Ալինա Նիկողոսյան

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը։

 

Պացիենտի պնդումները, որ իրեն չեն այցելել բժիշկներ և այլ բուժաշխատողներ, անհիմն են․ ԱՆ-ի խոսնակը՝ ի պատասխան Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական  Արամ Բաբաջանյանի պնդմանը, թե իրեն բուժումը կիսատ տուն են տեղափոխել

Պացիենտի պնդումները, որ իրեն չեն այցելել բժիշկներ և այլ բուժաշխատողներ, անհիմն են․ ԱՆ-ի խոսնակը՝ ի պատասխան Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արամ Բաբաջանյանի պնդմանը, թե իրեն բուժումը կիսատ տուն են տեղափոխել

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ինչպես երեկ խոստացել էի, հրապարակում եմ «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք» վերնագրով Hetq.am-ի հոդվածի վերաբերյալ պարզաբանումը կամ այսպես ասած «պատմության երկրորդ կողմը»։ Ինքս դեմ եմ մարդկանց բժշկական հարցերին առնչվող տեղեկություններ տարածելուն, բայց հոդվածն ամբողջովին գցում է հիվանդանոցի համբավը, որտեղ բուժում է ստացել պացիենտը։ Պարոն Բաբաջանյանը և իր կինը մայսիի 14-ին ընդունվել են «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ։ Բաբաջանյանն ընդունվել է բարձր ջերմությունով՝ 38.5C˚: Ընդունման օրը պացիենտներին զննել են ինչպես հերթապահ բժիշկը, այնպես էլ թոքաբանը և նույն օրը երկուսին էլ կատարվել է կրծքավանդակի ռենտգեն- հետազոտություն, և երկուսի մոտ էլ ախտորոշվել է երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, նշանակվել է համապատասխան բուժում: Բուժումը մշտապես հսկվել է համապատասխան մասնագետների՝ թոքաբանի, սրտաբանի կողմից, կատարվել են ստուգիչ ռենտգեն-հետազոտություններ մեկ շաբաթ հետո: Բուժումը ընթացել է հարթ: Պացիենտի պնդումները, որ իրեն չեն այցելել բժիշկներ և այլ բուժաշխատողներ, անհիմն են, ինչպես բոլոր պացիենտները, նրանք նույնպես ստացել են համապատասխան բուժում և բուժօգնություն: Պացիենտը պահանջել է, որ իրեն և կնոջը ցուցաբերեն անհատական մոտեցում և բժիշկները կամ բուժքույրերը շատ երկար մնան հիվանդասենյակում, որը ճիշտ չէ համաճարակաբանական տեսանկյունից, ինչպես նաև տուժելու էին մյուս պացիենտները: Ավելին, Արամ Բաբաջանյանը պահանջել է արտոնյալ պայմաններ՝ պահանջելով, որ իրեն այցելի թոքաբանության պրոֆեսոր, կասկածի տակ դնելով հիվանդանոցի աշխատակիցների մասնագիտական գիտելիքները։ Վերջիններս հիվանդանոցից դուրս են գրվել բուժման ընթացքի տասը օր հետո մայիսի 24-ին, քանի որ չեն ունեցել ախտանշաններ։ Կենտրոնի կողմից ցուցաբերած բուժօգնության բարձր մակարդակի մասին վկայում է այն փաստը, որ առ այսօր այնտեղ բուժվել և բուժվում են թվով 584 COVID-19 դրական պացիենտներ, որոնցից 90-ն անցել են վերակենդանացման բաժանմունքով՝ եղել են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում»:
15:36 - 28 մայիսի, 2020
Կորոնավիրուսային հիվանդության բուժման դեղ գոյություն չունի և յուրաքանչյուր հիվանդի բուժումը վարվում է անհատական մոտեցմամբ. ԱՆ խոսնակ

Կորոնավիրուսային հիվանդության բուժման դեղ գոյություն չունի և յուրաքանչյուր հիվանդի բուժումը վարվում է անհատական մոտեցմամբ. ԱՆ խոսնակ

