ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է երթևեկելիս պարտադիր ամրակապվել. վարչարարությունը կխստացվի

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է երթևեկելիս պարտադիր ամրակապվել. վարչարարությունը կխստացվի

Երթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար ձեռնարկվում են ամենատարբեր միջոցառումներ: Վիճակագրությունը ստիպում է լինել հատկապես հետևողական: Պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը, չնայած ոստիկանության ակտիվ իրազեկմանն ու վարչարարությանը, մեր հանրության մի մասի համար այդպես էլ չդարձավ կենսակերպ: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում և զգուշացնում է բոլոր վարորդներին և ուղևորներին` երթևեկելիս պարտադիր ամրակապվել: Վարչարարությունը խստացվելու է, այս ուղղությամբ իրականացվելու են պարբերական միջոցառումներ, այդ թվում` ուժեղացված ծառայություններ: Եվ եթե մոտ ապագայում վարորդներն ու ուղևորներն անվերապահորեն չհետևեն ամրագոտին կիրառելու վարքականոնին, իրավախախտումը հայտնաբերելու համար օգտագործվելու են նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը: Ոստիկանությունը հորդորում է լինել օրինապահ ու գիտակից և մաղթում բարի երթ:
13:32 - 02 մարտի, 2024
Արցախում կատարված սպանությունների առթիվ ՀՀ-ում քրեական վարույթներ են նախաձեռնվել․ կան կալանավորվածներ

Արցախում կատարված սպանությունների առթիվ ՀՀ-ում քրեական վարույթներ են նախաձեռնվել․ կան կալանավորվածներ

Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների` սպանությունների վերաբերյալ Հայաստանի Քննչական կոմիտեն քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների կողմից ստացել է 5 պատշաճ հաղորդում։ Դրանց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ հանցագործությունները կատարվել են այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների կողմից եւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Հիշեցնենք՝ նախորդ տարեվերջին փորձել էինք հասկանալ, թե իրավական ինչ գործընթաց է սպասվում բռնի տեղահանման ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորներին եւ դատապարտյալներին, եւ արդյոք Հայաստանի իրավապահ մարմինները քայլեր ձեռնարկում են նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Այս թեմայի հանրային հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ այդ անձանց մեջ կան առանձնապես ծանր հանցագործությունների՝ սպանության, պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ մեղավոր ճանաչվածներ։ Ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը թեմայի վերաբերյալ «Ինֆոքոմի»՝ հոկտեմբերի 11-ի հարցումներին ի պատասխան խուսափել էին որեւէ տեղեկություն տրամադրել։ Մասնավորապես, Ոստիկանությունը հայտնել էր, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է իր լիազորությունների շրջանակից, իսկ ԱԱԾ-ն նշել էր, որ պահանջվող տեղեկություններն ԱԱԾ-ում առկա չեն։ Մինչդեռ մեր հարցումներից օրեր անց՝ հոկտեմբերի 30-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, Ազգային ժողովում հայտարարել էր, որ Արցախից Հայաստան է տեղափոխվել մոտ 11 կալանավոր, եւ իրենք բոլորի տվյալներն ունեն։ Ըստ նախարարի՝ այդ անձանց մի մասով զբաղվում է Ոստիկանությունը, մյուս մասով՝ Ազգային անվտանգության ծառայությունը։ Նախարարի այս հայտարարությունից հետո՝ մենք կրկին գրավոր հարցումներ ենք ուղարկել Ոստիկանությանը, ԱԱԾ-ին եւ Քննչական կոմիտեին՝ հետաքրքրվելով, թե Արցախից Հայաստան քանի կալանավոր եւ քանի դատապարտյալ է տեղափոխվել, կոնկրետ ինչ հանցանքների կատարման մեջ են մեղադրվում կամ դատապարտված նրանք, նրանցից քանիսն է հայտնաբերվել, քանիսը՝ դեռ ոչ եւ այլն։  Ոստիկանությունը պարզել է ԼՂ-ում ենթադրյալ հանցանք կատարած մի քանի անձանց ինքնությունները Հունվարի 10-ի մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանությունը առաջարկել է հայցվող տեղեկությունը ստանալու համար դիմել ՀՀ ԱԱԾ-ին՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի։ Հիշյալ կետը սահմանում է հետեւյալը. «Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաեւ այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները»: Հունվարի 15-ին մենք կրկին դիմել ենք Ոստիկանությանը՝ խնդրելով տրամադրել հայցվող տեղեկությունների այն մասը, որին տնօրինում է։ Ավելի քան 2 շաբաթ անց՝ փետրվարի 1-ին, Ոստիկանությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում կատարված ծանր եւ առանձնապես ծանր մի քանի հանցագործությունների մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ստացել է համապատասխան տեղեկատվություն, որը օրենքով սահմանված կարգով տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտեին։  Ըստ Ոստիկանության՝ ձեռնարկված քրեական վարույթների շրջանակներում իրականացվել են համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են այդ հանցագործությունները կատարած մի քանի անձանց ինքնությունները․  «Մասնավորապես, սպանություն կատարած մեկ անձ ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Սպանություն կատարելու մեղադրանքով եւս մեկ անձ, ըստ ոստիկանությունում առկա տեղեկությունների, գտնվում է ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում»,- նշված է պատասխանում։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, վերջինս տվել է նույն պատասխանը, ինչը ուղարկել էր նախորդ տարեվերջին՝ պահանջվող տեղեկությունն ԱԱԾ-ում առկա չէ։ Լրացուցիչ հարցմամբ մեջբերելով նախարարի ելույթն ու Ոստիկանության՝ ԱԱԾ-ին դիմելու մասին առաջարկը՝ կրկին խնդրել ենք ԱԱԾ-ին տրամադրել թեմային առնչվող այն տեղեկությունները, որոնք առկա են։ ԱԱԾ-ն, սակայն, պնդել է, որ նախորդ գրություններով հարցմանն արդեն իսկ տվել է պատասխան․ «Հերթական անգամ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ում հարցմամբ պահանջվող տեղեկատվության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն»,- ասված է ԱԱԾ-ի՝ փետրվարի 21-ի գրության մեջ։ Այս խուսափողական պատասխանից ի վերջո անհայտ է մնում՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ դատապարտված անձինք, որոնցով, ինչպես նախարարն էր նշել իր ելույթում, զբաղվում է ԱԱԾ-ն, Հայաստանում այժմ ազատության մեջ են թե ոչ։ Ըստ ՔԿ-ի՝ մեղադրյալների նկատմամբ ընտրվել են կալանք կամ տնային կալանք խափանման միջոցները Մեր հարցերին ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ոստիկանների եւ քաղաքացիների հաղորդումների հիման վրա նախաձեռնված վերոնշյալ 5 վարույթները վերաբերում են սպանությունների դեպքերի։  Ըստ ՔԿ-ի՝ այդ վարույթներից 1-ը մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է դատարան: Դրա շրջանակում 2 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը։ Մյուս 4 վարույթները գտնվում են նախաքննության փուլում։ Դրանցից 1-ով մեղադրյալի գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ 1-ով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ մյուս 2-ով քրեական հետապնդում դեռեւս չի իրականացվում: Հայաստան բռնի տեղահանված կալանավորների մասին տվյալներին ՔԿ-ն չի տիրապետում ՔԿ-ի վերոնշյալ պատասխանից ենթադրելի է, որ խոսքը, ըստ ամենայնի, ոչ թե նախկինում Արցախում նախաձեռնված եւ քննված, այլ նոր ի հայտ եկած եւ ՀՀ-ում նախաձեռնված քրեական վարույթների մասին է։ Մենք հարցեր էինք հղել նաեւ նախկինում հարուցված քրեական վարույթների վերաբերյալ՝ հետաքրքրվելով բռնի տեղահանման օրերին Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորների թվի, նրանց մեղսագրված հանցանքների, հնարավոր հայտնաբերման, առկայության դեպքում նոր ընտրված խափանման միջոցների եւ այլնի մասին։ Այս հարցերին, սակայն, ՔԿ-ից չեն պատասխանել, նշել են՝ ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանված կալանավորների մասին ՀՀ ՔԿ-ն տվյալների չի տիրապետում։ ՔԿ-ից տեղեկացրել են նաեւ, որ քրեական օրենքով նախատեսված արարքը ՀՀ տարածքից դուրս կատարելու դեպքում քրեական օրենքի գործողությունը կարգավորում է ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով։ Հիշյալ հոդվածը սահմանում է, օրինակ, որ հանցանքը ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, ինչպես նաեւ ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց, ՀՀ-ում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձանց կողմից կատարվել է որեւէ պետության չպատկանող տարածքում, ապա այդ արարքը կատարած անձինք ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում: Նույն հոդվածի մեկ այլ դրույթի համաձայն՝  հանցանքը ՀՀ տարածքից դուրս կատարած եւ ՀՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանց կողմից կատարված արարքը ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանք է, եւ եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել՝ անկախ հանցանքը կատարելու վայրի պետության տարածքում այն հանցանք համարվելուց: Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ավելի վաղ մեր զրույցում կարծիք էր հայտնել, որ հիշյալ հոդվածով որոշակի լուծումներ նախատեսված են, բայց բացարձակ հետեւություններ անելուց առաջ օրենսդրական պայմանները պետք է ուշադրությամբ գնահատվեն։ Տվյալ դեպքում, ըստ նրա, քննարկման հարց է՝ համարում ենք, որ գործ ունենք պետությա՞ն հետ, թե՞ որեւէ պետության չպատկանող տարածքի։ Եթե Արցախը համարում ենք առանձին պետություն, արդյո՞ք միջպետական որեւէ համաձայնագրով սահմանված են քրեական վարույթների փոխանցման ընթացակարգեր (առնվազն հրապարակայնորեն նման համաձայնագիր հայտնի չէ), իսկ եթե համարում ենք որեւէ պետությանը չպատկանող տարածք, կարող է վիճելիություն ծագել Արցախում բնակվող անձանց՝ ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ (հաշվի առնելով, որ նրանց տրամադրված կապույտ անձնագրերը ՀՀ քաղաքացիություն չեն շնորհել)։ Այսպիսով, բռնի տեղահանման օրերին Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորներին եւ դատապարտյալներին առնչվող մի շարք հարցեր մինչ օրս պարզ չեն։ Չնայած ՆԳ նախարարի՝ Ազգային ժողովում հրապարակային ելույթին, որից պարզ է դառնում, որ իրավապահ կառույցները տիրապետում են այդ անձանց վերաբերյալ տվյալներին եւ աշխատանքներ են տանում նրանց հայտնաբերման ուղղությամբ, վերջիններս չեն շտապում հանրությանը հաղորդել թեմային առնչվող որոշակի տեղեկություններ, այդ թվում՝ հնարավոր ռիսկերի կամ խնդրի լուծման հնարավոր մեխանիզմների մասին։ Արդյունքում, հասարակական եւ պետական անվտանգության առնչությամբ ՀՀ քաղաքացիների մտահոգություններն ու կասկածները մնում են չփարատված։   Միլենա Խաչիկյան
16:45 - 28 փետրվարի, 2024
Քամիլ Զեյնալլըի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում

Քամիլ Զեյնալլըի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալլըի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում։ Տեղեկությունը Ինֆոքոմին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։ Ավելի վաղ ադրբեջանցի բլոգերը իր տեսաուղերձում հայտնել էր, որ Բաքու մեկնելիս Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում իրեն բերման են ենթարկել ռուսաստանցի իրավապահները և հայտնել, թե ինքը հետախուզվում է Հայաստանի կողմից։ Ըստ Զեյնալլըի՝ ռուսաստանցի իրավապահները հնարավոր են համարել իր արտահանձնումը Հայաստան՝ նշելով, թե այսօր կանգնելու է դատարանի առջև։ Վերջինս տեսաուղերձում օգնություն է հայցում Ադրբեջանի իշխանություններից։  Զեյնալլըի անունը շրջանառվում է 2020թ․ Հադրութում հայ մարդու գլխատման և Մոսկվայում հայերի դեմ բռնությունների պատմություններում։ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան ասաց՝ Դատախազությունը ձերբակալման վերաբերյալ պաշտոնական տեղեկության չի տիրապետում։ Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնեց՝ ԱՊՀ տարածքում միջպետական հետախուզման վերաբերյալ տեղեկության տնօրինողը իրենք չեն։
12:25 - 21 փետրվարի, 2024
Որևէ մեկին չեմ կասկածում. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը` կրակոցների մասին |armeniasputnik.am|

Որևէ մեկին չեմ կասկածում. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը` կրակոցների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանը պատկերացում չունի, թե ով կամ ովքեր են կրակել թաղապետարանի ուղղությամբ։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։ «Որևէ մեկին չեմ կասկածում։ Դեպքը եղել է գիշերը, վնասվել են շենքի պատուհանները, բակում կայանած մեկ մեքենա, որը չի պատկանում թաղապետարանի աշխատակիցներին։ Այս պահին ոստիկաններն ու քննիչներն այստեղ են, կատարում են քննչական գործողություններ»,–ասաց նա։ Հիշեցնենք` անհայտ անձը կամ անձինք կրակել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի ուղղությամբ։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժինը կրակոցների մասին տեղեկությունները ստացել է այսօր` ժամը 09:00-ի սահմաններում։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի պատուհանների վրա կա կրակոցի մոտ 7 հետք: Ոստիկանները թաղապետարանի բակում հայտնաբերել են նաև «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի ապակու վրա նույնպես կրակոցի հետք կա:
12:44 - 20 փետրվարի, 2024
Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է. ՆԳ նախարար

