Հայաստան

Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները

Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները

Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը։ Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայ-վրացական իրավական ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու համար, նշել, որ այն կարևոր հարթակ է երկկողմ կատարված աշխատանքն ամփոփելու և ապագայի ծրագրերը նախանշելու համար: Նախարարն ընդգծել է՝ Արդարադատության ոլորտում երկրներն ունեն 8 բազմակող միջազգային պայմանագիր, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր, որոնց գործնական կիրառությունն արտացոլվում է համատեղ իրականացվող աշխատանքում: Գրիգոր Մինասյանը առանձնահատուկ կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, նշել, որ այն նոր նշաձող է սահմանել նաև արդարադատության ոլորտում գործակցությունն էլ ավելի խորացնելու համար: Հայաստանի արդարադատության նախարարը շնորհավորել է Ռատի Բրեգաձեին՝ Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Վրաստանի Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին ջերմ ընդունելության համար: Ռատի Բրեգաձեն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի գերատեսչությունների համատեղ նպատակը պետք է լինի Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների իրավական անվտանգության ապահովումը: Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները հույս են հայտնել, որ Երևանում ընթացող Հայ-վրացական իրավական ֆորումը նոր հնարավորություններ կստեղծի փորձի փոխանակման և բարեփոխումների տեղայնացման համար:
14:47 - 12 ապրիլի, 2024
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
 |news.am|

Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստըում հավանություն տվեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելուն: 2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի նոյեմբերի 25-ին: 2016թ. նոյեմբերի 25-ին ուժի մեջ մտած՝ վերոնշյալ համաձայնագրի ժամկետը յոթ տարով  երկարաձգելու մասին հայտագրերի փոխանակմամբ կնքված Համաձայնության ժամկետը ավարտվում է 2023 թվականի նոյեմբերի 25-ին:      Համաձայնությամբ Համաձայնագրի գործողությունը ևս յոթ տարով երկարացնելը կնպաստի զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելուն: Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն: Մասնավորապես, ԱՄՆ-ի կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանը, վերջինիս հայտերի հիման վրա, անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում և այլն: Համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում է նախատեսվող գործողություններն իրականացնելու նպատակով հեշտացնել ՀՀ տարածք ԱՄՆ-ի կառավարության համապատասխան ներկայացուցիչների մուտքն ու ելքը, ինչպես նաև սահմանվում են նախատեսվող միջոցների փոխադրման կարգն ու պայմանները: Համաձայնագրով ՀՀ կառավարությունը նաև պարտավորվում է. - առանց ԱՄՆ-ի կառավարության նախօրոք գրավոր համաձայնության չփոխանցել ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրված սարքավորումների, նյութերի, տեխնոլոգիաների, ուսուցման և ծառայությունների սեփականության կամ տիրապետման իրավունքը որևէ այլ անձի, թույլ չտալ դրանց օգտագործումն այլ նպատակներով, ապահովել դրանց անվտանգությունը, պաշտպանել դրանք յուրացումից կամ փոխակերպումից. - ազատել ԱՄՆ-ի կառավարությունը, բացառությամբ համապատասխան պայմանագրերով նախատեսված հայցերի, դատական պատասխանատվությունից և հայցերից` համաձայնագրի կատարման հետ կապված գործողությունների իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում որևէ անձի սեփականությանը հասցված կորստի կամ վնասի համար, և չպահանջել ԱՄՆ-ի կառավարությունից, նրա աշխատակիցներից, կապալառուներից և նրանց ծառայողներից ցանկացած անձի մահվան կամ վիրավորվելու հետ կապված փոխհատուցում: Ըստ համաձայնագրի` ԱՄՆ-ի կառավարությունը և նրա աշխատակիցները, կապալառուներն ու կապալառուների աշխատակիցները սույն համաձայնագրի կատարման ընթացքում ՀՀ տարածքում ազատվում են հարկեր, մաքսային և այլ տուրքեր վճարելուց, իսկ ԱՄՆ-ի ռազմական կամ քաղաքացիական անձնակազմերը, որոնք սույն համաձայնագրի իրականացման շրջանակներում գտնվում են ՀՀ տարածքում, օգտվում են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի ապրիլի 18-ի կոնվենցիայով վարչական և տեխնիկական անձնակազմերի համար նախատեսված անձեռնմխելիությունից ու արտոնություններից:
10:57 - 12 ապրիլի, 2024
Freedom House. Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է |azatutyun.am|

Freedom House. Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է |azatutyun.am|

