Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Խնդրում եմ, կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին

Խնդրում եմ, կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին, ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին:«Բաց նամակ ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին, ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին Մեծարգո՛ պարոնայք նախագահներ, Օրեր առաջ Արցախի Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում երեքամյա Լեոն և վեցամյա Գիտան խեղդամահ եղան՝ իրենց համար ուտելիք փնտրելու նպատակով ոտքով քաղաք գնացած մորը գտնելու ճանապարհին:Յոթ ամսից ավելի տևող Արցախի շրջափակումը սկսել է կյանքեր խլել՝ մեծերի ու մանուկների, հասարակ մարդկանց, որոնց միակ մեղքն այն է, որ ծնվել ու ապրում են իրենց ու իրենց պապերի հողի վրա և սիրում են կյանքը: Մենք շնորհակալ ենք բոլոր ազդեցիկ երկրներին ու միջազգային կառույցներին այս իրականության վերաբերյալ հստակ հայտարարություններով հանդես գալու համար: Դրանք մեծ նշանակություն ունեն հանուն ապրելու պայքարող արցախցիների համար: Սակայն, ցավոք, դրանք չփրկեցին փոքրիկ Լեոյի ու Գիտայի կյանքերը և, որ ամենասարսափելին է, ոչ թե վերացական ապագայում, այլ հենց վաղն առավոտյան կարող են չփրկել բազմաթիվ այլ երեխաների ու մեծերի կյանքեր:Այսօր 120 հազար արցախցիների ֆիզիկական գոյությունը բառի բուն իմաստով վտանգի տակ է: Մենք ձեզնից յուրաքանչյուրի հետ բազմաթիվ առիթներով խոսել ենք 1915 թվականին տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին: Այսօր՝ 108 տարի անց, մենք շատ մոտ ենք այդ ահասարսուռ իրադարձությունների կրկնությանը ժամանակակից մեթոդներով:Պարոնա՛յք նախագահներ, Դիմում եմ ձեզ՝ նախևառաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որպես առաջնորդների, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը, երբ մեր հասարակությունը հուզական ընտրություն կատարեց և իշխանությունը հանձնեց պետության ընկալման հետ որևէ աղերս չունեցող գործչի: Ես հասկանում եմ, որ շատ-շատերը հնարավորություն ստացան փորձելու լուծել Արցախի խնդիրը՝ օգտվելով այդ մարդու՝ սեփական երկրի շահերի հետ կապ չունեցող անտրամաբանական քայլերից:Բայց փաստ է, որ և՛ հարցը չի լուծվել, և՛ խնդիրներն են շատ ավելի խորանում, իսկ այդ մարդն էլ այսօր հստակորեն չունի մեր ժողովրդի քվեն՝ Արցախը ճանաչելու որևէ այլ երկրի կազմում և արցախցիների կողմից էլ բացարձակապես չունի քվե՝ ինքնակամ որոշելու իրենց ճակատագիրը:Դիմում եմ ձեզ, որպես Արցախի հարցում անառարկելի ինստիտուցիոնալ հիշողություն կրող երկրների ղեկավարների: Այսօր, ի տարբերություն Հայաստանի իշխանության, ձեր համակարգերում կան Արցախի բանակցային գործընթացի լուրջ մասնագետներ և գիտակներ, ովքեր տիրապետում են բոլոր նրբություններին, քաջատեղյակ են բոլոր փուլերին:Ես ձեզ դիմում եմ՝ որպես նախկին գործընկեր, մարդ, որի նպատակներին, սկզբունքներին դուք քաջածանոթ եք: Դիմում եմ այս ձևաչափով, որովհետև հիմա ես չունեմ ուղիղ կապի միջոցներ ձեզ հետ, այցերի ու առանձնազրույցների ձևաչափեր, չկան և շատ թույլ են գործում նաև կուսակցական խողովակները, քանի որ ընդդիմադիր կուսակցական պատասխանատուները մեր երկրում կա՛մ գտնվում են ուժեղ բռնաճնշումների տակ, կա՛մ ուղղակի բանտարկված են:Դիմում եմ, որ ասեմ՝ այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, տանում է սարսափելի աղետի: Դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին: Ինձ համար մեծագույն ողբերգություն է, որ տարիներ առաջ մենք քննարկում էինք լուծումներ, որոնցով արցախցիները արժանապատվորեն կապրեին իրենց երկրում, հիմա խոսում ենք նրանց՝ գոնե ապրելու հնարավորության, ապրելու իրավունքի մասին:  Մենք շատ լավ տեսնում ենք բոլորիդ՝ շնորհակալության արժանի ջանքերը խնդրի կարգավորման ուղղությամբ: Բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, չի տանելու այնպիսի լուծումների, ինչպիսիք դուք եք անկեղծորեն պատկերացնում: Փորձառու դիկտատորի և անլուրջ, անկարող մեկի ուղիղ բանակցությունները չեն կարող որևէ տրամաբանական կետում ավարտվել:  Թելադրող կողմի ամեն բավարարված պահանջ ծնելու է նորը՝ էլ ավելի դժվար բավարարելի, ու այս ամենը շարունակվելու է անվերջ և ուղեկցվելու է մեծ աղետներով: Լռել կամ շատ ավելի ժամանակ չհատկացնել Արցախի հարցին այսօր նշանակում է, որ շատ շուտով ձեր երկրները ստիպված սկսելու են ժամանակ հատկացնել արդեն «Հայաստանի հարցին»: Սա շատ տեսանելի սցենար է ապաշնորհ բանակցողի պարագայում, առավել ևս, որ բոլորի աչքի առաջ արդեն իսկ օկուպացված է ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատված:Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ:  Վաղը կարող է ուշ լինել:Հարգանքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան»:
17:37 - 23 հուլիսի, 2023
Էրդողանն ու Բայդենն են հանդիպել․ միմյանց շնորհակալություն են հայտնել |tert.am|

