Լիբանան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Միկաթիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ Լիբանանի Հանրապետության  ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայ-լիբանանյան հարաբերությունները բնորոշվում են մեր ժողովուրդների բարեկամական պատմական կապերով, քաղաքակրթական ընդհանրություններով և դժվարին պահերին փոխադարձ աջակցության ավանդույթներով: Հայաստանը կանգնած է Լիբանանի կողքին այս մարտահրավերներով լի շրջանում, և լիահույս եմ, որ Լիբանանի ժողովուրդը մոտ ապագայում կհաղթահարի առկա դժվարություններն ու կվերագտնի կայունության և զարգացման ուղին: Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ հարաբերությունների առկա բարձր մակարդակն ու պատրաստակամ է ընդլայնելու փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին` հարատև կայունություն և բարօրություն։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
11:19 - 22 նոյեմբերի, 2022
Լիբանանի խորհրդարանը կրկին չի կարողացել երկրի նախագահ ընտրել |1lurer.am|

Լիբանանի խորհրդարանը կրկին չի կարողացել երկրի նախագահ ընտրել |1lurer.am|

1lurer.am: Լիբանանի Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած քվեարկության արդյունքում այսօր Հանրապետության նոր ղեկավար չի ընտրվել: Խոսնակ Նաբիհ Բերիի խոսքով՝ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել իր համար ապահովել խորհրդարանի 128 անդամից 65-ի աջակցությունը, իսկ 47 պատգամավոր քվեատուփերի մեջ է գցել դատարկ քվեաթերթիկներ: Պատգամավորների պալատում Լիբանանի նախագահի ընտրություններն անցկացվել են հինգերորդ անգամ, առաջին փուլը կայացել էր սեպտեմբերի 29-ին: Գեներալ Միշել Աունի պաշտոնավարումն ավարտվել էր հոկտեմբեի 31-ին: Նա պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է ավելի քան վեց տարի: Լիբանանի Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է կառավարությունը՝ վարչապետ Նաջիբ Միքաթիի գլխավորությամբ:
17:45 - 10 նոյեմբերի, 2022
«Հայաստան» համայկական հիմնադրամը դրամական աջակցություն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին

«Հայաստան» համայկական հիմնադրամը դրամական աջակցություն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական դրամական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանում գործող 16 հայ կրթական հաստատություններին։ Այս մասին հայտնում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը։ «Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից տրամադրված 100,000 ԱՄՆ դոլարը կուղղվի այդ կրթական հաստատությունների ուսուցիչների և անձնակազմի աշխատավարձերի վճարմանը։ Ֆինանսական աջակցությունը փոխանցվել է Լիբանանում գործող՝ «Հայ ավետարանական կենտրոնական», «Հայ ավետարանական Թորոսյան», «Ազգային Հառաջ-Գ. Գյուլբենկյան», «Ազգային Միացյալ», «ՀԲԸՄ Դարուհի Յովակիմյան», «Հայ կաթողիկե Հռիփսիմյանց», «Հայ կաթողիկե Ս. Խաչ-Գ. Հարպոյան», «Մեսրոպյան» և «Մխիթարյան» վարժարաններին, «Հայ ավետարանական», «Ազգային Եղիշե Մանուկյան», «Սահակյան Լևոն Մկրտիչյան» քոլեջներին, «Այնճարի Հայ Ավետարանական», «Վահան Թեքեյան» և «Նուբարյան» դպրոցներին, ինչպես նաև «Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան» ճեմարանին։ «Հայաստան» հիմնադրամը հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանն ամուր կանգնած է Լիբանանում գործող հայկական կրթօջախների և լիբանանահայության կողքին: Լիբանանահայությանը օժանդակությունը սկիզբ առավ դեռևս 2019 թ.-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում խորացավ սոցիալ-տնտեսական ճգնաժամը։ Հաջորդ աջակցությունը ցուցաբերվեց 2020 թ.-ի օգոստոսին՝ Բեյրութի աղետալի պայթյունից անմիջապես հետո։ Այդ տարի շուրջ 600,000 ԱՄՆ դոլարի դրամական աջակցություն ցուցաբերվեց տեղի հայ կրթական հաստատություններին։ 2021 թ.-ի սեպտեմբերին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով հավաքագրվեց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը փոխանցվեց 1,000,000 ԱՄՆ դոլար՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպես նաև հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով: Սույն դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի համայն հայությանն ուղղված կոչին։ Ընդհանուր առմամբ, 2019 թվականից առ այսօր, «Հայաստան» հիմնադրամը լիբանանահայության հրատապ կարիքները հոգալու համար ցուցաբերել է շուրջ 1,700,000 ԱՄՆ դոլարի աջակցություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:34 - 31 հոկտեմբերի, 2022
Լիբանանցի պատգամավորները չորրորդ անգամ չեն կարողացել նոր նախագահ ընտրել
 |1lurer.am|

