Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետ աշխատակազմից։  Ողջունելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն նախարար, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Սա Ձեր և, ընդհանրապես, Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն և արդեն իսկ այս փաստով պատմական է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ մեր երկկողմ օրակարգի ձևավորման և այդ օրակարգն իրականացնելու հարցում աջակցության համար: Պիտի ընդգծեմ, որ իհարկե այն փոփոխությունները, որ տեղի են ունենում մեր անվտանգային իրավիճակում և համագործակցության մեջ, տրամաբանված են և հիմնավորված: Իհարկե, շնորհակալություն հայտնելով՝ պիտի նաև տրամաբանական համարեմ, որ Ֆրանսիան առաջին երկրներից է, որ արձագանքում է անվտանգության ոլորտում մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնելու մեր որոշմանը, որովհետև ինչպես նախորդ երկու օրերին Փարիզում քննարկելու առիթ ունեցանք, մեր հարաբերությունները շատ խորն են և բազմաշերտ ու տրամաբանական է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտում նույնպես այդ հարաբերությունները պետք է արտահայտվեն: Նաև ուզում եմ ընդգծել, որ նախագահ Մակրոնի հետ մեր քննարկումներում, ըստ էության, միշտ ներկա է եղել անվտանգության կոմպոնենտը, և հիմա ուրախ եմ, որ այդ քննարկումները կոնկրետ արտահայտություն են ստանում, այդ թվում՝ Ձեր աջակցությամբ»:Իր հերթին Սեբաստիան Լըկորնյուն նշել է. «Շնորհակալություն այս խոսքերի և ընդունելության համար: Դուք հուզեցիք ֆրանսիացիներին Ձեր ներկայությամբ պանթեոնում: Կարելի է ասել, որ սա շատ յուրօրինակ շաբաթ էր մեր երկու հանրապետությունների համար: Ինչպես այդ մասին ասացի ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնց հետ հենց նոր ես հանդիպում ունեցա, իրոք որ կար որոշակի պառակտում՝ մի կողմից ջերմ բարեկամական հարաբերությունները, որ մենք ունեինք, և պաշտպանական ոլորտը, որ դեռևս լիովին իրագործված չէր: Կարծում եմ, որ այս առաջընթացում մեծ դեր են խաղում նաև Ձեր անձնական հարաբերությունները Ֆրանսիայի նախագահի հետ: Կարծում եմ, որ այն հիմնված է վստահության վրա և թույլ տվեք ինձ ասել, որ նաև մեր երկկողմ վստահությունն է: Կարծում եմ, որ Ձեր՝ պաշտպանության նախարարի հետ մեր թիմերի միջև շատ կոնկրետ ճանապարհ ենք մեզ համար ուղեգծել: Եվ հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք կախված են Հայաստանի գլխին, մեզ ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ: Այսինքն՝ մեզ համար շատ կարևոր է արագ արձագանքել և կազմակերպել քայլերը: Արդեն շատ բան ընթացքի մեջ էր, բայց շնորհիվ այն երկկողմ հարաբերությունների և հանդիպման, որ Դուք ունեցաք նախագահ Մակրոնի հետ, մեզ թույլ տվեց այսօր առավոտյան ավելի առաջ ընթանալ՝ այն նույն ուղղություններով, որոնք մատնանշել էիք Փարիզում միասին»: Զրուցակիցները քննարկել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Կողմերը կարևորել են ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում Հայաստան- Ֆրանսիա փոխգործակցությունը, այդ թվում՝ ռազմական կրթության, մարտական պատրաստության և այլ ուղղություններով: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:
14:31 - 23 փետրվարի, 2024
Որևէ գործընկերջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում․ Սուրեն Պապիկյան

