Վահրամ Դումանյան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

Ծնվել է 1962 թ․ սեպտեմբերի 9-ին Երեւանում:

1979-1984 թթ. սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։

1984-1986 թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։
1990-2020 թթ. աշխատել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
2000-2020 թթ. եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան:
2020 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

2001 թ.-ից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է։
2007 թ.-ից ՀՀ դպրոցականների ինֆորմատիկայի առարկայական օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահն է։
2008-2019 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի «Մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։
Բազմաթիվ գիտական եւ ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է։
Գիտահետազոտական աշխատանք է կատարել նաեւ Մ.Վ․Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում (Վարշավա), Թրիրի եւ Պադերբորնի համալսարաններում (Գերմանիա)։
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է։
Պարգեւատրվել է ԵՊՀ եւ ԿԳՆ ոսկե մեդալներով։

Ամուսնացած է, ունի դուստր եւ որդի։

Վահրամ Դումանյանը ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Վահրամ Դումանյանը ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է.  «Սիրելի' երիտասարդներ,  Շնորհավորում եմ բոլորիդ այս լուսավոր օրվա՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Անվիճարկելի ճշմարտություն է, որ ցանկացած երկրում երիտասարդությունն է փոփոխությունների առաջամարտիկը, յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը, և առաջադեմ են այն պետությունները, որտեղ երիտասարդները մասնակից են որոշումների ընդունմանը։ Մտքով և հոգով առողջ, կրթված, նպատակասլաց, նորարարական գաղափարներով զինված և նախաձեռնող երիտասարդությունն է մեր ազգի և պետության բարեկեցիկ ապագայի գրավականը: Այդպիսին ենք մենք ուզում տեսնել մեր երիտասարդությանը, և դրան են ուղղված պետության կողմից իրականացվող երիտասարդական հասցեական և թիրախային ծրագրերն ու միջոցառումները: Այս տարի Երիտասարդության միջազգային օրը կրում է «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագիրը: Այս համատեքստում, իմ խորին համոզմամբ, երիտասարդությունը տարիքային սահմանափակում չունի. երիտասարդ են նրանք, ովքեր մշտապես հանդես են գալիս նորարարական գաղափարներով ու նախաձեռնություններով, շրջապատին համակում են երիտասարդական ավյունով ու եռանդով, պատրաստակամ են ու մասնակից դրական փոփոխություններին: Երիտասարդության ոլորտում կատարված ցանկացած ներդրում համարվում է ներդրում վաղվա օրվա, լավ ապագա ունենալու գործում։ Ըստ այդմ՝ վստա՛հ եղեք, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է իրականացնել բազմաթիվ երիտասարդական ծրագրեր՝ միտված երիտասարդների ներուժի բացահայտմանը, հնարավորությունների ու կարողունակությունների զարգացմանը, ինքնադրսևորման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը և հատկապես մարզային երիտասարդության ինքնաիրացման համար համապատասխան պայմանների ստեղծմանը։ Եղե՛ք նորարար ձեր ցանկություններում և նպատակներում, համարձակ՝ ձեր որոշումներում, հետևողական՝ ձեր գործողություններում։ Քանզի ապագան ձերն է։ Ցանկանում եմ, որ այս գիտակցմամբ ապրեք և արարեք՝ ի շահ հարազատ համայնքի, մարզի, ի վերջո, մեր պաշտելի հայրենիքի։ Սիրելի՛ երիտասարդներ, մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, ամուր կամք, վճռականություն և ապագայի նկատմամբ անսասան լավատեսություն»։  
10:39 - 12 օգոստոսի, 2022
Վահրամ Դումանյանը Սիրիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ-սիրիական համագործակցության հետագա զարգացումը

Վահրամ Դումանյանը Սիրիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ-սիրիական համագործակցության հետագա զարգացումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Վահրամ Դումանյանը շնորհավորել է Նորա Արիսյանին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Նախարարը կարևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական և բարեկամական կապերը: Այդ համատեքստում Վահրամ Դումանյանը ցավով փաստել է, որ որոշ հանգամանքներով պայմանավորված՝ երկու երկրների միջև նախատեսվելիք համագործակցության փաստաթղթերի ստորագրման գործընթացը դանդաղել է՝ վերահաստատելով այն վերսկսելու անհրաժեշտությունը: Նախարարն առաջարկել է դիտարկել փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում, մասնավորապես վերսկսել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2022-2027 թթ. համար համագործակցության մասին» ծրագրի ստորագրման համար սահմանված գործընթացը: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2023-2025 թթ. համագործակցության մասին» ծրագիրը ստորագրելու հնարավորությանը: Նախարարը կարևորել է Դամասկոսի համալսարանի հայագիտական բաժնի գործունեությունը և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև առաջարկել է դիտարկել ՀՀ քաղաքացիների համար Հալեպի համալսարանում արաբերենի ուսուցումը վերսկսելու հնարավորությունը: Վահրամ Դումանյանը դեսպանին առաջարկել է զարգացնել ՀՀ բուհերում արաբագիտության ամբիոնների և Սիրիայի Արաբական Հանրապետության բուհերում հայագիտության ամբիոնների գործունեությունը և փոխգործակցությունը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ ՀՀ բուհերում ներկայում սովորում են Սիրիայի 282 քաղաքացիներ, որոնցից 270-ը ազգությամբ հայեր են: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև 2020 թվականին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հայկական մշակութային ժառանգության հետագա պահպանության հարցերին՝ ընդգծելով, որ պետք է ջանքեր չխնայել, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական պատմական հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումն աղավաղելուց: Դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ իր պաշտոնավարումը համընկել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ, որի շրջանակում նախատեսվում են մի շարք կարևոր միջոցառումներ: Նա վերահաստատել է ՀՀ-ի և Սիրիայի միջև համագործակցության խորացման և նոր ծրագրերի իրականացման պատրաստակամությունը՝ հիմնվելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների վրա: Դեսպանը շեշտել է, որ մեծապես գնահատում է հայկական մշակույթը՝ հույս հայտնելով, որ հայ արվեստագետներն իրենց փորձառությամբ կկիսվեն սիրիացի գործընկերների հետ: Նորա Արիսյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ ԵՊՀ-ում արաբագիտության զարգացման և Սիրիայում հայ ուսանողների կրթության կազմակերպման հարցերին: Դեսպանը կարևորել է նաև երկու երկրների միջև գիտության ոլորտում համագործակցությունը և դասախոսների ու գիտնականների փոխադարձ այցերի կազմակերպումը: Վահրամ Դումանյանը դեսպանին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կայանալիք STARMUS FESTIVAL VI միջազգային փառատոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստին առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել էր Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կարևորվել է հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների զարգացումը:
17:05 - 05 օգոստոսի, 2022
Հովհաննես Բաչկովը ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ կոչման է արժանացել. կոչումներ են շնորհվել մարզաշխարհի ներկայացուցիչներին

