Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, ԶԱՀ, Հայաստանի Հանրապետությունում գործող հիմնադրամ, որի նպատակն է ապահովել ՀՀ ԶՈՒ «զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների սոցիալական բարօրությունը»։

Հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին, գործում է համապատասխան օրենքի հիման վրա ու հետևողականորեն իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանի ու Արցախի հարկատուների ամսական պարտադիր վճարումներից (ըստ եկամուտների չափի), ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մեկնարկել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մեկնարկել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2073-Լ որոշմամբ հիմնադրամին է հատկացվել 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին 6 ամիս շարունակ ամսական 200,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով, որին կգումարվի նաև Հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի թիվ 9 որոշման 9-րդ կետով սահմանված 100,000 դրամը։ «Կամուրջ» ծրագրի շահառու են դառնալու այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ զինծառայողի վիրավորումն այնպիսին է, որ բուժման ավարտից հետո մեծ է հավանականությունը, որ զինծառայողը կստանա 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ։  Եզրակացությունը բժշկական հաստատությունը տրամադրում է առաջնորդվելով սահմանված վնասվածքների և խեղումների ցանկով։ Կամուրջ ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո զինծառայողի 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում, զինծառայողը Հիմնադրամից կստանա ամբողջական հատուցումներ` նվազեցնելով կամուրջ ֆինանսավորման շրջանակներում փաստացի ստացված գումարները: Ծրագրի շահառու դառնալու համար զինծառայողը կամ ընտանիքը որևէ հաստատություն դիմելու կարիք չունի՝ նրանց հետ կապ կհաստատեն Պաշտպանության նախարարությունից։ «Կամուրջ» ծրագիրը հատուցելու է նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։ Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Ն որոշմամբ, հիմնադրամին է հատկացվել ևս 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 6 ամիս շարունակ ամսական 300,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։ Կամուրջ ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո դատարանի կողմից զինծառայողի անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում, օրենքով նախատեսված շահառուները Հիմնադրամից կստանան ամբողջական հատուցումներ` նվազեցնելով կամուրջ ֆինանսավորման շրջանակներում փաստացի ստացված գումարները: Այս ծրագրի շահառու դառնալու համար ևս ոչ մի տեղ դիմելու անհրաժեշտություն չկա։ Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։ Հիշեցնենք, որ 2017 թվականին ստեղծված հիմնադրամի միջոցները ձևավորվում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գրանցված աշխատողների ամսական աշխատավարձից՝ դրոշմանիշային վճարների տեսքով, ինչպես նաև ստացված նվիրաբերությունների շնորհիվ։
19:32 - 22 հունվարի, 2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի կազմում կլինեն փոփոխություններ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի կազմում կլինեն փոփոխություններ

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի գործունեությունը կարգավորող օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, որով Հիմադրամի մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են:  Այս մասին հայտնեցին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ից: «Հոգաբարձուների խորհրդի նախկին կազմից այժմ մնացել է միայն Ադամ Կաբլանյանը, ով նշանակվել էր այդ ամսաթվից հետո։ Հիմնադրամի խորհրդի նշանակման կարգում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ, ըստ որոնց մինչև սույն թվականի հունվարի 31-ը Կենտրոնական բանկը նշանակելու է խորհրդի չորս նոր անդամներ, որոնք իրենց հերթին կընտրեն ևս երկու անդամ։ Եվ մենք կունենանք նոր՝ յոթ հոգուց բաղկացած խորհուրդ։ Հիմնադրամի նոր խորհուրդը ձևավորվելու պես հանրությանը կներկայացվի խորհրդի նոր կազմը: Օրենք՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ի «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ թիվ ՀՕ-245-Ն։   Հիշեցնենք, որ 2017 թվականին ստեղծված Հիմնադրամը միանվագ և երկարաժամկետ ֆինանսական հատուցումներ է տրամադրում յուրաքանչյուր զինծառայողի, որը պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորման արդյունքում ձեռք է բերել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ինչպես նաև զոհված կամ դատական ակտով անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին։ Հիմնադրամի միջոցները ձևավորվում են Հայաստանի և Արցախի գրանցված աշխատողների ամսական աշխատավարձից՝ դրոշմանիշային վճարների տեսքով, ինչպես նաև ստացված նվիրաբերությունների շնորհիվ»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
10:16 - 20 հունվարի, 2021
Ով որքան է վճարելու. հայտնի են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարման դրույքաչափերը