azatutyun.am:«Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի՝ Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով», - հայտարարում է հեղինակավոր Freedom House-ը՝ անցումային երկրների մասին նախօրեին հրապարակած զեկույցում։ Արձանագրելով, որ 2023-ին Հայաստանը լուրջ դրական բարեփոխումներ է կատարել դատական համակարգի, ոստիկանության, կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության և տարածքային կառավարման ոլորտներում, զեկույցը նշում է. - «Թեև որոշ բարեփոխումներ ապահովում են արդյունավետ կարգավորումներ, դրանք հաճախ չեն հասնում իրենց նպատակներին՝ վատ կամ անհետևողական իրականացման պատճառով»: Ժողովրդավարական կառավարում Վաշինգտոնում ավելի քան 75 տարի գործող իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ անցած տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունը Երևանի ավագանու ընտրություններն էին։ «Հայաստանի բնակչության մեկ երրորդը մայրաքաղաքում է ապրում, և այս քվեարկությունը կարող է դիտարկվել որպես վստահության քննություն՝ 2021-ի արտահերթ և 2026-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արանքում», - նշում է Freedom House-ը, հավելելով՝ դիտորդները հիմնականում դրական են գնահատել ընտրությունների անցկացումը, արձանագրելով, որ այն զերծ է եղել ժամանակին տարածված ընտրակաշառքից ու ճնշումներից։ Միաժամանակ, ընտրարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները գրանցել են վարչական ռեսուրսի լայնածավալ չարաշահման դեպքեր՝ հոգուտ իշխող կուսակցության։ Որպես օրինակ նշվում է մանկավարժների ու հանրային ծառայողների կազմակերպված մասնակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքներին և տեղական բյուջեների աննախադեպ ծախսը տոնական միջոցառումների վրա, որոնց մասնակցել են իշխող կուսակցության թեկնածուները։ Զեկույցը փաստում է, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28.5 տոկոսը, ինչը «հատուկ է բևեռացված հասարակություններին, որտեղ քաղաքացիները հիասթափված են հետհեղափոխական էլիտաների ձախողումներից, միաժամանակ մերժում են նախկին ռեժիմի ներկայացուցիչների վերադարձը»։ «Թավշյա հեղափոխության ամենաշատ ազդարարված ձեռքբերումներից մեկը քաղաքականության տարանջատումն էր խոշոր բիզնեսից ու օլիգարխներից, սակայն 2023-ը մտահոգիչ միտումներ ի ցույց դրեց. Infocom-ի ու CivilNet-ի անկախ հետաքննությունները քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ բացահայտեցին», - նշում է Freedom House-ը` մանրամասնելով. - «Քաղաքացիական պայմանագրի» ընտրարշավի համար գումար փոխանցած մարդկանց մեծ մասը տեղյակ չէին իրենց անունից արված նվիրատվություններից, կամ նվիրաբերել էր իր ստացած եկամտից ավելին։ Բացի այդ, նվիրատվությունների իրականացման գործում ներգրավված էր «Հայէկոնոմբանկ»-ը, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին»։ «Մտահոգիչ է, որ իրավապահ մարմիններն այս հրապարակումներում օրենքի խախտման տարրեր չտեսան, Դատախազությունը՝ իշխող կուսակցության հետ համերաշխ, հերքել է դրանք», - նշում է Freedom House-ը: Որպես դրական զարգացում նշվում է՝ Կառավարությունը նոյեմբերին որոշում ընդունեց հօգուտ ապակենտրոնացման, ինչպես նաև գործողությունների ծրագիր՝ տեղական իշխանությունների դերն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։ Մյուս կողմից, արձանագրվում է, որ այս կարևոր բարեփոխումների ֆոնին «տեղական իշխանությունների անկախության և հեղինակության երաշխիքները կասկածի տակ են դրվել ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ «Քաղաքացիական պայմանագրի» համակարգված փորձերի պատճառով»։ «Անցած դեկտեմբերին իշխող ուժը հաջողությամբ հեռացրեց Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանին»,- նշում է Freedom House-ը, - «Քաղաքապետերի իմփիչմենթը օրինական մեխանիզմ է, սակայն այն, թե ինչպես է իշխող կուսակցությունն այն գործի դնում՝ զուգակցելով ճնշման, շանտաժի, քաղաքական առևտրի հետ, հակասում է տեղական կառավարման լավագույն շահին և կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը»։ Կոռուպցիա 2023-ին Հայաստանը հակակոռուպցիոն ռազմավարություն է ընդունել 2023-26 թվականների համար։ Եվրախորհրդի GRECO խումբը, գնահատելով Հայաստանի կառավարության առաջընթացը, եզրակացրել է, որ 2015-ից տրված 18 հանձնարարականներից 9-ը կատարվել է բավարար չափով, մյուս 9-ը՝ մասամբ։ Մի քանի լրագրողական հետաքննություններ բացահայտել են պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից անշարժ գույքի՝ շահավետ գնով ձեռքբերման, կասկածելի վարկանիշ, կամ՝ պաշտոնյաների հետ կապ ունեցող ընկերություններից առանց մրցույթի պետգնումների դեպքեր. - «Մրցույթներում իշխող ուժի հետ փոխկապակցված ընկերությունների հաղթանակի պրակտիկան շարունակվում է, հետաքննող լրագրողներն ահազանգում են խոշոր բիզնեսի ու բարձրաստիճան պաշտոնյաների սերտ կապերի ռիսկայնության մասին, մինչ վարչապետը հերքում է այդ մտահոգությունները և պնդում, թե այդ կապերն օրենքի շրջանակում են»։ «Կոռուպցիայի դեմ պայքարի հանրային ընկալումը Հայաստանում լճացել է կամ անկում է ապրել նախորդ տարիների համեմատ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)-ի՝ 2023-ի վերջին կատարված հարցման համաձայն, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում լավատեսների թիվը 2018-ի համեմատ կիսով չափ նվազել է։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:26 - 12 ապրիլի, 2024
Փաշինյանն էր, որ պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով կազմաքանդեց 1991թ․ հիմնադրված իրական Հայաստանը. Զուրաբյան

Փաշինյանն էր, որ պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով կազմաքանդեց 1991թ․ հիմնադրված իրական Հայաստանը. Զուրաբյան

