ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը՝ հետախուզվող անձը հանձնվել է Չինաստանին

Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը՝ հետախուզվող անձը հանձնվել է Չինաստանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Ս.Վ.-ն, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Սա 2023 թվականի մարտի 18-ին ուժ մտած՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագրի հիման վրա բավարարված՝ հանձնման մասին երկրորդ միջնորդությունն է: ՀՀ գլխավոր դատախազի կողմից բավարարված առաջին միջնորդությունը վերաբերել է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող Ժ.Լ.-ին. վերջինս 2023 թվականի դեկտեմբերին հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ:
22:02 - 11 մարտի, 2024
Երևանի համայնքներից մեկի նախկին ղեկավարը հափշտակել է համայնքապատկան մանկապարտեզը. դատախազը գործն ուղարկել է դատարան

Երևանի համայնքներից մեկի նախկին ղեկավարը հափշտակել է համայնքապատկան մանկապարտեզը. դատախազը գործն ուղարկել է դատարան

Ա.Ս.-ն, 2011 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցնելով Երևան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր մտերիմ Ա.Շ.-ի հետ հափշտակել է Երևանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ներքին Չարբախ 3-րդ փողոց 60/1 հասցեում գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատության 124.3 քմ մակերեսով և 18 մլն 720 հազար դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից քրեական գործի (վարույթի) ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի փետրվարի 9-ին համայնքի ղեկավարը, Ա.Շ.-ի կողմից ստանալով իր սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ դիմում, կազմել է նախադպրոցական ուսումնական հաստատությանը հատկացված հողամասը մասնավորեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ այն պայմաններում, երբ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գույքը կարող էր օտարվել միայն բացառիկ դեպքերում, իսկ «Կրթության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օտարվելու դեպքում գույքը կարող էր օգտագործվել միայն ուսումնական նպատակներով: Նախագծին կից պաշտոնական փաստաթղթերում համայնքի ղեկավարը Երևանի քաղաքապետարանին հաղորդել է կեղծ տվյալներ: Մասնավորապես՝ ներկայացրել է իրականում գոյություն չունեցող՝ Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարի 2005 թվականի որոշում, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակցի կողմից տրված՝ կեղծ տվյալներ պարունակող տեղեկանք: Դրանց հիման վրա՝ Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ՝ նախադպրոցական հաստատության վերոնշյալ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը նվիրաբերվել է համայնքի ղեկավարի մտերիմ Ա.Շ.-ին: 2018 թվականի փետրվարի 28-ին վերոնշյալ գույքը ձևակերպվել է Ա.Շ.-ի անվամբ. վերջինս 2019 թվականի փետրվարի 28-ին գույքը նվիրաբերել է համայնքի ղեկավար Ա.Ս.-ի դստերը: Բացի այդ, համայնքի ղեկավարը կազմել է Երևանի քաղաքապետի որոշման մեկ այլ նախագիծ, որով մանկապարտեզի տարածքի մյուս հատվածը՝ 77.1 քմ մակերեսով և 11 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, նվիրատվությամբ օտարվել է համայնքապետարանի աշխատակից Մ.Մ.-ին: 2024 թվականի փետրվարի 26-ին հսկող դատախազը սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ս.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացում)), Ա.Շ.-ի նկատմամբ՝ 38-178 րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախության օժանդակություն) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)): Դատախազը 2024 թվականի մարտի 11-ին հաստատել է վերոնշյալ անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով: Հայցը վարույթ է ընդունվել: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:48 - 11 մարտի, 2024
Աննա Վարդապետյանը Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի և գործադիր տնօրենի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Աննա Վարդապետյանը Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի և գործադիր տնօրենի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային և գործադիր տնօրեն Ջեյն Հեբներին։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի մայիսի 17-ից: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դատախազների միջազգային ասոցիացիայի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և կարևորել Ասոցիացիայի առաքելությունը՝ տեղեկատվության փոխանակման միջոցով հանցավորության դեմ արդյունավետ պայքարելու համատեքստում: Գլխավոր դատախազն ընդգծել է Ասոցիացիայի կողմից կազմակերպվող տարեկան ու ընթացիկ համաժողովները և յուրաքանչյուր տարի հրապարակվող պարբերականը, որում ներառվում են նաև ՀՀ դատախազների հեղինակած գիտական հոդվածները: Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնան և գործադիր տնօրեն Ջեյն Հեբները բարձր են գնահատել ՀՀ գլխավոր դատախազության հետ առկա համագործակցության մակարդակը և կարևորել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակության առաջիկա այցը Հայաստան։
14:37 - 06 մարտի, 2024
Հայաստանի և Նիդերլանդների գլխավոր դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանը Նիդերլանդներում է

