Լեւոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը։ Ծնվել է 1945թ․ հունվարի 9-ին։ 1953-1960 թթ. Լևոն Տեր-Պետրոսյանը սովորել է Երևանի No 43 յոթնամյա դպրոցում: 1960-1963 թթ. սովորել է Երևանի No 17 միջնակարգ դպրոցում: 1963-1968 թթ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժնի ուսանող: 

1988 թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ և այդ հանգամանքով մասնակցել է հանրապետական «Ղարաբաղ» կոմիտեի՝ համագումարներին։

1989 թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1989 թ. դեկտեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչև 1990 թ. օգոստոսի կեսը: 1990 թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ: 1990 թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր:

1991թ. հոկտեմբերի 16-ին ընտրվել է ՀՀ առաջին Նախագահ: Վերընտվել է` 1996թ. սեպտեմբերի 22-ին:

1998թ. փետրվարին հրաժարական է տվել:

2012 թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից: 2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է կուսակցության նախագահ:

Բոլոր լուծումները վատ են լինելու մեզ համար, ես տեսնում եմ խնդիր՝ այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին. Լևոն Տեր-Պետրոսյան

Բոլոր լուծումները վատ են լինելու մեզ համար, ես տեսնում եմ խնդիր՝ այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին. Լևոն Տեր-Պետրոսյան

