Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի նախագահին

Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի նախագահին

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները, որոնք իրենց բովանդակությամբ ընդունված է բնութագրել որպես առանձնաշնորհյալ, այսօր զարգանում են լայն օրակարգով և նոր ուղղություններով, որոնք միտված են ամրապնդելու ՀՀ դիմակայությունը: Վերջինիս համատեքստում երկուստեք ընդգծվել է հատկապես տնտեսական ոլորտում և գործարար կապերի ընդլայնման միջոցով փոխգործակցության առավել ակտիվացման կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին, որոնց համար լավ հիմքեր են ձևավորվել, որոնցից է Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի մասնակցությունը Հայաստանի մարզերում առողջապահական ծրագրերին:   Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով եվրոպական քաղաքակրթություն և ունենալով ժողովրդավարական բարեփոխումների օրակարգ, էականորեն խորացնում է հարաբերությունները Եվրոպական միության և անդամ պետությունների հետ: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և առկա մարտահրավերներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է 2022թ. հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության տեքստում Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակման և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատման կարևորությունը: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շրջանի քննարկումները և գործընթացում պահպանվող հիմնական հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների և կարիքների հասցեագրմանը, այս նպատակով ՀՀ-ին ցուցաբերված աջակցությանը, ինչպես նաև հումանիտար բնույթի հարցերի:
20:43 - 09 ապրիլի, 2024
Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար

Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար

Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի նախագահ տիկին  Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Վեհափառ Հայրապետը ողջունելով հյուրերին և անդրադառնալով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը՝ իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին Հայոց Ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի, ինչպես նաև այս դժվարին օրերին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար։ Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը անդրադարձ կատարեց Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, Արցախի բռնազավթման ու հայաթափման, մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ այդ ուղղությամբ կարևորելով բարեկամ երկրների և միջազգային հանրության գործուն քայլերի ձեռնարկումը։ Իր հերթին Դեպարտամենտային խորհրդի նախագահ Մարտին Վասալն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց պատվիրակության անդամներին: Շեշտելով Հայաստան և հայոց հոգևոր կենտրոն կատարած իրենց այցի կարևորությունը` Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց պատվիրակության առաքելության ու ծրագրեի վերաբերյալ, որոնք միտված են երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանը և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
18:55 - 07 ապրիլի, 2024
Ժաննա Անդրեասյանը Լուվրի թանգարանի տնօրենին հրավիրել է սեպտեմբերին այցելել Հայաստան

Ժաննա Անդրեասյանը Լուվրի թանգարանի տնօրենին հրավիրել է սեպտեմբերին այցելել Հայաստան

