ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Ապրիլի 30-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր

Ապրիլի 30-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր

Երկարատև ձմեռային եղանակային պայմաններից հետո, հաշվի առնելով ձնհալից հետո հանրապետության ողջ տարածքում հնարավոր աղտոտվածությունը, 2022 թվականի ապրիլի 30-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ այդ կապակցությամբ համակարգված ու արդյունավետ աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկում՝ ՀՀ գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարների տեղակալների մասնակցությամբ։ Շաբաթօրյակի օրը ակնկալվում է ապահովել հանրապետության տարածքում սանիտարական մաքրության բարձր մակարդակ` աղբից մաքրելով ՀՀ բոլոր համայնքները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերը ու հարակից տարածքները։ Մաքրման աշխատանքներ կիրականացվեն սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում, հատուկ պահպանվող տարածքներում, ջրային համակարգերի տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում և այլն: Հանդիպման ընթացքում պլանավորվել են գերատեսչությունների կողմից նախատեսվող աշխատանքները, անհրաժեշտ տեխնիկայի և մարդկային ռեսուրսների ներգրավման և մաքրման ենթակա տարածքների հստակեցման հարցերը։
18:59 - 14 ապրիլի, 2022
Հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը

Հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը

Գործադիրն ընդունել է որոշում՝ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի պահանջներին համապատասխան հերթական մարդահամար նախապատրաստման և անցկացման գործառույթները, ինչպես նաև մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումը, մշակումն ու ամփոփումն ըստ սահմանված ժամկետների ապահովելու նպատակով: Արդյունքում հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և միջազգային հանձնարարականներով սահմանված ընթացակարգերին համապատասխան: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ: Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակային իրավիճակով պայմանավորված երկրում կարանտինի իրավական ռեժիմը, ինչը սահմանափակում է մարդահամարի դաշտային աշխատանքների նախապատարաստման և կազմակերպման իրագործումը Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն անցկացնելու ժամկետը 2020 թ.-ից տեղափոխվել էր 2022 թ.:Կառավարության որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Ավան, Աճառյան փողոց 2-րդ նրբանցք 2/3 հասցեում գտնվող, 5552.1 քմ մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասը օտարել մրցույթով: Գույքի վաճառքի գինը սահմանվել է անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 318.135.000 դրամ։ Նախատեսվում է նաև առաջին մրցույթի ժամանակ գույքը չվաճառվելու դեպքում, դրա վաճառքի նպատակով կազմակերպել ևս երկու մրցույթ` նույն պայմաններով՝ առանց գույքի վաճառքի գնի նվազեցման։ Գործադիրը հաստատել է 2022 թ. պետական ստանդարտացման ծրագիրը, ստանդարտացման աշխատանքների ցանկը: Ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ-ում տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը: Ծրագրի նպատակն է նաև ռազմարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, սննդամթերքի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, հողի որակի, ռազմարդյունաբերության, ոլորտներում աջակցել աշխատանքների կարգավորմանը և արդյունավետության բարձրացմանը:
19:01 - 07 ապրիլի, 2022
Նախարար Սանոսյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ, ջրային ոլորտում համագործակցության հարցեր

Նախարար Սանոսյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ, ջրային ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը կարևորել է Գերմանիայի կառավարության հետ բազմաշերտ համագործակցությունը։ Դեսպան Վիկտոր Ռիխտերը ևս շեշտել է երկու երկրների երկարամյա համագործակցության և իրականացված աշխատանքների կարևորությունը և հավաստել, որ պատրաստակամ են շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարության բարեփոխումներին՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտում:  «Գերմանական կողմից կցանկանայի վերահաստատել այն մեծ շահագրգռվածությունը և հետաքրքրությունը, որ եղել է և կա Հայաստանում իրականացվող ծրագրերի նկատմամբ»,-ասել է դեսպանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ, ջրային ոլորտում առկա համագործակցության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել է նաև վարչատարածքային բարեփոխումների արդյունքում համայնքների միավորման գործընթացը, ինչպես նաև՝ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստանի համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների գործարկման ընթացքը։  Նախարարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ GIZ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքը։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը վերահաստատել է, որ իրենց  մանդատի շրջանակում այսուհետ ևս կշարունակեն արդիականացնել, կահավորել, բարելավել քաղաքացիների սպասարկման գրասենյակները։
17:08 - 06 ապրիլի, 2022
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը հնարավորություն կտա վերացնել վաճառքի մենաշնորհը․ ներկայացվեց «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը հնարավորություն կտա վերացնել վաճառքի մենաշնորհը․ ներկայացվեց «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը

Այսօր ներկայացվեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը։ 2022 թ․-ի փետրվարի 1-ից Հայաստանն անցում է կատարել  էլեկտրաէներգետիկական շուկայի նոր՝ ազատականացված մոդելի․ եթե նախկինում էլեկտրաէներգետիկ համակարգը գործում էր մեկ գնորդի սկզբունքով, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) հոսանք արտադրող կայաններից գնում էր հոսանքը ու վաճառում, ապա ազատականացված շուկայի դեպքում  կա այլընտրանք․ էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորություն են ստանում նաև մատակարար կազմակերպությունները։    Էլեկտրաէներգիայի ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող գերատեսչության ղեկավարը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց՝ այս գործընթացը փուլ առ փուլ են իրականացնում՝ անկայուն իրավիճակներից զերծ մնալու համար․ «Որպեսզի շուկայում տեղի ունեցող պրոցեսները ընթանան այնպես, որ մենք արտառոց միջադեպեր չունենանք կամ անկայուն իրավիճակ չլինի, մենք փուլ առ փուլ ենք դա անում, շուկան միանգամից չի գործարկվում։ Կարծես այն, ինչ նախանշել ենք իրականացնել, բավական լավ ընթանում է, բավական ակտիվություն կա։ Կարևորը՝ ոլորտում առկա ընկերությունները, անձիք  հետաքրքրություն են ցուցաբերում, մարդիկ կրթվում են, ինքնակրթվում են, ոլորտի կանոններին սկսում են տիրապետել։ Աշխուժություն կա, ինչը ենթադրել է տալիս, որ այնորպես գործիք կկայանա և կնպաստի մեր էներգետիկ անվտանգությանը և ոլորտի զարգացմանը»։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն (ՄԶԳ) աջակցում է ՀՀ կառավարությանը՝ էներգետիկ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։  ՄԶԳ  էներգետիկայի ծրագրի ղեկվարի տեղակալ  Աբգար Բուդաղյանն ասաց՝  ՀՀ կառավարության հետ 3 հիմնական ուղղություններով են աշխատում։ Առաջինը էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականցումն է, երկրորդը՝ էներգամատակարարման դիվերսիֆիկացումը, իսկ  երրրորդը՝ Վրաստանի հետ միջպետական առևտրի զարգացումը․ «Էլեկետրաէներգետիկական շուկայի բարեփոխումները, որոնք այժմ տեղի են ունենում Հայաստանում, 2004 թ․-ից ի վեր առաջին խոշոր բարեփոխումներն են այս ոլորտում, որոնք հնարավորություն են ընձեռել մեր գործընկերներին փոխել էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքը և վերացնել էլեկտրաէներգիայի վաճառքի մենաշնորհը։ Մենք արդեն ունենք շուկայում գործող այլընտրանքային մատակարարներ, որոնք առաջիկայում իրենց ծառայություններն են առաջարկելու մեր սպառողներին»։ Բուդաղյանի խոսքով՝ Հայաստանը և Վրաստանը էլեկտրաէներգիայի առևտրի մեծ պոտենցիալ ունեն, ինչը զարգացման կարիք ունի․ «Էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները տեղի են ունենում նաև Վրաստանում,  և մենք փորձում ենք աջակցել Հայաստանի էներգետիկ համակարգի ներկայացուցիչներին, որպեսզի հետագայում երկու շուկաները ինտեգրվեն, և երկու շուկաներում արտադրողները և սպառողները կարողանան նաև միմյանց հետ ուղիղ առևտուր իրականացնել, եթե այդտեղ տեսնում են փոխշահավետության սկզբունք»։ Էներգետիկ ոլորտում կարգավորող գործառույթ իրականացնող մարմինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է (ՀԾԿՀ)։ Հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանը նույնպես նշեց՝ քայլերը դանդաղ են փորձում անել՝ շուկայի մասնակիցների և սպառողների համար ռիսկերը հնարավորինս նվազեցնելու համար․ «Փետրվարի 1-ից  գործարկվել է առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է տալիս շուկայում, ըստ գործող կանոնների, որոշակի ազատականացում ունենալ։ Ասում եմ՝ որոշակի, քանի որ քայլերը շատ դանդաղ ենք փորձում անել, որպեսզի շուկայի մասնակիցների և սպառողների համար ռիսկերը հնարավորինս նվազագույնի հասցնենք։ Բոլոր կարգավորումները դեռ նոր են, կարող են լինել որոշակի խնդիրներ, ընթացքում էլ անընդհատ շտկվում են։ Կոնկրետ առաջին տարվա համար սահմանված անցումային դրույթներ կան, ըստ որոնց՝ շատ սահմանափակ քանակով արտադրող կայանների է թույլ տրված շուկա մտնել, իսկ սպառողների համար դեռևս ոչ թե պարտադիր պահանջ է գործում, այլ գործում է հնարավորություն, այսինքն՝ սպառողը կարող է ընտրել՝ եթե բոլոր գործող կանոնները և պայմանները տնտեսապես նպատակահարմար կգտնի, դուրս կգա շուկա»։ Նշենք, որ գործընթացի մեկնարկից ի վեր Հանձնաժողովը էլեկտրաէներգիայի վաճառքի լիցենզիա է տրամադրել 6 ընկերությունների և 4 թրեյդերների (էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունների):   Գլխավոր լուսանկարը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից   Նանե Ավետիսյան
17:50 - 05 ապրիլի, 2022
Օգտակար հանածոների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանն աշխարհում առաջատար տեղ է գրավում. Գնել Սանոսյան