Սեպտեմբերի 18-ն էր, ինձ այցելեց Վեհափառ հայրապետը, նստեցինք, երկար խոսեցինք էս վիճակի մասին, վտանգների մասին և ելքեր փնտրելու անհրաժեշտության մասին խոսեցինք։ Որոշեցինք, որ արժե հանդիպել, կազմակերպել նման մի հանդիպում։ Ի դեպ, Վեհափառը նաև որոշել է շարունակման դեպքում Հայաստան հրավիրել նաև Մեծի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին ավելի համահայկական բնույթ տալու համար այս խնդրին։ Այս մասին այսօր «Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ կաթողիկոսի, ՀՀ և ԱՀ նախկին նախագահների հանդիպման մասին։ Նա իր խոսքում նշեց, որ իրենց անհանգստացրել է երկրի ծանր վիճակը և որոշվել է շարունակել քննարկումները։ Տեր-Պետրոսյանը գնահատեց Վեհափառ հայրապետի ջանքերը, եռանդը՝ այս գործը գլուխ բերելու և շարունակելու ուղղությամբ։ Տեր-Պետրոսյանը նաև հավելեց,որ ինքը թևաթափ չի եղել այս հանդիպումից։ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ինքը հանդիպումից առաջ կազմել էր հանդիպման արդյունքում հրապարակվելիք հաղորդագրության իր առաջարկը, և ընթերցեց այն․ «Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ մասնակցությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայաստանի ու ԼՂՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի։ Հաշվի առնելով ներկայիս գերզգայուն իրավիճակում մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները և դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները՝ խորհրդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը և իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը»։ «Ես նաև հիմնավորել եմ (և բոլորի համար անակնկալ էր իմ առաջարկը) հետևյալը. մենք գտնվում ենք այնպիսի մի ճակատագրական վիճակում, երբ որ էդ բոլոր նախկին հակասությունները, վեճերը, իրար, կարելի է ասել, ջնջելը՝ չնայելով վաստակին, կատարածին, էնպիսի մի պահ է, որ պահանջում է այպիսի երկխոսություն և համատեղ որոշման կայացում»,- հավելեց Լևոն Տեր- Պետրոսյանը։  Վերջինս նաև շեշտեց, որ մեզ սպասում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ, պայմանագրեր պիտի ստորագրվեն և՛ Ադրբեջանի հետ, և՛ Թուրքիայի հետ։ Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա։ «Եթե չի ստորագրվում որևէ փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում այս երկու հարևանների հետ, որոնք, գիտեք, ինչքան են մեզ «սիրում», մենք այլևս այդ 70 տարվա իրողությունը չենք կարող վերականգնել (նկատի ունի ՀԽՍՀ շրջանը- խմբ․)։ Մենք նորից պիտի քարը  քարի վրա նոր պետություն կառուցենք։ Մենք ինֆորմացիա չունենք, թե իրականում ինչ պրոցես է գնում։ Այդ ինֆորմացիային տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլն է և մի երկու-երեք հոգի, որ ամբողջ ճշմարտությունը գիտեն։ Գիտեն, թե Ռուսաստանը իրենց ինչ է առաջարկում, Թուրքիան ինչ է առաջարկում, Ամերիկան ինչ է ասում իրենց, ինչ խորհուրդ է տալիս։ Հիմա ես կլինեմ, ռոբերտ Քոչարյանը կլինի, Սերժ Սարգսյանը, անգամ Վեհափառը․․․ Ոչ մեկը։ Մենք էդ ինֆորմացիային չենք տիրապետում։ Որպեսզի լուծումներ գտնենք, պիտի փոխվստահություն առաջացնենք։ Այո՛, պիտի կոնֆիդենցիալ լինեն այդ հանդիպումները, ոչ մի էսպիսի ճիշտ կամ կեղծ արտահոսք չպետք է լինի, որ գործը գլուխ գա»,- ասաց Տեր- Պետրոսյանը։ Վերջինս նաև նշեց, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Փաշինյանից կարողանան ազատվել, ապա մենք կարող ենք խուսափել ցավոտ լուծումներից։ Ըստ Տեր-Պետրոսյանի սա միամտություն է․ ով էլ գա, նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։ «Չեք կարող, որովհետև դուք չգիտեք, էդ ինֆորմացիային չեք տիրապետում, թե այսօր ինչ է պահանջվում Հայաստանից։ Ես էլ չեմ կարող։ Չգիտեմ։ Ես պիտի այդ ինֆորմացիային տիրապետեմ, ես էլ, մյուս նախագահներն էլ, որպեսզի կարողանանք հասկանալ՝ կա՞ ինչ-որ ավելի լավ լուծում։ Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին։ Իմ կարծիքով մենք Փաշինյանին ձեռք ենք մեկնում, եթե միասին ենք ընտրում էն ամենաքիչ ցավալի տարբերակը։ Դրանով մենք պատասխանատվություն ենք ստանձնում (ես պատրաստ եմ դրան) այդ պայմանագրերի համար։ Եթե այսօր դեռ հնարավոր է քիչ թե շատ  տանելի լուծում, եթե շարունակեն ներքին խռովությունները, ամեն մարդ իրեն արդեն Հայաստանի հաջորդ նախագահ է զգում և այլն, սրանով մենք ավելի բարդացնելու ենք, մենք ավելի թուլանալու ենք, ավելի մեծանալու են Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները մեզնից»,- ասաց Տեր- Պետրոսյանը։ Առաջին նախագահը իր խոսքում նաև նշեց, որ հիմա Արցախը էնպիսի վիճակում է, որտեղ Հայաստանը որևէ խոսք չունի, չկա Հայաստանը, Հայաստանը Արցախում դերակատար չէ։ Միակ բանը հումանիտար օգնությունն է, շինարարությունն է, տնտեսության վերականգնումն է։ Հարցին՝ Արցախի հարցի լուծման բանալին կրկին Ռուսաստանի ձեռքու՞մ է, առաջին նախագահը պատասխանեց․ «Ռուսաստանի ձեռքում էր մինչև այս պատերազմը։ Հիմա Ռուսաստանն էնքան խնդիրներ ունի, էդ բանալին կորցրած կարող է լինել։ Միացյալ Նահանգներն ունի կարողություն (Ռուսաստանի մոտ էդ կարողությունները մի քիչ թուլացել են, քանի որ իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացել է Ուկրաինական պատերազմի վրա), գուցե Եվրամիությունն էլ ունի կարողություն՝ ավելի չբարդացնելու մեր վիճակը և տանելի լուծման հանգեցնելու համար»։  
22:18 - 26 սեպտեմբերի, 2022
«Ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, սեղան նստելու հարց չունենք»․ Սաղաթելյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին

«Ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, սեղան նստելու հարց չունենք»․ Սաղաթելյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին․  «Հարգելի՛ պարոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերը ասում էիր նաև 97-98 թվականներին, ասում էիր, որ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմ է․ Սերգո ջան ապրի, քանի Ղարաբաղը չեն հանձնել։ Դու էս նույն խոսքերը ասում էիր նաև 98 թվականին, բայց կյանքը ցույց տվեց, որ երբ որ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք ու Հայաստանն ու Արցախը զարգացան չզիջելով։  Բայց երբ որ 2018 թվականին իշխանության եկան քո գաղափարախոսության կրողները և հոգեզավակները, ովքեր կրկին էդ գծի մեջ էին, որ պետք է տանք, ուրիշ ճար չկա, Արցախի 72 տոկոսը տվեցինք։  Հիմա ժամանակն է, որ սրանք հեռանան, որպեսզի կարողանանք փրկել, հետևաբար մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը չենք կարող որևէ բան փաթաթել»,- ասաց Սաղաթելյանը։  Սաղաթելյանը անդրադարձավ նաև առաջին նախագահի դիտարկամանը, թե Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պետք է նստեն մեկ սեղանի շուրջ և ելք գտնեն ներքաղաքական ճգնաժամից: «Իբրև լուծում առաջարկել է, որ Նիկոլի հետ նստեք սեղանի շուրջ ստեղծված իրավիճակից ելքեր գնտելու․ պարոն Տեր-Պետրոսյան, ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, մենք սեղան նստելու հարց չունենք, մենք իր հետ ունենք մեկ օրակարգ․ խաղաղ, անցնցում րոպե առաջ հեռացում»,- եզրափակեց Սաղաթելյանը։   
21:18 - 05 մայիսի, 2022
Լևոն Տեր-Պետրոսյան. Ապացուցվածը և անապացուցելին

