ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Ոստիկանության մեկ տեսուչ ազատվել է ծառայությունից, ՃՈ ծառայողների պարտականություններում կատարվել է փոփոխություն․ Դատախազությունը ներկայացրել է ՀՀ ոստիկանապետի գրությունը

Ոստիկանության մեկ տեսուչ ազատվել է ծառայությունից, ՃՈ ծառայողների պարտականություններում կատարվել է փոփոխություն․ Դատախազությունը ներկայացրել է ՀՀ ոստիկանապետի գրությունը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր ծառայություն իրականացնելու ընթացքում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության տեսուչի կողմից մի քանի ավտոմեքենաների վարորդների՝ տրանսպորտային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ հայտնաբերելուց հետո վարչական իրավախախտման տուգանքի չափի վերաբերյալ վարորդներին ուռճացված տեղեկություն հայտնելու, նրանց հետ համաձայնության արդյունքում իրավախախտման արձանագրության և որոշման թերի լրացված ձևաթղթերի հիման վրա տուգանքը տեղում գանձելու պատրվակով ՃՈ կանոնների խախտումն օրենքով նախատեսված կարգով արձանագրելու պատրանք ստեղծելու նպատակով վարորդներից տարբեր չափերի գումարներ ստանալու փաստը: Այս մասին հայտնում է Դատախազությունը։ Պարզվել էր նաև, որ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում իրականացնելու, արձանագրությունների ձևաթղթերը տեսուչին հանձնելու և լրացված արձանագրությունները նրանից ստանալու գործընթացը պատշաճ կարգավորված չէ, բացակայում են վերահսկողության բավարար մեխանիզմները: Քանի որ այս թերությունները հանցագործության  կատարման նպաստավոր հանգամանք է հանդիսացել, ՀՀ գլխավոր դատախազը դրանք վերացնելուն ուղղված միջնորդագիր էր հասցեագրել ՀՀ ոստիկանապետին: Արդյունքում ոստիկանությունում ձեռնարկվել են խնդրի կարգավորանն ուղղված գործնական քայլեր: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետի պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ քրեական գործով հաստատված խախտումները և դրանց պատճառները պարզելու, ինչպես նաև դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու և խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը լուծելու համար ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն: Դրա արդյունքում վերոնշյալ հանցավոր խախտումները թույլ տված տեսուչը ոստիկանապետի հրամանով ազատվել է ծառայությունից: Բացի այդ, խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի հաշվառում և դրանց նկատմամբ պատշաճ և ամբողջական վերահսկողություն իրականացնելու, այդ կերպ ոլորտում հնարավոր հանցավոր դրսևորումները բացառելու նպատակով ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողների գործառույթային  պարտականություններում կատարվել է փոփոխություն: Արդյունքում խիստ հաշվառման ձևաթղթերի հանձնման և ընդունման հսկողության պարտականությունը  դրվել է դասակների հրամանատարների վրա: Գրությամբ տեղեկացվել է նաև, որ խիստ հաշվառման վերոնշյալ փաստաթղթերի պատշաճ հաշվառում անցկացնելու նպատակով Պարեկային ոստիկանությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորումներ, որոնք մոտ ժամանակահատվածում կներդրվեն պարեկային ծառայողի լրակազմում: Իսկ ներկայում իրականացվում է իրավասու պարեկային ծառայողների վերապատրաստում այդ սարքավորումներով վարչական իրավախախտման արձանագրությունների արձանագրում իրականացնելու և տուգանքների վճարման անդորրագրերը իրավախախտում թույլ տված անձանց տրամադրելու ուղղությամբ: Դրանով կդյուրացվի փաստաթղթաշրջանառության նկատմամբ հսկողությունը և հնարավորինս կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը:      
15:51 - 21 մարտի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանը՝ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի գործով դատախազության արձագանքին

Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանը՝ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի գործով դատախազության արձագանքին

ՀՀ հակակռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով գույքի նկատմամբ սահմանափակումը վերացնելու կապակցությամբ նախօրեին հրապարակված` ՀՀ գլխավոր դատախազության արձագանքին անդրադառնալով՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն խնդրահարույց է համարում օրենքից չբխող առանձին դեպքերի հիման վրա «կայուն դատական պրակտիկա» ձևավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության մեր գործընկերների արտահայտած տեսակետը և, հավատարիմ մնալով միայն օրենքով գործելու և իրավական բանավեճերն արդյունավետ քննարկումների դաշտ տեղափոխելու իր ուղենիշներին, այսուհետ դադարեցնում է սույն հարցի քննարկումը հանրային տիրույթում: Միաժամանակ սպասում ենք գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ դատախազության խոստացած հետևողականության դրսևորմանը, որի կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է իր անվերապահ աջակցությունը»:
16:05 - 15 մարտի, 2022
Գլխավոր դատախազության պարզաբանումը՝  Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի և Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության վերաբերյալ

Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի և Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության վերաբերյալ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հարցին, թե հանրությունը տարակուսած է, թե ինչպես կարող է կալանքի տակ գտնվող առանձնատունը վաճառվել, Արթուր Դավթյանը ասել էր, թե Գլխավոր դատախազությունում նույնպես տարակուսած են, քանի որ դատախազության որոշման դեմ բողոք էր ներկայացվել։ Դատարանի որոշման ու դատախազության բողոքի վերաբերյալ Արթուր Դավթյանի պատասխաններին արձագանքել էր Հակակոռուպցիոն կոմիտեն։  Իսկ այժմ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանմանն անդրադարձել է Գլխավոր դատախազությունը, որը հայտնել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2022թ. փետրվարի 3-ի որոշումը (նախքան դատախազության կողմից դրա բողոքարկման հարցի լուծումը) կատարելու վերաբերյալ, ոչ միայն չի բխում քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, ձևավորված դատական կայուն պրակտիկայից, այլև ուղղակիորեն  հակասում է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ գործերով ՀՀ ՀԿ (ինչպես նաև նախկին ՀՀ ՀՔԾ) դրսևորված իրավական դիրքորոշմանը: «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը իր կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2022թ. փետրվարի 3-ի որոշումը (նախքան դատախազության կողմից դրա բողոքարկման հարցի լուծումը) կատարելու վերաբերյալ, ոչ միայն չի բխում քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, ձևավորված դատական կայուն պրակտիկայից, այլև ուղղակիորեն  հակասում է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ գործերով ՀՀ ՀԿ (ինչպես նաև նախկին ՀՀ ՀՔԾ) դրսևորված իրավական դիրքորոշմանը: Նախ՝ խիստ տարօրինակ է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասին հղում կատարելու պարագայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները այս անգամ չեն հիշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի գոյության մասին, համաձայն որի օրենսգրքով նախատեսված դեպքում բողոք տալը կասեցնում է բողոքարկվող որոշումն ի կատար ածելը: Եվ դա այն դեպքում, երբ նույն 103-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, սկսած նախկին ՀՔԾ-ից, հենց Հակակոռուպցիոն կոմիտեում ձևավորված է կայուն պրակտիկա, ըստ որի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոք տանելը կասեցնում է դրանց կատարումը, մինչև վերադաս դատարանի կողմից որոշման կայացումը: Դատական պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, որ նման դատական ակտերն ի կատար են ածվում դրանցում նշած բողոքարկման ժամկետներն անցնելուց հետո, իսկ այդ ակտերի բողոքարկման դեպքում՝ վերադաս դատական ատյանների կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո: Ակնհայտ է, որ հակառակ մոտեցման պարագայում առհասարակ իմաստազրկվում է բողոքարկման ինստիտուտը, իսկ հետևանքների առումով կարող են առաջանալ անդառնալի հետևանքներ: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող՝ դատական ակտի կատարման համար 3-օրյա ժամկետին, ինչին հղում է կատարվում ՀՀ ՀԿ պարզաբանման մեջ, ապա այն կարող է վերաբերել միայն հիմնական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը: Այս դիրքորոշումը պաշտպանվել է նաև դատարանների իրավական մեկնաբանություններով: Մասնավորապես, հենց Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվող մեկ այլ գործով