Օգտակար հանածոների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանն աշխարհում առաջատար տեղ է գրավում. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այսօր մասնակցել են Երկրաբանի միջազգային օրվան նվիրված «Երկրաբանական ֆորում 2022» միջոցառմանը։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:   «Նախարարը ողջունել և շնորհավորել է ֆորումին մասնակից երկրաբաններին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և բարձր է գնահատել նրանց նվիրված ու խիստ կարևոր աշխատանքը մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման գործում։ «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն հանրապետությունում արդյունաբերության և արտահանման մեջ խոշորագույն ավանդ ունեցող ոլորտներից մեկն է: Օգտակար հանածոների պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատար տեղ է գրավում: Հետևաբար ձեր ձեռքերում է հանքարդյունաբերության զարգացման ներուժի բացահայտումը, ինչպես նաև ձեր բարդ, պատասխանատու ու նվիրումով լի աշխատանքի շնորհիվ է, որ ընդերքի հարստությունը վերածվում է տնտեսական արժեքի»,- ընդգծել է նախարարը։   Ելույթի ավարտից հետո նախարարը «Երկրաբանի օրվա» կապակցությամբ բազմամյա և արդյունավետ աշխատանքի, հանքարդյունաբերության ոլորտում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար շնորհակալագրեր է հանձնել ոլորտում բազմամյա փորձ ունեցող մասնագետներին։   Շնորհակալագրեր են ստացել Աշոտ Հայկազի Սարգսյանը, Սևակ Համազասպի Գալստյանը, Ջիվան Վիկտորի Մխիթարյանը և Գուրգեն Էդուարդի Մալխասյանը»,- նշված է գրառման մեջ:              
18:42 - 01 ապրիլի, 2022
3,1 մլրդ դրամ՝ 1 ճանապարհահատվածի և 2 կամրջի հիմնանորոգման համար |hetq.am|

3,1 մլրդ դրամ՝ 1 ճանապարհահատվածի և 2 կամրջի հիմնանորոգման համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունը 3 մլրդ 114 մլն 231 հազ․ դրամ կհատկացնի 2022-ին հիմնանորոգման ծրագրով նախատեսված 1 ճանապարհահատվածի և 2 կամրջի շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար։ Որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 31-ի նիստում։  Որոշմամբ գումար կհատկացվի Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Թումանյան համայնքի Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ և Աթան բնակավայրեր), Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի հատվածում (Պտղնի, Աբովյան) գտնվող կամրջի և Մ- 4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման հատվածում (Տավուշի մարզի Թեղուտ) գտնվող կամրջի վերանորոգման համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ կամուրջներից մեկը Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 14-րդ կմ-ում գտնվող այն կամուրջն է, որը մահափորձի հետևանքով պայթեցվեց։  Ընդհանուր առմամբ, նախագծով նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 114 մլն 231 008 դրամ, որից շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 2 մլրդ 991 մլն 548 հազ․ դրամ, տեխնիկական և հեղինակային հսկողության համար՝ 122 մլն 682 384 դրամ։ 
14:04 - 31 մարտի, 2022
Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով, դրանցից 80-ն արդեն Հայաստանում են, 70-ը` ճանապարհին․ Գնել Սանոսյան |1lurer.am|

Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով, դրանցից 80-ն արդեն Հայաստանում են, 70-ը` ճանապարհին․ Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով կազմակերպվել են Կոտայքի, Արարատի մարզերի և Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր երթուղիների միասնական օպերատորների ընտրության մրցույթներ: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «2022 թ. կեսից Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով, դրանցից 80-ն արդեն Հայաստանում են, 70-ը` ճանապարհին: Էջմիածնում գործընթացն արդյունավետ իրականացվում է, սակայն Արարատում և Արմավիրում գործընթացը փոքր-ինչ դանդաղում է, քանի որ մրցույթի մասնակիցները միմյանց հետ դատական գործընթացի մեջ են»,- ասաց նախարարը: Նշվել է, որ հանրապետության ավելի քան 200 բնակավայր տրանսպորտային հաղորդակցման լուրջ խնդիրներ ունի. չկան կանոնավոր չվերթեր: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է մրցույթներ հայտարարել 3 մարզում: 2021 թ. ներդրվել է նաև ավտոտրանսպորտի տեխնիկական զննության գործընթացի նոր համակարգ, որի շնորհիվ տեխնիկական զննման կտրոնների պահանջը փոխարինվել է վերահսկողության իրականացման էլեկտրոնային համակարգով: Ակնկալվում է, որ նոր կարգավորումների միջոցով հնարավորինս կբացառվի իրական տեխնիկական զննություն չանցկացնելու արատավոր երևույթը, և կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը:
18:13 - 28 մարտի, 2022
2022 թ-ին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ստացվել են աննախադեպ մեծ թվով հայտեր․ փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է մարզպետներին

2022 թ-ին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ստացվել են աննախադեպ մեծ թվով հայտեր․ փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է մարզպետներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի մարզպետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը։ «Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերին, Կառավարության՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման ու վերանորոգման ծրագրի իրականացման ընթացքին, ներկայացվել են համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման 2020թ. և 2021թ. արդյունքները, ինչպես նաև քննարկվել են գարնան նախապատրաստական աշխատանքներին, այդ թվում՝ ոռոգման խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ստացվել են աննախադեպ մեծ թվով հայտեր՝ 79,5 մլրդ դրամի 461 հայտ (hամայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված` մի շարք բնակավայրերի նույնանման ծրագրերը ամփոփված են մեկ հայտի մեջ)․ Կառավարության համաֆինանսավորման չափը կազմում է 43,5 մլրդ դրամ։ Հիմնական ծրագրերն ուղղված են բնակավայրի փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցման/հիմնանորոգմանը, խմելու ու ոռոգման ջրերի համակարգերի կառուցմանը և այլն։ Ներկայացնելով համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման վերջին երկու տարիների արդյունքները՝ զեկուցվել է, որ 2021 թվականին Հայաստանի բոլոր մարզերը 2020 թվականի համեմատ 5.5 մլրդ դրամով ավելի շատ հավաքագրում են իրականացրել։ Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հավաքագրումների ընթացքը, հետևողական լինել ոչ միայն սուբվենցիոն ծրագրերի, այլև, առհասարակ, Կառավարության կողմից մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքին և արդյունքներին միտված հանձնառություններին։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր»,- նշված է կայքում:
20:57 - 24 մարտի, 2022
Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մինչեւ մարտի 24-ը՝ ժամը 04:00-ն |armenpress.am|

Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մինչեւ մարտի 24-ը՝ ժամը 04:00-ն |armenpress.am|