Պաշտոնական այցով Փարիզում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար Նիկոլ Բելուբեի հետ։ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության և երիտասարդության ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը և դրա հետագա ընդլայնումը։ Հանդիպմանը քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման, փորձի փոխանակման և ուսումնական նյութերի արդիականացման հարցերը։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ հաջողությամբ ընթանում է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» փորձնական ծրագիրը: Ըստ նախարարի՝ ընդլայնվում է հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցումը, ինչը նշանակում է, որ աշակերտները ոչ միայն ֆրանսերեն են ուսուցանում, այլև ֆրանսերենով սովորում Ֆրանսիայի պատմություն, աշխարհագրություն և այլ առարկաներ։ Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ տարեցտարի ավելանում է նաև ֆրանսերենով ուսուցմամբ ուսումնական հաստատությունների թիվը։ ԿԳՄՍ նախարարը գործընկերոջը ներկայացրել է նաև ՀՀ դպրոցներում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը` առաջարկելով այս ուղղությամբ փորձի փոխանակում կազմակերպել։ Անդրադառնալով երիտասարդության ոլորտում հնարավոր համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է կազմակերպել հայ-ֆրանսիական երկկողմ ճանաչողական այցեր Ֆրանսիայի և Հայաստանի համայնքային երիտասարդական կենտրոններ։ Միաժամանակ, առաջարկվել է դիտարկել փորձի փոխանակում երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող ծրագրերի և իրավական ակտերի մշակման ուղղությամբ։ Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Նիկոլ Բելուբեն նշել է, որ համագործակցության առաջարկները բավականին հետաքրքիր են և պատրաստակամություն է հայտնել ընդլայնել առկա համագործակցությունը։ Նախարարը հայ գործընկերոջը ներկայացրել է Ֆրանսիայում գործող հանրակրթական դպրոցների կառավարման մոդելները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Փարիզ կատարած այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել նաև Քե դը Օրսեյի թանգարանի տնօրենի պաշտոնակատարի և Լուվրի տնօրենի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության ձևաչափերը։ Օրսեյի թանգարանում կայացած հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը։ Ժաննա Անդրեասյանն Օրսեյի տնօրինությանն առաջարկել է այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրությանը՝ նշելով, որ այն ավանգարդի և իմպրեսիոնիզմի հարուստ հավաքածու ունի։ Քննարկվել են նաև Այվազովսկու և Սուրենյանցի աշխատանքների ցուցահանդեսները կազմակերպելու հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանի հաջորդ հանդիպումը Լուվրի թանգարանի տնօրեն Լորանս դը Կարսի հետ էր, որին ներկա էր նաև Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ ցուցադրություններ կազմակերպելու հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը Լուվրի թանգարանի տնօրենին հրավիրել է սեպտեմբերին այցելել Հայաստան՝ ներկա լինելու Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» նոր ցուցադրության բացմանը, ինչպես նաև տեղում քննարկելու համադրվող ցուցադրության ցուցանմուշների հարցերը։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
11:48 - 06 ապրիլի, 2024
Հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին. ԱՄՆ պետքարտուղարություն
 |amerikayidzayn.com|

Հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին. ԱՄՆ պետքարտուղարություն |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> ԱՄՆ պետքարտուղարությունն պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության մասին։ Ավելի վաղ՝ Փարիզում գտնվելու ընթացքում պետքարտուղար Բլինքենն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է հարավկովկասյան զարգացումները։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս Փարիզում էր, ուր ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Բլինքենի հետ նաև անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի, «այսօր վիճարկվում է Ադրբեջանի կողմից»։ Իր խոսքում, Ստեֆան Սեժուրնեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի հռետորաբանության կապակցությամբ՝ այն որակելով «անվերահսկելի»: «Արձանագրում ենք նաև Բաքվից հնչող կեղծ լուրերի աճ: Նրանք՝ [Ադրբեջանը] հակված են Հայաստանին մեղադրել էսկալացիայի համար, թեև Հայաստանը, հավանաբար, միակն է, որ ցանկանում և փորձում է խուսափել դրանից: Այդ ամբողջ քարոզչության մեջ կարող եմ տեսնել բազմաթիվ ընդհանուր տարրեր, եթե զուգահեռներ տանենք, թե ինչ է Ռուսաստանը պարտադրում Ուկրաինային»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով, որ Բաքվում կայանալիք COP29-ի գագաթնաժողովից վեց ամիս առաջ անհրաժեշտ է «ծայրահեղ ուշադրություն դարձնել» վերոնշյալին: Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի այս հայտարարությունը քննադատել է Իտալիան: Իտալական Giornale Diplomatico պարբերականի հաղորդմամբ, այդ երկրի փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելին, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև զինադադարն այժմ ամուր է՝ երկու երկրների պատասխանատվության շնորհիվ։ Սակայն պարզ է, որ ներգրավված կողմերից բացի, այլ ինստիտուտների ներկայացուցիչների ցանկացած անպատասխանատու հայտարարություն սպառնում է նոր լարվածությամբ: ...ԱՄՆ պետքարտուղարի հետ Ֆրանսիայի Հանրապետության արտգործնախարարի համատեղ ասուլիսին հնչած հայտարարությունները, անշուշտ, չեն նպաստում իրավիճակի հանդարտեցմանը։ Օգտակար ու տեղին կլիներ, եթե Սեժուրնեն չվնասեր նրանց ջանքերին, ովքեր սթափ մտքով շարժվում են դեպի այս տարածաշրջանում վերջնական խաղաղության»,- ասել է իտալացի դիվանագետը: Բնականաբար, Բաքուն ևս քննադատել է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը՝ կոչ անելով Փարիզին օրինակ վերցնել Հռոմի «հավասարակշռված» մոտեցումներից: Իր հերթին՝ Երևանը հայտարարել է, որ «Ֆրանսիայի արտգործնախարարի ապրիլի 2-ի անդրադարձը և տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին Ֆրանսիայի ներգրավածության նպատակներն ու կարևոր ներդրումը հայտնի են բոլոր գործընկերներին»: Հայաստանի արտգործնախարարության խոսնակը շեշտել է. «Մենք կարևորում ենք, իհարկե, Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամ, որի առաքելությունը 2022թ. հոկտեմբերից՝ նույն Պրահայի հանդիպումից հետո մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը և վերջին օրերին էլ հանդես է եկել համապատասխան հաղորդագրություններով: Կարծում ենք՝ ԵՄ առաքելության մանդատի համապատասխան գործունեությունն ու գնահատականները պետք է հաշվի առնվեն, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամ պետությունների դիրքորոշումներում»: Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիա է այցելել Բրյուսել մեկնելուց առաջ, ուր ապրիլի 5-ին նախատեսվում է Բլինքեն-Ֆոն դեր Լայեն-Փաշինյան եռակողմ հանդիպումը։ Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպմանը կքննարկվի «ԱՄՆ ու ԵՄ աջակցությունը Հայաստանի տնտեսական դիմակայունությանը, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ»: Նախքան Բլինքենի այցը Ֆրանսիա, ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել էր մի տեղեկատու՝ ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունների ու համագործակցության եզրերի մասին, ուր մասնավորապես նշված է. «Ֆրանսիայի Հանրապետության հետ մեր հարաբերությունները հիմնված են ընդհանուր ժողովրդավարական արժեքներին մեր համատեղ հանձնառության վրա, որոնք էական նշանակություն ունեն փոխադարձ անվտանգության, կայունության և բարգավաճման համար: Միացյալ Նահանգները և Ֆրանսիան սերտորեն համագործակցում են ողջ աշխարհում, ներառյալ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում և Լատինական Ամերիկայում: Մենք համագործակցում ենք ահաբեկչության դեմ պայքարում և զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կասեցնելու ուղղությամբ»: Ի պատասխան «Ամերիայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության ու հնարավոր հեռանկարների մասին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից հայտնել են․ «Միացյալ Նահանգները, ԵՄ-ի մեր գործընկերների հետ միասին, հավատարիմ են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելու [գործին]: Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Մենք շարունակում ենք ներգրավված լինել՝ երկկողմանի, գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների միջոցով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրին դարձնելու համար»:
12:32 - 05 ապրիլի, 2024
Կարևորում ենք Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամի. ԱԳՆ խոսնակ

