Քաղաքաշինության կոմիտե

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն գործադիր իշխանության հանրապետական մարմին է: Կոմիտեն մշակում և իրականացնում է քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

Կոմիտեն իր գործունեությունը սկսել է 1954 թվականի մայիսի 29-ից։

Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է |armenpress.am|

Հայկ Մարությանն ինքնամեկուսացված է |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ինքնամեկուսացված է: ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը: «Երևանի քաղաքապետը նախատեսում էր անձամբ գալ և ներկայացնել բյուջեն, հաշվի առնելով ներկայիս համաճարակը, կորոնավիրուսը մտավ իրենց տուն էլ: Ներկայում իր կինը և երեխաները վարակվել են կորոնավիրուսով: Գտնվելով վտանգավոր գոտում՝ չի ցանկանում վտանգել մյուսների կյանքը: Նա մեկուսացված է, ոչ ոքի հետ շփման մեջ չի գտնվում»,- ասաց փոխքաղաքապետը: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հայկ Մարությանը պետք է ներկայացներ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի քաղաքապետարանի ծախսերն ու եկամուտները:
17:13 - 05 նոյեմբերի, 2021
Կայացել է «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթի ժյուրիի անդրանիկ նիստը

Կայացել է «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթի ժյուրիի անդրանիկ նիստը

Կայացել է «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթի ժյուրիի առցանց անդրանիկ նիստը, որը ղեկավարում էր ժյուրիի նախագահ, վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը:  ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ քննարկվեցին 1-ին փուլին առնչվող աշխատանքների կազմակերպման ընթացքը, որի ժամանակ ժյուրիի անդամների կողմից հնչեցին մի շարք առաջարկություններ կապված ժամկետների և գնահատման կարգի վերաբերյալ: Անդրանիկ նիստին մասնակցում էին ժուրիի անդամներ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհդական Մարտուն Գրիգորյանը և միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Եպիսկոպոսյանը: «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթին մասնակցելու համար գրանցվել էր ընդամենը 45 դիմում, իսկ վերջնական ներկայացվել՝ 16-ը: Առցանց նիստի ընթացքում ժուրին որոշեց հաջորդ նիստը իրականացնել ոչ առցանց, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, իսկ մինչ այդ պետք է տպագրվեն և փակցվեն բոլոր ներկայացված աշխատանքները: Երևան քաղաքի «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական միջավայրի ինքնության պահպանության, միջավայրի ռեգեներացիայի/վերականգնման և արդիականացման նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դեռևս 2021 թվականի մարտի 10-ին հայտարարել էր երկփուլ հայեցակարգային-քաղաքաշինական-ճարտարապետական մրցույթ։  Մրցույթը բաց էր բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային (ներառյալ վերնակուլյար) կառուցապատման վերականգնման ծրագրերի իրականացնելու հաջող փորձ, առանց որևէ սահմանափակման:
10:58 - 15 հուլիսի, 2021
Ռուսական կապիտալի ճիրաններում