armenpress.am: Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մարտի 23-ի կեսօրվանից մինչև մարտի 24-ի ժամը 04:00-ն։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մնացականյանը, բողոքի ակցիա իրականացնողների կողմից ճանապարհը բացվել է միայն իշխանության պատկան մարմինների հետ տեղի ունեցած բանակցություններից հետո։ «Պայմանավորվել ենք ՀՀ ազգային ժողովի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գեղարքունիքի մարզպետի հետ, որ մարտի 24-ի ժամը 14:00-ին մեզ մոտ հատուկ քննարկում է տեղի ունենալու նույն կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հուսով, եմ, որ կգտնվի որևէ հանգուցալուծում»,-ներկայացրեց Դավիթ Մնացականյանը։ Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները քվեարկության չեն մասնակցել՝ դրանով արտահայտելով իրենց անհամաձայնությունը համայնքների միավորման քաղաքականությանը և գործընթացներին։ Իսկ մարտի 23-ին նրանք իրականացրել են բողոքի ակցիա՝ երկկողմանի փակելով Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին։ Ճանապարհը փակ է մնացել մոտ 16 ժամ։
11:12 - 24 մարտի, 2022
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում քննարկվել են պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում քննարկվել են պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մարտի 23-ին կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ առցանց նիստը, որի ընթացքում քննարկվեցին պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Հայկական կողմից նիստին մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ամերիկյան կողմից՝ Պետքարտուղարության, Պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ։ Նիստի ավարտին հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում, նախանշեցին ոլորտային առաջնահերթությունները և առաջիկա անելիքները:
21:04 - 23 մարտի, 2022
Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները փակել են Երևան–Սևան մայրուղին. Գնել Սանոսյանի հետ հանդիպում են պահանջում |news.am|

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները փակել են Երևան–Սևան մայրուղին. Գնել Սանոսյանի հետ հանդիպում են պահանջում |news.am|

news.am: Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակել են Երևան– Սևան մայրուղին և հանդիպում են պահանջում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։ Բնակիչներից մեկն ասաց, որ ակցիան խաղաղ է։ Տեղում նաև ոստիկաններ կան։ «Պահանջում ենք, որ նախարարը գա և մեր խնդրին լուծում տա։ Մենք ընտրություններով դեմ էինք արտահայտվել խոշորացմանը և սպասում էինք, որ մեզ կարձագանքեն, մեր խնդրին լուծում կտան, բայց ինչպես տեսանք՝ չլուծվեց։ Հիմա բնակիչները որոշել են ճանապարհը փակել, որպեսզի հարցը լուծվի»,– ասաց մեր զրուցակիցը։ Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը և դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սևան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։
13:43 - 23 մարտի, 2022
Ասիական զարգացման բանկը մտադիր է շարունակել Հայաստանում իրականցվող ծրագրերը

Ասիական զարգացման բանկը մտադիր է շարունակել Հայաստանում իրականցվող ծրագրերը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի խորհրդի գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ ներկայացուցիչների հետ ընթացիկ և հետագա համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր քննարկելու հնարավորությունը։  Նախարարն ընդգծել է, որ Ասիական զարգացման բանկի միջոցով Հայաստանում բավական շատ և բազմաշերտ ծրագրեր են իրականացվում, որոնք կարևորվում են ՀՀ կառավարության կողմից։ Արիֆ Բահարուդինն իր հերթին նկատել է, որ համավարակից հետո Հայաստանի տնտեսությունը բավական լավ թափով վերականգնվում է և ցանկություն կա Հայաստանում շարունակել ծրագրերի իրականացումը։ Մասնավորապես հակված են շարունակել դպրոցներում սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, հետաքրքրված են նաև  հյուսիս-հարավ ծրագրի հարավային հատվածով, կարևորում են նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը։ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ճանապարհային ոլորտում իրականացվող ծրագրերով ԱԶԲ գործընկերների կողմից ցուցաբերված ուշադրության և հետևողականության համար։ Փոխնախարարը ներկայացրել է հեռանկարային այն ծրագրերը, որոնք մշակվում և  նախապատրաստվում են նախարարության կողմից։ Ե՛վ նախարարը, և՛ Քրիստինե Ղալեչյանն առանձնացրել են հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը և կարևորել ԱԶԲ ներգրավվածությունն այս ծրագրում: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ծրագրերի արդիականացման և իրականացման հնարավորությունները:
17:17 - 16 մարտի, 2022
Ամենաառաջնային ճանապարհներից մեկը, որ կասֆալտապատենք, Կապան-Ճակատենը կլինի. Գնել Սանոսյան |1lurer.am|