Կարևորում ենք Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամի. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանություն է տարածել՝ ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների: Հարց.- Ապրիլի 2-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հարավային Կովկասում կայունության ապահովման անհրաժեշտությանն ու զարգացումներին, սրացումից խուսափելու Հայաստանի իրական մտադրությանը՝ նաև մտահոգություն հայտնելով ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հնարավոր սպառնալիքների առնչությամբ: Որոշ երկրներ Ֆրանսիայի այս ընկալումն օգտակար չեն համարում տարածաշրջանային կայունության տեսանկյունից: Ինչպե՞ս կմեկնաբանեք: Պատասխան.- Կարծում ենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի ապրիլի 2-ի անդրադարձը և տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին Ֆրանսիայի ներգրավվածության նպատակներն ու կարևոր ներդրումը հայտնի են բոլոր գործընկերներին: Դրա օրինակները շատ են թե՛ Հայաստանի հետ երկկողմ, թե՛ տարածաշրջանային ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության առումով: Քննարկվող համատեքստում կարող ենք առանձնահատուկ նշել 2022 թ. հոկտեմբերին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում կայացած քառակողմ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին. ի դեպ, Պրահայի հանդիպման և Ալմա-Աթայի հռչակագրի մասին հիշատակվում է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից տարածված հաղորդագրության մեջ: Մենք կարևորում ենք, իհարկե, Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամի, որի առաքելությունը 2022 թ. հոկտեմբերից՝ նույն Պրահայի հանդիպումից հետո մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը և վերջին օրերին էլ հանդես է եկել համապատասխան հաղորդագրություններով: Կարծում ենք՝ ԵՄ առաքելության մանդատին համապատասխան գործունեությունն ու գնահատականները պետք է հաշվի առնվեն, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամ պետությունների դիրքորոշումներում: Հիշեցնենք՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Մենք Հայաստանի հասցեին ավելի ու ավելի շատ կեղծ մեղադրանքներ ենք տեսնում, թե, իբր, վերջինս պատասխանատվություն է կրում էսկալացիայի համար, չնայած Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է, որը ցանկանում և փորձում է խուսափել հակամարտությունից այդ տարածաշրջանում: Եթե ավելի ուշադիր նայենք, ապա կգտնենք շատ ընդհանուր տարրեր և կնկատենք նմանություններ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, և ես կարծում եմ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան Բաքվում COP29-ից վեց ամիս առաջ»:
16:14 - 04 ապրիլի, 2024
Անկարան Փարիզին բազմիցս հորդորել է զերծ մնալ «Հայաստանին այլ միջոցներով աջակցելու փորձերից». Չավուշօղլու
 |azatutyun.am|

Անկարան Փարիզին բազմիցս հորդորել է զերծ մնալ «Հայաստանին այլ միջոցներով աջակցելու փորձերից». Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանին ռազմական աջակցության ցուցաբերելն այսօր որևէ օգուտ չի խոստանում ոչ Հայաստանին, ոչ էլ տարածաշրջանին։ Դրա փոխարեն անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության խրախուսումը»,- այս մասին այսօր Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար, այժմ պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ Անկարան մասնավորապես Փարիզին բազմիցս հորդորել է հրաժարվել «Հայաստանին այլ միջոցներով աջակցությունից»։ «Մենք բազմիցս այդ մասին հայտարարել ենք Ֆրանսիայի ներկայացուցիչներին։ Նրանք պետք է հրաժարվեն Հայաստանին այլ միջոցներով աջակցելու փորձերից։ Նրանք թող չմոռանան, որ մեր սիրելի Ադրբեջանը երբեք չի լինի միայնակ»,- հայտարարել է Թուրքիայի իշխող մեծամասնության ներկայացուցիչը։ Չավուշօղլուի այցը Բաքու հաջորդում է Թուրքիայի ռազմական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակության այցին։ Նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով թուրք պաշտոնյաներին, «ընդգծել է , որ Ադրբեջանում լուրջ քայլեր են ձեռնարկվում պաշտպանական արդյունաբերության զարգացման ուղղությամբ», «այդ տեսանկյունից թուրքական առաջատար ընկերությունների պատվիրակության այցն Ադրբեջան լավ հնարավորություններ է ստեղծում համագործակցության հեռանկարները քննարկելու համար»։
13:30 - 04 ապրիլի, 2024
Ես չեմ հասկանում Մոսկվայի ու Բաքվի մտահոգությունները՝ կապված Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հետ․ Ֆրանսիայի դեսպան |armenpress.am|