Հայաստանի և Նիդերլանդների գլխավոր դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանը Նիդերլանդներում է

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եռօրյա աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում է: Դատախազությունից տեղեկացնում են, որ այցի շրջանակում Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գլխավոր դատախազ Սյու Փրինենին (ՆԹ գլխավոր դատախազների խորհրդի անդամ): Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հանդիպման պատրաստակամության համար և վստահություն հայտնել, որ հանդիպումը որակապես նոր փուլ կտեղափոխի երկու երկրների դատախազությունների միջև առկա համագործակցությունը։ Գլխավոր դատախազների զրույցի ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել քրեական գործերով համագործակցության արդյունավետության բարձրացմանը, փոխգործակցության շրջանակում շարունակական վերապատրաստումների միջոցով դատախազների մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությանը: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագիրը՝ ուղղված Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցման հմտությունների արդյունավետության բարձրացմանն ու զարգացմանը։ ՀՀ գլխավոր դատախազը գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է Երևանում նախորդ տարի կայացած՝ Դատախազության հիմնադրման 105-ամյակին  նվիրված խորհրդաժողովի արդյունքներին և տեղեկացրել, որ այս տարվա ապրիլին կրկին Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հայաստանում կանցկացվի բարձրաստիճան խորհրդաժողով՝ Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Խորհրդաժողովի նպատակն է համախմբել Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրների բարձրաստիճան դատախազներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու այն մարտահրավերներն ու հեռանկարները, որոնք առկա են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում: Միջազգային գործընկեր կառույցների հետ համագործակցության հարցերին անդրադառնալով՝ Աննա Վարդապետյանը կարևորել  է 2024 թվականին նախատեսվող՝ Հայաստանի և Եվրաջասթի միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրի կնքումը և առանձնացրել շաբաթներ առաջ գրանցված ձեռքբերումը. ՀՀ գլխավոր դատախազությունն ընդգրկվել է Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցում (ENPE)՝ որպես դիտորդ: Սյու Փրինենի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նաև Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված փողերի լվացման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, կոռուպցիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբերհանցագործությունների դեմ պայքարին: Նիդերլանդների Թագավորության գլխավոր դատախազը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ համագործակցությունը խորացնելու  պատրաստակամություն է հայտնել և անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
14:53 - 05 մարտի, 2024
Նորատուսում տեղի ունեցած միջադեպի համար մեղադրվող անձանց գործն ուղարկվել է դատարան

Նորատուսում տեղի ունեցած միջադեպի համար մեղադրվող անձանց գործն ուղարկվել է դատարան

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու, ծառայողական գործունեությանը միջամտելու համար մեղադրվող անձանց գործն ուղարկվել է դատարան: Դատախազը 2024 թվականի հունվարի 19-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գեղարքունիքի մարզի բնակավայրերից մեկի 5 բնակիչների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կողոպուտ, խուլիգանություն կատարելու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար (4 անձի նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը, 1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը): Դատախազը 2024 թվականի փետրվարի 29-ին հաստատել է վերոնշյալ անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
12:50 - 01 մարտի, 2024
Ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների 2023 թվականի աշխատանքները

Ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների 2023 թվականի աշխատանքները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2024 թվականի փետրվարի 28-ին ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների 2023 թվականի աշխատանքները: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Ժորա Թովմասյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքներում գրանցվել է հանցագործության 1736 դեպք՝ 2022 թվականի 2212 դեպքի դիմաց. արձանագրվել է հանցագործության դեպքերի նվազում՝ 476-ով կամ 21,5%-ով: 2022 թվականի համեմատ՝ 2023 թվականին 57 դեպքով կամ 10%-ով նվազել են միջին ծանրության հանցագործությունների դեպքերը, 33 դեպքով կամ 13,5 %-ով աճել են ծանր հանցագործությունների դեպքերը, 43 դեպքով կամ 67,2%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը:
10:43 - 29 փետրվարի, 2024
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Գ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հ.Գ.-ն մեղադրվում է այլ անձանց հետ համատեղ, 2019 թվականից Telegram հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով «կոկաին», «մեթամֆետամին», «ԼՍԴ», «մարիխուանա» և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցների իրացման, հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 155 մլն 518 հազար դրամի ֆինանսական միջոցների օրինականացման մեջ: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Գ.-ի տեղափոխումը Երևան:
09:57 - 28 փետրվարի, 2024
Պապիկյանը կարևորել է դատախազության հետ համագործակցությունը՝ միտված ավելի կարգապահ բանակ ունենալուն

Պապիկյանը կարևորել է դատախազության հետ համագործակցությունը՝ միտված ավելի կարգապահ բանակ ունենալուն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 27-ին մասնակցել է զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը։ Պապիկյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել՝ հանդիպմանը մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը երկուստեք օգտակար կլինեն: Կարևորել եմ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։ Հանդիպման ընթացքում 2023 թվականին զինվորական դատախազության կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն և վերլուծություն է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը»,- գրել է Պապիկյանը։ Ամփոփման ավարտին գլխավոր պաշտպանության նախարարը դատախազի հետ անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու հեռանկարները։  
20:39 - 27 փետրվարի, 2024
2 մլրդ դրամը գերազանցող գույքը փոխանցվում է ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը

2 մլրդ դրամը գերազանցող գույքը փոխանցվում է ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 21-ին հաշտության համաձայնություն է կնքել ՀՀ քաղաքացի Գալուստ Լուկաշի Գրիգորյանի հետ: Տեղեկացնենք, որ Գալուստ Գրիգորյանին պատկանող գույքի առնչությամբ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ուսումնասիրություն։ Կատարված ուսումնասիրության արդյունքում՝ 2022 թվականի մարտի 25-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում, որը հետագայում փոխանցվել էր Հակակոռուպցիոն դատարանին: Գալուստ Գրիգորյանը՝ ներկայացուցչի միջոցով, Գլխավոր դատախազությանն է ներկայացրել հայցի քննությունը հաշտությամբ ավարտելու առաջարկ: Վերոնշյալ առաջարկի հիման վրա՝ Գլխավոր դատախազության և պատասխանողի ներկայացուցչի միջև 2024 թվականի փետրվարի 21-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16.013 քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչը կազմում է ընդհանուր հայցագնի 76,93 տոկոսը: Ստորագրված հաշտության համաձայնությունը 2024 թվականի փետրվարի 22-ին ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ նշված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից ենթակա է հաստատման մեկամսյա ժամկետում։
12:43 - 23 փետրվարի, 2024
Բաքվում գտնվող Զեյնալլիին Հայաստանին հանձնելու փաստաթղթերի փաթեթը Դատախազությունն այսօր ուղարկել է ՌԴ

Բաքվում գտնվող Զեյնալլիին Հայաստանին հանձնելու փաստաթղթերի փաթեթը Դատախազությունն այսօր ուղարկել է ՌԴ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության խոսանակ Լուսինե Մարտիրոսյանը: «Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն»: Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալլին ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և տեղափոխել ոստիկանական բաժանմունք։ Զեյնալլին նշել էր, որ ոստիկաններն իրեն հայտնել են, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված Հայաստանի կողմից։ Նա նաև նշել էր, որ փետրվարի 21-ին կկանգնի դատարանի առաջ։ Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատել է, որ Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։ Ապա Քամիլ Զեյնալլիի փաստաբանը հայտնել էր, որ ազատ է արձակվել Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ և վերադարձել Բաքու:
16:29 - 22 փետրվարի, 2024
Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