Որևէ գործընկերջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում․ Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի համատեղ ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե Հայաստանի ու ՌԴ-ի միջև ՀՕՊ միացյալ պաշտպանության համակարգի մասին պայմանագրի առկայությունը ներդաշնակ լինելո՞ւ է հայ-ֆրանսիական համագործակցության հետ։ Ավելի վաղ ֆրանսիացի նախարարը, անդրադառնալով ՀՕՊ համակարգերի մատակարարմանը, հայտարարել էր, որ հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի: Ի պատասխան վերոնշյալ հարցի՝ Լըկորնյուն ասաց, որ դիվանագիտական այդ հենքը կա, բայց կան պարտավորություններ, որոնք ընդունվում են բոլորի կողմից։  «Ինչպես ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, Երևանն իրավունք ունի թեքվել դեպի այն գործընկերները, որոնք հուսալի են»,- հավելեց նա։ Ապա Սուրեն Պապիկյանը անդրադարձավ հարցին՝ նշելով, որ այն իր իրավասության տիրույթում է՝ չնայած հարցն ուղղված էր ֆրանսիացի գործընկերոջը․ «Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության համալրումը ՀՀ սեփական հակաօդային պաշտպանություն ունենալու մասին է և մեր երկնքի անվտանգությունը ապահովելու մասին է։ Որևէ գործընկերջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում»։
12:51 - 23 փետրվարի, 2024
Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին․ Սուրեն Պապիկյան

Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին․ Սուրեն Պապիկյան

Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, կարծում եմ՝ այն պիտի դիտարկենք երկուստեք։ Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումը հակադրության մեջ չի՞ մտնում Հայաստան-Ռուսաստան պարտավորությունների կամ ՀԱՊԿ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների մասով։ Պապիկյանը հիշեցրեց 2022թ․ դեպքերը, երբ ՀՀ սուվերեն տարածքը ենթարկվեց ագրեսիայի, և Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնվեցին ՀՀ տարածքներ։ Նրա խոսքով հենց այդ ժամանակ Հայաստանն առաջին անգամ հայտարարեց, որ ռազմատեխնիկական համագործակցությունը և այս ոլորտը դիվերսիֆիկացնելու խնդիր է դրել։ «Կարծում եմ՝ հարցը, որ տալիս եք, դա Հայաստանի սուվերեն իրավունքն է, և ՀՀ-ն իրավասու է որոշել ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենալ։ Սա բխում է Հայաստանի ժողովրդի և պետականության շահերից։ Այս հարցում մենք շատ հստակ ենք, պարզ և անթաքույց»,- հավելեց նա։ Հարցի մյուս մասին, թե Իրանի տրամադրությունները ստուգվե՞լ են այս առումով, Պապիկյանը պատասխանելով ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն Հայաստանի Հաարապետության է և որևէ մեկի դեմ չէ։ «Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին։ Մեր ֆրանսիացի գործընկերները բնականաբար հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ, մեր իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ։ Կարծում եմ՝ մեր Ռուսաստանի գործընկերներն էլ նույնը պետք է անեն, և մնացած մեր բոլոր գործընկերները՝ ևս»,- ընդգծեց նախարարը։ Պապիկյանը հայտարարեց, որ Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության․ «Կարիք չկա, որ ինչ-որ մեկը մտահոգվի, որովհետև մտահոգվողը պիտի մենք լինենք, խոսքը վերաբերում է մեր շահին»։
12:39 - 23 փետրվարի, 2024
Հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման հարցին, նշեց, որ «հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի»։ Նա հայտարարեց նաև, որ պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը ներառում է ոչ միայն սպառազինությունների մատակարարում, այլև վերապատրաստում։ Ըստ նրա՝ խոսքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում վերապատրաստումների մասին է։ Ֆրանսիան Հայաստանում կունենա մշտական ռազմական խորհրդատու, իսկ հայ սպաները և ենթասպաները հնարավորություն կունենա վերապատրաստվել Ֆրանսիայի ռազմական դպրոցներում։ Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Ֆրանսիան մեծացնելու է հակաօդային պաշտպանական բնույթի միջոցների վաճառքը Հայաստանին՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն ունի օդը պահելու խնդիր, և որ Ադրբեջանը ձեռք է բերում հարձակողական բնույթի զենք-զինամթերք, ֆրանսիացի նախարարը  կարծիք հայտնեց, որ վերջերս տեղի ունեցող բոլոր հակամարտություններից հետևությունն այն է, որ պաշտպանական միջոցները ամենակարևոր կետն են․ ծայրահեղ դեպքում դրանք հնարավորություն են տալիս պաշտպանվել մարտի դաշտում, ինչը տեսանք Ուկրաինայում, բայց հատկապես հնարավորություն են տալիս պաշտպանելու քաղաքացիական հասարակությանը և կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ էներգետիկան, տրանսպորտը, օդանավակայանները և այլն։ «Մենք տեսնում ենք՝ գնալով ավելի շատ սպառնալիքներ են լինում՝ սկսած ԱԹՍ-ների դեմ պաշտպանությունից մինչև հրթիռային և հարձակողական ինքնաթիռների դեմ պաշտպանությունը։ Դա ճիշտ է նաև մեզ համար։ Ֆրանսիայում մենք աշխատանքներ ենք տանում հրթիռային բազայի վերակազմավորման առումով և նոր ռազմասպառազինության, որը հնարավորություն է տալիս ավելի լավ պաշտպանելու մեր օդը»,- ասել է նա։ Լըկորնյուն հայտարարեց, որ որքանով Ֆրանսիան հզորացնում է իր բազան, այնքան ավելի մեծ հնարավորություն է տալիս դա Հայաստանի հետ համագործակցության համար։ «Շատ արագ մենք կկարողանանք նոր բաներ առաջարկել։ Minstrel հրթիռների մասին ենք օրինակ խոսել այս առավոտ: Սրանք մոտահար հրթիռային սարքեր են։ Վերապատրաստման առումով․ բավականին հեշտ է դրանք գործածելը։ Երկրորդ շերտի պաշտպանության համար առաջարկելու ենք միջին շերտի օդային պաշտպանություն, այդ մասին խոսել ենք ՀՀ պաշտպանության նախարարի հետ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ընդամենը ներկայացնում է ֆրանսիական հնարավորությունները՝ և՛ սպառազինության, և՛ վերապատրաստման առումով։ «Վերջին շերտի պաշտպանությունը կա նաև, որը շատ ավելի լուրջ տեխնոլոգիա է․ Thales ռադարների մասին է խոսքը։ GM-200 ռադարների մատակարարում շատ շուտով կլինի արդեն»,- նշեց նախարարը։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ տրամադրվող զենք-զինամթերքը պաշտպանական բնույթի է, և, որ միակ ձևը, որ ՀՕՊ համակարգերը չկիրառվեն, այն է, որ ոչ ոք ոչ մեկի վրա չհարձակվի։
12:15 - 23 փետրվարի, 2024
Նախարարները կարևորել են ՀՀ ԶՈՒ բարեփոխումների շրջանակում հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը

Նախարարները կարևորել են ՀՀ ԶՈՒ բարեփոխումների շրջանակում հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը

Փետրվարի 23-ին՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու իրենց գոհունակությունը հայտնել համագործակցության ընթացքի և արդյունքների վերաբերյալ։  Միաժամանակ նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ: Նախարարները կարևորել են ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը և այն երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ջանքերը:  Հատուկ ուշադրության են արժանացել ռազմական կրթության, մարտական պատրաստության, տարբեր վարժանքների, խորհրդատվական և փորձագիտական աջակցության հարցերը: Քննարկվել են նաև ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ առաջիկա անելիքները: Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյուն մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:  Նախարարներն ընդգծել են, որ հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունն ու համատեղ ջանքերը բացառապես ուղղված են հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման գործում ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունների զարգացմանը:
11:52 - 23 փետրվարի, 2024
ՀՀ շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը՝ անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ստեղծված անվտանգային միջավայրից․ Պապիկյան

ՀՀ շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը՝ անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ստեղծված անվտանգային միջավայրից․ Պապիկյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը և ֆրանսիական ընկերության ներկայացուցիչը, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը պաշտպանության նախարարությունում ստորագրեցին փաստաթղթեր: Փաստաթղթերի ստորագրմանը հաջորդեց Սուրեն Պապիկյանի և  Սեբաստիեն Լըկորնյուի մամուլի ասուլիսը: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հաստատեց տեղեկությունը, որ երեկ պաշտպանական սպառազինության խմբաքանակ է բերվել Հայաստան․ ««Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակը ևս շուտով կգա Հայաստան»։ «Շատ չմանրամասնեմ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության սարքավորումներ են, որովհտեև առաջնահերթ է այս տարածաշրջանում և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը։ Որևէ մեկը չի կարող քննադատել ՀՀ բանակին իր պաշտպանության ունակությունները ուժեղացնելու համար»,- նշեց նա։ Ֆրանսիացի լրագրողի հարցին, թե «արդյո՞ք վտանգ կա Ադրբեջանի կողմից, և դա ստիպում է նախարարին նոր պայմանագիր կնքել», Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ չի կարող հերքել, որ կա վտանգ (ադրբեջանական կողմի հարձակման՝ խմբ․), որը տեսանելի է առկա հռետորաբանությունից։ «ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Այն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի»,- ընդգծեց Պապիկյանը։ Պաշտպանության նախարարը ասաց նաև, որ անկախ նրանից, թե առաջիկայում խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ ԶՈՒ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը․ «Այսօր ստորագրված պայմանագրերը հենց դրա մասին են»։
11:23 - 23 փետրվարի, 2024
Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի հետ Հայաստան կժամանեն պաշտպանական ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ
 |factor.am|

Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի հետ Հայաստան կժամանեն պաշտպանական ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ |factor.am|

factor.am: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյույի՝ Հայաստան կատարելիք այցին անդրադարձել է Politico-ն՝ նշելով, որ սա Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի առաջին նման այցն է և վկայում է Հայաստանի հետ Ֆրանսիայի պաշտպանական կապերի խորացման մասին: «Հայաստանը հեռանում է Մոսկվայի հետ իր պատմական հարաբերություններից, իսկ Փարիզը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Ռուսաստանի նախկին դաշնակիցների, այդ թվում՝ Մոլդովայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ»,-գրում է լրատվամիջոցը։ Նշվում է, որ ֆրանսիացի նախարարի հետ Հայաստան են ժամանելու ֆրանսիական հայտնի պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչները․ «Հայաստան թռչող պատվիրակության կազմում են պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ MBDA-ի, Nexter-ի, Safran-ի, Thales-ի և Arquus-ի»։ Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի այցի առնչությամբ Le Figaro-ն հայտնել էր, որ Հայաստան է առաքվելու ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակ։ Լրատվամիջոցը գրում է, որ 2023 թվականի հոկտեմբերին Ֆրանսիան և Հայաստանը ստորագրել էին համաձայնագիր, որը ներառում է Thalès Ground Master (GM200) երեք ռադարների գնման պայմանագիր, որոնք կարող են հայտնաբերել թշնամու ինքնաթիռները 250 կմ հեռավորության վրա, ինչպես նաև Safran ընկերության գիշերային տեսողության համակարգեր, հեռադիտակների, սարքավորումներ։ Բացի այդ՝ հաղորդվում է, որ ֆրանսիական բանակն այս տարի նախատեսվում է անցկացնել լեռնային մարտական ​​պատրաստության երեք դասընթաց ՀՀ Զինված ուժերի հետ։
17:33 - 22 փետրվարի, 2024
Նիկոլ Փաշինյանը և Անն Իդալգոն կարևորել են Երևանի և Փարիզի միջև համագործակցության հետևողական զարգացումը

Նիկոլ Փաշինյանը և Անն Իդալգոն կարևորել են Երևանի և Փարիզի միջև համագործակցության հետևողական զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Տիկին Իդալգոն նշել է, որ մեծ ուրախությամբ է հյուրընկալում վարչապետին և ընդգծել իր շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին: Քաղաքապետը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է Փարիզի կենտրոնում բացել Շառլ Ազնավուրի անվան այգին, որտեղ կտեղադրվի նաև մեծանուն շանսոնյեի կիսանդրին: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ ջերմությամբ է հիշում տիկին քաղաքապետի` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության առաքելությամբ Հայաստան կատարած այցը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Անն Իդալգոյի ջանքերը` Հայաստանի և հայ ժողովրդի հետ կապված օրակարգերի ուղղությամբ: Զրուցակիցները կարևորել են Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացումը, մասնավորապես, տրանսպորտի, շինարարության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տարբեր ուղղություններով Փարիզի քաղաքապետարանի հարուստ փորձը Երևանի հետ կիսելու անհրաժեշտությունը: Անն Իդալգոն նշել է, որ Փարիզը պատրաստ է հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել փոխգործակցությունը Երևանի հետ, այդ թվում` միջազգային տարբեր հարթակների շրջանակում:
16:33 - 22 փետրվարի, 2024
Նիկոլ Փաշինյանը և Գաբրիել Ատալը քննարկել են տնտեսության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Գաբրիել Ատալը քննարկել են տնտեսության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող հարցեր

