Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ։ Ծնվել է 1958թ. սեպտեմբերի 9-ին։ 1976-1978 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1982-1993 թթ. ծառայել է ՆԳՆ համակարգում, եղել է Սեւանի, Արմավիրի ՆԳ բաժինների պետ։ 1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը։ 1993-1996 թթ. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ։ 1997 թ. նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ։ 2001 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում։

2010 թ. հոկտեմբերի 2-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից։ 2011 թ. շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ։

2018 թ. մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից:

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և այլ հանցավոր արարքներ կատարելու համար

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և այլ հանցավոր արարքներ կատարելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում Վ. Գասպարյանը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, մասնավորապես` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, այդ թվում` իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով օրինականացրել է դրանք: Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ.Գասպարյանի կինը, 2010-2011 թվականներին պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, ծառայության չի ներկայացել և իր պարտականությունները չի կատարել, սակայն Վ.Գասպարյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է կնոջը ավելի քան 17 մլն ՀՀ դրամ աշխատավարձի վճարումը: Բացի այդ, 2011-2018 թվականներին ՀՀ ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու ընթացքում Վ.Գասպարյանի կինն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները, ավելին` առանց վերադասին ուղղված` իրեն արձակուրդ տրամադրելու մասին զեկուցագրերի տարբեր տևողություններով բացակայել է ՀՀ-ից և չի ներկայացել աշխատանքի: Այս դեպքում ևս Վ.Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 19 մլն ՀՀ դրամ գումար: Պարզվել է նաև, որ Վ. Գասպարյանի` ՀՀ ոստիկանության զորքերում պաշտոնի նշանակված դուստրը 2015-2018 թվականներին երբևէ ծառայության վայր չի ներկայացել, ծառայությունից բխող որևէ պարտականություն չի կատարել, ինչի մասին տեղյակ լինելով` Վ. Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, և արդյունքում դստերը հաշվարկվել և վճարվել է շուրջ 9 մլն ՀՀ դրամ գումար: Վերոգրյալից բացի, 2012-2019 թվականներին, որպես ՀՀ ոստիկանության պետ ի պաշտոնե հանդիսանալով նաև Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահը, այլ անձանց հետ խմբով կազմել և օգտագործել է կազմակերպության գույքն օտարելու իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ` կազմակերպության ընդհանուր ժողովի կեղծ արձանագրություն, որի հիման վրա Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող` Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 1,103556 հեկտար հողամասը և կազմակերպության սեփականությունը հանդիսացող 5902,5 քմ շենք-շինությունները փորձել է օտարել Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը: Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի վատնումը, սակայն, նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ պետական լիազոր մարմինը` Կադաստրի կոմիտեն, մերժել է իրավունքի պետական գրանցումը: Հիշյալ արարքն ավարտին հասցնելու դեպքում կազմակերպությանը կարող էր պատճառվել առանձնապես խոշոր չափերով՝ 857.891.044 ՀՀ դրամի գույքային վնաս: Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Գասպարյանը, 1982-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով բացառապես պետական պաշտոններ, տիրապետել, օգտագործել և տնօրինել է 2000-2018 թվականների ընթացքում իր կատարած հանցագործությունների՝ առանձնապես խոշոր չափերով վատնման, ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ստացված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով դրա իրական բնույթն ու հանցավոր ծագումը: Մասնավորապես, Վ. Գասպարյանը և նրա ընտանիքի անդամները 1995-2021 թվականների ընթացքում որպես օրինական եկամուտ ստացել են ընդհանուր 353.249.428 ՀՀ դրամ, սակայն 2005-2021 թվականների ընթացքում նրանց և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց անուններով գրանցված, բայց փաստացի Վ. Գասպարյանին պատկանող անշարժ և շարժական գույքերի, անշարժ գույքերի վերանորոգման արժեքների, ինչպես նաև բանկային անկանխիկ եղանակով իրականացված ծախսերի ու կատարված կոմունալ վճարումների հարաբերակցությունը մի քանի անգամ գերազանցել է նրանց օրինական եկամուտները՝ կազմելով 2.477.884.177 ՀՀ դրամ: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտներն օրինականացրել է գույք ձեռք բերելու, դրանց շինարարության, կոմունալ վճարների նպատակով ծախսելու, փաստացի իրեն պատկանող գույքն իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու և դրանց իրական արժեքները թաքցնելու միջոցով: Այդկերպ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի գույք: Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ): Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:37 - 09 դեկտեմբերի, 2021
Դատախազությունը դիմել է դատարան՝ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքի բռնագանձման հայցով |1lurer.am|

