Համբարձում Մաթևոսյան

Համբարձում Մաթևոսյանը ՀՀ փոխվարչապետն է։ 

Ծնվել է 1992 թ․-ի նոյեմբերի 18-ին Գյումրիում։ 

2009-2012 թթ.  սովորել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժնում, 2012-2015 թթ.՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետում՝ համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ։

2011-2012 թթ. աշխատել է  ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնում՝ որպես համակարգող, 2013-2014 թթ. աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու։
2013-2015 թթ.  եղել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի խորհրդական։
2016-2018 թթ. աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական
2018-2021 թթ.  զբաղեցրել է ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնը։ 2021 թ. նոյեմբերի 25-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետը Լուռու մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

ՀՀ փոխվարչապետը Լուռու մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հերթական մարզային այցի շրջանակում եղել է Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Լոռի Բերդ, Ստեփանավան և Գյուլագարակ համայնքներում։ Համբարձում Մաթևոսյանը տեղում ծանոթացել է սուբվենցիայի ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող աշխատանքներին, տվել է մի շարք հանձնարարականներ։ Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։ Աշխատանքային այցի ընթացքում Համբարձում Մաթևոսյանին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, համայնքապետեր, այլք։ Վանաձոր համայնքում Համբարձում Մաթևոսյանն այցելել է կառուցվող թիվ 8 մանկապարտեզի նոր մասնաշենքի, Աղայան փողոցի 1 կմ հիմնանորոգվող ճանապարհի շինարարական հրապարակներ, ծանոթացել 2021 թվականին սուբվենցիայի ծրագրերով մեկնարկած աշխատանքների ընթացքին, այնուհետև եղել է նույն համայնքի «Սայաթ Նովայի» անվան վերակառուցվող զբոսայգում, որտեղ փոխվարչապետին ներկայացվել են 43000 քմ մակերեսով այգու արդիականացման աշխատանքները։ Փոխվարչապետը Վանաձորի Համերաշխության պուրակում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Համբարձում Մաթևոսյանի հաջորդ կանգառը եղել է Ալավերդի և Թումանյան համայնքներում, որտեղ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ հիմնանորոգվել են Սանահին կայարան-Հաղպատ 14,16 կմ երկարությամբ ճանապարհը, այդ թվում՝ Ալավերդի քաղաքը շրջանցող զույգ կամուրջները։ Փոխվարչապետն այցելել է նաև Թումանյան-Սանահին կայարանի 9,69 կմ երկարությամբ ճանապարհի շինհրապարակ, որտեղ ներկայում իրականացվում են միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման աշխատանքներ։ Ալավերդի համայնքի Ակներ բնակավայրում՝ դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածում, 2022-2023 թվականների ընթացքում նախատեսվում է հիմնանորոգել զբոսաշրջության զարգացման համար ընտրված, անմխիթար վիճակում գտնվող ճանապարհահատվածը։ Փոխվարչապետ Մաթևոսյանը նաև այդ ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքներին է ծանոթացել, որից հետո այցելել է Լոռի Բերդ համայնք, որտեղ ավարտվել են 2021 թվականին մեկնարկած Կողես բնակավայրի 580 մ երկարությամբ ճանապարհի տուֆ քարով սալարկման աշխատանքները։ Համբարձում Մաթևոսյանի՝ Լոռու մարզ կատարած այցի վերջին երկու կանգառները եղել են Ստեփանավան և Գյուլագարակ համայնքներում, որտեղ «ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակում համապատասխանաբար իրականացվում են Ստեփանավան քաղաքի կամրջի և Մ-3 միջպետական ճանապարհի, ինչպես նաև Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 144-020-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներ։ Նշված երկու համայնքներում աշխատանքների մեկնարկը տրված են․ դրանք կավարտվեն 2022 թվականի նոյեմբերին։ Փոխվարչապետը համայնքներ կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև տեղի բնակիչներին, զրուցել նրանց հետ մթերումների հետ կապված հարցերի, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի մասին՝ հորդորելով օգտվել պետության կողմից տրված այդ հնարավորությունից։
12:07 - 04 հուլիսի, 2022
ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԱՄՆ անկախության տարեդարձին նվիրված տոնակատարությանը

ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԱՄՆ անկախության տարեդարձին նվիրված տոնակատարությանը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 30-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը մասնակցել է ԱՄՆ անկախության 246-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը։ Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։ Դեսպանատան ծովահետևակայինների կողմից անցկացվող դրոշի հանդիսավոր արարողությունից հետո հնչել են Հայաստանի և ԱՄՆ-ի ազգային օրհներգերը՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ։ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ողջույնի և շնորհավորանքի խոսքին հաջորդել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ելույթը, որում, մասնավորապես, նշել է․ «Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Ձերդ գերազանցություն տիկի՛ն դեսպան, Օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունների հարգելի գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 246-րդ տարեդարձի կապակցությամբ: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք նաև շնորհավորել հայ և ամերիկացի ժողովուրդներին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄՆ կառավարությունը շարունակական աջակցություն է ցուցաբերել մեր երկրին՝ մշտապես հավատարիմ լինելով հայ ժողովրդի առավել բարեկեցիկ, տնտեսապես ավելի կայուն, կոռուպցիայից զուրկ, օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական երկրում ապրելու ձգտմանը, ինչի համար իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում ԱՄՆ կառավարությանը։ Մեր երկու երկրների միջև սերտ համագործակցության մասին է վկայում այն, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը որակապես նոր փուլ մտավ, և երկկողմ միջկառավարական խորհրդակցությունները տնտեսական շրջանակներից վերաճեցին ռազմավարական երկխոսության։ Ես ուրախ եմ, որ այսօր ունենք հագեցած օրակարգ, որն արդեն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ սկսած իրավական բարեփոխումներից և կոռուպցիայի կանխարգելումից մինչև էներգետիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 2022 թվականի գարնանը վերսկսվեցին Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ամենամյա նիստերը և մայիսի 2-ին Հայաստանի Արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտոնում տրվեց ամփոփիչ նիստի մեկնարկը։ 2022 թվականի ռազմավարական երկխոսության ձեռքբերումներից պետք է համարել «Քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Այս ոլորտում համագործակցության խորացումը, վստահ եմ, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի առջև։ Ձերդ գերազանցություն տիկի՛ն դեսպան, Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերն՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Հուսանք, որ այս ջանքերը կլինեն շարունակական, և կհասնենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեր նպատակին՝ չանտեսելով այսօր Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքները: Խորին երախտագիտությունս եմ հայտնում նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշման համար։ Նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անփոխարինելի քայլ էր ողջ աշխարհում հայ ժողովրդի կողմից մղվող դարավոր պայքարի արդարացիության և ցեղասպանությունը ժխտողներին կոշտ պատասխան տալու համար: Այս տարվա ապրիլի 24-ին դիրքորոշման վերահաստատումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և համամարդկային արժեքների գերակայությանը:  Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր հայկական խոշորագույն համայնքներից մեկին՝ ամերիկահայությանը, ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացիներին, որոնք, լինելով տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, իրենց ծառայությունն են մատուցում ԱՄՆ-ին: Նրանք նաև երրորդ հանրապետության հիմնադրման առաջին օրվանից և արդեն 3 տասնամյակից ավելի կանգնած են Հայաստանի կողքին՝ իրենց անմիջական աջակցությունը ցուցաբերելով երկրի տարբեր ոլորտների զարգացմանը: Հայ համայնքը յուրօրինակ կամուրջ է, որ կապում է երկու երկրները, նպաստում հարաբերությունների ամրապնդմանը և ընդհանուր արժեքների վրա խարսխված գործընկերության մակարդակի բարձրացմանը: Ձերդ գերազանցություն տիկին դեսպան, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ և Ամերիկայի ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 246-րդ տարեդարձի կապակցությամբ։ Կեցցե հայ-ամերիկյան բարեկամությունը: Շնորհավո՛ր Անկախության օրը»։
10:35 - 01 հուլիսի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը Արագածոտնի մարզում ծանոթացել  է սուբվենցիոն ծրագրերով իրականացված և իրականացվող աշխատանքներին

Փոխվարչապետ Մաթևոսյանը Արագածոտնի մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացված և իրականացվող աշխատանքներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 29-ին այցելել է Արագածոտնի մարզ, ծանոթացել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացված և իրականացման փուլում գտնվող աշխատանքներին։ Այցի ընթացքում փոխվարչապետին ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Աշտարակի և Թալինի համայնքապետերը, այլք։ Աշխատանքային այցի առաջին կանգառը Թալինի հիմնանորոգվող բժշկական կենտրոնի շինհրապարակում էր։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են 2021 թվականի հունիսին, նախատեսում են ավարտել ու հիվանդանոցը շահագործման հանձնել 2023 թվականի տարեվերջին։ Փոխվարչապետ Մաթևոսյանը շրջել է շինհրապարակում, զրուցել բուժանձնակազմի հետ, բժշկական կենտրոնի ղեկավար կազմի հետ քննարկել զարգացման ծրագրերը։ Աշխատանքային այցի ընթացքում Համբարձում Մաթևոսյանը եղել է նաև Գառնահովիտ բնակավայրում կառուցվող մոդուլային դպրոցի տարածքում, ծանոթացել է իրականացվող աշխատանքներին։ Դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ զրույցում փոխվարչապետը հորդորել է նրանց մասնակցել ատեստավորման գործընթացին, մասնագիտական որակավորումը բարձրացնելուն զուգահեռ բարձրացնել նաև աշխատավարձի չափը։ Համբարձում Մաթևոսյանը զրուցել է նաև տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները՝ կապված մթերումների, ոռոգման ջրի, այգեհիմնման աշխատանքների հետ, այնուհետև ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, հորդորել է օգտվել այդ հնարավորություններից ու Էկոնոմիկայի փոխնախարար Խոջոյանի հետ պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։ Թալին համայնքի Կարմրաշեն բնակավայրում փոխվարչապետն այցելել է Հայրենական պատերազմում զոհված կարմրաշենցիների հիշատակին կառուցված հուշահամալիր, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Տեփանյան Արտյոմի շիրիմին և ծաղիկներ խոնարհել զոհված հերոսների հիշատակին։ Աշխատանքային այցի հաջորդ կանգառը Արագածոտն բնակավայրում վերակառուցվող մանկապարտեզն էր, որտեղ, ծանոթանալով իրականացվող աշխատանքներին, փոխվարչապետ Մաթևոսյանը հայտարարել է, որ անորակ աշխատանք չի ընդունվելու։ Մարզպետ Մովսիսյանը հավաստիացրել է՝ եթե շինարարությունը լիարժեք և որակով չիրականացվի, աշխատանքը չի ընդունվի։ Աշտարակ քաղաքում Համբարձում Մաթևոսյանը շրջել է նաև Կոմիտասի անվան բարեկարգվող պուրակում, ծանոթացել քաղաքի ասֆալտապատման աշխատանքների որակին, տվել է մի շարք հանձնարարականներ։ Այցի ավարտին փոխվարչապետ Մաթևոսյանն Արագածոտնի մարզպետարանում հանդիպել է համայնքների ղեկավարներին, մարզպետարանի ղեկավար կազմին և մարզի մթերող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Համայնքների ղեկավարների հետ զրույցի ընթացքում փոխվարչապետն անդրադարձել է ստացվող սուբվենցիայի ծրագրային հայտերի որակին, հայտերի ներկայացման ժամկետների փոփոխությանը, հորդորել է պարբերական դարձնել համայնքների բնակիչների հետ շփումներում պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը և ընդգծել․ «Կառավարությունը հետևողական է տարածքային համաչափ զարգացմանը, և, նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացմամբ, անելու է առավելագույնը՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ»։ Մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփման ժամանակ Համբարձում Մաթևոսյանը հետաքրքրվել է առկա խնդիրներից, դրանց լուծման հարցում Կառավարության հնարավոր աջակցության ձևաչափից, այնուհետև պատասխանել է նրանց կողմից բարձրաձայնված հարցերին։ Փոխվարչապետի կողմից մարզային այցերը շարունակական բնույթ են կրելու։
10:21 - 30 հունիսի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային ևս 42 հայտ

Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային ևս 42 հայտ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ շարունակվում են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերի քննարկումները։ ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի՝ այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ քննարկվել ու գնահատվել են յոթ մարզերից ներկայացված 42 հայտերը։ Դրանք, օրինակ, վերաբերել են Զանգակատուն, Արարատ, Պարույր Սևակ, Արմաշ և Ավշար բնակավայրերում ոռոգման ցանցի վերակառուցմանն ու կառուցմանը, Լեռնագոգ բնակավայրում 4500գմ երկարության ջրագծի կառուցմանը, Նոր Հաճնում 2 հազար 545մ երկարության ասֆալտապատման աշխատանքներին, Ստափանավան համայնքի Արմանիս և Կաթնաղբյուր բնակավայրերի մանկապարտեզների մասնաշենքերի հիմնանորոգմանը, Արթիկ բնակավայրի կենտրոնական հրապարակի և հարակից փողոցների բարեկարգմանը, Չինարի բնակավայրում 1400մ ոռոգման համակարգի կառուցմանը և այլն։
11:52 - 27 հունիսի, 2022
Ոստիկանության զորքերը երկիրը, ժողովրդին ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու գործառույթը կատարել են բարձր մակարդակով. Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության զորքերը երկիրը, ժողովրդին ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու գործառույթը կատարել են բարձր մակարդակով. Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք:  Կառավարության ղեկավարը նախ եղել է Հավերժության պուրակում, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ լայնությունը՝ 33 մետր, որը խորհրդանշում է ՀՀ ՈԶ 1033 զորամասը: Ոստիկանության զորքերի 30-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետ Փաշինյանը տնկել է եղևնի, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի զոհված Ոստիկանության զորքերի բոլոր ներկայացուցիչների: Վարչապետը ծանոթացել է ՈԶ  տեխնիկական միջոցներին, հանդիսավոր միջոցառմանն իր խոսքում շնորհավորել ներկաներին Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով: «Ոստիկանության զորքերը, ըստ էության, ձևավորվել են որպես Հայաստանի զինված ուժերի առաջին կանոնավոր ստորաբաժանում: Այդ ընթացքում Ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց նպաստն են բերել Հայրենիքի անվտանգության և սահմանների պաշտպանության գործին: Ես ևս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած Ոստիկանության զորքերի նահատակված ծառայողների հիշատակի, նրանց ընտանիքների, հարազատների, զավակների և ծնողների առաջ: Պիտի արձանագրենք, որ մեր նահատակների առաջ մեր ունեցած ամենամեծ պարտքը Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, հայկական պետականությունը պահպանելն է, պաշտպանելն է, զարգացնելն է և հետագա սերունդներին փոխանցելը: Ուզում եմ ընդգծել հենց Ոստիկանության զորքերի, ընդհանուր առմամբ, իրավակարգի և հանրային անվտանգության ապահովման գործառույթը: Ես դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, սա հատուկ եմ շեշտում, երբ Ոստիկանության հետ ուղիղ առնչվող ճգնաժամային իրավիճակ կար, ամբիոնից հայտարարել եմ, որ Ոստիկանությունը, ինչպես ցանկացած պետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ողնաշարն է: Եվ պիտի արձանագրեմ, որ Ոստիկանության զորքերը, եթե ավելի ճշգրիտ արտահայտվենք, հենց Ոստիկանության ողնաշարն է: Շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր Ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, և Ոստիկանության զորքերը՝ մասնավորապես, անընդհատ և հետևողականորեն ցույց են տալիս իրենց ամրությունը, իրենց վճռականությունը, հաստատակամությունը և նվիրվածությունը Հայաստանի Հանրապետության իրավակարգին, Սահմանադրությանը և ժողովրդին: Սա գնահատանքի արժանի ծառայություն է, որովհետև հանրային անվտանգության և կայունության ապահովումը ոչ պակաս կարևոր գործառույթ է, քան արտաքին սահմանների պահպանությունը և պաշտպանությունը: Չնայած, ինչպես նշվեց, այս գործառույթում նույնպես Ոստիկանության զորքերն իրենց ներդրումն են ունեցել»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը բոլոր ծառայողներին շնորհակալություն է հայտնել կատարած ծառայության, նվիրվածության, վճռականության և հետևողականության համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բոլորի ընտանիքների անդամներին, որոնք կարելի է պատկերացնել, թե ամեն անգամ ինչպիսի ապրումներ են ունենում, երբ դուք դուրս եք գալիս ծառայության: Բայց համոզված եմ նաև, որ նրանք կասկած անգամ չունեն, որ Հայրենիքին, պետությանը, ժողովրդին ձեր ծառայությունը կիրականացնեք պատվով, արժանապատվությամբ և նվիրվածությամբ: Այդ ծառայությունն արժանի է գնահատանքի: Այժմ մենք գտնվում ենք  կարևոր մի փուլում, երբ Ոստիկանությունը, նաև Ոստիկանության զորքերը բարեփոխումների շատ կարևոր ճանապարհ պիտի անցնեն: Բայց այդ բարեփոխումների կարևորագույն և անկյունաքարային դրույթներից մեկը պիտի լինի, ընդհանուր առմամբ, Ոստիկանության և Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների հարցը, որովհետև բոլորս ունենք համոզմունք, որ այդքան գնահատելի ծառայություն իրականացնող մարդիկ և նրանց ընտանիքները պիտի ունենան սոցիալական որոշակի, վստահելի երաշխիքների համակարգով ապահովվածություն: Ընդ որում, այս քաղաքականությունը վերաբերում է բոլոր ուղղություններին: Այսօր Ոստիկանության զորքերի օրն է, Ոստիկանության մասին ենք խոսում, բայց նույնը վերաբերում է մեր իրավակարգին, պետական կարգի, անվտանգության ապահովման բոլոր ծառայություններին: Մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով: Ընդհանրապես, այն գործառույթը, որն իրականացնում են իրավակարգի ապահովման ուժերը, այդ գործառույթի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել, որովհետև ձեր գործառույթն է՝ երկիրը, ժողովրդին պաշտպանել ապօրինի ոտնձգություններից: Պիտի արձանագրեմ, որ Ոստիկանության զորքերը, Ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, իրենց այս գործառույթը կատարել են բարձր մակարդակով և ճշգրտորեն: Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով և շնորհակալություն հայտնում ձեր նվիրական ծառայության համար»,- եզրափակել է վարչապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, երկարամյա անբասիր ծառայության համար Ոստիկանության զորքերի հրամանատրի տեղակալ, գնդապետ Գարիկ Միրզոյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվել են Մարտական ծառայության և «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալներով:
15:28 - 24 հունիսի, 2022
Դիտարկվում է Հայաստանում Netcracker Technology-ի հետազոտության և զարգացման կենտրոնի հիմնման հնարավորությունը