 |armenpress.am|

Ով որքան է վճարելու. հայտնի են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարման դրույքաչափերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է բարձրացնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը: Օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Քանի որ բոլոր կատարված հաշվարկներով մենք արձանագրել ենք, որ հատուցման հիմնադրամի գումարները բավարար չեն լինելու մեր բոլոր հայրենակիցների հատուցումը ժամանակի ընթացքում տրամադրելու համար, փոխվել է հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը և որդեգրվել է կիսապրոգրեսիվ համակարգը: Մասնավորապես, այժմ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին»,- ասաց Բադասյանը: Օրենքի նախագծի ընդունման դեպքում` ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով. Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 1500 դրամ 100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 3000 դրամ 200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 5500 դրամ 500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 8500 դրամ 1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 15 000 դրամ   Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով. Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ 1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 36 000 դրամ 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 66 000 դրամ 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 102 000 դրամ 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 000 դրամ  
11:56 - 28 դեկտեմբերի, 2020
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում կտրամադրի ևս 107 զոհված զինծառայողի ընտանիքի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում կտրամադրի ևս 107 զոհված զինծառայողի ընտանիքի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում կտրամադրի ևս 107 զոհված զինծառայողի ընտանիքի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը: «Քիչ առաջ ավարտեցինք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հերթական նիստը, որի արդյունքում որոշում կայացվեց հատուցումներ կատարել ևս 107 զոհված զինծառայողների ընտանիքների, այդպիսով մեր շահառու ընտանիքների ընդհանուր թիվը դարձնելով 995, իսկ վերջին պատերազմի զոհերինը` 583»,- գրել է Ավետիքյանը: Հիմնադրամի տնօրենը հավելել է, որ վերջին պատերազմի արդյունքում զոհված 7 արցախցի զինծառայողների ընտանիքներ ևս կստանան հատուցումներ: «Այս պատերազմի ընթացքում զոհված մի զինծառայողի ընտանիք ապրիլյանի ժամանակ կորցրել էր իր մյուս որդուն ու արդյունքում դարձել մեր շահառուն: Ծնողները որոշել էին իրենց երկրորդ որդու կորստի համար մեր կողմից վճարվելիք իրենց հատուցումից հրաժարվել` հօգուտ զոհվածի կնոջ ու երկու երեխաների»,- գրել է Վարուժան Ավետիքյանը:
18:36 - 23 դեկտեմբերի, 2020
Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հրապարակել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հատուցումների կարգը

Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հրապարակել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հատուցումների կարգը

Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հրապարակել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հատուցումների կարգը:«Հարգելի՛ հայրենակիցներ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում (մարզերում՝ մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմերի միջոցով (թաղապետարաններ)) և Արցախի Հանրապետությունում (ԱՀ պաշտպանության բանակի միջոցով (սոցպաշտպանության բաժին):Միևնույն ժամանակ, եթե ցանկանում եք ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա կարող եք ծանոթանալ հատուցումների տրամադրման կարգին bit.ly/3nXJakD հղումով և դիմել համապատասխան մարմիններին:Տեղեկացնում ենք, որ չկա որևէ ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար: Մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումներով՝https://www.1000plus.am/…/%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%…/263… https://www.1000plus.am/…/%D5%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%…/275         
10:18 - 29 նոյեմբերի, 2020
«Իմ քայլը» հիմնադրամը 512 մլն 310 հազար դրամ նվիրատվություն փոխանցել զինծառայողների հիմնադրամին

«Իմ քայլը» հիմնադրամը 512 մլն 310 հազար դրամ նվիրատվություն փոխանցել զինծառայողների հիմնադրամին

