Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Մեզ համար հպարտանալու մեծ առիթ է, որ Նոբելյան մրցանակակիրների շարքում ունենք նաև մեր հայրենակցին. ՀՀ վարչապետն ընդունել է Արտեմ Փաթափությանին

Մեզ համար հպարտանալու մեծ առիթ է, որ Նոբելյան մրցանակակիրների շարքում ունենք նաև մեր հայրենակցին. ՀՀ վարչապետն ընդունել է Արտեմ Փաթափությանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին, որ Հայաստան է ժամանել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ողջունելով անվանի գիտնականին՝ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն Փաթափության, ուրախ եմ Ձեզ տեսնելու և ծանոթանալու համար: Ողջունում եմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն: Երեկ ուշադիր լսեցի Ձեր ելույթը Երևանի պետական համալսարանի ավարտական միջոցառման ժամանակ և շատ տպավորված եմ: Բնականաբար, այն հաջողությունները, որոնք Դուք ունեք, կարծում եմ, Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը սեփականն է համարում: Իհարկե, մեզ համար հպարտանալու մեծ առիթ է, որ վերջապես Նոբելյան մրցանակակիրների շարքում ունենք նաև մեր հայրենակցին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ձեր պատրաստակամության համար՝ աջակցելու Հայաստանում գիտության, կրթության զարգացմանը: Այդ ոլորտում շոշափելի բարեփոխումներ անելը մեր ռազմավարական կարևոր ուղղություններից է և կարծում ենք, որ գիտության, կրթության բարեփոխումներն ունեն ռազմավարական նշանակություն ու պետք է կանխորոշեն մեր երկրի ապագան: Իհարկե, մեր հայրենակիցների ներուժն այս գործում ներգրավելը մեզ համար կարևոր է, եթե նման պատրաստակամություն կա: Կրկին ողջունում եմ Ձեզ, կուզենայի նաև Ձեր այցի ընթացքի մասին լսել՝ ինչպե՞ս է անցնում, ինչպե՞ս է Ձեր տրամադրությունը և ինչպե՞ս եք անցկացնում ժամանակը Հայաստանում»: Իր հերթին, Արտեմ Փաթափությանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ և լինել այստեղ։ Հիանալի այց ունեցա, շոյված եմ այն ընդունելությունից, որ ցույց տվեցիք Դուք և կառավարությունը, բայց որ ամենակարևորն է՝ ազգի կողմից ընդունելությունից։ Իմ հանդիպած ուսանողների աչքերի ուրախությունը իսկապես ապշեցուցիչ է, և կարծում եմ, նույնիսկ ԱՄՆ-ն այսպես չի գնահատում իր երիտասարդ գիտնականներին։ Շատ ուրախ կլինեմ օգնել որևէ կերպ, իմ հնարավորությունների սահմաններում։ Արդեն հանդիպել եմ բազմաթիվ նախարարների, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների, նաև մարդկանց, ովքեր բարձր տեխնոլոգիական ընկերություններ են հիմնել։ Համամիտ եմ Ձեր այն մտքի հետ, որ գիտությունն ու տեխնոլոգիաները շատ կարևոր են Հայաստանի կյանքի հաջորդ փուլի համար` ոչ թե միայն տնտեսության, ռազմական ոլորտի, այլ՝ բոլոր ուղղությունների։ Այցելել եմ Սինոփսիս, Թումո, և սրանք հայկական հնարարամտության երկու հրաշալի օրինակներ են, որոնք օգտակար են ոչ միայն արդյունաբերությանը, այլ նաև ներդրում ունեն կրթության մեջ, բարելավում են կրթությունը, որն ապագայում կսնուցի, կօգնի տնտեսությանը։ Հույս ունեմ, որ կարող եմ օգտակար լինել առողջապահության ոլորտում և ինֆորմատիկայի, որը մաթեմատիկական հենք ունի։ Կարծում եմ, որ այն ապագա կենսաբանության մեջ մեծ տեղ կունենա: Հայաստանն իր սահմանափակ բյուջեով կարող է ռազմավարական մոտեցում ցուցաբերել այն ոլորտներին, որտեղ հնարավորություն ունի կարճ ժամանակահատվածում հասնել առավելագույնի։ Կարծում եմ՝ կան որոշակի ուղղություններ, որտեղ կարող ենք մրցակցել, կան նաև ուղղություններ, որտեղ իմ կարծիքով իմաստ չունի փորձել դառնալ լավագույնը։ Կրկնում եմ, ուրախ կլինեմ օգնել իմ կարողությունների սահմաններում։ Շատ ոգևորված եմ այն ընդհանուր հակակոռուպցիոն շարժման համար, որ դուք սկսել եք, որն արդեն արտացոլվում է ակադեմիական շրջանակում»։ Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում գիտության և կրթության ոլորտի խնդիրներին ու կառավարության նախաձեռնած բարեփոխումներին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ գործադիրը պատրաստվում է մինչև 2026 թվականը շարունակական ավելացնել գիտության ոլորտի ֆինանսավորումը և հավելել, որ այն արդեն իսկ ավելացել է 80 տոկոսով: Նիկոլ Փաշինյանն առանձնակի կարևորել է գիտական արտադրանքի արդյունավետության բարձրացումն ու բարձրագույն կրթության ոլորտում հետազոտական աշխատանքի ընդլայնումը: Կառավարության ղեկավարը կարևորել է Արտեմ Փաթափությանի դիտարկումները, առաջարկություններն ու խորհուրդները՝ վերը նշված ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու գործում: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ պարոն Փաթափությանի օրինակը ոգևորիչ է երիտասարդների համար և վստահություն հայտնել, որ նրա այցը կոգեշնչի նրանց: Արտեմ Փաթափությանը նշել է, որ պատրաստ է իր գիտելիքներով, փորձով ու ներուժով նպաստել ՀՀ-ում գիտության և կրթության զարգացմանը:     Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին Կենսաբանության բնագավառում ձեռք բերված ակնառու նվաճումների, բժշկագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:    Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
15:39 - 16 հունիսի, 2022
Ընդդիմությունը քննարկում է Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հարցը
 |azatutyun.am|