Դիտարկվում է Հայաստանում Netcracker Technology-ի հետազոտության և զարգացման կենտրոնի հիմնման հնարավորությունը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 21-ին ընդունել է BostonGene և Netcracker Technology  ընկերությունների նախագահ Էնդրյու Ֆայնբերգին։ Նշենք, որ BostonGene ընկերությունը, որի նպատակը նոր և անհատականացված բուժման մեթոդով քաղցկեղ ունեցող մարդկանց համար դրական արդյունք ապահովելն է, 2022 թ. ապրիլից արդեն իսկ ներկայացված է Հայաստանում 200-ից ավելի աշխատակիցներով, իսկ այժմ դիտարկվում է Հայաստանում Netcracker Technology-ի հետազոտության և զարգացման կենտրոնի հիմնման հնարավորությունը։ Հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվել են ընկերությունների ընդլայնման հեռանկարներն ու քննարկվել այդ ուղղությամբ Կառավարության հետ համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև Netcracker Technology ընկերության կենտրոնը Հայաստանում հիմնելու հարցում ՀՀ Կառավարության հետ փոխգործակցության հեռանկարներին։ Հիշեցնենք, որ այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունիսի 8-ին՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի և Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ հանդիպման շրջանակում։
17:41 - 22 հունիսի, 2022
Սուբվենցիայի ծրագրային 58 նոր հայտ՝ Հայաստանի 8 մարզերից․ տեղի է ունեցել գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Սուբվենցիայի ծրագրային 58 նոր հայտ՝ Հայաստանի 8 մարզերից․ տեղի է ունեցել գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։  Նիստի ընթացքում շահագրգիռ պետական կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի 8 մարզերից ստացված սուբվենցիայի ծրագրային 58 հայտերը։ Դրանք վերաբերել են մի շարք բնակավայրերի գազիֆիկացմանը, մանկապարտեզների վերանորոգմանն ու բարեկարգմանը, վերելակների փոխարինմանը, փողոցներում լուսավորության համակարգերի կառուցմանը, ասֆալտապատման աշխատանքներին, աղբատար մեքենաների ձեռքբերմանը և այլն։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
18:01 - 16 հունիսի, 2022
Փոխվարչապետն ու էկոնոմիկայի նախարարն ամփոփեցին Կատար ՀՀ պատվիրակության այցի առաջին օրվա արդյունքները |armenpress.am|