Էրդողանն ու Բայդենն են հանդիպել․ միմյանց շնորհակալություն են հայտնել |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում (Լիտվա, Վիլնյուս) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնել է NBC News-ը՝ տեսանյութ հրապարակելով։ Հանդիպման ընթացքում Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին իր առաջնորդության ու ՆԱՏՕ-ն «էլ ավելի ուժեղ» դարձնելու ջանքերի համար։ Բայդենը նաև շնորհակալություն է հայտնել  ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացում դիվանագիտական մոտեցում ցուցաբերելու համար՝ հավելելով, որ «անհամբեր սպասում է» Թուրքիայի նախագահի հետ նոր հանդիպմանը։ Ի պատասխան՝ Էրդողանը շնորահակալություն է հայտնել է Բայդեն այս խոսքերի համար։ Էրդողանի կարծիքով՝ ժամանակն է պետությունների ղեկավարների մակարդակով խորհրդակցություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ՝ որպես ռազմավարական գործիքակազմի մաս։ «Այս հանդիպումը ես համարում եմ դրա առաջին քայլը»,- հավելել է նա։
20:56 - 11 հուլիսի, 2023
Բարձր ենք գնահատում ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության աջակցության հարցում ԱՄՆ դիրքորոշումը․ Փաշինյանը շնորհավորել է Բայդենին

Բարձր ենք գնահատում ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության աջակցության հարցում ԱՄՆ դիրքորոշումը․ Փաշինյանը շնորհավորել է Բայդենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:  Միացյալ Նահանգները և իր ժողովուրդը պետության կերտման բարդ գործընթացն անցել են անկախության գաղափարի շուրջ համախմբման, ժողովրդավարական ապագայի տեսլականի ձևավորման և դժվարությունները միասնաբար հաղթահարելու ճանապարհով։ ԱՄՆ-ի շարունակական առաջնորդությունը ժողովրդավարության հարցում իր նպաստն է բերում ազատության, հավասարության և մարդու անօտարելի իրավունքների հիմնարար արժեքների առաջմղմանը բազմաթիվ երկրներում։  Վերջին տարիների հայ-ամերիկյան ակտիվ երկկողմ հարաբերությունները խոստումնալից են՝ հատկապես ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Ուրախ եմ արձանագրել, որ մեր կառավարությունների միջև առկա է փոխվստահության վրա հիմնված համագործակցություն, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով հասցեագրելու առկա մարտահրավերները և առավել ամրապնդելու մեր պետությունների ու ժողովուրդների միջև կապը։  Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության աջակցության հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որը գործնականում դրսևորվեց 2021-2022 թվականների ընթացքում: Մենք բարձր ենք գնահատում նաև ԱՄՆ-ի ջանքերը Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին՝ հանուն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անձեռնմխելիության, հանուն անկախության, ինքնիշխանության և տարածաշրջանում երկարատև խաղաղ զարգացման։  Պարոն նախագահ, կրկին շնորհավորում եմ Ձեզ Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ և Ամերիկայի ժողովրդին բարօրություն, խաղաղություն և շարունակական առաջընթաց»: 
11:16 - 04 հուլիսի, 2023
Թրյուդոն և Բայդենը քննարկել են ՌԴ-ում ստեղծված իրադրությունը
 |armenpress.am|

