Հայաստան համահայկական հիմնադրամ

Հիմնադրվելով 1992 թվականին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը եզակի մի կառույց է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը ապահովող ծրագրեր։

Հիմնադրման օրվանից ի վեր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացրել է շուրջ 1300 խոշոր ծրագիր ենթակառուցվածքների, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով։

2018 թ․ սեպտեմբերի 24-ին հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Հայկակ Արշամյանը։ 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում նոր ծրագրեր է սկսում. Արայիկ Հարությունյանն ընդունել է կառույցի ներկայացուցչին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում նոր ծրագրեր է սկսում. Արայիկ Հարությունյանն ընդունել է կառույցի ներկայացուցչին

Ապրիլի 14-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Քննարկվել են Հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող շինարարության ընթացքն ու նոր սկսվելիք ծրագրերը: Կառույցի փոխտնօրենը տեղեկացրել է, որ Ստեփանակերտում մի քանի բազմաբնակարան շենքերի կառուցման մրցույթներ են հայտարարված, նախագծման փուլում են Ասկերանի շրջանում մի քանի նոր բնակավայրեր: Լրացվել է այն համայնքների շարքը, որոնք առաջիկայում մայրուղիներին կապող ասֆալտապատ ճանապարհներ կունենան: Նախագահ Հարությունյանը իր խոսքում կարևորել է հատկապես Կարմիր շուկա բնակավայրում իրականացվելիք շինարարական աշխատանքները: Հաշվի առնելով բնակավայրի ռազմավարական նշանակությունը՝ Հիմնադրամն այնտեղ 100 տուն կառուցելու հովանավորություն է ստանձնել, որոնց հողային աշխատանքները սկսվելու են առաջիկա օրերին:
17:06 - 14 ապրիլի, 2021
Մենք զենքի համար գումար չենք հավաքում․ Հայկակ Արշամյան
 |news.am|

Մենք զենքի համար գումար չենք հավաքում․ Հայկակ Արշամյան |news.am|

news.am: Հիմնադրամի նպատակը չէ ռազմական ծախսեր հոգալը, մենք շարժվել ենք մեր կանոնադրությամբ, օրենքով։  Այս մասին, ի պատասխան այն հարցին, թե որքանո՞վ է ճիշտ «Հայաստան» համահայկական հիմնադրամից կառավարությանը գումարներ փոխանցելը և դա չի՞ նշանակում, որ դրանք իրական նպատակին չեն ծառայում, ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։  Հ․Արշամյանը վստահեցրեց, որ կանոնադրական ոչ մի խախտում իրենք թույլ չեն տվել, նաև տեղեկացրեց, որ այդ գումարները հատուկ բացված հաշվեհամարին են փոխանցվել և ոչ թե բյուջետային ծախսերի համար են եղել, այլ ռազմական դրությամբ պայմանավորված հավելյալ ծախսերի։  «Մարդ կա՝ ասում է, որ ես իմ գումարը տվել եմ, որ գնայիք փամփուշտ գնեիք։ Ամբողջ դրամահավաքի, պատերազմի ընթացքում մենք փորձում էինք կանխել, ասում էինք՝ մենք զենքի համար գումար չենք հավաքում։ Մեր գործառույթների մեջ դա չի մտնում»։ Հիմնադրամի ղեկավարն ասաց, որ իրենք պատրաստվում են հաշվետվություն ներկայացնել հանրությանը, թե ինչպես են հիմնադրամի գումարները ծախսվել։  «Երբ մեր աուդիտրական ընկերությունը կտա իր եզրակացությունը 2020-ի մասին, մենք հանրային հաշվետվողականություն կապահովենք»։  Պատերազմի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից, մինչ այսօր հիմնադրամում հավաքվել է 220 մլն դոլար։ «Այսօր դրսում ունենք շուրջ 60 մլն դոլար, որը հավաքված է։ Դրանից մի փոքր պակաս էլ Հայաստանի հաշիվներին կա»,- ասել է Հայկակ Արշամյանը։    
21:38 - 24 մարտի, 2021
«Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են Արցախի վերակառուցման ծրագրերը

«Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են Արցախի վերակառուցման ծրագրերը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայացրել է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստի ընթացքում կայացված որոշումները:  «Սույն թվականի մարտի 15–ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեցին 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Հիմնադրամի կողմից սոցիալական, առողջապահական և ենթակառուցվածքների ոլորտի հրատապ կարիքները հոգալու նպատակով Հայաստանի Հանրապետությանը փոխանցված դրամական միջոցների, ինչպես նաև Արցախի 2021թ. վերակառուցման ծրագրերի հարցերը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Քննարկված առաջին հարցի վերաբերյալ հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, որից հետո ծավալվեց կառուցողական քննարկում: Այս հարցի վերաբերյալ խորհուրդն ընդունեց հայտարարության տեքստ, որը հանրայնացվել է Խորհրդի նիստի ավարտից հետո: Արցախում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ներկայացրեց արդեն կատարված աշխատանքները, ինչպես նաև  արցախահայության հրատապ կարիքները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրեց սոցիալական, կրթական, բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք քայլեր, որոնց նպատակն է Արցախի բնակչության առկա կարիքների բավարարումը և տեղահանվածների սոցիալական ու բնակարանային հարցի լուծումը: Որոշում կայացվեց ծրագրերի առավել մանրամասն նկարագրությունները փոխանցել հոգաբարձուների խորհրդի դիտարկմանը և մոտ ապագայում հաստատել Արցախի վերաշինման ծրագրային ուղղությունները: Նիստի ավարտին հոգաբարձուները կրկին անգամ շնորհակալություն հայտնեցին ավելի քան 750 հազար նվիրատու անձանց և կազմակերպություններին, որոնք շարունակական նվիրվածությամբ մասնակցում են հանգանակություններին և իրենց մշտական ներդրումն ունեն Հայաստանի և Արցախի զարգացման գործում»:
17:24 - 16 մարտի, 2021
«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վստահեցնում է՝ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել

«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վստահեցնում է՝ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել

Երեկ՝ մարտի 15-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նիստ է անցկացրել։ Ըստ խոհրդի հայտարարության՝ նիստն անցել է «կառուցողական մթնոլորտում»։ Խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։ Որոշվել է հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։ «Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը», - ասված է խորհրդի հայտարարությունում։  
14:17 - 16 մարտի, 2021
«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, շահարկումներից վեր կառույց. ՀՀ նախագահ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, շահարկումներից վեր կառույց. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ 29-րդ նիստին, որն անցկացվել է հեռավար: Նիստի ընթացքում քննարկվել են հիմնադրամի կառավարման և գործունեության հետ կապված հարցեր: Մինչև աշխատանքները սկսելը՝ մասնակիցները նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի զոհերի հիշատակը: Այնուհետև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով. «Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այս նիստն արտակարգ է թե՛ իր օրակարգով, թե՛ այն պայմաններով, որոնցում տեղի է ունենում՝ պատերազմի հետևանքներ, քաղաքական լարված իրավիճակ Հայաստանում, կորուստներ ինչպես մարդկային կյանքերի, այնպես էլ տարածքային, ծանր, վիրավոր Արցախ, կորոնավիրուսի համավարակ, սոցիալական, տնտեսական, քաղաքական մեծ ճգնաժամ և դժվարություններ: Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախի մեր բազմաթիվ հայրենակիցներ մարդկային ու նյութական մեծ կորուստներ են կրել, կորցրել են տուն, ունեցվածք, և, ինչն առավել ցավալի է, ոմանք նաև ընտանիք և հարազատներ: Հիմնադրամն այժմ նրանց աջակցելու ծրագիր է իրականացնում: Սակայն այսօր ես ուզում եմ անդրադառնալ մի շատ կարևոր հարցի: Այդ հարցը մեկ բառով կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ վստահություն: Արդեն իսկ առիթ եմ ունեցել ասելու, որ որպես «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ խորապես մտահոգ եմ, որ մեր հայրենակիցների և բարեկամների կողմից հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով որոշ անհանգստություն և դժգոհություն է առաջացել հիմնադրամի գործունեության վերաբերյալ, որն արտահայտվել է և՛ գրավոր, և՛ բանավոր, և՛ նույնիսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առանձին անդամների կողմից: Հիշյալ փաստը նաև շահարկումների առիթ է դարձել: Փորձելու ենք ձեզ հետ միասին շատ կոնկրետ և պրակտիկ պատասխաններ գտնել և լուծել հարցը, որպեսզի հիմնադրամը կարողանա և՛ շարունակել իր գործունեությունը, և՛ իրագործել այն կարևոր ծրագրերը, որոնց համար ստեղծված է: Ամեն ինչ պետք է անենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը լինի բյուրեղային և որևէ ձևով վտանգված չլինի: Ես դեռ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվելիս կարծիք էի հայտնել, որ հիմնադրամը լուրջ փոփոխությունների կարիք ունի: Առաջին նիստի ժամանակ նույնիսկ առաջարկել էի առաջարկություններ ներկայացնել՝ ինչպես բարելավել, կատարելագործել հիմնադրամի գործունեությունը: Այսօրվա արտահերթ նիստը առիթ և հնարավորություն է՝ քննարկելու ոչ միայն վստահության, այն վերականգնելու հարցը, այլև մտածելու կամ գոնե սկսելու մտածել իսկապես արմատական քայլեր ձեռնարկելու մասին՝ հիմնադրամը որպես կառույց և համահայկական երևույթ վերափոխելու ուղղությամբ: Սկսենք ոչ միայն մտածել, այլև գործել այդ ուղղությամբ: Խոսքը վերաբերում է ոչ միայն կանոնադրությանը, այլև ռազմավարությանն ու մարտավարությանը, նաև մշակույթին և մտածողության ձևին: Մյուս կողմից, ուզում եմ նորից կրկնել հոգաբարձուների նախորդ նիստում արտահայտած մի միտք՝ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած փոփոխություն իրավականից մինչև բարոյահոգեբանական, պետք է մեկ հստակ ուղերձ ունենա. «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք և հայություն նպատակակետերով՝ թիրախներով: Ես շարունակում եմ մնալ այն տեսակետին, որ անհրաժեշտ են նոր տեսլական, գործունեության ծրագիր՝ այսօրվան և վաղվան համահունչ, որովհետև այսօր Հայաստանն ու Արցախը տարբեր են, քան ամիսներ առաջ: Այսօր աշխարհն է տարբեր, այսօր մեր հայրենակիցները, որոնք մեր նվիրատուներն են, ապրում են նոր, փոփոխվող աշխարհում, հետևաբար, մենք պետք է լինենք նաև ժամանակակից հիմնադրամ: Եվ իհարկե, պատերազմի և համավարակի հետևանքները մեզ կանգնեցրել են շատ լուրջ մարտահրավերների առջև: Հիմնադրամը, որպես համահայկական կառույց, պարտավորություն ունի լինել այդ խնդիրների լուծման առաջին գծում: Այդ շարքում առաջին հերթին պետք է ներառվեն աջակցությունը մեր զոհված հայրենակիցների ընտանիքներին, վիրավոր զինվորներին, ինչպես նաև՝ նրանց առողջական խնդիրների լուծման, իրենց բնօրրաններից տեղահանված արցախցի մեր հայրենակիցների կեցության հարցերը: Այս ամենից զատ պետք է նախաձեռնվեն և իրականացվեն զարգացման նախագծեր: Այս նիստին քննարկելու ենք հարցեր, որոնք հրատապ են և կենսական: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք: Միևնույն ժամանակ կոչ եմ անում բոլորին՝ մի կողմ դնել բոլոր քաղաքական, անձնական և այլ հետաքրքրություններն ու հարցերը և նպատակ ունենալ կայացնել կշռադատված որոշումներ, որոնք նպաստելու են հիմնադրամի նկատմամբ վստահության վերականգնմանը և այս կառույցն իսկապես դարձնելու այն լոկոմոտիվը, որն իր հետ միասին առաջ է տանելու մնացած բարեգործական հայկական կառույցներին»: Նախագահի բացման խոսքին հաջորդել են քննարկումներն օրակարգի հարցերի շուրջ:
13:55 - 16 մարտի, 2021
Հայաստան-Սփյուռք կապն իրոք թուլացել է․ Զարեհ Սինանյան |factor.am|

