Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան։ Ծնվել է 1977թ.-ի հոկտեմբերի 1-ին Երևանում։

1993-1996թթ. սովորել է Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում, 1996-2000թթ. գերազանցությամբ ավարտել է Տրիեստեի համալսարանի Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն բաժինը, 2001-2004թթ. սովորել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտում։

2013 թ. մարտի 9-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2013 թ. դեկտեմբերի 10-ին Սարգսյանի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։

Միքայել Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արա Մինասյանի որդին է։ Ամուսնացած է Սերժ Սարգսյանի դստեր հետ։

Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ 

Քրեական գործը հարուցվել է 2020 թվականի մարտին, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Մինասյանին ներգրավել որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին դեսպանին կալանավորելու վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի, մաքսանենգ ծխախոտի մասին |lragir.am|

Նիկոլ Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի, մաքսանենգ ծխախոտի մասին |lragir.am|

lragir.am:  Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Միքայել Մինասյանի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված մեղադրանքների մասին: «Ես ձեզ խնդրում եմ՝ մի հատ ջախջախեք այդ մտայնությունները՝ արդյոք Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ինքնաթիռներ են մեկնում»,- հարցրեց Ուրիխանյանը: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ Հայաստանի՝ որպես մաքսանենգ երկրի իմիջով հետաքրքրվողները առաջին հերթին պետք է հետաքրքրվեն այն քրեական գործով, որը հարուցված է ՊԵԿ-ում Միքայել Մինասյանի գործունեության հետ կապված: «Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ ձեր նշած անձի հովանավորությամբ Հայաստան են ներկրվել ամենատարբեր բաներ՝ գյուղատնտեսական մթերքներ, ճոխության առարկաներ, շինանյութ, ինչ ասես, սելիտրայի անվան ներքո: Եվ դրա արդյունքում ՀՀ-ին պատճառվել է մոտ 20 մլրդ դրամի վնասի: Ինչ վերաբերում է Հայաստանից ծխախոտի արտահանման տիրույթին, ես ուզում եմ ասել, որ առնվազն վերջին հինգ տարում այդ համակարգում ոչ մի բան չի փոխվել: Եվ եթե այդտեղ կա պրոբլեմ, ուրեմն այդ պրոբլեմի պատասխանը պետք է առաջին հերթին պահանջել Միքայել Մինասյանի աներ Սերժ Սարգսյանից»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ Կրասնոդարի երկրամասում բռնվել է մաքսանենգ բեռով ծխախոտ, որն արտահանվել է Հայաստանից: Եթե հետ պտտենք իրադարձությունը և քննենք Հայաստանի հարկային մարմինների գործողությունները, այդ գործողությունների մեջ ոչ մի բան չի կարող փոխվել, որովհետև որևէ բան փոխելը կլինի ապօրինի: Մարդը գալիս ասում է՝ ես ծխախոտ եմ արտահանում ՀՀ-ից, օրինակ, Աֆղանստան և թռնում եմ  Ռուսաստանով դեպի Աֆղանստան: Եվ, վարչապետի խոսքով, այդ մարդը թռնում է, օրինական ձևակերպում է ապրանքը: «Եթե այսօր էլ լինի այդ նույն բեռը, նույնկերպ ձևակերպելու է, թռնելու է: Եթե ճանապարհին վայրէջք է կատարում Կրասնոդարում՝ վերալիցքավորման նպատակով, բայց ծխախոտի մի մասը փորձ է արվում բեռնաթափել այնտեղ, Հայաստանի իշխանությունը դրա հետ ոչ մի կապ չունի»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ասաց, որ շատ մարդիկ հարցնում են՝ բա այս կոռուպցիոներները ինչո՞ւ չեն սսկվում: «Ես կարծում եմ, որ նրանք վերջին օրերի արդյունքում կսսկվեն, թույլ տվեք համոզմունք հայտնել, որ կսսկվեն, որովհետև քրեական գործում ներգրավված մեղադրյալի պաշտպանական թիմին օրենքով սահմանված կարգով փոխանցվել են տեղեկություններ, որով մեղադրյալը և նրա ընտանիքը պիտի իմանան, թե ինչ խորը ցեխի մեջ են իրենք, որից դուրս գալ չեն կարող: Ասենք՝ Սերժ Սարգսյանը, իրենք բոլորը՝ պապիկը՝ Միշիկից, տատիկը՝ պապիկից, թոռնիկը՝ տատիկից, փիսոն՝ պապիկից, մուկն էլ, ամենակարևորը մուկը վերջից քաշի, մեկ ա չեն պլստալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
19:15 - 27 մայիսի, 2020
ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չեմ հրապարակելու. Արթուր Վանեցյան
 |aysor.am|

ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չեմ հրապարակելու. Արթուր Վանեցյան |aysor.am|

aysor.am: Որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն իմ համար մարդ է, որը դեռ շատ հարցերի պետք է պատասխան տա Հայաստանի Հանրապետության օրենքների առջև, նախորդ տարվա սեպտեմբերին հրաժարական ներկայացնելիս ասել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։Այսօր Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալիս, որտեղ վերջինս հրավիրվել էր հարցաքննության, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ նկատի ուներ։«Եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Միքայել Մինասյանի կամ ցանկացած անձի մեղավորությունը և դատարանը նրան կճանաչի մեղավոր, ուրեմն այդ մարդը մեղավոր է», - պատասխանեց Արթուր Վանեցյանը։Նա ասաց, որ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չի հրապարակելու։Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ իր և Միքայել Մինասյանի ցանկությունները համընկան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու հարցում, Վանեցյանը պատասխանեց. «Եթե ուշադիր հետևել եք, վարչապետի հրաժարականի մասին առաջինը խոսել եմ ես՝ դեռևս հունվար ամսին։ Եվ հիմա, երբ արդեն բոլոր են խոսում դրա մասին, կարող են զուգահեռներ անցկացնել», - ասաց Արթուր Վանեցյանը։
21:34 - 25 մայիսի, 2020
Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործը ՀՔԾ-ից ուղարկվել է ՊԵԿ |1lurer.am|

Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործը ՀՔԾ-ից ուղարկվել է ՊԵԿ |1lurer.am|

1lurer.am: Դատախազությունը ՊԵԿ է ուղարկել Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործը, որ օրերս հարուցել էր ՀՔԾ-ն՝  տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ըստ ՀՔԾ-ի՝ 2007-2012 թթ. ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի մասնակից Մանվել Տեր-Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել Թումանյան փողոցի «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ չնայած վերջինս ունեցել է դրա համար օրինական թույլտվություն: Արդյունքում ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014 թթ. ընթացքում կրել 1 մլրդ 938,7 մլն ՀՀ դրամի վնաս:  2007-2008 թթ. վարչապետի ավագ օգնականի, 2008-2012 թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Ավելի վաղ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործով Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման և փողերի լվացման համար. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
16:37 - 22 մայիսի, 2020
Ադամանդի լեգենդը. թվերը հերքում են Մինասյանին… Եվ նույնիսկ ավելին
 |fip.am|