Ռուսական կապիտալի ճիրաններում

Սոթքի հանքավայր Սա Սոթքի ոսկու հանքավայրն է, գտնվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի տարածքում, սահմանակից է Շահումյանի շրջանի Քարվաճառին: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն 2008-ից մինչև 2028 թվականը պետք է տարեկան 600 000 տոննա հանքաքար արդյունահաներ։ Սակայն 2020 թվականի արցախա-ադրբեջանական պատերազմից հետո Սոթքի ոսկու հանքավայրի մի մասն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, քանի որ Ադրբեջանին փոխանցած 7 շրջաններից մեկը Շահումյանի շրջանն էր՝ Քարվաճառով: Պատերազմից հետո հանքավայրը կիսվել է: Համադրելով Գուգլ քարտեզի տվյալները՝ հանքավայրի և դատարկ ապարների տարածքը միասին շուրջ 450 հա է։ Ըստ Գուգլ քարտեզի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվում է շուրջ 280 հա, իսկ Հայաստանում գտնվող հատվածը՝ շուրջ 170 հա։  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տվյալների համաձայն՝ հանքի տարածքը 224 հա է: Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2008-2020 թվականների ընթացքում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն Արցախից հողատարածք չի վարձակալել: Ստացվում է, որ Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային այս ռուսական ընկերությունը շուրջ 280 հա հողատարածքի օգտագործման համար Արցախի Հանրապետության բյուջե հարկեր չի վճարել: «Գեոպրոմայնինգ» ընկերությանը կատարված հարցման պատասխանը մեկն է՝ դիմեք լիազոր մարմիններին: Գեոպրոմայնինգ գոլդ ընկերությունը վարձակալության պայմանագիր ունի միայն Գեղամսար խոշորացված համայնքի հետ, 144 հա տարածքի դիմաց 2017-2020 թվականների ընթացքում վճարել է 68 մլն դրամ դրամ: Այս մասին հայտնել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: Այս հաշվարկով 1 տարվա համար 144 հեկտարի դիմաց համայնքին վճարվել է մոտավորապես 17 մլն դրամ, 1 հա հողատարածքի վարձակալությունն ավելի քան 118 000 դրամի սահմաններում է։ Գեղամասար համայնքում սահմազատման գործընթացը դեռ չի ավարտվել, Գեղամասարի ղեկավարությունը և հանքի տնօրինությունը շարունակում են բանակցել և ստեղծված իրավիճակից ելքեր փնտրել։ Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանն ասում է․ «Հենց պայմանագիրը 144 հա վրովա կապած, մենք մենակ մեր համայնքի վրով ենք պայմանագիր կապել, մենք էդ տարածքի վրով պայմանագիր չենք կապել»: Հանքում աշխատող Վաղինակ Ոսկանյանի խոսքով՝ ադրբեջանական վերահսկողության տարածքում մնացին ավտոսպասարկման գարաժները, դատարկ ապարները լցնելու տարածքը։ «Հումքը էլի մեր կողմն ա, մենք կարանք հանքը աշխատացնենք, ուղակի ժամանակատարար ա նոր ճանապարհներ սարքել ու աշխատացնելը»։ Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը պատմում է․ «Ադրբեջանցիք եկան-մտան Սոթքի հանք, ասացին՝ էս մերնա, էնի մերն ա, մենք գտանք, որ վեճից լավ բան չի սպասվի, իրար հրահրենք ու սխալ լինի, ավելի լավա՝ մեր երկու կողմերի վերադասները, ով որ պիտի որոշի՝ ճիշտ որոշի, սպասողական ենք մինչև օրս, հանքահորից հանած հումքն են հիմա մշակում, բայց հանքից հումք չենք հանում»: Սոթքի հանքավայրի աշխատակից Վաղինակ Ոսկանյանն ասում է, որ տարբեր վարկածներ են պտտվում, թե ինչպես է հանքը աշխատելու, իրապես ոչ մեկը չի կարող ասել՝ հանքի ղեկավարությունից բացի, թե հետագայում ինչ կարա լինի: «Գեոպրոմայնինգ» գոլդ ՍՊԸ-ի սեփականատերերը «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ն օֆշորային ընկերություն է, որը գրանցված է Կիպրոսի և Բրիտանական Վիրջինյան կղզիներում։ 2009-2020թթ․ վճարել է 93,4 միլիարդ դրամ ընդհանուր հարկեր, այսինքն՝ տարեկան 7,8 մլրդ դրամ կամ 16-17 մլն դոլար։ 2010-2015թթ․ ընթացքում այդ ընկերությունը հայտարարագրել է 19,5 միլիարդ դրամի (48 միլիոն դոլար) հարկային վնասներ։ Ընկերության կանոնադրական կապիտալը 23,6 մլրդ դրամ է: Մինչև 2020 թվականի հուլիսը՝ ընկերության 50,2% բաժնեմասը պատկանում էր ռուս բիզնեսմեն Սիման Պովարենկինին, որն ընկերության խորհրդի անդամ է, իսկ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոնին՝ 48.1% բաժնեմասը: Մնացած 1.7 %-ն էլ պատկանում էր ՌԴ քաղաքացիներ Ռոման Խուդոլինին, Անատոլի Գոգոտինին, Օլեգ Բելյաևին: Իրական սեփականատերերի ցուցակում 2020 թվականի հուլիսի 14-ին Ընկերությունում տեղի է ունեցել փոփոխություն։ Ռոման Տրոցենկոն, որը 48,1% բաժնեմասի սեփականատերն էր, գնել է 48․3% այլ սեփականատերերի բաժնեմասը, այժմ Ռոման Տրոցենկոն ընկերության 95․74% բաժնեմասի սեփականատերն է։ Մասնագիտությամբ տնտեսագետ Ռոման Տրոցենկոն «Ռոսնեֆթ» ընկերության տնօրենի խորհրդական է, Forbes-ի գնահատմամբ՝ նրա կապիտալը կազմում է 1.3 մլրդ դոլար: Մնացած 4,26%-ին տիրապետում են Ռոման Խուդոլինը, Անատոլի Գոգոտինը, Անդրեյ Բելյաևը և Անդրեյ Կիշկինսկին։ Նրանց մասնակցության տոկոսը հնարավոր չէ պարզել, քանի որ 2020 թվականի մայիսի 26-ից օրենսդրության 61-րդ հոդվածի 2-րդ մասով իրական սեփականատերերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվությունը հասանելի է միայն 10 և ավելի տոկոս բաժնետերերի պարագայում: Արտահանում Համադրելով ԱՃԹՆ-ի շրջանակներում ընկերության ներկայացրած 2016-2018 թվականների տվյալները՝ պարզ է դառնում, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն 4 տոննա 7 կգ ոսկու պարունակությամբ հանքաքարի նմուշներ արտահանել է Կանադա, իսկ 6 տոննա 717 կգ ոսկու և արծաթի դորե համաձուլվածք՝ Շվեյցարիա, որի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 211 մլրդ 891 մլն 994 000 դրամ։ 2016-2017 թթ․-ին ԱՃԹՆ-ին տրամադրված հաշվետվության համաձայն՝ ընկերությունը Գեղամասար համայնքին հատկացրել է 9 600 000 դրամ։ Այն ծախսվել է Սոթք համայնքի տարածքում հինգ աղբյուրների կապտաժների վերանորոգման, ջրամատակարարման, գազամատակարարման և այլ սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման համար։ Համայնքի բնակիչները հաստատում են՝ այս գումարները ծախսվել են նպատակային։ 2016-2017 թվականներին շուրջ 247 մլն դրամի նվիրատվություններ են կատարվել նաև ոչ առևտրային իրավաբանական անձանց։ Շուրջ 57 մլն դրամ էլ նվիրաբերվել է անհատ անձանց։ 2021 թվականին ի՞նչ ծավալով կկարողանան աշխատել և որքա՞ն հումք կարտահանեն արտերկիր՝ հայտնի չէ։ Հանքավայրի կիսվելուց հետո այնտեղ հորատման աշխատանքներ չեն կատարվում: Պատերազմը նաև տապալեց Սոթքի բնակիչների արդարացի բողոքի ընթացքը: 2020 թվականին ընկերության գործունեության դեմ Գեղամասարի բնակիչները բողոքի ցույցեր անցկացրին և փակեցին Սոթքից դեպի հանքավայր գնացող ճանապարհը: Պահանջում էին, որ ընկերությունն աշխատի ՀՀ օրենսդրության սահմաններում, չաղտոտի շրջակա միջավայրը և կանխարգելի փոշու տարածումը: 2019 թվականի Շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոնի հաշվետվության համաձայն՝ Մասրիկ գետի ջրի որակը Վերին Շորժա գյուղից վերև հատվածում գնահատվել է «լավ»՝ 2-րդ դաս, գետաբերանի հատվածում` «վատ»՝ 5-րդ դաս՝ պայմանավորված վանադիումով: Սոթք գետի ջրի որակը Սոթք գյուղից վերև հատվածում գնահատվել է «լավ»՝ 2-րդ դաս, գետաբերանի հատվածում` «միջակ»՝ 3-րդ դաս՝ պայմանավորված նիտրատ իոնով, վանադիումով և ալյումինով: 2008 թվականից Սոթքի հանքավայրի հումքը վերամշակվում է «Արարատի ոսկու կորզման» գործարանում: Ըստ «Սևանա լճի մասին» օրենքի` (հոդված 10, հոդված 26) արգելվում է հարակից տարածքում տեղադրել վտանգավոր թափոններ, Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն, այդ պատճառով Սոթքի թափոնները հայտնվում են Արարատի ցիանային պոչամբարում՝ 79 հա Արմաշի և Արարատի ձկնաբուծական տնտեսությունների հարևանությամբ։ 195 հա տարածք զբաղեցնող 20 մլն խորանարդ մետր պոչանքով Արարատի ցիանային պոչամբարը Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարն է: Արտակարգ իրավիճակների նախարարությանը կատարված հարցման պատասխանը հաստատում է, որ պոչամբարում առկա են ծանր մետաղներ, մասնավորապես՝ սնդիկ, արսեն, կադմիում, մոլիբդեն, պղինձ, վանադիում, կապար, անագ, ցինկ, մանգան, քրոմ քիմիական նյութերի տարբեր քանակություններ: Շրջակա միջավայրի նախարարությունն էլ ասում է, որ 2018 թվականին ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ ընդերքօգտագործողները պարտավոր են մշտադիտարկումների արդյունքներն ամփոփ ներկայացնել նախարարություն։ Սակայն նախարարության կաքում տեղադրված է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության ներկայացրած՝ միայն 2019 թվականի տվյալները։ Հայաստանի Ամերիկյան համալսարանի 2016 թվականի իրականացրած հետազոտության համաձայն՝ Արարատի հողի 52 նմուշներում արսենի, կադմիումի, պղնձի սահմանված թույլատրելի կոնցենտրացիաները զգալիորեն բարձր են, քան ընդունված է միջազգային ստանդարտներում։ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության հետ այդպես էլ հնարավոր չեղավ խոսել բնապահպանական խնդիրների մասին, մեր հարցմանը պատասխանեցին, որ դիմենք համապատասխան լիազոր մարմիններին: 2021 թվականի մեր հարցմանն ի պատասխան` Արտակարգ իրավիճակների նախարարությունը վստահեցրեց, որ պոչամբարի պարունակության 70-80 տոկոսը հեղուկ վիճակում է, հատակը կավապատ է, ունի արտաքին և ներքին դրենաժային համակարգեր, գործում է փակ շրջանառու ջրամատակարարման համակարգ: 2011-2014թթ․ Արարատ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում էլ գրված է, որ ջրային ավազանին մեծ վնաս է հասցնում նաև ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը, որը հարակից է Արարատի ձկնալճակային տնտեսություններին։ Շրջակա միջավայրին զգալի վնաս է հասցնում նաև Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը` մթնոլորտ արտանետելով 0.083 տոննա տարեկան ծծմբային անհիդրիդ, 80 տոննա տարեկան ցիանաջրածին, 17.5 տոննա տարեկան ածխածնի օքսիդ, 1.28 տոննա տարեկան անօրգանական փոշի, 8.04 տոննա տարեկան հանքաքարի փոշի։ Ագարակի ՊՄԿ Ագարակի ՊՄԿ-ը պատկանում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությանը։ Ռոբերտ Քոչարյանը 2004 թվականին մասնավորեցրեց այն ընդամենը Կոնսապ ամերիկյան ընկերությանը՝ 600 000 դոլարով, որը խոստացել էր 2 տարվա մեջ 3,5 մլն դոլարի ներդրում անել, ինչը չիրականացավ։ Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալների՝ Ագարակի հանքավայրի տարածքը 47,8 հա է: Ընկերությունը շահագործում է 3 պոչամբարներ Սյունիքում՝ Դարամազ` 82,3 հա, Հովիտ 1 և 2,45, 3 հա տարածքներով։ Ագարակի ՊՄԿ-ն ունի մինչև 2027 թվականը հանքավայրի շահագործման թույլտվություն։ Արտահանում Մոլիբդենի պաշարները 2021 թվականի դրությամբ կազմում են 42,4 մլն տոննա՝ 0.41%, իսկ պղնձինը՝ 0,021։ Փոքր քանակով արտահանվում են նաև այլ մետաղներ: Ըստ ԱՃԹՆ-ում ընկերության ներկայացրած տվյալների՝ 2016-2018թթ. արտադրել է 97,727 տոննա պղինձ, 1,577 տոննա մոլիբդենի խտանյութ, որի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 44 մլրդ 807 մլն 252 հազար դրամ։ 2016-2018թթ․ շուրջ 97,706 տոննա պղնձի խտանյութ է արտահանվել Չինաստան՝ արժեքը՝ ավելի քան 44 մլրդ 30 մլն դրամ։ 1,303 տոննա էլ մոլիբդենի խտանյութ է արտահանվել Եվրոպական Միություն՝ ավելի քան 5 մլրդ 7 մլն դրամով։13 տարվա ընթացքում Ագարակի ՊՄԿ-ի վճարած հարկերը կազմել են մոտ 28 միլիարդ դրամ կամ 65 միլիոն դոլար, որը միջին հաշվով տարեկան կազմում է ընդամենը 5 միլիոն դոլար։ 13 տարվա ընթացքում 8 տարիների հրապարակված տվյալների հիման վրա ընկերությունը հայտարարագրել է 20,6 միլիարդ դրամ կամ 49 միլիոն դոլար հարկային վնաս, որը միջինում տարեկան կազմում է 6,1 միլիոն դոլար։Ընկերության գործունեության հետևանքով Մեղրի խոշորացված համայնքում տուժել են տասնյակ քաղաքացիներ, որոնցից մեկն էլ Սիլվա Քրիստափորյանի ընտանիքն է: Նրա որդու տան պատերի ճաքերն անզեն աչքով երևում են: Կինը վստահ է, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի պայթեցումների հետևանքն է: Կարճևանում գրեթե բոլոր տներն ունեն ճաքեր: Անգամ դրսից երևում է շենքերի վթարային վիճակը: Ընկերությունը չի ընդունում գյուղացիների այն պնդումները, որ հանքում պայթեցումները կարող են վնաս պատճառած լինել մարդկանց: Ագարակի ՊՄԿ վարչական տնօրեն Արթուր Նիկողոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բնակիչներին առաջարկել է հրավիրել փորձագետներ, որպեսզի ապացուցեն, որ այդ ճաքերը հանքում կատարվող պայթեցումների հետևանքն են, ապա փորձաքննություն կանչել, վնասը որոշել ու փոխհատուցել: Կարճևանցիների փաստաբան Մարիամ Աբրահամյանն ասում է, որ ինքը ներկա է եղել տեղազննությանը, կա նաև քրեական գործ՝ բնակիչներին վնաս պատճառելու, գույքը դիտավորյալ փչացնելու առնչությամբ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ասում է, որ շենքերի ճաքերի պատճառահետևանքային կապի բացահայտումն իր լիազորությունների մեջ չէ, դրանով զբաղվում է Քաղաքաշինության պետական կոմիտեն: Քաղաքաշինության պետական կոմիտեից էլ առաջարկում են պարզաբանման նպատակով դիմել ԱԻՆ: Ըստ էության՝ տներում հետազոտություններ չեն իրականացվել, ահազանգ չեն ստացել, իսկ պատճառների պարզաբանման համար տեխնիկական իրավիճակի հետազննություն չեն արել: Մինչ դեռ Քննչական Կոմիտեից պատասխանել են, որ հարակից բնակավայրերին պատճառված վնասի առնչությամբ հարուցված քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, հողագիտական, նյութագիտական, բուսաբանական, ապրանքագիտական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Եթե գյուղացիները դեռևս չեն կարողանում ընկերության մեղքն ապացուցել տան պատերի ճաքերի գործում, ապա Ագարակի ու Կարճևանի այգիների` պոչանքով աղտոտման փաստերն ակնառու են, անգամ արձանագրված, փաստաթղթավորված: Կարճևանցի Սիմոն Խաչիկյանին չեն վախեցրել ո՛չ ընկերության կապիտալը, ո՛չ կապերը, ո՛չ էլ սպասվելիք ճնշումները: Այգեգործը 30 մլն դրամի փոխհատուցում է պահանջում Ագարակի ՊՄԿ-ից այն բանի