Զբոսաշրջության կոմիտե

Զբոսաշրջության պետական կոմիտեի գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում տուրիզմի զարգացմանը:

Քաղաքացիների մեկուսացումն ապահովում է 35 հյուրանոցային տնտեսություն. Զբոսաշրջության կոմիտեն գաղտնի է պահում դրանց անունները |hetq.am|

Քաղաքացիների մեկուսացումն ապահովում է 35 հյուրանոցային տնտեսություն. Զբոսաշրջության կոմիտեն գաղտնի է պահում դրանց անունները |hetq.am|

hetq.am: Ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց հետ շփման շրջանակի մեկուսացումն ապահովում է 35 հյուրանոցային տնտեսություն: Վերջիններիս հետ կնքվել են պայմանագրեր: 2 հյուրանոց տարածքը տրամադրել է անվճար հիմունքներով: Հյուրանոցային մեկ համարի միջին արժեքը կազմում է օրական 10 հազար դրամ` անկախ համարում մեկուսացված անձանց քանակից: Այս տվյալները, մեր հարցմանն ի պատասխան, տրամադրել է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: Սուսաննա Սաֆարյանը, սակայն, հրաժարվել է տրամադրել այդ հյուրանոցային տնտեսությունների ցանկը, ասել է, թե` ընկերությունների անուններն ու նրանց հետ կնքված պայմանագրերի գումարին վերաբերող տեղեկությունները: «Հայտնում ենք, որ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերը` որպես կացարան ծառայող ՀՏՕ-ներում բնականոն աշխատանքն ապահովելու, մեկուսացված քաղաքացիների, գործընթացում ներգրավված անձանց անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը պաշտպանելու և անվտանգության այլ նկատառումներով պայմանավորված` ընկերությունների անունները ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից տրամադրվել չեն կարող»,- գրել է Սուսաննա Սաֆարյանը:  «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նշված հոդվածն ու կետերն առհասարակ կապ չունեն տիկին Սաֆարյանի հիմնավորման հետ: Այդ հոդվածով սահմանվում է, որ տեղեկատվության տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա` 2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը. 4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք): Մենք որևէ անձի կամ նրա ընտանիքի մասին տեղեկություններ չէինք հայցել, ոչ էլ խնդրել էինք բացահայտել բժշկական, նոտարական կամ փաստաբանական գաղտնիք: Տեղեկությունները վերաբերում են ՀՀ հարկատուների հաշվին հյուրանոցային օբյեկտների հետ կնքված պայմանագրերին, դրանց արժեքին: Հետևաբար, Սուսաննա Սաֆարյանն այս տեղեկությունները մերժելու իրավասություն չուներ: Այդուհանդերձ, պետգնումների կայքում` մեկ անձից կատարված հրատապ գնում ձևակերպված պայմանագրերի շարքում կարողացանք զտել շուրջ 3 տասնյակ պայմանագիր հյուրանոցային ծառայություններ մատուցող 22 ընկերությունների հետ` մարտ-ապրիլ ամիսներին: Հավանաբար, վերջին կնքվածները դեռևս չեն տեղադրվել: Այդպիսով` Կառավարությունը Երևանի 15 հյուրանոցում անձանց մեկուսացման համար համարներ է պատվիրել և պայմանագրեր կնքել դրանց հետ: Այդ հյուրանոցների թվում են նաև հանրահայտ հյուրանոցները, ինչպիսիք են` «Մարիոթը», «Փարիզը», «Իմպերիալը» և շատ այլ հյուրանոցներ: Կնքված պայմանագրի ամենամեծ արժեքը 42,5 մլն դրամ է: Այն կնքվել է «Մինօտել Բարսամ Սյութս» հյուրանոցը շահագործող «Ռումի» ՍՊԸ-ի հետ: Հաջորդում են «Արմենիա Մարիոթ» և «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցները: Մնացած հյուրանոցները Կառավարությունը վարձակալել է մարզերում: Մասնավորապես, մեկական հյուրանոց Գյումրիում, Էջմիածնում, Վանաձորում, Ծաղկաձորում, Տավուշի մարզի Թեղուտ գյուղում, երեք հյուրանոց` Դիլիջանում: Այստեղ ամենաբարձր արժեքով հիմնական 4 հյուրանոցի հետ կնքված պայմանագրերն են, այդ թվում` Գյումրու, Էջմիածնի, Ծաղկաձորի և Դիլիջանի հյուրանոցները: Անդրադառնալով մեր մյուս հարցադրումներին, Զբոսաշրջության կոմիտեի նախագահը հայտնել է, որ ապրիլի 27-ի դրությամբ հյուրանոցային ծառայությունների մատուցման պատրաստակամություն է հայտնել հյուրանոցային տնտեսության 99 օբյեկտ Շարունակությունը՝ hetq.am-ում
09:56 - 04 մայիսի, 2020
Զբոսաշրջության ոլորտում վնասներ են կրում բոլորը. առաջարկվում են աջակցության ծրագրեր
 |armtimes.com|