գույքի վրա կալանք դնելու հարցով ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրած որոշմամբ (ԵԴ/0513/11/20), վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ և 428-րդ հոդվածները՝ հստակ ամրագրել է, որ եռօրյա ժամկետը սահմնվում է հիմնական ուժի մեջ մտած դատական ակտը կատարման հանձնելու համար, իսկ օրենսդրի սահմանած եռօրյա այդ ժամկետը վերաբերում է դատական ակտը կայացրած դատարանին և այդ ժամկետում դատական ակտը կատարման հանձնելու դատարանի պարտականությանը, այլ ոչ դատական ակտը կատարող մարմնին: Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմինը, շտապելով դատարանի նշված որոշումն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով Ա.Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները, ինչպես արդեն նշվել է, գործել է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ քրեական գործերով ձևավորած պրակտիկային հակառակ: Մասնավորապես, բազմաթիվ են նույնատիպ իրավիճակներում դատավարության մասնակիցների գրություններին ի պատասխան  հենց վերոնշյալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով դատական ակտը չկատարելու վերաբերյալ ՀՀ ՀԿ քննիչների գրությունները, ինչպես նաև նույն հիմքով դատական ակտերը բողոքարկելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով քննիչների կողմից հսկողություն իրականացնող դատախազին դիմելու դեպքերը , ինչը կոնկրետ այս դեպքում ՀՀ ՔԿ-ում, փաստորեն, մոռացել են անել: Ավելին, համանման վարքագիծ դրսևորել է նաև հենց այն քննիչը, որը սույն գործով գրություն է հասցեագրել ՀՀ կադաստրի կոմիտե: Ինչ վերաբերում է ՀՀ ՀԿ պարզաբանման այն հատվածին, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն, ապա պարզաբանման հեղինակները գուցե տեղյակ չեն, որ բամաթիվ են դեպքերը, երբ դատավարության մասնակիցների կողմից նույն նորմի վկայակոչմամբ գործն ըստ էության չլուծող դատական ակտը չկատարելու վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդումների կապակցությամբ ՀՀ ՀԿ քննիչները կայացրել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ կամ դրանց անդրադառնալը հնարավոր են համարել միայն վերադաս դատարանում այդ ակտերի դեմ ներկայացված բողոքների քննության արդյունքներով պայմանավորված:      Այս ամենի ֆոնին տվյալ առանձին վերցրած գործով ձևավորված կայուն պրակտիկայից ակնհայտորեն շեղվող վարքագիծ դրսևորելու և այն հրապարակայնորեն պաշտպանելու իրողությունը տարակուսելի է, հաշվի առնելով, որ դատական ակտը 2022թ. փետրվարի 11-ին ստացվելուց հետո՝ 4 օր անց՝ փետրվարի 15-ին, նախքան նույնիսկ ՀՀ դատախազության կողմից վերաքննիչ բողոք տանելը, քննիչը շտապել է առանց հսկող դատախազին իրազեկելու, չսպասելով բողոքարկման ժամկետի ավարտին, գրություն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով Ա.Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները: Արդյունքում նշված անշարժ գույքը օտարվել է: Ակնհայտ է, որ նման տարբերակված մոտեցման մասին վկայող իրողություններն առաջացնում են գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու անհրաժեշտություն, ինչի առումով դրսևորվելու է հետևողականություն: Դրա մասին է նշել ՀՀ գլխավոր դատախազը՝ լրագրողների կողմից տրված հարցին ի պատասխան»: 
20:25 - 14 մարտի, 2022
Քննիչը պարտավոր էր առաջնորդվել օրենքով. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Դավթյանի՝ Աբրահամյանի տան վաճառքի հայտարարության մասին
 |armtimes.com|