Փոխվարչապետն ու էկոնոմիկայի նախարարն ամփոփեցին Կատար ՀՀ պատվիրակության այցի առաջին օրվա արդյունքները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ամփոփեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Կատարի Պետության այցի առաջին օրվա արդյունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ բարեկամ Կատարի Պետության հետ անհրաժեշտություն կար քննարկելու տարբեր ոլորտներին վերաբերվող մի շարք կարևոր հարցեր, որի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա այցով ժամանեց Դոհա։ «Այցի շրջանակներում կարևոր հանդիպումներ ենք ունեցել Կատարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի և Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։ Հանդիպում ենք ունեցել տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, ստորագրվեցին հուշագրեր, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտների, այդ թվում՝ առողջապահության, կրթության, զբոսաշրջության, նաև ստորագրվեցին առանձին հուշագրեր երկրների պետական լրատվական գործակալությունների միջև, պետական համալսարանների միջև, ինչպես նաև Դոհայի և Երևանի միջև։ Վարչապետի կողմից ստացանք հանձնարարություններ, որպեսզի հետևողական լինենք հուշագրերի և համաձայնագրերի կատարմանը»,- ասաց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Փոխվարչապետի խոսքով՝ օրվա ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք նույնիսկ նախատեսված չէին օրակարգով։ «Ինչպես գիտեք, Կառավարության ռազմավարության համաձայն՝ պլանավորում ենք ունենալ առանձին ակադեմիական քաղաք կամ տեխնոլոգիական ուղղվածության կենտրոններ։ Նման փորձ Կատարն ունի, և հնարավորություն ունեցանք այցելելու Կատարի գիտության ու տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթանալու կենտրոնի աշխատանքին»,- ասաց փոխվարչապետը։ Մաթևոսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը ակնկալում է Կատարի իշխանությունների կողմից փոխադարձ այց Հայաստանի Հանրապետություն։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին կարևորեց Կատարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումը։ «Կարծում եմ, որ երկու երկրների ղեկավարների կողմից դրսևորված քաղաքական կամքը շատ կարևոր է, որպեսզի իսկապես պայմանավորվածություններն իրագործվեն»,- ասաց Քերոբյանը։   Կատարի հետ կարևոր պայմանավորվածություններից էկոնոմիկայի նախարարը առանձնացրեց «Qatar Airways» ընկերության նախագահի հետ ստորագրված հուշագիրը։ Նա նշեց, որ նաև քննարկվել է «Qatar Airways»-ի կողմից բեռնափոխադրումների սակագների զեղչերի կիրառումը։ «Կարծում եմ, որ եթե դա մեզ հաջողվի, ապա մեր երկրի համար նոր հնարավորություններ կբացվեն»,- ավելացրեց Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ ներդրումների, փոխադարձ առևտրի, ֆինանսական ոլորտներում Կատարի հետ համագործակցության լայն հնարավորություններ կան, և անհրաժեշտ է դրանք կյանքի կոչել։ «Քաղաքական առումով ամեն ինչ շատ լավ է, բայց պետք է ջանք գործադրել, որպեսզի քաղաքական պայմանավորվածությունները իսկապես տեղի ունենան»,- ասաց Քերոբյանը։   Կարեն Խաչատրյան
19:12 - 13 հունիսի, 2022
Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

  Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, Ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։ Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հանդիպման ընթացքում Կատարի Պետության վարչապետը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը: Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Կատարի կառավարությունների միջև փոխգործակցությունն այս այցի արդյունքներով նոր մակարդակի կհասնի: Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի ու Կատարի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ուստի անհրաժեշտ է նոր ազդակ հաղորդել երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Վարչապետը կարևորել է գործարար կապերի զարգացումն ու խորացումը և Կատարի գործարար համայնքի ներկայացուցիչներին հրավիրել Հայաստան` հայ գործընկերների հետ քննարկելու համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը և Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին քննարկել են տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, առևտրաշրջանառության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաև կրթության, այդ թվում` ուսանողների փոխանակման, գիտության, առողջապահության և մշակույթի բնագավառներում գործակցության հնարավորություններին: Ընդգծվել է վերը նշված բոլոր ուղղությունների կապերը զարգացնելու լայն ներուժը, որի իրացման նպատակով երկու երկրների վարչապետները կառավարությունների համապատասխան ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներին տվել են կոնկրետ հանձնարարականներ: Հանդիպման արդյունքներով, Հայաստանի և Կատարի վարչապետների ներկայութամբ, երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և Կատարի Պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդալռահման Ալ Թանին ստորագրել են Հայաստանի և Կատարի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև «Արմենպրես» լրատվական գործակալության և Կատարի ազգային լրատվական գործակալության միջև լրատվության փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին ստորագրել են մայրաքաղաքներ Երևանի և Դոհայի միջև քույր քաղաքների հռչակման համաձայնագիր: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը ստորագրել են Հայաստանի և Կատարի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Կատարի առողջապահության նախարար տիկին Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարին ստորագրել են ՀՀ և ԿՊ միջև առողաջապահության բնագավառում համագործակցության պայմանագիր: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամը ստորագրել են երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր։ Վարչապետ Փաշինյանն այսօր հանդիպում կունենա նաև Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդի հետ։
13:50 - 13 հունիսի, 2022
Վարչապետ Փաշինյանն Արարատի մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին

Վարչապետ Փաշինյանն Արարատի մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Կառավարության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Վարչապետն այցի շրջանակում ծանոթացել է մի քանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի իրականացման ընթացքին: Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Դեղձուտ համայնքում, որտեղ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով կառուցվում է մոդուլային դպրոց: Վարչապետը շրջայց է կատարել շինհրապարակում՝ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ կրթօջախը կառուցվում է ՀՀ կրթության և գիտութան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ինչպես նաև միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների համատեղ մշակած մոդելով: Այն հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։ Դպրոցը նախատեսված է 120 աշակերտի համար: Շինաշխատանքները սկսվել են 2020 թվականին, կավարտվեն այս տարի: Ծրագրի արժեքն է 799 միլիոն դրամ: Վարչապետը զրուցել է դպրոցի ուսուցիչների հետ, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին համայնքում ժամանակակից դպրոց հիմնելու ծրագիրն իրականացնելու և աշակերտներին լավագույն պայմաններով ապահովելու համար: Նիկոլ Փաշինյանը հորդորել է նրանց մասնակցել ատեստավորման գործընթացին, բարձրացնել մասնագիտական որակավորումը, ինչի արդյունքում նաև էական կբարձրանա ուսուցիչների աշխատավարձերը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է նաև տեղի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու հորդորել մասնակցել կառավարության կողմից ժամանակակից գյուղատնտեսություն հիմնելու բոլոր, այդ թվում՝ կաթիլային ոռոգման ծրագրին: Ներկաներին տեղեկատվություն է ներկայացրել նաև Էկոնոմիկայի փոխնախարարը: Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Բերդիկ-Այգեստան ավտոճանապարհահատվածում, որտեղ ծանոթացել է իրականացվող վերակառուցման աշխատանքներին: ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում իրականացվում են ջրահեռացման, ասֆալտապատման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել սույն տարվա նոյեմբերին: Ծրագրի արժեքը կազմում է 360 մլն դրամ: Այնուհետև վարչապետ Փաշինյանն այցելել է Վերին Դվին համայնք, որտեղ շրջայց է կատարել պետական օժանդակությամբ մասնավոր հատվածի կողմից հիմնված գյուղմթերքի պահպանման սառնարանային տնտեսության տարածքում, ծանոթացել վերջինիս գործունեությանը: Տնտեսությունն ունի մոտ 5000 տոննա տարողություն, որի հիմնմանը կառավարությունն օժանդակել է ագրոպարենային լիզինգային ծրագրի շրջանակում: Ընդհանուր ծրագրի արժեքը կազմել է 400 մլն դրամ, որից 300 մլն դրամը տրամադրվել է պետության կողմից՝ վերը նշված ծրագրով: Վարչապետ Փաշինյանը ողջունել է տնտեսության հիմնումը և ընդգծել, որ կառավարությունը շարունակելու է տարբեր ծրագրերի միջոցով օժանդակել գյուղացիական տնտեսություններին՝ ժամանակակից տնտեսություններ հիմնելու գործում: Այս համայնքում կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև կրկին մասնավորի կողմից հիմնվող ժամանցի կենտրոնի կառուցման աշխատանքներին: Ծրագրի նպատակով արդեն իսկ ներդրվել է 1,2 մլն դոլար: Այն ունենալու է նաև ժամանակակից լողավազան: Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Այգեզարդ համայնքում: Այստեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով վերանորոգված համայնքային այգում ստեղծված պայմաններին, որին հարակից տարածքում կառուցվել են նաև ֆուտբոլի, թենիսի և բասկետբոլի ժամանակակից խաղադաշտեր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 44 մլն դրամ, 65%-ը հատկացրել է համայնքը, 35%-ը՝ կառավարությունը: Այստեղ վարչապետը ևս զրուցել է տեղի բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև համայնքում մասնավոր հատվածի կողմից հիմնված հրաձգարանում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է նաև Այնթափ-Մխչյան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակում իրականացվում են արհեստական կառուցվածքների, ճանապարհային պաստառի կառուցման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել սույն տարվա նոյեմբերին: Ծրագրի արժեքը կազմում է 1 մլրդ 699 մլն դրամ: Վարչապետին է ներկայացվել նաև Եղեգնավան-Այգավան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Դրանք նախատեսվում է ավարտել սույն տարվա նոյեմբերին: Ծրագրի արժեքը կազմում է 259 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանի վերջին կանգառը եղել է Արարատ քաղաքում, որտեղ վարչապետը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով վերակառուցված զբոսայգում ստեղծված պայմաններին: Ծրագրի արդյունքում սալիկապատվել է այգու ամբողջ տարածքը, վերանորոգվել է շատրվանն ու ամֆիթատրոնը, փոխվել են նստարանները, անցկացվում է ոռոգման ցանց և լուսավորության համակարգ: Այգու բարեկարգման արժեքը կազմել է 100 մլն դրամ է, որից 70%-ը հատկացվել է քաղաքային բյուջեից, 30%-ը` պետական:
17:07 - 11 հունիսի, 2022
Փոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ղեկավարների հետ

Փոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ղեկավարների հետ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 8-ին «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների՝ շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ, քննարկել Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված հարցերը: Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք: Համբարձում Մաթևոսյանը լսել է օտարերկրյա ներդրողներին հուզող հարցերը, առկա խնդիրներն ու պետական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկել դրանց լուծման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները:
10:19 - 09 հունիսի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ տասը մարզերի 37 համայնքներից  սուբվենցիայի ծրագրային 91 հայտերը

Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ տասը մարզերի 37 համայնքներից սուբվենցիայի ծրագրային 91 հայտերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հունիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից։ Շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի և ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի տասը մարզերի 37 համայնքներից  ստացված սուբվենցիայի ծրագրային 91 հայտերը, որոնք հիմնականում վերաբերել են ասֆալտապատման աշխատանքներին, մանկապարտեզների կառուցմանն ու հիմնանորոգմանը, բակային տարածքների բարեկարգմանը, գազաֆիկացման աշխատանքներին, ջրամատակարարման ցանցի կառուցմանը, լուսավորության համակարգերի ներդրմանը և այլնի։
19:52 - 07 հունիսի, 2022
Շնորհիվ ճկուն քաղաքականության ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտը վերականգնման ճանապարհին է. փոխվարչապետ

Շնորհիվ ճկուն քաղաքականության ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտը վերականգնման ճանապարհին է. փոխվարչապետ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի բացմանը։ Փոխվարչապետի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաև Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հունաստանի տուրիզմի փոխնախարար Սոֆիա Զաչարակին, այլք։ Փոխվարչապետ Մաթևոսյանը, ողջունելով նստաշրջանի մասնակիցներին, ուրախությամբ է փաստել, որ ոլորտում Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը բարձր են գնահատվել անդամ երկրների կողմից, որի արդյունքում նախորդ տարի Աթենքում կայացած Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստի շրջանակներում Հայաստանն ընտրվել է կազմակերպության գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար։ Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությանը՝ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Կառավարությունը զգոնությամբ է հետևում զբոսաշրջության ոլորտում կատարվող իրադարձություններին և իրականացվող ծրագրերին՝ լավագույն փորձը կիրառելով իր ներքին քաղաքականություններում և ռազմավարություններում: Փոխվարչապետի խոսքով՝ 2020 թվականին ողջ աշխարհին մարտահրավեր նետած կորոնավիրուսային համավարակը ոչ միայն առողջապահական խորը ճգնաժամ էր, այլև ծանր մարտահրավեր համաշխարհային տնտեսության համար։ «Զբոսաշրջության ոլորտը, որպես տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը, ևս անմասն չմնաց այս արհավիրքից։ Համավարակի արդյունքում, Հայաստանում նույնպես զբոսաշրջությունն առավել տուժած ոլորտներից է։ Սակայն, նաև շնորհիվ ոլորտում վարվող պետական ճկուն քաղաքականության, երկրում զբոսաշրջության ոլորտը վերականգնման ճանապարհին է»,- ընդգծել է փոխվարչապետը և հավելել, որ միայն համատեղ ուժերով հնարավոր կլինի վերադառնալ կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացմանը։ «Մենք պետք է դասեր քաղենք և վերափոխենք ոլորտը՝ հետագա անցանկալի ճգնաժամերին ավելի լավ պատրաստ լինելու համար։ Այսօր բոլորիս պարտքն է համախմբել մեր ջանքերը, օգտագործել մեզ տրված բոլոր լծակներն ու գործիքները՝ առողջացնելու ոլորտը և խթանելու զբոսաշրջության դերը կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում»,- ասել է Համբարձում Մաթևոսյանը և վերահաստատել Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ արդյունավետորեն համագործակցելու ՄԱԿ-ի ԶՀԿ անդամ բոլոր երկրների և շահագրգիռ կողմերի հետ՝ կյանքի կոչելու համատեղ նպատակներն՝ ուղղված կայուն զարգացման 2030 օրակարգի կենսագործմանը։
13:41 - 02 հունիսի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանին ներկայացվել է Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագիրը

Փոխվարչապետ Մաթևոսյանին ներկայացվել է Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագիրը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագրին. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից: Նշենք, որ բնակելի և հասարակական շենքային համալիրների կառուցման, ինչպես նաև անտառ պուրակի հիմնման նպատակով առանձնացվել է 129 հեկտար մակերեսով հողատարածք, որը նախատեսվում է կառուցապատել հինգ փուլերով։ Աշխատանքային այցի ընթացքում փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է տեղի քաղաքաշինական առանձնահատկություններին և հատակագծին, հետևել է մեկնարկած շինարարական աշխատանքներին, այնուհետև անցկացրել է խորհրդակցություն։ Վերջինիս ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և կառուցապատող «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը փոխվարչապետին ներկայացրել են հնգափուլ ծրագրի մանրամասները՝ նշելով, որ վերջնարդյունքում լինելու են բնակելի միկրոշրջաններ՝ 63 բնակելի շենքերով, հիմնվելու է անտառ-պուրակ։ Միկրոշրջաններում գործելու են մանկական նախադպրոցական հիմնարկներ, հանրակրթական դպրոցներ, կառուցվելու է նաև խոշոր առևտրի կենտրոն և մարզաառողջարանային համալիր, ինչպես նաև՝ վարչա-հասարակական կենտրոն, որտեղ լինելու են բիզնես կենտրոններ, հյուրանոցներ, բազմաֆունկցիոնալ հաստատություններ։ Տարածքում նախատեսվում է նաև հիվանդանոցի կառուցում: Կառուցապատող ընկերության ներկայացուցչի խոսքով՝ այս փուլերի ընթացքում կատարվող ներդրումները կկազմեն շուրջ 3 մլրդ դոլար, իսկ բնակելի միկրոշրջանների կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2027 թվականին։
14:47 - 27 մայիսի, 2022
Համբարձում Մաթևոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզերից ստացվող սուբվենցիոն ծրագրերի հայտերի վերաբերյալ