Այն է, որ հենց Փաշինյանն էր Հայաստանի ղեկավարը, որը հանուն «Պատմական Հայաստանի»՝ կործանման եզրին բերեց իրական Հայաստանը, իսկ հիմա՝ նիկոլական դասական նենգամտությամբ փորձում է դրա մեջ մեղադրել այդ իրական Հայաստանի հիմնադիրներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով նախորդող օրերին խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «իրական» և «պատմական» Հայաստանի մասին հայտարարություններին։ «Նիկոլ Փաշինյանը երեկ` ապրիլի 10-ին, ելույթ ունենալով Ազգային Ժողովում, հայ հանրությանը ներկայացրեց մի նոր «հայեցակարգ», ըստ որի իբր գոյություն ունի «Իրական Հայաստան» եւ «Պատմական Հայաստան», որոնք «ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»։ Փաշինյանը նաեւ խոստովանեց, որ երկար ժամանակ եղել է «Պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող» եւ «միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո «բոլորիս աչքի առաջ» տեղի է ունեցել իր «հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան», որի շնորհիվ նա «աներկբա և միանշանակ համոզվեց», որ Հայաստանի անվտանգության ապահովման համար կարեւորագույն գործոնը «Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է»։ Փաշինյանը նաեւ պնդել է, որ «Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիրն է», որի միջազգայնորեն ճանաչված տարածքը «մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել, չենք գիտակցել» եւ որ «եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»: Մի կողմ թողնենք, որ Փաշինյանը պարզունակ գրագողություն է անում Վանո Սիրադեղյանից, որը, քննադատելով քաղաքական հայդատականությունը, ժամանակին ասել էր. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից»: Խորքային խնդիրն այստեղ այլ է։ Այն է, որ հենց Փաշինյանն էր Հայաստանի ղեկավարը, որը հանուն «Պատմական Հայաստանի»՝ կործանման եզրին բերեց իրական Հայաստանը, իսկ հիմա՝ նիկոլական դասական նենգամտությամբ փորձում է դրա մեջ մեղադրել այդ իրական Հայաստանի հիմնադիրներին։ Այս կապակցությամբ ասելիքս կուզեի արտահայտել հետեւյալ արձանագրումներով. 1․ Հայաստանը ի սկզբանե իր անկախության ձեռքբերման գործընթացը անցկացրել է Խորհրդային Միության Սահմանադրության շրջանակներում, անկախության հանրաքվեն կազմակերպել է բացառապես Խորհրդային Հայաստանի տարածքում, եւ առաջին իսկ պահից, ստորագրելով 1991 թվականի Մինսկյան (Բելավեժյան) հայտարարությունը, հռչակել է, որ ընդունում է իր սահմանները որպես նախկին Սովետական Հայաստանի սահմաններ։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը դիտարկում է որպես Ադրբեջանի եւ խորհրդային ժամանակաշրջանում նրա կազմում ինքնավարություն եղած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջեւ հակամարտություն։ Հայաստանի Հանրապետությունը նաեւ պաշտոնապես հայտարարել էր, որ համաձայն է այդ հակամարտության ցանկացած լուծմանը, որին համաձայն կլինեն եւ Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն, Հայաստանը երբեք իր միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որեւէ հավակնություն չի հայտնել։ Նիկոլի լեզվով ասած, Հայաստանն ի սկզբանե իրեն հաստատել է, որպես միջազգայնորեն ճանաչված «Իրական Հայաստան» եւ դիվանագիտության մեջ երբեք չի կիրառել պատմական «իրավունքի» հետ կապված փաստարկներ (Վանո Սիրադեղյանը հենց այդ դիրքորոշումն էր պաշտպանում հայդատականներից)։ Հետեւաբար, Նիկոլի այն պնդումը, որ 1991 թվականից ի վեր «մենք ենք, որ չենք ճանաչել մեր միջազգայնորեն ճանաչած տարածքը», հերթական լկտի նիկոլական սուտ է։ 2․ «Պատմական Հայաստանի» տեսլականով, մինչդեռ, հանդես է եկել ոչ այլ ոք, քան Նիկոլ Փաշինյանը, որը 2020 թվականին հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», Մյունխենում Ալիեւի հետ ներգրավվեց պատմության մասին Տիգրան Մեծին վկայակոչող վիճաբանության մեջ, եւ իր բազմաթիվ ելույթներում խոսեց Սարդարապատի ոգու ու Սեւրի պայմանագրի մասին, ոգեկոչեց Տիգրան Մեծին, Արտաշեսին, Աշոտ Երկաթին եւ հայոց այլ թագավորներին։ Պատմության մասին հենց այս կենացներով Փաշինյանն առաջնորդեց մեր երկիրը դեպի ամենամեծ աղետներից մեկը Հայոց պատմության մեջ։ Այսինքն, հենց Նիկոլ Փաշինյանն էր, որ 1991 թվականին հիմնադրած իրական Հայաստանը կազմաքանդեց պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով։ 3․ 2018 թվականին Փաշինյանը իշխանության եկավ եւ չորս խաղաղ տարվա ընթացքում բոլոր հնարավորություններն ուներ ծանոթանալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված խորհրդապահական բանակցությունների բովանդակությանը եւ պատմությանը, դիվանագիտական խողովակներով ստանալու տեղեկություններ գլխավոր միջազգային խաղացողների դիրքորոշումների եւ ծրագրերի, տարածաշրջանում ստեղծված ռազմա֊քաղաքական բալանսի մասին։ Այդ ժամանակն անգամ անփորձ, բայց պետական կառավարմանն ընդունակ ցանկացած ղեկավարին պետք է որ բավարարեր հասկանակու համար, որ պատմության ընկալման վրա հիմնված ցնորքները սպառնալիք են մեր անվտանգության համար։ Բայց Նիկոլ Փաշինյանին այդ «հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան» անցնելու համար այդ չորս տարին բավարար չեղան։ Իր իսկ խոստովանությամբ, այն տեղի չունեցավ անգամ 44֊օրվա կործանարար պատերազմից հետո եւ կատարվեց «միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո»։ Այսպիսով, իշխանության մեջ անցկացրած 7 տարիներից 5 ու կես տարիներին Նիկոլ Փաշինյանը զբաղված է եղել «Պատմական Հայաստանի» աղետաբեր ցնորքի սպասարկման գործով եւ միայն վերջին մեկուկես տարին է, որ «հասկացել» է իր գործունեության վնասները ու «տրանսֆորմացվել» դեպի «Իրական Հայաստան»։ Եթե բութ աշակերտի բնութագրման ավելի լավ օրինակ ունեք, խնդրում եմ ինձ տեղյակ պահել։ Միեւնույն ժամանակ, համաձայնվե՜ք, որ եթե երկիրն ունի այդ ծավալի բթություն խոստովանած ղեկավար, ապա այսօրվա մեր ձախողումների համար այլ բացատրություն փնտրելու կարիք պարզապես չկա։ 4․ Նիկոլ Փաշինյանն ինքն ընդունում է, որ 5 ու կես տարվա ընթացում մեր երկիրը առաջնորդել է ազգային անվտանգության եւ «Իրական Հայաստանի» համար կործանարար սպառնալիքներ առաջացնող «Պատմական Հայաստանի» տեսիլքի ուղղությամբ։ Հարց է ծագում. եթե այդքան երկար ժամանակ այդ մարդը, հակառակ բոլոր իրողություններին, համառորեն ցուցադրել է դատողության եւ տրամաբանության ակնհայտ արատներ եւ ոչ֊ադեկվատություն, ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ նրա դատողությանն ու տրամաբանությանը կարելի է վստահել մեր երկրի հետագա ճակատագիրը։ Իրականում, եթե ինչ֊որ բան եւ ապացուցվել է Նիկոլ Փաշինյանի մասին, դա այն է, որ քանի դեռ Փաշինյանի մտածողության (իսկ ավելի ճիշտ կլիներ ասել «անմտության») տեր մարդն է Հայաստանի համար ճակատագրական որոշումներ ընդունում, մեր երկիրը շարունակում է վտանգված լինել։ 5․ Նիկոլ Փաշինյանը մի կողմից պնդում է, որ Հայաստանը, ստորագրելով 1992 թվականի Ալմա֊Աթայի համաձայնագիրը, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, մյուս կողմից մեղադրում, որ Հայաստանը 1991 թվականից կառուցել է իր անկախության մոդելը սխալ՝ «Պատմական Հայաստանի» մոդելի վրա։ Թե ինչպե՜ս են կարող այս երկու իրարամերժ պնդումները միաժամանակ տեղավորվել Նիկոլ Փաշինյանի ուղեղի մեջ, թող ապագայում ուսումնասիրեն «Ակադեմիական քաղաք» տեղափոխված Բժշկական համալսարանում։ Այս պահին միայն արձանագրենք, որ անգամ ստախոսության գործում նա ապաշնորհ է»,- գրել է Զուրաբյանը։  
10:13 - 12 ապրիլի, 2024
ՀՀ արդարադատության նախարարը բարձր գնահատեց հայ-վրացական համագործակցությունն իրավական ոլորտում |armenpress.am|