համար, որ ընկերությունը 2012 թ. հանքի թափոնաջրերով ողողել էր իր այգին: Ընկերությունը, սակայն, պատասխանել է, որ միայն վերջին երեք տարվա վնասը կարող է փոխհատուցել: Միայն 2018 թվականին է Սիմոն Խաչիկյանը կարողացել փաստաբան վարձել, դիմել դատարան: Դատարանն էլ հսկայական գումար է պահանջել՝ որպես պետական տուրք, ինչը վճարել տուժողը չէր կարող: Սիմոն Խաչիկյանը պատմում է․ «Դատարանն ասում է, որ պետք ա պետական տուրք վճարեմ 2 տոկոսի չափով, մոտավորապես 500-600 000 դրամ, ես բավականաչափ փորձագետներին եմ վճարել, փաստաբանին եմ վճարել, եթե էդքան պետք ա վճարես, դու ի վիճակի չես հաստատ վճարես, դա ավտոմատ նշանակում ա, որ պետքա մերժվես, դատարան չգնաս: Մեր բախտը բերեց, վերաքննիչ բողոքարկեցինք, Վերաքննիչը մեր կողմը դուրս եկավ»:Սիմոն Խաչիկյանի փաստաբան Մարիամ Աբրահամյանն էլ պատմում է․ «2018 թվականին հրավիրեցինք տեսչական մարմին, տեսչական մարմինն եկավ, արձանագրեց, որ կեղտաջրերը վնասել են, փորձեց մեղավորությունը թաքցնել, հայտնեց, որ ընկերությունն էլ չի իմացել, վթար է տեղի ունեցել, վթարի պատճառով 2012-2018 թվականը 6 տարի անընդմեջ վթար է տեղի ունենում, մարդիկ չեն իմանում, հանկարծակի են գալիս, մի քիչ անհավանական ա, ամեն դեպքում փորձագետներ հրավիրեցինք երկու բնակչի հողամասերի համար, բնակիչներից մեկի հողամասը ընդհանարպես չկա, սեփականության վկայականը կա, կոորդինատներով տեղանքում չի գտնվում, մարդուն սեփականության իրավունքից են զրկել, եկամտի աղբյուրից են զրկել»: Սիմոն Խաչիկյանին Ագարակի ՊՄԿ-ի ղեկավարությունը կանչել, փորձել է համոզել, որ իրենք այգին կվերականգնեն, բայց տուժողը բացատրել է, որ հողատարածքն այնպես է վնասված, որ հնարավոր չի վերականգնել։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ Սիմոն Խաչիկյանի այգու տարածքում ծանր մետաղների չափաքանակը գերազանցում է թույլատրելի նորմերը, սակայն դա միակ այգին չէ, փաստաբանը վստահեցնում է, որ կան այլ տուժողներ, բայց վախենում են բողոքել: Կարճևանի մեկ այլ բնակիչ՝ Ռուդիկ Մկրտչյանը, պատմում, է որ վաղուց իր այգուց բերք չի ստանում։ «Խաղողի այգի ունեմ, ընդհանարպես չեմ մտնում, վնաս են տվել թափոնաջրերը, իսկ 2000 մ այգիս էլ գնում ենք, մշակում, բայց ոչ մի օգուտ չենք ստանում: Քաչվանք կոչվող տարածքից են գալիս էդ կեղտաջրերը, մի քիչ շատ ա եկել, իրենք նասոսներով մղում են դուրս, գալիս ա մեր հողերի մոտով ա դուրս գալիս, իրենց ջրահեռացումը լավ չէր կատարվում»,- պատմում է Ռուդիկ Մկրտչյանը: Փաստաբան Մարիամ Աբրահամյանը պատմեց, որ ընկերությունը դատարանին միջնորդել է հայցային վաղեմություն կիրառել: 2021 թվականի մարտի 3-ին դատարանը վճռել է մերժել Սիմոն Խաչիկյանի հայցն ընդդեմ Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատի՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով, իսկ հողամասն օգտագործման համար պիտանի վիճակի բերելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործի քննությունը շարունակել առանձնացված վարույթով։ Դատարանը վճռել է Սիմոն Խաչիկյանից հօգուտ պետության բռնագանձել 559 000 դրամ՝ որպես պետական տուրք, Խաչիկյանից հօգուտ Ագարակի ՊՄԿ-ի բռնագանձել 800 000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար։ Ագարակի ՊՄԿ-ն այս ընթացքում մի անգամ չէ, որ աղտոտել է շրջակա միջավայրը: Այս կադրերը նկարահանվել են 2021 թվականի փետրվար ամսին, ակնհայտ երևում է, թե ինչպես է ընկերության շահագործած պոչամբարից, ասֆալտի տակից պոչանքը խողովակով լցվում Արաքս գետը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացրին, որ ընկերությունն ունի պարզվածքը գետ լցնելու թույլտվություն։ 2020 թվականի հունիսին ՇՄ նախարարություն ներկայացված ՇՄԱԳ փաստաթղթում ընկերությունն ինքն է գրում, որ N2-N3 պոչամբարներին միացված է ջրի շրջանառու համակարգ, սակայն N1 պոչամբարից պարզվածքը լցվում է Արաքս գետ։ Այնինչ իրականում կադրերում երևում է, որ չֆիլտրացված պոչանքն է լցվում Արաքս գետ։ 2019 թվականին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեղեկացմամբ, Ագարակի ՊՄԿ-ի կողմից շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 1 մլն դրամի վնաս, իսկ վարչական տուգանքը կազմել է 200 000 դրամ։ Ագարակի ՊՄԿ-ի գործունեության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում: ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցմանը պատասխանել են, որ 2019 թվականի մայիսի 31-ի դեպքով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ շրջակա միջավայրին և շինություններին էական վնաս պատճառելը։ 2020 թվականի հունվարի 23-ին դատարանը որոշում է կայացրել միավորել երկու քրեական գործերը մեկ վարույթում՝ լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։ 2021 թվականի հունվար ամսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հաղորդեցին, որ տեսչական ստուգումներ են սկսել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում, սակայն, պատերազմական իրավիճակով պայմանավորված, անորոշ ժամանակով քննությունը կասեցված է։ Երեք գրությունն էլ Շրջակա Միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն է ուղղարկել տեսչություն՝ ընկերությունում ստուգումներ անցկացնելու պահանջով։ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանն էլ ասում է, որ կոմբինատի հասցված վնասներին պետք է նայել տեղում սոցիալական և տնտեսական խնդիր լուծելու տեսանկյունից։Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն էլ 2016-2020 թվականներին ընկերության կողմից համայնքին վճարված բարեգործական հատկացումների, նվիրատվությունների վերաբերյալ տեղեկացնում է, որ ընկերությունը 2016-2020 թվականներին շուրջ 376 մլն դրամի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, որն ուղղվել է մանկապարտեզի, հանրակրթական և արվեստի դպրոցների զարգացման, սոցիալ-տնտեսական ծրագրերի, վարչական բյուջեից կատարվող տարեկան ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, ինչպես նաև օգնություն է տրամադրվել համայնքի բնակիչներին։ Չնայած համայնքին վճարվող տարբեր սոցիալական վճարներին, այդուհանդերձ, սոցիալական, Էկոլոգիական դեմոգրաֆիական անվտանգության խնդիրներն ամեն օր դառնում են օրհասական Հայաստանի գրեթե բոլոր համայքներում, ընդերքի անխափան շահագործմանը զուգահեռ համայքներն աղքատանում են, երբեմն էլ մնում իրենց խնդիրների հետ մենակ։Դատարաններում արդարադատություն գտնելը դառնում է տարիների պայքար, երբեմն էլ ժամանակի կորուստ, քանի որ վաղեմության ժամեկտը լրանալուն պես հանգիստ կարելի է քրեական գործերը կասեցնել, մարդկանց պատճառված վնասն անտեսել, ավելին՝ տուժող կողմից հօգուտ պետության և հանքարդյունաբերողի բռնագանձել գումար և շարունակել նույն ոճով աշխատել։ Թեհմինե Ենոքյան
12:04 - 12 ապրիլի, 2021
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինության բնագավառի նախագծային, շինարարական եւ փորձաքննության գործընթացները