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է. ՆԳ նախարար

Փետրվարի 12-ին Ներքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Նա ողջունելով մասնակիցներին՝ նշել է, որ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է, և ոստիկանությունն այդ ուղղությամբ իրականացնում է ծավալուն աշխատանք։ Վահե Ղազարյանը հատկապես շեշտել է համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման խնդիրն ու հայտնել, որ ոստիկանությունում այդ ուղղությամբ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար Քրեական ոստիկանության կազմում ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում։ Նախարարն, առանձնացնելով նաև այլ պետություններից ապօրինի եղանակով Հայաստան ներմուծվող թմրամիջոցների հայտնաբերման խնդիրը, բարձր է գնահատել հանձնաժողովի դերը առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև հստակ լուծումներ գտնելու ուղղությամբ և հույս հայտնել, որ համագործակցված աշխատանքը դրական արդյունքներ կտա մարդկային կյանքեր կործանող չարիքի դեմ պայքարում։ Միջգերատեսչական հանձնաժողովը նախագահում էր ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, իսկ կազմում ընդգրկված են ՆԳՆ ոստիկանության, ՀՀ առողջապահության, արդարադատության, պաշտպանության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի և պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ ելույթ է ունեցել ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Նա ներկայացրել է վերջին տարիներին թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքները, շեշտել ներկայիս խնդիրների, հատկապես՝ սինթետիկ թմրամիջոցների տարածման և համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծել է առաջիկա անելիքները։ Նիստին ներկա հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքները, առկա խնդիրները, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված այլ հարցեր: Ամփոփելով՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին արդյունավետ քննարկման համար և նախանշել հանձնաժողովի կազմում հետագա անելիքները։ Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հիմնական խնդիրներն են` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողությանը (վերահսկողությանը) և ապօրինի շրջանառության կանխարգելմանը, դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների համագործակցությանը, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարմանն աջակցելը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության ու թմրամոլության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցերով թիրախային տեղեկատվական աշխատանքների կազմակերպումը, այդ թվում՝ արձանագրված դրական փորձի տարածում, համացանցի միջոցով կատարվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելուն և առաջավոր փորձը ներդնելուն աջակցելը, այդ նպատակով միջազգային փորձի ուսումնասիրությունը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) և դրանց ապօրինի շրջանառության վերաբերյալ պետական լիազորված մարմինների տրամադրության տակ գտնվող տեղեկատվության փոխանակման դյուրացումը: Հանձնաժողովի նիստերը կհրավիրվեն յուրաքանչյուր ամիս:
21:31 - 12 փետրվարի, 2024
Ամփոփվել են 2023 թ. ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործունեության արդյունքները

Ամփոփվել են 2023 թ. ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործունեության արդյունքները

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում փետրվարի 8-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն: Ամփոփվել են 2023 թ. 12 ամիսների ընթացքում ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Բացման խոսքով հանդես է եկել ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Խորեն Բարխոյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում վարչության և ենթակա ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-ծառայողական գործունեության աշխատանքների արդյունքները: Նա անդրադարձել է ստորաբաժանումների կողմից իրականացված ինչպես թվային, այնպես էլ օպերատիվ և ծառայողական աշխատանքներին: Անդրադարձ է եղել նաև արձանագրված թերություններին: Նշվել է, որ չնայած վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատանքի արդյունքները, ընդհանուր առմամբ, դրական են, այնուամենայնիվ, առկա թերացումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ պետք իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք: Խորհրդակցության ընթացքում եղել են քննարկումներ, վերլուծվել խնդիրների արագ լուծման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ Քրեական ոստիկանության ձևավորմանն ու կադրային համալրումներին: Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ ինչպես առանձին դեպքերով, այնպես էլ ընդհանուր աշխատանքների վերաբերյալ:  
19:56 - 08 փետրվարի, 2024
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության հերթական բացահայտումը

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության հերթական բացահայտումը

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող անձը, իր ղեկավարած ստորաբաժանման ծառայողական մեքենաներն այս տարվա հունվարին շահագործելու համար, դեկտեմբերի 28-ին ավտոտնտեսությունից ստացել է 8 հազար լիտր բենզինի կտրոններ, որոնք, սակայն, հունվարի 9-ի դրությամբ նրա մոտ արդեն առկա չէին: Նա պարզաբանել է, իբր կտրոնները պարտքի դիմաց վերադարձրել է Երևանի տարբեր բենզակայաններին, ինչը, սակայն, հերքվել է ծառայողական քննությամբ: Այսպիսով, պաշտոնատար անձը, օգտագործելով իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը, հափշտակել է իր տնօրինմանը հանձնած բենզինը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը որոշելու համար: ՆԳՆ ստրաբաժանումների ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:
19:03 - 06 փետրվարի, 2024
ԵՄ պատվիրակության ղեկավարը ՆԳ նախարարի հետ շրջել է ՊԾ և ՕԿԿ վարչական համալիրով