Ընդդիմությունը քննարկում է Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Ընդդիմությունը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հարցը, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման առաջնորդներից Գեղամ Մանուկյանը։ «Մինչև օգոստոսի 2-ը, երբ որ սահմանադրորեն ժամկետներն են հստակեցվում, որ հնարավորություն են տալիս ընդդիմությանը իմպիչմենտի մասին հայտարարություն անել, այդ ժամանակ նաև կլինի հայտարարություն», - ասաց Մանուկյանը։ Դիտարկմանը, թե առանց Իշխան Զաքարյանի այլևս մեկ երրորդը չունեն նույնիսկ այդ նախաձեռնությամբ հանդես գալու համար, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց՝ «խորհրդարանի իշխանական ճամբարում կան շատ գործընկերներ, որ անցնող շաբաթներին որևէ հրապարակային հայտարարությամբ աջակցություն չեն հայտնել ոչ Փաշինյանին, ոչ էլ այն հայտարարություններին, որոնք sms-ով հանձնարարվում են ՔՊ-ական պատգամավորներին»։ «Անկեղծ ասեմ, որ անզեն աչքով էլ երևում է, որ 4-5 կամիկաձե պատգամավորներ կան, որոնք առավոտից գիշեր փորձում են ֆեսբուքյան ստատուսներով, հայտարարություններով աջակցել իշխանությանը», - ասաց Մանուկյանը։ Գեղամ Մանուկյանը նշեց, որ իմպիչմենտի հարցը, որպես որոշում, որ նախաձեռնելու են, առայժմ օրակարգում չկա, հիմա անցնում են Դիմադրության շարժման կառուցվածքային, կազմակերպական ամրապնդման փուլին, որը շատ ավելի լայն հնարավորություններ է տալու շատ ավելի լայն ազգաբնակչություն ընդգրկելու, որից հետո, նրա խոսքով, արդեն իրավիճակը կթելադրի հետագա գործողությունները։ Իշխան Զաքարյանը, հիշեցնեք, դեռ 2021-ի դեկտեմբերի վերջին է լքել Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, դարձել ոչ մի խմբակցությունում չընդգրկված պատգամավոր։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:23 - 16 հունիսի, 2022
Հայաստանը՝ ի դեմս ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի, ձեռք է բերել շատ վստահելի գործընկեր․ Փաշինյանը մասնակցել է ՀՖՖ հիմնադրման 30 ամյակին նվիրված միջոցառմանը