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինության բնագավառի նախագծային, շինարարական եւ փորձաքննության գործընթացները

Քաղաքաշինության կոմիտեում մարտի 27-ին տեղի ունեցավ հանդիպում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամներ Էդուարդ Մարությանի («ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ), Վահե Պետրոսյանի («ԱՐՏՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ) և Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ: Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքաշինության բնագավառում նախագծային, շինարարական, ինչպես նաև փորձաքննության գործընթացները փուլային սկզբունքով իրականացնելու հարցերը։ Հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով ստեղծված մարտահրավերները և դրանց հաղթահարման ու տնտեսության  ակտիվացման ուղղությամբ կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի իրագործման մեկ օր առաջ ճանապարհ հարթելու հրամայականը, Քաղաքաշինության կոմիտեն հնարավոր է համարում պետական համալիր փորձաքննության ենթարկել բարձր ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների զրո նիշից ցածր հատվածի նախագծային փաստաթղթերը՝ կառույցի ընդհանուր ճարտարապետական մասի նախագծային լուծումների առկայության պարագայում։ Քաղաքաշինական գործընթացներին զուգահեռ կոմիտեի կողմից ներկայումս մշակվում են բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների շրջանակում քաղաքաշինական գործառույթների փուլային սկզբունքները արտոնող և կարգավորող համապատասխան օրենսդրական կարգավորումներ։ Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է բոլոր անհատներին և շահագրգիռ ընկերություններին ներգրավվել մասնագիտական քննարկումներին։
21:14 - 05 ապրիլի, 2021
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն ներկայացրել է իր մոտեցումը Կոնդ թաղամասի վերակառուցման մրցույթի վերաբերյալ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն ներկայացրել է իր մոտեցումը Կոնդ թաղամասի վերակառուցման մրցույթի վերաբերյալ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է հրապարակել՝ պատասխանելով ՀՀ Քաղաքաշինության կոմիտեին։ «Մեր նախաձեռնության մոտեցումը Կոնդ թաղամասի վերակառուցման մրցույթին և պատասխանը Քաղշին կոմիտեին․ Հարգելի պարոն Գրիգորյան, Շնորհակալություն մեր նախաձեռնության աշխատանքը կարևորելու ու մրցութային հանձնաժողովի կազմումընդգրկելու առաջարկի համար։ Ինչպես մեր խմբի անդամներ Սևադա Պետրոսյանն ու Սերգո Տոնոյանըբարձրաձայնեցին այս հարցով կայացած քննարկման ժամանակ, մեզ համար սկզբունքորեն անընդունելի է ՀՀ կառավարության կողմից Կոնդ թաղամասի ռեգեներացիայի մոտեցումը։ Հնչեցված հարցերից զատ, մեզ համար տարակուսելի ու անընդունելի է, որ Կոնդ թաղամասի ռեգեներացիայի հարցով զբաղվում է ՀՀ կառավարությունը՝ դուրս թողնելով Երևանի քաղաքապետարնին, ինչպես նաև ժամանակավրեպ ու վտանգներով լի ենք համարում ստեղծված ներքաղաքական իրավիճակում Կոնդ թաղամասի նման բարդ ուբազմաշերտ խնդրի լուծման ՀՀ կառավարության հավակնությունը։ Ելնելով վերոգրյալից, մեր նախաձեռնությունը սույն մրցույթի ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրված լինելը նպատակահարմար չի համարում ։ Մենք շարունակելու ենք հետևողական կերպով առաջ տանել մեր մոտեցումները այս և Երևան քաղաքի այլ քաղաքաշինական հարցերի վերաբերյալ մեզ հասանելի բոլոր օրինական միջոցներով»,- նշված է հայտարարության մեջ»,- նշված է հայտարարության մեջ։
13:40 - 11 մարտի, 2021
Շուռնուխի բնակելի տների նախագծերը պատրաստ կլինեն մինչև մարտի վերջ. Ղուլարյան |1lurer.am|