ԵՄ պատվիրակության ղեկավարը ՆԳ նախարարի հետ շրջել է ՊԾ և ՕԿԿ վարչական համալիրով

Փետրվարի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն այցելել են Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրի շինհրապարակ։   Ներկա էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, Նախարարության և Ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարներ։   Վահե Ղազարյանին և Վասիլիս Մարագոսին է ներկայացվել ստորաբաժանումների վարչական համալիրների մանրակերտը, ըստ որի՝ առանձին վարչական շենքեր են նախատեսված Պարեկային ծառայության, Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության Երևանի գնդի համար։ Շենքերն ունենալու են բոլոր հարմարություններն ու անհրաժեշտ տեխնիկական ապահովվածությունը՝ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելու համար։   Ներկաները շրջել են տարածքում, եղել վարչական շենքերում, ծանոթացել մարզասրահի, հրաձգարանի, ծառայողական տրանսպորտային միջոցների ավտոկայանատեղիի, լողավազանի շինարարական աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել բարեփոխումների շրջանակում իրականացված աշխատանքները, որոնք կնպաստեն քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։ Արտակարգ և լիազոր դեսպանը, կարևորել է մեծ թափով ընթացող շինարարական աշխատանքներն ու նախագծված շենքային լուծումները, որոնք կերաշխավորեն աշխատանքի արդյունավետությունը, ինչն էլ իր հերթին կբարելավվի ինչպես Օպերատիվ կառավարման կենտրոնի, այնպես էլ Պարեկային ծառայության աշխատանքը։ Վասիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել նաև շարունակելու աջակցությունը Ներքին գործերի նախարարությանը։ Միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կարևորել է փոխգործակցությունը, ինչը նպաստում է Նախարարության որդեգրած բարեփոխումների հաջող ընթացքին և ցանկալի արդյունքի հասնելուն։ Այցի ընթացքում ՆԳ նախարարը շինարարական աշխատանքների վերաբերյալ տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
20:01 - 02 փետրվարի, 2024
Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի ղեկավարների հետ

Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի ղեկավարների հետ

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Եվրոպոլի միջև ստորագրված աշխատանքային համաձայնագրի դրույթների իրականացմանը, Եվրոպոլի SIENA համակարգին միանալու և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ՀՀ պատվիրանությունը հանդիպում է ունեցել նաև CEPOL-ի (Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալություն) գործադիր տնօրեն Մոնտսերատ Մարին Լոպեսի հետ։ Առարկայական քննարկումներ են եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կարիքների վերաբերյալ։ Տիկին Մարին Լոպեսը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ներկայացված խնդիրների լուծմանը։ Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել նաև ՀՀ պատվիրակության և Կիպրոսի փոխոստիկանապետի միջև։ Քննարկվել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և Կիպրոսի ոստիկանական ակադեմիայի միջև համագործակցության պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ Ստեֆան չել Մարե ակադեմիայի ռեկտորի հետ հանդիպման ընթացքում էլ որոշվել է վերանայել գործող պայմանագիրը` համագործակցության նոր ուղիներ ու ձևեր հաստատելու նպատակով։
14:06 - 02 փետրվարի, 2024
Հայտնի են զրոներով սկսվող համարանիշների մեկնարկային գները