Ես չեմ հասկանում Մոսկվայի ու Բաքվի մտահոգությունները՝ կապված Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հետ․ Ֆրանսիայի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Բաքվից և Մոսկվայից հնչող կարծիքներին, թե Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը սպառնալիքներ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար։  Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դեսպանն ասել է, թե չի հասկանում՝ ինչպե՞ս կարող է հումանիտար ճգնաժամի դիմակայող և տարածքային սպառնալիքների առջև կանգնած երկրին օգնելը վնասել տարածաշրջանի անվտանգությանը։ «Չեմ հասկանում, թե ինչպե՞ս մի երկրի օգնելը, որը դիմակայում է հումանիտար ճգնաժամի, որը կանգնած է տարածքային սպառնալիքների առջև, կարող է վնասել տարածաշրջանի անվտանգությանը։ Ինձ համար այս մտահոգություններն անհասկանալի են»,- ասել է Դըկոտինյին։   Անդրադառնալով դիտարկմանը, թե Մոսկվայից հայտարարում են, որ առաջիկա եռակողմ հանդիպումը Ռուսաստանի դեմ քայլ է՝ դեսպանն ասել է․ «Ինչպե՞ս կարող է Հայաստանին օգնելը Ռուսաստանի դեմ լինել։ Ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը»։ Դեսպանն անդրադարձավ նաև ՌԴ-ից հնչող կարծիքներին, թե Արևմուտքը ոչ թե ուզում է Հայաստանին օգնել, այլ ցանկանում է Հայաստանի ձեռքերով Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ «Վերջին տարիներին, երբ Հայաստանն օգնության կարիք է ունեցել, Ռուսաստանը տեղում չի եղել, և Արևմուտքը, որը մեկ բլոկ չէ, այլ իրենից ներկայացնում է բազմաթիվ նախաձեռնություններ, տարբեր կազմակերպություններ, տարբեր երկրներ, այսօր օգնության է հասնում, և դա դրական երևույթ է»,- ընդգծել է դեսպանը։ Նա արձանագրել է, որ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը, որը Հայաստանի պաշտոնական դաշնակիցն է (երկու երկրները ՀԱՊԿ-ի անդամ են), Հայաստանին օգնության չի հասել, երբ վերջինիս տարածքը ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող երկրի կողմից երկու անգամ հարձակման է ենթարկվել 2021 և 2022 թվականներին։   «2023 թվականին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանը, որը հրադադարի երաշխավորն էր 2020 թվականից ի վեր, որն ուներ խաղաղապահ զորքեր Լեռնային Ղարաբաղում, չմիջամտեց։ Ռուսաստանի խաղաղապահ զինվորներն անմասն մնացին, նրանք իրենց զորանոցից դուրս եկան միայն Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների ուժերը զինաթափելու ժամանակ, Բաքվի հետ հրադադար կնքելուց հետո։ Այսպիսով, եթե ինչ-որ մեկը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է։ Վերջին տարիներին դա Ռուսաստանն է»,- նշել է Դըկոտինյին։ Անդրադառնալով հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է Արևմուտքը, քանի որ վերջինս Հայաստանին ստիպել է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից և ոչինչ չի արել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանությունն ապահովելու առումով՝ դեսպանն ասել է․ «Այն, ինչ տեղի է ունեցել, հետևյալն է՝ երբ հրադադարի պայմանագիրը խախտվել է Ադրբեջանի կողմից, հրադադարի երաշխավոր ռուսները երաշխավորի իրենց դերը չեն խաղացել։ Շատ պարզ է՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող ուժերը, որոնք պետք է երաշխավորեին այդ հրադադարը, ռուսական ուժերն էին։ Ինչ վերաբերվում  է փախստականներին, որոնք լքեցին Լեռնային Ղարաբաղը, նրանք դա արեցին 9 ամիս տևած շրջափակումից և դաժան ռազմական հարձակումից հետո։ Եվրոպացիները չեն կազմակերպել այս շրջափակումը, եվրոպացիները չեն կազմակերպել այս դաժան հարձակումը»։
10:49 - 04 ապրիլի, 2024
«Լըկորնյուն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմուտքը ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ դա բարդելով ԻԼԻՊ-ի վրա». ՌԴ ՊՆ

«Լըկորնյուն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմուտքը ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ դա բարդելով ԻԼԻՊ-ի վրա». ՌԴ ՊՆ