Հայաստան-Սփյուռք կապն իրոք թուլացել է․ Զարեհ Սինանյան |factor.am|

factor.am: –Վերջին շրջանում ամենաքննարկվող հարցերից մեկն այն է, որ Հայաստան–Սփյուռք կապը, կարծես, թուլացել է։ Ձեր արձագանքը, խնդրեմ։ -Հայաստան-Սփյուռք կապն իրոք թուլացել է՝ մի քանի պատճառներով։ Մեկը Covid-ի համավարակն էր, որը ֆիզիկապես կտրեց Հայաստանը Սփյուռքից։ Եթե մենք զուգահեռներ անցկացնենք 2019 թվականի հետ, ապա 2020-ին այն հարյուր հազարավոր մարդիկ, երևի՝ միլիոնից ավելի մարդիկ, որոնք գալիս էին Հայաստան, չկարողացան դա անել։ Մենք էլ՝ հայաստանցիներս, չկարողացանք գնալ արտերկիր, որտեղ գտնվում է մեր Սփյուռքը։ Արդյունքում ֆիզիկական կապը կտրվեց, որն իր հետ բերեց կապի թուլացում։ Մենք փորձեցինք այդ բացը լրացնել ինտերնետի միջոցով, տարբեր ծրագրերի միջոցով, և հնարավորինս արեցինք դա։ Իհարկե, դրան հետևեց նաև պատերազմը, որը համազգային աղետալի հետևանքներ ունեցավ։ Այդ աղետից անմասն չմնաց նաև Սփյուռքը։ Մենք հիմա դեռ գտնվում ենք խորը ցնցումային հոգեբանական վիճակում՝ որպես ազգ։ Եվ սա վերաբերում է նաև Սփյուռքին։ Հետևաբար, այդ կապի վրա սա լուրջ հետևանքներ է ունեցել, լուրջ ազդեցություն է ունեցել, բայց այս իրականությունում շարունակում ենք աշխատել։ Միայն աշխատանքով կարելի է վերականգնել, ամրապնդել կապերը և արդյունքների հասնել։ –Ճի՞շտ է, արդյոք, որ վերջին շրջանում Սփյուռքից Հայաստան ուղարկվող աջակցությունը, հատկապես՝ դրամական տեսքով, նվազել է։ Կարո՞ղ ենք համեմատություն անել թվային տեսքով։ -Ես տեղյակ չեմ և չեմ տիրապետում որևէ թվային տեղեկության, որպեսզի կարողանամ հաստատել դա կամ որևէ համեմատություն անել։ Բնական է, որ պատերազմի ընթացքի հետ համեմատած՝ այդ գումարները շատ ավելի նվազ են։ -Պատերազմից առաջ և պատերազմից հետո․․․ - Պատերազմից առաջ և պատերազմից հետո ուղարկվող դրամական աջակցության ծավալները չեմ կարող համեմատել, պարզապես տվյալները չունեմ։ Բայց գիտեմ, որ ֆինանսական հոսքերը շարունակվում են։ Թե որքանով են դրանք համապատասխանում մինչպատերազմյան փուլին, պարզապես չգիտեմ և չեմ կարող հաստատել, որ դրանք պակասել են։ -Ավելի հաճախակի են դարձել օրինակները, երբ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն անհատական օգնություն են ցուցաբերում՝ միջնորդ մարդկանց միջոցով կամ որևէ ընտանիքի հետ կապ հաստատելով։ Ինչո՞վ եք դա պայմանավորում, արդյո՞ք կա վստահության ճգնաժամ։ -Դա ես ևս կարող եմ հաստատել, դա մի բան է, որի հետ առնչվում ենք մենք, գիտենք, որ իրոք այդպես է։ -Այսինքն կա՞ վստահության ճգնաժամ։ -Իհարկե՝ կա վստահության ճգնաժամ, և դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները։ Սուբյեկտիվ պատճառն այն է, որ մարդիկ միշտ էլ նախընտրել են իրենց անձնական ջանքերով փոխանցել իրենց օգնությունը անհատների կամ կազմակերպությունների։ Դա միշտ է եղել, նոր բան չկա, բայց այս պահին, կրկնում եմ, պատերազմի հետևանքով կա թյուրըմբռնում կամ վստահության պակաս: Դա միանշանակ գոյություն ունի, և սա կապված է տարբեր բաների հետ, կապված է «Հայաստան» հիմնադրամի հաշվետվության հետ, որն ինքնին, դրա մասին բազում անգամներ խոսել եմ, որ հիմնականում սուբյեկտիվ է իրականում, բայց մարդիկ հաշվետվություն են պահանջում և ստանալու են այդ հաշվետվությունը։ Այդ հաշվետվությունը նրանք չէին ուզելու, եթե հաղթանակ լիներ։ Սա ուղղակիորեն կապված է այն փաստի հետ, որ մենք պարտություն ենք կրել։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ factor.am-ում։
19:07 - 12 մարտի, 2021
Ինչու է սոցփաթեթներից «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին փոխանցված գումարը վերադարձվում քաղաքացիներին