ՀՀ արդարադատության նախարարը բարձր գնահատեց հայ-վրացական համագործակցությունն իրավական ոլորտում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը արգասաբեր համարեց Երևանում մեկնարկած հերթական՝ հայ-վրացական երկօրյա ֆորումի շրջանակներում քննարկումները՝ կարևորելով իրավական ոլորտում հայ-վրացական համագործակցությունը, որի շնորհիվ են նաև Հայաստանում որոշ բարեփոխումներ իրականացվել։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ համատեղ ասուլիսին։ «Դա մեզ հնարավորություն կտա իրականացնել նախկինում մեր արդեն նախանշված ծրագրերի գույքագրումը, թե ուր ենք մենք հասել դրանցով, ինչ հաջողություններ ունենք։ Մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մի քանի բարեփոխում Հայաստանում տեղի է ունեցել հենց այս համագործակցության շնորհիվ»,-հավելեց նախարարը։ Նրա խոսքով՝ այս ընթացքում հայ-վրացական իրավական ոլորտում համագործակցության շնորհիվ է նաև Հայաստանում իրականություն դարձել Հարկադիր ծառայության թվայնացման գործընթացը, պրոբացիայի շարժական և միասնական գրասենյակները, որոնք բացվել են Վանաձորում և Գյումրիում, ինչպես նաև միջազգային, այդ թվում՝ վրացական փորձի ուսումնասիրության արդյունք են դատական բեռնաթափմանն ուղղված բարեփոխումները։ «Ես ուզում եմ վստահեցնել, որ սա մեր լավագույն համագործակցություններից է այն իմաստով, որ հենց նախարարների անձնական շփումները բավականին հաճախակի են և թիմերն այնքան են իրար հետ աշխատում, որ մեծ իրավական ընտանիք են դարձել»,-հավաստիացրեց Մինասյանը՝ հավելելով, որ վրացի գործընկերները պատրաստակամ են ներկայացնելու իրենց երկրում իրականացված վերջին ծրագրերը, որոնցից օգտվելով  հնարավոր կլինի Հայաստանում ավելի կատարելագործված բարեփոխումներ տեղայնացնել։
17:46 - 11 ապրիլի, 2024
ԵՄ-ն ուզում է տեսնել բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին․ Կլաար |azatutyun.am|