Քննիչը պարտավոր էր առաջնորդվել օրենքով. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Դավթյանի՝ Աբրահամյանի տան վաճառքի հայտարարության մասին |armtimes.com|

armtimes.com: Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու՝ Կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը: Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից երեկ արված այն հայտարարության, ըստ որի՝ Գլխավոր դատախազությունում նույնպես տարակուսած են, քանի որ իրենց հայտնի չի եղել, թե ինչպե՞ս վաճառվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող Մոնումենտի առանձնատունը՝ այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի՝ գործը, ըստ էության, չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան 3 օր հետո, ընդ որում՝ վերը նշված որոշումների բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը»,- պարզաբանեցին Կոմիտեից՝ հավելելով. «Հետևաբար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը պարտավոր էր առաջնորդվել բացառապես օրենքով և կատարել դատարանի որոշումը։ Ի դեպ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն»: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից նաև նշեցին՝ առնվազն տարակուսելի են համարում, որ Գլխավոր դատախազը, քաջատեղյակ լինելով վերը նշված քրեադատավարական նորմերին, նման կերպ է արձագանքել: «Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու՝ Կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը»,- հավելեցին կառույցից: Հիշեցնենք՝ վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվել, որոնց համաձայն՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել է Մոնումենտում գտնվող շքեղ առանձնատունը, որի վրա կալանք էր դրված: Գնորդը Նարեկ Նալբանդյանն է, որը օրեր առաջ 5 միլիարդ դրամով ձեռք էր բերել «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը:
19:50 - 14 մարտի, 2022
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին վերաբերող նախագծին |1lurer.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին վերաբերող նախագծին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացության արժանացավ ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում սահմանված «Հատուկ քննչական ծառայություն»-ը փոխարինել «Հակակոռուպցիոն կոմիտե»-ով: «Բոլորս տեղյակ ենք, որ դադարեցվել են Հատուկ քննչական ծառայության լիազորությունները, և այժմ գործում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Այս դեպքում շատ կարևոր է, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեի համար մատչելի դարձվեն կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի վերաբերյալ ծառայությունները: Ընդ որում՝ այս ծառայությունն ուներ Հատուկ քննչական ծառայությունը, որը հիմա փոխանցվում է Հակակոռուպցիոն կոմիտեին»,- ասաց արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը: Ըստ փոխնախարարի՝ այսկերպ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը:
11:40 - 14 մարտի, 2022
Նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին առաջադրվել է ավելի քան 350 մլն դրամի գույք չհայտարարագրելու և 211 մլն դրամի հարկեր չվճարելու մեղադրանք. Հակակոռուպցիոն կոմիտե

Նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին առաջադրվել է ավելի քան 350 մլն դրամի գույք չհայտարարագրելու և 211 մլն դրամի հարկեր չվճարելու մեղադրանք. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքը չհայտարարագրելու և 211 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր չվճարելու համար։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանն առանձնապես խոշոր չափերով հարկը և տուրքը չվճարելու նպատակով հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթղթեր, ինչպես նաև հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ՝ թաքցրել է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 350 մլն ՀՀ դրամի գույքը: Մասնավորապես, Ա. Համբարձումյանը Իտալիայի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության` կահույքի արտադրությամբ զբաղվող առաջատար մի շարք ընկերություններից գնել և 2017-2018 թվականներին Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ավելի քան 800.000 եվրո արժողությամբ թանկարժեք կահույքի տարբեր խմբաքանակներ, սակայն առանձնապես խոշոր չափերով հարկը և տուրքը չվճարելու նպատակով օգտագործել է կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցում կահույքի վերը նշված իրական արժեքից նշվել է ընդամենը շուրջ 105.000 եվրոն: Դրանից հետո գործարարը վերոհիշյալ ապրանքների ձեռքբերման իրական արժեքների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել նաև հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում: Արդյունքում պակաս է հաշվարկվել և Ա. Համբարձումյանի կողմից չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 211 մլն ՀՀ դրամի մաքսատուրք և ԱԱՀ, ինչպես նաև դրանցից գոյացած տույժեր ու տուգանքներ: Բացի այդ, 2003թ.-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը զբաղեցնելով ՀՀ ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը և լինելով հայտարարատու պաշտոնատար անձ, Արկադի Համբարձումյանը 2019թ. փետրվարի 9-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր, սակայն դրանում թաքցրել է իրեն պատկանող` 8 մլն ՀՀ դրամից ավելի արժեք ունեցող, 2017 և 2018 թվականներին գնված` թանկարժեք իր հանդիսացող վերոհիշյալ կահույքի խմբաքանակները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի չհայտարարագրմանը: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 07.03.2022թ.-ին Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ա. Համբարձումյանի կողմից պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը նույն օրը վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
23:08 - 07 մարտի, 2022
Կաշառքի դիմաց օգնել է հանձնել վարորդական վկայականի համար տեսական քննությունը, բայց փողը վերցնելիս բռնվել է

