Հայփոստ

Ներկայացվել է «Հայփոստի» 2020-2025 թթ. զարգացման ռազմավարության նախագիծը

Ներկայացվել է «Հայփոստի» 2020-2025 թթ. զարգացման ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայփոստ» փոստի ազգային օպերատորի 2020-2025թթ. զարգացման ռազմավարության նախագիծը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախ անդրադարձել է վերջին 5 ամսում «Հայփոստ»-ում իրականացված փոփոխություններին. վերագործարկվել է ԱՄՆ-ի գրասենյակը, քայլեր են ձեռնարկվում Չինաստանում «Հայփոստի» ներկայացուցչության բացման ուղղությամբ: Կենսաթոշակներն արդեն վճարվում են էլեկտրոնային համակարգով, բացվել է սահմանամերձ Բարեկամավան համայնքի նոր փոստային բաժանմունքը, գործարկվել է հիբրիդային փոստ ծառայությունը, ակտիվացել է միջազգային համագործակցությունը: Նախատեսվում է մինչև տարեվերջ գործարկել Հայփոստ էլեկտրոնային դրամապանակը: Հուլիսից ՀՀ ողջ տարածքում գործում է «Հայփոստի» աշխատակիցների խրախուսման ծրագիր, օգոստոսին շուրջ 1300 աշխատակիցների շրջանում արձանագրվել է մոտ 25 տոկոս միջին աշխատավարձերի աճ: Ներկայացնելով «Հայփոստ» ՓԲԸ 2020-2025թթ. զարգացման ռազմավարության նախագիծը՝ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը խոսել է գույքագրված խնդիրների, ընթացիկ վիճակի և զարգացման տեսլականի մասին: Նրա խոսքով՝ ռազմավարությունը մշակվել է խորհրդատու կազմակերպության հետ համատեղ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա: 2020-2025թթ. բարեփոխումների իրականացմամբ ակնկալվում է «Հայփոստը» դարձնել արդյունավետ կառավարմամբ և շահութաբեր բիզնես մոդելով փոստային կապի ազգային օպերատոր: Ռազմավարական նպատակներն են՝ ապահովել բարձրակարգ փոստային կապի հասանելիություն ՀՀ տարածքում և ՀՀ-ից դուրս, համաչափ զարգացնել ենթակառուցվածքները, մատուցել որակյալ ինչպես փոստային, այնպես էլ լրացուցիչ ծառայություններ և ներդնել թվային նոր լուծումներ: Առաջարկվում է թիրախային դիտարկել վճարահաշվարկային, լոգիստիկ, էլեկտրոնային առևտրի, ֆինանսական, պետական ծառայությունների, գույքի կառավարման ոլորտները: Ներկայացվել են այս ուղղություններով առաջարկվող միջոցառումները, ինչպես նաև կանխատեսվող հիմնական ցուցանիշները: Ռազմավարության վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Քննարկվել են «Հայփոստ» ցանցի բարելավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, գոյություն ունեցող, նախատեսվող և նոր, այդ թվում՝ պետական ծառայությունների մատուցմանը, բարեփոխումների շղթայական ազդեցությանը, ծախսարդյունավետությանը վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ «Հայփոստը» լայն ներկայացվածություն ունի Հայաստանի ողջ տարածքում, և դա հնարավորություն է տալիս բարեփոխումները դիտարկել ոչ միայն փոստային ծառայության բարելավման, այլև հարակից ենթակառուցվածքների շղթայական զարգացման և կորպորատիվ մշակույթի ներդրման տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լրամշակել նախագիծը, հստակեցնել այն պետական ծառայությունների շրջանակը, որոնք կարող են մատուցվել «Հայփոստ»-ի կողմից, քարտեզագրել և ներկայացնել քննարկման: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև ներկայացնել կազմակերպության անշարժ գույքի շահավետ կառավարման մանրամասն նախագիծ:
17:15 - 09 սեպտեմբերի, 2020
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական աջակցություն կցուցաբերի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխայի

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական աջակցություն կցուցաբերի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխայի

ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական օգնություն կտրամադրի 0-18 տարեկան 3110 երեխաների, որոնց ընտանիքները պետական ընտանեկան նպաստի համակարգի շահառուներ են: Միանվագ դրամական օգնությունը կկազմի 26 500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի ողջ տարածքում բնակվող, նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաները: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև: «Քանի որ հազարավոր ծնողներ պայքարում են իրենց կենցաղն ու եկամուտը ապահովելու համար, ՀՀ կառավարությունը այս ընթացքում աշխատել է ընդլայնել սոցիալական պաշտպանության միջոցառումները, որպեսզի հասնի ամենախոցելի անձանց։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ մենք հույս ունենք օժանդակել ոչ միայն հաշմանդամություն ունեցող ամենախոցելի երեխաներին, այլև՝ քարտեզագրել առողջապահական և սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների կարիքը հանրապետության ողջ տարածքում և միասնական մոտեցում մշակել՝ հետագայում այս ծառայությունները համակարգելու և իրականացնելու ուղղությամբ»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 82,415,000 դրամ: Աջակցության գումարի չափը որոշվել է նախարարության հետ համատեղ՝ հիմնվելով նախկին սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթների և նվազագույն սպառողական զամբյուղն ապահովելու համար անհրաժեշտ միջոցների հաշվարկի վրա. «Հաշմանդամություն ունեցող երեխաները, հատկապես նրանք, ովքեր ապրում են ամենաաղքատ տնային տնտեսություններում, անհամաչափորեն են զգում կորոնավիրուսային համավարակի բացասական ազդեցությունը։ Հետևաբար՝ նրանց լրացուցիչ աջակցություն է հարկավոր ճգնաժամին դիմակայելու համար։ Եթե համակարգված գործողություններ չիրականացնենք կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական ազդեցությունը չեզոքացնելու և համավարակին պատասխան հարված հասցնելու համար, արդեն իսկ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող հազարավոր երխաներ, է՛լ ավելի ծանր իրավիճակում կհայտնվեն», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարք-Հաթինգը։ Աջակցությունը տրամադրվելու է հանրապետության սոցիալական պաշտպանության համակարգի և գանձապետարանի միջոցով ամսական ընտանեկան նպաստների վճարումների հետ համատեղ՝ համագործակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրելու պահից մեկ-երկու ամիսների ընթացքում։ Տրամադրված աջակցության գործընթացին գործընկերները հետևելու են համատեղ։ Բացի միանվագ դրամական աջակցությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մշակել է տեղեկատվական փաթեթ՝ ծրագրի շահառու հանդիսացող հաշմանդամություն ունեցող 3110 երեխաների ծնողների և խնամակալների համար, որը կբաշխի «Հայփոստ»-ի աջակցությամբ: Որպես երկարաժամկետ աջակցություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել տեխնիկական աջակցություն՝ հոգեկան առողջության և հոգե-սոցիալական աջակցության ծառայությունները զարգացնելու համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների համար: Նշենք, որ աջակցությունը տրամադրվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի կառավարության միջև համագործակցության 2016-2020 թթ. ծրագրի համաձայն, ինչպես նաև 2019-2020 թ. գործողությունների երկամյա ծրագրի, ՄԱԿ-ի ՔՈՎԻԴ-19 բազմոլորտ արձագանքման և ՄԱԿ-ի համատեղ «ՔՈՎԻԴ-19-ը և կայունությունը Հայաստանում՝ խոցելի մարդկանց և համայնքների վրա սոցիալ-տնտեսական ազդեցության մեղմման» ծրագրի շրջանակներում:
11:47 - 31 օգոստոսի, 2020
Օգոստոսի 27-ից քաղաքացիները կարող են թույլատրելի քանակի դեղեր պարունակող առաքանիները ստանալ «Հայփոստ» ընկերության փոստային բաժանմունքներում

Օգոստոսի 27-ից քաղաքացիները կարող են թույլատրելի քանակի դեղեր պարունակող առաքանիները ստանալ «Հայփոստ» ընկերության փոստային բաժանմունքներում