Լիբանանցի պատգամավորները չորրորդ անգամ չեն կարողացել նոր նախագահ ընտրել |1lurer.am|

1lurer.am: Լիբանանցի խորհրդարանականները չորրորդ անգամ չեն կարողացել նախագահ ընտրել՝ հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Գործող նախագահ Միշել Աունի վեցամյա պաշտոնավարումն ավարտվում է հոկտեմբերի 31-ին, 89-ամյա Աունը կկարողանա կրկին զբաղեցնել այդ պաշտոնը միայն վեց տարի հետո։ Լիբանանի սահմանադրության համաձայն՝ թեկնածուն պետք է ստանա ձայների առնվազն երկու երրորդը 128 տեղանոց խորհրդարանում, իսկ հաջորդ փուլ անցնելու դեպքում՝ 50 տոկոս գումարած մեկ ձայն։ Երկուշաբթի նիստին ներկա էր 118 պատգամավոր։ Անկախ պատգամավոր, 50-ամյա Միշել Մուավադը ստացել է 39 ձայն, տասը պատգամավոր քվեարկել է արհմիութենական առաջնորդ Իսամ Խալիֆայի օգտին: 50 պատգամավոր դատարկ քվեաթերթիկ է հանձնել, երկու քվեաթերթիկները չեղյալ են հայտարարվել։ Մյուս պատգամավորները քվեարկել են այլ թեկնածուների օգտին:
17:44 - 24 հոկտեմբերի, 2022
Իրանը պատրաստ է վառելիք մատակարարել Լիբանանին |news.am|

Իրանը պատրաստ է վառելիք մատակարարել Լիբանանին |news.am|

news.am: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի օգնական, Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամմադ Սադեղ Ֆազլին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է բավարարել Լիբանանի վառելիքի կարիքը, գրում է Tasnim լրատվական գործակալությունը։ Իրանցի դիվանագետն իր թվիթերյան օգտահաշվում հաստատել է Թեհրանի աջակցությունը լիբանանցիներին՝ արաբական երկիրը պատած վառելիքի ճգնաժամի համատեքստում։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանում էներգիայի հիմնական արտադրողներից ու արտահանողներից մեկը, լիբանանցիների կողքին է՝ օգնելու նրանց»,- գրել է Ֆազլին և հավելել, որ Թեհրանը պատրաստ է ընդունել լիբանանցիներին՝ անհրաժեշտ վառելիքի մատակարարման շուրջ բանակցությունների համար: «Մենք երբեք չենք լքի մեր ընկերներին դժվար օրերին»,- հավելել է իրանցի դիվանագետը։ Լիբանանում արդեն մի քանի ամիս է, ինչ վառելիքի սուր պակաս է զգացվում ինչպես մեքենաները լիցքավորելու, այնպես էլ էլեկտրաէներգիայի գեներատորների սնուցման համար։ Լիբանանի խնդիրներն այժմ սրվում են պետական ​​գերատեսչությունների մեծ մասում առկա անժամկետ գործադուլներով, քանի որ աշխատավարձն այլևս բավարար չէ աշխատողներին աշխատանքի գնալու համար: Աշխատանքի միջազգային կազմակերպության Բեյրութի գրասենյակը գնահատմամբ՝ պետական ​​ծառայողների գրեթե 100 տոկոսն այժմ մշտապես կամ ընդհատումներով չի աշխատում:
21:05 - 31 հուլիսի, 2022
Լիահույս եմ, որ հայ-լիբանանյան հարաբերությունները կթևակոխեն որակապես նոր փուլ. Նիկոլ Փաշինյանը՝ Լիբանանի վարչապետին