Ինչու է սոցփաթեթներից «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին փոխանցված գումարը վերադարձվում քաղաքացիներին

Լրագրող, մանկավարժ Ժաննա Սարգսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հոկտեմբերին՝ պատերազմի թեժ օրերին, «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին փոխանցված իր սոցփաթեթի ողջ գումարը հետ է ուղարկվել իր բանկային հաշվին։ Սարգսյանը նշել էր, որ վերադարձվել են այդ հիմնադրամին սոցփաթեթից փոխանցված բոլոր նվիրատվությունները։  Նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովն ընդունեց կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը։  Ըստ օրենքի՝ սոցփաթեթի շահառուները կարող են իրենց սոցփաթեթի հաշիվներին կուտակված միջոցներն ուղղել «Համահայկական հիմնադրամին»՝ այդպիսով մասնակցելով Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության հետեւանքով պետության կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքին: Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նախագծի՝ առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նշել էր, որ սոցփաթեթների շահառուները կարող են իրենց գումարը փոխանցել նաեւ այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացում ապահովող ծրագրերի իրականացմանը:  Բացի դրանից՝ կառավարությունը մշակել է համապատասխան որոշման նախագիծը, որում հստակեցվել է փոխանցման կարգը։ Դրա համաձայն՝ շահառուները իրենց սոցփաթեթի հաշիվներին կուտակված միջոցները կարող են ուղղել Համահայկական հիմնադրամին՝ իրենց սոցփթաթեթի հաշիվը սպասարկող բանկ ներկայացնելով վճարման հանձնարարագիր։ Օրենքն ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 7-ը։  Ժաննա Սարգսյանն Infocom-ի հետ զրույցում նշեց, որ հիմադրամից որեւէ պատասխան չի ստացել։ Վերջինս շեշտեց, որ հավանական է նաեւ՝ գումարը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նույնիսկ հասած էլ չլինի։ «Պատերազմի սկզբին, երբ բոլորը իրենց ունեցած, հավաքած ամբողջ գումարը փոխանցում էին հիմնադրամներին, տեսա, որ սոցփաթեթներից նույնպես ուղարկում են, ես էլ գնացի բանկ եւ ուղարկեցի իմ գումարը։ Ինձ ասացին, որ կարող եմ երկու հիմնադրամին էլ ուղարկել, ես ընտրեցի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը, որպեսզի անմիջապես զինվորի կարիքին ծառայելու գնա, ավելի շուտ հասնի նպատակին, քան Համահայկականի միջոցով կլիներ։ Ինչպես տեսնում ենք՝ այդպես էլ եղավ։ Անցավ երկու ամիս, ինձ բանկից զանգ եկավ, ասացին՝ եկեք դիմումը ստորագրեք, որովհետեւ Ձեր գումարը հետ է ուղարկվել, մնացել է օդում, կկորչի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։  Սարգսյանին հայտնել են, որ միայն Համահայկական հիմնադրամին կարող էր ուղարակել իր սոցիալական փաթեթի գումարը։ Մեր զրուցակցի կարծիքով՝ կառավարությունը կարող էր այդ որոշմամբ ընտրել վստահելի երկու հիմնադրամները, բայց չի արվել։ Սարգսյանի պնդմամբ՝ երբ հետո նկատել են գումարային հոսքը՝ դեպի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ, այդ ժամանակ նույնպես կառավարությունը կարող էր փոփոխության ենթարկել իր որոշումն ու ավելացնել նաեւ այդ հիմնադրամը։  «Ստացվում է՝ օդում կախված է մնում գումարը, որը մարդիկ ուզում էին ուղարկել հիմնադրամներին։ Էլ ո՞վ պետք է փետրվար ամսին այդ գումարը նորից ուղարկի հիմնադրամին, շատ քիչ մարդ կանի նման բան։ Այսինքն՝ այս նվիրատվությունները նպատակին չծառայեցին։ Շատ բարկացնող է այս ամենը, ուղղակի կամք եւ ուշադրություն էր պետք հարցը լուծելու համար, բայց դրանք չկային»,- հավելեց Սարգսյանը։  Խոսելով Համահայկական հիմնադրամի շուրջ տարածվող բացասական արշավի մասին՝ Սարգսյանը նշեց, որ խնդիրը հիմնադրամի հանդեպ անվստահությունը չէ, իսկ նեգատիվ արշավը վնասում է հենց հանրության խոցելի եւ թիրախային խմբերին։ Մանկավարժի խոսքով՝ նման արշավ անելով՝ մարդիկ մտածում են, թե վնասում են իշխանությանը, այնինչ վնասվում են այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացնում է համահայկական հիմնադրամը։  «Սփյուռքին հիասթափեցնելը եւ հիմնադրամի հանդեպ կասկածի սերմանումը կրկին ուղղակի հարված է մեր պետական կայունությանը, որովհետեւ այդ հիմնադրամի միջոցով բազմաթիվ գործեր էին արվում»,- ասաց Սարգսյանը։  Եզրափակելով իր խոսքը՝ մեր զրուցակիցը հավելեց, որ այս պահին որեւէ քայլ անելն արդեն ուշ է, փոփոխությունները պետք է արվեին ավելի շուտ։  Հարցի վերաբերյալ Infocom.am-ը զրուցեց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ։ Վերջինս մեկնաբանեց, որ քննարկումների ըթնացքում որոշում կայացվեց, որ գումարը կկենտրոնցվի մեկ հիմնադրամում՝ Համահայկականում՝ հաշվի առնելով դրա գործունեության ուղղություններն ու նպատակը։  Հոկտեմբերի 8-ից սոցփափեթի շահառուները հնարավորություն են ունեցել գումարը փոխանցել հիմնադրամին։ Բանկերից ստացած հաշվետվությունների արդյունքում նախարարությունը նկատել է, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ սոցփաթեթի գումարները փոխանցել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Վարչության պետի խոսքով՝ հավանական է՝ մարդիկ եւ բանկերը տեղյակ չեն եղել, որ որոշումը նման հնարավորություն չի ընձեռում։ Նրա կարծիքով՝ այդ է պատճառը, որ գումարը հետ է ուղարկվել, որպեսզի մարդիկ ցանկության դեպքում կարողանան փոխանցել Համահայկական հիմնադրամին։  ««Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը չներառելու պատճառը, կարծում եմ, այն է, որ գումարը կենտրոնա մի տեղ եւ դիվերսիֆիկացիան եւ բանկերի աշխատանքը հեշտ լինի։ Այս ծրագրով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին շատ քիչ մարդ է գումար փոխանցել։ Հիմնականում փոխանցել են հենց Համահայկական հիմնադրամին»,- հավելեց Սարգսյանը։  Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ որոշման ընդունումից հետո դկտեմբերի 31-ի տվյալներով Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 797 միլիոն 53 հազար դրամ, փոխանցումները կատարվել են 10 բանկերի միջոցով, 14090 շահառու կատարել է այդ փոխանցումը։  Ասպրամ Փարսադանյան
13:52 - 24 փետրվարի, 2021
Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով Հայաստան է հասել ավելի քան 184 տոննա մարդասիրական օգնություն

Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով Հայաստան է հասել ավելի քան 184 տոննա մարդասիրական օգնություն

Պատերազմի առաջին օրերից սփյուռքի ջանքերով և «Հայաստան» համահայկական հիմնադրամի օժանդակությամբ սփյուռքի տարբեր կենտրոններից Հայաստան է հասնում մեծածավալ մարդասիրական օգնություն։ Առ այսօր Հայաստան է հասել շուրջ 184345կգ (ավելի քան 184 տոննա) մարդասիրական տարաբնույթ օգնություն:Ստացվել են բժշկական ժամանակակից սարքավորումներ, առաջին բուժօգնության վիրակապեր, վերքերի մշակման և մաշկի վերականգնման բուժական միջոցներ, ձմեռային տաք արտահագուստ և կոշիկներ, քնապարկեր, վրաններ, մահճակալներ, սնունդ, նվերների փաթեթներ արցախցի դպրոցականների համար և այլն:Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 10-ից սկսած, սփյուռքում բնակվող հայերի և տարբեր համայնքներում գործող հայկական կազմակերպությունների ուժերով ԱՄՆ-ից և Եվրոպայից ընդհանուր առմամբ հավաքվել և համահայկական հիմնադրամի ջանքերով Հայաստան է հասել շուրջ 87941 կգ հումանիտար օգնություն։ Լոս Անջելեսից բեռներ են ստացվել հոկտեմբերի 10-ին, 15-ին, 16-ին, 19-ին, 22-ին, 30-ին և 31-ին, որոնց ընդհանուր քաշը կազմել է շուրջ 61549 կգ, Նիդեռլանդներից հոկտեմբերի 11-ին և 12-ին՝ 10415 կգ։ Հայաստան ժամանել են նաև 2 ինքնաթիռներ՝ Ֆրանսիայից և Բելգիայից հոկտեմբերի 23-ին և 26-ին համապատասխանաբար, որոնք տեղ են հասցրել Եվրոպայի տարբեր հայ համայնքներից հավաքված մոտ 15977 կգ հումանիտար օգնություն։Պատերազմական գործողությունների ընթացքում ստացված մարդասիրական բեռները արտակարգ դրության պայմաններում շահառուններին արագ հասցնելու նպատակով ստացաց օգնությունը Հիմնադրամը ստանալուն պես զիջել է Արտակարգ իրավիճակների, Առողջապահության և Պաշտպանության նախարարություններին, որը հնարավորություն է տվել ստացված մարդասիրական օգնությունը առանց օր կորցնելու անմիջապես ուղղել ծառացած կարիքների ապահովմանը։Պատերազմի ավարտից հետո ևս ՀՀՀ ջանքերով Հայաստան է հասել և բաշխվել 33389 կգ հումանիտար օգնություն։ Այս շրջանում օգնության մեծ մասը ժամանել է Լոս Անջելեսից, ինչպես նաև Ֆրանսիայից: Հումանիտար բեռները Հայաստան են հասել նոյեմբերի 19, 20, դեկտեմբերի 6-ին, 7-ին , 14-ին, 18-ին ,21-ին, 24-ին, 26-ին, 28-ին ,29-ին և 2021 թվականի հունվարի 14-ին։Այս շրջանում ստացած օգնությունը բաշխվել է մի շարք առողջապահական և համայնքային կառույցների, այն է՝ Քանաքեռ–Զեյթուն ԲԿ և ծննդատուն, պրոֆ․ Ռ․Օ․ Յօլյանի անվան Արյունաբանական կենտրոն, Մուրացանի զինվորական հոսպիտալ, Մարտունի ԲԿ, Կապանի ԲԿ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, Նոյեմբերյան ԲԿ, Սուրբ Աստվածամայր ԲԿ, Վարդենիսի հիվանդանոց, Էրեբունի ԲԿ, Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Գորիսի ԲԿ, օգնություն է տրամադրվել Արցախի առողջապահության նախարարությանը։ Որոշակի քանակի օգնություն` հիմնականում ձմեռային տաք արտահագուստ և կոշիկներ, շահառուներին փոխանցվել է Տավուշի, Արարատի և Գեղարքունիքի մարզպետարանների միջոցով:Մարդասիրական բեռները շարունակում են ժամանել, և այս պահի դրությամբ պահեստավորված է հունվարի 22-ից փետրվարի 4-ը Լոս Անջելեսից ստացվաց 63015 կգ բեռ։ Դրանք դեռևս գտնվում են մաքսազերծման և դասակարգման գործընթացում և շուտով կհասնեն իրենց հասցեատերերին։
12:00 - 19 փետրվարի, 2021
SOAD-ի միջոցառումից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է ձեռքի պրոթեզների ձեռքբերմանը. հիմնադրամը մանրամասներ է հայտնել