Շուռնուխի բնակելի տների նախագծերը պատրաստ կլինեն մինչև մարտի վերջ. Ղուլարյան |1lurer.am|

1lurer.am: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց, թե ինչ փուլում են շինարարական աշխատանքները սահմանամերձ համայնքներում: «Չինարիում բնակելի տունն արդեն ծածկված է, հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են: Տրամադրվող շուրջ 30 միլիոնով կավարտվեն ներքին հարդարման, անասնագոմի, ցանկապատի բարեկարգման աշխատանքները»,- նշեց Ղուլարյանը՝ հավելելով, որ մինչև աշուն աշխատանքները կավարտվեն: Այգեպարում աշխատանքներն ընթացքի մեջ են՝ զեկուցեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, դրանք իրականացվում են մարզպետարանի միջոցներով: Այս հատկացումներով կվճարվեն կատարված աշխատանքների դիմաց, և կիրականացվեն մյուս աշխատանքները, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ: «Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ, հիմա ընթանում են պայմանագրերի կնքման աշխատանքները նախագծողի, շինարարի և տեղհսկողի հետ, իսկ ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են, շինարարությունն ընթանում է: Այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ, կմեկնենք տարածք ու կակտիվացնենք աշխատանքները, որ մինչև տարվա վերջ բնակելի տները պատրաստ լինեն»,- նշեց Ղուլարյանը:
12:05 - 04 մարտի, 2021
Միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկել է հետպատերազմական ժամանակահատվածում Սյունիքում առաջացած խնդիրները

Միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկել է հետպատերազմական ժամանակահատվածում Սյունիքում առաջացած խնդիրները

Շուռնուխում 13 տուն կկառուցվի ամբողջությամբ պետական միջոցներով: Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի 3-րդ նիստին մասնակցում են փոխնախարարներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ և պատգամավորներ: Քննարկվում են հետպատերազմյան ժամանակահատվածում Սյունիքում առաջացած խնդիրները: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը նշել է՝ տները կառուցելիս հաշվի են առնում փաստացի բնակվողների և գրանցվածների թիվը, ինչպես նաև անվտանգային հարցերը: Նունե Պետրոսյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ) - «Կառույցներն այնպես են տեղադրված, որ իրենց բացվածքներն ավելի պաշտպանված կողմում գտնվեն: Բացի դրանից՝ բոլոր շենքերն ունեն նկուղային հարկեր, որոնք երկու կողմից մուտք ունեն: Մակերեսները հաշվարկված են այնպես, որ ընտանիքի անդամներից բացի՝ անհրաժեշտության դեպքում հարևանները ևս կարողանան պատսպարվել»:
13:31 - 19 փետրվարի, 2021
Շուրջ 1900 բազմաբնակարան շենքերից 534-ի տեխնիկական վիճակն անբավարար է |armenpress.am|

Շուրջ 1900 բազմաբնակարան շենքերից 534-ի տեխնիկական վիճակն անբավարար է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքի ընդհանուր բնակֆոնդում կան շուրջ 1900 բազմաբնակարան շենքեր, որոնցից 624-ը, առկա եզրակացությունների համաձայն,  անբավարար են ճանաչված: Այս մասին ասաց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ  Տանյա Արզումանյանը: «Այդ 624-ից 534-ի տեխնիկական վիճակն անբավարար է, իսկ մնացած 90 շենքը ենթակա են քանդման: Տեխնիկական լեզվով եթե խոսենք, ապա 534 շենքն ունեն վնասվածության 3-րդ աստճան, դրանք հնարավոր է վերակառուցել, որպեսզի բերվեն բավարար վիճակի: Մնացած 90-ը 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն, և դրանք պետք է ապամոնտաժվեն, քանի որ ինչ աշխատանք էլ արվի՝ նորմատիվային վիճակի հնարավոր չէ բերել»,- նշեց Արզումանյանը: Նրա խոսքով՝ ՀՀ-ում ընդհանուր բնակֆոնդի 3.2 տոկոսն է եզրակացությունների համաձայն ճանաչվել անբավարար: Դրանք հիմնականում կենտրոնացած են Երևանում (120 շենք), Լոռու և Շիրակի մարզերում (համապատասխանաբար՝ 149 և 123 շենք): «Լոռու և Շիրակի մարզերում 1988-ին երկրաշարժ է եղել և դրանից հետո, հատկապես խորհրդային տարիներին, կառուցված շենքերն ավելի են թուլացել: Վանաձորում 86 շենք 3-4-րդ աստիճանի վնասվածություն ունի, իսկ Գյումրիում՝ 97: Երևանում նման շենքերը 120-ն են, ամենաշատը Աջափնյակ վարչական շրջանում են, ինչպես նաև Էրեբունիում և Շենգավիթում»,- ասաց Արզումանյանը: Բացի բազմաբնակարան ֆոնդից, Հայաստաում կա նաև 1200 և ավելի անհատական տուն, որոնք 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն, ինչը հիմնականում եղել է բնական տեխնածին աղետների՝ սողանքի, երկրաշարժի պատճառով:
16:34 - 18 փետրվարի, 2021
Տեղահանված արցախցիներին տրամադրելու համար շուրջ 700 առանձնատուն կվերանորոգվի |armenpress.am|