Օգոստոսի 27-ից սկսած քաղաքացիները կարող են ստանալ թույլատրելի քանակի դեղեր պարունակող առաքանիները (տարին մեկ անգամ, ոչ ավել քան 5 անվանում, յուրաքանչյուրից մինչև 3 սպառողական փաթեթ չափաքանակով) «Հայփոստ» ընկերության փոստային բաժանմունքներում։ Այս մասին տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Նոր օրենքի համաձայն՝ դեղորայքը ներմուծող քաղաքացու տվյալները` անձնագրային և ՀԾՀ պետք է գրանցվեն համապատասխան բազաներում: Այսուհետ «Հայփոստ» ընկերությունը լիազորված է քաղաքացիներից հարցման միջոցով անհրաժեշտ տվյալները ստանալուն պես դեղորայքի թույլատրելի խմբաքանակն ուղարկել իր բաժանմունքներ, որտեղից քաղաքացիները դրանք կստանան։Միևնույն ժամանակ «Հայփոստ» ընկերությունը սահմանված կարգով կծանուցի դեղորայք ստացող իր հաճախորդներին, թե մինչև երբ կգործի տվյալ քաղաքացու կողմից միջազգային փոստային փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով դեղերի ներմուծման տարեկան սահմանափակումը։ Ուշադրություն. եթե առաքանին ներառում է 5 անվանում և/կամ յուրաքանչյուր անվանումից 3 սպառողական փաթեթից ավելի դեղորայք, ապա ՀՀ մաքսային ծառայությունը կարող է այն տրամադրել քաղաքացուն միայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված՝ դեղերի ներմուծման հավաստագրի ներկայացման պարագայում: Հաճախորդի ցանկության դեպքում «Հայփոստ» ընկերությունն ինքը կարող է հաճախորդի փոխարեն դիմել ՀՀ առողջապահության նախարարություն և թույլտվություն ստանալու դեպքում առաքել տվյալ դեղը բաժանմունք։ Առողջապահության նախարարությունը թույլատրում է քանակը գերազանցող գրանցված կամ չգրանցված դեղերի ՀՀ ներմուծումը, այն դեպքում եթե դրանք կամ դրանց համարժեքները բացակայում են Հայաստանի Հանրապետության դեղագործական շուկայում։
16:43 - 26 օգոստոսի, 2020
Դեղերի առաքման գործընթացը փոստային կապի միջոցով պարզեցվել է

Դեղերի առաքման գործընթացը փոստային կապի միջոցով պարզեցվել է

Այսուհետ Հայփոստի միջոցով դեղեր ներմուծող քաղաքացիներն իրենց առաքանիները կստանան առանց ՀՀ մաքսային ծառայության կողմից բեռի պահման, եթե առաքանիում առկա դեղամիջոցը համապատասխանում է հետևյալ սահմանափակմանը. քաղաքացին ներմուծում է տվյալ դեղամիջոցը առաջին անգամ (տարվա մեջ միայն մեկ անգամ) և դեղամիջոցը չի գերազանցում թվով 5 անվանում (յուրաքանչյուր անվանումից մինչև 3 տուփ/սպառողական փաթեթ)։ Այս մասին հայտնում է Հայփոստը։ Նախկինում դեղեր պարունակելու պատճառով ՀՀ մաքսային ծառայության կողմից պահված առաքանիների վերաբերյալ Մաքսային մարմինների և «Հայփոստ» ընկերության կողմից մշակվում է ընթացակարգ` դրանք քաղաքացիներին հանձնելու համար: Ընթացակարգի մասին ՀՀ քաղաքացիները կտեղեկացվեն վերջինիս հաստատման պահից: Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1302-Ն որոշումը, ըստ որի` ֆիզիկական անձինք կարող են միջազգային փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ ներմուծել մինչեւ 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղեր, «Հայփոստ» ընկերությունը ներկայացնում է փոստի միջոցով առաքվող արգելված ապրանքների թարմացված ցանկը:
16:18 - 20 օգոստոսի, 2020
Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները. մաս 2 |fip.am|

Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները. մաս 2 |fip.am|

fip.am: Անկախացումից հետո Հայաստանի ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ, ենթակառուցվածքներ տարբեր պատճառաբանություններով և փաստարկներով մասնավորեցվեցին և վաճառվեցին, հանձնվեցին օտարերկրյա կառավարման։   Նախորդ հոդվածում անդրադարձ էր կատարվել «Գույք պարտքի դիմաց» պայմանագրին, ինչպես նաև ՀԷՑ-ի և «Հայգազի» վաճառքի պատմություններին: Երկրորդ մասում կներկայացնենք «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքի, ինչպես նաև երկաթուղու, ջրամատակարարման համակարգի, Մեծամորի ատոմակայանի և «Հայփոստի» հավատարմագրային կառավարումն օտարերկրյա կազմակերպություններին տրամադրելու պատմությունները։ «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադ «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադը յոթ ՀԷԿ-երի՝ Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի համակարգ է, որի գումարային հզորությունը կազմում է 559.4 մՎտ, իսկ տարեկան նախագծային արտադրանքը՝ 2.32 մլրդ կՎտ.ժամ:  2003 թվականին Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարության որոշմամբ Մեծամորի ատոմակայանի միջուկային վառելիքի դիմաց գոյացած պարտքը մարելու նպատակով ընդամենը 25 միլիոն դոլարի դիմաց 7 ՀԷԿ-ից բաղկացած կասկադը տրվեց «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ-ին («ՄԷԿ» ՓԲԸ), որը պատկանում էր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը: 2011 թվականին «ՌուսՀիդրոն» ձեռք բերեց «ՄԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը: 2019 թվականին հայտնի դարձավ, որ «Սևան-Հրազդան» կասկադը ակտիվների և պասիվների հետ միասին 173 միլիոն ռուբլով վաճառվել է «Տաշիր» ընկերությանը:  Ջրամատակարարում Մինչև 2016 թվականը Հայաստանում ջրամատակարարում իրականացնում էր 5 ընկերություն՝ «Երևան Ջուրը», «Հայջրմուղկոյուղին», «Լոռի-ջրմուղկոյուղին» «Շիրակ-ջրմուղկոյուղին» և «Նոր Ակունքը»: Ընդ որում, 2006 թվականից դրանց կառավարումն իրականացնում էին երկու ֆրանսիական ընկերություններ. «Երևան Ջուրը» կառավարում էր «Վեոլիա Գրուպը», իսկ մնացածը՝ սկսած 2004 թվականից՝ «Սուարը»: 2016 թվականին ջրամատակարարման համակարգը կառավարման հանձնվեց մեկ ընկերության: Կառավարությունը պայմանագիր կնքեց ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերության հետ: 800 միլիոն եվրո արժեցած գործարքով ընկերությունը 15 տարով վարձակալեց նախկինում 5 ընկերությունների կողմից օգտագործվող և պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը:  Մեծամորի ատոմակայանը Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը և մասնավորեցման ենթակա չեն: Սակայն դրա կառավարման իրավունքը հանձնվել է օտարերկրյա կազմակերպությունների: 2003 թվականին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ին փոխանցվեց Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարումը։ ԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման իրավունքը ռուսական ընկերությանը փոխանցվեց այն բանից հետո, երբ տարեկան 100 միլիոն դոլարի հոսանք արտադրող ԱԷԿ-ն այլևս չէր կարողանում վճարել Ռուսաստանից ներկրված միջուկային վառելիքի դիմաց գոյացած մոտ 40 միլիոն դոլար պարտքը։ ԱԷԿ-ի ստացած շահույթի 25 տոկոսը ստանալու էր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ» ընկերությունը, մնացած 75 տոկոսը՝ Հայաստանի կառավարությունը:  2012 թվականին պայմանագիրը կասեցվեց ռուսական ընկերության դիմումի համաձայն, քանի որ, ըստ ռուսական լրատվամիջոցների, աշխատանքային պայմանները շահավետ չէին: Հարցմանն ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնեցին, որ ներկայում ատոմակայանը հանձնված չէ հավատարմագրային կառավարման և պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:  Երկաթուղի 2007 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատեց հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման մասին որոշումը: 2008 թվականի  փետրվարին կառավարությունը հավանության արժանացրեց Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու վերաբերյալ որոշումը: Ռուսական կողմին հանձնված կառավարման ժամկետը 30 տարի է՝ քսան տարվա աշխատանքից հետո տասը տարի երկարաձգելու իրավունքով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցվեց 2004 թվականին, երբ կառավարությունը 132 միլիոն դոլարի դիմաց գործարանը օտարեց 4 ընկերության: Գերմանական «Քրոնիմեդ» ընկերությունը ստացավ կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, Երևանի «Մաքուր երկաթ» գործարանը՝ 15 տոկոսը, «Արմենիան Մոլիբդենիում Փրոդակշըն» և «Զանգեզուր Մայնինգ» փակ բաժնետիրական ընկերությունները՝ 12․5-ական տոկոսը։ 2014 թվականին «Քրոնիմեդը» գնեց «Մաքուր երկաթ» գործարանի բաժնեմասերը: Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկի բաժնետերերի մասին մանրամասն անդրադարձ էր կատարել «Սիվիլնեթը»՝ բացահայտելով կոմբինատի կապը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի  և այլ անձանց հետ: «Հայփոստ» Փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միանձնյա սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է: Այն ծառայություններ է մատուցում Հայաստանի ողջ տարածքում՝ 900 փոստային բաժանմունքներում:  2004 թվականին ընկերության հավատարմագրային կառավարումը կառավարության որոշմամբ անցավ «Կոնվերս Ինվեստ» ընկերությանը, ապա՝ ընդամենը երկու տարի անց, կառավարիչը փոխվեց: 2006 թվականին կառավարության որոշմամբ «Հայփոստի» հավատարմագրային կառավարման պատասխանատվությունը ստանձնեց նիդերլանդական «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո էռնեկյանին: Գործընթացն իրականացվեց առանց մրցույթի:  2015 թվականին, արդեն Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը որոշում կայացրեց՝ ընկերությունն ամբողջովին մասնավորեցնելու մասին: Ըստ կառավարության ներկայացուցիչների՝ մասնավորեցումը նպաստելու էր կապի ոլորտի զարգացմանը և նոր ներդրումների իրականացմանը: Սակայն 2019 թվականին կառավարության դիրքորոշումն այս հարցում փոխվեց: Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանն Ազգային ժողովում հայտարարեց, որ «Հայփոստը» կարևոր է պետական ծառայությունների մատակարարման տեսանկյունից, և այդ պատճառով դրա մասնավորեցումը նպատակահարմար չէ: 2020 թվականին՝ 16 տարվա հավատարմագրային կառավարումից հետո, «Հայփոստն» անցավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Այսպիսով, այսօր Հայաստանի էներգետիկ ոլորտում բացարձակ գերիշխող դիրքեր են զբաղեցնում ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը և ռուսական «Գազպրոմ Արմենիան»: Լուսինե Ոսկանյան
16:14 - 14 օգոստոսի, 2020
Հայփոստի նոր «Հիբրիդ փոստ» ծառայությունը կխնայի պետական մարմինների միջոցները