SOAD-ի միջոցառումից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է ձեռքի պրոթեզների ձեռքբերմանը. հիմնադրամը մանրամասներ է հայտնել

Աշխարհահռչակ System of a Down խումբը հունվարի 30-ին առցանց դրամահավաք է կազմակերպելու, որի ֆինանսական միջոցները կուղղվեն պատերազմում վիրավորված զինծառայողների աջակցությանը:   «Հունվարի 30-ին՝ ժամը 9:00-ին, աշխարհահռչակ SOAD խմբի նախաձեռնությամբ տեղի կունենա առցանց դրամահավաք-միջոցառում՝ ուղղված 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավոր զինվորների առողջության վերականգնմանը: Այս ինքնատիպ միջոցառումը հեռարձակվելու է SOAD խմբի յութուբյան պաշտոնական ալիքով:   «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում միջոցառումից ստացված հասույթի մի մասն ուղվելու է ձեռքերի՝ ֆունկցիոնալ և բարձրորակ պրոթեզների ձեռքբերմանը:   Համախմբված հաղթահարելու ենք ամեն դժվարություն»,- հայտնում են հիմնադրամից:  
20:12 - 26 հունվարի, 2021
«Հայաստան»-ը կներդնի վիրավոր զինվորների պրոթեզավորման գումարը. SOAD-ը դրամահավաք է նախաձեռնել