Դատախազը 2024 թվականի փետրվարի 21-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալ՝ առևտրային կազմակերպության ղեկավար Ա.Հ.-ի («Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյան-խմբ.) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Հաշվի առնելով, որ մեղադրյալը ցուցմունքներ է տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրա մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի ներկա փուլում էականորեն նվազել է մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն: Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին և փետրվարի 15-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու համար (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):
10:13 - 21 փետրվարի, 2024
Աշոտ Հովհաննիսյանի գործով պաշտպանական կողմը միջնորդել է՝ փոփոխել նրա խափանման միջոցը

Աշոտ Հովհաննիսյանի գործով պաշտպանական կողմը միջնորդել է՝ փոփոխել նրա խափանման միջոցը

«Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի գործով պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ ՀՀ գլխավոր դատախազին, որով միջնորդել է՝ փոփոխել Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը, քանզի առկա է՝ դատավարական իրադրության էական փոփոխություն։ «Մասնավորապես՝ Աշոտ Հովհաննիսյանը 5 /հինգ/ անգամ հարցաքննվել է, որից հետո վերջինիս, ինչպես նաև նույն գործով մյուս մեղադրյալների հետ տեղի են ունեցել նաև առերես հարցաքննություններ, ինչն անշուշտ քննությանը խոչընդոտելու հիմքի նվազման նախադրյալ է։ Հարկ է նկատել, որ ՀՀ Դատախազությունը սույն քրեական վարույթի շրջանակներում արդն իսկ մեկ անգամ քննությանը խոչընդոտելու հիմքի էապես նվազում դիտարկել է այլ մեղադրյալների կողմից հարցաքննություններին և առերես հարցաքննություններին մասնակցելը, ինչի հետևանքով 2024 թվականի փետրվարի 12-ին դատախազը սեփական նախաձեռնությամբ փոփոխել է երկու մեղադրյալների՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը այլընտրանքային խափանման միջոցներով։ Գտնում ենք, որ սույն դեպքում Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ ևս առկա են բավարար նախադրյալներ համանման մոտեցում ցուցաբերելու համար, քանզի եթե հարցը դիտարկենք համեմատության մեջ, ապա Աշոտ Հովհաննիսյանի մասնակցությամբ կատարվել են թվաքանաքով և բովանդակությամբ ավելի շատ վարույթային գործողություններ, քան որևէ այլ մեղադրյալի մասնակցությամբ, հետևաբար եթե առաջնորդվենք ՀՀ Դատախազության այն տրամաբանությամբ, որ քննության ծավալի սպառումը, առավել ևս այնպիսի սպառումը, որը նաև էական է եղել գործի ճիշտ լուծման համար բավարար հիմք է քննությանը խոչընդոտելու իրավաչափության պայմանի նվազման արձանագրման համար, ապա Աշոտ Հովհաննիսյանի դեպքում առկա է դրա դասական լավագույն օրիանկը»:
18:29 - 20 փետրվարի, 2024
«Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են ֆիզիկական անձանց. նախաձեռնվել է քրեական վարույթ

«Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են ֆիզիկական անձանց. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Աջափնյակ վարչական շրջանի «Բուենոս Այրես» զբոսայգուն հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման ընթացակարգերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումներով՝ ճշգրտվել են Մարգարյան և Հալաբյան փողոցների հատման մասում գտնվող «Բուենոս Այրես» անվամբ զբոսայգու հողամասի սահմանները և զբոսայգու մայթի ու սիզամարգի համար նախատեսված ընդհանուր օգտագործման տարածքում գտնվող ինքնակամ շինություններին տրվել են Հալաբյան 65/6 և 65/4 հասցեները: Երևանի քաղաքապետի՝ 2008 թվականի հունվարի 22-ի և 2009 թվականի մայիսի 6-ի որոշումներով՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (օտարման ոչ ենթակա տարածքներ) սահմանափակումների ցանկում ներառված վերոնշյալ տարածքները քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ուղիղ վաճառքի միջոցով օտարել են ֆիզիկական անձանց: Մասնավորապես՝ Հալաբյան փողոցի 65/6 հասցեում գտնվող 19.5 քմ մակերեսով կառույցը, 515.89 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև Հալաբյան 65/4 հասցեում գտնվող 36.28 քմ կառույցն ու կառույցի համար առանձնացված 42.16 քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքով օտարվել են այն անձանց, որոնք կառուցել են ինքնակամ շինությունները: Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով:    
13:12 - 20 փետրվարի, 2024
«Ծիծեռնակաբերդի խճուղի» 4 հասցեի անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից 5 անգամ ցածր գնով. գործն ուղարկվել է դատարան