Զբոսաշրջության ոլորտում վնասներ են կրում բոլորը. առաջարկվում են աջակցության ծրագրեր |armtimes.com|

armtimes.com: Զբոսաշրջությունը կորոնավիրուսի հետեւանքով ամենատուժած ոլորտներից է, եւ այս պահին զբոսաշրջային այցելությունների քանակը Հայաստանի Հանրապետությունում եւ ամբողջ աշխարհում հասնում է զրոյի, հետեւաբար զբոսաշրջության ոլորտում վնասներ են կրում թե՛ մասնավոր ներկայացուցիչները, թե՛ անհատ ձեռնարկատերերը, որ ներգրավված են եղել զբոսաշրջային ծառայությունների մատուցման բնագավառում, թե՛ հյուրատները եւ թե՛ հյուրանոցները, որոնց հիմնական սպառողը եղել են զբոսաշրջիկները: Այդ իսկ պատճառով կառավարությունը զբոսաշրջության ոլորտի համար նախատեսել է աջակցության ծրագրեր, որոնց մասին այսօր ասուլիսում խոսեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: Ըստ նրա՝ առաջին միջոցառմամբ սահմանվում է համավարկավորում կամ վերավարկավորում։ Մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարող են դիմել համավարկավորման եւ ստանան որոշակի ծրագրի 50 տոկոսի չափով վարկ՝ իրենց կողմից 50 տոկոս վարկային միջոցների ներդրման դեպքում։ Սա նրանք կարող են օգտագործել իրենց աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարներ կատարելու, պետական կամ համայնքային վճարների, տուրքերի (օրինակ՝ իրենց կոմունալ ծառայությունների վճարման) համար: Աջակցության նախագիծը հասանելի է gov.am կայքում: «Սա թերեւս կարող է մի փոքր մեղմացնել այն կորուստները, որ այս ոլորտում աշխատողները կրում են, այնուամենայնիվ, չի ծածկում այն պահանջարկը կամ աջակցության այն կարիքը, որ նրանք ունեն»,- նշեց Սաֆարյանը: Վարկավորման աջակցությունը նախատեսում է վարկավորել այն գործունեության սուբյեկտներին, որոնց շրջանառությունը 24-500 մլն դրամի շրջանակում է. այս ծրագրով մարման ժամկետը 36 ամիս է, որի առաջին 6 ամսվա ընթացքում վճարումներ նախատեսված չեն, տոկոսավճարներ չկան, որից հետո 24 ամիս վարկառուն կշարունակի վճարել մայր գումարն առանց տոկոսի, եւ միայն վերջին 6 ամսվա համար 12 տոկոս տոկոսավճար է նախատեսված: Վաղաժամկետ վճարման դեպքում, բնականաբար, երրորդ տարվա տոկոսավճարը չի գանձվում, եւ, ըստ այդմ, կարող է շահավետ լինել այն բիզնեսների համար, որ կկարողանան երկու տարում մարել վարկը: Աջակցության եւս մեկ նախագիծ աշխատակիցների աշխատավարձերի վճարումներին է ուղղված՝ նվազագույն աշխատավարձի չափից մինչեւ 136 հազար դրամի չափով՝ կախված աշխատավարձի մեծությունից. յուրաքանչյուրի համար գործում է հաշարկման տարբեր մեխանիզմ: «Թեպետ այս նախագծերով որոշակի աջակցություն է տրամադրվում, սակայն զբոսաշրջության ոլորտում գործող մի շարք սուբյեկտներ չեն օգտվում այս ֆոնդերից. նրանց համար դեռ քննարկվում են այլ առաջարկներ»,- ասաց Սաֆարյանը:
19:37 - 30 մարտի, 2020
Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է չինացի տուրիստների նկատմամբ չցուցաբերել ավելորդ զգուշավորություն |armenpress.am|

Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է չինացի տուրիստների նկատմամբ չցուցաբերել ավելորդ զգուշավորություն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն հորդորում է Հայաստանում Չինաստանի քաղաքացիների հանդիպելիս չցուցաբերել ավելորդ զգուշավորություն, նրանց չպատճառել անհարմարություն, վստահ լինել, որ կորոնավիրուսի տարածման ռիսկը կանխելու նպատակով անհրաժեշտ գործողությունները կատարվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսի տարածման ռիսկ կա՝ չնայած Հայաստանն այս առումով համարվում է ցածր ռիսկային գոտի: Այնուամենայնիվ, կանխարգելիչ միջոցառումներ այստեղ ևս իրականացվում են: Կատարվում են ուժեղացված հետազոտական աշխատանքներ: Վարակի ռիսկ ունեցող բոլոր քաղաքացիներն անցնում են հետազոտություն, որն ինչ-որ չափով կանխարգելում է ռիսկի տարածումը Հայաստանում: Ուզում եմ հորդորել ծառայություն մատուցող և առհասարակ բոլոր քաղաքացիներին, որոնք երբևէ կառնչվեն ՀՀ մուտք գործած Չինաստանի քաղաքացիների հետ, ավելորդ զգուշավորություն չցուցաբերել, վստահ լինել, որ անհրաժեշտ գործողությունները կատարվում են և անհարմարություն չպատճառել մեր հյուրերին»,- ասաց Սաֆարյանը: Կոմիտեն չինացի զբոսաշրջիկներից այս օրերին զգուշավոր վերաբերմունքի վերաբերյալ կոնկրետ բողոքներ չի ստացել, այնուամենայնիվ, եղել են խոսակցություններ: Սաֆարյանը վստահեցրեց՝ ամեն ինչ արվում է պետական մակարդակով, հնարավոր բոլոր ռիսկերը կանխարգելվում են, Չինաստանից զբոսաշրջային այցելությունները վերահսկվում են երկրի ողջ տարածքում: «Հետևաբար, որևէ այլ վտանգ չկա: Եթե վտանգի ռիսկ առկա լիներ, տվյալ մարդիկ քաղաքի այդ հատվածում կամ մարզում չէին լինի»,-ասաց նա: Սաֆարյանը նաև հորդորեց առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ զբոսաշրջային այցեր կազմակերպելուց և տուրփաթեթներ վաճառելուց: Նա նշեց՝ ամենօրյա կտրվածքով Հայաստանում լինում են Չինաստանի քաղաքացիների այցեր: Սաֆարյանը նաև նկատեց, որ ռիսկը պայմանավորված չէ միայն Չինաստանի քաղաքացիներով, քանի որ այն տարածվել է արդեն այլ երկրներում:  
10:09 - 01 փետրվարի, 2020
Հայաստանում պատրաստվում են պատշաճ ընդունել Նովրուզի օրերին երկիր այցելող իրանցիներին |armenpress.am|

Հայաստանում պատրաստվում են պատշաճ ընդունել Նովրուզի օրերին երկիր այցելող իրանցիներին |armenpress.am|

Հայաստանի պետական գերատեսչությունները պատրաստվում են Նովրուզի օրերին պատշաճ դիմավորել իրանցի զբոսաշրջիկներին: Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացրեցին, որ կարևորելով հայ-իրանական համագործակցության ամրապնդումն ու զարգացումը, ինչպես նաև` Նովրուզի օրերին Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար նպաստավոր պայմանների ապահովումը` այս տարի ևս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեն գրությամբ խնդրել է ՀՀ վարչապետի հանձնարարականները: Ըստ դրանց՝ Նովրուզի օրերին Երևան - Մեղրի ավտոճանապարհի որոշակի հատվածներում՝ տեսանելի վայրերում, կապահովվի շարժական շտապ օգնության մեքենաների ծառայություն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կապահովի Երևան- Մեղրի ավտոճանապարհի լուսավորությունն ու բարեկարգումը: Սահմանային անցման կետերում իրանցի զբոսաշրջիկներին կտրամադրվի Հայաստանի և Երևանի վերաբերյալ պարսկերեն ամսագրերի թարմացված տարբերակը: ՀՀ ոստիկանությունը կապահովի Երևան - Մեղրի ավտոճանապարհին ուժեղացված ճանապարհային հսկողություն: Միաժամանակ, առաջարկվել է Երևանի քաղաքապետին` ապահովել Նովրուզի օրերին Երևանի՝ Հանրապետության հրապարակի շատրվանների գործարկումը: Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ վերջին տարիներին ակտիվություն է նկատվել Իրանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների ոլորտում: Ավելին՝ armenpress.am-ում
05:47 - 22 մարտի, 2019