Դատախազությունը դիմել է դատարան՝ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքի բռնագանձման հայցով |1lurer.am|

1lurer.am: Գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 2-ին դիմել է դատարան՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։ Այս գործով անցնում են Վլադիմիր Գասպարյանը, նրա կինը՝ Սուսաննա Գասպարյանը, մայրը՝ Անժելա Գասպարյանը, որդին ու դուստրը՝ Անգելինա և Վլադիմիր Գասպարյանները, զոքանչը՝ Հեղուշ Գալստյանը։ Հայցադիմումը նախ ներկայացվել է նոյեմբերի 19-ին, ապա թերությունների պատճառով վերադարձվել, իսկ դեկտեմբերի 2-ին նորից ներկայացվել դատարան։ Հայցվորը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Տիգրան Դավթյանն է։ Հունիսին դատախազությունը Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքերի հետ կապված ուսումնասիրություն էր իրականացրել, ապա վերջիններիս հրավիրել՝ բացատրություններ ներկայացնելու։ Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Գասպարյանին պատկանող գույքի վրա կալանք է դրվել։ «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից տեղեկանում ենք, որ մասնավորապես նախկին ոստիկանապետի զոքանչի՝ Հեղուշ Գալստյանի հետ կապված կատարողական վարույթ էր հարուցվել, ու արգելվել նրան որևէ ձևով տնօրինել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 97-րդ հասցեի գույքը, Ճամբարակ-Վարդենիս խճուղու 1-ին հասցեի հողամասը, Ծովագյուղի Երկաթգծի 5 հասցեի գույքը, Երևանի Թումանյան 35ա հասցեի ավտոտնակը, Փափազյան 118/1 շենքի 26-27-28 բնակարանները, Range rover sport SC3.0 մակնիշի ավտոմեքենան։ Վլադիմիր Գասպարյանին արգելվել էր տնօրինել Գեղարքունիքի մարզի Աղբերք համայնքի 0.2 հեկտար մակերեսով հողամասը, Երևանի Թումանյան 39 շենքի 9-րդ բնակարանը, Mercedes-Benz S450 4Matic և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները։ Նախկին ոստիկանապետի դստերը արգելվել էր տնօրինել Ծաղկաձորում Օլիմպիական 12/4 հասցեում գտնվող հողամասը, իսկ որդուն՝ կրտսեր Վլադիմիր Գասպարյանին, ԴԱՀԿ-ն արգելել էր տնօրինել Երևանի Վրթանես Փափազյան 2/5 հասցեի գույքը։ Հեղուշ Գալստյանը նաև 60 տոկոս բաժնեմաս ունի «Գալիլիա» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը զբաղվում է պահածոյացված ծովամթերքի, այլ պահածոների, նաև՝ հյութերի արտադրությամբ։ «Գալիլիա»-ն հիմնվել է 2014-ին, մինչև 2018-ը ընկերության միանձնյա բաժնետերը Գալստյանն էր, որը հետագայում «Գալիլիա»-ի 40 տոկոս բաժնեմասը փոխանցել է Անահիտ Մնացականյանին։ 2019-ին «Փաստերի ստուգման հարթակ»-ը գրել էր, որ Սևանա լճից սիգի որսի արգելված լինելու պայմաններում պահածոյացված սիգ էր արտահանվում Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իտալիա ու Ռուսաստան։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալներից պարզ է դառնում, որ այս տարվա օգոստոսին 7.4 միլիոն դրամի չափով արգելանք է դրվել «Գալիլիա»-ի գույքի վրա։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց՝ դատարանն արդեն վարույթ է ընդունել գործը։ Դատախազությունը, միևնույն ժամանակ, դեռ չի մանրամասնում, թե այդ գործով Գասպարյանին ու նրա ընտանիքին պատկանող որ գույքերն են բռնագանձման ենթակա: «Դատախազությունը դեռևս տեղեկատվություն չի տրամադրում այդ անձանց գույքի վերաբերյալ, առաջիկայում հնարավոր է հրապարակենք»,- ասաց Աբրահամյանը։ Մինչ Գասպարյանների գույքի բռնագանձումը Գլխավոր դատախազությունը դատարան էր դիմել մեկ այլ հայցով՝ ԱԱԾ նախկին պաշտոնյա, գնդապետ Սերոբ Հարությունյանից ու նրա ընտանիքից մոտ 485 միլիոն դրամի գույք բռնագանձելու համար՝ ներառյալ բնակարան Հյուսիսային պողոտայում, ավտոկայանատեղիներ ու ավտոմեքենաներ։
13:36 - 06 դեկտեմբերի, 2021
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի պատճառով նրա, Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց |armtimes.com|

Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի պատճառով նրա, Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց |armtimes.com|

armtimes.com: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Լևոն Գրիգորյանի նախագահությամբ այսօր հետաձգվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստը: Այս մասին հայտնեց Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը: Ըստ նրա՝ նիստը հետաձգվել է  նախկին ոստիկանապետի առողջական վիճակով պայմանավորված: Վլադիմիր Գասպարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով), Լեւոն Երանոսյանը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի, ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման, իսկ Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար:
15:56 - 26 հունվարի, 2021
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել` լրագրողի գործունեությանը խոչընդոտելու համար

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել` լրագրողի գործունեությանը խոչընդոտելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վլադիմիր Գասպարյանը, գտնվելով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում գտնվող, իր ընտանիքին պատկանող առանձնատանը, նկատել է, որ առանձնատան տարածքը նկարահանվում է անօդաչու թռչող սարքի միջոցով և սարքի շահագործողներին պարզելու նպատակով իրեն պատկանող կվադրոցիկլով շարժվել է անօդաչու թռչող սարքի հետագծով: Նկատելով նկարահանումներ իրականացնող «Ազատությունե ռադիոկայանի լրագրող Ռոբերտ Զարգարյանին և նրա նկարահանող խմբին՝   Վ.Գասպարյանը հայհոյանքներ և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել նրանց հասցեին: Տեղեկանալով, որ վերջիններս իրականացնում են իրենց մասնագիտական գործունեությունը և ռեպորտաժ են պատրաստում Սևանա լճի ավազանում գտնվող ապօրինի շինությունների վերաբերյալ՝ պահանջել է դադարեցնել այն և շարունակելով հայհոյանքներ հնչեցնել՝ հոգեբանական ճնշումներ  է գործադրել լրագրողների նկատմամբ՝ հարկադրելով ջնջել տեսագրությունը և հրաժարվել այն տարածելուց, ինչից հետո, համոզվելով, որ տեսագրությունը ջնջված է, հեռացել է նշված վայրից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:31 - 17 սեպտեմբերի, 2020
Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողի մասնագիտական գործունությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել են չարաշահումներ. հարուցվել է նոր քրեական գործ

Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողի մասնագիտական գործունությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել են չարաշահումներ. հարուցվել է նոր քրեական գործ