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի առկա միջոցներից 512 մլն 310 հազար ՀՀ դրամ որպես նվիրատվություն փոխանցվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ համաձայն  նոյեմբերի 20-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշման: Այս մասին տեղեկացնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Նշվում է, որ հիմնադրամը հետևողականորեն աջակցում է նաև «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին՝ ընդարձակելու ու բարեկարգելու տարածքը, որ հաշմանդամություն ստացած զինծառայողները ստանան 21-րդ դարին համահունչ բուժօգնություն, վերականգնվեն և վերաինտեգրվեն հասարակություն: Հիմնադրամի միջոցներով վերանորոգվող տարածքներում կգործի 60 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավել զինվորի՝ այսօրվա 300-ի փոխարեն ընդունելով 600-ի: Այս նպատակի համար կնքվել է 180 միլիոն ՀՀ դրամի (351 հզր 350 ԱՄՆ դոլար) նվիրաբերության պայմանագիր։ Գումարները կփոխանցվեն ըստ կատարված աշխատանքների ծավալի ու ժամկետների: «ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալներով ՀՀ-ում գտնվող 2000 արցախցի դպրոցականների հեռավար ուսուցում ստանալու համար անհրաժեշտ են պլանշետներ: Հայտնում ենք նաև, որ հիմնադրամը ձեռք կբերի անհրաժեշտ 2000 պլանշետներից 1000-ը, իսկ մյուս մասի կարիքը կհոգա պետությունը»,-ասված է հաղորդագրությունում: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նույն նիստի որոշմամբ էլ հիմնադրամը, որ իրականացնում էր զարգացման ծրագրեր, կանցնի ճգնաժամային իրավիճակի հաղթահարման գործունեության՝ հաշվի առնելով պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը, առաջացած սոցիալական, մարդասիրական կարիքներն ու դրանց արձագանքելու ու մեղմելու հրամայականը:
11:39 - 25 նոյեմբերի, 2020
Զինվորների հիմնադրամին ուղղվող 1000 դրամները 3000 դարձնելու անհրաժեշտություն կա. Վարուժան Ավետիքյան |armenpress.am|

Զինվորների հիմնադրամին ուղղվող 1000 դրամները 3000 դարձնելու անհրաժեշտություն կա. Վարուժան Ավետիքյան |armenpress.am|

armenpress.am: Զինվորների ապահովագրության հիմնադրամին ուղղվող ամսական 1000 դրամները բավարար չեն շահառուների հատուցման համար: Այդ 1000 դրամները 3 հազար դարձնելու անհրաժեշտություն կա: Այս մասին նշեց Զինվորների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը: «Չեմ կարծում, թե կա անձ, ով այս պահին կարող է հստակ տվյալ ասել հիմնադրամի շահառուների թվի ավելացման հետ կապված: Անհայտ կորածների հետ կապված դեռ իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան: Վիրավորները դեռ շահառու չեն, նրանք  պետք է հաշմանդամության կարգ ստանան, որը ժամանակ է պահանջում: Դեռ չգիտենք, թե վիրավորներից որքանը կստանան առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն: Այդուհանդերձ, փաստն այն է, որ շահառուների թիվն ավելանում է, և որ այս 1000 դրամներով մենք ի վիճակի չենք լինի կատարել հատուցում»,- ասաց Վարուժան Ավետիքյանը:  Անդրադառնալով քննարկման դրված օրենքի նախագծին, ըստ որի, առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվող պարտադիր վճարները 1000 դրամից դարձնել 3000 հազար դրամ, Վարուժան Ավետիքյանը նշեց, որ տարբեր մոդելներ են քննարկվում: Մեկն այն է, որ բոլորի համար 3 հազար դրամ լինի, ըստ մյուս տարբերակի, գանձումը լինի պրոգրեսիվ եղանակով՝ կապված աշխատավարձի չափի հետ: «Այստեղ կարևորն այն է, որ մենք բոլորս պետք է հասկանանք՝ այդ բեռը անհրաժեշտ է ավելացնել: Մենք բարոյական և ֆինասնական պատասխանատվություն ունենք մեր բանակի առջև, նրանց առջև, ովքեր մեր անվտանգությունն են ապահովել այս պատերազմի ընթացքում, դրանից առաջ: Առաջիկայում էլ շարունակելու են դա անել: Պետք է ապահովենք, որ զոհեր, անհայտ կորածներ, հաշմանդամ դարձած զինվորներ ունեցող ընտանիքները չմնան առանց ֆինանսական եկամտի: Եթե մենք այդ ուղղությամբ գործուն քայլեր չանենք և հիմնադրամի մուտքերը չավելացնենք, ապա այդ ընտանիքների ֆինանսական, սոցիալական խնդիրներն ազդելու են ամբողջ հասարակության վրա»,- հավելեց Վարուժան Ավետիքյանը: Գործադիր տնօրենն ընդգծեց, որ հիմնադրամի աշխատանքները թափանցիկ են: Ցանկացողները կարող են դա տեսնել իրենց կայքում, որտեղ պարզ ներկայացված են մուտքերն ու ելքերը: Հիմնադրամը շահառուներին հատուցելուց բացի, այլ ծախսեր չի անում:
15:52 - 24 նոյեմբերի, 2020
Ամեն շաբաթ 40-50 նոր գործատու է միանում զինվորների հիմնադրամի «Դարձնենք մեկը երկու» նախաձեռնությանը |armenpress.am|