Կաշառքի դիմաց օգնել է հանձնել վարորդական վկայականի համար տեսական քննությունը, բայց փողը վերցնելիս բռնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու քննական գործընթացում պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու և այլ չարաշահումներ, որոնց հետևանքով վարորդի թեկնածուն հանձնել է փաստացի ձևական բնույթ կրող քննություններ: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչ Գարիկ Գևորգյանը, տեղեկանալով Երևանի բնակիչ Լ. Բ.-ի կողմից 350.000 ՀՀ դրամի դիմաց վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու մտադրության մասին, խարդախություն կատարելու դիտավորությամբ Լ. Բ.-ին վստահեցրել է, թե իբր հիշյալ գումարի չափով ՃՈ պաշտոնատար անձանց իր օժանդակությամբ կաշառք տալու դեպքում տեսական քննությունը կրելու է ձևական բնույթ: Ստանալով Լ. Բ.-ի համաձայնությունը` Գ. Գևորգյանը 2021 թվականի նոյեմբերին դիմել է իր համագյուղացի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Էդգար Սարգսյանին և, ներկայացնելով, որ վարորդի թեկնածուն իր մտերիմն է, ՃՈ տեսուչին դրդել է օգնել վերջինիս տեսական քննությունը դրական հանձնելու հարցում: Արդյունքում տեսուչը Գ. Գևորգյանի դրդմամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ուղղորդել է վարորդի թեկնածու Լ. Բ.-ին` տեսական քննության ընթացքում նշել ճիշտ պատասխանները։ Դրանից հետո Էդգար Սարգսյանը կազմել է Լ. Բ.-ի կողմից տեսական քննությունը հաջողությամբ հանձնելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա վարորդի թեկնածուին թույլատրվել է մասնակցել գործնական քննությանը։ Տեսական քննությունից հետո Լ. Բ.-ն Գ. Գևորգյանին տվել է 350.000 ՀՀ դրամը, սակայն վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ հիշյալ գումարը ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։  Էդգար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Գարիկ Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ, 38-308-րդ և 38-314-րդ հոդվածի 1-ին մասերով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
16:20 - 02 մարտի, 2022
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձը

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակից Ն. Բ.-ն նույն մարզում ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց Տաշիր քաղաքի ավտոկայանի աշխատակցից 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում պահանջել և ստացել է կաշառք: Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, ըստ քրեական գործի նյութերի` Ն. Բ.-ն նույն մարզի մեկ այլ ընկերության կողմից սպասարկվող երթուղու տրանսպորտային միջոցի վարորդի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու և չարձանագրելու դիմաց նրանից ևս 2021թ. հոկտեմբերին ստացել է կաշառք: Բացի այդ, տեղեկանալով, որ հիշյալ վարորդը տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված դեղին հաշվառման համարանիշներով շահագործելու փոխարեն այն վարել է սեփական համարանիշներով, Ն. Բ.-ն վերջինիս օգտին կրկին ակնհայտ ապօրինի անգործության` խախտումը չարձանագրելու և տրանսպորտային միջոցի անօրինական շահագործումը չկասեցնելու համար նրանից 2022թ. հունվարին պահանջել և ստացել է կաշառք: Վերը նկարագրվածից բացի, Վանաձոր քաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնող մեկ այլ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում արդեն իսկ հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար Ն. Բ.-ն դրանցից մեկի սեփականատիրոջից 2021թ. սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացել է կաշառք: Նա նաև չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ վերը թվարկված բոլոր անձանց նախապես տեղեկացրել է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում նախատեսվող ստուգայցերի օրերի մասին` նրանց հորդորելով վերացնել առկա խախտումներն ու թերությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: 2022 թվականի փետրվարի 14-ին Ն. Բ.-ն ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:51 - 15 փետրվարի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հաղորդել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու նրա տեղակալի ձերբակալության վերաբերյալ