Փարիզում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը` հետևողականորեն զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Գաբրիել Ատալին վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի կառավարության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումն ու ընդլայնումը: Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի, շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի կառավարման, զբոսաշրջության բնագավառներում գործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի կառավարության աջակցությունը Հայաստանին` շուկաների դիվերսիֆիկացման, ինչպես նաև ստանդարտների ներդրման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Ատալին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Ֆրանսիայի վարչապետը հրավերը սիրով ընդունել է:
16:31 - 22 փետրվարի, 2024
Վարչապետը հանդիպել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

Վարչապետը հանդիպել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 22-ի առավոտյան այցելել է «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տնտեսական ակտիվության հեռանկարներին, տնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, բիզնես միջավայրի բարելավման քայլերին, ներդրումային ծրագրերի հնարավորություններին: Իր խոսքում վարչապետը նշել է, որ 2023 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2018 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել են. աճը 90 տոկոսից ավելի է: «Սա նշանակում է, որ երկրում ստվերի կրճատման և մրցակցության իրավիճակի բարելավման շատ էական փոփոխություններ են տեղի ունեցել: 2023 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 8,7 տոկոս, ինչն ակնհայտորեն բարձր ցուցանիշ է: 2022-ին մեր տնտեսական աճը եղել է 12,6 տոկոս, 2021-ին՝ 5,6 տոկոս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն արձանագրել է, որ աշխատատեղերի էական բարելավում է տեղի ունեցել: «2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է 180 000 նոր աշխատատեղ: Եվ սա ընդհանուր աշխատատեղերի թվի մեջ մոտավորապես 30 տոկոս աճ ունի: 2023 թվականն էական էր նաև նրանով, որ մենք՝ մեկ մարդու հաշվով, ՀՆԱ ցուցանիշով էական առաջընթաց ունեցանք, և Հարավային Կովկասում, ըստ էության, այս ցուցանիշով այժմ առաջին տեղում ենք: Իհարկե, մեզ համար շատ էական և կարևոր են այն ներդրումները և տնտեսական համագործակցությունը, որ ունենք Ֆրանսիայի հետ: Իհարկե, արդեն նշվեց «Պեռնո Ռիկար»-ի բավականին երկարատև և նկատելի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում, և նաև մի շարք այլ ընկերություններ գործում են Հայաստանի բանկային համակարգում, կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործում: Ուզում եմ նշել «Վեոլիա» ընկերության ներկայությունը Հայաստանում: Եվ մենք վերջերս քննարկում էինք, որ ջրային ոլորտում մեր համագործակցությունը պետք է ակտիվացնենք և խորացնենք: 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով խնդիր է դրվել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, և մենք հույս ունենք, որ նաև Ֆրանսիայից նոր ընկերություններ կգան Հայաստան, գործունեություն կծավալեն ամենատարբեր ոլորտներում, որովհետև 7 տոկոս տնտեսական աճի ամբիցիոզ ծրագիրն իրականացնելու համար մեզ համար նաև աջակցություն է պետք»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տնտեսության արդիականացման ոլորտում էական ծրագրեր են իրականացվում: «Ներդրումային ծրագրերի առումով կուզեի ուշադրություն հրավիրել Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրի վրա: Շինարարական ընկերությունները, որոնք կարող ենք հետաքրքրված լինել նման մրցույթների մասնակցելու համար, մենք նույնպես հետաքրքրված ենք: Հյուսիս-Հարավ ծրագիրը կա, որը 1 մլրդ և ավելի դոլարանոց ծրագիր է»- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական ընկերությունների ուշադրությունն է հրավիրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի վրա: «Մենք ուզում ենք բարձրագույն կրթության ոլորտում նոր քաղաք ստեղծել, հիմնադրել: Մենք արդեն կոնկրետ աշխատանքները սկսել ենք այդ ուղղությամբ: Պիտի արձանագրեմ, որ մշակվող արդյունաբերության ոլորտում ենք ցանկանում լուրջ ներդրումային ծրագրերով հետաքրքրվել: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկը մնալ: Եվ հիմա Ֆինանսների նախարարությունը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ոլորտի հետ քննարկումների մեջ են, որպեսզի տեսնենք, թե ինչով կարող ենք ավելի լավարկել ՏՏ ոլորտի օրենսդրական կարգավորումները, որպեսզի ավելի գրավիչ դարձնենք մեր երկիրն այդ իմաստով: 2023 թվականին Հայաստանի Հանրապետությունը տուրիզմի ոլորտում շատ տեսանելի առաջընթաց է արձանագրել՝ այն առումով, որ զբոսաշրջիկների ներհոսքն արդեն իսկ գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը: Հիմա Հայաստանում նաև գինեգործությունն է շատ լավ տեմպերով զարգանում, և այստեղ նույնպես, կարծում եմ, ներդրումային պոտենցիալ կա: Ջրամբարաշինության լայն ծրագիր ունենք: Մասնավորապես, այս պահին ընթացքի մեջ է 15 միջին և փոքր չափերի ջրամբարների կառուցման ծրագիրը: Սա մենք ընտրել ենք որպես ռազմավարություն»,- նշել է վարչապետը: Հաջորդիվ քննարկվել են շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության ոլորտներում համագործակցությանն ու ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակից ընկերությունների հարցերին: Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գործող Thales , IDEMIA ընկերությունների, «Պեռնո Ռիկար», զբոսաշրջության ոլորտում գործող  Societe des Troia-Valles ընկերության ղեկավարների հետ։
16:11 - 22 փետրվարի, 2024
Ֆրանսիան փետրվարի 22-ին Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ․ Le Figaro
 |armenpress.am|