Ամեն շաբաթ 40-50 նոր գործատու է միանում զինվորների հիմնադրամի «Դարձնենք մեկը երկու» նախաձեռնությանը |armenpress.am|

armenpress.am: Զինվորների ապահովագրության հիմնադրամի «Դարձնենք մեկը երկու» նախաձեռնությունը դրական արձագանքների է արժանացել: Նախաձեռնությանը միանալու համար արդեն բազմաթիվ գործատուներից ստացվում են դիմումներ: Այս մասին նշեց «Զինվորների ապահովագրության հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը: «Նախաձեռնության շրջանակում գործատուն հնարավորություն է ունենում իր աշխատակիցների կողմից պարտադիր վճար հանդիսացող ամսական 1000 դրամները բազմապատկել: Գործատուներ կան, որոնք որոշել են այդ գումարը կրկնապատկել, ոմանք՝ քառապատկել: Գործատուներ կան, որոնք իրենց աշխատողներին են թողել ավելացված գումարի չափը ավելացնելու հարցը, այնուհետև գործատուները այն համաֆինանսավորում են»,- ասաց Վարուժան Ավետիքյանը: Այդ գործընթացը հեշտացված է, պարզեցված պայմանագիրը տեղադրված է հիմնադրամի կայքում, որից գործատուները կարող են օգտվել: Վարուժան Ավետիքյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր շաբաթ 40-50 նոր գործատու է միանում «Դարձնենք մեկը երկու» նախաձեռնությանը: Հայաստանում կա շուրջ 55 հազար գործատու: Վարուժան Ավետիքյանը նկատեց, որ այդ տեսանկյունից խոշոր գործատուների մոտ շարժում է նկատվում, ինչը կարող է ոգևորել ավելի փոքր գործատուներին:
14:47 - 24 նոյեմբերի, 2020
Ոչ մի շահառու դուրս չի մնա. զինվորների հիմնադրամն արդեն 104 ընտանիքի տրամադրել է հատուցում |armenpress.am|

Ոչ մի շահառու դուրս չի մնա. զինվորների հիմնադրամն արդեն 104 ընտանիքի տրամադրել է հատուցում |armenpress.am|