Հայաստանը՝ ի դեմս ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի, ձեռք է բերել շատ վստահելի գործընկեր․ Փաշինյանը մասնակցել է ՀՖՖ հիմնադրման 30 ամյակին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, կառավարության այլ անդամների հետ ներկա է գտնվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30 ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Վարչապետը շնորհավորել է ներկաներին, ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ձևավորման 30-ամյակի առիթով. «Մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ մենք արձանագրել ենք հետևյալ նպատակը՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է դառնա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Ընդհանարապես ինչքանո՞վ է իրատեսական այս խնդրի լուծումը: Սովորաբար ֆուտբոլը մենք պատկերացնում ենք և ֆուտբոլի վրա կենտրոնանում ենք ուղիղ եթերում տեղի ունեցող և հեռարձակվող 90 րոպեների շրջանակներում: Իրականում 90 րոպեներ ուղիղ եթերում` խաղադաշտում գտնվող հաղթանակը չի ստեղծվում, այլ միայն արձանագրվում է հաղթանակը: Շատ կարևոր է, թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ և ինչ է տեղի ունենալու դրանից հետո: Եվ թերևս ահա այս երկու ուղղություններով կատարված աշխատանքն է, որ որոշում է ֆուտբոլային ապագան: Բայց ֆուտբոլային դառնության այս օրերին ես ուզում եմ գնահատել, թե ինչպիսին է մեր ֆուտբոլի վիճակը: Սրա ճիշտ գնահատականը տալու համար մենք պետք է տեսնենք, թե ինչ է տեղի ունենում 90 րոպեներից անդին: Այսօր այս լսարանը շատ կարևոր արձանագրումն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներին և այդ կազմակերպությունների, ձեռք է բերել շատ վստահելի գործընկեր: Ես ուզում եմ առանձնահատուկ ողջունենք մեր գործընկերների՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահների ներկայությունը մեզ համար այսքան կարևոր իրադարձությանը: Բայց ուղիղ եթերի նմանությամբ այդ բարեկամության, վստահելի գործընկերության արտահայտությունն այս, պայմանական ասած, 90 րոպեները չեն, այլ այն, ինչ տեղի է ունեցել դրանից առաջ: Նախորդ երեք տարիների ընթացքում ՖԻՖԱ-ի աջակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի 7 մարզերում 90 նոր փոքր խաղադաշտ է ստեղծել, որտեղ ՖԻՖԱ-ն աջակցելու է շուրջ 2.5 միլիոն դոլարով: Սա կարևոր ներդրում է հայկական ֆուտբոլի ապագայի գործում, որովհետև այդ ապագա 90 րոպեների ճակատագիրը որոշվում է այդ գյուղական դաշտերում, որը պետք է համախմբի երեխաներին և նրանց շուրջ պիտի համախմբի մեծերին, և որը պիտի կոփի, կռի և ստեղծի թիմային ոգի, որը պետք է մեր երկիրը և մեր ֆուտբոլը բերի հաղթանակների: Ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել այն աջակցության առիթով, որ ցուցաբերել է ՈՒԵՖԱ-ն: Մասնավորապես, վաղը բացվելու է Աբովյանի քաղաքային ստադիոնը, որը հիմնանորոգվել է ՈՒԵՖԱ-ի հեթ-տրիկ ծրագրի շրջանակում: ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ կառուցվում, վերակառուցվում է Վանաձորի ստադիոնը: Առաջիկայում մենք կունենանք մեր ժամանակների, հայ մեծագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Խորեն Հովհաննիսյանի ֆուտբոլի դպրոցը, որը նույնպես կառուցվում է ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ: Լուսավորության համակարգեր են տեղադրվելու «Շենգավիթ» ստադիոնում, Գյումրիի քաղաքային ստադիոնում, և այս ամբողջ ներդրումները՝ ՈՒԵՖԱ-ի աջակցությունը, կազմելու է շուրջ 5 միլիոն դոլար: ՖԻՖԱ-ի նախագահն այսօր արձանագրեց, որ այս 90 փոքր դաշտերն առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում կդառնան 300: Այսօր մենք ՖԻՖԱ-ի նախագահի հետ, մեր նախորդ հանդիպման ժամանակ նաև, ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ քննարկում էինք հնարավորությունը՝ Հայաստանում ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող նոր մարզադաշտ, զրոյից մարզադաշտ կառուցելու: Ես շատ ուրախ եմ, որ մեր այս բոլոր նպատակների իրագործման ճանապարհին մենք ունենք այնպիսի վստահելի գործընկերներ ինչպես ՖԻՖԱ-ն է՝ ի դեմս նախագահ Ջաննի Ինֆանտինոյի և ՈՒԵՖԱ-ն՝ ի դեմս նախագահ Ալեքսանդր Չեֆերինի: Ես համոզված եմ, որ մենք այս ճանապարհին կհասնենք մեր նպատակներին: Հարգելի գործընկերներ, ֆուտբոլը մեզ համար ունի շատ մեծ նշանակություն և այն ունի տնտեսական, մարզական, սոցիալ-հոգեբանական և քաղաքական նշանակություն: Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը մարզական բնագավառում ունի շատ մեծ հաջողություններ: Սովորաբար, երբ մտերմիկ քննարկումների, սեղանների շուրջ, առիթներով քննարկում ենք հայկական սպորտի հաջողությունները, գրեթե բոլոր միջավայրերում, բոլոր ընտանիքներում խոսքը հասնում է նրան, որ մենք հաջողակ ենք անհատական մարզաձևերից և պակաս հաջողակ թիմային մարզաձևերից: Ահա այն, ինչի մասին խոսում ենք՝ հենց քաղաքական այսպիսի նշանակություն ունի, որովհետև թիմային ոգին, թիմային տրամաբանությունը մի երևույթ է, որ Հայաստանի Հանրապետությունում իրապես զարգանալու մեծ տեղ ունի, և Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի այդ տրամաբանությունը զարգացնելու, և ֆուտբոլը բացառիկ նշանակություն ունի այս նպատակն իրագործելու ճանապարհին: Ժամանակակից ֆուտբոլն ինստիտուցիոնալ երևույթ է, և հույս ունեմ նաև, որ ֆուտբոլի ահա ներկայացված զարգացումների միջոցով Հայաստանի Հանրապետությունում ինստիտուցիոնալ մտածողությունը կդառնա առօրյա: Կրկին շնորհավորելով բոլորիս՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաի 30-ամյակի առիթով, ուզում եմ իմ գնահատանքի, շնորհակալության խոսքերն ասել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ողջ ընթացքում ինչ որ ներդրում են ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման գործում՝ լինեն մարզիկներ, մարզիչներ, ներդրողներ, կազմակերպիչներ, պաշտոնյաներ: Ես հույս ունեմ, որ բոլորս, այդ մարդկանց ներդրումը վերցնելով, կկարողանանք այն հասցնել այնպիսի բարձունքների, որ անցած ճանապարհը հպարտությամբ հիշենք և արձանագրենք, նախկինում ունեցած մեր հպարտությունն ավելացնենք, կրկնապատկենք, բազմապատկենք: Ուզում եմ ողջունել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների բոլոր խաղացողներին և ասել՝ իմացեք, որ դժվար ժամանակներում մենք միշտ ձեր կողքին ենք: Լավ ժամանակներում շատերը կլինեն ձեր կողքին, բայց դժվար ժամանակներում, իմացեք, որ միշտ ձեր կողքին ենք և պատրաստ ենք աջակցել ինչով կկարողանանք: Հաջորդ կարևոր նրբությունն այն է, բոլորս մեր հավաքականի, մեր ֆուտբոլի կողքին լինենք ոչ միայն այն ժամանակ, երբ նրանք հաղթում են, այլ երբ որոշակի դժվարություններ ունեն, որովհետև դրանք մեր դժվարություններն են, բոլորիս դժվարություններն են, և այդ դժվարությունները մենք պետք է հաղթահարենք միասին: Շնորհավորում եմ բոլորիս կրկին և շնորհակալություն եմ հայտնում մատուցված ծառայությունների համար»:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
09:47 - 16 հունիսի, 2022
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԵՊՀ-ի շրջանավարտների ավարտական միջոցառմանը