Տեղահանված արցախցիներին տրամադրելու համար շուրջ 700 առանձնատուն կվերանորոգվի |armenpress.am|

armenpress.am: Արցախի գյուղական բնակավայրերում առաջիկա 3-4 ամիսների ընթացքում նախատեսվում է վերանորոգել և շահագործման հանձնել շուրջ 700 առանձնատուն: Այս մասին տեղեկացրեց քաղաքաշինության փոխնախարար Ազատ Համբարձումյանը՝ հավելելով, որ առանձնատները տրամադրվելու են իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիներին: «Տեղահանված բնակիչների համար Ասկերանի,Մարտունու և Մարտակերտի շրջանների գյուղական անբնակ առանձնատների վերանորոգման ծրագրի շրջանակներում՝ անցած տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ մեկնարկել է 71 առանձնատան վերանորոգումը: Դրանցից 34-ն արդեն հանձնվել է շահագործման, իսկ մյուսների վերանորոգումն ընթացքում է:    Նախատեսված 700 առանձնատների վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում՝ անբնակ տների թվի վերաբերյալ շրջվարչակազմերի ներկայացրած տվյալները ստանալուց անմիջապես հետո: Քաղաքաշինության նախարարության և 28 շինարարական կազմակերպությունների միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել՝  վերականգնման աշխատանքներին զուգահեռ սկսել նաև այդ առանձնատների վերանորոգումը: Գյուղական առանձնատները, ներքին և արտաքին հարդարումից բացի, կունենան խոհանոց և ներքին սանհանգույց»,-մանրամասնեց քաղաքաշինության փոխնախարարը՝ նշելով,որ ծրագրի ֆինանսավորումը կատարվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով: Մինչ այդ՝ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռքբերվում շրջվարչակազմերի և անբնակ առանձնատների սեփականատերերի հետ: Բացի այդ՝ ծրագրում ընդգրկված են նաև գյուղական բնակավայրերի այն տները, որոնցում երկար տարիներ փաստացի ոչ ոք չի բնակվում:
16:35 - 11 հունվարի, 2021
Նոր կառուցվող և գոյություն ունեցող շենքերն անձնագրեր կունենան. նախագիծ |hetq.am|

Նոր կառուցվող և գոյություն ունեցող շենքերն անձնագրեր կունենան. նախագիծ |hetq.am|

hetq.am: Քաղաքաշինության կոմիտեն նոր կառուցվող և գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի ու շինությունների անձնագրավորման կարգ է մշակել։ Կոմիտեն կարծում է՝ այդ կարգով կունենան շենքերի ու շինությունների հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ տվյալներ պարունակող անձնագրեր: Համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Անձնագրավորումը՝ շենքերի տեխնիկական վիճակի, շահագործման (օգտագործման) պայմանների և սպառողական հատկանիշների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, կուտակման և պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթաց է լինելու։  Անձնագրավորման արդյունքում կազմվելու է շենքի անձնագիր։ Այն  լրացվելու է նախագծման, շինարարության, շահագործման, տեխնիկական վիճակի, սեյսմակայունության վերաբերյալ առկա փաստաթղթերի և այլ տվյալների հիման վրա` քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից սահմանված օրինակելի ձևերին համապատասխան: Անձնագրերում ներառված տեղեկատվությունն անհրաժեշտ է լինելու պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, շենքերի կառավարման մարմինների, ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող սեփականատերերի համար՝ շենքերի պահպանման, անվտանգ շահագործման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ապահովելու նպատակով: Անձնագրավորման աշխատանքների իրականացման արժեքը և վճարման կարգը սահմանվելու են պայմանագրային հիմունքներով: Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի պատասխանատուն հանդիսանալու է պետական կառավարման համակարգի այն մարմինը, որին ամրացված կամ ամրացվելու է տվյալ շենքը կամ շինությունը: Նոր կառուցվող շենքի կամ շինության անձնագրավորման գործընթացն իրականացվելու է կառուցապատողի և շենքի կամ շինության նախագծային աշխատանքներն իրականացրած կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա: Իսկ գոյություն ունեցող շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացն իրականացվելու է տեխնիկական վիճակի հետազննության հիման վրա։ Անձնագրավորման համար, բացի շենքի և շինության տեխնիկական վիճակի հետազննության տվյալները, հիմք են հանդիսանալու նաև շենքի կամ շինության սեփականատիրոջ (բազմաբնակարան շենքի դեպքում՝ կառավարման մարմնի) մոտ պահպանված` շինարարության, նորոգման կամ վերակառուցման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական վիճակի նախորդ հետազննության եզրակացությունում, շինարարական աշխատանքների ավարտական ակտերում առկա տեղեկատվությունը: Ընդ որում, որոշակի տեղեկատվության կամ գծագրերի բացակայության դեպքում դրանք ենթակա են լինելու վերականգնման անձնագրավորման ընթացքում՝ չափագրման, հաշվարկների կամ հարցումների միջոցով: Գոյություն ունեցող շենքերի և շինությունների անձնագրավորման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է դրանց սեփականատերերի, իսկ բազմաբնակարան շենքերի դեպքում՝ շենքի շինությունների սեփականատերերի միջոցների հաշվին: Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
12:31 - 24 դեկտեմբերի, 2020
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ժ/պ Արմեն Ղուլարյանը հանդիպել է ԻԻՀ դեսպանին․ քննարկվել է համագործակցության ընթացքը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ժ/պ Արմեն Ղուլարյանը հանդիպել է ԻԻՀ դեսպանին․ քննարկվել է համագործակցության ընթացքը