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նյութով ամբողջությամբ չեմ կիսվում` հանրության նյարդերը խնայելու համար: Զարմանում եմ, թե հեղինակի ստեղծագործական միտքն ուր կարող է հասնել: Դեղերը պացիենտներին նշանակվում և տրվում են բացառապես բժշկական ցուցումներով և բացառվում է, որ որևիցե մեկին բժիշկը հեռակա խորհրդատվությամբ կարող է դեղ նշանակել: Հարց է առաջանում, ինչու՞ լրատվամիջոցը չի փորձել հիվանդանոցից կամ լիազոր մարմնից ստանալ տեղեկատվություն: Դրա փոխարեն տարածել է միակողմանի հերյուրանք: Եթե, իհարկե հերոսները մտացածին չեն` հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը, քանի որ սույն հոդվածը փաստացի հաղորդում է հանցագործության մասին: Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման դեղ աշխարհում գոյություն չունի և յուրաքանչյուր հիվանդի բուժումը վարվում է անհատական մոտեցմամբ: Ամեն օր կատարվող հետազոտություններից հետո բժշկական խումբը քննարկում է հաջորդ օրվա բուժման տակտիկան»։
13:14 - 27 մայիսի, 2020
Բոլոր պոլիկլինիկաները ապհովված են բավարար միջոցներով, որպեսզի ընդունեն կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին․ ԱՆ խոսնակ

Բոլոր պոլիկլինիկաները ապհովված են բավարար միջոցներով, որպեսզի ընդունեն կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին․ ԱՆ խոսնակ

Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունները, կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, ՀՀ ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն, կազմակերպում են նմուշառում և ուղեգրում թեստավորման: Այնուհետև ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում COVID-19 հաստատված պացիենտի հետ, ճշտում գանգատները, ուղեկցող հիվանդությունները: Ելնելով պացիենտի գանգատներից՝ նա որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա դիտարկվում է նաև հոսպիտալացման անհրաժեշտութունը: Այս մասին նշված է մայսի 25-ին՝ Առողջապահության նախարարության կողմից արված հայտարարության մեջ։  Այսօր hetq.am լրատվական կայքի հետ զրույցում  փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշել էր, որ առաջնային բժշկական օղակում միանգամայն անպատրաստ են վիրուսակիրների հետ աշխատանքին և չափազանց շփոթված վիճակում են:  Վերջինս հավելել էր նաև, որ իր իր առողջական վիճակը վատթարացել է, իսկ հիվանդանոցներում չեն իրականացնում համապատասխան բուժզննում։  Փաստաբանը հաղորդել էր, որ արդեն 18 օր է, ինչ պառկած է տանը, սակայն ոչ ոք չի հետաքրքրվել իմ վիճակով:  infocom.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ վարակակիրների ՝ տանը բուժվելու գործընթացը կարգավորվում է նախարարի հրամանով։  «Կան հատուկ կրիտերիաներ, որոնց հիման վրա միայն կարող է վարակակիրը հոսպիտալացվել։ Դա մենք մամուլի հաղորդագրության տեսքով ենք նաև տարածել, թե որ դեպքում է ընդհանրապես հոսպիտալացումը կատարվում»,- ասաց Նիկողոսյանը։ Անդրադառնալով փաստաբանի այն դիտարկմանը, որ իր տարեց ծնողները չեն թեստավորվել անգամ վերջինիս խնդրանքից հետո, ԱՆ խոսնակը պատասխանեց, որ թեստավորման կրիտերիաները նույնպես հստակեցված են,  և  որևէ մեկը ուղղակի, կամայական թեստավորման չի ենթարկվում։ «Թեստավորումը տրվում է պոլիկլինիկայի ցուցումով, երբ համապատասխան ախտանիշներ են ի հայտ գալիս, որը թեստավորելու հիմք է ծառայում։ Իսկ ուղղակի, կամայական որևէ մեկին թեստավորում չի կատարվում։ Նորից եմ կրկնում, որ մեն ինչը կարգավորվում է նախարարի հրամանով, որը թե՛ հրապարակել ենք մեր կայքում, թե՛ տեղեկացրել ենք հանրությանը»,- տեղեկացրեց Նիկողոսյանը։ Վերջինս հավելեց, որ տանը բուժվող վարակակիրները իրենք պետք է կապի մեջ լինեն պոլիկլինիկայի բժշկի հետ։ Նիկողոսյանը նաև ընդգծեց, որ անցած շաբաթվանից արդեն սկսվել են տնային բուժումները, և պոլիկլինիկաները տեղյակ են, թե ինչպես պետք է գործեն։ «Պոլիկլինիկաները ապահովված են նաև առաջին օգնության բավարար  միջոցներով։ Բոլոր պոլիկլինիկաները պատրաստ են ընդունելու կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին»,- եզրափակեց ԱՆ խոսնակը։  
21:53 - 26 մայիսի, 2020
Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել․ Ալինա Նիկողոսյան |azatutyun.am|

Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել․ Ալինա Նիկողոսյան |azatutyun.am|

azatutyun.am: «Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել»,- վրացական լրատվամիջոցներին տված իր մեկնաբանության մեջ նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: Թբիլիսիում,հիշեցնենք, «ոչ դիվանագիտական» էին որակել նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանի քայլերի մասին: Չժխտելով, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի լավ են իրականացվում, Թորոսյանը միաժամանակ ասել էր, թե Վրաստանի հակահամաճարակային համակարգը էականորեն զիջում է Հայաստանին: Ալինա Նիկողոսյանը, մասնավորաբար, նշել է. «Մենք բարձր ենք գնահատում սահմաններ չճանաչող այս մարտահրավերին դիմագրավելու գործում վրաց գործընկերների հետ ունեցած սերտ համագործակցությունը: Մեր հարաբերություններում գերիշխում է համագործակցության ոգին, և որևէ կարիք չկա վերջինիս արհեստական մրցակցության տարրեր հաղորդել։ Հենց այդ տրամաբանությամբ ենք կառուցել և շարունակելու ենք զարգացնել մեր ոլորտային փոխգործակցությունը»: Ցավալով, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել, մամուլի քարտուղարը նկատել է, որ բոլոր երկրները ունեն իրենց ազգային մակարդակով ներդրված համակարգեր և համավարակին դիմագրավելու ազգային մարտավարություններ, որոնց գերնպատակն է հաշվի առնելով յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկությունները` առավելագույնս արդյունավետորեն հասցեագրել առկա բոլոր խնդիրները:
22:08 - 24 մայիսի, 2020
Երևանի N49 մանկապարտեզն այսօր չի բացվել. աշխատակիցներից մեկը ջերմություն է ունեցել, բոլորը կորոնավիրուսի թեստ են հանձնել |armtimes.com|

Երևանի N49 մանկապարտեզն այսօր չի բացվել. աշխատակիցներից մեկը ջերմություն է ունեցել, բոլորը կորոնավիրուսի թեստ են հանձնել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի Նորաշեն թաղամասի թիվ 49 մանկապարտեզն այսօր իր դռները չի բացել երեխաների առաջ: Վերաբացման նախապատրաստական աշխատանքների ժամանակ աշխատողներից մեկի ջերմությունը բարձր է եղել: Դա արձանագրելուց հետո որոշվում է կայացվել թեստավորել ողջ անձնակազմին՝ կորոնավիրուսի վարակի առկայությունը հաստատելու կամ հերքելու համար: «Թեստերի պատասխանները դեռ չկան»,-  հարցմանն ի պատասխան՝ նշեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գեւորգյանը: Նա ընդգծեց, որ մանկապարտեզի վերաբացման հետ կապված քննարկումներ կսկսեն, երբ ստանան թեստերի պատասխանները: Կորոնավիրուսի առկայությունը հաստատվելու պարագայում, բնականաբար, անհրաժեշտ կլինի ձեռնարկել անվտանգության մի շարք միջոցառումներ, մանկապարտեզի վերաբացումը, թերեւս շուտ չի լինի: «Բայց հուսանք, որ թեստի պատասխանը դրական չի լինի, եւ մանկապարտեզն այդ պարագայում շուտով կշարունակի իր գործունեությունը: Ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող, դա մեզանից կախված հարց չէ, բժշկական-մասնագիտական հարց է, որ Առողջապահության նախարարությունն է որոշում»,- նշեց Գեւորգյանը: Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկոողոսյանը, հարցերին պատասխանելով, նշեց, որ յուրաքանչյուր առանձին դեպքի համար որոշում է կայացվում՝ ելնելով մի շարք պայմաններից:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:25 - 20 մայիսի, 2020
Ասիմպտոմ դեպքերի մի մասը բուժում է ստանում հյուրանոցներում. Հայաստանը «տնային բուժման» դեռ չի անցել |armenpress.am|