2020թ. օգոստոսի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հաղորդում է տվել այն մասին, որ նախորդ օրը՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու ընթացքում Սևան-Շորժա ճանապարհահատվածի վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իր և օպերատորների մասնագիտական գործունությանը, որի ընթացքում հնչեցվել են կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ: Դեպքի առթիվ 2020թ. օգոստոսի 9-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 3-րդ մասով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում: Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ըստ 2017թ. դեկտեմբերի 19-ին հաստատված հատակագծի՝ պատրաստվող ռեպորտաժի համար իրականացվող նկարահանման վայրում, այն է՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի հողամասում, առկա է 14 միավոր շինություն, մինչդեռ համաձայն ստացված տվյալների՝ հատակագծում նշված չեն դրանցից լճի մոտակայքում գտնվող 2 շինությունները, որոնք դեռևս 28.01.2013թ. դրությամբ, ի թիվս այլ շինությունների, առկա են եղել: Նշված շինությունները բացակայում են նաև Դրախտիկ համայնքի ղեկավարի կողմից 20.02.2017թ. համաձայնեցված կառուցապատման սխեմայում: Բացի այդ, պարզվել է, որ դեկտեմբերի 20-ին նշված հողամասի սեփականատերը դիմում է ներկայացրել վերոնշյալ հասցեի անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման համար, որի կապակցությամբ դեկտեմբերի 25-ին ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի աշխատակցի կողմից որոշում է կայացվել՝ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին, քանի որ ներկայացված փաստաթղթերում առկա է եղել անհամապատասխանություն, ինչպես նաև մի շարք շինություններ եղել են 1905 բացարձակ նիշից ցածր գոտում, մինչդեռ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի և տնօրենի առաջին տեղակալի կողմից համապատասխանաբար 26.12.2017թ. և 19.01.2018թ. տրվել են տեղեկանքներ, որ այդ հասցեի վրա գտնվող հիմնական շինությունները գտնվում են 1905.0 մետր բացարձակ նիշերից վերև ընկած տարածքներում, որի հիման վրա՝ 2018թ. հունվարի 19-ին կատարվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում: Միաժամանակ պարզվել է, որ Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի վերոնշյալ տարածքում առկա պարիսպները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 18-ի ««Սևան ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» թիվ 1563-Ն որոշման պահանջներին, այն է՝ արգելվում է լողափի գոտում բաժանիչ պարիսպների կամ ցանկապատերի տեղադրումը: Նկատի ունենալով, որ նշված քրեական գործով ձեռք են բերվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 3152 հոդվածով նախատեսված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, ուստի պաշտոնեական կեղծիքների ու շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:18 - 02 սեպտեմբերի, 2020
Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ՔԿ |pastinfo.am|

Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ՔԿ |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» Ռ/Կ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարուցված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։ Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Օգոստոսի 8-ին «Ազատություն» ռ/կ-ն հայտարարել էր, որ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իրենց լրագրողների մասնագիտական գործունեությանը, մասնավորապես, Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս Վլադիմիր Գասպարյանը պահանջել է, որ չնկարահանեն իր տունը, ապա մեքենան վարել լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վարերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել»,«սատկացնել»։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով։ Միջադեպի հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել էր, որ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում է հայց ներկայացնել դատարան, կապված «օտարերկրյա գործակալական ցանցի հիմնասյուն հանդիսացող Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ»: «ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից», - ասել է նա:
15:38 - 13 օգոստոսի, 2020
Միջնորդելու ենք, որ քրեական գործ հարուցվի. Վլ. Գասպարյանը՝ իր և «Ազատություն ռադիոկայան»-ի լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասին |tert.am|

Միջնորդելու ենք, որ քրեական գործ հարուցվի. Վլ. Գասպարյանը՝ իր և «Ազատություն ռադիոկայան»-ի լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասին |tert.am|

tert.am: «Ազատության» ղեկավարը իր աշխատակիցներին չի սովորեցնում որտեղ է սկսվում իրենց իրավունքները և սկսում իրենց պարտականությունները. այսօր 168.am «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում, անդրադառնալով Ազատության ռադիոկայանի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպին, նշեց ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ- գնդապետ  Վլադիմիր Գասպարյանը: «Ուզում էիք նկարահանեիք, գայիք դռան մոտ, դուռը կբացեի, կասեիք մենք նկարահանում էինք անում, ես էլ կռիվ կսարքեի: Ես այն ժամանակ խախտած կլինեի լրագրողի պարտականութունը կատարելը: Բայց Դուք սողոսկել եք իմ տուն, իմ տնից 400 մ հեռավորության վրա կառավարել եք թռչող սարքը՝ իմ տան վրա։ Ես փաստաբանին ասել եմ, որ քրեական գործ ենք հարուցելու, միջնորդելու ենք այս փաստի հետ կապված»,-նշեց նա: «Այո, ես նրանց ասել եմ, որ ձեր վարքագծի համար և ուրիշի տուն մտնելու համար մեկ ուրիշը փիլիսոփայորեն չի մոտենա, կսատկացնի պատի տակ, զգույշ եղեք դրանից, դուք մտնում եք ընտանիքներ»,- նշեց նա: Լրագրողի դիտարկմանը, թե ձեր նկատմամբ  մի քանի քրեական գործեր կան հարուցված և ևս մեկ գործ է հարուցված, Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Ես շնորհավորում եմ նրանց, ովքեր քրեկան գործեր են հարուցել»: Ավելին՝ tert.am-ում
11:44 - 13 օգոստոսի, 2020
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Գասպարյանին