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԵՊՀ-ի շրջանավարտների ավարտական միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց հիշարժան այս օրվա առթիվ: «Կարծում եմ՝ Երևանի պետական համալսարանն ավարտելը շատ կարևոր իրադարձություն է յուրաքանչյուր ուսանողի կյանքում: Ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք խնդիր ենք առաջադրել, որ առնվազն երեք հայաստանյան բուհ պետք է տեղ գտնի բուհերի միջազգային ռեյտինգի առաջին 200 հորիզոնականում: Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ Երևանի պետական համալսարանը, բնականաբար, այս ցուցանիշի ապահովման ամենակարևոր հավակնորդներից մեկն է: Ընդհանուր առմամբ մենք չենք դադարում կրկնել, որ կրթությունը և կրթության ոլորտի բարեփոխումներն ամենառազմավարական ուղղություններն են, որոնք պիտի զարգացնեն Հայաստանի կառավարությունը և Հայաստանի Հանրապետությունը: Ասվածում որևէ չափազանցություն չկա, որովհետև ինչպես համոզված եմ, այնպես էլ շարունակում եմ համոզված մնալ, որ մեր հանրային կյանքի որևէ ոլորտում, որևէ խնդրի առնչվելիս և այդ խնդրի ծագումնաբանությունը հայտնաբերելու փորձեր անելուց մենք անպայման տեսնում ենք կրթության ոլորտում ունեցած այս կամ այն խնդիր: Շատ կարևոր է, որ մենք ահա այս և այս կարգի միջոցառումները ոչ միայն օգտագործենք իրար շնորհավորելու, այլև մեր առաջիկա ապագա անելիքները ճշգրտելու, այդ օրակարգի իրականացման համար անհրաժեշտ նոր եռանդով տոգորվելու համար: Ընդհանրապես այն դրական բարեփոխումները և փոփոխությունները, որոնց մասին խոսում ենք, ես միշտ համեմատում եմ հրթիռի հետ. երբ հրթիռը երկրից պոկվում է՝ կա առաջին աստիճանը շարժիչների, որը սպառվելուց հետո բաց է թողնվում, հետո կա երկրորդ աստիճանը, հետո երբեմն լինում է նաև երրորդ աստիճանը: Ես կարծում եմ, որ մենք մեր բուհական համակարգն ահա այսպիսի տրամաբանությամբ զարգացնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած։ Մեր բուհական համակարգը, կարծես, արդեն սպառել է առաջին աստիճանի շարժիչները, և կարծում եմ՝ եկել է ժամանակը գործարկելու երկրորդ աստիճանի շարժիչները՝ նոր արագություն, նոր որակ, նոր բովանդակություն ստանալու համար։ Ես հույս ունեմ և համոզված եմ, որ այսօրվա մեր շրջանավարտները՝ Երևանի պետական համալսարանի, կդառնան նաև այն շարժիչ ուժը, որը մեզ համար կրթության ոլորտի բարեփոխումները կդարձնի առավել կարևոր, առավել բովանդակալից և առավել պահանջված։ Ուզում եմ ևս մեկ անգամ այս տոնական առիթով գնահատանքի խոսքեր ասել Երևանի պետական համալսարանի բոլոր այն դասախոսներին, ովքեր այսօրվա մեր շրջանավարտներին օժտել են այնպիսի հմտություններով, որոնք նրանց պետք է մրցունակ դարձնեն, որոնք նրանց պետք է օժտած լինեն շարունակաբար իրենց երազանքների հետևից քայլելու, և այնպիսի հմտություններով, որոնք յուրաքանչյուրին իր երազանքների հետևից գնալիս կօգնեն, որ ինքն իր հետևից տանի նաև այլ մարդկանց, ինքն իր հետևից տանի երկիրը, հայրենիքը, պետությունը։ Սիրելի շրջանավարտներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալություն եմ հայտնում ձեզ կրթությունը փոխելու և փոխվելու կարողությանը ձեր նվիրվածության համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դասախոսներին, պրոֆեսորադասախոսական կազմին, Երևանի պետական համալսարանին կատարված աշխատանքի համար: Ուզում եմ բոլորիս ուժ, կամք և եռանդ մաղթել՝ մտածելու, խորհելու, որոշելու, առաջ շարժվելու այս ժամանակներում, մտածելու, խորհելու, որոշումներ կայացնելու, առաջ շարժվելու ուժ և կամք ունենալու իմաստով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ Փաշինյանը ԵՊՀ մի շարք ներկայացուցիչների հանձնել է պարգևներ: Մասնավորապես, ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել՝ ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանը, ԵՊՀ ակադեմիկոս, Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սահարյանը, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը: ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել՝ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբ. գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Կարապետյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմ. գիտությունների թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսյանը, ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բան. գիտությունների թեկնածու Նվարդ Երնջակյանը, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Մուշեղ Ռաֆայելյանը: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, որին գիտության բնագավառում բացառիկ նվաճումների համար շնորհվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում:
09:08 - 16 հունիսի, 2022
Խաղաղության օրակարգի հարցում հաջողությունը երաշխավորված չէ, բայց հակառակ տարբերակը տանում է ոչ միայն ԼՂ-ի, այլ ՀՀ-ի կործանման․ Փաշինյան

Խաղաղության օրակարգի հարցում հաջողությունը երաշխավորված չէ, բայց հակառակ տարբերակը տանում է ոչ միայն ԼՂ-ի, այլ ՀՀ-ի կործանման․ Փաշինյան

Ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները, ազատությունները, պետք է լուծում համարվի մեր համար։  Այս մասին այսօր՝ ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորիկի հորձանուտում, որովհետև ամբողջ աշխարհն է հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում։ 2021 թ․-ին էր մեզ թվում, որ մենք ենք հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում, բայց կարելի էր կռահել, որ համաշխարհային փոթորիկ է սկսվում մեզանով»։ Նրա խոսքով՝ ոչ մեծ, ոչ փոքր պետությունների գոյությունը երաշխավորված չէ, և միակ երաշխիքը, որ կարող է լինել պետության համար,  համապարփակ խաղաղությունն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված են, սահմանները սահմանազատված են, սահմանագծված, խաղաղությունն էլ դե յուրե հաստատված․ «Մենք հիմա փորձում ենք գնալ այս ճանապարհով, կկարողանա՞նք, կստացվի՞։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ։ Մենք իլյուզիաներ չունենք  և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել և խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու՝ աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է»։ Փաշինյանը նաև նշեց, որ խաղաղության օրակարգի հարցում հաջողությունը երաշխավորված չէ, բայց հակառակ տարբերակը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի կործանման։ «Մենք իհարկե սա թույլ տալ չենք կարող։ Հայաստանի ժողովրդին և հայ ժողովրդին կոչ եմ անում համախմբվել խաղաղության օրակարգի շուրջ, հայոց պետականության, հայ պետականության և նրա շահերի շուրջ, որովհետև չկա ավելի կարևոր ու բարձր բան, քան ՀՀ-ն ու նրա պետական շահերը»։
15:53 - 15 հունիսի, 2022
Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով․ Փաշինյան

Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ ասաց, որ պետական բյուջեի քննարկումներում առանձնակի տեղ է զբաղեցրել Արցախը և 2021 թ․-ից ՀՀ կառավարության կողմից Արցախին հատկացված աջակցությունը։ Այս համատեքստում պիտի նորից ընդգծեմ, որ 2021 թ․-ի ողջ ընթացքում ծայրահեղ ընդդիմությունը երկու հիմնական թեզ էր զարգացնում․ առաջինը , որ կառավարությունը միայնակ է թողել Արցախին, և երկրորդը նրանք պահանջում էին որդգրել Արցախը երբեք չի լինելու Արդբեջանի կազմում բանաձևը, փորձելով հիմնավորել, որ հենց սա է եղել իրենց իշխանավարման տարիներին իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը և եթե այսօրվա իշխանությունը սա չի որդեգրում, ուրեմն դավաճանություն է գործում Արցախի հարցում։ Այսօր ծայրահեղ ընդդիմության դիրքում գտնվում են մարդիկ, ովքեր 1998-ից միչնչև 2018 թվականը եղել են իշխանության ղեկին և նրանք են զարգացնում վերոնշյալ թեզերը։ Փաշինյանն անդրադարձավ վերոնշյալ երկու թեզերին․ «Առաջին թեզը հերքվում է հենց միայն բյուջետային ցուցանիշներով։ 2021-2022 թ․-ի Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության և ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունը Արցախին հասել է աննախադեպ մեծության։ 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117.9 միլիարդ դրամ, որն ամենաբարձրն է եղել մինչպատերազմական ողջ շրջանում,  այսինքն՝ 90-ականներից սկսած։ այս գումարից 57.8 միլիարդը Հայաստանի կառավարությունն է վճարել։ 2021 –ին Արցախի բյուջեն եկամտային մասը եղել է 174 միլիարդ դրամ, որից 128 միլիարդ դրամը ՀՀ վճարած գումարն է։ Այսինքն հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել և ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի տրամադրել»։ Նրա խոսքով՝ ՀՀ-ի աջակցությունը Արցախին 2021 թ,-ին աճել է 122 %-ով 2019 թ․-ի համեմատ իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48%-ով կամ 45 միլարդ դրամով։ 2021 թ․-ի Արցախի բյուջեի 73%-ը վճարել է ՀՀ կառավարությունը և 2021 թ․-ին կառավարության աջակցությունը Արցախի բյուջեին ավելին է եղել, քան 2019 թ․-ի Արցախի ամբողջ բյուջեն։  Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու  կլինի Արցախի կողքին, ինչքան էլ որոշ շրջանակներ չնկատեն դա կամ փորձեն Հայաստանի և Արցախի միջև հակասություններ սերմանել։ «Արցախ-Հայաստան հակասություններ սերմանելու համար արմատական ընդդիմությունը, որն ինչպես ասացի 1998 թ․-ից 2018 թ․-ը եղել է իշխանության ղեկին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի պատասխանատուն է հանդիսացել, փորձում է ներկայացնել, թե իրենց իշխանության տարիներին առաջնորդվել են «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսով ու ռազմավարությամբ և քանի որ այս իմաստով մեր արմատական ընդդիմադիրները հատել են բոլոր հնարավոր սահմանները, ստիպված եմ հիասթափեցնող լուր հայտնել, այդ պնդումները կատարյալ սուտ են, որովհետև բանակցային գործընթացի ողջ ընթացքում թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը և թե նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեն առաջնորդվել Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում սկզբունքով»։  Փաշինյանը ասաց, որ նման պատասխանատու հայտարարություն անելու համար պետք է հիմնավորում ունենա․ «Նման պատասխանատու հայտարարությունը պետք է հիմնավորված լինի։ 1998 թ․-ի նոյեմբերի 25-ին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ համաձայնվել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացված այսպես կոչված ընդհանուր պետություն առաջարկը, որում ասվում է․ «ԼՂ-ն հանրապետական ձևի պետական տարածքային կազմավորում է, և Ադրբեջանի հետ մասին կազմավորում է ընդհանուր պետություն նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ Մյուս մեջբերումը․ «ԼՂ քաղաքացիները որպես անձը հաստատող վկայական կունենան Արդբեջանի անձնագիր՝ ԼՂ հատուկ նշումով»։  Նա նշեց՝ այս մասին իմացել են թե Ռոբերտ Քոչարյանը և թե Սերժ Սարգսյանը և թե Դաշնակցությունը։ «Տարօրինակ է, թե ինչու համանախագահության այս առաջարկին նրանք չեն արձագանքել, թե «Արցախը երբեք չի լինելու Արդբեջանի կազմում»։ Ընդհակառակը, վերը հիշատակված տարբերակը հիմք ընդունելով՝ նրանք չեն բացառել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, այլև համաձայնել են բանակցային փաթեթի առանցքային տրամաբանությանը, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի տարածքային ա,մբողջականության շրջանակում։ Նրանք այս քայլով արհամարհել են 1991 թ,-ի սեպտեմբերի 2-ի Արցախի ընդունած անկախության հռչակագիրը և դեկտեմբերի 2-ի անկախության հանրաքվեն»։ Ըստ նրա՝ ընդհանուր պետության փաթեթին հաջորդել է տարածքների փոխանակման փաթեթը․ «Ուզում եմ ընդգծել,որ այդ բանակցային փաթեթով ՀՀ այն ժամանակվա կառավարիչները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս, որովհետև նշված փաթեթի իմաստն այն է, որ ՀՀ-ն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանը և փոխարենը ստանում է ԼՂ-ն»։  Ըստ վարչապետի՝ այս իրողությունները ավելի են ամրապնդվել Մադրիդյան սկզբունքների քննարկման ընթացքում։» Մադրիդյան սկզբունքները հիմք ընդունելով ՀՀ ղեկավարները Արցախը ընդունել են Ադրբեջանի մաս և բացառել Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն»։
15:25 - 15 հունիսի, 2022
Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումն ունի ոչ միայն մարզական, այլև կրթական կարևորություն. Փաշինյանը՝ ՖԻՖԱ-ի նախագահին

Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումն ունի ոչ միայն մարզական, այլև կրթական կարևորություն. Փաշինյանը՝ ՖԻՖԱ-ի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, ով մեր երկիր է այցելել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Վարչապետը ողջունել է պարոն Ինֆանտինոյի այցը մեր երկիր և մասնակցությունը ՀՖՖ-ի 30-ամյակի միջոցառումներին, ինչը վկայում է ՖԻՖԱ-ՀՖՖ արդյունավետ համագործակցության մասին: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նկատել է, որ վերջին տարիներին Կառավարության ծրագրերով ՖԻՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում կառուցվել է շուրջ 90 փոքր մարզադաշտ: «Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումն ունի ոչ միայն մարզական, այլև կրթական, սոցիալական, մշակութային մեծ կարևորություն: Կառավարությունն արմատական բարեփոխում է նախաձեռնել առողջ ապրելակերպի ոլորտում և կարևորում է ՖԻՖԱ-ի ու միջազգային մյուս գործընկերների հետ գործակցությունը», - ընդգծել է ՀՀ վարչապետը: Շնորհակալություն հայտնելով գնահատականի համար՝ ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է մեր երկրով, հարուստ պատմությամբ ու մշակույթով: Ջաննի Ինֆանտինոն ընդգծել է սպորտ-կրթություն կապի նշանակությունը և նշել, որ ՖԻՖԱ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին` ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման և դրանով իսկ ոչ միայն մարզական, այլև կրթական ու սոցիալական համապատասխան միջավայրի ձևավորման ծրագրերում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ազգային մարզադաշտի կառուցման հարցին: Վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ որոշակի աշխատանք է տարվում: ՖԻՖԱ-ի նախագահն ընդգծել է նման կարգի ենթակառուցվածքի նշանակությունը երկրի մարզական հեղինակության տեսանկյունից և նշել, որ ՖԻՖԱ-ն իր գործիքակազմով հնարավորինս կաջակցի այդ գործընթացին: Այս համատեքստում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է մինչ օրս կատարված աշխատանքները: Երկուստեք վերահաստատվել է գործընկերության ամրապնդման պատրաստակամությունը և ընդգծվել է ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն, հանրահայտ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի կարևոր ներդրումն այդ գործում: Ջաննի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի անունից ՀՀ վարչապետին  նվիրել է անվանական մարզաշապիկ և 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անվանական գնդակ:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
14:53 - 15 հունիսի, 2022
Տպավորություն է՝ Փաշինյանը և իր թիմը մերժել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ համարելով այն նախկինների ժառանգություն. Թովմասյան