Համբարձում Մաթևոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզերից ստացվող սուբվենցիոն ծրագրերի հայտերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթրոսյանը հայտնում է, որ մարզերից աննախադեպ բարձր արժեքներով սուբվենցիայի ծրագրեր են ներկայացվում: Փոխվարչապետի խոսքով՝ համեմատելով 2019-2021 թվականներին իրականացված սուբվենցիայի ծրագրերի քանակը և կարևորը՝ դրանց արժեքները, 2022 թվականին համայնքների միավորումից հետո ներկայացված սուբվենցիայի նախնական հայտերի հետ, կարելի է արձանագրել, որ մարզերից աննախադեպ բարձր արժեքներով սուբվենցիայի ծրագրեր են ներկայացվում։ Մաթևոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել մարզերից ստացված սուբվենցիոն ծրագրերի հայտերի վերաբերյալ: Արմավիրի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 6․2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝ 2021-ին՝ 3,76 մլրդ դրամի, 2020 թվականին՝ 2,0 մլրդ դրամի, 2019 թվականին 768 մլն դրամի:   Արարարտի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 13,63 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝ 2021-ին՝ 2,27 մլրդ դրամի, 2020 թվականին՝ 2,56 մլրդ դրամի, 2019 թվականին 1,21 մլրդ դրամի:    Գեղարքունիքի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 12,96 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝ 2021-ին՝ 3,69 մլրդ դրամի, 2020 թվականին՝ 4,74 մլրդ դրամի 2019 թվականին 4,438 մլրդ դրամի   Կոտայքի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 11,43 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝ 2021-ին՝ 6,39 մլրդ դրամի, 2020 թվականին՝ 2,28 մլրդ դրամի, 2019 թվականին 1,99 մլրդ դրամի:   Լոռու մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 8,814 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝ 2021-ին՝ 2,8 մլրդ դրամի, 2020 թվականին՝ 2,9 մլրդ դրամի, 2019 թվականին 1,82 մլրդ դրամի:    Շիրակի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 7,62 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝ 2021-ին՝ 2,77 մլրդ դրամի, 2020 թվականին՝ 2,7 մլրդ դրամի, 2019 թվականին 1,8 մլրդ դրամի:    Վայոց ձորի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 3,17 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝ 2021-ին՝ 1,137 մլրդ դրամի, 2020 թվականին՝ 1,03 մլրդ դրամի, 2019 թվականին 635 մլն դրամի:    Տավուշի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 4,95 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝ 2021-ին՝ 1,31 մլրդ դրամի, 2020 թվականին՝ 2,29 մլրդ դրամի, 2019 թվականին 1,48 մլն դրամի:  Փոխվարչապետն արձանագրել է, որ համայնքների միավորման պետության քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում։
14:57 - 26 մայիսի, 2022
Ծրագիրն ուղղված է եղել քաղծառայության կարողությունների հզորացմանը. փոխվարչապետը մասնակցել է Եմ Թվինինգ ծրագրի ամփոփմանը

Ծրագիրն ուղղված է եղել քաղծառայության կարողությունների հզորացմանը. փոխվարչապետը մասնակցել է Եմ Թվինինգ ծրագրի ամփոփմանը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Եվրոպական Միության Թվինինգ ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ վերջինս ողջունել է բոլորին Թվինինգ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը և ընդգծել, որ 2020 թվականին մեկնարկած ծրագիրն ուղղված է եղել Քաղաքացիական ծառայության գրասենյակի և շահառու մարմինների կարողությունների հզորացմանը, քաղաքացիական ծառայողների մասնագիտական զարգացմանը, քաղծառայության համակարգի գրավչության բարձրացմանն ու մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտական ցանցերի ստեղծմանը։ «Տեղյակ եք, որ մեր Կառավարությունն ունի հանրային կառավարման բարեփոխումների հավակնոտ, բայց իրատեսական օրակարգ։ Դրան ուղղված կարևոր քայլերից մեկը Կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության և ճանապարհային քարտեզի հաստատումն էր, որոնց արդյունավետ իրագործմամբ կապահովենք մեր երկրի անվտանգությունն ու կայուն զարգացումը»,- նշել է Համբարձում Մաթևոսյանն ու հավելել, որ Եվրոպական միության գործընկերների աջակցությամբ իրականացված այս ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում է Կառավարության օրակարգին և  ավելի է մոտեցնում նախանշված  վերջնանպատակին։ Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը մշտապես կարևորել է նման համագործակցությունները, որոնք էլ ավելի ամրապնդվեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, որը մեծապես խթանում է ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների իրականացման գործընթացը։ Համբարձում Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ եվրոպական լավագույն փորձի մոտարկումը կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, մարդկային կապիտալի արդյունավետ զարգացմանը։ «Թվինինգ ծրագիրն այս համագործակցության վառ օրինակ է, որը ևս կարող է լինել կարևոր գործոն Հայաստան-ԵՄ համագործակցության շարունակականության ապահովման համար»,- շեշտել է փոխվարչապետը և վստահություն հայտնել, որ երկու կողմերի՝ թե՛ Հայաստանի և թե՛ անդամ պետությունների ներկայացուցիչները ներդրրել են առավելագույնը՝ ծրագիրը հաջողելու և կանխանշված արդյունքները ստանալու համար։ Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համատեղ կազմակերպած միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով են հանդես եկել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քիրստի Նարինեն, Վրաստանում և Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդը, Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, այլք։
13:58 - 20 մայիսի, 2022