Լարս

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։   Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ և բուք է) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։   Ջերմուկ քաղաքում, Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Ելփինի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Բավրա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:13 - 23 դեկտեմբերի, 2023
Ադամանդի արտահանումը կտրուկ մեծացել է մեր լավ աշխատանքի արդյունքում. Քերոբյան
 |news.am|

Ադամանդի արտահանումը կտրուկ մեծացել է մեր լավ աշխատանքի արդյունքում. Քերոբյան |news.am|

news.am: Ադամանդի արտահանումը կտրուկ մեծացել է մեր լավ աշխատանքի արդյունքում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Անդրադառնալով Վերին Լարսում առաջացած խնդիրներին, ինչպես նաեւ դրանց լուծմանը, նախարարն ասաց, որ օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրներն առայժմ լուծված են․ «Այս պահին եղանակային խնդիր կա, բայց դրանք, հաշվի առնելով այն, որ էապես ընդլայնվել է թողունակությունը, դրանք կարճաժամկետ խնդիրներ են, առանձնապես ազդեցություն չեն ունենա մեր առեւտրային ռեժիմի վրա»։ Հարցին՝ արդյո՞ք ապրանքների արտահանման ստանդարնտների հետ կապված խնդիրները լուծվել են, Քերոբյանն ասաց․ «Չեմ կարող ասել, որ ամբողջությամբ այդ խնդիրները հասցեավորված են, եւ Հայաստանի արտադրանքը մի գիշերվա մեջ դարձել է աշխարհի ամենաբարձր ստանդարտներին համապատասխան, բայց ինքներս էապես խստացրել ենք մեր արտահանման նկատմամբ վերահսկողությունը, այսինքն՝ սահմանային հսկողությունը արտահանվող գյուղմթերքի նկատմամբ, որը նախկինում պարտադիր չէր։ Այս տարի մենք ամբողջությամբ ռեֆորմի ենք ենթարկել որակի ենթակառուցվածքների հետ կապված ամբողջ օրենսդրական փաթեթը, որը մենք մշակել ենք եվրոպացի գործընկերների հետ։ Նպատակն այն է, որ Հայաստանի որակի ենթակառուցվածքը համահունչ լինի եվրոպական 765 դիրեկտիվին, նաեւ ԵՏՄ համապատասխան կարգավորումներին»։ Ճշտող հարցին՝ այժմ հայկական այդ ապրանքները արտահանվո՞ւմ են Ռուսաստան, Քերոբյանը պատասխանեց․ «Այդ գյուղմթերքն ամեն օր արտադրվում է, փոխվել են նաեւ ներսում աշխատելաոճը, նաեւ աշխատանքային պրոցեսները, որպեսզի ավելի բարձր ստանդարտի ապրանքներ արտահանեն»։ Քերոբյանի խոսքով՝ 2023 թվականին Վերին Լարսը բաց է եղել ավելի շատ օրեր, քան երբեւիցե․ «Առաջ եղանակային կամ այլ խնդիրներով տարեկան 30-40 օր Վերին Լարսը փակ է եղել, իսկ այս տարի ընդամենը 1 շաբաթ, գումարած 1-2 օր էլ եղանակային պայմաններով»։ Հարցին՝ Լարսի՝ փակվելը արդյո՞ք իր մեջ քաղաքական ենթատեքստ ուներ, Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող ասել, որ կա քաղաքական ենթատեքստ։ Ինձ համար կարեւոր է, որպեսզի հայկական ապրանքը լինի այնքան լավը, որ ունենա հասանելիություն բազմաթիվ շուկաների, եւ մենք որեւէ կախվածություն չունենանք որեւէ երկրի շուկայից»։ Նախարարն ասաց, որ ԵՏՄ-ի հետ առեւտուրը նախորդ տարվա համեմատ աճել է 41 տոկոսով, ինչը, ըստ Քերոբյանի, բարձր ցուցանիշ է․ «Մոտավորապես 5,7 մլրդ դոլարի է հասել, որը էական բարձր թիվ է»։ Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պետք է մասնակցի ԵՏՄ միջկառավարական նիստին, նախարարն ասաց, որ հայկական կողմը պետք է բոլոր երկրների հետ ձեւավորի գործնական, իր շահերից բխող քաղաքականություն․ «Այդ տեսանկյունից, բնականաբար, հարաբերությունները գլխավոր առեւտրային գործընկերների հետ պետք է լինեն պատշաճ մակարդակի վրա»։
17:10 - 18 դեկտեմբերի, 2023
Վերին Լարս տանող ճանապարհը երկկողմանի փակ է բեռնատարների համար |armeniasputnik.am|