2020թ. դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող՝ Արմեն Ղուլարյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` Աբբաս Բադախշան Զոհուրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքը` քաղաքաշինության, ճարտարապետության և բնակարանաշինության ոլորտներում, ինչպես նաև կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները: Քաղաքաշինության կոմիտեն նշում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև սեյսմակայուն  շինարարաության, նորմատիվատեխնիկական և նախագծային փաստթղթերի մշակման, ինչպես նաև համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ: Կոմիտեի ղեկավարը անդրադարձել է Իրան-Հայաստան բարեկամական ջերմ հարաբերություններին` վստահություն հայտնելով,  որ խարսխված լինելով երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, դրանք էլ առավել  կամրապնդվեն ու կխորանան:   Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը փոխադարձ գոհունակություն են հայտնել  կառուցողական զրույցի համար և պատրաստկամություն իրենց լիազորությունների շրջանակներում անել հնարավորը քաղաքաշինության ոլորտում համագործակցությանը նոր թափ և որակ հաղորդելու համար՝ առաջիկա աշխատանքներում ներդնելով փորձի փոխանակման և ուսուցողական երկուստեք այցերի ձևաչափը:
22:37 - 10 դեկտեմբերի, 2020
Ապաստարանների առկայությունը պարտադիր. Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է նոր նորմերի մշակման գործընթաց  |armenpress.am|

Ապաստարանների առկայությունը պարտադիր. Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է նոր նորմերի մշակման գործընթաց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է ապաստարանների նորմերի մշակման գործընթաց, որով նոր շենքերի կառուցման, վերակառուցման ժամանակ ապաստարանների առկայությունը լինելու է պարտադիր: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանը տեղեկացրեց, որ գործընթացը սկսվել է ընթացիկ տարվա հունիսից: Եղան քննարկումներ մի շարք նախագծային կազմակերպությունների հետ՝ հստակեցնելու, թե ինչպես կարող են ունենալ այդ նորմերի ամբողջական փաթեթը: Նորմերի մշակման համար մրցութային գործընթաց պետք է իրականացվեր, սակայն այդ ժամանակ սկսվեց պատերազմը: Չնայած դրան, կոմիտեի, Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների քննարկումների արդյունքում, որոշում կայացվեց, որ շատ արագ առաջադրանքը կազմվի, տրվի համաձայնեցման և պատրաստվի գնման հայտը: Մրցույթը կայացել է, հաղթող նախագծային կազմակերպությունը հայտնի է, պայմանագիրը կնքված է: Նախագծման աշխատանքների ֆինանսավորման համար կոմիտեն առաջիկայում կդիմի կառավարությանը:  «Սա առաջին կարևոր բացն է, որը պետք է արագ լրացնել: Հիմա նախաձեռնել ենք այս գործընթացը: Պետք է անպայման հետամուտ լինենք, որ նորմերը մշակվեն: Պարտադիր պահանջներ են սահմանվում հատկապես նոր կառուցվող շենքերի համար, որտեղ ճարտարապետահատակագծային առաջադրանքն առանց ապաստարանի չի կարող հաստատվել: Այսինքն՝ շենք ես ուզում կառուցել, դու պետք է նախատեսես այնպիսի պայմաններ քո նկուղային կամ կիսանկուղային հարկաբաժիններում, որոնք շատ արագ կարող են վերածվել ապաստարանների: Այսինքն՝ լինեն ճկուն»,-ասաց Ռուզաննա Ադամյանը:  Նախագծող կազմակերպությունը մշակելու է վերակառուցվող և կառուցվող շենքերի ու շինությունների համար ապաստարանների տեղակայման նորմեր՝ վերազինման, համալրման, կահավորման, պատերի հաստության, ազդանշանային, հակահրդեհային համակարգերի և այլ հարցերի հետ կապված:   Արդյո՞ք այդ նորմերը հետադարձ ուժ կունենան. Ռուզաննա Ադամյանը նշեց, որ ընդգծել են վերակառուցվող շենքերի պահը: Շենքեր կան, որոնք ամրացման խնդիր ունեն, ինչը ենթադրում է տեխնիկական մեծ միջոցառումներ: Ահա, արդեն կառուցված շենքի  ամրացման շրջանակում էլ ապաստարանների այդ նորմը կիրառվելու է: Անդրադառնալով խորհրդային տարիների շենքերին՝ Ռուզաննա Ադամյանը նկատեց, որ դրանց մեծ մասը համալրված են եղել նկուղային հատվածներով: Նկուղների մի մասը վերազինման պարագայում կարող է իր նպատակին ծառայել:Ինչու է նշվում մի մասը, որովհետև բազմաթիվ նկուղներ ժամանակին վաճառվել են, մասնավորացվել են, դարձել են առևտրի կենտրոն, պահեստ, ավտոտնակ: Ռուզաննա Ադամյանը նշեց, որ նկուղը պետք է ծառայի և՛ որպես կայունության գործիք, և՛ թաքստոց, և՛ ապաստարան: Իրավիճակային ամբողջական պատկերն ունենալու համար անհրաժեշտ է գույքագրել ամբողջ բնակելի ֆոնդը:  Նորմերը մշակվելուց հետո բոլոր համապատասխան կառույցներին փաթեթը փոխանցվում է համաձայնեցման: Դիտողությունների հետ կապված կատարվում է լրամշակում, եթե դրա կարիքը կա: Վերջնական փուլում ուղարկվում է Արդադատության նախարարություն փորձագիտական եզրակացության համար: Եթե կա դիտողություն, ապա դա նույնպես վերանայվում է, այնուհետև կոմիտեի նախագահի հրամանով այն հաստատվում է ու հրապարակվում: 
09:44 - 09 դեկտեմբերի, 2020