ԵՄ-ն ուզում է տեսնել բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին․ Կլաար |azatutyun.am|

azatutyun.am:Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպման ֆոնին սահմանային լարվածությանը: Արդյո՞ք հրադադարի խախտումները Բաքվի պատասխանն են Հայաստան-ԵՄ խորացող հարաբերությունների, Կլաարը չգիտի, սակայն նշում է՝ ԵՄ-ն ուզում է տեսնել իրական, բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին, սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններին, հաղորդակցությունների բացմանը։ «Սրա վրա պետք է կենտրոնացնել ուշադրությունը», - ասաց ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ շեշտելով՝ պետք է վերադառնալ առարկայական բանակցային գործընթացին։ Դիտարկմանը, թե արդեն կես տարի է՝ պաշտոնյաները խոսում են շուտով խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին և հարցին, թե ինչո՞ւ չի ստացվում հասնել խաղաղ համաձայնության, ԵՄ ներկայացուցիչը պատասխանեց․ - «Մի քանի պատճառ կարող է լինել, բայց դատելով իմ տիրապետած տեղեկությունից, թե որտեղ է գործընթացը տարբեր ուղղություններով, ես նույնպես կարծում եմ, որ իրականում դա այդքան երկար չպետք է տևի դրական արդյունքի հասնելու համար, եթե կա քաղաքական կամք, եթե կա հանձնառություն։ Եվ մենք ուզում ենք այդ ուղղությամբ աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ միասին, որպեսզի հասնենք դրական արդյունքի։ Որովհետև ես, ինչպես ասացի, կարծում եմ, որ այդքան երկար դա չպետք է տևի, եթե երկու կողմից էլ կա քաղաքական հանձնառություն»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:45 - 11 ապրիլի, 2024
ՀՀ-ում ձերբակալված և ռազմաբազայում պահվող ՌԴ քաղաքացին հայտարարել է, թե «ամեն ինչ գիտակցել է» և ուզում է վերադառնալ ՌԴ
 |panarmenian.net|

ՀՀ-ում ձերբակալված և ռազմաբազայում պահվող ՌԴ քաղաքացին հայտարարել է, թե «ամեն ինչ գիտակցել է» և ուզում է վերադառնալ ՌԴ |panarmenian.net|

panarmenian.net:  ՌԴ քաղաքացի Անատոլի Շչետինինը, որին ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Գյումրիում ՌԴ-ում զինծառայությունից խուսափելու համար և որին պահում են ՌԴ ռազմակայանում, հայ փաստաբանների հետ հանդիպմանը հայտարարել է թե «ամեն ինչ գիտակցել է», օգնության կարիք չունի և ցանկանում է վերադառնալ ՌԴ։ Այդ մասին հայտնել է «Հանրային դատավճիռ» իրավապաշտպան կազմակերպությունը, գրում է Meduza-ն։ Միջազգային պաշտպանության կենտրոնի իրավաբան Նարեկ Հակոբյանը և Հանրային դատավճիռների փորձագետ Հասմիկ Նովիկովան հանդիպել են Շչետինինի հետ ապրիլի 10-ի առավոտյան Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում։ Հանդիպումն անցել է Շչետինինի հետ առանձնազրույցի ձևաչափով։ Շչետինինը փաստաբանին ասել է, որ նրան 2 անգամ փորձել են տանել Ռուսաստան, սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ, ըստ նրա, իրեն, իբր, արգելել են մուտքը ՌԴ։ Հասմիկ Նովիկովան նշել է, որ ՌԴ քաղաքացիներին չի կարող արգելվել մուտքը Ռուսաստան, իսկ մերժումը կարող է կապված լինել Հայաստանի սահմանապահ ծառայության գործողությունների հետ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան իրոք թույլ չի տվել երկրից մեկնել ՀՀ սահմանապահ ծառայությունը, քանի որ նախկին զինվորականը ՌԴ-ում հետախուզման մեջ է, և դրա համար անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարի թույլտվությունը, գրել է «Վաժնիի իստորիին»։ Ավելի վաղ հայ իրավապաշտպանները կոչ էին արել ՀՀ իշխանություններին թույլ չտալ նրա արտահանձնումը ՌԴ-ին։ Դեպքի մասին ահազանգել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանները։ 2023-ի դեկտեմբերին 102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը դասալքության մեղադրանքով ձերբակալել էր Դմիտրի Սետրակովին, որին տեղափոխել էին Ռուսաստան։ Թե որտեղ է հիմա Սետրակովը, որ մեկնել էր ՌԴ-ից, որպեսզի չմասնակցի պատերազմին, հայտնի չէ։ Այդ հարցին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անօրինական անվանելով ռուս զինծառայողների գործողությունները։
13:41 - 11 ապրիլի, 2024
ԱՄՆ կաջակցի ցանկացած ձևաչափով միջնորդության, որը ընդունելի կլինի երկու կողմի համար․ Քրիստինա Քվին
 |azatutyun.am|