Հայփոստի նոր «Հիբրիդ փոստ» ծառայությունը կխնայի պետական մարմինների միջոցները

«Հայփոստ» ընկերությունը պետական մի շարք մարմինների հետ համատեղ ներդրել է «Հիբրիդ փոստ ծառայություն» նոր համակարգը, որի առաջին գործարկումը եղավ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Հիբրիդ փոստ համակարգը համատեղում է նույն նամակի էլեկտրոնային և թղթային տարբերակները՝ ապահովելով հարմարավետություն, արագություն և, ամենակարևորը, ծախսերի օպտիմալացում ու ռեսուրսների խնայողություն: Ինչպես է աշխատում նոր Հիբրիդ փոստ ծառայությունը: Նամակը էլեկտրոնային ձևաչափով ուղարկվում է Հայփոստ, որտեղ այն տպվում և ծրարավորվում է հատուկ սարքավորումների միջոցով՝ առավելագույնս նվազեցնելով մարդկային միջամտությունը՝ օպտիմալացնելով նամակնբ ուղարկող պետական գերատեսչության ծախսը: Մեկ օրում սարքավորումը թողարկում է շուրջ 10 000 նամակ: Գործընթացն իրականացվում է Փոստի փոխանակման կենտրոնի հատուկ առանձնացված տեղամասում, որը հագեցած է տեսահսկման համակարգով: Ծառայությունն իրականացվում է կատարյալ գաղտնիություն ապահովմամբ: «Հայփոստ» ընկերությունը նախատեսում է նմանատիպ տեսակավորման կենտրոններ գործարկել նաև մարզերում, ինչը թույլ կտա կոնկրետ մարզ հասցեագրված էլեկտրոնային նամակը թղթային տարբերակի վերածել հենց տվյալ մարզում՝ դարձյալ խնայելով մայրաքաղաքից մարզ թղթային նամակ առաքելու ժամանակը: Անդրադառնալով ծառայության առավելություններին՝ «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց. «Համակարգի ներդրումը մեր ընկերության ծառայությունների թվայնացման և արդիականացման գլոբալ գործընթացի մի մասն է: Մեր գլխավոր նպատակը եղել է պետական գերատեսչությունների համար աշխատանքի ավտոմատացումն ու ֆինանսական ծախսերի օպտիմալացումը, օպերատիվության ապահովումը: Եթե նախկինում Երևան քաղաքում գործընթացը տևում էր 4-5 օր, ապա Հիբրիդ փոստի միջոցով այն կրճատվում է՝ դառնալով 1 օր, իսկ մարզերում՝ 7 օրվա փոխարեն կդառնա 4 օր»: Հիբրիդ փոստ ծառայության օգտատերերը անվճար օնլայն ծրագրի միջոցով կարող են հետևել նամակի առաքման ընթացքին, ինչպես նաև՝ օպերատիվ տեղեկություն ստանալ հանձնման/ անհաջող հանձնման վերաբերյալ:
15:09 - 03 օգոստոսի, 2020
«Հայփոստը» հորդորում է կենսաթոշակ և նպաստ ստանալու համար փոստային բաժանմունք չայցելել