armenpress.am: «Զինվորների ապահովագրության հիմնադրամը» պատերազմից հետո արդեն 104 շահառուի տրամադրել է հատուցում: Նրանք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներն են: Այս մասին նշեց «Զինվորների ապահովագրության հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 24-ին ևս նախատեսված է հիմնադրամի գործադիր հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կլինեն մի քանի տասնյակ նոր հատուցումներ: Ապագայի համար պլանավորվում է, որ յուրաքանչյուր շաբաթ հիմնադրամը կկատարի մի քանի տասնյակ հատուցում: Հիմնադրամի շահառուներն են զոհվածի կամ անհայտ կորածների ծնողները, ամուսինները և երեխաները: «Կարող է հարց առաջանալ, թե ինչու են ժամանակային առումով ձգվում այդ հատուցումները և ինչու շաբաթական մի քանի տասնյակ հատուցում է տրվում: Ընտանեկան, ծնողական, ամուսնական կապերը պետք է հաստատվեն, և դրա համար նախապես անհրաժեշտ է հավաքել  համապատասխան փաստաթղթային փաթեթ: Դրա համար այս պահին ներգրավված են մարզպետարանները և Երևանում՝ վարչական շրջանները, որպեսզի փաստաղթերը պատրաստելու գործին աջակցեն»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը: Այնտեղ գործի մեջ ներգրավված աշխատակիցները վերապատրաստված են: Փաստաղթերի պատրաստման ամբողջ գործընթացն իրականացվում է անվճար: Եթե ընտանիքը չդիմի տեղական ինքնակառավարման մարմնին, ապա այդ մարմինը կգտնի այդ ընտանիքին: Վարուժան Ավետիքյանն ընդգծեց, որ ժամկետային սահմանափակում չկա: Երբ էլ լինի, քանի տարի անց էլ լինի, այդ իրավունքը պահպանվում է: Նրա խոսքով՝ կան դեպքեր, երբ ծնողները Հայաստանում չեն և կարողանում են հիմնադրամին դիմել երեք տարի հետո: Միևնույն է, նրանց իրավունքը պահպանվում է: Վարուժան Ավետիքյանը վստահեցրեց՝ ամեն ինչ արվում է, որ որևէ շահառու դուրս չմնա: Այս պահին հիմնադրամը հատուցում է տրամադրում միայն զոհվածների ընտանիքներին, թեպետ, որպես շահառու դիտարկում է նաև հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին: Երկրորդ խմբի դեպքում որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Վիրավորված զինծառայողը պետք է բուժվի, այդ ընթացքում առողջության որոշակի վերականգնում պետք է տեղի ունենա, այնուհետև համապատասխան փորձաքննությունից հետո տրվում է հաշմանդամության կարգ: Այդ կարգը ստանալուց հետո արդեն տվյալ զինծառայողն է դառնում հիմնադրամի շահառուն: «Այս գործընթացը մեկ օրում կամ մեկ շաբաթում տեղի չի ունենում, սակայն, այո, առաջիկայում մենք կունենանք նաև հաշմանդամություն ունեցող շահառուներ»,- ասաց Վարուժան Ավետիքյանը: Շահառուներին հիմնադրամի կողմից տրամադրվող աջակցությունը և՛ միանվագ դրամական օգնություն է, և՛ շարունակական: Զոհված, առաջին կարգի հաշմանդամ դարձած կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է միանվագ 10 մլն դրամի ֆինանական հատուցում: Այնուհետև 20 տարի շարունակ յուրաքաչյուր ամիս վճարվում է 200-300 հազար դրամ: Գումարի տաբերությունը պայմանավորված է տվյալ զինվորականի ունեցած աստիճանով: Մյուս դեպքերում հաշմանդամություն ունեցող շահառուի գումարը կիսվում է, միանվագ օգնությունը կլինի 5 մլն դրամ, ամսական գումարը կկազմի 100-200 հազար դրամ: Եթե տվյալ զինծառայողն ունեցել է 3 և ավելի երեխա, ապա հիմնադրամը լրացուցիչ կվճարի 100 հազար դրամ:
13:59 - 24 նոյեմբերի, 2020
Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն. զինծառայողների փոխհատուցման մանրամասները |hetq.am|

Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն. զինծառայողների փոխհատուցման մանրամասները |hetq.am|