Ասիմպտոմ դեպքերի մի մասը բուժում է ստանում հյուրանոցներում. Հայաստանը «տնային բուժման» դեռ չի անցել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց մի մասը, որոնց մոտ վիրուսը ասիմպտոմ կերպով է արտահայտնված, բուժօգնություն են ստանում հյուրանոցներում: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը կարող է հիվանդանոցային մահճակալային բուժում ապահովել մոտ 1700 պացիենտի համար: Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 2042 է: Սակայն խոսնակի խոսքով՝ այս պահին առկա մահճակալային ֆոնդը դեռ բավականացնում է հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն ապահովելու համար, քանի որ ասիմպտոմ դեպքերը տեղափոխվում են հյուրանոցներ:  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել էր նաև տնային պայմաններում բուժման անցնելու տարբերակի մասին: Նա նկատել էր, որ դեպքերի զգալի մասը չի պահանջում բուժում կամ պահանջում է բուժում՝ տնային պայմաններում, և արդեն բազմաթիվ երկրներ անցել են այդ ռեժիմին: Նախարարը նշել էր՝ Հայաստանը ձգտում է դրան չհասնել, անել այնպես, որ բոլոր հնարավոր դեպքերը բուժեն առնվազն հյուրանոցային պայմաններում կամ հիվանդանոցային պայմաններում, եթե ունեն ստացիոնար բուժօգնության կարիք:  Թորոսյանի խոսքով՝ այնուամենայնիվ տնային պայմաններում «բուժման»  համար հատուկ դեղորայքի կարիք չկա, պետք է ընդամենը շատ հեղուկ օգտագործել, խմել ջերմիջեցնող: Սակայն Նիկողոսյանի խոսքով՝ այս պահին դրա մասին խոսելը դեռ վաղ է, տնային պայմաններում «բուժում»  դեռ չի իրականացվում: 
16:54 - 12 մայիսի, 2020
58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ

58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյնաը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով: Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն: Ապրիլի 16-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 42 նոր դեպք և 44 առողջացածներ»։
11:03 - 17 ապրիլի, 2020
Վրաստանյան ԶԼՄ-ներում Հայաստանի առողջապահության նախարարի խոսքն աղավաղված է ներկայացվել․ ՀՀ ԱՆ խոսնակ |aliq.ge|

Վրաստանյան ԶԼՄ-ներում Հայաստանի առողջապահության նախարարի խոսքն աղավաղված է ներկայացվել․ ՀՀ ԱՆ խոսնակ |aliq.ge|

aliq.ge: Ապրիլի տասի առավոտյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսից հետո Վրաստանի մի քանի լրատվամիջոցներ «Մենք այլևս չենք կարող վերահսկել վիրուսի դեպքերի տարածումը. ՀՀ ԱՆ» վերնագրով հոդվածներ հրապարակեցին: Հոդվածում նշված է Արսեն Թորոսյանի ելույթի այս մասը․ «Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոսով մարում է: Առաջ, երբ ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, օրինակ՝ մի արտադրամաս, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից: Հետևաբար, վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից, բայց մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել և անել նույն գործողությունները, որոնք արել ենք մինչև հիմա՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել և բուժել»: Ու թեև վրացական ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածների բուն բովանդակությունը համապատասխանում է նախարարի խոսքին, սակայն շփոթմունք առաջացնող վերնագրի հետևանքով նշված հոդվածները լայն քննարկման առիթ դարձան սոցիալական ցանցերի վրացական տիրույթում՝ հիմնականում առաջացնելով խուճապային տրամադրություններ։ «Ալիք մեդիային» ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասում է. «Նախարարի խոսքը, մասնավորապես այն, որտեղ ասում է, որ «վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից», կապված է ոչ թե դեպքերի ու աղբյուրների հետ, այլ նրա, որ եթե նախկինում ունեինք առանձնակի օջախներ, ապա այժմ գրանցվում են առանձին այլ դեպքեր։ Ուստի, նշել, թե «Մենք այլևս չենք կարող վերահսկել վիրուսի դեպքերի տարածումը» չի համապատասխանում իրականությանը»: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի դրւթյամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 937 դեպք, որոնցից առողջացել է 149 մարդ, մահացել է՝ 12-ը։
00:07 - 11 ապրիլի, 2020