Հովհաննես Բաչկովը ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ կոչման է արժանացել. կոչումներ են շնորհվել մարզաշխարհի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Կարեն Գիլոյանը շնորհավորել է մարզիկներին ստացած կոչումների առթիվ և նորանոր հաջողություններ մաղթել նրանց. «Վստահ եմ՝ այսօր ձեզ համար շատ նվիրական օր է, քանի որ ձեր կատարած աշխատանքի և գրանցած արդյունքների համար ստանում եք մարզական կոչումներ: Պատվով կրե՛ք այն, բայց մի՛ մոռացեք, որ պետք է անպայման հասնել Սպորտի վաստակավոր վարպետի կոչմանը: Դրա համար պետք է շատ աշխատել և լավ արդյունքներ գրանցել: Ձեզ հաջողություններ եմ մաղթում»: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ կոչմանն արժանացել է բռնցքամարտիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: «Բաչկովը դեռ շատ լուրջ ասելիք ունի թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական սպորտում: Հուսամ՝ նաև աշխարհի չեմպիոնի տիտղոսը կունենա»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և հույս հայտնել, որ Բաչկովի օրինակը վարակիչ կլինի երիտասարդ մարզիկների համար, ու տարիներ անց նրանք ևս կկարողանան արժանանալ այդ պատվավոր կոչմանը: ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ մարզական կոչմանն արժանացել են սամբիստ Գրիգոր Բեկնազարյանը, հրաձիգներ Արուսյակ Գրիգորյանն ու Գոհար Հարությունյանը, գրեփլինգի ներկայացուցիչներ Ռազմիկ Միսակյանը և Արթուր Զաքարյանը, ինչպես նաև բռնցքամարտիկ Արման Դարչինյանը: Սպորտի վարպետի մարզական կոչմանն էլ արժանացել են Մանե Պողոսյանը (սպորտային մարմնամարզություն), Աննա Մանթաշյանը (սպորտային մարմնամարզություն), Մարինա Գալստյանը (սեղանի թենիս), Մարիա Խաչատրյանը (սեղանի թենիս), Ռաֆիկ Հովհաննիսյանը (սեղանի թենիս), Գարեգին Գրիգորյանը (պաուերլիֆտինգ), Վահե Բուդաղյանը (պաուերլիֆտինգ), Կարեն Մարտիրոսյանը (պաուերլիֆտինգ), Ջիվան Հովհաննիսյանը (պաուերլիֆտինգ), Արմեն Խաչատրյանը (լող), Գագիկ Հայրապետյանը (լող), Ալեքսանդրա Ավագյանը (լող), Արթուր Շախպազյանը (բռնցքամարտ), Հակոբ Ուզունյանը (ֆուտզալ), Սարո Գալստյանը (ֆուտզալ), Գարեգին Մաշումյանը (ֆուտզալ), Համլետ Ադամյանը (բռնցքամարտ), Վլադիմիր Հարոյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Գևորգ Թադևոսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Միքայել Միքայելյանը (դահուկային սպորտ), Թադևոս Պողոսյանը (դահուկային սպորտ), Տիգրան Մանուկյանը (հրաձգություն), Անդրանիկ Ավետիսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Սերգեյ Սարգսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Նարեկ Հարությունյանը (ազատ ոճի ըմբշամարտ) և Մանվել Խնձրցյանը (ազատ ոճի ըմբշամարտ):
17:49 - 18 հուլիսի, 2022
Վահրամ Դումանյանը տեղյակ չէ, թե ինչ պայմաններում եւ ինչպես է Հատիս լեռան 140 հեկտար հողատարածը օտարվել Գագիկ Ծառուկյանին |news.am|

Վահրամ Դումանյանը տեղյակ չէ, թե ինչ պայմաններում եւ ինչպես է Հատիս լեռան 140 հեկտար հողատարածը օտարվել Գագիկ Ծառուկյանին |news.am|

news.am: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղյակ չէ, թե ինչ պայմաններում եւ ինչպես է Հատիս լեռան 140 հեկտար հողատարածը օտարվել Գագիկ Ծառուկյանին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Դումանյանը՝ ի պատասխան լրագրողների ճշտող հարցերին։ «Ես չգիտեմ։ «Հետքն» է գրել, իրենց հարցրեք։ Ես չգիտեմ՝ ինչպես, քանի միլիոնով է վաճառվել։ Դա դուք գիտեք, հարգելի լրագրողներ։ Ես մանրամասներ չգիտեմ։ Արդյոք միայն այդ սարն է վաճառված։ Գուցե էլի սարեր կան, ինչո՞ւ եք հենց այդ սարի վրա ֆիսքվել։ Լրագրողի դիտարկմանը, որ կառավարությունը մեկ ընդհանուր օրգանիզմ է, եւ մի մարմինը մյուսից պետք է տեղյակ լինի, նախարարը հակադարձեց․ «Դուք, մեկ ընդհանուր օրգանիզմ ասելով,  ի՞նչ եք հասկանում, որ բոլորս բոլորի ամեն ինչին կարող ենք խառնվել։ Ամեն մեկն իր պրոֆեսիոնալ դաշտն է ծածկում։ Դուք ուզում եք բոլորին մեկտեղել եւ բոլորին ձեր ցանկացած հարցը տալ»։      
14:01 - 14 հուլիսի, 2022
«Պիտի տեղադրվին» կլինի այն ժամանակ, երբ լինի նախագիծը․ Դումանյանը՝  Հատիսում Հիսուսի արձան տեղադրելու մասին
 |armtimes.com|

«Պիտի տեղադրվին» կլինի այն ժամանակ, երբ լինի նախագիծը․ Դումանյանը՝ Հատիսում Հիսուսի արձան տեղադրելու մասին |armtimes.com|