«Ծիծեռնակաբերդի խճուղի» 4 հասցեի անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից 5 անգամ ցածր գնով. գործն ուղարկվել է դատարան

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Ծիծեռնակաբերդւ խճուղի» 4 հասեցում գտնվող անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից 5 անգամ ցածր գնով։ ՀՀ դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ դատախազը գործն ուղարկել է դատարան։  ««Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, 2003 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրել և 2007 թվականի փետրվարի 5-ին նույն անձի անվամբ ձևականորեն գրանցել է «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը: 2007 թվականի մայիսի 23-ին «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր է կնքվել փաստացի նույն Ընկերության տնօրենին պատկանող «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերության հետ, որով վերջիններիս են փոխանցվել 2003 թվականին սեփականության իրավունքով «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերությանը հանձնված՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող անշարժ գույքի (դպրոց-կենտրոն)՝ 6580,8 քմ մակերեսով և 1.1807 հա մակերեսով հողատարածքի տիրապետման և տնօրինման իրավունքները: «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը, 2007 թվականի մայիսի 23-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերով՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող անշարժ գույքը (մարզադահլիճները) վարձակալությամբ տրամադրել է տարբեր կազմակերպությունների՝ ստանալով 110 մլն 569 հազար 800 դրամ եկամուտ, որից 56 մլն 100 հազար դրամն է միայն փոխանցվել «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին: Բացի այդ՝ Ընկերության տնօրենը 2000 թվականի նոյեմբերի 24-ից լինելով «Արևելյան Օազիս» ՍՊ ընկերության սեփականատերը, Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող գույքի մասնաշենքերից մեկում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն՝ մատուցելով սրճարանային և հյուրանոցային ծառայություններ: Ընկերության տնօրենը նպատակադրվել է նաև խաբեությամբ հափշտակել Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ ներառյալ 6580,8 քմ մակերեսով և 1.1807 հա մակերեսով հողատարածքը: Այդ նպատակով՝ 2007 թվականի մայիսի 23-ին վարձակալության պայմանագրում ամրագրել է, որ վարձակալն իրավունք ունի գնել գույքը՝ վճարելով 56 մլն 142 հազար դրամ: Դրանից հետո, Ընկերության տնօրենին փաստացի պատկանող և վերջինիս կողմից կառավարվող «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի բոլոր 10 բաժնետոմսերն իր հետ փոխկապակցված անձի կողմից վաճառվել են Ընկերության տնօրենի կնոջը: Հանցագործությունն ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի և ՓԲԸ-ի նոր տնօրենի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտե՝ իրավունքի դադարման պետական գրանցում իրականացնելու վերաբերյալ: 2024 թվականի փետրվարի 7-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ընկերության տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը), 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախության փորձ) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ընկերության տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախության փորձը): Դատախազը 2024 թվականի փետրվարի 15-ին հաստատել է Ընկերության տնօրենի և վերջինիս կնոջ վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համարմեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ Քրեականդատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: 
10:00 - 20 փետրվարի, 2024
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից հօգուտ պետության բռնագանձել 15 միլիարդ դրամը գերազանցող գումար

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից հօգուտ պետության բռնագանձել 15 միլիարդ դրամը գերազանցող գումար

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 99-րդ հայցադիմումը: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 7 անշարժ գույք. 1 տրանսպորտային միջոց. 2 իրավաբանական անձանցում մասնակցություն. 5 մլրդ 767 մլն 369 հազար դրամ՝ որպես գույք, որը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել. 10 մլրդ 70 մլն 529 հազար դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ:
11:50 - 19 փետրվարի, 2024