Թրյուդոն և Բայդենը քննարկել են ՌԴ-ում ստեղծված իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: «Վարչապետը և նախագահը վերահաստատել են իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային: Նրանք քննարկել են Ռուսաստանի ներքին անվտանգության ներկա իրավիճակը՝ նշելով, որ ուշադիր հետևում են զարգացումներին և սերտ փոխգործակցության մեջ կլինեն դաշնակիցների և գործընկերների հետ», - նշված է հաղորդագրությունում: Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Սպիտակ տունը: Իսկ Twitter-ի իր էջում Թրյուդոն հայտնել է, որ Ռուսաստանում ստեղծված անվտանգային իրավիճակը քննարկել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։ Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանեց, որ Պրիգոժինի, ինչպես նաև ապստամբության մասնակիցների նկատմամբ քրեական գործը, հաշվի առնելով առաջնագծում նրանց վաստակը, կարճվելու է։ Ինքը՝ Պրիգոժինը, Պեսկովի խոսքով, կմեկնի Բելառուս։
10:22 - 26 հունիսի, 2023
ԱՄՆ-ի հայկական եկեղեցիների առաջնորդները Բայդենին կոչ են արել դեմ կանգնել Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու փորձերին
 |armenpress.am|

ԱՄՆ-ի հայկական եկեղեցիների առաջնորդները Բայդենին կոչ են արել դեմ կանգնել Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու փորձերին |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ նախազգուշացնելով, որ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելը Արցախի համար կնշանակի մահվան դատավճիռ: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրապարակած նամակից: «Մենք՝ հայկական ծագում ունեցող ամերիկացի քրիստոնյաների հոգևոր առաջնորդներս, կոչ ենք անում Ձեզ վճռականորեն կանգնել Արցախի քրիստոնյա հայերին Ադրբեջանի կազմ մտցնելու ցանկացած փորձի դեմ. այդ երկիրը բացահայտորեն հանձնառու է հայերի հայրենիքի այս հնագույն հատվածի բնիկ բնակչության էթնիկ զտմանը։ Ցանկացած կարգավորում, որը բռնապետական Ադրբեջանին է ենթարկեցնում ժողովրդավարական Արցախի՝ վտանգի տակ գտնվող քաղաքացիներին, մահապատիժ է այս սուրբ հողի հայերի համար, որը 120 000 տղամարդկանց, կանանց ու երեխաների և, իհարկե, անթիվ սրբավայրերի հայրենիքն է», - գրված է նամակում: Նամակի հեղինակները նաև կոչ են անում հրաժարվել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումից և ընդգծում են, որ ամերիկացիները երբեք չպետք է մեղսակից լինեն ցեղասպանական բռնություններին, որ Ադրբեջանը կարող է իրականացնել հայերի դեմ: Ամերիկայի Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները նաև հույս են հայտնում, որ ԱՄՆ ղեկավարությունն առաջ կմղի ժողովրդավարական խաղաղություն հաստատումը, որը հարգում է քրիստոնեության վաղ բնօրրան հանդիսացող Արցախի ինքնորոշման իրավունքը:
11:41 - 01 հունիսի, 2023
Բայդենը և ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդները համաձայնության չեն եկել պետական պարտքի վերին շեմի բարձրացման հարցում |armenpress.am|