Լիահույս եմ, որ հայ-լիբանանյան հարաբերությունները կթևակոխեն որակապես նոր փուլ. Նիկոլ Փաշինյանը՝ Լիբանանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Ազմի Միքաթիին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Լիբանանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Լիահույս եմ, որ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումից հետո Ձեր հետագա պաշտոնավարումը մեծապես կնպաստի մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում բարեկամ Լիբանանի կայունացմանը և հետագա զարգացմանը։ Հայ-լիբանանյան հարաբերությունները, որոնց հիմքում մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ու անկեղծ համակրանքն են, մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ, փոխվստահությամբ, ինչպես նաև դժվարին պահերին միմյանց աջակցելու մշտական պատրաստակամությամբ։ Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-լիբանանյան հարաբերությունները կթևակոխեն որակապես նոր փուլ՝ ընդլայնվելով ու ամրապնդվելով թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի վերահաստատել Հայաստանի հանձնառությունն իր նպաստը բերելու տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված միջազգային ջանքերին, մասնավորապես՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։
17:52 - 29 հունիսի, 2022
FlyOne Armenia-ն մինչև հուլիսի 21-ը չեղարկում է Երևան-Բեյրութ-Երևան չվերթերը

FlyOne Armenia-ն մինչև հուլիսի 21-ը չեղարկում է Երևան-Բեյրութ-Երևան չվերթերը

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FlyOne Armenia ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Ստեղծված իրավիճակի արդյունքում ընկերությունը ստիպված է մինչև հուլիսի 21-ը չեղարկել Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը: Նշենք, որ Երևան - Ստամբուլ - Երևան, Երևան - Փարիզ - Երևան և Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկություն։ «Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։ Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները: Թռիչքի ամսաթվի փոփոխություն, Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում, չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։ Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը»,- նշված է հաղորդագրության մեջ։
16:52 - 25 հունիսի, 2022
Պարենային ապրանքների գների աճը՝ ցույցերի պատճառ զարգացող երկրներում․ Reuters