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հաղորդել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու նրա տեղակալի ձերբակալության վերաբերյալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երևան համայնքին: Այս մասին հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով իր տեղակալի` Կարեն Թորոսյանի հետ, վերջինիս ցուցում է տվել հավաքագրել վստահելի անձանց և նրանց հետ ձեռք բերել որոշակի պայմանավորվածություն` դրամական փոխհատուցման դիմաց համայնքային հիմնարկում աշխատանքի ընդունվելու, սակայն փաստացի աշխատանքի չհաճախելու վերաբերյալ: Ըստ այդմ` Կարեն Թորոսյանն իր մի շարք մտերիմներին և ազգականներին հանձնարարել է աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմումներ ներկայացնել հիմնարկ, որից հետո վերջիններս Ա. Գրիգորյանի կազմած կեղծ հրամաններով 2019թ. ընթացքում ձևակերպվել են համապատասխան հաստիքների` 300,000-ական ՀՀ դրամ աշխատավարձով: Հիշյալ անձինք, սակայն, փաստացի չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել հաստիքից բխող պարտականությունները: Ավելին` 2019-2020թթ. ընթացքում, չնայած աշխատանքի չհաճախելու հանգամանքին, նրանք տնօրենի հրամաններով խրախուսվել են հիմնարկի մյուս աշխատակիցների համեմատ առնվազն կրկնակի բարձր դրամական պարգևատրումներով: Արդյունքում` վերը նշված անձանց անվամբ 2019թ. նոյեմբերից 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում հաշվարկվել և համայնքային բյուջեից ելքագրվել է ընդհանուր 17,603,137 ՀՀ դրամ: Այդ կերպ հիմնարկի տնօրենը նշված անձանց և Կ. Թորոսյանի օժանդակությամբ վատնման եղանակով և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել է Երևան համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը: Բացի այդ, Ա. Գրիգորյանը, անտեսելով օրենսդրական պահանջներն ու արգելքները, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք, վերապահված լինելով Երևան քաղաքի ավագանու իրավասությանը, ակնհայտորեն նրա լիազորությունների շրջանակից դուրս են եղել: Մասնավորապես, Ա. Գրիգորյանը 2020թ. հոկտեմբերին հիմնարկի ավտոպարկի պատասխանատուին հանձնարարել է շուրջ 110 տրանսպորտային միջոցների փոխարինված, սակայն օգտագործման համար դեռևս պիտանի անվադողերը՝ յուրաքանչյուրը միջինը 10,000 ՀՀ դրամով վաճառելու նպատակով փնտրել գնորդներ: Նշված աշխատակիցը տնօրենի հանձնարարությունը կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող մի շարք անձանց հետ և 2020թ. հոկտեմբերից 2021թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում վերջիններիս վաճառել 100-ից ավելի անվադողեր, որոնց դիմաց ստացված ավելի քան 1,000,000 ՀՀ դրամը հիշյալ ժամանակահատվածում մաս-մաս փոխանցել է Ա. Գրիգորյանին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 09.02.2022թ.-ին Արմեն Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Թորոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կայացված որոշման հիման վրա Ա. Գրիգորյանն ու Կ. Թորոսյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել են: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
16:24 - 09 փետրվարի, 2022
Քրեական գործով հիմնավորվել է, որ շուրջ չորս տասնյակ անձինք կաշառքի դիմաց ստացել են վարորդական վկայականներ. գործի նախաքննությունն ավարտվել է. Հակակոռուպցիոն կոմիտե

Քրեական գործով հիմնավորվել է, որ շուրջ չորս տասնյակ անձինք կաշառքի դիմաց ստացել են վարորդական վկայականներ. գործի նախաքննությունն ավարտվել է. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում բացահայտվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր: Հիշյալ քաղաքացիները կաշառքի դիմաց հանձնել են ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ: Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Վաչագան Շիրոյանը սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու գործնական հմտությունները փաստացի ստուգելու, կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող գործնական քննություններ ընդունելու և քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու հարցում օժանդակելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ադամ Սարուխանյանի հետ: Պայմանավորվածության համաձայն` 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Վ. Շիրոյանը շուրջ չորս տասնյակ անձանցից ստացել է ընդհանուր 3.010.000 ՀՀ դրամ, որի մի մասը՝ 1.400.000 ՀՀ դրամը, որպես կաշառք տվել է Ադամ Սարուխանյանին:      Վ. Շիրոյանի օժանդակությամբ ստացած կաշառքի դիմաց ՃՈ տեսուչը հիշյալ քաղաքացիներից  ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և նրանք առանց գործնական վարման հմտությունների պատշաճ ստուգման ստացել են վարորդական վկայականներ: Միաժամանակ Ադամ Սարուխանյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ստացած կաշառքի դիմաց կազմել է կեղծ արձանագրություններ կաշառք տված անձանցից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ: Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ադամ Սարուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վաչագան Շիրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 34-38-311-րդ հոդվածի 2-րդ մասով: Եվս 37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կաշառք տալու, կաշառքի միջնորդություն կատարելու, կաշառք տալու փորձի և պաշտոնական փաստաթուղթ` վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար: Ադամ Սարուխանյանի, Վաչագան Շիրոյանի և մի շարք այլ անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:41 - 08 փետրվարի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ |factor.am|

Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ |factor.am|

factor.am: Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ։ Ինչպես տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ դատախազի ցուցումներով որոշումների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեից մասնակի առարկություններ են ներկայացվել, դրանց քննարկման դատավարական ժամկետները սպառված չեն և առարկությունները քննարկման փուլում են: Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստացել էր դատախազի որոշումը Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու վերաբերյալ: Կոմիտեն դատախազի որոշումը գնահատում էր որպես անօրինական և չհիմնավորված:
16:29 - 31 հունվարի, 2022
Ոստիկանության պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով խեղաթյուրվել են հանցագործության դեպքի հանգամանքները. Հակակոռուպցիոն կոմիտե