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Գասպարյանին

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ նախկին ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և ճնշում գործադրելու վերաբերյալ։ «Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։ Վլադիմիր Գասպարյանն իր պաշտոնավարման տարիներին էլ աչքի էր ընկնում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հանդուգն վերաբերմունքով, իսկ որոշ դեպքերում՝ նաև դաժանությամբ։ Հիշենք 2015 թվականի «Էլեկտրիկ Երևանի» և 2016-ի Սարի թաղի դեպքերը, երբ ոստիկանական գործողությունների թիրախ դարձան 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ, որոնք ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների ու ապօրինի հետապնդումների։ Կամ՝ «1in.am» լրատվական կայքի թղթակից Սիրանույշ Պապյանի հասցեին արտաբերած նրա կոպիտ վիրավորանքը, որն անթաքույց վրդովմունք առաջացրեց լրագրողական հանրության շրջանում։ Այս ամենն անպատիժ մնաց, և, ըստ երևույթին, հենց դա է պատճառը, որ այսօր նախկին ոստիկանապետը շարունակում է անվայելուչ վարք դրսևորել լրագրողների նկատմամբ։ Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենայն լրջությամբ քննության առնել տեղի ունեցած միջադեպը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Գասպարյանին։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ» Հիշեցնենք, անցած շաբաթ օրը, Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը: Նա կվադրոցիկլը վարել էր լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։ Միջադեպ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:  
16:02 - 10 օգոստոսի, 2020
«Ազատություն»-ը նշում է, որ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իր լրագրողների աշխատանքը․ Վլադիմիր Գասպարյանի անունից դատարան հայց կներկայացվի

«Ազատություն»-ը նշում է, որ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իր լրագրողների աշխատանքը․ Վլադիմիր Գասպարյանի անունից դատարան հայց կներկայացվի

Երեկ «Ազատություն»-ը հրապարակում արեց այն մասին, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը։ «Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։ «Ազատությունն» իր աշխատանքի խոչընդոտման այս փաստի վրա է հրավիրում Ոստիկանության ուշադրությունը»,- նշված է հրապարակման մեջ։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում է հայց ներկայացնել դատարան՝ կապված «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ: «ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից»,-նշել է Աթանեսյանը:
14:55 - 09 օգոստոսի, 2020
Դատարանը վարույթ է ընդունել Վլադիմիր Գասպարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը |pastinfo.am|

Դատարանը վարույթ է ընդունել Վլադիմիր Գասպարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ ոստիկանության նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։  Ըստ նախաքննական մարմնի՝ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից ռազմական ոստիկանության / վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար: Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ: Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Գասպարյանը կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:Լևոն Երանոսյանը մեղադրվում է 2015-2018թթ ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձի հետ հանցակցությամբ իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Վարդան Թունյանը մեղադրվում է Լևոն Երանոսյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու մեջ, որը մեղադրանքի համաձայն՝ դրսևորվել է ՀՀ ոստիկանության զորքերից մեկի զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալուց ազատելու եղանակով։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, Թունյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը , 2014-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին` ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:
14:01 - 01 հուլիսի, 2020
Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին |pastinfo.am|

Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ ոստիկանության նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին։ Այս մասին  տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Նշենք, որ Վարդան Լ. Գևորգյանի վարկանիշը հունիսի 27-ի դրությամբ՝ 45 միավոր է։ Ըստ դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից ռազմական ոստիկանության / վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար: Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ: Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Գասպարյանը կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին: Լևոն Երանոսյանը մեղադրվում է 2015-2018թթ ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձի հետ հանցակցությամբ իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Վարդան Թունյանը մեղադրվում է Լևոն Երանոսյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու մեջ, որը մեղադրանքի համաձայն՝ դրսևորվել է ՀՀ ոստիկանության զորքերից մեկի զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալուց ազատելու եղանակով։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, Թունյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը , 2014-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին` ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:
17:40 - 27 հունիսի, 2020