Լևոն Տեր-Պետրոսյան. Ապացուցվածը և անապացուցելին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել Արցախի հարցի ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։ Հոդվածը, որը հրապարակվել է ilur.am կայքում, ներկայացնում ենք ստորև․  Մաս 1. Այն, որ փոխզիջումների մերժման և ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը հանգեցրեց ազգային աղետի, ապացուցման կարիք չունի, ինչը աղետից հետո խոստովանում են անգամ այդ քաղաքականության երբեմնի կողմնակիցներից ոմանք: Սակայն, դրանով հանդերձ, իրենց արդարացնելու համար շատերը փորձում են ապացուցել, որ նույն բանը տեղի էր ունենալու նաև փոխզիջումային ճանապարհն ընտրելու պարագայում: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնարդարացման խղճուկ փորձ և բացարձակապես անապացուցելի, քանի որ պատմությունը «եթե» չի սիրում: Պատմությունն արձանագրում է այն, ինչն արդեն իրականացած է: Ուստի, ինչպիսի ձեռնածություններով էլ Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման հակառակորդները (պետական այրեր, կուսակցապետեր, մտավորականներ) փորձեն արդարացնել իրենց ազգակործան քայլերը, միևնույն է, նրանք վաղ, թե ուշ կանգնելու են պատմության դատաստանի առջև, ինչից ոչ ոք դեռևս չի խուսափել: Ահա նման ճակատագրի գիտակցումն է, որ նրանց այսօր էլ մղում է ամեն կերպ արդարացնելու իրենց աղետաբեր պահվածքը, ինչը, ցավոք, ավելի ու ավելի է խորացնում Հայաստանի ու Ղարաբաղի ներկայիս ճգնաժամը: Մաս 2. Խոսքը վերաբերում է ընթացիկ ներքաղաքական առճակատմանը, ինչն, իմ կարծիքով, ոչ թե ուժեղացնում, այլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը առաջիկա դժվարագույն բանակցություններում: Ուստի անհասկանալի է, թե որն է այսօրվա ընդդիմության բուն նպատակը: Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Նիկոլ Փաշինյանին փակցվել է «կապիտուլյանտ» պիտակը, ինչը թեև դիպուկ է, բայց կես-ճշմարտություն: Իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը: Հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ: Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը: Հարց է ծագում՝ արդյո՞ք ներկայիս ընդդիմության առաջնորդները չեն գիտակցում սա: Եթե չեն գիտակցում, ապա դա նշանակում է, որ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում: Իսկ եթե գիտակցում են, բայց շարունակում ներքաղաքական ցնցումները, ապա դրանից բխում է, որ նրանք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում, որոնք բացարձակապես կապ չունեն ազգային շահերի հետ: Ազգային շահերի հետ ոչ մի կապ չունեն նաև ներկայիս իշխանությունների կոշտ գործողություններն ընդդիմության կազմակերպած ցույցերի, երթերի և հանրահավաքների նկատմամբ: Անհույս լավատես լինելով՝ դեռևս ակնկալում եմ, որ հակամարտող կողմերը վերջիվերջո կհասկանան իրենց դիրքորոշումների վտանգավորությունը և ջանքեր կգործադրեն ինչ-որ փոխհամաձայնության գալու՝ իրավիճակն ավելի ևս չբարդացնելու և նոր վտանգներից խուսափելու նպատակով: Եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից: Ի դեպ, այսպիսի հորդորով ես հանդես եմ եկել դեռևս ներկայիս ճգնաժամից առաջ, ս.թ. հունվարի 15-ին:  
18:13 - 05 մայիսի, 2022
Լևոն Տեր-Պետրոսյան. Ողորմելի մանիֆեստ
 |aravot.am|

Լևոն Տեր-Պետրոսյան. Ողորմելի մանիֆեստ |aravot.am|

aravot.am: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է մի շարք դիվանագետների,  ակադեմիկոսների և այլ գործիչների՝ ապրիլի 25-ին արված հայտարարությունը: «Երեք օր առաջ կարդացի «Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» վերնագիրը կրող հայտարարությունը՝ ստորագրված չորս տասնյակից ավելի դիվանագետների, ակադեմիկոսների, պատմաբանների եւ մշակույթի գործիչների կողմից (mediamax.am, 25.04.2022)։ Առաջին միտքս էր՝ անմիջապես պատասխանել այդ հայտարարությանը, սակայն մի քիչ մտածելուց հետո որոշեցի հապաղել, տեսնելու համար, թե ինչպիսի արձագանքների է արժանանալու այն այլոց կողմից։ Արձագանքներ չեղան, չհաշված հայտարարությանը միացած քառասունից ավելի նոր մարդկանց անունները։ Ինչեւիցե, վերջիվերջո ես որոշեցի հրաժարվել հայտարարությանն անդրադառնալու գաղափարից, դա համարելով անիմաստ զբաղմունք, քանի որ նրանում կա ամեն ինչ, բացի քաղաքական մտքից։ Հոռետեսության գիրկը չընկնելու համար ինձ այլ բան չէր մնում, քան, սովորությանս համաձայն, խորասուզվել Էդգար Հովհաննիսյանի «Երեւան դարձած իմ Էրեբունի», Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի», Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» եւ Էդգար Էլբակյանի «Ա՜խ լուսին, լուսին» հոգեպարար քնարերգության մեջ։ Հավատացնում եմ, այդ երգերում ազգային ոգու շատ ավելի խորքային եւ մնայուն գանձեր կան, քան խնդրո առարկա հայտարարությունը ստորագրած կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներում»։
16:48 - 28 ապրիլի, 2022
Ամեն գնով անհրաժեշտ է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց․ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան

Ամեն գնով անհրաժեշտ է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց․ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը՝ Ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի մասին։ Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․ Հայաստանի այսօրվա վիճակը, ճակատագրական և շրջադարձային լինելու առումով, բայց ոչ՝ բովանդակային, նման է 1997-1998 թվականների իրավիճակին։ Նախքան այս համեմատության մեջ խորանալը՝ միանգամից նշեմ, որ Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից համեմատության որևէ եզր չկա Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի մոտեցումների միջև։ Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում մասամբ հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, իսկ Փաշինյանի ելույթին հաջորդած հրապարակային քննարկումները և վեճերը՝ 1998-ի հունվարի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Անվտանգության խորհրդի նիստն ընդլայնված էր. խորհրդի անդամներ վարչապետ Ռոբերտ Քոչարյանից, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից և ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանից բացի՝ դրան մասնակցում էին Հայոց համազգային շարժման ընտրանին, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը՝ հանձինս նախագահ Արկադի Ղուկասյանի, պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի և վարչապետ Լեոնարդ Պետրոսյանի: Այդ ժամանակ ես արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալն էի և նիստին հրավիրված էի որպես Ղարաբաղի հարցով գլխավոր բանակցող: Նիստում Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ հիմնավորել իր աջակցությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի կողմից այդ օրերին ներկայացված փուլային տարբերակին և համաձայնություն ստանալ մասնակիցներից այդ առաջարկությանն ընթացք տալու համար: Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի և ժողովրդի գոյատևման ապահովման համար Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձը, բացառությամբ Լաչինի, բխում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից: Ավելին, նա գտնում էր, որ հաշվի առնելով այդ օրերի աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացման սահմանափակ հնարավորությունները՝ այլ տարբերակ ակնկալել հնարավոր չէ: Նրա ընդդիմախոսների առարկությունը հիմնված էր այն փաստի վրա, որ առաջարկվող փաստաթղթում նշում անգամ չկա Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին, ուր մնաց ինչ-որ հստակեցում այդ հարցի վերաբերյալ: Տեր-Պետրոսյանն իր հերթին հակադրում էր, որ ամեն նշում կամ հղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի հարցի արծարծումից: Ընդհատելով այս բուռն ու կրքոտ վեճը՝ Տեր-Պետրոսյանը ինձ դրեց բավական բարդ վիճակի մեջ և իմ ուղղությամբ մեկնելով ձեռքը՝ ասաց. «Թող Վարդանն ասի՝ արդյոք հնարավո՞ր է երբևիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Դա ինձ անակնկալի բերեց: Ես նստած էի սեղանի խորքում, մինչ այդ լսողի դերում էի ու չէի ակնկալում, որ մասնակցություն կունենամ քննարկումներին: Բոլորի հայացքներն ուղղված էին ինձ՝ կարծես իմ պատասխանը պետք է վճռեր այդ հանդիպման ելքը: Եվ ես ասացի այն, ինչին հավատում էի. «Պարո՛ն նախագահ, կարծում եմ, որ հնարավոր է»: Պատասխանս հիմնված էր իմ այն համոզման վրա, որ մենք չէինք սպառել մեր դիվանագիտական հնարավորությունները և որ միգուցէ այդ օրերին նպաստավոր չէին մեզ համար միջազգային պայմանները, բայց հաշվի առնելով այդ օրերի աշխարհի հեղհեղուկ իրավիճակը՝ շատ բան կարող էր փոխվել ի նպաստ մեզ, ինչը և տեղի