Պարենային ապրանքների գների աճը՝ ցույցերի պատճառ զարգացող երկրներում․ Reuters

Պատերազմն Ուկրաինայում և կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած երաշտը հանգեցրել են հացահատիկի, ձեթի, վառելիքի և պարարտանյութերի համաշխարհային գների աճի, գրում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Սննդամթերքի գների աճը ցույցերի պատճառ է դարձել աշխարհի տարբեր երկրներում՝ Ինդոնեզիայից մինչև Իրան։ Եվրոպայում ցորենի գներն աճել են 52%-ով, իսկ արմավենու յուղի ֆյուչերսների գինը հունվարից հետո աճել է 25%-ով։ Այս միտումը շարունակվում է և տագնապ առաջացնում քաղաքական գործիչների շրջանում․ ՄԱԿ-ը զգուշացնում է, որ գների բարձրացումը կվատթարացնի առկա պարենային ճգնաժամն Աֆրիկայում՝ երեխաների մոտ «աղետալի» թերսնման բերելով։ Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որտեղ վերջին մի քանի ամսում բողոքի ցույցեր են սկսվել պարենային ապրանքների գների աճի պատճառով։   Արգենտինա Հազարավոր ֆերմերներ ցույցի են դուրս եկել Բուենոս Այրեսում ապրիլի 23-ին՝ բողոքելով նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի կառավարման դեմ, որի՝ գնաճի դեմ պայքարի համար սննդամթերքի գների զսպմանն ուղղված քաղաքականությունը քննադատության է արժանացել երկրի գյուղատնտեսական հատվածի կողմից։   Չիլի Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում մարտի 25-ին հազարավոր ուսանողներ երթ են անցկացրել՝ պահանջելով ավելացնել սննդամթերքի համար նպաստները։   Կիպրոս Կիպրոսի ֆերմերները մայիսի 18-ին տոննաներով կաթ են թափել և այրել ծղոտի դարսակները Նիկոսիայում՝ նախագահական պալատի առջև՝ բողոքելով բարձր գներից և արտադրական խնդիրներից։   Հունաստան Հազարավոր հույն աշխատավորներ Աթենքում Աշխատավորների օրը ցույցեր են անցկացրել՝ էներգակիրների և սննդամթերքի գների աճի դեմ։ Հունաստանում տարեկան սպառողական գնաճը մարտին հասել է 8,9%-ի, որը վերջին 27 տարում ամենաբարձր ցուցանիշն է։   Գվինեա Գվինեայի մայրաքաղաքում հունիսի 2-ին մեկ մարդ է սպանվել վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Սրանք ամենալուրջ հուզումներն են այն պահից ի վեր, երբ անցյալ տարի երկրում իշխանության է եկել ռազմական խունտան: Կոնակրիում գիշերը կրակոցներ էին հնչել, երբ մարդիկ փակել էին փողոցները, անվադողեր այրել՝ որպես բողոքի նշան բենզինի գների 20% տոկոս աճի դեմ։   Ինդոնեզիա Մայիսի 17-ին ինդոնեզացի ֆերմերները բողոքի ցույց են անցկացրել Ջակարտայում՝ արմավենու յուղի արտահանման արգելքի դեմ։ Ֆերմերների APKASINDO ասոցիացիայի տվյալներով՝ արգելքի սահմանումից հետո արմավենու յուղ արտադրողների նվազագույնը 25%-ը դադարել է արմավ գնել անկախ ֆերմերներից։ Արդյունքում՝ արմավի գները սահմանված նվազագույն արժեքից 70%-ով ավելի ցածր են։   Իրան Գների աճի դեմ ցույցերն Իրանում քաղաքական երանգ են ստանում՝ դրանց տարածմանը զուգահեռ։ Ցույցերը սկսվել են մայիսի սկզբին այն բանից հետո, երբ կառավարությունը որոշում է ընդունել կրճատել սուբսիդիաները։ Այս որոշման  հետևանքով Իրանում 300%-ով աճել են հացաբուլկեղենի գները։ Աճել են նաև որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ ձեթի և կաթնամթերքի գները։ Թոշակառուներն Իրանում բողոքի ցույց են անցկացրել հունիսի 6-ին՝ ընդդեմ գների աճի։ Շուրջ 1000 թոշակառուներին ուղեկցել է ոստիկանությունը։   Քենիա Նայրոբիում ցուցարարները հանրահավաք են անցկացրել մայիսի 17-ին՝ կառավարությանը խնդրելով իջեցնել ապրանքների, հատկապես՝ սննդամթերքի գները։   Լիբանան Լիբանանում բեռնատարների և ավտոբուսների վարորդները հունվարին փակել են ճանապարհները՝ բողոքելով գների աճի դեմ։ Ցուցարարները քաղաքական գործիչներին մեղադրում էին 2019 թ-ից սկսված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու անկարողության համար։   Պաղեստին Պաղեստինի ոստիկանությունը հունիսի 6-ին մի շարք անձանց է ձերբակալել սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Պաշտոնական տվյալներով՝ սննդամթերքի աճը կազմել է 15-18%։   Պերու Պերուում նույնպես գրանցվել է գնաճի ամենաբարձր ցուցանիշը վերջին 25 տարում։ Սննդամթերքի և վառելիքի գների աճը բնակչության շրջանում զայրույթ է առաջացրել, ապրիլին նրանք փակել են ճանապարհները, կառավարությունը ստիպված է եղել դիմել բանակի օգնությանը։   Շրի Լանկա Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան մայիսին արտակարգ դրություն էր հայտարարել ահագնացող տնտեսական ճգնաժամի պատճառով անցկացված հակակառավարական ցույցերից և գործադուլներից հետո։ Տնտեսական ճգնաժամը Շրի Լանկայում աննախադեպ է՝ 1948 թ-ին անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Դրա պատճառը կորոնավիրուսի համավարակն է ու նավթի գների աճը։   Սուդան Սուդանում նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ազգային արժույթը մեկ երրորդով արժեզրկվել է։ Սա հանգեցրել է վառելիքի, սննդամթերքի և այլ ապրանքների գների աճի։ Մարդիկ դժգոհ են և մարտին երթեր են անցկացրել՝ բողոքելով ռազմական հեղաշրջման և որպես դրա հետևանք՝ տնտեսական ճգնաժամի դեմ»։   Նորա Վանյան Լուսանկարը՝ reuters-ի, Պերուի ցույցերից   
20:18 - 10 հունիսի, 2022
Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրին վերընտրվել է 7-րդ անգամ

Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրին վերընտրվել է 7-րդ անգամ

Լիբանանի նորընտիր խորհրդարանն այսօր կայացած իր առաջին նիստի ժամանակ չնչին առավելությամբ յոթերորդ անգամ խոսնակի պաշտոնում վերընտրել է շիա մուսուլման Նաբիհ Բըրիին, հայտնում է Reuters-ը։ 84-ամյա Բըրին ստացել է խորհրդարանի 128 անդամներից 65-ի քվեն։ Լիբանանում գործող քաղաքական համակարգի համաձայն՝ խորհրդարանի նախագահն ընտրվում է շիա մուսուլմանների համայնքից։ Բըրին շիական «Ամալ» շարժման առաջնորդն է, նա խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցնում է 1992 թ-ից և «Հզբոլլահի» մտերիմ դաշնակիցներից է։ Շիական «Հզբոլլահ» շարժումն ու նրա դաշնակիցներն այս խորհրդարանում այլևս մեծամասնություն չեն կազմում, ինչպես 2028 թ-ի ընտրություններից հետո էր։ Խորհրդարանական ընտրությունները Լիբանանում կայացել են այս տարվա մայիսի 15-ին և առաջինն էին Լիբանանի տնտեսական ճգնաժամի մեկնարկից և 2020 թ-ին Բեյյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո։ Նորա Վանյան
17:07 - 31 մայիսի, 2022
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Անթիլիասում  Արամ Ա կաթողիկոսի հետ

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Անթիլիասում Արամ Ա կաթողիկոսի հետ

Մայիսի 26-ին ԱՀ Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է  Ն․Ս․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը։ Հանդիպմանը ներկա էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։ Արթուր Թովմասյանը և պատվիրակության անդամները Նորին Սուրբ Օծությանն են  ներկայացրել Արցախի ներկա վիճակը,ժողովրդի և իշխանությունների արդար ու  անփոփոխ պահանջները։ Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և աջակցում է  ինքնիշխանության իրավունքի կամքը արտահայտելու հարցում։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը վերահաստատել է Մեծն տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի և ժողովրդի ամբողջական աջակցությունը Արցախի ժողովրդին։
12:30 - 27 մայիսի, 2022
Արցախի պատվիրակությունը Բեյրութում հանդիպել է ՀՅԴ անդամներին ու լիբանանահայերին