Բայդենը և ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդները համաձայնության չեն եկել պետական պարտքի վերին շեմի բարձրացման հարցում |armenpress.am|

armenpress.am: Պետական ​​պարտքի վերին շեմի բարձրացման խնդրի շուրջ ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդների հետ նախագահ Ջո Բայդենի հանդիպումն ավարտվել է առանց էական արդյունքների: Այդ մասին տեղեկանում ենք Associated Press գործակալությունից: Նշվում է, որ Բայդենը բանակցություններից հետո կտրականապես դեմ է արտահայտվել դեֆոլտի գաղափարին։ Նա վստահություն է հայտնել, որ երկիրը կարող է խուսափել դեֆոլտից և հայտարարել է, որ Ամերիկայի պարտավորությունները ձախողելը «տարբերակ չէ»: «Ես կոնգրեսի առաջնորդներին հայտնել եմ, որ պատրաստ եմ առանձին քննարկում սկսել իմ բյուջեի, ծախսերի գերակայությունների վերաբերյալ, սակայն ոչ դեֆոլտի սպառնալիքի տակ», - փոխանցում է Associated Press-ը Բայդենի խոսքերը: ԱՄՆ սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելն իր հերթին հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները դեֆոլտի չի գնում, երբեք չի հայտարարել իր պարտքերի դեֆոլտ և երբեք դա չի անի: Դրա հետ մեկտեղ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին ցավով նշել է, որ հանդիպման ընթացքում պարտքի սահմանաչափի շուրջ բանակցային դիրքերում «որևէ նոր շարժ» չի տեսել։ Հանրապետականը նշել է, որ այդպես էլ Բայդենից չի ստացել այն հարցի պատասխանը, թե բյուջեի ո՛ր հոդվածներում կարելի է գտնել խնայողության համար հնարավորություններ։ Կոնգրեսի առաջնորդները կշարունակեն բանավեճերը և ուրբաթ օրը կրկին կհանդիպեն ԱՄՆ նախագահի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն օրերս հայտարարել էր, որ պետական պարտքի վերին շեմը չբարձրացնելու դեպքում ԱՄՆ-ն կարող է սահմանադրական ճգնաժամի առաջ կանգնել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է բարձրացնել պետական պարտքի վերին շեմն՝ առանց նախապայմանների: Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատն անցյալ ամիս համաձայնել է պետական պարտքի 31.4 տրիլիոն դոլարի շեմը բարձրացնել 1.5 տրիլիոն դոլարով: Միևնույն ժամանակ Հանրապետականները պահանջում են առաջիկա տասնամյակի ընթացքում կրճատել պետական ծախսերը: Բայդենը և դեմոկրատները դեմ են այս պահանջին:
12:34 - 10 մայիսի, 2023
Բայդենը եւս մեկ տարով երկարացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը |news.am|

Բայդենը եւս մեկ տարով երկարացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցները եւս մեկ տարով երկարացնելու մաիսն։ Այս մասին վկայում է երկուշաբթի Սպիտակ տան տարածած ծանուցումը։ Խոսքը տարբեր սահմանափակիչ միջոցների պահպանման մասին է, որոնք Վաշինգտոնը մտցրել է Դամասկոսի դեմ 2004-2012թթ.։ Այդ պատժամիջոցները, մասնավորապես, նախատեսում են ԱՄՆ իրավազորության տակ գտնվող ակտիվների սառեցում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար, ինչպես նաեւ Սիրիա ամերիկյան որոշ տեսակի ապրանքների եւ ծառայությունների արտահանման արգելք։ Ինչպես նշվել է փաստաթղթում, սիրիական ռեժիմի գործողությունները սպառնալիք են ներկայացնում «ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը եւ տնտեսությանը»։ Այս առնչությամբ 2004թ. մայիսի 11-ին հայտարարված արտակարգ դրությունը եւ ընդունված միջոցները «պետք է գործեն նաեւ 2023թ. մայիսի 11-ից հետո», նշվել է փաստաթղթում։ «Ուստի, ես մեկ տարով երկարացնում եմ արտակարգ դրությունը, որը հայտարարվել էր Սիրիայի կառավարության գործողությունների հետ կապված»,- ընդգծել է Բայդենը։ ԱՄՆ վարչակազմի տարբերակով՝ Սիրիայի ղեկավարությունը «բռնություն եւ մարդու իրավունքների խախտումներ» է կատարում։ Ինչպես նշվել է ծանուցման մեջ, ԱՄՆ-ն Սիրիայի իշխանություններին կոչ է անում «դադարեցնել դաժան պատերազմն ընդդեմ սեփական ժողովրդի, ամբողջ երկրում մտցնել հրադադարի ռեժիմ, ապահովել հումանիտար օգնության անխոչընդոտ հասանելիությունը բոլոր կարիքավոր սիրիացիներին եւ քննարկել քաղաքական կարգավորման հարցը Սիրիայում»։
11:00 - 09 մայիսի, 2023
Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին․ Ջո Բայդենի ուղերձը |armenpress.am|

Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին․ Ջո Բայդենի ուղերձը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ: 1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Դրան հաջորդող տարիներին մեկուկես միլիոն հայերի տեղահանեցին, կոտորեցին կամ երթի տարան դեպի մահ՝ ողբերգություն, որն ընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա: Այս ցավալի պատմությունը հիշելիս միանալով աշխարհի տարբեր երկրներին՝ մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով է դիմավորել ատելության չարիքին։ Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները: Նրանք դաստիարակեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և համոզվելու, որ 108 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի: Այսօր եկեք թարմացնենք այս խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք դեմ արտահայտվել ատելությանը, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները: Եվ միասին եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվությամբ, ապահով և հարգանքով», - նշել է Ջո Բայդենը:
15:55 - 24 ապրիլի, 2023
Բայդենը Լեդի Գագային նշանակել է նախագահին կից արվեստի հանձնաժողովի համանախագահ |lragir.am|

Բայդենը Լեդի Գագային նշանակել է նախագահին կից արվեստի հանձնաժողովի համանախագահ |lragir.am|

lragir.am: Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան Ջո Բայդենի կողմից նշանակվել է նախագահին կից արվեստի և մշակույթի հանձնաժողովի համանախագահ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) Գրեմմիի 13 մրցանակի դափնեկիր է և պատմության մեջ ամենաշատ մրցանակ ստացած կին երաժիշտներից մեկը: Որպես դերասանուհի՝ նա հայտնի է «Աստղ է ծնվել» ֆիլմում խաղացած դերով, որի համար առաջադրվել է «Օսկար» մրցանակի լավագույն դերասանուհի անվանակարգում, և հաղթել է «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում՝ «Shallow» երգի համար: Նա նաև նկարահանվել է «Ամերիկյան սարսափ պատմություն. հյուրանոց» ֆիլմում՝ արժանանալով «Ոսկե գլոբուսի»: Time ամսագիրը նրան դասել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում: Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում նշվում է, որ երգչուհին ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ և հասարակական արշավներով։ Լեդի Գագան բազմիցս ելույթ է ունեցել Բայդենի քարոզարշավի շրջանակներում կազմակերպված միջոցառումների ժամանակ և ակտիվորեն մասնակցել նրա աջակցության քարոզարշավին: 2021 թ.-ի հունվարին նա կատարել է ԱՄՆ օրհներգը Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ։
11:10 - 14 ապրիլի, 2023
Բայդենը վստահեցնում է՝ ժողովրդավար պետություններն ուժեղանում են ավտորիտարների դեմ պայքարում
 |azatutyun.am|

Բայդենը վստահեցնում է՝ ժողովրդավար պետություններն ուժեղանում են ավտորիտարների դեմ պայքարում |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի համոզմամբ՝ միջազգային հանրությունն ականատեսն է կարևորագույն փոփոխությունների, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության տարածմանն աշխարհով մեկ։ Ելույթ ունենալով իր նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովում, Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է՝ ժողովրդավար պետությունները դառնում են ավելի ուժեղ, այլ ոչ թե թուլանում՝ ավտորիտարների դեմ պայքարում: «Ինչպես ես հաճախ ասում եմ՝ մենք գտնվում ենք պատմության շրջադարձային փուլում, երբ այսօր կայացվող որոշումներն ազդում են աշխարհի զարգացման ընթացքի վրա՝ առաջիկա մի քանի տասնամյակների կտրվածքով», - ընդգծել է նախագահ Բայդենը, խոստովանելով՝ ժողովրդավարություն կերտելն ու զարգացնելը մեծ ջանքեր է պահանջում։ «Ժողովրդավարության զարգացման ուղղությամբ աշխատանքը երբեք չի ավարտվում», - շեշտել է Բայդենը և դիմելով գագաթնաժողովի 120 հրավիրյալներին՝ հորդորել զարգացնել ձեռք բերած առաջընթացը աշխարհով մեկ ժողովրդավարության տարածման հարցում։ Այդ նպատակի համար Միացյալ Նահանգների կառավարությունն այս տարի 690 միլիոն դոլար է հատկացրել։ Ըստ Սպիտակ տան՝ այդ գումարը կուղղվի մասնավորապես անկախ լրատվամիջոցներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարական բարեփոխումներին, արդար ընտրություններին աջակցությանը։ Բացի այդ, Միացյալ Նահանգների առաջնորդն օտարերկրյա գործընկերներին հորդորեց միանալ մասնավոր լրտեսական ծրագրերի դեմ պայքարին՝ պաշտպանելու այլախոհներին, ակտիվիստներին, լրագրողներին կիբեր սպառնալիքներից, հետապնդումներից: Արդեն երկրորդ անգամ անցկացվող այս հավաքը Բայդենի նախընտրական խոստումներից է՝ ավտոկրատ կառավարությունների վերելքի ֆոնին փորձելու վերականգնել և ամրապնդել ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում։ Հրավիրյալների ցանկում այս տարի ևս չկան Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը, Հունգարիան, փոխարենը՝ գագաթնաժողովին առաջին անգամ մասնակցում են 8 երկրներ՝ Բոսնիա և Հերցեգովինան, Լիխտենշտեյնը, Կոտ դ'Իվուարը, աֆրիկյան մի շարք երկրներ։ 120 հրավիրյալ երկրներից մեկն էր Հայաստանը։ Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի 3,5 րոպեանոց ելույթի մեծ մասը Լաչինի միջանցքի շրջափակման, Արցախի ու Հայաստանի անվտանգության մասին էր։
11:04 - 30 մարտի, 2023
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի լիագումար նիստում ընդունված հռչակագրին Հայաստանը միացել է վերապահումով

Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի լիագումար նիստում ընդունված հռչակագրին Հայաստանը միացել է վերապահումով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով: Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է վերապահումով: Ստորև ներկայացվում է վերապահման տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ է մնում հետևյալ պարբերությունից. «Մենք վերահաստատում ենք մեր ամուր վճռականությունը՝ աջակցելու աշխարհի այն երկրներին և ժողովուրդներին, որոնք հավատարիմ են ազատության և ժողովրդավարության արժեքներին՝ ընդդեմ դրանք խարխլելու ուղղակի կամ անուղղակի փորձերի կամ սպառնալիքների: Մենք ընդունում ենք ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, համաձայն որոնց բոլոր պետություններն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից և իրենց միջազգային վեճերը կարգավորեն խաղաղ միջոցներով: Մենք ընդունում ենք պետությունների անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածի: Մենք ընդգծում ենք Ուկրաինայում հնարավորինս շուտ համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու անհրաժեշտությունը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան: Մենք ցավում ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած մարդու իրավունքների և մարդասիրական սարսափելի հետևանքների համար, ներառյալ ողջ Ուկրաինայում կրիտիկական ենթակառուցվածքների դեմ շարունակական հարձակումները, որոնք ավերիչ հետևանքներ ունեն խաղաղ բնակչության համար, և մեր խորը մտահոգությունն ենք հայտնում քաղաքացիական զոհերի մեծ թվի կապակցությամբ, ներառյալ կանանց և երեխաների, մարդասիրական օգնության կարիք ունեցող ներքին տեղահանված անձանց և փախստականների թվի, ինչպես նաև երեխաների նկատմամբ կատարված խախտումների ու բռնությունների կապակցությամբ: Մենք խորապես մտահոգված ենք համաշխարհային պարենային անվտանգության, էներգետիկայի, միջուկային անվտանգության և ապահովության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա պատերազմի անբարենպաստ ազդեցությամբ: Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր ռազմական ուժերը միջազգայնորեն ճանաչված սահմաններով Ուկրաինայի տարածքից և կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք նաև կոչ ենք անում զինված հակամարտության կողմերին հավատարիմ մնալ միջազգային իրավունքով, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորություններին: Մենք նաև կոչ ենք անում ամբողջությամբ փոխանակել ռազմագերիներին, ազատ արձակել բոլոր ապօրինի ձերբակալվածներին և վերադարձնել բոլոր ներկալվածներին և բռնի տեղափոխված և արտաքսված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաներին։ Մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինայի տարածքում միջազգային իրավունքով լրջագույն հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելը՝ ազգային կամ միջազգային մակարդակով պատշաճ, արդար և անկախ հետաքննությունների և քրեական հետապնդումների միջոցով, ինչպես նաև բոլոր զոհերի համար արդարադատության ապահովումը և ապագա հանցագործությունների կանխարգելումը», քանի որ սույն պարբերությունը համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը և չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին»։
08:43 - 30 մարտի, 2023