Ապրիլի 3-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։  Սա նախարարների առաջին խոսակցությունն է 2022 թվականի հոկտեմբերից ի վեր։ Ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ Լըկորնյուն Ֆրանսիայի անունից համերաշխություն է հայտնել մարտի 22-ին մերձմոսկովյան «Կրոկուս հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 144 մարդ։ Հաղորդվում է, որ ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարելու և Ռուսաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ այդ սպառնալիքին առավելագույնս արդյունավետ հակազդելու համար։ Միևնույն ժամանակ, ֆրանսիացի նախարարը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին դադարել ահաբեկչությունն օգտագործել Ուկրաինայի դեմ մեղադրանքներ հնչեցնելու համար և ասել, որ Փարիզը չունի որևէ տեղեկատվություն, որը կմատնանշեր հարձակման և Ուկրաինայի միջև կապը։ «Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ կողմերը քննարկել են Ուկրաինայի պատերազմը, Լըկորնյուն ասել է, որ Ֆրանսիան դատապարտում է ռուսական ներխուժումը և կշարունակի աջակցել Կիևին։ Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել  «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։  ՌԴ ՊՆ-ն նշում է՝ Ֆրանսիացի նախարարը համառորեն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմտյան երկրները ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ պատասխանատվությունը բարդելով ԻԼԻՊ-ի վրա(Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) Սերգեյ Շոյգուն, ընդգծելով, ահաբեկչության հետ կապված սկսված հետաքննությունը կավարտվի, և բոլոր մեղավորները կպատժվեն, նշել է, որ ահաբեկչության մեջ ուկրաինական հետքի մասին տեղեկություններ կան.  «Կիևի ռեժիմը ոչինչ չի անում առանց արևմտյան կուրատորների հավանության։ Հույս ունենք, որ այս դեպքում ֆրանսիական հատուկ ծառայությունները չեն սրա հետևում կանգնած»,- ասել է Շոյգուն։  ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ ֆրանսիական զորախմբի հնարավոր ուղարկումն Ուկրաինա «խնդիրներ կստեղծի հենց Ֆրանսիայի համար»։
09:30 - 04 ապրիլի, 2024
Բաքուն «անհիմն» է որակում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները  |azatutyun.am|

Բաքուն «անհիմն» է որակում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն «անհիմն» է որակում ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած մեղադրանքները և կոչ անում Փարիզին «դադարեցնել ապակառուցողական գործունեությունը»: Այդ մեղադրանքները, ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում, «տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու Ֆրանսիայի ջանքերի հերթական ակնհայտ օրինակն են»: Բաքվի պնդմամբ՝ «ադրբեջանական հողերը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ պահած Հայաստանը որպես խաղաղասեր երկիր ներկայացնելը <...> վկայում է, թե որքան կեղծ էր Ֆրանսիայի վարած քաղաքականությունը թե՛ նրա միջնորդության շրջանում, թե՛ 44-օրյա պատերազմից հետո»: Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն անթույլատրելի է համարում «Հայաստանին լայնորեն վերազինող և տարածաշրջանում միլիտարիզմը խրախուսող» Ֆրանսիայի կողմից Բաքվին ագրեսիվ հռետորաբանության մեջ մեղադրելը: «Այն ժամանակ, երբ Ադրբեջանը որպես Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) կազմակերպիչ պատասխանատու դեր է իրականացնում, մենք համարում ենք, որ Ֆրանսիայի և ամբողջ աշխարհի համար ավելի շահեկան է խուսափել երկրի իմիջի խաթարմանն ուղղված և մեր նախագահությունը թիրախավորող նման կոչերից», - նաև հայտարարում է Բաքուն: Ստեֆան Սեժուրնեն երեկ Էնթոնի Բլինքենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծել է, մասնավորապես, որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Մտահոգություն է հարուցում Ադրբեջանի հռետորաբանությունը, որը փորձում է կեղծ տեղեկատվություն տարածելով Հայաստանի վրա բարդել էսկալացիայի պատասխանատվությունը», - հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:  
09:05 - 03 ապրիլի, 2024
Հայաստանի տարածքային ամբողջականությունն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների. Սեժուրնե
 |1lurer.am|

Հայաստանի տարածքային ամբողջականությունն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների. Սեժուրնե |1lurer.am|