Վերին Լարս տանող ճանապարհը երկկողմանի փակ է բեռնատարների համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը երկկողմանի փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ «Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բեռնատար տրանսպորտի համար»,– ասաց նա։ Հակոբյանի խոսքով` թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը դեռևս բաց է: Միաժամանակ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ Վրաստանում եղանակի վատթարացման պատճառով արգելվել է բեռնատարների տեղաշարժը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ։ Ըստ հաղորդագրության` արգելքը գործում է ժամը 06:45-ից և կպահպանվի այնքան ժամանակ, մինչև հատուկ կարգադրություն լինի։ Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին է։
10:15 - 12 դեկտեմբերի, 2023
Լարսում խնդիրները վերացվել են. ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար |armeniasputnik.am|

Լարսում խնդիրները վերացվել են. ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Դեպի Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: «Վերին Լարսի վրացական կողմի՝ «Դարյալ» անցակետի տեղեկատվական համակարգում տեխնիկական խնդիրների վերացումը, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունները հաշվի առնելով՝ Վլադիկավկազ-Լարս հատվածով թույլատրվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով՝ մինչև հետագա ծանուցումը ըստ անհրաժեշտության»,–հայտնել է Հակոբյանը: Հիշեցնենք` Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ-ը հայտնել էր, որ Վրաստանի սահմանային վարչության խնդրանքով դեկտեմբերի 7-ի ժամը 22.20 - ից մինչև հատուկ կարգադրություն արգելվում է Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ։ «Դարյալ» անցակետը (Վերին Լարսի վրացական կողմը) ժամանակավորապես դադարեցրել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների փաստաթղթերի ձևակերպումը։
09:22 - 08 դեկտեմբերի, 2023
Զախարովան անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին
 |1lurer.am|

Զախարովան անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին։ «Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ դա համարում են քաղաքական ճնշում, իսկ մի շարք ներկայացուցիչներ չեն համարում: Եվ երկրորդ փաստը, որ ապացուցում է, որ դա ամբողջ երկրի, առավել ևս՝ երկրի ողջ քաղաքական ինստիտուտի կարծիքը չէ, այն է, որ օրեր առաջ Հայաստանի և Ռուսաստանի պրոֆիլային գերատեսչությունների երկխոսության շրջանակում տեղի ունեցան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկումներ հենց Վերին Լարսի բազմակողմ անցակետով բեռների փոխադրման հետ կապված հայ գործընկերների մոտ առաջացած հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հայկական գյուղմթերքի արտահանման մասին»,- ասել է Զախարովան, հավելել՝ քննարկումներն անցել են առարկայական և կառուցողական մթնոլորտում: Նա նշել է, որ նման խնդրահարույց իրավիճակների լուծման համար կան հստակ մեխանիզմներ, որոնք հենց հիմա ևս գործարկվում են: Հիշեցնենք, որ հայկական կողմի բեռնատարները օրեր շարունակ Վերին Լարսի մաքսային անցակետում էին։ Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական մթերքների մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ: Ըստ աղբյուրի՝ միայն նոյեմբերի 24-26-ը հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի` Ռուսաստան ներկրման 36 դեպք։ ՀՀ ՍԱՏՄ-ից մտահոգիչ էին համարել այն, որ 2023 թ․ ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը՝ 36-ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում։  Ավելի ուշ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացավ օպերատիվ խորհրդակցություն, որի արդյունքում Վերին Լարսի մաքսային անցակետը բացվեց բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։ 
15:50 - 06 դեկտեմբերի, 2023
Լարսի մաքսային անցակետը արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արտադրանք տեղափոխող բեռնատարների համար

Լարսի մաքսային անցակետը արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արտադրանք տեղափոխող բեռնատարների համար

Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «2023 թվականի դեկտեմբերի 1-ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։ Արդյունքում՝ դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։ Միաժամանակ, հայտնում ենք, որ ներկայումս երկկողմ աշխատանքային խորհրդակցություններ են ընթանում բուսասանիտարական ոլորտում իրավասու պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների միջև՝ առաջացած խնդիրների հրատապ կարգով լուծման նպատակով »,- նշված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ հայկական կողմի բեռնատարները օրեր շարունակ Վերին Լարսի մաքսային անցակետում էին։ Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական մթերքների մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ: Ըստ աղբյուրի՝ միայն նոյեմբերի 24-26-ը հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի` Ռուսաստան ներկրման 36 դեպք։ Ավելի ուշ ՀՀ ՍԱՏՄ-ից մտահոգիչ էին համարել այն, որ 2023 թ․ ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը՝ 36-ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում։ 
17:22 - 04 դեկտեմբերի, 2023