«Հայփոստը» հորդորում է կենսաթոշակ և նպաստ ստանալու համար փոստային բաժանմունք չայցելել

Հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը՝ հանրապետությունում այս ամիս ևս կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով։ «Հայփոստը» հորդորում է կենսաթոշակ և նպաստ ստանալու համար փոստային բաժանմունք չայցելել։ Սա թույլ կտա խուսափել բաժանմունքներում մարդկային կուտակումներից: Փոստային բաժանմունքները օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարումները կիրականացնեն օգոստոսի 4-ից մինչև 20-ը ներառյալ: Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի) հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, օգոստոսի 10-ից սկսած՝ խստագույնս պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները:
12:17 - 31 հուլիսի, 2020
Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի

Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի։ Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Այցի ընթացքում ԶՈՒ երրորդ կորպուսի հրամանատարական կազմի հետ քննարկվել են հուլիսյան մարտերի ընթացքում հայկական արտադրության ԱԹՍ-ների, արդիականացված հակաօդային պաշտպանության զինատեսակների և այլ միջոցների կիրառման առանձնահատկություներն ու արդյունավետությունը։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստյանի և Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկվել են սահմանամերձ գոտիներում մարզային թվային հեռուստատեսությունների և ռադիոյի հեռարձակման, ինչպես նաև բջջային ցանցի և ինտերնետի հասանելիությանը վերաբերող  հարցեր։ Այցի արդյունքում ՀՀ ԲՏԱ նախարարի հանձնարարականով սահմանամերձ գոտում կանցկացվեն ռադիո հաճախականությունների չափագրումներ և ռադիո ծածկույթի, բջջային և ինտերնետ  ցանցի քարտեզագրման աշխատանքներ, և քայլեր կձեռնարկվեն թվային հեռուստատեսային ցանցի բարելավման, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կապի և օպտիկա մանրաթելային ինտերնետի հասանելիության ընդլայնման ուղղություններով։ Շարունակական բնույթ կկրի նաև «Հայփոստի» բաժանմունքների արդիականացման ծրագիրը՝ հատկապես սահմանամերձ համայնքներում։
10:12 - 29 հուլիսի, 2020
 Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ

Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ

Միանալով Համաշխարհային Փոստային Միության համակարգի նոր ծրագրին՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն Ռուսաստանի փոստի (Почта России) հետ համատեղ  մեկնարկել է   դրամական փոխանցումների նոր «PosTransfer» համակարգ: Սա դրամական փոխանցումների նորագույն համակարգի առաջին գործարկումն է ոչ միայն ԱՊՀ երկրների տարածքում, այլև Համաշխարհային Փոստային Միության անդամ երկրների շրջանում: Այս մասին հայտնում են Հայփոստից։ Համակարգը հնարավորություն է ստեղծում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ դրամական փոխանցումներ կատարել Հայաստանի և Ռուսաստանի բոլոր բաժանմունքներում ընդամենը 1,2% միջնորդավճարով:  Հայաստանում դրամական փոխանցումները սպասարկվելու են ավելի քան 800 փոստային բաժանմունքներում, իսկ ՌԴ-ում՝ ավելի քան 30 000 սպասարկման կետում, ինչը նշանակում է, որ այսուհետ Հայփոստի միջոցով դրամական փոխանցումները հասանելի կլինեն ցանկացած նույնիսկ ամենահեռավոր համայնքում: Համակարգը հասանելի է նաև օնլայն ռեժիմով և ապահովում է առավելագույն օպերատիվություն, դրամական փոխանցումն իրականացնելուց 15 րոպե անց հասցեատերը Հայաստանի կամ Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքում կարող է ստանալ իր գումարը: Միասնական դրամական փոխանցումների համակարգ ստեղծելու որոշումը կայացվել էր 2016թ-ի սեպտեմբերին Ստամբուլում կայացած Համաշխարհային Փոստային Միության կոնգրեսի ընթացքում: Սպասվում է, որ Համաշխարհային Փոստային Միության անդամ մնացած երկրները կմիանան PosTransfer համակարգին հետագա փուլերում: Համաշխարհային Փոստային Միությունը միավորում է 193 երկիր, հանդիսանում է միջազգային միջկառավարական կազմակերպություն և ունի ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատության կարգավիճակ:
14:13 - 22 հուլիսի, 2020
Նշանակվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը

Նշանակվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը

 «Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի հուլիսի  6-ի նիստին կայացած մրցույթի արդյունքներով՝ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել և նշանակվել է Հայկ Կարապետյանը: Այս մասին տեղեկացրին «Հայփոստ» ընկերությունից։ «Նշենք, որ Հայկ Կարապետյանը սույն թվականի ապրիլի 20-ից իրականացրել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար: Ստորև ներկայացնում ենք Հայկ Կարապետյանի կենսագրական տվյալները: Աշխատանքային փորձ 2019թ. հուլիս — 2020 թ. ապրիլ Round Bank («Բանկ Ռաունդ» ՍՊԸ) ք․ Մոսկվա, Պրոդուկտների գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ    2016թ. օգոստոս  —2019թ.  հունվար Beeline VEON GROUP («ՎԵՈՆ Արմենիա»  ՓԲԸ) ք․ Երևան, Կոմերցիոն տնօրեն   2014թ. հոկտեմբեր —2016թ.  օգոստոս MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), ք․ Մոսկվա Ֆինանսական ծառայությունների գծով տնօրեն   2011թ. հոկտեմբեր —2014թ.  սեպտեմբեր MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), ք․ Մոսկվա Մանրածախ ֆինանսական պրոդուկտների գծով ղեկավար   2010թ. օգոստոս - 2011 թ. սեպտեմբեր MTT, Multiregional Transit Telecom, (Միջտարածաշրջանային ՏրանզիտՏելեկոմ ԲԲԸ), ք․ Մոսկվա Ինտերնետային բիզնեսի նախագծերի բաժնի տնօրեն   2008թ. օգոստոս - 2010 թ. օգոստոս Viva-Cell MTS ՄՏՍ Հայաստան («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ), ք․ Երևան Առաքման ուղիների գծով ավագ  համակարգող   2007թ. մայիս - 2008 թ. օգոստոս Qiwi (Qiwi-Հայաստան) Երևան, Տնօրեն   2006թ․ հուլիս - 2007 թ.մայիս Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը Մոսկվայում Հատուկ նախագծերի գծով ներկայացուցչության ղեկավարի տեղակալ   Կրթություն Ն.Է. Բաումանի անվան Մոսկվայի Պետական Տեխնիկական Համալսարան, Ինֆորմատիկայի և կառավարման համակարգերի ինժեներ մասնագիտությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
18:19 - 07 հուլիսի, 2020
Հայփոստը սկսում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի փորձարկումը

Հայփոստը սկսում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի փորձարկումը

«Հայփոստ» ընկերությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օժանդակությամբ  գործարկում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի նոր պիլոտային ծրագիր, որն ընկերության ծառայությունների թվայնացման և արդիականացման գործընթացի կարևոր մաս է կազմում:   Ծրագրով նախատեսվում է էլեկտրոնային սարքերի կիրառմամբ կենսաթոշակների  վճարման նոր համակարգի ներդնում, որը սկզբունքորեն կփոխի մինչ այդ գործող ՝ թղթային ցուցակներով վճարման համակարգը: Էլեկտրոնային նորարարությունը հնարավորություն կտա  ծառայության որակը համապատասխանեցնել  միջազգային չափանիշներին՝ բարձրացնելով ոլորտի վերահսկողության որակն ու նվազեցնելով առկա ռիսկերը: Նախատեսվում է փոստատարների կողմից էլեկտրոնային սարքերի (պլանշետների) կիրառում, որոնց միջոցով առցանց համակարգ կմուտքագրվի նաև  կենսաթոշակառուի բնակության վայրում կատարված վճարման տեղեկատվությունը, ինչպես նաև ՝ վճարման ճշգրիտ ժամը, վայրը և անհրաժեշտ այլ տվյալներ: Պիլոտային ծրագիրը կմեկնարկի մայրաքաղաք Երևանի Ավան վարչական շրջանի փոստային բաժանմունքներում: Անդրադառնալով ծրագրին՝ «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը նշեց. «Սա պիլոտային ծրագրի մեկնարկն է: Այս ծրագիրն առաջիկայում՝ հաջող փորձարկումից հետո, կկիրառվի ողջ ցանցի մասշտաբով և կներառի այլ ծառայություններ: Ծրագրի կարևորագույն բաղադրիչ է Հայփոստի աշխատակիցների վերապատրաստումը. մենք կարևորում ենք մեր աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացման և աճի հնարավորությունները՝ չդնելով որևէ տարիքային սահմանափակում:  Վստահ եմ՝ սա կտրուկ կբարձրացնի Հայփոստի ծառայությունների որակը»: «Հայփոստ» ընկերությունն արդեն սկսել է  փոստատարների ուսուցումը համապատասխան էլեկտրոնային սարքերի միջոցով: Պարբերաբար իրականացվում է էլեկտրոնային համակարգի գործառույթների թեստավորում և համակարգի փորձնական շահագործում՝ փոստատերների մասնակցությամբ: «Հայփոստ» ՓԲԸ
14:23 - 01 հուլիսի, 2020
«Հայփոստ»-ը՝ էլ. առևտրի առաքման ծառայություն ապահովող. մշակվում է նոր տեսլական |armenpress.am|