armtimes.com: Հիմա միայն գաղափարը կա, և փաստաթղթավորման հետ կապված խնդիրները պետք է լուծվեն, դրանց լուծումը ընթացքի մեջ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը։ Ըստ նախարարի՝ արձանի տեղադրման և տեղադիրքի մասին խոսակցություն չի եղել, այլ միայն՝ գաղափարի մասին։ «Այս պահին արձանի վերաբերյալ նախագիծ չկա։ Ցանկացած քաղաքաշինական հարցով, եթե կա մտահոգություն, որ կարող է կարգին կամ օրենսդրությանը դեմ գործընթաց գնալ, լիազոր մարմինը պահանջում է խստորեն պահպանել կարգը և հետևել օրենսդրության պահանջներին։ Եթե չհետևեն, սահմանված կարգով համապատասխան դիմումներ կլինեն, և պատկան մարմինը կզբաղվի իր գործով»,- ասաց նա։ Դումանյանը նաև անդրադարձավ արձանի տեղադրման վերաբերյալ երեկ երեկոյան նախարարության տարածած հայտարարությանը, որը այսօր առավոտյան հեռացվեց ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջից, ապա մեկ ժամ հետո կրկին վերահրապարկվեց։ Նշենք՝ հայտարարությամբ նախարարությունը հորդորել է որոշ ժամանակով դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիս հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։ Դումանյանը մեկնաբանեց, թե ինչո՞ւ է նախարարությունը տեքստից հեռացրել այն հատվածը, որտեղ նշված էր՝ «Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից»: «Համապատասխան հայտարարությունը կա մեր ֆեյսբուքյան էջում։ Պարզապես դուրս է հանվել տեքստից այն, որը ծանրաբեռնել էր տեքստը։ Եկեք փնտրեք այնտեղ, որտեղ կորցրել ենք, այլ ոչ թե այնտեղ, որտեղ լույս կա: Դուք ֆիքսվել եք մի դրվագի վրա, որը կարեւոր չէ: Այն հայտարարությունը, որը տեղադրված է այսօր, նույնն է: Նախորդ օրը, եթե դուք ինչ-որ բան եք նկատել, տեխնիկական խնդիր է եղել: Կառավարության նիստին նշվել է, որ մեր դիրքորոշումը դրական է, եւ հետագա գործընթացը պետք է լինի գործող կարգին համապատասխան: Ի՞նչ եք կարծում՝ Կառավարությունը լրատվամիջո՞ց է: Մեզ հայտնի է, որ գաղափարը Հիսուսի արձանը Հատիսի վրա տեղադրելն է: Որ օրը եղավ հաստատված նախագիծը, այդ պահից էլ կարող ենք ասել, որ տեղադրվում է»,- նշեց նախարարը։ Ըստ նրա՝ պաշտոնական մասով որևէ խորհրդակցություն նախարարության հետ չի եղել։ Ինքը նախարարը արձանի հետ կապված հանդիպում չի ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ։ Վերջինս շեշտեց՝ ընդամենը գաղափար է, որ արձանը տեղադրվի Հատիս լեռան վրա, սակայն ոչ ոք չի ասում, որ «պիտի տեղադրվի»: «Մեզ հայտնի է, որ գաղափարն է այդպիսին, «պիտի տեղադրվին» կլինի այն ժամանակ, երբ որ կլինի սահմանված կարգով հաստատված նախագիծ»: Այս պահին այդ հաստատված նախագիծը չկա»,- ասաց նա: Դումանյանը նկատեց՝ որպես քաղաքացի՝ արձանի մասով չի կարող ասել, որ դա խիստ անհրաժեշտ բան է, սակայն չի էլ կարող նշել, որ այն վատն է։  
16:50 - 11 հուլիսի, 2022
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վարշավայում անցկացված միջազգային մրցույթում Գրան պրի մրցանակի արժանացած Ջուլիանա Գրիգորյանին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վարշավայում անցկացված միջազգային մրցույթում Գրան պրի մրցանակի արժանացած Ջուլիանա Գրիգորյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել են երիտասարդ, երգչուհի Ջուլիանա Գրիգորյանին (սոպրանո), որ հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Տաղանդավոր արվեստագետի հաղթանակները շարունակվում են, և օրերս նա իտալական ամենամեծ օնլայն «Ֆիորենցա Չեդոլինզ» մրցույթում հաղթող է ճանաչվել՝ գրավելով 1-ին տեղը: Նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Ջուլիանա Գրիգորյանին, շնորհակալություն է հայտնել հեղինակավոր այս հարթակներում հաղթանակներ գրանցելու կապակցությամբ: «Մենք ուշադրությամբ հետևում ենք և գիտենք, որ Դուք կարևոր հաղթանակներ եք գրանցել, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք և վերահաստատում, որ պատրաստ ենք աջակցելու և նպաստելու կարևոր այն նախաձեռնություններին, որոնք հնարավորություն են ընձեռում առավել բարձր մակարդակով ներկայանալու հեղինակավոր հարթակներում»,- շեշտել է նախարար Վահրամ Դումանյանը՝ հետաքրքրվելով՝ ինչ խնդիրներ կան նպատակի իրագործման ճանապարհին, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Ջուլիանա Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը Վարշավայում կայացած Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան մրցույթին աջակցելու կապակցությամբ, ինչը հաղթանակի հասնելու համար նաև բարոյահոգեբանական աջակցության մեծ և կարևոր գործոն է հանդիսացել: Երիտասարդ արվեստագետը նախարարին տեղեկացրել է, որ մրցույթներում հաղթելու արդյունքում հրավեր է ստացել մասնակցելու միջազգային տարբեր հարթակներում կայանալիք համերգների, իսկ առաջիկայում՝ հուլիսի 15-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեներգչուհին կմասնակցի «Ալեկո» օպերային ներկայացմանը: Հանդիպման ավարտին նախարարը կրկին շնորհավորել է Ջուլիանա Գրիգորյանին՝ մաղթելով ստեղծագործական խիզախումներ և նորանոր հաջողություններ: Ջուլիանա Գրիգորյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է: Նա ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում և Արցախում: Ջուլիանա Գրիգորյանը համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ:
16:56 - 04 հուլիսի, 2022
Կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Ն. Փաշինյանը մասնակցել է ՀԱՊՀ շրջանավարտների ավարտական երեկոյին

Կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Ն. Փաշինյանը մասնակցել է ՀԱՊՀ շրջանավարտների ավարտական երեկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բուհի բարերաներ, հայտնի շրջանավարտներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, այս տարվա շրջանավարտներն ու նրանց ծնողները: Վարչապետը շնորհավորել է ներկաներին հիշարժան օրվա առիթով և նշել. «Մենք գտնվում ենք մի բուհում, որը, ըստ էության, կանխորոշել է Հայաստանի այսօրվա դիմագիծը բառիս բուն իմաստով: Ի՞նչ նկատի ունեմ. երբ Հայաստանի երկրորդ հանրապետությունում սկսվեց ինդուստրալիզացիայի պրոցեսը, ամեն տարի այս բուհից դուրս էին գալիս հազարավոր ինժեներներ, ճարտարագետներ, որոնք ամեն օր վերափոխում էին, վերակառուցում էին Հայաստանը: Այն, ինչ այսօր մենք ունենք, սկսած՝ էներգետիկայի ոլորտից, ենթակառուցվածքների, քաղաքաշինության, հաղորդակցության, տրանսպորտային համակարգերի ոլորտներով, դրանց մեծ մասը սաղմնավորվել է այս պատերի ներսում: Սա շատ կարևոր է արձանագրել »: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ժամանակակից տեխնոլոգիայի զարգացումը հանրապետությունում. «Երրորդ հանրապետության պատմության մեջ առկա պրոբլեմների մի հսկայական մասը կապված է տեխնոլոգիական այն բացերի հետ, կամ տեխնոլոգիական ժամանակակից պահանջներից և թրենդներից հետ մնալու հետ, որը, ցավոք, մենք ունեցանք: Ես ուզում եմ և հույս ունեմ, որ այս նոր ժամանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ավելի ճիշտ՝ նրա շրջանավարտները կվերգտնեն այն երբեմնի գործառույթը՝ ամեն օր Հայաստանն ավելի ու ավելի տեխնոլոգիական երկիր դարձնելու, որ ժամանակին ունեցել է այս համալսարանը և ընդհանրապես՝ մեր բուհական համակարգը: Կարծում եմ՝ մենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ընդհանրապես՝ մեր բուհական համակարգը պետք է դիտարկենք այս տեսանկյունից, որ Հայաստանը մեր բուհական համակարգի միջոցով պիտի օր առաջ դառնա առավել մրցունակ հենց տեխնոլոգիական ոլորտում: Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը, և սա չափազանց կարևոր է: Հենց Ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ամենակարևոր առաքելությունն է՝ հաղթահարել այն պոտենցիալ վախերը, որ կարող են դեռ գոյություն ունենալ տեխնոլոգիաների նկատմամբ, որովհետև մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիաները գալիս են մարդկանց, հասարակություններին ծառայելու: Տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում մենք տեսնում ենք անսպասելի միտումներ, երբ տեխնոլոգիայի դարում մարդը փորձում է ավելի ու ավելի մոտիկ լինել բնությանը, ավելի ու ավելի մոտիկ լինել իր ծագմանը և ավելի ու ավելի մեծ ջանքեր գործադրել շրջակա միջավայրը պահպանելու, պաշտպանելու, բայց մյուս կողմից՝ շրջակա միջավայրը մարդուն, հասարակությանը, պետությանը, երկրին ծառայեցնելու: Հարգելի շրջանավարտներ, ես շնորհավորում եմ ձեզ և ուզում եմ հավատալ, որ բուհից դուրս եք գալիս Հայաստանն ամեն օրվա հետ ավելի լավը դարձնելու առաքելությամբ, Հայաստանը շարունակաբար տեխնոլոգիական զարգացող և ի վերջո՝ զարգացած երկիր դարձնելու առաքելությամբ: Ես ուզում եմ ձեզ կանաչ ճանապարհ, բարի երթ մաղթել այս հիրավի դարակազմիկ առաքելությունն իրականացնելիս: Շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ ձեր ծնողներին, ձեր ընտանիքի անդամներին, ձեր ուսուցիչներին, ձեր դասախոսներին և ձեզ համար կյանքի ճանապարհ բացած Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին: Շնորհավորում եմ, ի վերջո, մեզ բոլորիս, որ մեր երկիրը զարգացման ճանապարհին ահա այսպիսի նոր ներուժ, նոր ավյուն և նոր ոգևորություն պիտի ստանա»,- ասել է վարչապետը:  Նիկոլ Փաշինյանը ՀԱՊՀ մի շարք ներկայացուցիչների հանձնել է պարգևներ: Մասնավորապես՝ գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ՀԱՊՀ միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Շավարշի Մելիքյանը, ՀԱՊՀ ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Սերգեյի Ավետիսյանը, ՀԱՊՀ կապի համակարգերի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրիկ Խաչիկի Խուդավերդյանը, ՀԱՊՀ էլեկտրոնային տեխնիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Վիրաբի Բարեղամյանը: Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել ՀԱՊՀ կապի համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Մարտին Ցոլակի Այվազյանը, ՀԱՊՀ միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արման Արամի Վարդանյանը, ՀԱՊՀ էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Արտաշեսի Դռնոյանը: Վարչապետը նաև ներկա է գտնվել շրջանավարտների ավարտական հագուստների, բուհի վարչակազմի և հոգաբարձուների հագուստների ցուցադրմանը, որոնք մոդելավորվել և մշակվել են Պոլիտեխնիկի 90-ամյա հոբելյանի նախաշեմին:
09:21 - 04 հուլիսի, 2022
ԿԳՄՍ նախարարը և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը քննարկել են բուհական համակարգի թվայնացման հնարավորությունը

ԿԳՄՍ նախարարը և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը քննարկել են բուհական համակարգի թվայնացման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վահրամ Դումանյանը Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին ներկայացրել է կրթության բոլոր աստիճաններում կրթական բարեփոխումների համակարգը: «Ես վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը և քննարկումները կլինեն հետաքրքիր ու արդյունավետ: Մենք շատ ենք կարևորում Համաշխարհային բանկի դերը՝ ի դեմս Հայաստանի գրասենյակի, Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում»,- նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով Կարոլին Գեգինատին ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար: Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն իր հերթին նշել է, որ մարդկային կապիտալի զարգացումն իրենց հիմնական առաջնահերթությունն է, այս առումով մեծ դեր է տրվում որակյալ ու մրցունակ կրթությանը: Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի աջակցությամբ բուհական համակարգի գործունեության գործիքների թվայնացման հնարավորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀԲ աջակցությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերը: Անդրադարձ է եղել աշխատանքային մի շարք խնդիրների:
18:01 - 23 հունիսի, 2022
Մշակույթի գործիչների բարձրագույն գնահատականը պետք է լինի մշակութային մրցանակների նվաճումը. Դումանյան
 |1lurer.am|

Մշակույթի գործիչների բարձրագույն գնահատականը պետք է լինի մշակութային մրցանակների նվաճումը. Դումանյան |1lurer.am|

1lurer.am: Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ չկան արտիստի ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ: Այս տեսակետը նա հայտնել է Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում: «Կարծիքներ կան, որ ժողովրդական արտիստի, վաստակավոր արտիստի համար չկան չափանիշներ: Կարծում եմ՝ ավելորդ դասակարգում է առաջանում, բայց մենք պահպանել ենք, և կարծում եմ՝ կմնա, ասենք՝ մշակույթի վաստակավոր գործիչ, գիտության վաստակավոր գործիչ: Կարծում եմ՝ մշակույթի գործիչների բարձրագույն գնահատականները պետք է լինեն մշակութային մրցանակների նվաճումը. տարբեր համերգներ, փառատոներ, մրցույթներ»,- ասաց նա: Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչումները, որոնք՝ որպես ընդգրկուն եզրույթներ, ներառում են դաշտն ամբողջապես։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:53 - 17 հունիսի, 2022
Եթե մենք ցանկանանք, դա կանենք առանց դիմելու․ Դումանյանը՝ ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին

Եթե մենք ցանկանանք, դա կանենք առանց դիմելու․ Դումանյանը՝ ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այսօր՝ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ռուսական դպրոցների թվի ավելացման վերաբերյալ քննարկումներին։  «Դավադիր, գաղտնի, դարակազմիկ ոչինչ տեղի չի ունենում։  Գաղափարը հետևյալն է, եթե կա զուտ կրթական անհրաժեշտությունը անհրաժեշտությունը․ ապա երկու տարբերակ կա ընդհանրապես։ Կա ռուսական դպրոց, որը գործում է Ռուսաստանի Դաշնության կարգով և կան ռուսերեն լեզվով ուսուցանում․ ՀՀ դպրոցի  նույն ծրագիրը, բայց ռուսերենով։ Եթե խնդիր լինի, անհրաժեշտություն լինի, կարող ենք շատացնել այդ դասարանների քանակը։ Այսօր մենք սեղանին դրված, ձևակերպված լրջագույն խնդիր այդ հարցով չունենք»։ Դումանյանն ասաց՝ ռուսական դպրոց բացելու որոշում չկա, բայց նման հարց կարող է քննարկվել։Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ըստ որի՝ հայ գործընկերները դիմել են իրենց Հայաստանում ռուսական դպրոցների թիվը ավելացնելու համար, Դումանյանն ասաց․ «Տեղյակ չեմ, ես չեմ դիմել։ Ինձ թվում է՝ դա այլ ձև է մատուցվում։ Ոչ թե ՀՀ-ն պաշտոնապես դիմել է, դրա համար պետք չի որ դիմենք, եթե մենք ուզենք, դա կանենք առանց դիմելու։ Եթե ֆրանսերեն լեզվով դպրոց բացենք, դա չի նշանակում, որ ՀՀ կառավարությունը պետք է դիմի Ֆրանսիայի կառավարությանը, դրա անհրաժեշտությունը չկա»։ Դումանյանը առաջարկեց չկենտրոնանալ ռուսերենի վրա՝ նշելով, որ օտար լեզուների դասավանդումը օգտակար է, այդ թվում՝ հարևան երկրների լեզուներին տիրապետելը․ «Պլանավորում ենք Վրաստանի հետ սահմանամերձ գոտում նաև վրացերենի ուսումնասիրությունը, դա նորմալ է, լեզուն շփման միջոց է։ Ինչքան շատ լեզու իմանանք, այդքան մեր օգուտն է»։ «Եթե նույն Ռուսաստանը, ենթադրենք,  պատրաստ է որոշակի աջակցություն տալ, որպեսզի, այո, ռուսերեն լեզուն ավելի պոպուլյար լինի և դրա համար պատրաստ են աջակցել թե՛ ֆինանսապես, թե՛ ուսումնական նյութով, որովհետև դա բարդագույն պրոցես է և միջոցներ է պահանջում։ Եթե իքս երկիր ցանկություն ունի իր լեզուն մեր մոտ պոպուլյարիզացնել և դա չի հակասում մեր ընդհանուր մոտեցումներին, ինչու՞մն է հարցը»։
13:33 - 17 հունիսի, 2022
Գործադիրը 338 միլիոն դրամ ուղղեց մարզիչների, մարզիկների սպորտային նպաստների տրամադրմանը
 |1lurer.am|

Գործադիրը 338 միլիոն դրամ ուղղեց մարզիչների, մարզիկների սպորտային նպաստների տրամադրմանը |1lurer.am|

1lurer.am: Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվեց 338 միլիոն 100 հազար դրամ, որը կուղղվի մարզիչների, մարզիկների սպորտային նպաստների տրամադրմանը: «Սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը, ինչը որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ նրանց համար դառնալով բարձր նվաճումների խթան»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց գնահատման սանդղակը: «Խոսքը տիտղոսակիր մարզիկների մասին է: Այս կարգը կգործի այնքան ժամանակ, քանի մարզիկը պահպանել է տիտղոսը: Օլիմպիական խաղերի չեմպիոնների համար առանձին կարգ ունենք, և այդ կարգը գործում է: Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիրներին ամիսը կվճարվի 500 հազար դրամ, 3-րդ տեղը զբաղեցրածներին՝ 400 հազար դրամ: Օլիմպիական վարկանիշներ հաղթահարածները կստանան 300 հազար դրամ նպաստ: Աշխարհի առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրածները կստանան 500 հազար դրամ, 2-րդ տեղը 400 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 300 հազար դրամ»,- ասաց Փաշինյանը:
13:27 - 17 հունիսի, 2022
Ավելացել են մարզիկների և մարզիչների թոշակն ու դրամական մրցանակները. սպորտի և երիտասարդության ոլորտների 2021-ի ամփոփում

Ավելացել են մարզիկների և մարզիչների թոշակն ու դրամական մրցանակները. սպորտի և երիտասարդության ոլորտների 2021-ի ամփոփում

Ազգային Ժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նախորդ տարվա պետական բյուջեի հաշվետվության շրջանակում ներկայացրել է նաև 2021 թ.  սպորտի և երիտասարդության ոլորտներում կատարված աշխատանքները: Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահել նաև այս ոլորտները՝ կյանքի կոչելով մի շարք կարևոր միջոցառումներ: Մասսայական սպորտի խթանման նպատակով անցկացվել են մարզական միջոցառումներ Զանգվածային (մասսայական) սպորտին ուղղված միջոցառումների շրջանակում 2021 թվականի ընթացքում իրականացվել են սիրողական խճուղային հեծանվավազքի և սիրողական կրոսավազքի՝ ՀՀ Վարչապետի գավաթները, «Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր» զանգվածային մարզական միջոցառումները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 3294 մարդ: Նախարարի խոսքով՝ միջոցառումներն իրականացվել են մարզերում՝ նպատակ ունենալով ներգրավել նաև մարզային բնակչությանը։  Նա նաև նշել է, որ այս տարի կընդլայնվի այս ծրագրերի թե՛ անվանացանկը և թե՛ մասնակիցների քանակը։ Ավելացվել են մարզիկներին և նրանց մարզիչներին հատկացվող անվանական թոշակն ու դրամական մրցանակները ՀՀ կառավարության որոշմամբ կրկնապատկվել է ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին հատկացվող անվանական թոշակը: Աճել են մեդալակիր մարզիկներին և մարզիչներին տրվող դրամական մրցանակների չափերը։ Պարգևատրվել են ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները:  «2021 թվականին իրավական ակտերում կատարված փոփոխությունների արդյունքում 2022 թվականից աճել են ՀՀ հավաքական թիմերի մարզիչների և միջազգային մրցաշարերում բարձր արդյունքների հասած մարզիկների պատվովճարներին և անվանական թոշակներին ուղղված գումարները՝ պայմանավորված ինչպես պատվովճար ստացող չեմպիոնների ցանկում նոր շահառուների ընդգրկմամբ, այնպես էլ տրամադրվող պատվովճարների և պարգևավճարների չափի ավելացմամբ»,- ասել է Վահրամ Դումանյանը: Ոլորտում իրականացվել են աշխատանքներ նաև օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովման, հաշմանդամային սպորտի զարգացման, ազգային ֆեդերացիաներին, մարզական-հասարակական կազմակերպություններին, ազգային հավաքականներին պետական աջակցության տրամադրման ուղղություններով: 199 մեդալ, որից՝ 55 ոսկե, 57 արծաթե և 87 բրոնզե 2021 թ ընթացքում ՀՀ հավաքականների տարբեր տարիքային խմբերում (մեծահասակների, երիտասարդների և պատանիների) մարզիկները, մասնակցելով օլիմպիական խաղերին,  Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, նվաճել են ընդհանուր առմամբ 199 մեդալ, որից՝ 55 ոսկե, 57 արծաթե և 87 բրոնզե մեդալ: Պետական աջակցություն է տրամադրվել նաև  հաշմանդամություն ունեցող մարզիկներին, որոնք մասնակցել են 5 միջազգային մրցումների, այդ թվում՝ Տոկիոյի ամառային պարալիմպիկ խաղերին, իսկ հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունում ընդհանուր հաշվով մեր հավաքականը նվաճել է 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ։ Միջազգային մարզական մրցաշարերի անցկացում Երևանում Նախարար Վահրամ Դումանյանը փաստել է՝ Կառավարության նպատակային քայլերի շնորհիվ Հայաստանը վերադառնում է աշխարհի սպորտային քարտեզ: Այս համատեքստում նախարարն ընդգծել է՝  2021 թվականին ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանը 2022 թ․ հյուրընկալել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, իսկ 2023 թ. ապրիլին արդեն նախատեսվում է հյուրընկալել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Երիտասարդների ներգրավվածության բարձրացմանն ուղղված ծրագրեր Նախարարի գնահատմամբ՝ երիտասարդության ոլորտում 2021 թվականին իրականացված ծրագրերն ուղղված են եղել հանրային կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը, տեղական և ազգային մակարդակում որոշումների կայացման գործում մասնակցության խթանմանը, ինչպես նաև երիտասարդների ներուժի բացահայտմանը և զարգացմանը։ Այս շրջանակում 2021 թ. իրականացված միջոցառումներից են աշխատաշուկայի կարիքների, սեփական կարողությունների զարգացման հնարավորությունների, երիտասարդության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկման արշավները: Երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել, կազմակերպվել են հայ-վրացական և հայ-ռուսական երիտասարդական ֆորումները: Հատկանշական միջոցառումներից է նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստի և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» երիտասարդական նորարարական մրցույթի եզրափակիչ փուլի անցկացումը ՀՀ 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք Կապանում: Այն անցկացվել է 2021 թվականի հոկտեմբերի 11-13-ին՝ ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած շուրջ 70 ներկայացուցիչների մասնակցությամբ:  Երիտասարդների բնակարանային պայմանների բարելավման ծրագիր Երիտասարդների բնակարանային պայմանների բարելավման առումով էական է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շարունակումը, որի շրջանակում 2021 թ․դեկտեմբերի 31-ի դրությամբ սուբսիդավորվել է 5475 վարկ՝ ընդհանուր 1,35 մլրդ դրամ ծավալով:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
12:34 - 16 հունիսի, 2022
Աշակերտների շրջանում ընդլայնվել են կրթամշակութային նպատակային ծրագրերը. ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2021 թ. մշակույթի ոլորտի կատարողականը