1lurer.am: Մենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների, և թույլ տվեք ձեզ ասել, թե որքան ենք մենք մտահոգված դրանով՝ հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի անչափելի է դառնում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք Հայաստանի հասցեին ավելի ու ավելի շատ կեղծ մեղադրանքներ ենք տեսնում, թե իբր վերջինս պատասխանատվություն է կրում էսկալացիայի համար, չնայած Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է, որը ցանկանում և փորձում է խուսափել հակամարտությունից այդ տարածաշրջանում: Եթե ավելի ուշադիր նայենք, ապա կգտնենք շատ ընդհանուր տարրեր և կնկատենք նմանություններ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, և ես կարծում եմ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան Բաքվում COP29-ից վեց ամիս առաջ»,- ասել է Սեժուրնեն: 
20:34 - 02 ապրիլի, 2024
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի մանրամասներին: Ակադեմիական քաղաքի տարածք են այցելել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին և այլք: ԿԳՄՍ նախարարն «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում կարևորել է միջպետական բուհերի ակտիվ մասնակցությունը՝ դրանց կարիքները, առաջարկությունները, գաղափարները դիտարկելու և մշակվող նախագծում հաշվի առնելու նպատակով: Ժաննա Անդրեասյանը դեսպանին է ներկայացրել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախնական տարբերակի մանրամասները, անդրադարձել դրա ենթակառուցվածքների տեղադիրքին: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ առաջիկա ամիսներին պատրաստ կլինի ակադեմիական քաղաքի ամբողջական հատակագիծը, որն այժմ գտնվում է մշակման և նախագծման փուլում: Նախագծի հայեցակարգի շրջանակում զուգահեռաբար աշխատանքներ են իրականացնվում նաև լանդշաֆտային դիզայնի, ճանապարհային ցանցի ու անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագծման ուղղությամբ, ինչից հետո ծրագրի իրականացումը լինելու է փուլային սկզբունքով։ Ընդ որում՝ առաջին փուլի հիմնական կետերից մեկը լինելու է երկաթուղու գործարկման ուղղությամբ աշխատանքների մեկնարկը։ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին բարձր են գնահատել նախագծի շուրջ իրականացվող մեծածավալ աշխատանքները՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարելով համարձակ, հավակնոտ և գրավիչ: Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկելու «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում: Նախագծի իրականացումը կարևորվել է նաև օտարերկրյա ուսանողների ներգրավվածության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ ակադեմիական քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան ուսանողական հանրակացարաններ և այլ կարևոր ենթակառուցվածքներ են լինելու: Դեսպան Օլիվիե Դըկոտինյին հետաքրքրվել է նախագծվող քաղաքի հանրակացարանային, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներից՝ շեշտելով, որ դրանք առաջնային անհրաժեշտություն են: Նշենք՝ միջպետական բուհերի կարիքներն ու պահանջներն ակադեմիական քաղաքի ստեղծման գործընթացում հնարավորինս հաշվի առնելու, մշտական իրազեկման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու, նախատեսվող լուծումների քննարկումներն առավել մասնակցային դարձնելու նպատակով դիտարկվում է առանձին աշխատանքային խումբ ձևավորելու հնարավորությունը: Ակադեմիական քաղաքի նախագծման և հայեցակարգի ձևավորման արդյունավետության նպատակով համագործակցությունը միջազգային գործընկեր կառույցների հետ կրելու է շարունակական բնույթ:
13:07 - 28 մարտի, 2024
Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:   Հանդիպման սկզբում Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին Հայաստան այցելության համար և նշել, որ նման այցերը մեծ քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն:   Անն-Լորանս Պետելը բարձր է գնահատել Հայաստանի հետ հաստատված միջխորհրդարանական հարաբերությունները և ընդգծել, որ մեծաքանակ բարեկամական խմբի կազմում ներկայացված են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք ունեն Հայաստանին աջակցության վերաբերյալ կոնսենսուս: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը` կողմերն ընդգծել են հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: «Հայաստանը խորապես կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այն մեծ նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում»,- նշել է ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ԼՂ-ից տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության զարգացման հեռանկարները միջխորհրդարանական, ինչպես նաև անվտանգային, տնտեսական և այլ ոլորտներում: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:
22:28 - 27 մարտի, 2024