Ադամանդի լեգենդը. թվերը հերքում են Մինասյանին… Եվ նույնիսկ ավելին |fip.am|

fip.am: Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանը վերջերս հանդես է գալիս տեսաուղերձներով և հրապարակում է «փաստեր», որոնց հիման վրա մեղադրում է իշխանություններին Հայաստանի հեղինակության հաշվին ապօրինի բիզնեսներ անելու մեջ։ Օրերս «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր Մինասյանի այն պնդումներին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը մաքսանենգ ծխախոտ է արտահանում, և հիմնավորել էինք, որ տեսաուղերձում կար 4 սուտ: Այժմ անդրադառնանք մեկ այլ տեսաուղերձի, որը վերաբերում է ադամանդի ապօրինի բիզնեսին։ «Ստի վերջը 4» անվանմամբ տեսաուղերձում Մինասյանն իշխանություններին մեղադրում է արտերկրից ադամանդներ ներմուծելու, Հայաստանում դրանք «հայկականացնելու» և այլ երկրներ աննախադեպ ծավալներով արտահանելու ապօրինի բիզնեսով զբաղվելու մեջ։ «Միջազգային պարտնյորները տեսնում են, մարդիկ ապուշ չեն և սկսել են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հարցեր տալ։ Բա էտ ադամանդները որտեղի՞ց եկան, ո՞նց ստեղծվեց էտ համակարգը, ինչո՞ւ չկար դա։ Էտ երեք ամսում ո՞նց դուք 20 միլիարդի ադամանդ արտահանեցիք…։ Ի դեպ, ես ինչ որ ձեզ պատմում եմ, կա պետական վիճակագրության թվերի մեջ», — ասել էր նախկին դեսպանը: «Փաստերի ստուգման հարթակը» ստուգեց Միքայել Մինասյանի վկայակոչած վիճակագրությունը և պարզեց, որ այն ճիշտ հակառակն է պնդում։ Որպեսզի հասկանանք, թե ինչքանով է Մինասյանի հայտարարությունը համապատասխանում իրականությանը, անհրաժեշտ է օգտվել Վիճակագրական կոմիտեի արտաքին առևտրի տվյալների բազայից։ Հեղափոխությունից առաջ ավելի շատ էր ադամանդ արտահանվում Ըստ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող Արտաքին առևտրի տվյալների բազայի՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է մոտ 9․5 մլն դոլար արժողությամբ ադամանդ, ինչը դրամային արտահայտությամբ կազմում է մոտ 4․6 մլրդ դրամ։ Գրաֆիկում տեսնում ենք, որ վերջին տարիներին այս ցուցանիշը նվազագույնն է։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 15․8, իսկ 2018-ին՝ 20 մլն դոլարի ադամանդ։ Ի դեպ, այստեղ ներկայացված տվյալները վերաբերում են և՛ մշակված, և՛ չմշակված ադամանդին։ Միքայել Մինասյանը, սակայն, պնդում է, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 20 մլրդ դրամի ադամանդ, ինչը կազմում է ավելի քան 41․5 մլն դոլար։ Ինչպես տեսնում ենք, այդպիսի ծավալներով ադամանդ Հայաստանից չի արտահանվել ոչ միայն այս տարվա, այլ նաև վերջին 5 տարիների առաջին եռամսյակներից և ոչ մեկում, ավելին՝ նախկին իշխանությունների, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի օրոք ադամանդի արտահանման ծավալները շատ ավելին էին, քան այս իշխանությունների օրոք։ Կապ չունեցող խառը թվեր Հետաքրքիր է, որ Մինասյանի տեսաուղերձի ընթացքում կադրեր են հրապարակվում Վիճակագրական կոմիտեի կողմից թողարկված «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության հնգանիշ դասակարգման» հրապարակումից, որը ոչ մի կապ չունի Մինասյանի կողմից հիշատակվող ադամանդի արտահանման ցուցանիշի հետ։ Ցուցադրվում են նաև մի քանի այլ աղյուսակային պատկերներ, որոնց մի մասը ևս որևէ առնչություն չունի ադամանդի արտահանման հետ, իսկ մի քանիսը նույնիսկ ընթեռնելի չեն։ Մինասյանն իր տեսաուղերձում խոսում է նաև այլ տնտեսական ցուցանիշի մասին։ «Տնտեսական էքսպորտի թիվը եղել է 8․7 տոկոս, հետևաբար դա շատ-շատ զգալի է մեր տնտեսության համար»։ Դժվար էր հասկանալ նաև, թե ինչ նկատի ուներ նախկին դեսպանը «տնտեսական էքսպորտ» ասելով, քանի որ նման տերմին պարզապես գոյություն չունի, սակայն տեսանյութն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Մինասյանը «տնտեսական էքսպորտ» ասելով նկատի ունի արդյունաբերական արտադրանքի ծավալի 8․7 տոկոսանոց աճը, որը Մինասյանի խոսքում նշվածներից թերևս միակ ցուցանիշն էր, որը վերաբերում էր այս տարվա առաջին եռամսյակին, սակայն դա նույնպես որևէ կերպ չի նշանակում, որ ադամանդի արտահանումն աճել է։  «5-րդ ալիքը» ևս չի ապացուցում Միքայել Մինասյանի ուղերձին մայիսի 19-ի լուրերի հիմնական թողարկման ընթացքում անդրադարձ է կատարել նաև «5-րդ ալիքը»։  «Ո՞ւմն է «Ադամանդե ձեռքը»․ երկրի գործարար համբավը վտանգված է» վերնագրով ռեպորտաժում հեղինակները և տնտեսական մեկնաբան Արա Մարտիրոսյանը խոսում են ադամանդի մշակման ծավալների աճի մասին և հղում անում Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ» տեղեկագրին։  Սակայն Վիճակագրական կոմիտեի կողմից վարվող այս փաստաթուղթը ևս որևէ կերպ չի ապացուցում Մինասյանի կողմից արված՝ 20 մլրդ դրամի ադամանդի արտահանման մասին պնդումը, այլ միայն ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածում մոտ 2700 տնտեսվարողների կողմից թողարկված (ոչ թե արտահանված) արտադրանքի ծավալը։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ադամանդների արտահանման ծավալների վերաբերյալ Միքայել Մինասյանի հրապարակած թվերը չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ այդմ, նաև խիստ անարժանահավատ են դառնում Մինասյանի պնդումները՝ գործող իշխանությունների կողմից ադամանդների անդրսահմանային ապօրինի բիզնես անելու մասին: Սևադա Ղազարյան
18:12 - 21 մայիսի, 2020
Նիկոլ Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին |lragir.am|