Հայտնի են զրոներով սկսվող համարանիշների մեկնարկային գները

Այսօրվանից գործարկվել է Auction.mia.gov.am հարթակը, ինչի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: «2024 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել նոր չափորոշիչներով, նոր՝ առանձնահատուկ առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ։ Նմանօրինակ համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք աճուրդին ընդառաջ կարող են մասնակցել քվեարկությանը և դրա արդյունքներով ձևավորել այն համարանիշների ցանկը, որոնք քվեարկության արդյունքներով կդրվեն առաջին աճուրդին։ Քվեարկությունը սկսվելու է փետրվարի 2-ից և տևելու է 10 օր։ Auction.mia.gov.am հարթակի օգնությամբ դուք կարող եք ձեռք բերել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է ընտրել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մուտք բաժինը։ Այնուհետև մուտք գործելով բաժին՝ ներքևի հատվածում սեղմում եք գրանցվել։ Գրանցվելու համար պարտադիր պետք է լրացնեք ձեր անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային հասցեն, փաստաթղթի համարանիշ՝ Հանրային ծառայության (փոխարինող) կամ հարկ վճարողի հաշվառման համարանիշը, ձեր իսկ որոշած գաղտնաբառը։ Եվս մեկ անգամ կրկնեք այն,ապա սեղմեք գրանցվել։ Գրանցումը հաջողությամբ ավարտին հասցնելու համար ձեր իսկ կողմից նշված էլեկտրոնային հասցեին կստանաք էլ. փոստի հաստատման նամակ, որտեղ գրանցումը ակտիվացնելու համար պետք է սեղմեք ակտիվացնել կոճակը։ Համակարգ հաջողությամբ մուտք գործելուց լրացրեք համապատասխան տվյալները, այն է՝ 1. Փաստաթղթի համարանիշ՝ հանրային ծառայության (փոխարինող) կամ հարկ վճարողի հաշվառման համարանիշ 2. Հեռախոսահամար, որին կուղարկվի հաստատման կոդ 3. Գաղտնաբառ Այնուհետև սեղմել մուտք կոճակը։ Մուտք գործելուց հետո քվեարկությանը մասնակցելու համար սեղմում եք մենյուի «Քվեարկություն» ներդիրին, այնուհետև լրացնում եք տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը և սեղմում «Քվեարկել» կոճակը։ Քվեարկությունն անց է կացվում։ Յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշի քվեարկությանը օգտատերը կարող է մասնակցել մեկ անգամ։ Օգտատիրոջ կողմից նախընտրելի համարանիշին քվեարկելու դեպքում օգտատերը կմեծացնի սպասվելիք աճուրդում համարանիշի ընտրության հավանականությունը, ինչպես նաև կստանա աճուրդի կայացման օրվա մասին հրապարակային ծանուցում էլ. փոստի միջոցով։ Քվեարկությունը կատարվում է աճուրդի կայացման մասին հայտարարությունից հետո՝ աճուրդիանցկացման մասին հրապարակային ծանուցումը կատարվելու օրվանից առաջ 10 օրվա ընթացքում։ Աճուրդին մասնակցելու համար մենյուի «Վճարում» բաժնում, լոտի ընտրությունից հետո, աճուրդիանցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված ժամկետում անհրաժեշտ է կատարել կանխավճարի վճարում՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային առաջին աճուրդը կանցկացվի Հայ աստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թ. փետրվարի 1 ի թիվ 1-Ն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա մեջ, իսկ յուրաքանչյուր հաջորդ աճուրդն անց է կացվում 30 օրվա ընթացքում՝ հաշված նախորդ աճուրդի ավարտի օրվա հաջորդ օրվանից։ Համարանիշի աճուրդին մասնակցելու համար մուտք գործեք մենյուի «Ձեր աճուրդները» բաժին և համապատասխան ժամկետներում ներկայացրեք ձեր գնային հայտը։ Կայքի մյուս ազատ համարանիշների որոնում բաժնում դուք կարող եք տեղեկանալ տրանսպորտային միջոցների ազատ հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների մասին։ Սեղմելով կատարել կոճակը՝ կարող եք տեղեկանալ՝ արդյո՞ք առկա է ձեր նախընտրած համարանիշը, թե՝ ոչ։ Կայքի գլխավոր էջում կարող եք ծանոթանալ նաև առկա համարանիշներին։ Իսկ ապագա սպասվելիք աճուրդներ բաժնում կարող եք ծանոթանալ կայանալիք աճուրդներին»,- հայտնում են ՆԳՆ-ից։
23:03 - 01 փետրվարի, 2024
ՀՀ քաղաքացիները երթևեկության կանոնների խախտումների մասին ծանուցումները կստանան էլփոստով. նախագիծ

ՀՀ քաղաքացիները երթևեկության կանոնների խախտումների մասին ծանուցումները կստանան էլփոստով. նախագիծ

