Ջալալ Հարությունյան

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս։
Ծնվել է 1974թ. նոյեմբերի 11-ին, Ասկերանի շրջանի Բադարա գյուղում:

Կրթությունը

1981-1991 թթ. սովորել է Ասկերանի շրջանի Բադարա գյուղի միջնակարգ դպրոցում: 1991թ. ընդունվել է Արցախի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետը: 1995թ. ավարտել է Արցախի պետական համալսարանը: 1999թ. ընդունվել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմահրետանային ակադեմիան, որն ավարտել է կարմիր դիպլոմով:

Գործունեությունը

1992 թ. նոյեմբերի 5-ից ծառայում է ՊԲ-ում:

1992-2016 թթ. ՊԲ տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` հրետանային հետախուզության պետի օգնական, հրետանային հետախուզության պետ, հրետանային դիվիզիոնի շտաբի պետ, զորամասի ուսումնական ՀԴ հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, միավորման հրետանու պետ, պաշտպանական շրջանի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, միավորման հրամանատար:

2018 թ. դեկտեմբերի 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

2019թ. հուլիսի 8-ին ԱՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Այլ գործունեություն

1992-1994 թթ. մասնակցել է մարտական գործողությունների:

Պարգևներ

Պարգևատրվել է  «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի, «Նելսոն Ստեփանյան», «Անբասիր ծառայություն» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

ԱՀ պաշտպանության նախարարը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետը քննարկել են պաշտպանունակության հարցերի լայն շրջանակ

ԱՀ պաշտպանության նախարարը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետը քննարկել են պաշտպանունակության հարցերի լայն շրջանակ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության ու գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ին  Արցախի Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության մի շարք օբյեկտներ:  Բարձրաստիճան զինվորականներն առաջնագծում հետևել են լայնածավալ ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի ծառայության պայմանների ու կենցաղի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին: ՊԲ ինժեներասակրավորական զորամասերից մեկում  ներկայացվել են նոր տիպի ամրաշինական օբյեկտների կառուցվածքային տարրերը: Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել է հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության տեսակետից կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակ:
20:25 - 11 օգոստոսի, 2020
Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն

Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, համատեղությամբ նաև ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն օգոստոսի 10-ին այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն: Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միության նախագահ Վերա Գրիգորյանի ուղեկցությամբ` բանակի հրամանատարը շրջել է անհայտ ճակատագրի արժանացած ազատամարտիկների կյանքի և գործունեության կարևորագույն դրվագները ամբողջացնող թանգարանում, հուշանվերներ հանձնել միությանն ու քննարկել այն բոլոր հարցերի համախումբը, որը հուզում է անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին: Բանակի հրամանատարը խոստացել է նոր թափ ու որակ հաղորդել հանձնաժողովի գործունեությանն ու ուշադրության կենտրոնում պահել բարձրացված բոլոր խնդիրները: Միության նախագահ Վերա Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ջալալ Հարությունյանին արդյունավետ համագործակցության համար և, ի նշան երախտագիտության, հանձնել «Հայրենիք և հավատ» մեդալ:
16:53 - 10 օգոստոսի, 2020
Տեղի է ունեցել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2020 թ․ բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը

Տեղի է ունեցել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2020 թ․ բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ օգոստոսի 8-ին անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2020 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ներածական խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՊԲ-ի բոլոր միավորումները, զորամասերն ու ստորաբաժանումները առաջադրված ուսումնական և մարտական խնդիրները կատարել են անհրաժեշտ մակարդակով և, մարտական հերթապահության կրմանը զուգահեռ, առաջընթաց ապահովել մարտական պատրաստության ու զորքերի կենսագործունեության բոլոր ուղղություններում: Օրակարգային ելույթներում բանակի հրամանատարի տեղակալներն ու համապատասխան բաժինների և ծառայությունների պետերը անդրադարձել են ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և շտաբային պատրաստության ու զորքերի ծառայության ոլորտներում արձանագրված հիմնական ցուցանիշներին, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում իրականացված տեսչական ստուգումներին ու դրան հաջորդած մարտավարական զորավարժություններին և կիսամյակային ամփոփիչ ստուգումներին` մատնանշելով այն բոլոր դրական զարգացումներն ու արձանագրված բացթողումները որոնք տեղ են գտել ինժեներական և բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, թիկունքային ծառայության և հարակից այլ բնագավառներում: Իր ամփոփիչ խոսքում գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, համակողմանի վերլուծության ենթարկելով տարածաշրջանային ռազմաքաղաքական ընթացիկ զարգացումները, կարևորել է հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված գործընթացների նշանակությունը և առաջիկա ուսումնաշրջանի հիմնական անելիքների վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձանց տվել անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ: Ռազմական խորհրդի նիստի ավարտին, ՊԲ հրամանատարի համապատասխան հրամանի համաձայն, կիսամյակի արդյունքներով լավագույն ճանաչված զինծառայողները պարգևատրվել են պատվոգրերով, թանկարժեք նվերներով ու արժանացել դրամական խրախուսանքների:
18:55 - 08 օգոստոսի, 2020
ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ

ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ

Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի վրա օգոստոսի 3-ին ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ  անցկացվել են մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ, որոնցում ներգրավված էին ՊԲ-ի միավորումների ու զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները: Նախքան պարապմունքների մեկնարկը հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակից անձնակազմին ներկայացրել է միջոցառումների հակիրճ բովանդակությունը` կարևորելով դրանց պատշաճ իրականացումը բանակային նոր ուսումնական տարում զորքերի պատրաստության մակարդակը ևս մեկ աստիճանով բարձրացնելու և արդի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու առումով: Այնուհետև ծավալված ուսումնական կետերում, ըստ ուղղությունների, անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական կիրառման, զորքերի նստեցման շրջաններում հրամանատարների կողմից խնդիրների ճշգրտման և ընդհանրապես մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման ընթացքում զորամասի կողմից իրականացվող գործողություններին առնչվող տարաբնույթ պարապմունքներ` հատուկ ուշադրություն դարձնելով դրանց կազմակերպման կարգին ու մեթոդիկային: Ծավալված ուսումնական կետերում պարապմունքները ղեկավարել են բանակի հրամանատարի տեղակալներն ու համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերը: Կարևորելով նշված օղակի հրամանատարական կազմի դերը զորամասերի ու ստորաբաժանումների արդյունավետ ղեկավարման, ներքին ծառայության ու մարտական հերթապահության կազմակերպման և առաջադրված խնդիրների իրագործման համատեքստում` ցուցադրական վարժանքների ընթացքում անցկացվել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ, որոնք միտված էին ժամանակի պահանջներին համահունչ կատարելագործելու հրամանատարների մասնագիտական ունակությունները: Շրջելով ծավալված ուսումնական կետերով և հետևելով պարապմունքների ընթացքին` գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն իր հերթին անհրաժեշտ ցուցումներ ու պարզաբանումներ է տվել, որոնք միտված էին պարապմունքներն առավել արդյունավետ ու նպատակային դարձնելուն` հատուկ ուշադրության դարձնելով հակառակորդի հավանական գործողություններին հակազդելու միջոցառումներին: Ցուցադրական պարապմունքների ավարտին ի մի են բերվել կատարված աշխատանքները, քննարկվել նոր ուսումնականում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով իրականացնելու և համաբանակային կարևորության տարբեր թեմաներ, իսկ զորքերի ամենօրյա ծառայության առաջիկա անելիքների վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա հրամկազմին տվել է անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:  
19:51 - 04 օգոստոսի, 2020
Պետք է ամեն պահի պատրաստ լինել մարտական գործողությունը տեղափոխելու Ադրբեջան․ ԱՀ նախագահ

Պետք է ամեն պահի պատրաստ լինել մարտական գործողությունը տեղափոխելու Ադրբեջան․ ԱՀ նախագահ

ՊԲ-ի՝ 2020 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների պատրաստվածությունը ստուգելու, մասնագիտական գիտելիքների մակարդակը, տեսական և գործնական հմտություններն ու ունակությունները բարձրացնելու նպատակով հուլիսի 27-29-ը ՊԲ-ում անց են կացվել հրամանատարական հավաքներ: Առաջին դասախոսությունը  հավաքի մասնակիցների հետ անց է կացրել ԱՀ ՊՆ, ՊԲ-ի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Բանակի հրամանատարը կարևորել է նման ձևաչափով հավաքներն ու դրանց զուգահեռ իրականացվող տեսական ու գործնական պարապմունքները զորքերի ամենօրյա կենսագործունեության ամրապնդման և զորամասերի մարտունակության շարունակական բարձրացման համատեքստում: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։ Հրամանատարական հավաքների ընթացքում, ըստ համապատասխան խմբերի, իրականացվել են դասախոսություններ ու սեմինար-պարապմունքներ մարտավարամասնագիտական պատրաստության առարկաներից, անդրադարձ է կատարվել բարոյահոգեբանական ապահովման խնդիրներին: Հավաքները օգտակար էին ոչ միայն հրամանատարական պատրաստության կատարելագործման, զորքերի ամենօրյա ղեկավարման հարցերում միատեսակ մոտեցումների ձևավորման, այլև ծառայողական փորձի փոխանակման և միմյանց հետ ավելի սերտ կապեր հաստատելու տեսանկյունից: Հրամանատարական հավաքների արդյունքների ամփոփմանը ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանրապետության ղեկավարը, ողջունելով հրամանատարական հավաքի ամփոփիչ խորհրդակցության մասնակիցներին, նշել է, որ երկրի անվտանգության երաշխավոր պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում առաջադրված բոլոր մարտական խնդիրները` նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանմանը: Այնուհետև, անդրադառնալով հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողություններին և այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հնչող սպառնալից հայտարարություններին, Արայիկ Հարությունյանը նշել է, որ ամեն պահի ոչ միայն պետք է պատրաստ լինել արժանի հակահարված տալու հակառակորդի սադրիչ գործողություններին, այլև, անհրաժեշտության դեպքում, մարտական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք` վստահեցնելով, որ բանակաշինությունը այսուհետ ևս լինելու է երկրի իշխանությունների գերակա առանցքը և արվելու է առավելագույնը բանակի զարգացման ու հզորացման համար: Հրամանատարական հավաքների արդյունքների ամփոփմանը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից ի մի են բերվել արձանագրված արդյունքները, լավագույն ցուցանիշներ գրանցած մի խումբ զինվորականներ արժանացել են խրախուսման, իսկ մասնակից սպայակազմին  հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ տրվել են անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:
11:35 - 30 հուլիսի, 2020
Ջալալ Հարությունյանը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին

Ջալալ Հարությունյանը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին

Հուլիսի 5-ին ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկների ընդունման հանդիսավոր հավաք, որին մասնակցել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը, շնորհավորելով զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորակոչիկները պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը լինելու բարձր առաքելությունը՝ վերջիններիս մաղթելով բարի և հաջողություններով ուղեկցվող ծառայություն:Հանդիսավոր միտինգի ավարտին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ, պատասխանել վերջիններիս հուզող հարցերին և պատասխանատու սպայակազմին տվել նորակոչիկների՝ զինվորական կյանքին արագ ինտեգրվելու համար անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:
12:40 - 05 հուլիսի, 2020
Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ամփոփվել են զորավարժությունների արդյունքները

Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ամփոփվել են զորավարժությունների արդյունքները

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ամփոփվել են հունիսի 22-ից 26-ը անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքները:  Անդրադառնալով զորավարժությունների արդյունքներին՝ բանակի հրամանատարը մանրակրկիտ վերլուծության  է ենթարկել 2020 թվականի բանակային ուսումնական տարվա կարևորագույն միջոցառումներից մեկի ընթացքը, մասնավորապես մարտական պատրաստականության, սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործման, զորամասերի ու ստորաբաժանումների ղեկավարման և կրակային խոցման ուղղությունները: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար,  գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը զորավարժությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումների ու թերացումների վերաբերյալ հրամանատարական կազմին տված  համապատասխան ցուցումներից  ու հանձնարարականներից  բացի, կարևորել է նաև հաջորդ ուսումնական փուլի նախապատրաստական աշխատանքների համալիրը, մասնավորապես մարտական հերթապահության կազմակերպման, ստորաբաժանումների ներդաշնակման և զորամասերի կենսագործունեության այլ առանցքային ուղղություններում: Ամփոփիչ զեկույցից հետո հրապարակվել է  ՊԲ հրամանատարի հրամանը, համաձայն որի  զորավարժությունների ընթացքում լավագույն կողմերով աչքի ընկած զորամասերը, ստորաբաժանումներն ու առանձին զինծառայողներ խրախուսվել են արժեքավոր նվերներով և դրամական պարգևներով:
16:22 - 04 հուլիսի, 2020
Հակառակորդի ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են. Արայիկ Հարությունյան

Հակառակորդի ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին այցելել է Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարան և հետևել ՊԲ տարբեր զորամասերի ընդգրկմամբ անցկացվող մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև ՊԲ-ում կիրառվող հայրենական և օտարերկրյա արտադրության նշանոցներին և վերջին շրջանում համալրված կապի և տեսադիտարկման տեխնիկական միջոցներին, դրանց տեխնիկական հնարավորություններին:  Այցի ընթացքում նախագահը հետևել է նաև ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրական պարապմունքին: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բանակի հրամկազմին զորավարժությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ ցուցադրած արդյունքները մեկ անգամ ևս փաստում են, որ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են: Զորավարժությանը ներկա էին նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր  շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:
13:44 - 26 հունիսի, 2020
ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, հունիսի 20-ին անցկացվել է ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2020 թվականի ձմեռային զորակոչի արդյունքներին ու ամառային զորակոչի խնդիրներին: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ծառայողական խորհրդակցությանը մասնակցել են ռազմական խորհրդի անդամները, ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներն ու զինվորական կոմիսարները: Անդրադարձ է կատարվել համապետական նշանակության միջոցառման ժամանակ արձանագրված դրական զարգացումներին ու տեղ գտած բացթողումներին, քննարկվել է կազմակերպչական բնույթի հարցերի լայն շրջանակ, ներկայացվել են զեկույցներ՝ կատարված նախապատրաստական աշխատանքների, առաջիկա զորակոչի ընթացքում, զորամասերում իրականացվելիք հակահամաճարակային համալիր գործընթացների վերաբերյալ: ՊԲ-ի հրամանատարը ընդհանրացնելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան պաշտոնատար անձանց տվել է ցուցումներ ու հանձնարարականներ:
14:13 - 20 հունիսի, 2020