Նիկոլ Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին |lragir.am|

lragir.am: Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն և զբաղվում են Միքայել Մինասյանի հայտարարություններով: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Մինասյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանն իր հետ հանդիպման էր ուղարկել Արթուր Վանեցյանին՝ դնելով մի շարք պայմաններ: Պատասխանելով հարցին, որ իր կնոջ եղբորը՝ Հրաչյա Հակոբյանին մեղադրում են մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման մեջ, Փաշինյանը պատասխանել է, որ Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրելլ և տեղի կունենա հրապարակային դատական գործընթաց, և բոլորը հրապարակայնորեն կտեսնեն ինչն է ճիշտ, ինչն է սխալ: Հակոբյանը հերքել է ծխախոտի արտահանման հետ իր կապը: Փաշինյանի խոսքով, այդ ծխախոտ արտահանման պարագայում Հայաստանի մաքսային մարմինները իրավախախտում թույլ չեն տվել, այլ արտահանողներն են փորձել ապօրինի վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել: Այդ երկրի իրավապահները պետք է զբաղվեն ու բոլոր մեղավորներին պատժեն, ասել է Փաշինյանը: :
14:15 - 16 մայիսի, 2020
Միքայել Մինասյանի վերաբերյալ ՀՔԾ-ում նոր քրեական գործ է հարուցվել

Միքայել Մինասյանի վերաբերյալ ՀՔԾ-ում նոր քրեական գործ է հարուցվել

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2007-2012 թվականներին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչի արդյունքում «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին պատճառվել է մոտ 2 միլիարդ դրամի վնաս: Նշենք, որ հիշյալ ժամանակաշրջանում այդ պաշտոններին եղել է Միքայել Մինասյանը: ՀՔԾ հաղորդագրությունը՝ ստորեւ. «03.05.2020թ.-ին մամուլում հրապարակված «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ մասնակից Մանվել Տեր–Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 16.11.2007թ.-ին Մ. Տեր-Առաքելյանին պատկանող ընկերությանը տրվել է համապատասխան շինարարության թույլտվություն՝ 2 տարվա ընթացքում վերակառուցել Օպերայի և բալետի ազգային թատրոնի այգու` Թումանյան փողոցին հարող 564 քմ տարածքում գործող «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ այն շահագործելու համար: Հիշյալ ընկերությունը 2008թ.-ին նախաձեռնել է սրճարանի վերակառուցման աշխատանքները, սակայն 2007-2012թթ-ին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ընկերության մասնակից Մանվել Տեր–Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը` ընկերությանը փաստացի զրկելով վարձակալած տարածքն իր նշանակությամբ օգտագործելու օրինական իրավունքներից, որի հետևանքով ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014թթ-ի ընթացքում կրել 1 938 798 136 ՀՀ դրամի վնաս: Անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
18:05 - 15 մայիսի, 2020
Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ |armenpress.am|

Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ |armenpress.am|

armenpress.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Այս մասին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ «Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն»,- ասաց Օհանջանյանը։ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 2-ին տեսանյութով էր հանդես եկել և հայտարարել, որ 2018-2019 թվականներին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իր հետ հանդիպում է նախաձեռնել Հռոմում, առաջարկել սիմվոլիկ գումար վճարել որևէ հիմնադրամի, դրանից հետո որևէ քրեական գործ չի հարուցվի, սակայն Մինասյանը չի կարող վերադառնալ Հայաստան: Միքայել Մինասյանը ասել էր նաև, որ մերժել է այս առաջարկությունը: Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում եւ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ։  
18:16 - 13 մայիսի, 2020
Մինասյանի մաքսանենգ սխեմաները կապ չունեն Հրաչյա Հակոբյանի հետ. Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

