STARMUS VI փառատոն

Գիտության և արվեստի STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության, մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։ 

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում։ 6-րդ STARMUS փառատոնը կանցկացվի Հայաստանում, սեպտեմբերի 5-10-ը։ Փառատոնին կմասնակցեն աշխարհահռչակ գիտնականներ ու երաժիշտներ։

 

 

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է «STARMUS» 6-րդ փառատոնի կազմակերպման ընթացքը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է «STARMUS» 6-րդ փառատոնի կազմակերպման ընթացքը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Կառավարության կայքը: Քննարկմանը մասնակցել են փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի և հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները: Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Հարգելի գործընկերներ, գիտեք, որ այս տարվա սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու «STARMUS» փառատոնը, և այդ միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար այժմ պետք է քննարկենք, թե ուր ենք հասել՝ ինչ է արվել մինչև հիմա և ինչ անելիք ունենք»: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են փառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումների նախնական ծրագիրը և ժամանակացույցը: Անդրադարձ է եղել միջոցառումների ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական ասպեկտներին, այդ ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքներին: Քննարկվել են ենթակառուցվածքային և լոգիստիկ խնդիրների լուծմանը, միջազգային և տեղական հանրային իրազեկման գործընթացի, մարքեթինգային արշավի կազմակերպմանը, փառատոնի հասանելիության ապահովմանը վերաբերող և այլ հարցեր: Փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը նշել է, որ նման մասշտաբի գիտության փառատոն տարածաշրջանում անցկացվելու է առաջին անգամ, ինչը և մեծացնում է դրա գրավչությունը: Նախատեսվում է հանրահայտ գիտնականների, արվեստագետների, երաժիշտների մասնակցություն, որոնց թվում են նաև 8 Նոբելյան մրցանակակիրներ: Ընդգծելով «STARMUS» 6-րդ փառատոնի լավագույնս անցկացման կարևորությունը՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետությունը հնարավորինս կաջակցի այդ գործընթացին և կապահովի միջգերատեսչական արդյունավետ գործակցություն: «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով փառատոնը Հայաստանում կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը: Այն նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել 3-5 հազար այցելու աշխարհի տարբեր երկրներից:
13:12 - 13 ապրիլի, 2022
Գիտակրթական և մշակութային խաչմերուկում. Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը

Գիտակրթական և մշակութային խաչմերուկում. Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը

Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին: Այն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Հայաստանում «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը: Միջոցառումներին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, թե՛ գիտության և արվեստի ներկայացուցիչների, թե՛ լայն հանրության ընդգրկմամբ: Փառատոնը լավ հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի գրավչությունը հազարավոր զբոսաշրջիկների համար և ամրապնդելու Հայաստանի դիրքը գիտության ու արվեստի համաշխարհային քարտեզի վրա: «STARMUS» փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձևաչափեր և հնարավորություններ, ոգեշնչել նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ, բարձրացնել գիտելիքի տարածման և ուսումնառության մակարդակը՝ դարձնելով այն հասանելի բոլորի համար: Փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ: Հիշեցնենք, որ «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը, համաձայն 2020 թ.-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Starmus Universe 2007 S.L.» կազմակերպության միջև կնքված համաձայնագրի, նախատեսվում էր Հայաստանում անցկացնել դեռևս 2021 թ. սեպտեմբերին: Փառատոնի անցկացումը հետաձգվել է՝ պայմանավորված COVID-19 համավարակային իրավիճակով:
13:29 - 06 հուլիսի, 2021