ԱՄՆ կաջակցի ցանկացած ձևաչափով միջնորդության, որը ընդունելի կլինի երկու կողմի համար․ Քրիստինա Քվին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա որևէ տարաձայնություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ շեշտելով՝ Վաշինգտոնի ցանկությունն է տեսնել առաջընթաց խաղաղ գործընթացի տարբեր մանրամասների վերաբերյալ, և պատրաստ են աջակցել դրան ցանկացած տարբերակով, որը ընդունելի կլինի երկու կողմի համար էլ։ «Ազատություն»․ - Չնայած պետքարտուղար Բլինքենը վերջերս զանգահարեց նախագահ Ալիևին, ընդգծելու, որ իրավիճակի սրացումը արդարացում չունի, մենք շարունակում ենք տեսնել ապատեղեկատվության հոսք Ադրբեջանից, ինչպես նաև հրադադարի խախտումներ, ինչը հաստատվել է նաև մեր լրագրողների կողմից։ Այս շարունակական իրավիճակում, երբ Ադրբեջանը ակնհայտ անտեսում է դիվանագիտական հորդորներն ու միջազգային դատարանների վճիռները, Վաշինգտոնը պատժամիջոցներ կամ հարկադրանքի այլ միջոցներ կկիրառի՞ Ադրբեջանի նկատմամբ։ Քրիստինա Քվին․ - Նախ նշեմ՝ մենք շատ հստակ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա որևէ տարաձայնություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և մեր դիտարկմանբ՝ լինի դա հրադադարի խախտում, շատ ագրեսիվ հռետորաբանություն, թե ապատեղեկատվություն, այդ ամենը վնասում է խաղաղ գործընթացին։ Մեր ուշադրության կենտրոնում այս պահին գործընթացն առաջ մղելն է։ Մենք հյուրընկալում էինք արտաքին գործերի նախարարների մի շարք հանդիպումներ, ԵՄ-ն հյուրընկալեց որոշ հանդիպումներ առաջնորդների միջև, և մենք զգացինք, որ այդ հանդիպումներում որոշակի առաջընթաց կա: Վերջերս առաջընթացն ավելի դանդաղ է, և մենք հուսով ենք, որ այն կարող է իր հունի մեջ մտնել՝ ավելի արագ առաջ շարժվելու համար: Այն կարող է լինել ԱՄՆ-ի միջնորդության ներքո, մենք շատ ուրախ կլինենք դա անել, բայց եթե երկու կողմերին էլ հարմար կլինի այլ միջնորդների հետ աշխատել, մենք ուրախ կլինենք աջակցել նաև դրան: Մեր ցանկությունն է տեսնել առաջընթաց խաղաղ գործընթացի տարբեր մանրամասների վերաբերյալ, և մենք պատրաստ ենք աջակցել դրան ցանկացած տարբերակով, որը ընդունելի կլինի երկու կողմի համար էլ։«Ազատություն»․ - Ես հարցրի պատժամիջոցների մասին, քանի որ հստակ հիշում եմ Ձեր ելույթը, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Դուք այն ժամանակ ԱՄՆ դեսպանն էիք այդ երկրում, և հստակ ասացիք, որ Ռուսաստանի հետ նախկին հարաբերությունները չեն լինի, քանի դեր այդ երկիրը շարունակում է իր վնասարար դերը միջազգային ասպարեզում։ Նույնը մենք լսեցինք անցած սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա։ Փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայանը Կոնգրեսում հայտարարեց, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Բայց մենք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում էական փոփոխություն չտեսանք, ոչ էլ պատժամիջոցներ։ Փաստացի երկու դեպքում էլ միևնույն իրավիճակն էր՝ Ամերիկայի կարմիր գծերը խախտվել էին, ԱՄՆ-ում նույն վարչակազմն էր, օգտագործվել էր նույն բառապաշարը, բայց եղան տարբեր արդյունքներ։ Ինչո՞ւ։Քրիստինա Քվին․ - Նախ ասեմ, որ խոսքը, թե հարաբերությունները նախկինի պես չեն լինելու, ենթադրում է գործունեության և ներգրավվածության լայն շրջանակ: Եվ ես կասեի, որ սեպտեմբերից ԱՄՆ-ում որոշակի զսպվածություն է եղել Ադրբեջանի հետ ներգրավվածության և գործունեության առումով: Բայց միայն այն պատճառով, որ հարաբերությունները սովորականի պես չեն, չի նշանակում, որ մենք դադարում ենք խոսել այդ երկրի հետ: Այն, ինչ մենք փորձում ենք անել՝ ներգրավվելն է այնպես, որ հնարավոր լինի խրախուսել և նպաստել բանակցությունների սեղան վերադառնալուն: Ներգրավվածության իսպառ դադարեցումը մեզ այդ հարցում առաջ չի տանի: Մենք դեռ պետք է խոսենք մարդկանց հետ, դեռ պետք է փորձենք խրախուսել նրանց, փորձենք նրանց խթան տալ։ Դա այն է, ինչ մենք հենց հիմա փորձում ենք անել: Մենք խոսում ենք նաև տարածաշրջանային խաղացողների՝ Թուրքիայի և այլոց հետ՝ փորձելով նրանց ընդհանուր հայտարարի բերել՝ խաղաղ գործընթացում առաջընթացը խրախուսելու առումով: Դա հեշտ չի լինելու: Ջեյմս Բեյքերը ժամանակին ասել է՝ դուք խաղաղության շուրջ ձեր բարեկամների հետ չեք բանակցում, այլ՝ հակառակորդների, ինչը երբեք հեշտ չի լինում, բայց դա այն գործընթացն է, որը, կարծում եմ՝ աներևակայելի կարևոր է։ Աներևակայելի կարևոր, իհարկե, Հայաստանի, բայց իրականում նաև ողջ տարածաշրջանի կայունության համար: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:37 - 11 ապրիլի, 2024
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
 |news.am|

ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան |news.am|

news.am: ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Գրեթե բոլոր երկրներն այսօր նման տնտեսական քաղաքականություն են վարում, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ... Առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միությունների, հատկապես ԵԱՏՄ-ի դեմ»,- ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, և արդյոք երկիրը պատրաստվում է դուրս գալ այս միությունից։ Բրյուսելում ուրբաթ օրը Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի հետ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համագործակցության վերաբերյալ համատեղ հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի, Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոնի մասնակցությամբ։ դեր Լեյենը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։ Հանդիպումից առաջ ֆոն դեր Լեյենը խոստացել էր առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին 270 միլիոն եվրոյի զարգացման աջակցություն հատկացնել։
12:34 - 11 ապրիլի, 2024
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են վերսկսել սահմանազատման աշխատանքները․ Կոստանյան |tert.am|

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են վերսկսել սահմանազատման աշխատանքները․ Կոստանյան |tert.am|

tert.am: Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ «Երկու երկրների կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման աշխատանքները պետք է վերսկսվեն, որոնք բավականին երկար ժամանակ դադար էին ստացել։ Երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովները։ Նիստ դեռևս տեղի չի ունեցել։ Երկու կողմն էլ որոշակի տնային աշխատանքներ են կատարում»,- նշեց Կոստանյանը։ Նա հույս հայտնեց, որ առաջին նիստը չի ուշանա։ Դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզից տարածք է զիջվելու Վրաստանին, փոխնախարարը պատասխանեց՝ սահմանազատման գործընթաց է լինելու։ Նրա խոսքով՝ տրամաբանությունը սա է` վերականգնել բոլոր հարևան երկրների հետ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագիծը։    
11:03 - 11 ապրիլի, 2024
Ադրբեջանը շարունակում էր սպառնալ Հայաստանի գոյությանը՝ օկուպացնելով այդ երկրի տարածքի մի հատվածը. Freedom House-ի զեկույց |amerikayidzayn.com|