hetq.am: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) այսօրվանից սկսել է այս տարվա սեպտեմբերի 27-ն արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ կատարելու գործընթացը: Սրան զուգահեռ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է հիմնադրամին վճարվող ամսական 1000 դրամները դարձնել 3000 դրամ:  Հատուցման գործընթացի, առաջացող խնդիրների ու սպասվելիքի մասին «Հետքը» զրուցել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ: -Պրն Ավետիքյան, այսօր արդեն կատարվե՞լ են հատուցումներ: -Այո, այսօր առաջին հատուցում ենք արել այս պատերազմի ընթացքում 10 զոհված զինծառայողների ընտանիքներին: Զոհվածների թվում և՛ սպասներ են, և՛ պայմանագրային զինծառայողներ, և՛ պարտադիր ժամկետային: Այսօր հաշիվներ կբացվեն շահառուների՝ զոհվածների ընտանիքի անդամների համար:  Հաշվիները բացվում են մեզ հետ համագործակցող բանկերում: Մենք կտեղեկացնենք շահառուներին, նրանք բանկային փաստաթղթերը կստորագրեն և միանվագ, այնուհետև՝  յուրաքանչյուր ամիս նրանք կստանան այդ գումարները:  10 զինծառայողների ընտանիքների հաշվեհամարներին միայն այսօր կփոխանցվի 102 մլն 300 հազար դրամ: Դա միանվագ գումարն է՝ յուրաքանչյուրի հաշվով 10 մլն դրամ և առաջին ամսվա փոխհատուցումները:  Հետագայում 20 տարի՝ ամեն ամիս նրանք կստանան ամսական հատուցումները: -Ունե՞ք տվյալներ, թե քանի շահառու կա այս պահին:   -Թե որքան դեպքեր ու շահառուներ կան և կունենանք, չենք կարող ասել: Յուրաքանչյուր զոհված զինծառայող կարող է ունենալ 2,3,4 և ավելի շահառուներ: Եթե  հաշմանդամության կարգ ստացած զինծառայող է, ապա ինքն է հանդիսանում շահառու:  -Ի՞նչ փուլերով են հաստատվում շահառուները: Դու՞ք եք իրենց գտնում, թե՞ իրենք ձեզ: -Երկու տարբերակով էլ հնարավոր է: Նախ առաջին փուլով հաստատվում է շահառուն՝ Պաշտպանության նախարարության կողմից: Նախկինում շահառուների հաստատման գործընթացը կազմակերպում էր Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանու­թյան վարչությունը: Գտնում էին շահառուներին, կազմակերպում էին թղթաբանությունը և ամբողջ փաթեթը ուղարկում էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ: Հիմնադրամն էլ կազմակերպում էր  հատուցման գործընթացը:  Բայց, պարզ է, որ այս պահին ՊՆ-ի ռեսուրսները բավարար չեն դրա համար: Կառավարությունը որոշում է կայացրել և համայանքներին հանաձնարարել մասնակից դառնալ այս գործընթացին: Մարզպետարանները և Երևանում ՝ թաղապետարանները, իրենք են կապվում շահառուների հետ, հայտնաբերում և աշխատում նրանց հետ: Նրանք պետք է պատրաստեն փաթեթները և ուղարկեն ՊՆ, որից հետո ՊՆ-ն արդեն հաստատում է շահառուներին և ցանկերն ուղարկում հիմնադրամ: Հիմադրամը հատուցումները կատարում է ՊՆ-ի ուղարկած փաթեթների հիման վրա:  -Շահառուներին հայտնաբերելու կամ հենց շահառուների կողմից գրանցվելու համար ժամկետային սահմանափակումներ կա՞ն: -Ոչ, ժամկետային սահմանափակումներ չկան: Այդ գումարը հավերժ մնում է շահառուների իրավունքը: Բոլորը հատուցվելու են՝ անկախ նրանից, թե երբ են մեզ դիմել, երբ է հաստատվել նրանց շահառու լինելը:  Ես խնդրում եմ, որ պոտենցիալ շահառուները չդիմեն միանգամից հիմնադրամին, քանի որ իմ նշած երկու օղաներով պետք է դեռևս հաստատվեն՝ համայնքի սոցիալական հարցերով զբաղվող վարչության, հետո՝ ՊՆ-ի: Շահառուները կարող են դիմել իրենց համայանքապետարաններ, մենք նաև հրապարակել ենք, թե ինչ փասաթղթեր են անհրաժեշտ: Եթե իրենք ինքնուրույն դիմելու ցանկություն չունեն՝ ամենատարբեր պաճառներով, ապա կարող են սպասել և համայանքներից իրենց հետ կկապվեն ու կաշխատեն: Մենք  ունենք նաև արդեն 190 կամավոր, որոնք պատրաստ են աշխատել շահառուների հետ՝ համայնքապետարանների ու թաղապետարանների ներքո: Փաստաբաններրի պալատի կազմում գործող Հանրային շահերի պաշտպանի գրասենյակը ևս պատրաստակամություն է հայտնել  անվճար խորհրդատվություն տրամադրել հատկապես բարդ դեպքերի համար: Օրինակ՝ երբ ամուսիններ են, իրար հետ են ապրել, բայց՝  ոչ իրավական կարգավիճակով: Այս դեպքերում նրանց անհատական մոտեցում ենք ցույց տալիս: Այս ամենը երկար գործընթաց է: Հատկապես վիրավորների դեպքում: -Եթե մեկ զինծառայողի դեպքով լինում են մեկից ավելի շահառուներ, ինչպե՞ս է կազմակերպվում այս գործընթացը: -Շահառուներ կարող են լինել ծնողները, ամուսինը, երեխաները և բացառիկ դեպքեր են լինում, երբ քույրն է կամ եղբայրը:  Երբ շահառուները նույնականացվում են, հաստատվում են, իրենք են որոշում, թե ում հաշվին պետք է փոխանցվի գումարը: Կարող են, օրինակ, դիմում գրել և ասել, որ ցանկանում են՝ գումարը փոխանցվի  ընտանիքի անդամներից մեկի անունով:  Որպես կանոն՝ ընտանիքի մոր անունով:  Եթե չկա այդպիսի համաձայնություն, ապա յուրաքանչյուր շահառուի համար առանձին հաշիվ է բացվում և ընդհանուր գումարը բաժանվում է շահառուների միջև:  -Կոնկրետ օրինակով հասկանանք: Ենթադրենք ժամկետային զինծառայող է մահացել և նրա ընտանիքին տրվելու է միանվագ 10 մլն դրամ ու 20 տարի՝ ամեն ամիս 200 հազար դրամ: Զինծառայողն ունի, օրինակ, հինգ շահառու՝ հայր, մայր, կին և երկու երեխա: Ինչպե՞ս է բաշխվում գումարը: -Այդ պարագայում 10 միլիոն դրամը կբաժանվի հինգ մասի՝ յուրաքանչյուրը  կստանա 2 մլն դրամ: Եթե երեխաները անչափահաս են, ապա՝ գումարը կստանան մոր անունով: Նույն կերպ առաջիկա 20 տարիներին ամեն ամիս հատուցվող 200 դրամը կբաշխվի նրանց միջև: Կան բազմաթիվ այլ հանգամանքներ ևս: Օրինակ՝ հնարավոր է տվյալ զինծառայողի ծնողներն ամուսնալուծված են կամ ապրում են տարբեր տեղերում: Կամ՝ երեխաները չափահաս են, ամուսնացած և այլն: Ամեն ընտանիք  յուրահատուկ է, և այս հատուցման համակարգն այնպես է կառուցված, որ յուրքանյուր առանձնահատկություն հաշվի է առնված:  Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
19:24 - 06 նոյեմբերի, 2020
Պատգամավորներն առաջարկում են 1000 դրամները բարձրացնել ըստ աշխատավարձի չափի |hetq.am|