Արցախի պատվիրակությունը Բեյրութում հանդիպել է ՀՅԴ անդամներին ու լիբանանահայերին

Մայիսի 25-ին Բեյրութում տեղի է ունեցել Արցախի պատվիրակության հանդիպումը Լիբանանի ՀՅԴ կենտրոնական գրասենյակի անդամների և լիբանանահայերի հետ, հայտնում է Արցախի խորհրդարանի պաշտոնական կայքը։ Հանդիպմանը ներկա էին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը, հայ պատգամավորներ, գործող ու նախկին նախարարներ։ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը լիբանանահայ համայնքին է ներկայացրել հետպատերազմական իրավիճակն Արցախում։ Նա ընդգծել է, որ Արցախի իշխանությունների գերխնդիրն է՝ օր առաջ լուծել բռնի տեղահանված արցախցիների բնակարանային և սոցիալական խնդիրները։ «Անդրադառնալով մայիսի 25-ին Ստեփանակերտում կայացած Անվտանգության խորհրդի նիստին, խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է Արայիկ Հարությունյանի՝ խորհրդի նիստում արտահայտած այն դրիքորոշումը, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու մասին» ձևակերպումը։ ԱԺ նախագահը նույնպես շեշտել է, որ այդ ձևակերպումը չի արտահայտում անցած 30 տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ ԱԺ նախագահը վստահորեն հայտարարել է, որ Արցախի ապագան հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս»,- ասված է հաղորդագրությունում։ Ելույթի ավարտին Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման կազմակերպիչներին և լիբանանահայերին ջերմ ընդունելության համար։ Հանդիպման վերջում պատվիրակության պատվին կազմակերպվել էր համերգ, որի ընթացքում հնչել են հայրենասիրական, հատկապես՝ Արցախին նվիրված երգեր։  
17:28 - 26 մայիսի, 2022
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հայ համայնքի հրավերով Լիբանանում է։ Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից, պատվիրակության կազմում են ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, Արցախի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն, ԱԺ նախագահի խորհրդական Կարեն Վանյանը։ Հանդիպման առաջին վայրը Լիբանանի հայկական գյուղաքաղաք Այնճարն էր, որտեղ պատվիրակությանը դիմավորել են քաղաքապետն ու Այնճարի ՀՅԴ Կարմիր Լեռան կոմիտեի ներկայացուցիչները։ «Սարգիս Զեյթլյան» ժողովրդային տանը հանդիպելուց հետո պատվիրակության անդամները այցելել են գյուղաքաղաքի պատկերասրահ, Մուսա լեռան ազգագրական թանգարան, Սուրբ Պողոս Եկեղեցի և Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր։ Այնուհետև «Մովսես Տեր Գալուստյան» սրահում հանդիպել են գյուղաքաղաքի հայ բնակչության հետ։ Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի ղեկավարը տեղի հայ բնակչությանն է ներկայացրել մինչպատերազմական և հետպատերազմյան Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացված և ընթացիկ ծրագրերի գործընթացը։ Անդրադարձել է Արցախի կարգավիճակի և արցախցիների ինքնորոշման հարցով Արցախի նախագահի, ԱԺ նախագահի և ԱԺ խմբակցությունների բազմիցս հրապարակած հայտարարություններին և հարցազրույցներին։ Իր ելույթում ԱԺ նախագահը առաձնապես շեշտել է ռուս խաղաղապահ զորակազմի դերակատարությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության վստահելի երաշխավորի։ Արթուր Թովմասյանը տպավորվել է Այնճարի բնակչության նիստուկացով, ավանդույթներով, արցախյան հյուրասիրությամբ։ ԱԺ նախագահի կարծիքով՝ Այնճարում ամենակազմակերպված հայկական համայնքն է։Նրանք բազմաթիվ ընդհանրություններ ունեն արցախցիների հետ, տեղի բարբառում առկա են արցախյան բարբառի նմուշներ։ Գյուղը կառուցել են մուսալեռցիները։ Բնակչության մեծամասնությունը մարտնչող դաշնակցականներ են։ Նշվում է, որ չնայած բազմաթիվ կենցաղային հոգսերին՝ այնճարցիները մտահոգված են Արցախի ապագայով։ Արցախյան ազատամարտին անմասն չէր Այնճարը։ Այնճարցի Գևորգ Հաջիյանն անմահացել է Արցախյան 3-րդ պատերազմում։ Այցելելով Մուսա Լեռան ազգագրական թանգարան՝ ԱԺ նախագահը տպավորություններով կիսվել է գյուղաքաղաքի հուշամատյանում, որտեղ վերջին գրառումը կատարել էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։
15:22 - 25 մայիսի, 2022