Ադրբեջանը շարունակում էր սպառնալ Հայաստանի գոյությանը՝ օկուպացնելով այդ երկրի տարածքի մի հատվածը. Freedom House-ի զեկույց |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան՝ Nations in Transit 2024 զեկույցը, ուր զուգահեռներ է անցկացրել Ռուսասատնի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման միջև՝ վերջինս որակավորելով «էթնիկ զտումներ»: Ուկրաինան ոչնչացնելու Մոսկվայի պատերազմը և Ադրբեջանում իշխող ռեժիմի ռազմական նվաճումն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները ի հայտ բերեցին «ավտորիտարիզմի էքսպանսիայի» մահացու հետևանքները՝ ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit 2024 տարեկան զեկույցում: Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա տարածաշրջանի եվրասիական 29 երկրներում տարվա կտրվածքով ժողովրդավարության հետ կապված իրավիճակը ուսումնասիրող այս զեկույցն արձանագրոմ է այս տարածաշրջանում 20-րդ տարին անընդմեջ ժողովրդավարական կառավարման ընդհանուր անկում: «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում զեկույցի համահեղինակ, Freedom House-ի ավագ փորձագետ Մայք Սմելտզերը նշում է, որ զեկույցը կենտրոնանում է ժողովրդավարական կառավարման ինստիտուցիոնալ գործոնների վրա՝ դիտարկելով, թե ինչպես են ժողովրդավարությունները, ինստիտուտները ապահովում, պաշտպանում և աջակցում մարդկանց հիմնարար իրավունքները: Ըստ զեկույցի համահեղինակի՝ 2023 թվականին արձանագրվել է ժողովրդավարության անկման ավելի լայն միտում, ներառյալ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներում: «Կարծում եմ, որ սա Հայաստանի ժողովրդավարական հետագծի ավելի մեծ միտումի մի մասն է վերջին 5-10 տարիների ընթացքում, և հատկապես «թավշյա հեղափոխությունից» հետո: Այն բնութագրվում է հաճախ որպես երեք քայլ առաջ և մեկ քայլ հետ: Ցավոք, այս տարին այն տարիներից էր, որտեղ այս զեկույցում իսկապես առկա էր մեկ քայլ հետընթաց»,- ասում է Մայք Սմելտզերը: Ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ջանքերի վրա բացասական ազդեցություն է ունեցել «Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը», ինչի հետևանքով այնտեղ ապրող ավելի քան 120 հազար հայեր ստիպված եղան փախչել և հիմնականում բնակություն հաստատել Հայաստանում: «Ադրբեջանական ռեժիմի ներխուժումը և Լեռնային Ղարաբաղի վերացումը բացասական ազդեցություն ունեցավ հենց Հայաստանում ժողովրդավարության վրա: Այսինքն՝ Հայաստանի ներսում հաստատությունները ստիպված էին պայքարել ոչ միայն այնտեղ ժողովրդավարական կառավարում ապահովելու և բարեփոխումներ իրականացնելու մարտահրավերի դեմ, այլ նաև Լեռնային Ղարաբաղի տարածքից փախստականների հոսքի ավելացման մարտահրավերի»,- պնդում է Սմելտզերը: Freedom House-ը նշում է, թե Հայաստանի կառավարությունը փորձում է լուծել նրանց հումանիտար կարիքները՝ միաժամանակ պաշտպանելով երկրի տարածքը, ամրապնդելով իշխանությունը՝ ներքին քննադատության պայմաններում և արձագանքելով 2018 թվականի հեղափոխությունից հետո երևան եկած պահանջներին, թե հանրապետությունը հարկ է ավելի լավ կառավարել։ Զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների միջև՝ զեկույցը փաստում է. «2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ վերջնական հարձակման հիմնական պատճառն ամենևին էլ 2022 թվականի փետրվարին [տեղի ունեցած] Ուկրաինա Կրեմլի ներխուժումը չէր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր բացահայտ կերպով խոսում հայկական անկլավի դե ֆակտո անկախությունը վերացնելու իր մտադրության մասին»,- ընդգծում է զեկույցը՝ հավելելով, թե, այդուհանդերձ, Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը հնարավորության դուռ բացեց [Ադրբեջանի համար] նվաճելու Լեռնաին Ղարաբաղը, քանի որ «Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվեցին Կովկասում իր խաղաղապահ պարտավորություններից, իսկ ժողովրդավարական աշխարհը կլանված էր Կիևին աջակցելու ուղղությամբ»: Զեկույցը փաստում է՝ Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո իշխանության ու պաշտպանության համակարգի փլուզումը հարկադրեց 120 հազար հայերին հեռանալ՝ «իրենց կյանքը փրկելու համար»: Զեկույցը դա որակել է որպես «էթնիկ զտումներ»: «Մեր զեկույցում օգտագործում ենք «էթնիկ զտում» եզրն ավելի քան 120,000 էթնիկ հայերի մասին խոսելիս, որոնք Լեռնային Ղարաբաղի տարածքից ստիպված են եղել փախչել ադրբեջանական զինուժից: Նրանցից շատերը, իհարկե, հայտնվել են Հայաստանում»,- պնդում է զեկույցի համահեղինակը: Միաժամանակ, զեկույցում նշված է․ «Ադրբեջանի զինուժը շարունակում էր սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` նախորդ տարիների ընթացքում բազմաթիվ բախումներից հետո՝ բռնազավթելով այդ երկրի տարածքի մի մասը»: «Մենք տեսել ենք ավտորիտար էքսպանսիայի ընդլայնման կործանարար հետևանքները, ինչպես Ուկրաինայում, ինչպես Լեռնային Ղարաբաղում: Հիմքեր չկան հավատալու, որ այսքանով այն կդադարի: Մենք փաստացի տեսնում ենք, որ այս ավտոկրատիաներին հակազդելու անկորողությունը մեծացնում է դրանց [էքսպանսիայի ընդլայնման] շարունակման հավանականությունը»,- ասում է զեկույցի համահեղինակը: Ալիևի քաղաքական և ռազմական հաղթանակները կարող են ճանապարհ հարթել Բաքվի կողմից նոր տարածքային պահանջների ներկայացմանը՝ ասված է զեկույցում, ուր նաև անդրադարձ կա Ադրբեջանի նախագահի պաշտոնը հերթական անգամ ստանձնելիս՝ երդմնակալության արարողության ժամանակ Ալիևի ելույթին, որը, ըստ Freedom House-ի, հայկական տարածքների նկատմամբ հավելյալ պահանջներ ներկայացնելու ապացույց էր: Իրավապաշտպան կազմակերպությունը նախազգուշացնում է՝ ԱՄՆ կամ ԵՄ կողմից պարտադրված զսպման մեխանիզմների բացակայության պայմաններում՝ Կովկասում առկա է «ավտորիտար ագրեսիայի ակնհայտ վտանգ»: Մայք Սմելտզերը, սակայն, որոշակի փոփոխություններ է տեսնում Հայաստանին արևմտյան աջակցություն ցուցաբերելու հարցում՝ մատնանշելով օրերս Բրյուսելում կայացած հանդիպումներն ու դրանց արդյունքները: «Մենք տեսնում ենք որոշակի տեղաշարժ այս ուղղությամբ, երբ Հայաստանը, գիտակցելով իր անկայուն աշխարհաքաղաքական և անվտանգային դիրքը, ուղղություն է վերցրել դեպի արևմուտք՝ ձգտելով դաշնակիցներ գտնել ԵՄ-ում և Միացյալ Նահանգներում: Մենք ականատես եղանք որոշակի արձագանքի և քաղաքականության փոփոխության կամ առնվազն աջակցության աճի»,- ասում է նա: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:06 - 11 ապրիլի, 2024