Տպավորություն է՝ Փաշինյանը և իր թիմը մերժել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ համարելով այն նախկինների ժառանգություն. Թովմասյան

Տպավորություն է, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մերժել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դիտարկելով այն որպես նախկինների ժառանգություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Նա նաեւ նշել է. «Օրերս Ազգային ժողովում հանդիպել եմ «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը` ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող օրենսդրության մոտարկման գործընթացում» ծրագրի ղեկավար Միկելե Դինելիի և ծրագրի փորձագետների հետ: Ողջունել եմ, որ ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է համաձայնագրի իրականացման հարցը, քայլեր է ձեռնարկում այն կյանքի կոչելու համար, քանի որ դրա իրականացումը շատ կարևոր է Հայաստանի համար: Համաձայնագիրը կնքվել է դեռ 2017 թվականի նոյեմբերին  և տարիներ է, ինչ փոշոտվում է դարակներում: Տպավորություն է, որ ներկա իշխանությունը, նախկիններին մերժելով, մերժել է նաև մինչ հեղափոխությունը կնքված միջազգային այս համաձայնագիրը: Այս համաձայնագրով նոր օրենքները պետք է մշակվեն համաձայնագրի պահանջներին համապատասխան, մինչդեռ, ինչպես նշել եմ հանդիպման ընթացքում, այսօր ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք չեն բխում համաձայնագրի սկզբունքներից: Այդպիսիններից է օրինակ հենց ծանր վիրավորանքը քրեականացնող օրինագիծը: Այս համաձայնագրում հստակ նշված է նաև, որ կողմերն ընդունում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա՝ հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հանձնառությանը: Իսկ այս ուղուց մենք ինքներս վաղուց շեղվել ենք: Հավելել եմ, որ անհրաժեշտ է ոչ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համաձայնեցնել Հայաստանի իրավիճակին, այլ Հայաստանում առկա իրավիճակը փորձել համաձայնեցնել ժողովրդավարության սկզբունքներին. պետք է ոչ թե փորձել հարմարվել հայաստանյան իրականությանը, այլ՝ Հայաստանը տանել ժողովրդավարացման ճանապարհով»։
10:42 - 15 հունիսի, 2022
Վարչապետը Կատարի գործարար խորհրդի անդամների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Վարչապետը Կատարի գործարար խորհրդի անդամների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի գործարար խորհրդի անդամներին` նախագահ Հուսեին Իբրահիմ Ալ-Ֆարդանի գլխավորությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը` իր գործիքակազմերի շրջանակում նպաստելու հնարավոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Գործարար խորհրդի անդամները նշել են, որ պատրաստ են քննարկել ու դիտարկել տարբեր ուղղություններով Հայաստանում գործունեություն ծավալելու առաջարկությունները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, ոսկեգործության զբոսաշրջության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորություններին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կատարական գործարար խորհրդին ներկայացնել կոնկրետ ծրագրերի նախագծեր: 
13:14 - 14 հունիսի, 2022
Նոյեմբերի 9-ի հայտարությունը չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հարցին. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը  «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը

Նոյեմբերի 9-ի հայտարությունը չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հարցին. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ԼՂ հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին և այլ թեմաների: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը: Հարց - «Ալ Ջազիրա» - Թույլ տվեք սկսել Ադրբեջանի հետ ստորագրած համաձայնագրից, որի պատճառով ուժեղ ճնշումների եք ենթարկվել, և ցուցարարները նույնիսկ հասան Ձեր տուն։ Ինչպե՞ս եք գնահատում այս պայմանագիրը հիմա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ նկատի ունեք այն եռակողմ հայտարարությունը, որ ստորագրվել է իմ, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից։ Այդ հայտարարությամբ ուժի մեջ մտավ հրադադարը և վերջ տրվեց ամեն տեսակի ռազմական գործողություններին, և կարծում եմ այդ ժամանակ դա Լեռնային Ղարաբաղում բռնությանը վերջ դնելուն միտված քայլ էր: Պետք է նշեմ, որ այդ հայտարությունը չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հարցին, բայց հարկավոր է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ժամանակներում կկարողանանք անդրադառնալ ԼՂ խնդրին: Հարց - «Ալ Ջզիրա» - Ընդհատելով Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունը, ցանկանում եմ նկատել` կոնկրետ այս հարցը ենթադրում է, որ երկու երկրների միջև կա Սահմանազատման հանձնաժողով, որը կքննի այդ հարցը։ Ի՞նչն է մինչ այժմ խանգարում նրա աշխատանքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրականում մենք Ադրբեջանի հետ բազմաթիվ հարթություններում հաղորդակցություն ունենք, և Դուք իրավացի եք, վերջերս մենք կազմել ենք Սահմանազատման հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի միջև, և շատ կարևոր է այդ աշխատանքը շարունակելը։ Ընդամենը մեկ հանդիպում է տեղի ունեցել, բայց արդեն համաձայնություն ունենք, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, իսկ երրորդ հանդիպումը` Բրյուսելում: Հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, և իհարկե երկկողմ աշխատանքի շնորհիվ, մեզ կհաջողվի դելիմիտացիայի ենթարկել մեր սահմանները։ Հարց - «Ալ Ջազիրա» - Իսկ եթե այս հանձնաժողովը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրականում Սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, որովհետև ինչպես ասացի, մենք Ադրբեջանի հետ հաղորդակցության տարբեր հարթություններ ունենք, որոնցից մեկը սահմանազատման աշխատանքներին է վերաբերում: Նաև շատ կարևոր է նշել սահմանի անվտանգության հարցը, որը նույնպես այս հանձնաժողովի մանդատի ներքո է, որովհետև մենք պետք է պահպանենք կայունություն և անվտանգություն ամբողջ սահմանի երկայնքով։ Երկրորդ հարթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է։ Կա ևս մեկ հարթություն, որը տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց իհարկե, ամենահրատապ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև և տարածաշրջանային խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հարցն է։ Հարց - «Ալ Ջազիրա» - Կրկին ընդհատելով Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսակցությունը. հենց դա է զայրացնում ընդդիմությանը։ Ռուսաստանը, որը հովանավորն է այս համաձայնագրի կամ, ինչպես ասացիք, հայտարարության, համարվում է Հայաստանի դեմ դավադրության մեջ ներգրավված, և ավելի շատ աջակցում է Ադրբեջանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, բայց Ռուսաստանը շատ մտերիմ պետություն է նաև Ադրբեջանի համար։ Եվ այս պարագայում մենք տեսնում ենք Ռուսատսնի դերը որպես եռակողմ հայտարարության երաշխավոր, որը, ինչպես նշեցի, ստորագրվել է երեք կողմերի միջև։ Հարց - «Ալ Ջազիրա» - Քանի որ անդրադարձաք Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններին և ձեզ կապող դաշինքներին, ի՞նչ դիրքորոշում ունեք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե, մենք շատ անհանգստացած ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով, բայց կարծում եմ, աշխարհի բոլոր երկրներն են անհանգստացած, որովհետև ի՞նչ ենք տեսնում հիմա։ Մենք տեսնում ենք աշխարհակարգի փլուզում, և ոչ մեկ չգիտի ինչպիսին կլինի հաջորդ աշխարհակարգը, և իհարկե, մենք աջակցում ենք բոլոր խնդիրների` երկխոսության ու խաղաղ ճանապարհով լուծմանը։ Հարց - «Ալ Ջազիրա» - Այո, Դուք ասում եք, որ բոլոր երկրները ուշի ուշով հետևում են, բայց Ձեր երկրի համար մի փոքր այլ է: Ձեր տնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի տնտեսության հետ, ի՞նչ ազդեցություն դա կունենա, մանավանդ, որ վերջինս ենթարկվում է Արևմտյան խիստ պատժամիջոցների: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, իրավիճակը հաճելի չէ մեզ համար տնտեսական առումով։ Բայց եթե անկեղծ լինեմ, առաջին եռամսյակում մենք արձանագրել ենք 8.6% տնտեսական աճ, և հույս ունենք կկարողանանք պահպանել այս դինամիկան։ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերից հետո շատ մարդիկ և բիզնեսներ Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան, քանի որ մենք չեզոք տնտեսական գոտի ունենք, և թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են: Այս իրավիճակում մենք հույս ունենք, և կարծում եմ, ի վիճակի կլինենք կառավարել տնտեսական այս իրավիճակը։ Բայց իհարկե, ոչ միայն Ռուսաստանի տնտեսական վիճակն է ուղղակիորեն ազդեցություն ունեցել Հայաստանի տնտեսության վրա, այլ նաև գլոբալ տնտեսական լարվածությունը՝ կապված օրինակ սննդի մատակարարման, գնաճի և շատ այլ գործոնների հետ։ Բայց այս պահին Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են։ Հարց - «Ալ Ջազիրա» - Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ցուցանիշներին՝ Ձեր երկիրը մյուսներից ավելի լա՞վ վիճակում է։ Դուք ենթարկվո՞ւմ եք որևէ ճնշման՝ լինի դա Մոսկվայից, թե Արևմուտքից, որոնք վերաբերում են Հայաստանի հատուկ հարաբերություններին Մոսկվայի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չեմ ժխտի, որ մեր երկրի և կառավարության վիճակը բավականին զգայուն է, բայց մենք փորձում ենք լինել ուղիղ, ազնիվ և վստահելի գործընկեր Ռուսաստանի, մեր եվրոպական և արևմտյան գործընկերների, մեր հարևանների համար։ Դա այնքան էլ հեշտ չէ, բայց կարծում եմ ղեկավարները նախատեսված են հենց այնպիսի իրավիճակների համար, ինչպիսին մենք այժմ ունենք, և մեր պարտականությունն է` կառավարել այս իրավիճակն ու պահպանել պատշաճ հարաբերություններ մեր գործընկերների հետ և ոչ մեկին չդավաճանել։ Հարց - «Ալ Ջազիրա» - Ընդհատելով խոսակցությունը, եթե ձեր գործընկերների հետ հարաբերությունները նորմալ են, ապա ի՞նչ կասեք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին: Հայաստանն ու Թուրքիան հայտարարեցին հարաբերությունների նոր էջ բացելու մասին. ո՞րն է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջոցով սկսել ենք երկխոսություն։ Երկխոսությունն ինքնին արդեն շատ դրական է, բայց հույս ունենք, որ կարձանագրենք շոշափելի արդյունքներ։ Հարց - «Ալ Ջազիրա» - Ընդհատելով խոսակցությունը, խոսո՞ւմ եք արդյոք Թուրքիայի հետ փոխադարձ այցերի մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չեմ կարող ասել, որ մենք դեռ ոչ մի արդյունք չենք գրանցել, որովհետև երկխոսության սկզբից հետո մենք Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթներ ենք սկսել, բայց սա մի բան է, որ մենք ունեինք նաև նախկինում։ Ես հույս ունեմ, որ ի վիճակի կլինենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որն արդեն 30 տարի է, ինչ փակ է։ Հարց - «Ալ Ջազիրա» - Ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն միջանցքի նկատմամբ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը և Անկարան՝ անցնելով Ձեր երկրի տարածքի միջով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, որի մասին նշեցի մեր խոսակցության սկզբում, մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով։ Հարց - «Ալ Ջազիրա» - Դուք դրական եք արտահայտվում, մինչդեռ Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ ընդհանուր առմամբ վատ են, բացառությամբ Իրանի: Ոմանք իրականում զարմացած են, որ Իրանը, լինելով Իսլամական Հանրապետություն, կանգնեց ձեր կողքին Ադրբեջանի դեմ: Ինչպե՞ս եք բացատրում այս կեցվածքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք ունենք չորս հարևաններ և նրանցից երկուսի հետ ունենք շատ լավ հարաբերություններ, նկատի ունեմ Վրաստանին ու Իրանին։ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, որը նույնպես լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և մենք չունենք այնպիսի մտադրություն, որ չունենանք լավ հարաբերություններ այն երկրների հետ, որոնք ունեն լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Բայց հիմա մենք Իրանի հետ շատ սերտ կապեր ունենք, և իմիջիայլոց, հույս ունենք, որ Իրանի հետ համագործակցությամբ ի վիճակի կլինենք ընդլայնել մեր երկկողմ հարաբերությունները նաև Քաթարի հետ։ Մենք այժմ աշխատում ենք Իրանի և Հայաստանի միջև հաղորդակցությունները զարգացնելու ուղղությամբ, և այժմ շատ ռազմավարական մի մայրուղու կառուցման փուլում ենք, որը կոչվում է Հյուսիս-հարավ և կապում է Վրաստանի հետ մեր սահմանն Իրանի հետ սահմանին։ Մենք հույս ունենք, որ այդ ծրագրի արդյունքում մեր տնտեսական հարաբերությունները Իրանի հետ կզարգանան։ Եվ իմիջիայլոց, Եվրասիական տնտեսական միությունը, ես արդեն ասացի, որ Հայաստանը դրա անդամն է, Իրանի հետ ունի ազատ առևտրի պայմանագիր, որը շատ կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների համատեքստում։ Հարց - «Ալ Ջազիրա» - Թույլ տվեք եզրափակել հարցազրույցը արաբական երկրներ Ձեր այցերի անդրադարձով: Ի՞նչ եք ակնկալում արաբական աշխարհից: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պետք է նշեմ, որ Հայաստանում շատ ջերմ վերաբերմունք կա Արաբական աշխարհի նկատմամբ, որովհետև մենք ունենք ավանդական հարաբերություններ: Այժմ ես Հայաստանի ու Քաթարի միջև երկկողմ առևտրի աճի հույս ունեմ, որովհետև այս հիասքանչ երկրի հետ մեր երկկողմ հարաբերություններում առկա է շատ դրական քաղաքական միջավայր։ «Ալ Ջազիրա» - Շնորհակալություն հարցազրույցի համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն:
10:18 - 14 հունիսի, 2022
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդին

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդին

Պաշտոնական այցով Դոհայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ներդրումային գործակալության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը խոսել է այս ուղղություններով ՀՀ կառավարության առաջնահերթությունների ու այն հեռանկարային նախագծերի մասին, որոնց իրականացման ուղղությամբ հնարավոր է հաստատել սերտ համագործակցություն: Մանսուր Ալ-Մահմուդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գլխավորած գործակալությունը պատրաստ է արդյունավետ փոխգործակցություն հաստատել հայկական կողմի հետ:
19:28 - 13 հունիսի, 2022
ՀՀ վարչապետը և Կատարի Էմիրը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

ՀՀ վարչապետը և Կատարի Էմիրը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Ողջունելով վարչապետ Փաշինյանին` Կատարի էմիրը բարձր է գնահատել Հայաստանի և Կատարի միջև ձևավորված բարիդրացիական հարաբերություններն ու փոխվստահությունը` ընդգծելով, որ կատարական կողմը շահագրգիռ է զարգացնել ու ամրապնդել երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի հայ-կատարական համագործակցությանը, այդ թվում` տնտեսության և հումանիտար ոլորտներում: Հայաստանի վարչապետն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման երկուստեք պատրաստակամությունը: Կողմերը կարևորել են հարաբերությունների զարգացումը հատկապես տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում ձևավորված գործարար միջավայրին և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել Կատարի ընկերությունների կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացմանը: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցն ու օրակարգով նախատեսված հանդիպումները կնպաստեն ներդրումների և առևտրաշրջանառության ոլորտներում կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Հայաստանի վարչապետը Կատարի էմիրին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:
15:41 - 13 հունիսի, 2022
Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

  Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, Ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։ Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հանդիպման ընթացքում Կատարի Պետության վարչապետը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը: Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Կատարի կառավարությունների միջև փոխգործակցությունն այս այցի արդյունքներով նոր մակարդակի կհասնի: Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի ու Կատարի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ուստի անհրաժեշտ է նոր ազդակ հաղորդել երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Վարչապետը կարևորել է գործարար կապերի զարգացումն ու խորացումը և Կատարի գործարար համայնքի ներկայացուցիչներին հրավիրել Հայաստան` հայ գործընկերների հետ քննարկելու համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը և Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին քննարկել են տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, առևտրաշրջանառության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաև կրթության, այդ թվում` ուսանողների փոխանակման, գիտության, առողջապահության և մշակույթի բնագավառներում գործակցության հնարավորություններին: Ընդգծվել է վերը նշված բոլոր ուղղությունների կապերը զարգացնելու լայն ներուժը, որի իրացման նպատակով երկու երկրների վարչապետները կառավարությունների համապատասխան ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներին տվել են կոնկրետ հանձնարարականներ: Հանդիպման արդյունքներով, Հայաստանի և Կատարի վարչապետների ներկայութամբ, երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և Կատարի Պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդալռահման Ալ Թանին ստորագրել են Հայաստանի և Կատարի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև «Արմենպրես» լրատվական գործակալության և Կատարի ազգային լրատվական գործակալության միջև լրատվության փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին ստորագրել են մայրաքաղաքներ Երևանի և Դոհայի միջև քույր քաղաքների հռչակման համաձայնագիր: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը ստորագրել են Հայաստանի և Կատարի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Կատարի առողջապահության նախարար տիկին Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարին ստորագրել են ՀՀ և ԿՊ միջև առողաջապահության բնագավառում համագործակցության պայմանագիր: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամը ստորագրել են երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր։ Վարչապետ Փաշինյանն այսօր հանդիպում կունենա նաև Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդի հետ։
13:50 - 13 հունիսի, 2022