Աշակերտների շրջանում ընդլայնվել են կրթամշակութային նպատակային ծրագրերը. ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2021 թ. մշակույթի ոլորտի կատարողականը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը խորհրդարանում ներկայացրել է մշակույթի ոլորտի ձեռքբերումները, որոնք տեղ են գտել նախարարության 2021 թ. բյուջեով նախատեսված աշխատանքների հաշվետվության մեջ: Նախարարի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 2021 թ․ իրականացված քաղաքականությունը նպատակաուղղված է եղել ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախանշված հիմնական խնդիրների լուծմանը: «Մշակութային ժառանգության ծրագրի շրջանակում շարունակվել են պահպանության և հանրահռչակման աշխատանքները` ուղղված ՀՀ տարածքում և արտերկրում գտնվող մշակութային արժեքների ու պատմամշակութային հուշարձանների հաշվառմանը, գիտական ուսումնասիրությունների իրականացմանը, մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանմանն ու վերականգնմանը»,- ընդգծել է Վ. Դումանյանը: ՀՀ կառավարության 2021 թ․ ապրիլի 21-ի N 644-Ն որոշմամբ ստեղծվել են «Դաշտադեմ ամրոց», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները: Ուսումնասիրվել և վկայագրվել է արտերկրում գտնվող հայկական մշակու­թա­յին անշարժ ժառանգության մաս կազմող 200 հուշարձաններ: Իր հերթին ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվել է 18 ծրագիր, որից երկուսը` միջազգային: «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցման ներկայացնելու համար «Գյումրիի դարբնության ավանդույթը» թեմայով հայտ է պատրաստվել, որի վերաբերյալ նաև ֆիլմ է նկարահանվել: Հայտը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ և ներկայումս քննարկումների փուլում է»,- ասել է նախարարը: Վահրամ Դումանյանն իր զեկույցում անդրադարձել է ոլորտի տարբեր ճյուղերում իրականացրած կարևոր միջոցառումներին. «Պետական թանգարանների ֆոնդը համալրվել է 10 հազարից ավելի միավոր թանգարանային առարկաներով: Ժամանակակից արվեստի, գրահրատարակչության ոլորտների զարգացման և հանրահռչակման նպատակով 2021 թ․ իրականացվել է ավելի քան 181 ծրագիր, որից 68-ը՝ ժամանակակից արվեստի ոլորտում (33 ստեղծագործական, 12 կրթամշակութային, 23 հոբելյանական): Կինեմատոգրաֆիայի ոլորտում նույնպես առաջընթաց կա. իրականացվել է 14 ծրագիր, որի շրջանակում նկարահանվել է 6 խաղարկային, 1 վավերագրական, 2 մուլտիպլիկացիոն կինոնկար, որից 3-ը համատեղ արտադրության: Թատերարվեստի բնագավառում 2021 թ. բեմադրվել է 56 նոր ներկայացում, իսկ երաժշտարվեստի և պարավեստի բնագավառում համերգների ընդհանուր թիվը կազմել է 391, որից 28-ը՝ նոր համերգային ծրագրեր: Առանձնակի կարևորվել է ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական ներուժի ներկայացումը: Աջակցություն է ցուցաբերվել 216 արվեստագետի և 44 ծրագրի»: Մշակութային քաղաքականության գերակայություններից է սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող անձանց ներգրավումը մշակութային ծրագրերին, հասանելիության և մատչելիության ապահովումը: Մշակութային կրթության որակի բարձրացման, ներառական ծրագրերի աջակցման, մանկապատանեկան տարիքի երեխաների, կրթության իրականացման պայմանների մատչելիության և որակի ապահովման նպատակներով 2021 թ. ընդլայնվել է աշակերտների շրջանում կրթամշակութային նպատակային ծրագրերի շրջանակը, այդ թվում՝ «Դասարան + Դասական», «Քո արվեստը դպրոցում», «Դպրոցականի ֆիլհարմոնիա», «Զարդագիր», «Բաժանորդային համակարգի ծրագիր», «Քույր-դպրոցներ» ծրագրերը, որոնց մասնակցել են ավելի քան 220 հազար մանուկներ և պատանիներ։ Անդրադառնալով մարզերում մշակութային կյանքի և մշակութաստեղծ գործունեության ակտիվացմանը՝ Վ. Դումանյանն ասել է, որ համայնքներում մշակույթի հասանելիության և մշակութային կյանքին մարզային բնակչության ընդգրկվածության ընդլայնմանն ուղղված միջոցառումներից հիշարժան է «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագիրը՝ 28 միջոցառումներով, ավելի քան 5050 հանդիսատեսով։ «Տարին հագեցած էր արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներով: Այս շարքում շահեկանորեն առանձնանում են Անրի Վերնոյի և Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանները, որոնք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ–ի հռչակավոր մարդկանց և նշանավոր իրադարձությունների հոբելյանական ցանկում: Մասնավորապես մեծ շուքով է նշվել աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակի միջոցառումը ՅՈՒՆԵՍԿՕ–ի կենտրոնակայանում՝ դառնալով համավարակից հետո առաջին մշակութային միջոցառումը»,- ամփոփել է նախարարը: Իրականացվել են նաև շուրջ 701.4 մլն դրամի կապիտալ ներդրումներ՝ ուղղված մշակութային հաստատությունների և պատմամշակութային ժառանգության ոլորտի 26 կառույցների պահպանմանը, նյութատեխնիկական և գույքային բազայի արդիականացմանը: Այս շարքում էականորեն ընդլայնվել են պատմամշակութային անշարժ հուշարձանների ուսումնասիրման, ամրակայման և վերականգնման աշխատանքներին հատկացված պետական միջոցները՝ կազմելով ավելի քան 320 մլն դրամ և ընդգրկելով 10 հուշարձան, այդ թվում` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հավելյալ 252 մլն դրամ է հատկացվել «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնմանը ու հարակից տարածքների բարեկարգմանը: Միաժամանակ, «Հայաստանի ազգային պատկերասրահ» և «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ՀՀ պետական բյուջեից շուրջ 1 մլրդ դրամ հատկացվել, որի շնորհիվ 2021 թ. մասնավորապես Հայաստանի ազգային պատկերասրահում տեղադրվել է ժամանակակից օդափոխության համակարգ: Ամբողջապես արդիականացվել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի լուսաձայնային համակարգը: Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին հատկացվել է շուրջ 168 միլիոն դրամ՝ նորակառույց շենքի գույքի և նյութատեխնիկական բազայի ձեռքբերման նպատակով, գրեթե նույն ծավալով հատկացումները շարունակվում են նաև այս տարի:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
11:02 - 16 հունիսի, 2022
2021 թ. գիտության ֆինանսավորման ավելացման շնորհիվ իրականացվել են նոր ծրագրեր. Վահրամ Դումանյան