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների գերակշիռ մասը տեսալուսանկարահանման սարքերի միջոցով են արձանագրվում, և արդի պայմաններում արդարացված չէ թղթային ծանուցումների համար տարեկան կտրվածքով շուրջ 1,5 մլրդ գումար հատկացնելը: Նախատեսել ենք թվային հնարավոր միջանկյալ լուծում, մինչև կներդրվի կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգը, և մեր քաղաքացիները կունենան ծանուցման պատշաճ համակարգ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 1-ի նիստում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Քննարկվել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթում ներառված են փոփոխություններ, որոնք վերաբերում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքներին, վարչարարության պարզեցմանը, ինչպես նաև վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը: «Եթե մեր քաղաքացիները կհանձնեն էլեկտրոնային փոստի հասցե, որի միջոցով ցանկություն կհայտնեն ստանալ խախտումների ծանուցումն էլեկտրոնային տարբերակով, այլ ոչ Հայփոստի միջոցով և թղթային ծանուցման եղանակով, ապա այդ դեպքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է 20 տոկոս զեղչ նախնական նշանակված տուգանքի նկատմամբ: Եթե գործ ունենք 5 հազար դրամ տուգանքի հետ, եւ, եթե անձը տրամադրում է իր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա տուգանքի նշանակված չափը դառնում է 4000 հազար դրամ»,- մանրամասնել է Արփինե Սարգսյանը` հավելելով, որ ցանկանում են քաղաքացիներին հնարավորինս բերել թվայնացման դաշտ` հետագայում իրականացվող գործընթացներին ինտեգրվելու համար, որը թույլ կտա ամբողջովին վերացնել թղթային ծանուցումները և ամբողջական ծանուցումներն ապահովել էլեկտրոնային տարբեր հարթակների միջոցով: Անդրադառնալով երկրորդ կարևոր փոփոխությանը` Արփինե Սարգսյանը նշել է, որ առկա են շուրջ 8 մլրդ դրամի չափով դեռևս չկատարված վարչական մի շարք ակտեր, որոնք ներկայում գտնվում են Հարկադիր կատարման ծառայությունում: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ միջազգային պրակտիկայում նմանատիպ օրինակներ կան, երբ պետությունը, խնայելով վարչական ռեսուրսն այս խումբ ակտերի կատարման նկատմամբ, նախատեսում է որոշակի բոնուսային համակարգ քաղաքացիների համար: «Մեր դեպքում բոնուսային համակարգը հետևյալն է. եթե քաղաքացին 15-օրյա ժամկետում կվճարի սահմանված տուգանքը, ապա նրա համար տուգանքի նկատմամբ կգործի 30 տոկոս զեղչ: Այսինքն` եթե տուգանքը վճարված լինի 70 տոկոսի չափով, ապա պարտավորությունը համարելու ենք ամբողջությամբ կատարված»,- պարզաբանել է փոխնախարարը` հույս հայտնելով, որ նմանատիպ խթանիչ գործընթացների արդյունքում կհասնեն վարքագծային փոփոխության, ինչը կնպաստի վերջնարդյունքում ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ պարտաճանաչ և պատշաճ վերաբերմունքի: Մանրամասն ներկայացնելով օրենսդրական փաթեթով առաջարկվող մի շարք  այլ փոփոխություններ ևս` հիմնական զեկուցողը շեշտել է, որ դրանց ընդունմամբ հնարավորինս կթոթափվի վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը: Պատգամավորների հարցերը վերաբերել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի խնդրին, օրենսդրական փաթեթի բոլոր կարգավորումների մասով լայնամասշտաբ իրազեկման արշավների կազմակերպմանը: Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը կարևորել է առաջարկվող փոփոխությունները: Ելույթներում պատգամավորները կարևորել են համակարգում արդարության հաստատումը, ծանուցման` էլեկտրոնային համակարգի ներդրումը, ճանապարհային երթևեկությունն անվտանգ դարձնելուն ուղղված քայլերը: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարևորելով օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, ընդգծել է թվային դարաշրջանում թվային տեխնոլոգիաների կիրարկումը, դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանն ուղղված քայլերը, խոսել է բազմախողովակ ծանուցման ինստիտուտի ներդրումային անհրաժեշտության մասին: Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով համապարփակ քննարկման, հարցադրումների համար, նշել է, որ այն կօգնի առավել մանրամասն ներկայացնել առաջարկվող կարգավորումները: Նա շեշտել է, որ նախագիծը նպատակ ունի բարելավել պետություն-քաղաքացի հարաբերությունները, վերացնել թղթային ծանուցման ռեժիմով ունեցած պրակտիկան: Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը նախագծերի փաթեթը վերամշակելու համար ներկայացրել է երեք առաջարկ: Մասնավորապես, առաջարկվել է լուսաթափանցելիության չափանիշների չպահպանման հետ կապված խախտումների դեպքում կիրառել տուգանային երկու միավոր: Արփինե Սարգսյանի խոսքով՝ Կառավարությունը ներկայացված առաջարկների վերաբերյալ չունի դրական եզրակացություն` ընդգծելով, որ նման բալային փոփոխությունը չափազանց անհամաչափ մոտեցում է: Հանձնաժողովը ձեռնպահ է քվեարկել Արսեն Թորոսյանի ներկայացրած առաջարկություններին: Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
18:59 - 01 փետրվարի, 2024
Ավարտվեց իմ կենսագրության մի կարևոր հատված, որ երեսունամյա ծառայություն էր ոստիկանությունում․ Աշոտ Ահարոնյան