Մինասյանի մաքսանենգ սխեմաները կապ չունեն Հրաչյա Հակոբյանի հետ. Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կասկած չունի, որ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը տիրապետում է նախկինում օգտագործված մաքսանենգ սխեմաների, բայց դրանք, նրա հավաստմամբ, որևէ կապ չունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի հետ: Մայիսի 13-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ մեղադրանքներին, թե այսօրվա իշխանությունների որոշ ներկայացուցիչներ թաթախված են Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտը արտահանելու սխեմաներում։ Քոչարյանի խոսքով՝ Հրաչյա Հակոբյանի հասցեին հնչեցված հայտարարություններն ու մեղադրանքներն ուղղակի շահարհկումներ են․ «Եթե ուսումանսիրեք ու տեսնեք, թե ովքեր են այդ անունները... Խոսքը, օրինակ, Վարդան Հարությունյանի և այլ մարդկանց մասին է, որոնք կապ ունեն նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ»։ «Եթե նման փաստ կա, թող քրեական գործեր հարուցեն, ինչն էլ կպահանջի, որ բացահայտվեն բոլոր դրվագները, բայց եթե մաքսանենգ չէ, ապա ստացվում է, որ հատուկ նպատակով փորձ է արվում վարկաբեկել մեր գործընկերոջը», - ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ տվյալ գործի շրջանակում շահարկվում է ոչ միայն պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի այն անդամների անունները, որոնք քաղաքականությամբ են զբաղվում: «Պետք է ամբողջական ուսումնասիրություն կատարվի, որ այս թեման ոչ միայն բացահայտվի, այլ նաև՝ այլևս չշահարկվի, քանի որ այս թեմայի նպատակը մեկն է՝ մաշեցնել իշխանության լեգիտիմությունը»,- հայտարարեց Քոչարյանը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:19 - 13 մայիսի, 2020
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը |hetq.am|

Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, քիչ առաջ հրապարակել է որոշում, որով Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։   Մինասյանը գտնվում է հետախուզման մեջ։ Վերջինս «Ֆեյսբուքի» իր էջով պարբերաբար տեսանյութեր է հրապարակում ու անդրադառնում իր վերաբերյալ քրեական գործին ու  Հայաստանի իշխանությունների գործելաոճին։ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով, որը հարուցվել է 2018 թվականին, Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2020 թվականի մարտի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2  դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը): Խոսքն, ըստ քրեական գործի,  1 մլն 200  հազար դոլարի փողերի լվացման մասին է։ Նրան  կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացվել մարտի 23-ին, իսկ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել երեկ՝ մայիսի 5-ին, այսինքն՝ միջնորդությունը ստանալուց ավելի քան 40 օր անց։
14:20 - 06 մայիսի, 2020
Միքայել Մինասյանի հայտարարության վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ․ Դատախազություն |news.am|

Միքայել Մինասյանի հայտարարության վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ․ Դատախազություն |news.am|

news.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում եւ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ»,- փոխանցեց Աբրահամյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միքայել Մինասյանն իր տեսանյութում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ցանկություն է հայտնել տեսակցել իր հետ եւ արդեն հանդիպման ժամանակ առաջարկել է սիմվոլիկ գումար փոխանցել Հայաստանի հիմնադրամներից որեւէ մեկին, ինչի դիմաց չեն հարուցվի քրեական գործեր:
17:13 - 04 մայիսի, 2020
Վանեցյանն ասաց՝ մուծվում ես սիմվոլիկ գումար ինչ-որ հիմնադրամի, չես գալիս Հայաստան, կողմնակիցներդ չեն պայքարում Փաշինյանի դեմ ու քո դեմ քրեական գործերը դադարեցվում են. Միքայել Մինասյան |factor.am|