 |armenpress.am|

«Հայաստան»-ը կներդնի վիրավոր զինվորների պրոթեզավորման գումարը. SOAD-ը դրամահավաք է նախաձեռնել |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է 44-օրյա պատերազմի վիրավոր զինծառայողների համար պրոթեզավորման և վերականգնողական բուժման ծրագիր, որն իրականացվում է հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների միջոցով: Այս մասին տեղեկացրին մամուլի ծառայությունից։ «Հիմնադրամը ծրագրի շրջանակում համագործակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ: Վերջինս մասնագիտացած է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բուժման արդյունավետ կազմակերպման գործում, որն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից: Ծրագրի այս փուլում արդեն Հայաստան է բերվել նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա: Հայրենիքի պաշտպանի կենտրոն կգործուղվի նաև հատուկ մասնագետ, որը կվերապատրաստի հայ բժիշկներին: Առաջին փուլով Հայաստան կուղարկվի 100 պրոթեզ: Այժմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հնարավորություն կունենա ընդունել և սպասարկել ավելի շատ զինծառայողի: «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հավաստմամբ վիրավոր զինվորների աջակցության ծրագրերն ու նախաձեռնություններն այս պահին հիմնադրամի գործունեության առանցքային կետերից ու առաջնահերթություններից են. «Մեր զինվորներին որակյալ պրոթեզներով ապահովելու նախաձեռնությունը սկսել էինք դեռևս պատերազմից  առաջ: Պատերազմը սկսվելուց  հետո, գիտակցելով, որ կունենանք նոր  վիրավորներ ու պրոթեզավորման կարիք ունեցող զինվորներ, հիմնադրամը բանակցություններ սկսեց  արտեկրի կազմակերպությունների  հետ, որպեսզի կարողանա նորագույն տեխնոլոգիաներով ու միջոցներով  ապահովել հաշմանադամություն ունեցողների կարիքները: Մենք պատրաստ ենք ներդնել այնքան գումար, որքան անհրաժեշտ է, որպեսզի մեր վիրավոր զինծառայողները հնարավորինս շուտ վերադառնան լիարժեք կյանքի»,- նշեց Հայկակ Արշամյանը և հավելեց, որ վիրավոր զինվորների վերականգնողական բուժման նպատակով  պատերազմից առաջ և հիմա էլ բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ շարունակում են նվիրաբերություններ կատարել հիմնադրամին: Հունվարի 23-ին ևս տեղի կունենա նմանատիպ դրամահավաք-միջոցառում, որը նախաձեռնել է System of A Down  մետալ-ռոք խումբը: Հավաքագրված միջոցների մի մասն ուղղվելու է ձեռքերի՝ ֆունկցիոնալ և բարձրորակ 30 պրոթեզի ձեռքբերմանը: «Աջակցություն վիրավոր զինվորներին, զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը նշեց. «Հայրենիքի պաշտպանի կենտրոնը համալրված է գերժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, որոնք նույնիսկ բացակայում են աշխարհի առաջատար այլ լաբորատորիաներում: Այժմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ ստանալու ենք որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներ, ինչը հնարավորություն կտա մեր զինծառայողների պրոթեզավորման և վերականգնողական բուժման գործընթացն իրականացնել և ապահովել ամենաբարձր մակարդակով»:   Հայրենիքի պաշտպանի կենտրոնում բուժվող 20-ամյա Ալեն Արտեմյանը  սեպտեմբերի 29-ին վիրավորվել է հրթիռահրետանային հարվածից  և կորցրել աջ ձեռքը: Լիարժեք կյանք վերադառնալուց հետո մեկ նպատակ ունի. «Բուժման գործընթացը փուլ ուռ փուլ է անցնում: Անհամբերությամբ սպասում եմ  պրոթեզավորմանը, որպեսզի վերադառնամ իմ առօրյային և շարունակեմ ուսումս Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Մասնագիտությամբ ֆիզիոթերապևտ եմ և մեծ ցանկություն ունեմ հետագայում աշխատել հենց այս կենտրոնում՝ Զինվորի տանը»: Կենտրոնի Գլխավոր վերականգնող բժիշկ Լուսինե Պողոսյանն էլ ասում է, որ ծրագրի արդյունքում վիրավորների վերականգնողական գործընթացն ավելի արդյունավետ կդառնա. «Պրոթեզավորման գործընթացը ներառում է մի քանի  փուլ՝ նախապատրաստում, բուն պրոթեզավորում և արդեն  համապատասխան վերականգնողական բուժում: Շատ ավելի արդյունավետ է, երբ ամբողջ գործընթացն իրականացվում է միևնույն վայրում: Ամենակարևոր  հարցը, որն այս ծրագրով կլուծենք՝ վերականգնողական փուլի  ժամկետի  կրճատումն է»: Նշենք, որ ծրագրի իրականացմանն իր մեծ աջակցությունն է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմինը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատերազմի վիրավոր զինվորների պրոթեզավորման և վերականգնողական բուժում ստանալու համար ծրագրի այս փուլում հատկացրել է 1.5 միլիոն դոլար:
19:20 - 20 հունվարի, 2021
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 1.5 մլն դոլար է նվիրաբերել պրոթեզավորման և վերականգնողական բուժում ստանալու ծրագրին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 1.5 մլն դոլար է նվիրաբերել պրոթեզավորման և վերականգնողական բուժում ստանալու ծրագրին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է 44-օրյա պատերազմի վիրավոր զինծառայողների համար պրոթեզավորման և վերականգնողական բուժման ծրագիր, որն իրականացվում է հիմնադրամի գործընկերների և նվիրատուների միջոցով: Այս մասին հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։ Հիմնադրամը ծրագրի շրջանակում համագործակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ: Վերջինս մասնագիտացած է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բուժման արդյունավետ կազմակերպման գործում, որն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից:  Ինչպես ասվում է տարածված հաղորդագրությունում, ծրագրի այս փուլում արդեն Հայաստան է բերվել նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա: Հայրենիքի պաշտպանի կենտրոն կգործուղվի նաև հատուկ մասնագետ, որը կվերապատրաստի հայ բժիշկներին: Առաջին փուլով Հայաստան կուղարկվի 100 պրոթեզ: Այժմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հնարավորություն կունենա ընդունել և սպասարկել ավելի շատ զինծառայողի:  Հունվարի 23-ին ևս տեղի կունենա դրամահավաք-միջոցառում, որը նախաձեռնել է System of A Down մետալ-ռոք խումբը: Հավաքագրված միջոցների մի մասն ուղղվելու է ձեռքերի՝ ֆունկցիոնալ և բարձրորակ 30 պրոթեզի ձեռքբերմանը:  Ըստ հաղորդագրության՝ ծրագրի իրականացմանն իր մեծ աջակցությունն է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմինը:  «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատերազմի վիրավոր զինվորների պրոթեզավորման և վերականգնողական բուժում ստանալու համար ծրագրի այս փուլում հատկացրել է 1.5 միլիոն դոլար:
17:34 - 20 հունվարի, 2021
«Հայաստան» հիմնադրամը 1,5 միլիոն դոլար է տրամադրել 44-օրյա պատերազմի վիրավորներին պրոթեզավորելու համար |1lurer.am|

«Հայաստան» հիմնադրամը 1,5 միլիոն դոլար է տրամադրել 44-օրյա պատերազմի վիրավորներին պրոթեզավորելու համար |1lurer.am|