ունեցավ։ Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Առանցքային տարբերությունը այդ և այս օրերին այն է, որ Տեր-Պետրոսյանը ընդամենը առաջարկում էր զերծ մնալ կարգավիճակի քնարկումներից՝ այն թողնելով ապագային։ Փաշինյանը, ըստ ամենայնի, հակված է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, եթե երաշխավորված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Եթե այդ օրերին Տեր-Պետրոսյանը առաջարկում էր շրջանցել կարգավիճակի հարցը, ապա այսօր ամեն գնով անհրաժեշտ է շրջանցել և խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց, քանի որ այն անխուսափելիորեն ամրագրելու է Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու կարգավիճակը։ Փաշինյանը, ցանկության դեպքում, բոլորի առաջ հիմնավոր և համոզիչ փաստարկներ ունի նման փաստաթուղթ չստորագրելու համար։ Նախ՝ իրավական տեսակետից այդ փաստաթուղթը կհակասի Հայաստանի սահմանադրությանը և անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992-ի ընդունած որոշմանը։ Նման փաստաթուղթ ստորագրելու և վավերացնելու համար պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը և չեղարկել Գերագույն խորհրդի որոշումը։ Երկրորդ՝ նման իրավունք որևէ մեկին վերապահված չէ։ Ընտրություններում մեծամասնություն ունենալը չի նշանակում իրավունք ձեռք բերել հայ ժողովրդի համար գոյութենական հարցում կամայական որոշումներ կայացնելու։ Երրորդ՝ Արցախի ժողովուրդը, որի ֆիզիկական գոյության հարցն է դրված նժարին, եղել է անցած տասնամյակների զրկանքների և տառապանքների հիմնական կրողը և իր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չի տվել, ինչը և կրկին հաստատեց նրա խորհրդարանը օրերս ընդունած հայտարարությամբ։ Չորրորդ՝ Հայաստանի Ազգային ժողովի հաստատած՝ Փաշինյանի իսկ կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասով կա դրույթ, ըստ որի՝ հետամուտ պետք է լինել Արցախի ժովորդի ինքնորոշման իրավունքի իրացմանը «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, որի աներկբա իրավունքը ունի Արցախի ժողովուրդը։ Ինչպես այդ ժամանակ, այսօր առավել ևս համոզված եմ, որ չենք սպառել դիվանագիտական հնարավորությունները։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտությունը գրեթե որևէ լուրջ ջանք չի գործադրել հայանպաստ արդյունքի հասնելու համար։ Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ միջազգային պայմանները նպաստավոր չեն, ապա աշխարհը հեղհեհուկ ու անորոշ է, քան երբևէ, և պարզապես, մեղմ ասած, միամտություն կլինի այս պայմաններում որոշակիացնել Արցախի կարգավիճակը հօգուտ Ադրբեջանի։ Ցանկացած բանակցությունների արդյունք պետք է բավարարի երեք պայման․ այն պետք է լինի իմաստալից, արդյունավետ և բարելավի կողմերի հարաբերությունները։ Ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանություները, չի կարող բավարարել այս պայմաններից և ոչ մեկը։ Փաշինյանի և նրա թիմակիցների՝ Ազգային ժողովում ունեցած ելույթները Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի նշաձողն իջեցնելու պատրաստակամության, այսինքն՝ Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին ընդունելու մասին, նախապես արդեն փակել են բանակցություններով Հայաստանի համար ընդունելի ելքի հասնելու բոլոր հնարավորությունները։ Միգուցե նման փաստաթղթի ստորագրումը բարեկամական կապեր հաստատի ներկա իշխանությունների և Ադրբեջանի միջև, բայց վստահաբար չի կարող բարեկամության հիմք ծառայել Հայաստան պետության, հալ ժողովրդի և Ադրբեջանի միջև։
13:33 - 18 ապրիլի, 2022
Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել  է Աշոտ Մելքոնյանի և Ռադիկ Մարտիրոսյանի՝ իր հոդվածի արձագանքին

Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Աշոտ Մելքոնյանի և Ռադիկ Մարտիրոսյանի՝ իր հոդվածի արձագանքին

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ««Մտավորականների ուղերձի առիթով» խորագիրը կրող իմ հոդվածին այսօր արձագանքել են ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանը և Ռադիկ Մարտիրոսյանը (Հրապարակ, 04.03.2022): Ես ամենևին նրանց հետ բանավիճելու մտադրություն չունեմ: Մտավորականության կոչման և դերի մասին, ինչ որ պետք է, ասել է Լեոն: Թող գնան, վիճեն նրա հետ: Միայն ուզում եմ մի բան ավելացնել. գիտակցվո՞ւմ է արդյոք, որ մեր հակառակորդների կողմից վերջին պատերազմի սանձազերծման պատրվակներից մեկն էլ Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի կազմակերպած հոխորտալից, ըստ էության, սադրիչ գիտաժողովն էր՝ նվիրված Սևրի պայմանագրի 100-ամյակին: Ցավով պետք է նշեմ, որ անկախությունից ի վեր՝ Ռաֆայել Իշխանյանից, Վանո Սիրադեղյանից, Ժիրայր Լիպարիտյանից, Սևակ Արամազդից և Տիգրան Պասկևիչյանից բացի, հանրային ճանաչում ունեցող որևէ այլ մտավորական չեղավ, որ քաջություն ունենար ճշմարտությունն ասել ժողովրդին»:
17:38 - 04 մարտի, 2022
Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մտավորականների ուղերձի առիթով

Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մտավորականների ուղերձի առիթով

Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է այսօր մամուլում հրապարակված դիմումին՝ ուղղված միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին։  «Այսօր, մարտի 2-ին, մամուլում հրապարակվել է Հայաստանի ութսուն մտավորականների (ակադեմիկոսներ, ԳԱԱ թղթակից անդամներ, գիտությունների դոկտորներ, թեկնածուներ եւ այլն) դիմումը՝ ուղղված միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ՀՀ գործադիր եւ օրենսդիր իշխանություններին, կոչ անելով «անհապաղ» քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը վերսկսելու եւ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար։ Ներողություն խնդրելով անհամեստությանս համար, մեծարգո մտավորականներին կհորդորեի ընթերցել Ավետիք Իսահակյանի հուշերի հետեւյալ հատվածը. «Շատ տարիներ Կովկասից բացակայելուց հետո, երբ վերստին դարձա հայրենիք, իմ հին բարեկամ Լեոյին տեսա Երևանում: Վաղաժամ ծերացած գտա նրան և առողջությունը խաթարված, սակայն հոգեպես Ղարաբաղի լեռների նույն կաղնին էր:  Մինչև ուշ գիշեր, նստած գրասեղանի առաջ, զրույց էինք անում: Նրա զարհուրելի հիշողությունը, որ բնավ թառամած չէր, ողողում էր կարծես ինձ: Պատմում էր մանկությունից, Շուշուց, Ղարաբաղի հնից ու նորից, մելիքների, կաթողիկոսների, խաների կյանքից, պատերազմներից, գրողներից, հեղինակներից, գրքերից ու գրքերից, և հազար դեպքեր, դեմքեր, անցքեր, անձեր, անեկդոտներ։… Մեծ պատերազմում հայ ժողովրդի կրած սարսափն ու աղետը դառնությամբ լցրել էին նրա հոգին: Այդ անհնարին վշտի ծանրությունից փշրվել էր նա: «Հայության վիշտը ես միայն գերեզմանի մեջ կմոռանամ: Բայց ո՞վ է մեղավորը,-ասում էր նա ինձ,- մենք ենք մեղավորը, մենք՝ մտավորականներս, գործիչներս, դու, ես և բոլոր նրանք»: Մեր ժողովուրդը մեղավոր չէ: Այլ մենք, որ այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եվրոպային, որի համար գաղութների ոչխարների կյանքը ավելի արժեք ունի, քան հայերը, քան փոքր ճնշված ազգերը: Մենք, որ երեխաների պես հավատացինք լուսավոր մարդկության խղճմտանքին, մարդկայնությանը, վաճառվող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին… Մենք, պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք և սնուցինք կուսակցություններ, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը» (Ավետիք Իսահակյան, «Իմ հուշերից» 1933թ.)։ Իմ խորին համոզմամբ, եթե խնդրո առարկա ուղերձը ստորագրած մտավորականները, հետեւելով Լեոյի իմաստությանը, ժամանակին քաջություն ունենային Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դիմել Ղարաբաղի հարցը փոխզիջումների հիման վրա լուծելու պահանջով, մեր ժողովուրդն այսօր, հաստատաբար, այսպիսի ողբալի վիճակում հայտնված չէր լինի»։
22:15 - 02 մարտի, 2022
Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությանն անդրադառնալ ավելի բարենպաստ իրավիճակում

Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությանն անդրադառնալ ավելի բարենպաստ իրավիճակում

ՀՀ առաջին նախագահ Լոևն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է գրառում՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, որում ասվում է․   «Որքան սրվում է ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են Հայաստանի դիրքերը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, առանց այդ էլ չափազանց բարդ, առաջիկա բանակցություններում։ Այս առումով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն չի նպաստում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը, այլեւ ընդհակառակը, ավելի է սրում այն, ըստ էության, ծառայելով բացառապես մեր հակառակորդների շահերին։ Ուստի ես կոչ կանեի ժամանակավորապես դադարեցնել այդ հանձնաժողովի գործունեությունը եւ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությանն անդրադառնալ ավելի բարենպաստ եւ հանդարտ իրավիճակում»,-ասված է գրառման մեջ։    Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցման գաղափարին՝ նշելով. «Քանի որ խնդիրը վերաբերում է բացառապես Հայ առաքելական եկեղեցու իրավասության ոլորտին, որին պետությունն անգամ միջամտելու իրավունք չունի, ապա, իմ խորին համոզմամբ, Հայոց եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդն, ըստ արժանվույն գնահատելով հանդերձ ազգային բարերար Գագիկ Ծառուկյանի անժխտելի երախտիքը եկեղեցաշինության գործում, այնուամենայնիվ պետք է կտրականապես մերժի այդ գաղափարը, որովհետեւ այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին»։  
19:41 - 23 փետրվարի, 2022
Նախագահ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բազմիցս ապացուցել են պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում համոզվելու առիթներ ունեցել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը․ Արմեն Աշոտյանի արձագանքը

Նախագահ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բազմիցս ապացուցել են պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում համոզվելու առիթներ ունեցել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը․ Արմեն Աշոտյանի արձագանքը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ ներքաղաքական կյանքի մասին հայտարարություններին․ «Ի արձագանք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա գրառմանը եւ հեղինակի նկատմամբ հարգանքով, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի մասով հայտնում եմ հետեւյալը.1. Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում իշխանության, այդ թվում՝ ՀՀԿ վերջին համագումարին իր ելույթում։ Այս համատեքստում «իշխանությունը զավթելու» փորձերի մեջ մեզ մեղադրելը իրականության ճչացող խեղաթյուրում է, հատկապես՝ ոչ հեռավոր անցյալում նմանատիպ փորձ ունեցող անձի կողմից։2. Նախագահ Սարգսյանն ու Հանրապետականը բազմիցս են ապացուցել իրենց համար պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում առիթներ է ունեցել համոզվելու նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։3. Խնդրի հանգուցալուծումը թողնելով «բացառապես հակամարտող կողմերի եւ մտավորականության» վրա՝ առաջին նախագահը սեփական անձի դերակատարման հանդեպ ավելորդ եւ անհարկի համեստություն է անում»։
21:56 - 15 հունվարի, 2022
Երեք ճամբարներում իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ներքաղաքական վիճակի մասին |ilur.am|

Երեք ճամբարներում իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ներքաղաքական վիճակի մասին |ilur.am|

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ iLur.am-ի հարցին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. 1. Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը: 2. Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: 3. Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են: 4. Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է: 5. Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը:
18:01 - 15 հունվարի, 2022