկականի КВН-ի թիմի ավագ, «Շարմ»-ի առնչակից Մինասբեկյանը։    Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ֆիլմը դարձավ КВН-ական մտածողությունը պաշտոնական մակարդակ բարձրացնող մի զսպանակ և հասարակության գլամուրացման ծիծեռնակը։ Ֆիլմի ռեժիսոր Միքայել Դովլաթյանը զրույցի ժամանակ, փորձելով գնահատական տալ «Մեր բակին», վկայակոչում է իր հոր՝ Ֆրունզե Դովլաթյանի, արձագանքը․ «Տղերք, դուք չեք պատկերացնում՝ ինչ եք արել»։ Իսկապես, դժվար է չհամաձայնել նրա հետ։ Հետգրություն․ թեման շարունակելու մարտահրավեր եմ նետում Արմեն Հայաստանցուն (Օհանյան)՝ ենթադրելով, որ նա ասելիք կունենա «Մեր բակի», КВН-ի կամ հարակից բաների վերաբերյալ։  
20:58 - 20 փետրվարի, 2020