1lurer.am: «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1.5 միլիոն դոլար է տրամադրել 44-օրյա պատերազմի վիրավորներին պրոթեզավորելու համար: Հիմնադրամի տնօրենը վերականգնողական կենտրոնում է՝ տեղում ծանոթանալու, թե ինչ պայմաններում են բուժում ստանում հայրենիքի պաշտպանները: Նիդեռլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիան արդեն Հայաստանում է: Հայրենիքի պաշտպանի կենտրոն կգործուղվի նաև հատուկ մասնագետ, որը կվերապատրաստի հայ բժիշկներին: Առաջին փուլով Հայաստան կուղարկվի 100 պրոթեզ: «Ունենք զինծառայողներ, որ խնդիր ունեն, ունենք զինծառայողներ, ովքեր չգիտենք՝ կամպուտացվե՞ն, թե՞ ոչ: Եթե ամպուտացվեն, բնականաբար, նոր խնդիր է առաջանում: Փորձում ենք գոնե առաջին փուլով հրատապ էս կարիքները հոգալ»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակելու է գնահատել վերականգնողական կենտրոնի կարիքները: Անհրաժեշտության դեպքում հատկացվող գումար կավելացնեն, որ հայրենիքի պաշտպանը բուժումը շուտ ավարտի ու տուն շտապի: «Պարտադիր զինվորական ծառայությանը պետք է հաջորդի պարտադիր բուժումը»,- ասում է Զինվորի տան հիմնադիրը: «Մենք ունենք սարքավորումներ, մենք ունենք քայլքի լաբորատորիա և մենք համահայկական հիմնադրամի աջակցությամբ կարողանում ենք ստանալ նաև որակյալ պրոթեզներ, որակյալ ծնկներ, թաթեր և տղաներին կարողանալու ենք այդ ամենն ապահովել»,- նշում է «Աջակցություն վիրավոր զինվորներին, զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը։ Շարունակությունը՝ 1lurer.am-ում
16:14 - 16 հունվարի, 2021
«Հայաստան» հիմնադրամն ամանորյա միջոցառումներ է անցկացրել Երևանի, մարզերի 1000-ից ավելի երեխայի համար

«Հայաստան» հիմնադրամն ամանորյա միջոցառումներ է անցկացրել Երևանի, մարզերի 1000-ից ավելի երեխայի համար

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախից տեղահանված և զինծառայողների երեխաների համար կազմակերպել է «Մեկ օր հրաշքի մեջ» խորագրով ամանորյա թատերական միջոցառումների շարք: Այս մասին տեղեկացրին հիմնադրամի մամուլի ծառայությունից։ «Ամանորյա հրաշքը նաև մարզերում և Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում բնակվող երեխաներին հասցնելու նպատակով Հիմնադրամը նախաձեռնել է տիկնիկային թատերախմբի այցեր  դեպի ՀՀ մարզեր ու համայնքներ: Ծրագրի շրջանակում, սույն թվականի հունվարի 13-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի մանկապատանեկան թատերախումբը հյուրընկալվեց նաև Գյումրիում: Ամանորյա ուրախ միջոցառմանը ներկա էր շուրջ 100 երեխա Գյումրիից և հարակից մի քանի համայնքներից:  Մասնակիցներին սպասվում էին նաև անակնկալներ, մուլտհերոսներ, հեքիաթային կերպարներ և հյուրասիրություն: Իսկ ամենամեծ անակնկալը Ձմեռ պապի և Ձյունանուշի այցն էր. երեխաներն անձամբ ստացան իրենց նվերները, որոնց մասին գրել և խնդրել էին Ձմեռ պապին ուղղված նամակներում: «Ե´վ մեր, և´ երեխաների համար մեծ բավականություն էր, կարողացանք ինչ-որ կերպ կտրվել մեր առօրյայից: Երեխաների համար մեծ անակնկալ էր ներկայացումն ու Ձմեռ պապից նվերներ ստանալը: Մեր բալիկների սիրելի Ամանորն իսկապես տոն դարձավ»,- ասաց Գյումրիի բնակիչ Արմինե Ղալաչյանը: Տիկնիկային  թատրոնի դերասան Կարեն Մարտիրոսյանն էլ հավելեց. «Այս երեխաներն են մեր վաղվա օրն ու ապագան: Յուրաքանչյուրս իր հնարավորությունների սահմանում պետք է օգնի նրանց ունենալ թեկուզ մեկ օր հրաշքի մեջ և անհոգ ու ուրախ մանկություն»: Թատերախմբի հաջորդ խոշոր կանգառը Դիլիջանն էր, որտեղ կայանալիք միջոցառմանը մասնակցեցին Դիլիջանի, Իջևանի, Տավուշի մարզի այլ համայնքներում բնակվող 100-ից ավելի երեխա: «Այն ժպիտներն ու բարձր տրամադրությունը, որով հեռանում են փոքրիկները, բոլորիս մեջ հույս է արթնացնում, որ այս  պայծառ բալիկները լցվելու են կյանքով ու եռանդով, շարունակելու են երազել ու հասնել դրանց: Մենք էլ փորձելու ենք հնարավորինս շատ երեխաների պարգևել ամանորյա հրաշքը, որպեսզի նրանք չունենան ուշադրության ու ջերմության պակաս հատկապես այս օրերին»,- նշեց Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը: «Մեկ օր հրաշքի մեջ» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել է 10-ից ավելի ներկայացում Երևանում, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում: Ծրագրին մասնակցել է ավելի քան 1000 երեխա, որոնց մեծ մասը զինծառայողների և Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներն են»,- ասվումէ հաղորդագրության մեջ:
21:55 - 14 հունվարի, 2021