Պատգամավորներն առաջարկում են 1000 դրամները բարձրացնել ըստ աշխատավարձի չափի |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Շաքե Իսայանն առաջարկում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հատկացվող դրոշմանիշային վճարները` 1000 դրամները, բարձրացնել ըստ աշխատավարձի հարկման բազայի: Նոյեմբերի 5-ին, Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է ֆիզիկական անձանց համար 1000 դրամները դարձնել 3000 դրամ: Պատգամավորներն առաջարկում են մինչև 150 հազար դրամ հարկման բազայի դեպքում 1000 դրամ դրոշմանիշային վճարը թողնել անփոփոխ, 150 հազարից 300 հազար դրամ հարկման բազայի դեպքում` 2000 դրամ, 300 հազարից 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում` 3000 դրամ, 500 հազարից մեկ միլիոն դրամ հարկման բազայի դեպքում` 6000 դրամ, մեկ միլիոն դրամից ավելի հարկման բազայի դեպքում` 12 հազար դրամ: Անհատ ձեռնարկատերերը և նոտարները ևս 12 հազար դրամ են պարտավորվում վճարել յուրաքանչյուր ամիս: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ստեղծված պատերազմական իրավիճակում կտրուկ ընդլայնվելու է հիմնադրամի շահառուների շրջանակը, և հատուցումների պատշաճ տրամադրման համար անհրաժեշտ է լինելու զգալի չափով հավելյալ ֆինանսական ռեսուրսներ ներգրավել: Ուստի պատգամավորներն առաջարկում են ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգի, ինչը թույլ կտա զգալի չափով ավելացնել հավաքագրվող դրամական միջոցները:    
18:23 - 06 նոյեմբերի, 2020
Ձեր ուղարկած գումարների միջոցով հնարավորություն եք տալիս, որ ՀՀ և ԱՀ կառավարությունները խնայած գումարներն ուղղեն շատ ավելի կարևոր տեղեր. Հայկակ Արշամյան

Ձեր ուղարկած գումարների միջոցով հնարավորություն եք տալիս, որ ՀՀ և ԱՀ կառավարությունները խնայած գումարներն ուղղեն շատ ավելի կարևոր տեղեր. Հայկակ Արշամյան