«Հայփոստ»-ը՝ էլ. առևտրի առաքման ծառայություն ապահովող. մշակվում է նոր տեսլական |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Հայփոստ»-ի ղեկավարության հետ աշխատում է ազգային փոստային օպերատորի նոր տեսլականի ձևավորման ուղղությամբ. նախատեսվում է, որ «Հայփոստ»-ը կատարի նաև էլեկտրոնային տարբերակով գնված ապրանքների առաքման ծառայություն:  Այս մասին հայտնեց  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը՝ տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց հանդիպմանը: ««Հայփոստ»-ը մեր նախարարության ենթակայության տակ է: Այն մեր ազգային փոստային օպերատորն է և հասանելիություն ունի ամբողջ հանրապետության տարածքում՝ մինչև հեռավոր գյուղեր: Մենք «Հայփոստ»-ի ղեկավարության հետ աշխատում ենք նրանց ռազմավարության և նոր տեսլականի ձևավորման ուղղությամբ: Եվ այստեղ տեսնում ենք հստակ ենթակառուցվածքի ձևավորման հնարավորություն, որպեսզի «Հայփոստ»-ը հանդիսանա էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային հարթակների համար առաքման ծառայություն ապահովող, մինչև քաղաքացուն հասցնող»,-ասաց փոխնախարարը:  Այսպիսով հնարավոր է, որ մարդն օգտվի էլեկտրոնային խանութից, առևտուր անի, և ապրանքը նրան հասնի հենց «Հայփոստ»-ի ծառայության միջոցով: Ծատուրյանը նկատեց, որ միջազգային շուկայում օրինակ Amazon-ը, eBay-ը, Aliexpress-ը աշխատում են այլ ընկերությունների հետ, որոնք համապատասխան  ենթակառուցվածքային ծառայություններ են ապահովում: Այսինքն՝ հնարավոր է ընտրել ապրանքը, միևնույն ժամանակ ընտրել, թե երբ ես ցանկանում ստանալ այն: Այսպիսով մարդը կարող է ավելի վճարել մեկ օրում ստանալու համար, եթե ոչ՝ 2 կամ ավելի օրերում: Ծատուրյանը նշեց՝ սա ենթակառուցվածքային խնդիր է, որն ունեն «Հայփոստ»-ի տեսլականում:  Նա նկատեց, որ կորոնավիրուսի իրավիճակում առևտրով զբաղված շատ փոքր ձեռնարկություններ ստիպված են եղել իրենց գործունեությունը դադարեցնել: Իսկ այն տնտեսավարողները, որոնք ունեին էլեկտրոնային առևտրի գոնե որոշակի հատված, հաջողել են իրենց բիզնեսը չկանգնեցնելու հարցում:  ««Հայփոստ»-ի կողմից միգուցե կառաջարկվի պլատֆորմային մոտեցում, որպեսզի խանութները նմանատիպ ծառայություններ վիրտուալ տարբերակով կարողանան վերցնել: Մենք քննարկում ենք մոտեցումները»,-նշեց փոխնախարարը:
16:48 - 20 մայիսի, 2020
ՊԵԿ. Կանխվել է թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը

ՊԵԿ. Կանխվել է թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ համատեղ բացահայտել  թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը։ Մասնավորապես՝ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոնում զննության է ենթարկվել ԱՄՆ-ից ներմուծված միջազգային փոստային առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է էլեկտրոնային սիգարետի համար նախատեսված  50  մուշտուկ` յուրաքանչյուրը լցված «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութի  նմանվող դարչնագույն զանգվածով: Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությանը:
17:38 - 27 ապրիլի, 2020