Վանեցյանն ասաց՝ մուծվում ես սիմվոլիկ գումար ինչ-որ հիմնադրամի, չես գալիս Հայաստան, կողմնակիցներդ չեն պայքարում Փաշինյանի դեմ ու քո դեմ քրեական գործերը դադարեցվում են. Միքայել Մինասյան |factor.am|

factor.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը «Ստի վերջը» վերնագրված տեսանյութով մանրամասներ է ներկայացրել իր ու Արթուր Վանեցյանի հանդիպումից՝ նշելով նաև, թե որն է եղել թեման։ Ըստ Մինասյանի, Արթուր Վանեցյանն իրեն զանգահարել է 2019 թվականի փետրվարին, երբ ինքը Հռոմում է եղել, ասել է, որ ուզում է հանդիպել։ Իր հարցին՝  որն է թեման, Վանեցյանը, ըստ Մինասյանի, պատասխանել է, որ Նիկոլ Փաշինյանն ուղերձ ունի իրեն։ Նրանք հանդիպել են Հռոմի կենտրոնի սրճարանում։ Վանեցյանը ներկայացել է իբրև ԱԱԾ տնօրեն ու ասել, որ իրավասու է խոսել Նիկոլ Փաշինյանի անունից։ «Ասաց՝ մենք ունենք քեզ հետևյալ առաջարկը՝ դու մուծվում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք ուր՝ ինչ-որ հիմնադրամ կամ պետական հիմնադրամ, հստակ չձևակերպեց, որից հետո դու առաջիկա տարիներին երբեք Հայաստան չես գալիս, բոլոր այն մարդիկ, որոնք առնչվում են քեզ հետ, լսում են քո խոսքը, իրենք դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու դառնում ես ապաքաղաքական մարդ, շարունակում ես ապրել Հայաստանից դուրս, բայց մենք պայմանավորվում ենք՝ բոլոր քրեական հետապնդումները դադարեցվում են, խոսքը գնում է հորս ու ընկերներիս մասին։ Մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ»,- ներկայացրեց Միքայել Մինասյանը։ Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը նաև ասում է՝ ինքը մերժել է Նիկոլ Փաշինյանին, որովհետև իրեն չէր կարող ներել ու չէր կարող ապրել լավ, երբ իր ժողովուրդը այս վիճակում է. «Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում անկեղծ համարում եմ պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդի դավաճան, պետության թշնամի, որովհետև ՀՀ-ում այսօրվա կատարվողը պարզապես պետական դավաճանություն է։ Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանին՝ իմանալով այն ճանապարհը, որ ինձ սպասում է»։
22:14 - 02 մայիսի, 2020
Գագիկ Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասնակցությամբ աննախադեպ ծավալների քրեական գործեր են քննվում. գլխավոր դատախազ |civilnet.am|

Գագիկ Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասնակցությամբ աննախադեպ ծավալների քրեական գործեր են քննվում. գլխավոր դատախազ |civilnet.am|

civilnet.am: Այս պահին մի քանի աննախադեպ ծավալի քրեական գործեր են քննվում տարբեր քննչական մարմինների վարույթում, որոնք վերաբերում են 10-15 տարի թաքցված ու արտոոնյալ տնտեսական գործունեությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ լրագրողների հարցին։  «Այդ տնտեսական գործունեությունը իրականացվել է շուրջ 100 ֆորմալ սուբյեկտների կողմից, ու ձեռք են բերվել որոշակի օպերատիվ տեղեկություններ, որ այդ այդ ամբողջ գործունեությունը ղեկավարվել է 1-2 կենտրոնից։ Նախնական սխեման այնպիսին է, որ այդ գործունեության արտոնյալ հատվածը այլ կերպ, քան կազմակերպված եղանակով չէր կարող իրականացվել։ Մեր երկրում այս ծավալի քրեական գործեր երբեք չեն քննվել»,- հայտարարել է Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կազմակերպվել է այնպես, որ հետագայում դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ լինեն։ Դատախազն ասել է, որ ղեկավարված սխեմայում մի քանի հարյուր միլիոն դոլարի շրջանառության մասին է խոսքը։  Դավթյանն նաև նշել է, որ այն փուլում, երբ ապացուցողական բազան բավարար կլինի, այդ պահից կսկսվեն հետապնդումներ։ Լրագրողների ճշգրտող հարցին՝ արդյոք հարուցված քրեական գործերի մասին արդեն հայտարարվե՞լ է, գլխավոր դատախազը պատասխանել է՝ աննախադեպ ծավալներով քրգործը վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ կապված գործին և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ կապված գործին։  «Մենք պաշտոնական տվյալ ունենք, որ Միքայել Մինասյանը երկրի տարածքում չի գտնվում»,- տեղեկացրել է Դավթյանը՝ ավելացնելով, որ հետախուզման աշխատանքներում համագործակցություն է լինելու նաև միջազգային գործընկերների հետ։ 
17:31 - 30 ապրիլի, 2020