Ֆրանսիան փետրվարի 22-ին Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ․ Le Figaro |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան փետրվարի 22-ին Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Սպառազինությունը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM 200) երեք ռադար, որոնք հնարավորություն կտան 250 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները, ինչպես նաև գիշերային տեսողության սարքեր, հեռադիտակներ։ Նշվում է նաև, որ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվում է, որ Ֆրանսիայի բանակն այս տարի լեռնային մարտական պատրաստության 3 դասընթաց կկազմակերպի հայերի համար։    Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր էին ստորագրել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում։  Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն RTL ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ շուտով այցելելու է Հայաստան։ AFP գործակալությունը իր հերթին հայտնել է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Հայաստան կայցելի փետրվարի 22-ին՝ երկօրյա այցով։ 
14:30 - 22 փետրվարի, 2024
«Պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին

«Պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ փետրվարի 21-ին Փարիզում ՀՀ վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արած հայտարարությունները։ Ադրբեջանական կողմը «խստորեն դատապարտել է Ադրբեջանին ուղղված անհիմն պնդումները և Հայաստանին միակողմանիորեն պաշտպանելը»։ Հայտարարության մեջ նշվում է, թե Ֆրանսիան, որը այսքան տարի չի մեկնաբանել «ադրբեջանցիների ոտնահարված իրավունքները», չպետք է խոսի հայերի իրավունքների և անվտանգության մասին, որոնք իբր իրենց կամքով ու առանց բռնության լքել են «Ադրբեջանի տարածքները»։ «Բացի այդ՝ ավելի լավ կլիներ՝ ֆրանսիական կողմը, որ անդրադարձել է Ալմա-Աթայի հռչակագրի և որոշ քարտեզների շրջանակում տարածքային ամբողջականության կարևորությանը, պարզաբաներ նման պայմանավորվածությունների պայմաններում 30 տարի շարունակ հայկական կողմի ագրեսիան և օկուպացիան, ինչպես նաև այն, որ ադրբեջանական 8 գյուղեր դեռևս Հայաստանի օկուպացիայի տակ են»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Մակրոնը երեկ հայտարարել է, որ անհրաժեշտ է՝ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, և փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին։  Ադրբեջանական կողմը նաև անընդունելի է համարել վերջին միջադեպերի համար Հայաստանին քննադատելու փոխարեն Ադրբեջանին մեղադրելը անհամաչափ պատասխանի համար․ «Պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները»։ «Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու և խաղաղությունն ու կայունությունը խոչընդոտելու Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը որևէ արդյունքի չի բերի»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ Մակրոնն անհամաչափ է անվանել փետրվարի 13-ին Ներքին Հանդում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի հարվածը
09:54 - 22 փետրվարի, 2024