Դրամական բոլոր միջոցների օգտագործումը կոորդինացվում է ՀՀ և ԱՀ կառավարությունների հետ։ Ուզում եմ վստահեցնել, որ այդ գումարները օգտագործվում են շատ կարևոր նպատակների համար՝ հումանիտար օգնության համար։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։  Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ այս օրերին նույնիսկ մեկ դեղահաբի մասին տեղեկություն հրապարակելը ընդունելի չէ, և այն կարող է վնասել մեր ընդհանուր գերագույն նպատակին։ «Վստահեցնում եմ՝ Հիմնադրամի ծախսերի վերաբերյալ ամբողջական հաշվետվություն կստանաք խաղաղության հաստատումից հետո։ Ձեր աջակցությամբ դուք օգնում եք հումանիտար օգնության կազմակերպմանը և տրամադրմանը, ձեր ուղարկած գումարների միջոցով հնարավորություն եք տալիս, որ ՀՀ և ԱՀ կառավարությունները խնայած գումարներն ուղղեն շատ ավելի կարևոր տեղեր։ Դուք փակում եք հումանիտար մասը՝ հնարավորություն տալով պետական այլ միջոցների ծառայելու շատ ավելի կարևոր նպատակների»,- հայտնեց Արշամյանը։ Արշամյանը  հայտարարեց, որ սկսում են մի նոր շարժում, որն անվանվել է «Համազգային շարժում 2․0», որը նոր մակարդակի է բարձրացնելու արդեն բյուրեղացած Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Դա նպաստելու է համահայկական ռեսուրսների ավելի համախմբանը և դրամական հոսքերի մշտական գալուն ՀՀ և ԱՀ։ «Շարժումն անվանել ենք «50PLUS»: Այս շարժումը հախուռն է սկսվել մեր տարբեր համայնքներում։ Մեր հայրենակիցները պահանջում են, որ ոչ միայն միանվագ օգնություն ուղարկեն ՀՀ, այլև գրանցվեն հիմնադրամի կայքում՝ ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերելով Հիմնադրամին։ Պատկերացրեք՝ եթե այս շարժմանը միանա 1 միլիոն մարդ, ապա ամեն ամիս Հիմնադրամում կունենանք 50 միլիոն դոլար՝ եթե վերցնում ենք 50 դոլարը՝ որպես չափանիշ։ Սրանով մեծ թափ կհաղորդենք դրամահավաքին»,- եզրափակեց հիմնադրամի տնօրենը։  Արշամյանը տեղեկացրեց, որ հեռուստամարաթոնը լինելու է նոյեմբերի 26-ին, սակայն այս ընթացքում փոքր նմանատիպ դրամահավաքներ են լինելու։ Հեռուստամարաթոնի ընթացքում կամփոփվեն նաև այդ արդյունքները։ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ չորս տարվա ընթացքում ՀՀ-ում աշխատող ամեն ոք Հիմնադրամին վճարել է 1000 դրամ։ Դրա շնորհիվ տարիների ընթացքում կուտակել ենք 60 միլիոն դոլար, որն ուղղվելու է այս պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին՝ ապահովելու նրանց, նրանց երեխաների, ծնողների արժանապատիվ կյանքը։  «Իրականում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի տրամադրում ենք 120 հազար դոլարից մինչև շուրջ 160 հազար դոլար։ Հատուցումները տրամադրում ենք երկու եղանակով․ առաջինը՝ միանվագ վճարն է, որը տրամադրում ենք տվյալ ընտանիքին կամ հաշմանդամ դարձած զինծառայողին։ Տասը միլիոն դրամ, եթե զոհված է, անհայտ կորած է կամ առաջին կարգի հաշմանդամություն ունի,  5 միլիոն դրամ, եթե երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Այնուհետև 240 ամիս շարունակ, բացելով հաշիվներ բանկերում, այդ հաշիվներին ենք փոխանցում գումարները 100 հազարից մինչև 300 հազար դրամ։ Եթե զինծառայողը ունի 3 և ավելի երեխա, ապա լրացուցիչ 100 հազար դրամ հատուցում ենք կատարում»,- տեղեկացրեց հիմնադրամի տնօրենը, շեշտելով, որ հիմնադրամի աշխատակազմը կամավորության հիմունքներով է աշխատում։ Հիմնադրամին փոխանցված որևէ լումա չի ծախսվում որևէ այլ նպատակով, քան զինծառակողներին և նրանց ընտանիքներին փոխանցում կատարելը։
22:55 - 21 հոկտեմբերի, 2020
Վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ

Վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ

Վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ։ Նվիրաբերությունների նման հոսքը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին, ինչի համար երախտապարտ ենք։ Հենց այս ամուր կապի շնորհիվ է, որ Հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված նպատակները: Այս մասին հայտնում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ֆեյսբուքյան էջի միջոցով։ Ստորև կարող եք գտնել 17․07․2020-20.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 13։00֊ի դրությամբ․ •Շուրջ 13,000,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 42 %-ը, Paypal֊ի միջոցով` 20%-ը, բանկային փոխանման միջոցով՝ 38%-ը •Ավելի քան 300 նվիրեբերություններ, որից կայքի միջոցով` 77%-ը, Paypal֊ի միջոցով` 19%-ը, բանկային փոխանման միջոցով՝ 4%-ը •Շուրջ 20 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից Առավել մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումով՝ https://www.1000plus.am/hy/freewill »
15:34 - 20 հուլիսի, 2020