Ամենաառաջնային ճանապարհներից մեկը, որ կասֆալտապատենք, Կապան-Ճակատենը կլինի. Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է։ «Երբ մենք հրապարակում ենք, թե Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլվել է, երկրի բնակչության կեսը սկսում է անհանգստանալ, որ Սյունիքի կեսը մնացել է առանց ճանապարհի. վերջում պարզվում է՝ դաշտի մեջ մի տեղ գործ են անում, փլվել է»,- ասաց նախարարը: Գնել Սանոսյանի խոսքով՝ բազմիցս խոսվել է, որ այդ ճանապարհը երեք շինարարական ընկերություն է արել, որոնցիցի երկուսը պետք է երեք շերտ ասֆալտ անեին, սակայն երեք շերտից երկու շերտ են տեղադրել: «Մենք չենք թողել երրորդ շերտը տեղադրեն՝ հասկանալով, որ ճանապարհը կառուցվել է արագ, որ ճանապարհի կառուցման որոշ հատվածում ստիպված ենք եղել թողնել, որ մեքենաները անցնեին, այսինքն՝ մի կողմում ասֆալտ էին անում, մյուս կողմում մեքենաներն էին անցնում, բայց ստիպված ենք գնացել այդ լուծմանը: Հիմա որոշակի կարգավորումներ անում են, որպեսզի ճանապարհներն անցանելի լինեն: Այո՛, մի շարք հատվածներում առաջացել են թերություններ. եղանակները հենց բացվեն, բոլոր թերությունները կվերացնեն, ասֆալտի երրորդ շերտը կտեղադրեն»,- ասաց Գնել Սանոսյանը։ Անդրադառնալով Կապան-Ճակատեն ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին՝ Սանոսյանը նշեց, որ հողային պաստառը պատրաստ է, բավական լավ տեսքի է բերված, երթևեկությունը վերականգնվել է: «Երթևեկության ինտենսիվությունը գրեթե ամբողջովին վերականգնվել է, և ամենաառաջնային ճանապարհներից մեկը, որ կասֆալտապատենք, դա կլինի»,- հայտնեց ՏԿԵ նախարարը։
15:09 - 13 մարտի, 2022
Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել. ՏԿԵ մամուլի խոսնակ

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել. ՏԿԵ մամուլի խոսնակ

Գլխավոր լուսանկարը՝ aravot.am-ի․ լուսանկարում Խոտ–Որոտան կառուցվող ճանապարհն է   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի հրապարակումներից մեկին: Նա, մասնավորապես, գրել է.   «Այսօր «Հրապարակ» կայքը նյութ է հրապարակել, ըստ որի` «Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է»։   Հարկ ենք համարում պարզաբանել, որ Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի, ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել։   Տեսանյութում պատկերված քարաթափումը տեղի է ունեցել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին, որտեղ ներկայում ճանապարհի ծրագծի կառուցման հողային աշխատանքներ են կատարվում և նման դեպքերը բնական են։ Նշված` Խոտ-Որոտան ճանապարհահատվածի ամբողջական կառուցումն ու ասֆալտապատումը նախատեսված է աշնանը։ Այս պահին աշխատանքներ են տարվում փլուզված զանգվածը հեռացնելու ուղղությամբ։ Քիչ անց ճանապարհահատվածն անցանելի կլինի»։   Հաջորդ գրառմամբ ՏԿԵ խոսնակը հայտնել է, որ Խոտ-Որոտան ճանապարհն արդեն բաց և երթևեկելի է:
21:27 - 12 մարտի, 2022
Երևանում ինքնաթիռ չի «ձերբակալվել»․ նախարարությունից հերքում են լուրերը

 |armenpress.am|

Երևանում ինքնաթիռ չի «ձերբակալվել»․ նախարարությունից հերքում են լուրերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հերքում են Երևանում օդանավի ձերբակալման մասին լուրերը։ Խնդրի վերաբերյալ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ ՏԿԵՆ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Վարդան Չիլինգարյանից։ -Պարո՛ն Չիլինգարյան, մամուլում տեղեկություններ կան, որ Երևանում «ինքնաթիռ է ձերբակալվել»։ Ինչի մասին է խոսքը և արդյոք իրականությանը համապատասխանում են այդ տեղեկությունները։ -Ոչ, նման բան չկա։ Ինքնաթիռի կալանավորման կամ ձերբակալման մասին այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նման բան չի եղել։ -Այդ դեպքում կպարզաբանե՞ք ինչի մասին է խոսքը։ -Խոսքն այն մասին է, որ Երևանում վայրէջք է կատարել ինքնաթիռ, որի հետագա չվերթի հետ կապված կան փաստաթղթային խնդիրներ։ Այդ խնդիրները հիմա պարզաբանվում են։ Սա է ամբողջ եղելությունը։   Ավելի վաղ «Սպուտնիկ Արմենիա»-ն, վկայակոչելով «Авиаторщина» Telegram ալիքը, հայտնել էր, որ Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը։ 
23:27 - 03 մարտի, 2022