2021 թ. գիտության ֆինանսավորման ավելացման շնորհիվ իրականացվել են նոր ծրագրեր. Վահրամ Դումանյան

Հունիսի 15-ին Ազգային ժողովում ներկայացրած ԿԳՄՍՆ 2021 թ. բյուջեով նախատեսված աշխատանքների հաշվետվության մեջ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է գիտության ոլորտում իրականացված բարեփոխումներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ գիտության ոլորտում ՀՀ կառավարությունը հստակ մշակված քաղաքականություն ունի, իր հետևողական ջանքերն է ուղղում ոլորտի հետագա զարգացմանը, առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև տարեցտարի ֆինանսական հնարավորությունների մեծացմանը: 2021 թ․ փետրվարի 24-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած գիտության ոլորտի զարգացման հեռանկարների մասին խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներին համապատասխան՝ երկրի տնտեսական կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղությունների զարգացմանը նպաստելու նպատակով՝ 2021 թ. ապրիլի 8-ի N 524-Ն որոշմամբ 2021 թ․ պետական բյուջեով նախատեսված գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներն ավելացել են շուրջ 2.8 մլրդ ՀՀ դրամով, որից 1.15 մլրդ դրամն ուղղվել է գիտության ոլորտի ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացմանը: «Դա ոչ միայն հնարավորություն է տալու իրականացնելու մրցունակ գիտական հետազոտություններ ժամանակակից գիտական սարքավորումների և նյութերի միջոցով, այլև ընձեռելու է գիտական գործունեության համար բարենպաստ ֆիզիկական միջավայր: Գիտությանն ուղղված ֆինանսական ավելացումների մյուս՝ 1.64 մլրդ դրամն ուղղվել է թեմատիկ շարունակական ծրագրերին, ինչպես նաև նոր դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը»,- նշել է նախարարը: Հաշվետվության համաձայն՝ 2021 թ․ իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն ուղղված աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ մինչև 40 տարեկան այն գիտնականների համար, որոնք համապատասխանում են առաջատար հետազոտողի (Principal investigator, PI) միջազգային չափանիշներին։ «Արդյունքում ունենալու են գիտական նոր ուղղությունների ստեղծում և զարգացում, հավակնոտ ծրագրեր ղեկավարելու փորձ ունեցող մինչև 16 երիտասարդ հետազոտողներ, բարձր որակավորում ունեցող առնվազն 30 երիտասարդ գիտաշխատող, խորհրդատուի հետ համատեղ աշխատանքներ, փորձի փոխանակում և կապերի ընդլայնում և առնվազն 20 «Ք1» կամ «Ք2» պարբերականներում տպագրություններ»,- ասել է Դումանյանը: Բեկումնային գիտական ուղղություններով հետազոտությունների իրականացման, վերջին 10 տարում լավ ակադեմիական հետագիծ ունեցող գիտնականների աջակցման, ինչպես նաև առաջատար գիտնականների կողմից փորձի փոխանակման համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով կազմակերպել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ: Ֆինանսավորման են երաշխավորվել ՀՀ-ում գործող համաշխարհային մակարդակի ցուցանիշներ ապահովող գիտնականների ղեկավարությամբ և միջազգային հեղինակավոր գործընկերոջ ներգրավմամբ, 6-7-հոգանոց թվով 49 գիտական խմբեր։ Դումանյանը փաստել է, որ սա աննախադեպ ծրագիր է, որի 5 տարվա ֆինանսավորման գումարը կազմում է 156 մլն ՀՀ դրամ. «Իսկ արդյունքում ունենալու ենք գիտական դպրոցի պահպանում, զարգացում և փոխանցում, բարձր որակավորում ունեցող առնվազն 150 երիտասարդ գիտաշխատող»: Գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավմանը, գիտական և գիտատեխնիկական ոլորտում գիտության հասարակական վարկանիշի բարձրացմանը նպաստելու, ինչպես նաև գիտական կադրերի բարեկեցության ապահովման ու նրանց սոցիալական խնդիրների լուծման նպատակով կազմակերպվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021» մրցույթ, որի արդյունքներով ֆինանսավորման են երաշխավորվել 29 գիտական թեմաներ՝ 12-ից մինչև 36 ամիս տևողությամբ: Այժմ ասպիրանտն իր 60.000 ՀՀ դրամ կրթաթոշակից բացի՝ ստանում է ամսական 150000 ՀՀ դրամ աշխատավարձ, իսկ ղեկավարը՝ հավելյալ 50000 ՀՀ դրամ: 2021 թ. նոյեմբերի 12-ին Բրյուսելում ՀՀ և Եվրոպական միության միջև ստորագրվել է ««Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը, որը վավերացվել է ՀՀ ԱԺ կողմից 2022  թ. փետրվարի  9-ին: Ըստ նախարարի զեկույցի՝ գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծման, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավման, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճի ու գիտական ներուժի արդյունավետության ապահովման նպատակով ՀՀ կառավարության 2021 թ․ մայիսի 13-ի N 747-Լ որոշման համաձայն՝ սկսած 2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի աշխատավարձն աստիճանական կավելանա՝ հասնելով հանրապետության մասշտաբով պետական համակարգում համեմատելի և համադրելի արժեքների։ «2025 թ. ունենալու ենք աշխատավարձի հետևյալ ցուցանիշները՝ լաբորանտ կամ ճարտարագետ՝ 138.3 հազ. դրամ, ավագ լաբորանտ կամ ավագ ճարտարագետ՝ 179.0 հազ. դրամ, կրտսեր գիտաշխատող՝ 210.0 հազ. դրամ, գիտաշխատող՝ 276.0 հազ. դրամ, ավագ գիտաշխատող՝ 343.0 հազ. դրամ, առաջատար գիտաշխատող՝ 443.8 հազ. դրամ, գլխավոր գիտաշխատող՝ 552.9 հազ. դրամ, գիտական խմբի ղեկավար՝ 410.0 հազ. դրամ, գիտական ստորաբաժանման ղեկավար՝ 477.2 հազ. դրամ»,-հավաստիացրել է նախարարը: Հավելենք նաև, որ արտերկրում հայագիտությունը զարգացնելու նպատակով օտարերկրյա 9 պետությունների 11 համալսարաններում կազմակերպվել է հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդում՝ նախորդ տարվա 4 պետությունների 6 համալսարանների փոխարեն:  
19:20 - 15 հունիսի, 2022
2021 թ․-ին ԿԳՄՍՆ-ի համակարգմամբ իրականացվել են 21 բյուջետային ծրագրեր՝ 196 միջոցառումներով․ Դումանյան