Ավարտվեց իմ կենսագրության մի կարևոր հատված, որ երեսունամյա ծառայություն էր ոստիկանությունում․ Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ազատվել է աշխատանքից։ Այդ մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։ «Ավարտվեց իմ կենսագրության մի կարևոր հատված, որ երեսունամյա ծառայություն էր ոստիկանությունում։ Թղթակցից մինչև լրատվության վարչության պետ, լեյտենանտից՝ գնդապետ, անփորձ լրագրողից մինչև այն կարգավիճակը, երբ մարդիկ կարևորում ու գնահատում են խոսքդ: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց՝ մեր քաղաքացիներին, ովքեր պարզապես ունկնդիր ու ակնդիր չեն եղել, այլև համախոհ ու գաղափարակից, նաև՝ ընդդիմախոս ու քննադատ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հասկացել են լրատվության արժեքը, ուժեղացրել մեր վարչությունը տեխնիկական աջակցությամբ, թիկունք եղել՝ մեր գործի ըմբռնումով, հարկ եղած դեպքում՝ դրվատանքով, նաև ադեկվատ քննադատությամբ, որ շատ կարևոր է, եթե աշխատանքդ կյանքի գործ է, որն ուզում ես կատարյալ անել: Շնորհակալություն լրագրողական համայնքի գործընկերներիս՝ տասնամյակների համագործակցության, փոխըմբռնման, փոխվստահության համար: Երեք տասնամյակ ոստիկանությունն ինձ համար ավելին է եղել, քան աշխատավայր: Շնորհակալության հետ ակնկալում եմ նաև բոլորի ներողամտությունն անխուսափելի թերացումների ու բացթողումների համար և բոլորիդ՝ քաղաքացիներին, ծառայակիցներիս, ընկերներիս, մաղթում մեր ընդհանուր գործի ազնիվ շարունակություն ու գնահատված ընթացք: Շարունակեք ապրել ու գործել ոչ հանուն «ես»-ի, այլ հանուն «մենք»-ի»:
15:17 - 30 հունվարի, 2024
Հայաստանում անցած տարի մարդկանց վրա թափառող շների հարձակվելու 134 դեպք է գրանցվել
 |armenpress.am|

Հայաստանում անցած տարի մարդկանց վրա թափառող շների հարձակվելու 134 դեպք է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում  2023 թվականին մարդկանց վրա թափառող  շների հարձակվելու դեպքերի թիվը կազմել է 134, իսկ կենդանիների վերաբերյալ դաժան դեպքերի թիվը՝ 45:  «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» խորագրով  քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը՝ ներկայացնելով 2023 թվականի ընթացքում կենդանիների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ստացված ահազանգների ընդհանուր պատկերը: «2023 թվականի ընթացքում կենդանիների վերաբերյալ ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ստացված ահազանգները հիմնականում վերաբերվել են թափառող շների կողմից քաղաքացիների վրա հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, շների կողմից բարձրացված աղմուկի և աղբամանների մոտ հավաքվելու վերաբերյալ: Քաղաքացիները մի շարք դեպքերում ահազանգում են ոստիկանություն՝ թափառող շների հնարավոր հարձակումներից վախենալով, քանի որ վտանգավոր են համարում   իրենց անչափահաս երեխաներին միայնակ  ուսումնական հաստատություններ ուղարկելը»,- ասաց ոստիկանության գնդապետը: Նրա խոսքով՝ ստացված ահազանգերի ու դիմումների գերակշիռ մասը վերաբերվում է Երևան քաղաքին, իսկ մարզերում թափառող կենդանիների վերաբերյալ առավել շատ ահազանգեր ստացվել են՝ Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում: Ըստ նրա՝ խնդրահարույց է նաև վարչական տարածքներում թափառող շների ստերջացման հարցը, քանի որ մարզերում և մի շարք շրջաններում ստերջացում չի իրականացվում: «Ոստիկանության տվյալների համաձայն՝ Հայաստանի   Հանրապետության տարածքում 2022 թվականին գրանցվել է մարդկանց վրա թափառող շների հարձակվելու 133, 2023-ին՝ 134, իսկ 2024 թվականի հունվարին՝ 5 դեպք: Նշված դեպքերի վերաբերյալ  միջնորդություններ են ներկայացվել տեղական ինքնակառավարման մարմիններ՝ թափառող կենդանիներին վնասազերծելու և խնամքի կենտրոններ տեղափոխելու նպատակով»,- նշեց Կարեն Հակոբյանը: Անդրադառնալով կենդանիների նկատմամբ  դաժան վերաբերմունքի  մասով արձանագրված դեպքերի քանակին՝ նա նշեց, որ 2022 թվականին գրանցվել է 19, 2023-ին՝ 45, իսկ 2024-ի հունվարին՝ 3 դեպք: Նշված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում պատասխանատվության են ենթարկվել 2022 թվականին երեք, իսկ 2023 թվականին՝ երկու անձ: Խոսելով տվյալ հարցի շուրջ ոստիկանության գործառույթներից՝ Հակոբյանն ընդգծեց, որ ահազանգից հետո ոստիկանությունը դեպքի մասին տեղեկացնում է պատկան մարմիններին, իսկ հետագա ընթացքը ոստիկանության գործառույթների մեջ չի մտնում:  
15:17 - 26 հունվարի, 2024