Ոստիկանության պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով խեղաթյուրվել են հանցագործության դեպքի հանգամանքները. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Մեսրոպ Անտոնյանը, 2016 թվականի ընթացքում աշխատելով ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնում, ՀՀ ոստիկանության պաշտոնատար, ինչպես նաև այլ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով, խեղաթյուրել քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի իրական հանգամանքները:  Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Ա. Սահակյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության տեսուչներ Մեսրոպ Անտոնյանն ու Արման Սուքիասյանը, ձեռնպահ մնալով կատարված հանցագործության բացահայտման ուղղությամբ ծառայողական պարտականությունները կատարելուց, նյութական օգուտ ստանալու շահադիտական նպատակով տուժողին հայտնել են, որ հիշյալ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու համար անհրաժեշտ է խեղաթյուրել դեպքի իրական հանգամանքները: Արթուր Սահակյանը, նախապես տեղեկացված լինելով, որ իրեն մարմնական վնասվածք պատճառած անձի մերձավորները պայմանավորվածություն են ձեռք բերել ոստիկանության ծառայողների հետ` նյութերի ընթացքը հօգուտ իրական վնասվածք հասցնողի լուծելու շուրջ և վախենալով խոչնդոտելու դեպքում իր ընտանիքի անդամներին վնաս հասցնելու վերաբերյալ սպառնալիքներից, ենթարկվել է Արման Սուքիասյանի ու Մեսրոպ Անտոնյանի հրահանգներին: Արդյունքում տեսուչ Մ. Անտոնյանը տուժողի բացատրությունում և դեպքի վայրի զննության վերաբերյալ արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբրև վերջինս վիճաբանել է իր խանութ այցելած անծանոթ հաճախորդի հետ, որի ընթացքում տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ անզգուշությամբ վնասվածք է ստացել: Ընդ որում, ոստիկանության մյուս տեսուչի` Արման Սուքիասյանի թելադրանքով տուժողը բացատրության մեջ արձանագրել է իրականում վիճաբանության դեպքի հետ առնչություն չունեցած այլ անձի տվյալներ` նշելով, թե իբրև նրա կողմից է վնասվածք ստացել: Բացի այդ, այլ անձանց օժանդակությամբ համապատասխան բժշկական հիմնարկից ստացվել է կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկանք, որի հիման վրա տրվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացություն այն մասին, որ Ա. Սահակյանին պատճառվել է միջին ծանրության վնաս, այն դեպքում, երբ վերջինիս իրականում պատճառվել է ծանր վնաս` ձախ աչքի տեսողության կորստի հատկանիշով: Մեսրոպ Անտոնյանի՝ վերը նկարագրված դիտավորյալ գործողությունների հետևանքով խեղաթյուրվել են Ա. Սահակյանին վնասվածք պատճառելու իրական հանգամանքները, այն կատարած, ինչպես նաև դեպքին մասնակից անձանց ինքնությունները, ովքեր ազատվել են քրեական պատասխանատվությունից: Այդ կերպ նախադրյալներ են ստեղծվել նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու համար: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Մեսրոպ Անտոնյանին և Արման Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ոչ արդարացնող, այն է` վաղեմության ժամկետն անցած լինելու և Համաներման մասին օրենքն ընդունվելու կապակցությամբ: Մեսրոպ Անտոնյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:00 - 20 հունվարի, 2022
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է երկու պաշտոնատար անձ

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է երկու պաշտոնատար անձ

ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը) 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված` նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով 18.01.2022 թվականին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժիններից մեկի պետի տեղակալ Պ. Ե.-ն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Ա. Գ.-ն:   ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Պ. Ե.-ն Ա. Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, վառելիքի վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության սեփականատիրոջ օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ընկերության կողմից առանց համապատասխան թույլտվության Կոտայքի մարզում գտնվող բենզալցակայանի վերանորոգման, արդիականացման և շինարարական այլ աշխատանքներ իրականացնելու փաստը չարձանագրելու և դրա վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար 2021թ. հոկտեմբերի 21-ին հիշյալ ընկերության սեփականատիրոջից խմբով ստացել են խոշոր չափերով՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք:   Կատարվում է նախաքննություն:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
18:37 - 19 հունվարի, 2022