2021 թ․-ին ԿԳՄՍՆ-ի համակարգմամբ իրականացվել են 21 բյուջետային ծրագրեր՝ 196 միջոցառումներով․ Դումանյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ 2021 թ․-ի ընթացքում իրականացվել են 21 բյուջետային ծրագրեր՝ 196 միջոցառումներով։ Այս մասին Ազգային ժողովում  2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ընթացքում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ «Բազմաթիվ միջոցառումների պարագայում նախարարությունը հանդես է եկել որպես բյուջետային գլխավոր կարգադրիչ՝ շուրջ 30 այլ պետական գերատեսչությունների միջոցառումների մասով։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 174.8 միլիարդ դրամ՝ ապահովելով ծրագրված ցուցանիշի 97.7 %-ը։ 2020 թվականի 95%-ի դիմաց։ Չնայած պատերազմի և համավարակի հարուցած դժվարություններին՝ 2021 թ․-ին նախարարությունը շարունակել է բարեփոխումների ընթացքը նախարարության համակարագման բոլոր ոլորտներում, սկզբնավորել է նոր նախաձեռնություններ, որոնցից շատերը մասշտաբայնություն են ստացել այս տարի և կստանան հետագա տարիներին»։Դումանյանի խոսքով՝ կրթության ոլորտում շարունակվել են հետագա բարեփոխումները, որի նպատակն է որակյալ կրթության հասանելիության բարձրացումը, մասնավորապես ներառական կրթական միջավայրի ստեղծումը և բարելավումը, կրթության բովանդակության և կրթական ծրագրերի բարելավումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացումն ու վերազինումը, կրթություն գիտություն աշխատաշուկայի ամրապնդումը։ Ըստ նախարարի՝ հանրակրթության ոլորտում կառավարության ծրագրով նախատեսված 2026 թ․-ի 3-5 տարեկան նախադպրոցահասակ երեխաների  85% ընդգրկվածության թիրախն ապահովելու համար 2021 թ․-ին իրականացվել են իրավական դաշտի բարելավմանն ուղղված աշխատանքներ։ Նա նաև նշեց՝ բարձրագույն կրթության ոլորտում շարունակվել է ուսանողական նպաստների տրամադրումը ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների։ «Սոցիալական տարբեր խմբերի համար բարձրագույն կրթության  մատչելիության տեսակետից կատարվել են փոփոխություններ իրավական ակտերում, հնարավորություն է ստեղծվել կառավարության որոշմամբ գործող կարգավորումներում ավելացնել պետական բուհերում սովորողների լրացուցիչ խմբեր, որոնք կարող են օգտվել պետության կողմից տրամադրվող լրիվ կամ մասնակի նպաստից։ 2021 թ․-ին պետության կողմից շուրջ 12 միլիարդ դրամ ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցում է տրամադրվել բարձրագույն կրթության բոլոր աստիճաններում տարբեր խմբերի ավելի քան 14.000 ուսանողների։ 6 բուհերում ստեղծվել են շուրջ 1 միլիարդ 160 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ գերժամանակակից լաբորատոր ենթակառուցվածքներ»։ Նախարարը ասաց՝ գիտության ոլորտում կառավարությունը ունի հստակ մշակված քաղաքականություն և իր ջանքներն է ուղղում առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև տարեցտարի ֆինանսական հնարավորությունների մեծացմանը։ Մշակույթի ոլորտում 2021 թ․-ին իրականացված քաղաքականությունը նպատակաուղղված է կառավարության ծրագրով նախանշված խնդիրների լուծմանը։ Դումանյանի խոսքով՝ կառավարությունը իր ուշադրության ներքո է պահել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը՝ իրականացնելով մի շարք կարևորագույն միջոցառումներ։
11:51 - 15 հունիսի, 2022
Կատարում կբացվի «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» ցուցադրությունը

Կատարում կբացվի «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» ցուցադրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Կատարի Պետություն այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 14-ին Կատարի ազգային գրադարանում բացվելու է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրվելու են նաև Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական և հնագիտական հավաքածուներից 9 կրկնօրինակ նմուշներ, որոնք ներկայացնում են «Դվին», «Արմինիա», «Հարունաբադ» և «Հալեպ» դրամահատարաններում թողարկված արծաթե ու պղնձե դիրհեմների, 752 թ. թողարկված ոսկե դինարի, «Բարդա» դրամահատարանում թողարկված պղնձե ֆելսի, ինչպես նաև 18-րդ դարով թվագրվող բրոնզե երկգլխանի կացնի նմուշներ՝ բուսական զարդանախշերով և կենդանակերպ պատկերներով։ Ցուցադրական պաստառներում կներկայացվեն հայ-արաբական երկարատև հարաբերություններին վերաբերող մշակութային արժեքներ և պատմական փաստեր։ Ցուցահանդեսը Կատարի ազգային գրադարանում գործելու է մեկ շաբաթ։ Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության պաշտոնական պատվիրակության կազմում երկօրյա այցով գտնվում է Կատարում: Նախօրեին Հայաստանի և Կատարի վարչապետների ներկայությամբ երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը ստորագրել են Հայաստանի և Կատարի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ Ալ-Դարհամը ստորագրել են երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր։  
12:05 - 14 հունիսի, 2022